'''26/10 – 1969 թ․'''
==='''Կարմիր մթության կապույտը'''===
Լույսին երկար նայելուց հետո, երբ աչքերս փակեցի, մթությունը ինձ կարմիր թվաց /մտածեցի՝ գյուտ է/։ Ես շատ բացուխուփ կանեի աչքերս, բայց շտապում էի ընկերոջս տանը կայանալիք երեկույթին։ Ներս մտա ուշացած, արդեն պարում էին։ Բազկաթոռին նստած էր մի տխուր աղջիկ, որի հետ էլ սկսեցի զրուցել։ Երբ ես պատմեցի կարմիր մթության մասին, պարզվեց, որ նա նույն մթությունը կապույտ է տեսնում։ Մեկ անգամ էլ համոզվելու համար մենք լույսի պաշար հավաքեցինք եւ փակեցինք մեր աչքերը։
Մթությունը եւ կարմիր էր, եւ կապույտ։ Կարմիր ֆոնի դիմաց՝ կապույտ օղակներ։ Մեր մթությունը այսպիսին էր։ Երկուսս էլ անչափ վախեցանք։ Ամեն ինչ սեւ էր մեր աչքերը բացելուց հետո։ Ներկաները հանգցրել էին լույսը եւ մթան մեջ էին պարում։ Վախենալուց հետո մեզ հաճելի էր թվում ծիծաղելը։ Երկուսս էլ մեր մթության մասին էինք մտածում, բայց լուռ էինք, որովհետեւ երկուսս էլ մեզ պարտված էինք համարում։ Այդ զգացումը մեզնից վանելու համար սկսեցինք պարել։ Պարում էինք փակ աչքերով։ Ուզում էինք հիշեց կարմիր մթության կապույտը։ Դա մեզ դեռեւս հաջողվում էր։ Երբ ես նրան տուն էի ճանապարհում, որոշեցինք գտնել մի շատ վառ լույս, որպեսզի նորից տեսնենք մթությունը։ Մենք գտանք վառ լույսը եւ տեսանք մթությունը, բայց երկար վայելել մեզ չհաջողվեց։ Ուշ էր։ Հաջորդ օրը արդեն զրուցում էինք «Վահագն» սրճարանում։ Մյուս օրը կինոյում էինք։ Մեր մտերմությունը աճում էր շատ արագ, սակայն ինձ մի հարց էր անհանգստացնում․ արդյո՞ք նա իր գագաթնակետին հասնելով՝ կսկսի նվազել /հետագայում ես համոզվեցի, որ այսպես էլ կլիներ, եթե․․․/։
Մեր տանն էինք։ Սենյակս փոքր ու հարմարավետ էր։ Ազնավուրը սովորականից ավելի տխուր էր երգում։ Արեւի ճառագայթների մի խուրձ սենյակի մեջ էր ընկել, եւ կարծես նրա մեջ օդը անտեսանելի էր դարձել։ Ես կանգնեցի, որ նրանից վերցնեմ սուրճի բաժակը։ Ճառագայթների խուրձը ընկավ ուղիղ աչքերիս մեջ, եւ ես այնդ անդրադարձրի դեպի նրա աչքերը։ Պատերազմ՝ աչքերով։ Ես հաղթեցի․․․ գրեթե ամեն օր մենք նայում էինք մթությանը եւ հիանում նրա գույներով, բայց միշտ ինչ֊որ խոչընդոտ խանգարում էր մեզ վայելել այն լիովին։ Ամեն նայելուց մենք նկատում էինք /իհարկե, առանց խորհրդակցելու/, որ մթության գույները գնալով ավելի խավար էին երեւում։ Մենք ավելի պինդ էինք փակում մեր աչքերը, բայց բոլորը՝ անօգուտ․․․
Բաժանում։ Պատերազմ չէին մղում այլեւս մեր աչքերը, չէին փակվում, որպեսզի տեսնեին մթությունը։ Այդ բաժանումը ինձ որպես մթության գույն ընծայեց սեւը։
