― Երբ թվում է, պետք է աստղակնքել, ― կատակեց նա շփոթված։
==Օգոստոսյան հեղափոխություն==
Այն ամենից ինչ ես իմանում եմ Իսկրայից, հեռուստատեսությամբ կամ թերթերից, դժվար է ամբողջական պատկերացում կազմել այն մասին, թե հատկապես երբ է տեղի ունեցել Օգոստոսյան հեղափոխությունը և ինչն է եղել նրա պատճառը, բայց այն կցկտուր տեղեկություններից, որոնք ես վերջի վերջո ստացա, ահա թե ինչ հասկացա։
Մինչև հեղափոխություն ոչ մի Մոսկորեպ գոյություն չուներ։ Սովետական միությունը կառավարում էին խոր ծերունիներ։ Իհարկե նրանք միշտ չէ, որ այդքան ծեր էին։ Նրանք զավթում էին իշխանությունը երբ դեռ ուժերով և առողջությամբ լի էին, և ամեն անգամ սկսում էին երիտասարդացնել կադրերը։ Բայց մինչև կադրային փոփոխություններ էին տեղի ունենում, նրանք հասցնում էին ծերանալ, և տարիների փորձից ելնելով, գալիս էին այն եզրակացության, որ ամենաառաջավոր կառավարման ձևը մառազմն է և կառչում էին իրենց տեղից մինչև կյանքի վերջը։ Ղեկավարների նոր սերունդը նորից սկսում էր երիտասարդացնել կադրերը և նորից չէր հասցնում։ Կյանքի լավ պայմանների և բժշկության հաջողությունների շնորհիվ, առաջնորդների ամեն մի հաջորդ սերունդը նախորդներից ավելի զառամյալ էր դառնում։ Բանը հասավ նրան, որ վերջին Պոլիտբյուրոյի տասներկու անդամներից յոթը իրենց գործունեությունը ավարտում էին գտնվելով խոր մառազմում, երկուսը տեղաշարժվում էին միայն անդամալույծների համար նախատեսված սայլակներով, մեկը՝ ամբողջապես պարալիզացված, մյուսը՝ խուլ, իսկ ամենագլխավորը՝ վերջի վեց տարիներին ղեկավարում էր նրանց կոմայի մեջ գտնվելով։
Այն ժամանակ էլ Գենիալիսիմուսը հեղափոխություն իրագործեց։ Այն տեղի ունեցավ այսպես ասած «ԿԳԲ֊ի զայրացած գեներալների դավադրության արդյունքում»։
Ինձ շատ էին հետաքրքրում մանրամասները, բայց Իսկրինան, որքան ես հասկացա, պատմության մեջ այնքան էլ ուժեղ չէր, որովհետև շատ ժամանակ էր ծախսել նախնական լեզվի ուսումնասիրության վրա։
Այդ իրադարձությունների մասին նա լսել է միայն իր տատիկից։ Նա պատմել էր, որ բոլոր գեներալները երիտասարդ էին, ավյունով լի և շատ գեղեցիկ։ Որ, գալով իշխանության, նրանք որոշեցին միանգամից վերջ տալ անտնտեսվարությանը, բյուրոկրատիզմին, կաշառակերությանը, գողությանը, խնամիությանը, անձնական նեղ շահադիտողականությանը տեղերում, տեղական խմբավորումներին, իրենց շահերը առաջ մղող անհատներին, դատարկախոսությանը, ինքնափառաբանմանը, ճոռոմուցյանը, հարբեցողությանը, անփութությանը, դատարկաբանությանը, անպատասխանատվությանը։ Սկսեցին ամրապնդել աշխատանքային կարգապահությունը և պայքարել պլանների գերակատարման համար։ Նրանք շատ էներգիա ծախսեցին, հանդիպեցին մասսաներին, ճառերով ելույթ ունեցան, բայց բոլորից շատ աշխատում էր ինքը՝ Գենիալիսիմուսը։ Նա շրջեց ողջ երկիրը, պհանջեց ավելացնել նավթի արդյունահանումը, պողպատի արտադրությունը, բամբակի պտղատվությունը, ուսումնասիրեց հավերի ձվայնությունը և ոչխարների ծննդաբերության առանձնահատկությունները։ Բայց քանի որ երկիրը մեծ է և հնարավոր չէր ամեն ինչին