Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 61 718 բայտ, 15:17, 9 Մարտի 2014
/* Առաջնայինը երկրորդական է */
Նրա արձագանքը ինձ զարմացրեց։ Ես չհասկացա, թե ինչու է իմ ամեն մի խոսքը, նրան այդքան հուզում։ Այն ժամանակ մտածեցի, որ դա կապված է կանացի անհավասարակշռության հետ։ Իսկ հիմա, Սմերչևի բառերից հետո, այլ կերպ գնահատեցի։ «Մի՞թե նա ինձ մատնում է», ― մտածեցի ես։
 
 
==Բացահայտում==
 
 
Սմերչևը առաջարկեց մի բաժակ եգիպտացորենի սուրճ խմել, և մենք մտանք գրողների ՈՒՊՈՊՈՏ (Բարձր Կարիքների բավարարում), որտեղ համեմատաբար մաքուր սեղանների մոտ նստած էին միայն գնդապետներ և գեներալներ։ Չնայած իմ ցածր կոչումին, նրանք բոլորը ոտքի կանգնեցին և ողջունեցին ինձ միասնական ծափահարություններով։
 
Նրանց մեջ ես միանգամից նկատեցի Ձերժին Գավրիլովիչին, որը ձեռքով արեց ինձ հեռավոր անկյունից։
 
Ձերժինը նստած էր մի շատ երիտասարդ գեներալի հետ, որին, եթե հաշվի չառնեի նրա կոչումը, կտայի մի քսանհինգ տարեկան, բայց նույնիսկ հաշվի առնելով կոչումը՝ երեսունից ոչ ավելի։ Նրա դեմքը թվաց ինձ չափազանց ծանոթ, բայց ես հասկանում էի, որ այդ տպավորությունը կարող է խաբուսիկ լինել։ Արդեն հանդիպել էի մարդկանց, որոնք հիշեցնում էին ինձ անցյալ կյանքից ինչ֊որ մեկին։ Երկու գեներալներին էլ ասացի «Սլագեն» և նույն պատասխանը ստացա։ Սմերչևը ասաց, որ ինչ֊որ տեղ է շտապում և թողնում է ինձ Ձերժինի խնամակալուլթյանը։
 
― Լավ, ― ասաց Ձերժինը և, երբ Սմերչևը գնաց, ներկայացրեց երիտասարդին, որպես Էդիսոն Կսենոֆոնտովիչ Կոմարովի։
 
― Շատ֊շատ ուրախ եմ, ― ասաց նա, թափ տալով ձեռքս։ ― Ինչպես ասում են ձեր գերմանացիները՝ զերանգենեմ։ Ես, իմիջիայլոց, շատ եմ սիրում գերմաներենը, բայց զրուցակից չունեմ։
 
― Դուք է՞լ գրող եք, ― հարցրի ես։
 
― Օ՜, նայն, ― կրքոտ ու ուրախ առարկեց նա։ ― Ես բոլորովին ուրիշ բանով եմ զբաղված։ Չնայած, մեր մասնագիտությունները ունեն շատ ընդհանրություններ։
 
― Այսի՞նքն, ― հարցրի ես։
 
― Հասկանում եք, ես կենսաբան եմ և նոր մարդ ստեղծելու վրա եմ աշխատում։ Տարբերությունը միայն այն է, որ դուք ձեր հերոսներին ստեղծում եք ձեր մտքի ուժով, իսկ ես ժամանակակից գիտության նվաճումների օգնությամբ։
 
― Եվ ի՞նչ հերոսներ եք դուք ստեղծում։
 
― Հաճույքով մի օր կպատմեմ ձեզ և ցույց կտամ։ Երբ այստեղ ամեն ինչի հետ ծանոթանաք և ազատ լինեք, եկեք ինձ մոտ Կոմնակոմ․․․
 
― Ո՞ւր, ― չհասկացա ես։
 
― Կոմիշ, ― բղավեց երիտասարդը գերմաներեն և ծիծաղեց։ ― Առաջին անգամ եմ տեսնում մի մարդ, որը չգիտի, թե ինչ բան է Կոմնակոմը։
 