Մթությունը սեւ եմ տեսնում։
==='''Բախտավոր դժբախտը'''===
Նա ձեռքը թափ տալով քայլում էր։
Վերջապես մի ձեռքը տարավ գրպանը ու մտածեց ինչ֊որ կոպեկ շպրտել, եւ վերցնել միայն «ղուշի» դեպքում։
Գրպանից հանեց ափը, ու երեւաց մի հիսուն կոպեկանոց։ Մի քիչ մտածեց, հետո հիսուն կոպեկանոցն ու ափը դարձյալ գրպանը տարավ եւ ժպտաց։
Նրա կողքից ձեռնափայտով մի ծերունի անցավ։
Հանկարծ նա շատ ուզեց իմանալ, թե ծերունին ո՞ր ձեռքով է բռնել ձեռնափայտը։ Սկսեց մտածել ու շրջվեց։ Նայեց իր ձեռքերին, հետո նորից շրջվեց ու վերջնականապես համոզվեց, որ դա ձախ ձեռքն էր․․․
Ինչ֊որ ցուցափեղկ նրան հիշեցրեց, որ շուտով նոր տարի է։ Խանութ մտավ, սակայն Ձմեռ պապի դիմակները արդեն վերջացել էին։ Եւ մի պահ նա վերհիշեց անցյալ նոր տարին, երբ իր տղան նույնիսկ չգիտեր Ձմեռ պապի մասին, իսկ հիմա․․․
Նա կանգնեց /տուն էր հասել/ եւ ուզած֊չուզած ներս մտավ։
Հրեց դռնակը եւ կարծես ճռռոց լսեց, քանի որ միշտ էլ դռնակը այդպես էր ճռռում․․․
Մոխրամանի մեջ կար մոխիր։ Իսկ այդ մոխրի մեջ հաիզվ երեւացող լուցկու մի հատիկ։ Ինչ֊որ մեկը չէր թողել, որ հատիկը մինչեւ վերջ այրվի․․․
Այդ «ինչ֊որ մեկը» նա էր, եւ հիմա բազկաթոռին նստած՝ ծխում էր։ Հետո նա սկսեց ինքն իրեն փնթփնթալ․
―Ինչու՞ է սենյակը միշտ տաք, ինչու՞ է դաշնամուրը իր տեղում, ինչու՞ է իր տղան այդքան դանդաղ մտածում, ինչու՞ են այդքան նման իր տեսած երեսուն նոր տարիները, ինչու՞ է․․․
Նա դուռը հրեց։ Ահավոր ճռռոց լսվեց, եւ նա ձեռքերը գրպանները դրած՝ դուրս փախավ։
Շուտով նոր տարի էր։ Սառը քամին արցունքներ էր առաջացրել նրա աչքերում, իսկ նա բղավում էր․
―Բախտավոր մարդ եմ ես, ես բախտավոր մարդ եմ, բախտավոր մարդ եմ․․․
Շուտով նոր տարի էր․․․
==='''Վերջապես'''===
Վերջապես։ «Ավանգարդ»֊ի առաջին էջում մի զոդող բանվորի մեծ լուսանկար, իսկ չորրորդում՝ մի փոքրիկ պատմվածք շատ ծանոթ վերնագրով։ Այդ պատմվածքի ներքեւում էլ մի ազգանուն, որը իմն ու հորս էր, եւ անուն, որը միայն իմն էր։
Վերջապես․․․
Փողոցով քայլում եմ եւ ուրախ եմ։ Ահա այն տղան ինչ֊որ մեկին է մատնացույց անում /երեւի ինձ/։ Անցնում է տղաների ու աղջիկների մի խումբ, եւ թվում է, թե նրանք խոսում են այսօրվա Ավանգարդի առանձնապես չորրորդ էջի մասին։
Որպեսզի ծխախոտիս մնացուկը նետեմ, մոտեցա աղբարկղին, իսկ այնտեղ ճմռթված, ընկած էր մի թերթ՝ զոդող բանվորի լուսանկարով․․․
'''8/11 – 1969թ․'''
==='''Ծ․․․Ծ․․․Ծերություն'''===