հետևել, որոշեց օգտվել առաջադեմ տեխնիկայով և սկսեց կանոնավոր ստուգողական թռիչքներ կատարել տիեզերանավով։ Այնտեղից նա հետևում էր բանակի տեղաշարժերին, հանքերում իրագործվող աշխատանքներին, անտառահատությանը, առանձին օբյեկտների շինարարական աշխատանքներին և բաց ձևով իրագործվող ածխի արդյունահանմանը։ Նա փորձում էր ամեն ինչ խորությամբ հասկանալ։ Երբեմն նկատում էր, որ ինչ֊որ տեղ բանվորները շատ երկար են ծխում, և հենց տիեզերքից, հրամայում էր այդ բանվորների ղեկավարին հանել աշխատանքից, իջեցնել պաշտոնը կամ դատի տալ։ Կամ նկատում էր, որ ինչ֊որ ավտոմեքենա արագությունը կամ մի ուրիշ կանոն խախտեց, գրի էր առնում համարը և հաղորդում ավտոտեսչություն։
― Եվ նա զբաղվում էր այդպիսի դատարկ բաներո՞վ, ― հարցրեցի ես Իսկրինային։
― Դե ինչո՞ւ դատարկ բաներով, ― դժգոհությամբ առարկեց նա։ Նա ամեն ինչով էր զբաղվում։ Մի մոռացիր, որ նրա գաղափարներով ու ղեկավարությամբ մեզ մոտ կառուցվեց կոմունիզմ։ Այն էլ Օգոստոսյան հեղափոխությունից միայն մի տարի հետո։ Այդ տիեզերական ստուգումները այնքան արդյունավետ դուրս եկան, որ վերջ ի վերջո որոշում ընդունվեց ընդմիշտ թողնել Գենիալիսիմուսին տիեզերքում և բաժանել իշխանությունը տիեզերականի և երկրայինի։ Գենիալիսիմուսը վերևից իրականացնում է ընդհանուր ղեկավարությունը, իսկ երկրային գործերով զբաղվում է Գերագույն Հնգանկյունը և Խմբագրական Հանձնաժողովը։
==Ինչպես կառուցեցին կոմունիզմ==
Իսկրինայից իմացա, որ առանձին վերցրած քաղաքում կոմունիզմի կառուցման համար աշխատել են ոչ միայն Մոսկվայի բնակիչները, այլև ողջ Սովետական Միության աշխատավորները։ Նրանց օգնությամբ կառուցվեցին նոր շենքեր և մի ամբողջ տարի ողջ երկրից մայրաքաղաք էին բերվում ու կուտակվում պարենամթերք և արդյունաբերական ապրանքներ։
Մասնագետներ հրավիրվեցին նաև արտասահմանից․ գերմանական երշիկագործներ, շվեյցարական պանրագործներ և ֆրանսիական մոդելյորներ։
Կոմունիզմ հայտարարելուց դեռ շատ առաջ, մոսկովյան պահեստներ էին բերվել և պահեստավորվել պեպսի֊կոլա, իտալական պիցցայի տարբեր տեսակներ, ամերիկայն համբուրգերներ, ծամոններ, արտասաահմանում հատուկ պատվիրված ջինսեր, վերնաշապիկներ, որոնց վրա գրված էր «Iove communism» և Գերմանիայում արտադրված տարբեր տեսակի երկտակ, պուտպուտիկ զուգարանի թղթեր։
Միաժամանակ միջոցառումներ էին ձեռք առնվել, պաշտպանելու համար Մոսկվան Առաջին Օղակում ապրող մարդկանց այցելությունից, առանձնապես Կալինինգրադի, Յարոսլավլի, Կոստրոմայի, Րյազանի, Տուլայի և Կալուգայի մարզերի բնակիկիչներից, որոնք տեսարժան վայրերը տեսնելու պատրվակով, ամեն շաբաթ իրականացնում էին գիշատիչ հարձակումներ խանութների վրա, դատարկելով մոսկվացիներին ապահովելու համար նախատեսված ապրանքատեսակները։ Որպեսզի նրանց զրկեն այդ պատրվակից, Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը, Տրետյակովյան գալերեյան, Կրեմլի Օրուժեյնայա պալատան, Պուշկինի անվան գեղարվեստի ստեղծագործությունների և Լև Տոլստոյի (այժմ նախնական գրականության) թանգարանները, դուրս բերվեցին Մոսկվայի սահմանից։ Նույն բանն արվեց կայարանների հետ, որտեղ երկրի տարբեր շրջանների բնակիչները նախկինում ստիպված էին Մոսկվայում փոխել գնացքը։ Երկաթաբետոնի Լյուբերեցի գործարանի բանվորները պատրաստեցին վեց մետրանոց կոնստրուկցիաներ, Մոսկվայի շուրջը պարիսպ կառուցելու համար։ Լենինգրադի Կիրովի անվան գործարանի կոլեկտիվն էլ նույն նպատակով այնքան փշալար արտադրեց, որ դրանով հնարավոր էր չորս անգամ փաթաթել ամբողջ երկրագունդը։ Գերմանական Դեմոկրատական Ռեսպուբլիկայի (թշնամական Երկրորդ Օղակ) աշխատավորները կիսվեցին ականներ դնելու իրենց փորձով և ավտոմատ կրակող սարքերով, որոնք այնքան էին կատարելագործված, որ սպանում էին նույնիսկ պատահաբար պարսպի կողքով թռչող ճնճղուկներին։
Բացի այդ, կատարվեց մարդկանց որակական ընտրություն։ Կոմունիզմի հաստատումից մոտ մի ամիս առաջ, Մոսկվայից վտարվեցին այնպիսի ասիոցալ էլեմենտներ ինչպիսիք են՝ հարբեցողները, խուլիգանները, անբանները, հրեաները, դիսիդենտները, հաշմանդամները և թոշակառուները։ Ուսանողները ուղարկվեցին հեռավոր տեղերում գտնվող շինարարական ջոկատներ, իսկ դպրոցականները պիոներական ճամբարներ։
Կոմունիզմ հայտարարելու օրը, բոլոր խանութները պայթում էին տարբեր տեսակի ապրանքատեսակներից և սննդամթերքից։
Բայց քանի որ դա ամբողջապես նոր գործ էր, չկարողացան խուսափել սխալներից։
Իսկրինան պատմեց, որ տատիկի խոսքերով, կոմունիզմի առաջին օրը նույնիսկ ամենագիտակից աշխատավորները թույլ տվեցին այնպիսի անգիտակցություն, որ չնայած աշխատանքային օրվան, աշխատանքի դուրս չեկան, այլ նետվեցին խանութները և թռցնում էին ձեռքի տակ ընկածը, բոլոր հնարավոր կարիքներից չափազանց շատ մեծ քանակությամբ։
Այնպիսի հրմշտոց սկսվեց, որ միայն Սմոլենսկիյ գաստրոնոմում զոհվեցին տասնչորս մարդ, իսկ Ելիսեեվյանում ջարդել էին բոլոր ապակիները, շրջել բոլոր վաճառասեղանները և հանել տնորենի աչքը։
Ամենամեծ դժբախտությունը կատարվեց ԳՈՒՄ֊ում, որտեղ ամբոխի ճնշման տակ փլվեցին երրորդ հարկի կամրջակի պատնեշները, և մարդիկ ներքև ընկնելով սպանում էին նրանց, ում վրա ընկնում էին և իրենք իրենց։
Կարգ ու կանոնը վերականգնելու համար, կոմունիստական ղեկավարները ստիպված էին զորք կանչել։ Մոսկվա մտան Կանտեմիրյան և Թամանյան դիվզիաների տանկերը և երեք օրով ռազմական դրություն հայտարարվեց։
Դրանից հետո Մոսկորեպի բնակիչներին դիմեց անձամբ Գենիալիսիմուսը։ Նա ասաց, որ կոմունիստական կարգեր հաստատելուց տեղի են ունեցել որոշ բացթողումներ և սխալներ։ Նա խստորեն քննադատեց և ծաղրի ենթարկեց այն վոլյունտարիստներին, որոնք որոշեցին այսպես հանպատրաստի իրագործել կոմունիզմը։ Նա ասաց, որ քանի դեռ մարդիկ հստակ պատկերացում չունեն իրենց կարիքների մասին, այսուհետև դրանք կորոշվեն Բարձրագույն և տեղական Հնգանկյուններով, բայց միևնույն ժամանակ նույնիսկ սահմանափակ կարիքները չեն կարող բավարարվել առանց առաջնային ապրանքների խստագույն խնայողության և երկրորդականի վերամշակման։
