― Չգիտեմ, ― ասաց նա տհաճությամբ։ ― Միգուցե այնտեղ նրանց կերան։ Հասկանո՞ւմ ես, մեզ մոտ, բնակչությունն առաջնային մթերքով ապահովված է, իսկ այնտեղ պարբերաբար մատակարարման ընդհատումներ են լինում։
==Մոսկորեպ==
Սովորաբար Իսկրինան աշխատում է խոսել ինձ հետ նախնական լեզվով, որը նա սովորել է ոչ թե ուսումնասիրելով գեղարվեստական գրականությունը, այլ նախակոմունիստական «Պրավդա» թերթի առաջատար հոդվածները։ Իսկ այդ լեզվին, խոստովանում եմ, ինքս էլ բավականին վատ եմ տիրապետում։ Այդ պատճառով ես անընդհատ առաջարկում եմ նրան շփվել կոմունիստական լեզվով, որում ես արդեն որոշակի առաջընդաց ունեմ։
Լեզվի ուսումնասիրությանը շատ է օգնում հեռուստատեսությունը։ Իմիջիայլոց, այստեղ նա բացարձակապես կաբելային է։ Ես կարծում էի, որ դա հաղորդումների հեռարձակման որակը ապահովելու համար է, բայց իրական պատճառը ավելի լուրջ դուրս եկավ։ Դեռ Օգոստոսյան հեղափոխությունից առաջ ամերիկացիները արբանյակների միջոցով սկսեցին հեռարձակել իրենց հաղորդումները սովետական հեռուստացույցներով․․․
― Բայց կաբելային հեռուստատեսության ներդրումը չեզոքացրեց այդ գաղափարական դիվերսիան, ― գլխի ընկա ես։
― Ոչ բոլորովին, ― տխուր ժպտաց նա։ ― Նրանք մշակել են նոր սադրանք։ Լուսնի վրա տեղադրված պրոեկտորներից երբեմն ցուցադրում են իրենց արատավոր ֆիլմերը ուղղակի երկնքում, օգտագործելով ամպերը որպես էկրան։
― Այդ ինչպե՞ս, ― չհավատացի ես։ ― Մի՞թե հնարավոր է այդպիսի բան։
― Ցավոք սրտի, հնարավոր է, ― ասաց Իսկրինան։ ― Իհարկե, մենք դրա դեմ պայքարում ենք։ Օրինակ գլխարկների այդ երկար երեսկալները ԲԵԶՈ֊ն առաջարկել է այն պատճառով, որպեսզի մարդիկ կարողանան պաշտպանվել ճառագայթումից։ Բայց որոշ անգիտակից մարդիկ փորձում են նայել երկնքին նրանց տակից։ Ստիպված պայքարում ենք ուրիշ միջոցներով։
― Հասկանալի է, ― ասացի ես։ Թաքուն նայողների հետ գործում են այսպես։ ― Եվ ձեռքերով ցույց տվեցի, թե ինչպես են նրանց վիզը ոլորում։
― Բայց դու շա՜տ հետամնացն ես, ― ձեռքերն իրար խփեց Իսկրինան։ Մեր հասարակությունը մարդասեր է, մեզ մոտ մարդկանց հետ այդպես չեն վարվում։ Ուղղակի ամպերն են ցրում։ Ճիշտ է, դա բացասական է անդրադառնում կլիմայի և գյուղատնտեսության վրա, բայց մեզ մոտ գաղափարական պայքարը առաջին տեղում է, իսկ բերքատվությունը երկրորդ։
― Դա պարզ է։ Իմ ժամանակ էլ այդպես էր։
Համենայն դեպս լավ է, որ Իսկրինան ինձ հետ է։ Նրա շնորհիվ ես հիմա գիտեմ, որ ոչ միայն արտաքին աշխարհն է բաժանված օղակների, այլ նաև Մոսկորեպի տարածքն է բաղկացած երեք կոմունիստական օղակից։ Այդ օղակները կոմունյանները, կրճատ անվանում են ԿԿ, անվանում են (կատակով, իհարկե) Կականեր։ Առաջին Կական դա մեծ Բուլվարային օղակն է, երկրորդը՝ գտնվում է Սադովիյ օղակի սահմաններում, իսկ երրորդը՝ ընդգրկում է իր մեջ ողջ տարածքը Սադովիյ և Մոսկովյան օղակային ճանապարհի միջև, որը հիմա անվանվում է Փառքի Մայրուղի։
Չնայած հստակ բաժանում չկա, բայց կարելի է ասել, որ բարձր կարիքներ ունեցող կոմունյանները կենտրոնացված են հիմնականում առաջին Կակայում, ընդհանուր կարիքներ ունեցողները՝ երկրորդում։ Երրորդ Կակայում հիմնականում ապրում են այն կոմունյանները, որոնք իրենք են ապահովում իրենց կարիքները։ Այստեղ, Մոսկորեպի կենտրոնից հեռու, հնարավոր են շատ համարձակ տնտեսական էքսպերիմենտներ։ Երրորդ Կակայում ապրող կոմունյաններին թույլատրվում է պատշգամբներում բանջարեղեն աճեցնել և պահել մանր, օգտակար կենդանիներ․ խոզեր, այծեր և ոչխարներ։ Եթե այդ փորձը հաջողված համարվի, ապա հնարավոր է, որ ծայրամասային կոմունյանների փորձը կտարածվի կենտրոնական Կականերում։