Ամեն ինչից զարմացած դուրս եկա փողոց։ Աշնանային /ադեն ցուրտ/ քամին ինձ հիշեցրեց, որ օձիքս չի կոճկված։ Զբոսայգում երկար թափառելուց հետո ես նստեցի։ Ուզում էի զրուցել իմ կողքին նստած մարդու հետ, որը մինչեւ այդ մի երգ էր մռմռում։
Ասում են, թե հարբեցողները երբ «խելոք» են լինում, խելացի են լինում։
―Ինչու՞ ես խմում,֊ երկար սպասելուց հետո հարցրի ես։
Նա ցուցամատը բարձրացրեց գլխից քիչ վեր /այդ դիրքով նա նման էր մի սատանայի, որը կորցրել էր իր պոզերից մեկը/։
―Ովքեր հարբած չեն, նրանք մարդ չեն,֊բանաստեղծության ձեւով արտասանեց նա ու հետո տասը րոպե անընդհատ մրմնջում էր «ծ»֊ով սկսվող ինչ֊որ մի բառ։
Ես մի պահ մտովի տեղափոխվեցի մեր նստարանի տակ ու այնտեղից սկսեցի դիտել աշխարհի այն մասը, որը երեւում էր հարբեցողի ոտքերի արանքից։ Այդ աշխարհը շատ փոքր էր։
Հանկարծ նա փնտրող աչքերով սկսեց ֆիտել շրջապատը ու արդեն վեր տնկած ցուցամատը ավելի եւս վեր բարձրացրեց։
―Կյա՞նքը․․․ Թեկուզ այս տերեւներն են, որոնց ամբողջ նպատակն է ավելի շատ, քան հնարավոր է, օգուտ տալ ծառին։ Այդ տերեւները տարվա եղանակների հետ ծ․․․ծ․․․ծ․․․
Նա կարծես ուզում էր քնել։
Երբ տեսնում ես հարբած մարդու բաց ու հետո փակ աչքերը, մի պահ քեզ սկսում է թվալ, թե այդ արյունակալված աչքերը երբեք այլեւս չեն բացվելու։ Այդ պահին «հարբեցող» ու «մահացող» բառերը հոմանիշներ են թվում։
Ես կոճկեցի նորից բացված օձիքս ու հեռացա /մի քիչ էլ վախեցած/, որովհետեւ վերջապես հասկացել էի, թե որն է այդ «ծ»֊ով սկսվող բառը․․․
Իսկ հարբեցողը նստած էր իր անբնական դիրքով՝ գլուխը առած ծնկների մեջ։ Նրա ալեխառն մազերի վրա հազիվ էր նշմարվում ծառից նոր ընկած մի դեղին տերեւ․․․
'''25/9 -1969թ․'''
==='''Վերելակը'''===
Նա թեւի տակ ավելի պինդ սեղմեց փաթեթը ու նորից կրկնեց․
―Երկրորդ մուտք, յոթերորդ հարկ, երկու հարյուր մեկ բնակարան։
Ներս մտավ մուտքից ու մի պահ կանգ առավ, վերելակո՞վ, թե աստիճաններով։ Մինչեւ յոթերորդ հարկ։
Նրա մոտ վաղուց ինչ֊որ բնազդական մի վախ կար այդ վերելակների հանդեպ։
Համենայն դեպս նա հրեց դուռը եւ սեղմեց յոթ համարի կոճակը։ Նա չափազանց անհանգստացած էր ինչ֊որ բանից եւ որպեսզի ինքն իր մեջ թաքցնի այդ՝ սկսեց մտածել օրվա մասին։
―Այսօր նոր տարի է, եւ ես հիմա կշնորհավորեմ ընկերոջս։ Վաղուց արդեն նրան չեմ տեսել․․․
Հանկարծ վերելակը դանդաղեցրեց ընթացքն ու կան առավ։ Այն կանգ էր առել վեց ու յոթերորդ հարկերի մեջտեղում։
Գիշեր էր, իսկ վերելակը ուներ երեք պատ եւ մի դուռ, որը հիմա նույնպես պատ էր․․․