Ես հարցրի Իսկրինային, թե ինչո՞ւ մեզանից չեն պահանջում հանձնել երկրորդական մթերք։ Նա ասաց, որ բարձր կարիքներ ունեցող կոմունյանները ազատված են այդ պարտականությունից, և հետո՝ մեր հյուրանոցի կանալիզացիան այնպես է կառուցված, որ ավտոմատ կերպով վերամշակում է երկրորդական մթերքը։
― Բայց այն մարդիկ, ― հարցրեցի ես, ― որոնք մեղավոր էին առաջի օրվա անկարգությունների համար, հույս ունեմ պատժվեցի՞ն։
― Այն էլ ինչպե՜ս, ― ասաց նա։ ― Կարիքների ապահովվման պետական կոմիտեի նախագահը և Վնուբեզի ղեկավարը դատապարտվեցին և․․․
․․․ եվ գնդակահարվեցին, ― գլխի ընկա ես։
― Ի՜նչ ես ասում, ― առարկեց Իսկրինան։ Դա անհնար է։ Մեզ մոտ Մոսկորեպում մահապատիժը արգելված է։ Մենք ունենք միայն մի պատժամիջոց՝ վտարում Առաջին Օղակ։ Այդ մարդիկ վտարվեցին այնտեղ։
― Եվ շատ իզուր, ― ասացի ես։ Իհարկե ես հասկանում եմ, որ կոմունիզմի ժամանակ մարդու հանդեպ վերաբերմունքը պետք է մարդասիրական լինի, բայց դե հումանիզմն էլ է տարբեր լինում և չարժե դրանով չարաշահել։
― Մի հուզվիր, հիմարիկս, ― Իսկրինան շոյեց գլուխս։ Նրանց վտարեցին Առաջին Օղակ, իսկ այնտեղ մահապատիժը դեռ արգելված չէ։
==Կոմունյանները==
Մյուս օրը Իսկրինան հաղորդեց ինձ մի ցնցող նորություն։ Պարզվում է, որ Մոսկորեպում ոչ միայն մահապատիժ չկա, այլ նույնիսկ գործնականում վերացված է շարքային կոմունյանների մահացությունը։
― Այդ ինչպե՞ս, ― չհավատացի ես։ ― Մի՞թե ուզում ես ասել, որ ձեր գիտնականները գտել են կյանքի էլեկսիրը։
Այդ հարցը նրան մի քիչ շփոթեցրեց։ Նա դանդաղեց և հետո ասաց, որ այո, էլեքսիրի հետ էլ որոշ առաջընդաց կա, բայց մահացությանը վերջ է տրված ավելի հուսալի և տնտեսող միջոցով։ Ուղղակի ծանր հիվանդ մարդկանց, թոշակառուներին և հաշմանդամներին, եթե իհարկե նրանք Խմբագրական հանձնաժողովի անդամ չեն, տեղափոխվում են Առջին Օղակ, որտեղ էլ նրանք վերջացնում են իրենց կյանքը։ Իսկ այստեղ պատահում են մահվան առանձին դեպքեր դժբախտ պատահարներից, դե մեկ էլ ինֆարկտից և ինսուլտից։ Բայց այդ դեպքերն էլ շատ հազվադեպ են, քանի որ սրտանոթային հիվանդություններ ունեցողներին նախապես ուղարկում են Մոսկորեպի սահմաններից դուրս, և եթե որևիցե մեկի մոտ կույրաղիքի սրացում է լինում, շտապօգնությունը նրան նույնպես տանում է այնտեղ։
― Ուրեմն Մոսկորեպում ընդհանրապես չկա՞ն սրտային, հիպերտոնիկ հիվանդներ, հաշմանդամներ և ծերունինե՞ր, ― հարցրի ես։
― Միանգամայն ճիշտ է, ― հաստատեց նա։ Եվ հետո մեզ մոտ չկան շներ, կատուներ, կրյաներ և նման ուրիշ անօգուտ կենդանիներ։ Անցյալում մարդիկ այդ կենդանիներին բազմացնում էին և դա մեծ հիմարություն էր։ Որովհետև բոլոր այդ կենդանիներից ոչ մի օգուտ չկար, միայն առաջնային մթերք էին սպառում։
― Ուրեմն նրանց ոչնչացրի՞ն։
― Ինչո՞ւ ես այդպիսի բառեր օգտագործում, ― վրդովվեց նա։ ― Ինչո՞ւ անպայման ոչնչացրին։ Նրանց էլ աքսորեցին Առաջին Օղակ։
― Արջամկներին ու կրյաներին աքսորեցի՞ն, ― կրկնեցի ես հարցս։ ― Իսկ այնտեղ նրանց հետ ի՞նչ արեցին։
― Չգիտեմ, ― ասաց նա տհաճությամբ։ ― Միգուցե այնտեղ նրանց կերան։ Հասկանո՞ւմ ես, մեզ մոտ, բնակչությունն առաջնային մթերքով ապահովված է, իսկ այնտեղ պարբերաբար մատակարարման ընդհատումներ են լինում։