==Եկեղեցի==
Բարեփոխված Կոմունիստական եկեղեցին կազմավորվպեց ՑԿԿՊԳԲ֊Ի և Գերագույն Հնգանկյունի «Ուժերի համախմբում» հրամանագրերով։ Երկու փաստատղթում էլ նշված էր, որ կուլտիստները, վոլյունտարիստները և րեֆորմիստները վուլգար կերպով էին պայքարում կրոնի դեմ։ Ճնշելով հավատացյալներին և վիրավորելով նրանց զգացմունքները, նրանք թերագնահատում էին այն ահռելի օգուտը, որը կարող էին բերել հավատացյալները, եթե
ճանաչվեին որպես հասարակության լիիրավ անդամներ։ Փաստաթղթերը հանդիսավոր կերպով հայտարարում էին եկեղեցու միացումը պետության հետ, մի պայմանով․ հրաժարվել Աստծու հավատքից։ (Այդ պայմանը վերջնական տեկստի մեջ էր մտցրել Խմբագրական Կոմիտեն։) Բարեփոխված եկեղեցու գլխավոր նպատակն է դաստիարակել կոմունյանների մեջ անձնուրաց սեր կոմունիզմի և Գենիալիսիմուսի հանդեպ։
Այդ նպատակին հասնելու համար կանոնավոր կերպով քարոզներ են կարդում աշխատանքային կոլեկտիվներում և տաճարներում, որտեղ կատարվում են արարողություններ նվիրված Օգոստոսյան հեղափոխությանը, Գենիալիսիմուսի ծննդյան տոներին, Կոմունիստական Սահմանադրությանը և այլն։
Հասկանալի է, որ այդ եկեղեցին ունի իր սրբերը․ սուրբ Կառլ, սուրբ Ֆրիդրիխ, սուրբ Վլադիմիր, այդ ցուցակի մեջ են ընդգրկված նաև տարբեր հեղափոխությունների հերոսներ (առաջին հերթին Օգոստոսյան հեղափոխության), բոլոր պատերազմների և աշխատանքային հերոսները։
Եկեղեցին միշտ ներշնչում է իր հոտին, որ իսկանան սրբերը նրանք են, ովքեր չեն խախտում աշխատանքային կարգապահությունը, ենթարկվում են ղեկավարներին և միշտ պահպանում են աչալրջություն և անհանդուրժողականություն օտար գաղափարների հանդեպ։
Միևնույն ժամանակ եկեղեցին մշտապես պայքարում է, նոր, կոմունիստական֊ եկեղեցական տեսերի տարածման և ներդրման համար։
==Ընտանիքի և ամուսնության մասին==
Ամուսնությունը Մոսկորեպում թույլատրվում է տղամարդկանց՝ 24, իսկ կանանց՝ 21 տարեկանից։ Ամուսնությունները ձևակերպվում են բացառապես տեղական Հնգանկյունների թույլտվությամբ և միայն այն անձանց, որոնք կատարում են աշխատանքային պարտականությունները, ակտիվորեն զբաղվում են հասարակական աշխատանքով և չեն օգտագործում ալկոհոլ։ Ամուսնությունները ձևակերպվում են ժամանակավորապես, չորս տարով։ Հետագայում, Հնգանկյունի թույլտվությամբ նրանք կարող են երկարաձվել ևս չորս տարով, կամ՝ եթե ամուսիններից մեկը թույլ է տվել հակահասարարական արարքներ, կարող են ավելի շուտ չեղյալ համարվել։ Պրոդուկտիվ ժամանակաշրջանի ավարտին (կանայք45, տղամարդիկ 50 տարեկան) ամուսնությունները չեղյալ են համարվում։
Ես հարցրի Իսկրային, լինո՞ւմ են արյոք այնպիսի կոմունյաններ, որոնք սիրում են իրար և ուզում են միասին ապրել, բայց չունեն թույլտվություն, կամ այնպիսիները, որոնք ուզում են շարունակել միասին ապրել ամուսնական տարիքից դուրս գալուց հետո։
Նա ասաց, որ իհարկե կան։
―Եվ ինչպե՞ս են նրանք լուծում այդ խնդիրը, ― հարցրի ես։
― Շատ հասարակ։ Ուղղակի միասին են ապրում և վերջ։ Եթե ապրելու տեղ ունեն, իսկ եթե չունեն՝ հանդիպում են ինչ֊որ տեղ թփերում կամ մուտքերում։
Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք չունեն այն ցուցանիշները, որոնք հարկավոր են ամուսնության համար, նրանք ժամանակ առ ժամանակ օգտվում են սեքսուալ ծառայության տարբեր ձևերից։ Նրանց կարիքները բավարարվում են Սիրո Տաճարի շարժական բրիգադներով աշխատանքի վայրում, ավելի հաճախ աշխատանքից հետո, կամ ընդմիջման ժամանակ։