Նա մնացել էր մեն֊մենակ իր վախի հետ։ Կարելի էր բղավել, օգնություն գոռալ, եւ մարդիկ ընդհատելով ամեն ինչ, կնորոգեին վերելակը։ Բայց ոչ, թող նրանք տոնեն հանգիստ, իսկ ես կսպասեմ, մինչեւ որ․․․ Այո, ինչպես չէի հիշում, չէ՞ որ այս շենքի տակ խանութ կա, իսկ այդ խանութի պահակը սիրում է զբոսնել շենքի շուրջը ու երբեմն էլ ներս է մտնում։ Այո, կմտնի ու կտեսնի,որ վերելակը տեղում չէ եւ․․․ Սպասել, սպասել․․․
Բայց այս ի՞նչ է, պահակը ուշանում է։ Երեւի տուն է գնացել, որպեսզի նոր տարին ընտանիքի հետ տոնի։ Շուտով նա կհիշի իր խանութի մասին․․․
Հետո նա մի պահ մոռացավ պահակին ու ակամայից սկսեց հիշել իր ծանոթներին։ Տխուր ժպտաց, որովհետեւ կարողացել էր հիշել բոլորին։
Նորից պահակին հիշեց․․․
Հանկարծ փաթեթը ընկավ թեւի տակից ու նա սկսեց բղավել․
―Ոչ, ոչ․․․ Չեմ ուզում հավատալ, որ աշխարհում ոչ ոք չի հիշում ինձ, չեմ ուզում հավատալ, չեմ ուզում հավատալ․․․
'''1/3 – 1970թ․'''
==='''Իմ կետերը'''===
Առաստաղի վրա կա երեք կետ։ Նրանցից երկուսը մոտիկ են իրար, իսկ մյուսը ավելի հեռու։ Անթարթ նայում եմ այդ կետերին եւ մտածում, թե ինչպես են մարդիկ կարողանում ոչ մի բանի մասին չմտածել։
Չնայած սենյակում քամի չկա, սակայն ծխախոտիս ծուխը գնում է այդ կետերի կողմը եւ քողարկում նրանց։ Վեր կացա տեղիցս եւ նստեցի մի ուրիշ աթոռի։ Ծուխն էլ թեքեց իր ուղղությունը, ու նորից կետերը ապաստանվեցին նրա մեջ։
Որոշեցի հայացքովս այդ կետերը տեղափոխել սենյակի մի ուրիշ անկյուն։ Առաջին իսկ փորձից հաջողվեց ինձ այդ, բայց ծուխը կետերից չէր բաժանվում։ Այդպես մի քանի ժամ շարունակ ես տեղափոխեցի կետերը սենյակի մի անկյունից մյուսը եւ չզգացի, թե ինչպես փակվեցին աչքերս։ Իսկ կետերը չհասցրին դուրս պրծնել աչքերիցս եւ հավիտյան դրոշմվեցին իմ հայացքում։
Առավոտյան ինձ արթնացրեց փոտատարը։ Ես ստորագրեցի հեռագրի համար եւ ցույց տվեցի նրան առաստաղը։ Սակայն փոստատարը պնդում էր, որ առաստաղի վրա ոչ մի կետ էլ չկա․․․
Փողոցում քայլելիս ում էլ որ հանդիպում էի, անմիջապես տեղադրում էի երեք կետերը նրա դեմքին։ Եւ այդ մարդկանց աչքերի ու բերանի փոխարեն ես տեսնում էի ծխով պատված երեք կետ։
Այդպես ամեն օր ես առատորեն բաժանում էի երեք կետերը բոլորին, սակայն այդ կետերը մնում էին իմը, միայն իմը․․․
==='''Միայնակ տատս'''===
―Ռուբի՛կ, ժամը քանի՞սն է,- ամեն օր մի քանի անգամ հարցնում էր ինձ տատս:
Նա ժամացույց ուներ, բայց այն իր ասելով մի քանի րոպե ետ էր մնում:
Հայրս գրեթե ամեն օր որոշում էր նրա համար մի նոր ժամացույց գնել, սակայն միշտ էլ կամ մոռանում էր, կամ էլ ինչ որ բան էր խանգարում:
Իսկ տատս ամբողջովին մենակ էր, ու օրական մի քանի անգամ հրելով դուռը՝ հարցնում էր.