― Կլասսիկին դա ներելի է, ― նկատեց Ձերժին Գավրիլովիչը։ ― Նա նոր է եկել մեզ մոտ և առայժմ շատ բան չգիտի։
 
― Նատյուրլիխ, ― համաձայնվեց երիտասարդը և բացատրեց ինձ, որ Կոմնակոմը, դա Կոմունիստական Գիտական հաստատությունների միավորում է, որի գլխավոր տնորենը ինքն է։
 
― Այնտեղ կենսաբանական փորձեր են կատարվո՞ւմ, ― հարցրի ես։
 
― Տարբեր տեսակի, ― ասաց նա։ ― Մեր Միավորումում կենտրոնացված են բոլոր գիտությունները և բոլորն էլ ես եմ ղեկավարում, իսկ ինքս զբաղվում եմ բացառապես կենսաբանությամբ։ Ես ձեզ ամեն ինչ ցույց կտամ, եկեք։ Իսկ այժմ, ներեցեք, ես պետք է գնամ։ Նա սեղմեց իմ ու Ձերժինի ձեռքը և անհայտացավ։
 
Մենք մնացինք մենակ և Դերժին Գավրիլովիչը երկար հարձուփորձ էր անում ինձ, Բեզբումլիտից ստացած իմ տպավորություններից։
 
Ես գոհունակություն արտահայտեցի կոմունիստական գրողների ունեցած տեխնիկական միջոցներից, բայց միևնույն ժամանակ շատ զգույշ կասկած արտահայտեցի նրանց ստեղծագործական ազատության չափի մասին։
 
― Ինձ զարմացրեց, ― ասացի ես, ― որ բոլորը պարտադրված են գրել այսպես կոչված Գենիալիսիմուսիանան։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ Գենիալիսիմուսը ունի բազմաթիվ արժանիքներ, բայց համենայն դեպս, ինձ թվում է, որ գրողները կարող են գրել և ուրիշ թեմաներով։
 
― Ւսկ ո՞վ ձեզ ասաց, թանկագինս, որ բոլորն էլ պարտավոր են մասնակցել Գենիալիսիմուսիանայի ստեղծմանը, ― հարցրեց նա խոժոռվելով։ ― Մի՞թե Սմերչևը։
 
― Այո, խոստովանեցի ես, հանկարծ վախենալով, թե արդյոք չե՞մ վնասում Կոմունիյ Իվանովիչին։ ― Այդ նա ինձ ասաց։
 
― Ինչպիսի՜ հիմարություն, ― վրդովվեց Ձերժինը։ ― Ինչպիսի՜ զրպարտություն։ Եվ դուք, լինելով այդքան խելացի և սրատես մարդ, մի՞թե կարող էիք հավատալ դրան։
 
― Ինչպե՞ս կարող եմ չհավատալ։ Ես այստեղ բացարձակապես նոր մարդ եմ։
 
― Դե ուրեմն, հավատացեք ինձ, ― ասաց Ձերժինը վճռական։ ― Ես այստեղ ունեմ շատ ուղղամիտ և ճշմարտացի մարդու համբավ։ Հավատացեք ինձ, որ այն ամենը ինչ ասաց ձեզ մեր հարգելի Կոմունիյ Իվանովիչը ծիծաղելի է ու անհեթեթ։ Մեր պոդկոմպիսները ունեն այնպիսի ազատություն, ինչպիսին ոչ ոք և երբեք չի ունեցել։ Եվ գրում են նրանք ոչ թե հրամանով, այլ այն ինչ ցանկանում են։ Ուզում են Գենիալիսիմուսին կողմ են արտահայտվում, ուզում են՝ դեմ։ Նրանք սահմանափակումներ չունեն։
 
― Տարօրինակ է, տարօրինակ, ― ասացի ես, մի քիչ շփոթված այդքան հակադիր տեղեկություններից։ ― Իսկ Սմերչևի և Սուչկինի ասածը տեքստերը մշակող համակարգչի մասին, որը ընտրում է լավագույնը գաղափարական և գեղարվեսատական առումով, դա, ես հույս ունեմ, ճի՞շտ է։
 
