Changes
/* Փառք */
Ճաշում և ընթրում ենք ներքևում գտնվող ռեստորանում։ Այնտեղ շատ հաճելի է, լսվում է մեղմ երաժշտություն։ Իմ կյանքում կա միայն մի էական թերություն․ Մոսկորեպում խստորեն արգելված են ալկոհոլային խմիչքները։ Ես լսել եմ, որ որոշ կոմունյաններ, օրենքը չխախտելու համար, ուտում են ատամի փոշի, բայց ինձ այդ դուր չեկավ։
==Առաջին օրերը==
Մեր մեջ ասած ես չեմ ափսոսում, որ մոտիկ հարաբերություններ հաստատեցի Իսկրինայի հետ։ Նա մի քիչ պարզունակ դուրս եկավ, բայց այդ թերությունը հատկանշական է բոլոր ժամանակների և բոլոր ազգերի կանանց համար։ Բացի, իհարկե, հոմոզված ֆեմինիստուհիներից, որոնք իրենց արժանիքներով մոտենում են տղամարդկանց, որոշ դեպքերում նույնիսկ գերազանցելով նրանց։
Իսկրինայի արտաքինը ինձ շատ է դուր գալիս։ Սկզբում ինձ մի քիչ շփոթեցնում էր նրա խուզված գլուխը, և ես նրան հարցրի, թե այդ ի՞նչ հիմարություն է և ավելի լավ չէ՞ր լինի կանանց համար ունենալ գեղեցիկ սանրվածք։ Նա ասաց, որ կոմունյանները մազեր են կրում միայն ձմռանը, իսկ ամռանը, պայքարելով ամեն ինչից օգուտ ստանալու համար, պարտադիր հանձնում են մազերը երկրորդական հումքի կետերը։
― Իսկ ի՞նչ են այնտեղ անում դրանց հետ, ― հարցրեցի ես։ Ներքնակնե՞րն են լցնում։
― Ոչ, ― պարզամիտ ասաց նա։ Իմ կարծիքով, այնտեղ դրանց հետ ոչինչ էլ չեն անում։ Ուղղակի պահեստավորում են և վերջ։ Այ երկրորդական հումքը ― դա ուրիշ բան է։ Դա մենք մատակարարում ենք Երրորդ Օղակի երկրներ։
― Ինչո՞ւ, ― հարցրի ես։
― Պայմանագրով։ Մի ժամանակ կոռուպցիոնիստները նրանց հետ պայմանագիր էին կնքել գազ մատակարարելու մասին, իսկ գազը վաղուց վերջացել է։ Բայց մեր գիտնականները վերափոխեցին գազի խողովակաշարի սարքավորումները՝ այստեղ նա չդիմացավ և ծիծաղեց։ Ես հարցրի նրան, թե ի՞նչ պատահեց։ Նա շփոթվեց և ոչ մի կերպ չէր ուզում պատասխանել։ Բայց հետո ես կարողացա նրանից կորզել, որ կոմունյանները այդ գազամուղը կատակով անվանում են կեղտամուղ։
Իմիջիայլոց, նա ինձ համառորեն իր սիրած անունով է կոչում ― Կլաշա։ Ես ասում եմ, որ դա հիմար անուն է, որտե՞ղ ես դու այն լսել։ Նա ասում է, որ դա սովորական ընտանեկան անուն է։ Մի՞թե նա մնացածների նման ինձ պետք է անվանի Կլասսիկ։ Ես համաձայնվեցի նրա հետ, որ Կլասսիկ անունը ավելի լավը չէ, բայց չեմ ուզում, որ ինձ անվանեն Կլաշա կամ Գլաշա։
Եթե դու անպայման ուզում ես ինչ֊որ մականուն կպցնել ինձ, ապա անվանիր ինձ գոնե Տալիկ, ինչպես ինձ կինս է անվանում։
― Ինձ չի հետաքրքրում, ― ասաց նա, թե ինչպես է քեզ անվանում քո պառավը։ Եվ ընդհանրապես, այն ամենը ինչ եղել է քո կյանքում մինչև հիմա, ինձ չի վերաբերվում։
Իմ բաղնիքի կապույտ խալաթին նա սկզբից հավանություն չտվեց, որպես անխնա, խելագար վատնումի օրինակ։ Մի՞թե ձեր մոտ, Երրորդ Օղակում, բոլորը ման են գալիս այդպիսի խալաթներով։ Ես ասացի, որ չգիտեմ ինչպես հիմա, իսկ իմ ժամանակ՝ շատերը։
Դրա համար էլ այդ վիճակին հասաք, ― ասաց նա։
Ինչպես բոլոր կոմունյանները, նա համարում է, որ կյանքի մակարդակը թշնամական Առաջին օղակում ավելի ցածր է, քան Մոսկորեպում, Երկրորդ Օղակում՝ ավելի ցածր, քան առաջինում, դե իսկ Երրորդում՝ տիրում է համատարած աղքատություն։
― Նայիր․․․ նա հագավ խալաթը և սկսեց իրար վրա քաշել փեշերը։ ― Այստեղ այնքան ավելորդ կտոր կա կողքից և ներքևից, որ կարելի էր նույնիսկ երեք մարդ փաթաթել։
Չնայած այդպիսի կոմունիստական խելամտությանը, նա այդ խալաթը ավելի ու ավելի հազվադեպ էր հանում։ Միաժամանակ նա գրավեց նաև իմ հողաթափերը, չնայած դրանք էլ նրա համար շատ մեծ էին։ Խալաթը ունի գործած գոտի, բայց նա դրանով չի սիրում օգտվել։ Երբ ես սկսում եմ նյարդայնանալ, խալաթը թեթևակի բացվում է, ցույց տալով նրա տակ եղածը։ Նա արդեն հասկացել է, որ այդպիսի պարզ միջոցը անսխալ ազդում է ինձ վրա, և ես խենթի նման միանգամից նետվում եմ նրա վրա։
― Ա՜յ, պապի՜կ, ― գոչում է նա դիմադրություն ցույց տալով։ ― Ի՜նչ եք անում, պապիկ։ Ձեր տարիքում այդպիսի բաներից կարող եք ձեզ վատ զգալ։
― Հիմա ես քեզ ցույց կտամ պապիկ, ― մռնչում եմ ես, իսկ հետո, կարծես մշուշի մեջ, տեսնում նրա փակ աչքերը և կծված ներքևի շրթունքը։
― Տեսնո՞ւմ ես, ― ասաց նա ինձ մի օր։ Ես իզուր էի մտածում, որ դու վայրենի ես։
― Իսկ ինձ թվում է, ― պատասխանեցի ես, որ դու քո պարտականությունները կատարում ես ավելի մեծ ջանասիրությամբ, քան սահմանված է քո ծառայությամբ։
― Երբ թվում է, պետք է աստղակնքել, ― կատակեց նա շփոթված։