―Ռուբիկ, ժամը քանի՞սն է...
Եւ մի օր էլ, երբ ես մեծ էի, իսկ տատս դեռ հրում էր դուռը, որոշեցի մի նոր ժամացույց գնել:
Առավոտյան տատս սովորականի պես հրեց դուռն ու հարցրեց.
―Ռուբիկ, ժամը քանի՞սն է...
Ես վերցրի մեծ ժամացույցը ու կախեցի նրա պատից:
Հաջորդ օրը տատս մեռավ...
'''25/12 – 1969թ․'''
==='''Հաճելի տհաճություն'''===
Իմ ողջ կշիռը փոխանցվեց անկողնուս, եւ անկողինս փախավ։ Բիբերս սկսեցին երերալ փակ աչքերիս մեջ ու ես պտտվելով բարձրացա վերեւ, սակայն տանիքի մոտ ինձ սթափեցրեց առավոտվա աղյամը։ Այդ րոպեներին կարծես ոչնչությունից էլ թեթեւ էի։ Տանիքի մոտ ես մի քիչ զրուցեցի էլեկտրական լարերի հետ, ապա վերադարձա՝ շալակած մի բուռ տհաճություն։ Այդ տհաճությունը մի կերպ տեղավորեցի գլխումս եւ քնեցի․․․
Առավոտյան գլուխս անտանելի ցավում էր։ Սուրճ էի խմում, չզգալով, որ այն աղի է։ Մոտեցա աղամանին, որտեղ սովորաբար շաքարավազ էր լինում, եւ համտես արի։ Սակայն չզգացի՝ այն աղի է, թե՞ քաղցր։ Միայն հասկացա, որ զգայարան եմ կորցրել, փոխադարձը գտնելով մի նորը, ավելի լավը։ Դա կանգազգացում էր․․․
Ամեն մի քայլ անելիս ինձ թվում էր, թե ես այն կանխազգացել եմ։
Սակայն ամենակարեւորը, այս նոր զգայարանով ես զգում էի, որ երկար եմ ապրելու, շատ երկար․․․
Եւ ես ապրում եմ․․․
'''8/7 – 1969թ․'''
==='''Անմեղ տերեւները'''===
Քամին ուզեց իր հետ տանել մի քանի անմեղ տերեւներ։ Արայիկը բարկացավ։ Նա չէր սիրում քամուն, որը միշտ փախցնում էր իր գլխարկը։ Հարեւանի փոքրիկ շունը ընկերացավ Արայիկին։ Բայց Աարայիկը պայքարում էր տերեւների փրկության համար, իսկ շունը միայն խոսում էր տերեւների հետ։ Հենց դրանով էլ տարբերվում էին նրանք իրարից։ Արայիկը իր փրկած տերեւները խնամքով դասավորել ու թաքցրել էր մի քարի տակ, իսկ շան փրկած տերեւները մնացել էին փողոցում, եւ երբ քամի վերադարձավ, արդեն փողոցի տերեւներին փրկելը անհնար էր։