― Դա, իհարկե ճիշտ է, ― համաձայնվեց Ձերժինը։ Մեր համակարգիչը, իսկապես որ արտակարգ է։ Ամենալավը աշխարհում։ Իմիջիայլոց, ― նա նայեց ուղիղ աչքերիս մեջ, ― դա իմ մտահղացումն է։ Ես անձամբ եմ հայտնագործել այն։
 
― Դո՞ւք, ― հարցրի ես, և քիչ մնաց խեղդվեի սրճով։
 
― Ես։ Ի՞նչ է, չե՞ք հավատում։
 
― Չէ, ոչինչ էլ չեմ ասում, ― պատասխանեցի ես շփոթված։ Բայց ընդհանրապես․․․ Եթե ստեղծել եք այդպիսի բարդ տեխնիկական միջոց, ուրեմն, դուք խոշոր գյուտարար եք։
 
― Այո֊այո, ― ծուլորեն համաձայնեց Ձերժինը։ ― Եթե համեստորեն չլռեմ, ապա պետք է խոստովանեմ, որ ես իսկապես խոշոր գյուտարար եմ։ Ի դեպ, չե՞ք ուզում տեսնել, թե ինչպես է աշխատում իմ համակարգիչը։
 
― Իսկ կարելի՞ է, ― անվստահորեն հարցրի ես։
 
― Դա ի՞նչ հարց է, ― տարածեց ձեռքերը Ձերժինը։ ― Որևիցե ուրիշին միգուցե և չի կարելի, բայց ձեզ, իհարկե, կարելի է։ Առավել ևս, որ Գենիալիսիմուսն ինքն է պատվիրել ծանոթացնել ձեզ ռեսպուբլիկայում եղած ամեն մի լավ բանի հետ։
 
Խոստովանում եմ, որ ես շատ զգացված էի Գենիալիսիմուսի այդպիսի անփոփոխ ուշադրությունից իմ հանդեպ։
 
Դուրս գալով Ւպոպոտից, մենք ուղղվեցինք դեպի այն դուռը, որի ետևում պետք է գտնվեր այդ եզակի տեխնիկական սարքը։
 
Ժամապահները հարգանքով պատիվ տվեցին մեզ իրենց զենքով։
 
Դռան ետևը գտնվող ոչ մեծ սենյակում, կանգնած էին ևս երկու ժամապահ, իսկ սեղանի առաջ, որի վերևում կախված էր Գենիալիսիմուսի դիմանկարը, նստած էր մայորի կոչում ունեցող մի երիտասարդ հերթապահ։ Տեսնելով Ձերժինին նա վեր թռավ տեղից և, հուզմունքից կակազելով հայտնեց, որ նրա հերթապահության ընթացքում օբյեկտում ոչ մի միջադեպ չի եղել։
 
― Շատ լավ է, ― ասաց Սիրոմախինը։ ― Ապրե՛ս։ Իսկ մենք, Կլասսիկի հետ, որոշեցինք ստուգել, թե ինչպես է աշխատում մեր մեքենան։ Տուր մեզ հաճախորդների գիրքը։
 
Կարմիր կազմ ունեցող գիրքը, բոլորովին նոր էր։ Իմ կարծիքով, բացի ինձնից, նրանով դեռ ոք ոչ ընդհանրապես չէր օգտվել։ Ես հարցրի, թե ինչ պետք է գրեմ։
 
― Դե, գրեք, որ ծանոթանալով մեքենայի հետ, խոստանում եք ոչ մեկին չպատմել նրա կառուցվածքի և հատկությունների մասին։
 
― Այդ պարտավորությունը թվաց ինձ ոչ այնքան դժվար։ Համակարգիչների կառուցվածքից, ինչպես ասացի, ես ոչինչ չեմ հասկանում, այնպես որ ոչ մի գաղտնիք էլ չեմ կարող բացահայտել, նույնիսկ եթե ինձ կտտանքի ենթարկեն։
 
Այն բանից հետո, երբ ես կատարեցի պահանջվածը, Սիրոմախինը հրամայեց բացել դուռը, որը ես չէի նկատել։ Դա ստորջրյա նավերի դռների նման նեղ, երկաթե դուռ էր։
 
Սկզբում պոկեցին դրոշմը, հետո երկար պտտում էին ինչ֊որ բռնակներ և թվային երկու սկավառակների վրա ինչ֊որ թվեր էին հավաքում։
 
― Ինչպես Շվեյցարական բանկում, ― ասացի ես։
 
― Իսկապե՞ս։ Ինձ թվաց, որ Ձերժինը տարօրինակ հայացք գցեց ինձ վրա։ ― Իսկապե՞ս շատ նման է։
 
― Ինձ թվում է, որ նման է, ― ասացի ես։ Չնայած, ազնվորեն ասած ես Շվեյցարական ոչ մի բանկում չեմ եղել։
 
― Դուք երբեք չե՞ք եղել Շվեյցարական բանկում ― հարցրեց Ամերչևը։
 
― Երբեք չեմ եղել, ― կրկնեցի ես։ Իսկ ինչո՞ւ է դա ձեզ զարմացնում։
 
― Ընդհանրապես, ինձ երբեք և ոչ մի բան չի զարմացնում, ― ասաց Ձերժին Գավրիլովիչը։ Ուղղակի ես մտածում էի․․․ ես այնպիսի տեղեկություններ ունեի, որ դուք այնտեղ եղել եք։
 
― Ավա՜ղ, ― ասացի ես, ― ավա՜ղ։ Ձեր տվյալները հուսալի չեն։
 
― Տարօրինակ է․․․ ― Նա ոչ մի կերպ չէր կարողանում դուռը բացել։ ― Ընդհանրապես, իմ տվյալները նույնիսկ շատ հուսալի են լինում։ Նա թողեց դուռը և ուշադիր նայեց ինձ։
 
― Դուք ի՞նչ նկատի ունեք, ― հարցրի ես։
 
― Ես նկատի ունեմ, որ ձեր մասնագիտությունը ունեցող որոշ մարդիկ շատ զարգացած երևակայություն ունեն և նրա օգնությամբ կարող են ուր ասես թափանցել, նույնիսկ Շվեյցարական բանկ։ Դա ճի՞շտ է, թե ոչ։
 
― Որոշ առումով դա իհարկե այդպես է, ― համաձայնեցի ես։ ― Թափանցել բանկ երևակյության միջոցով կարելի է, բայց այնտեղից վերցնել այն, ինչ պահվում է, դա չգիտես ինչու չի ստացվում։
 
Վերցնելու համար, ― ժպտաց Ձերժինը, կարելի է ավելի հասարակ մարդ գտնել, իսկ հեռվից մտովի տեսնել, թե այնտեղ ինչը որտեղ է գտնվում, ամեն մեկին հասու չէ։
 
Վերջապես նա կարողացավ գլուխ հանել կողպեքից։ Դուռը ճռռոցով բացվեց, և մենք հայտնվեցինք կիսմաութ, փոքր միջանցքում, որի վերջում ևս մի դուռ կար։ Առաջին դուռը մեր ետևից փակելուց հետո միայն Սիրոմախինը բացեց երկրորդը։
 
― Իսկ հիմա, ― ասաց նա մի փոքր հանդիսավոր, ― տվեք ինձ ձեր ձեռքը և փակեք աչքերը։ Եվ փորձեք միացնել ձեր երևակայությունը։ Իսկ հետո, երբ կբացեք աչքերը, հետաքրքիր կլինի համեմատել, ձեր պատկերացրածը տեսածի հետ։
 
Ակնկալելով անսովոր բան տեսնել, ես հաճույքով միացա այդ խաղին։ Ես ազնվորեն փակեցի աչքերս, և Ձերժինի օգնությամբ առաջ շարժվեցի, անվստահ շարժելով ոտքերս։
 
Իմ ետևում դղրդոցով փակվեց դուռը։
 
Ձերժինը բաց թողեց ձեռքս, և ես աշխատեցի պատկերացնել այն տեղը, որտեղ գտնվում եմ։ Ես պատկերացրի մի մեծ, լյումինենսցենտային լամպերով լուսավորված դահլիճ։ Բազմաթիվ կանաչին տվող էկրաններ, բազմագույն թարթող ինդիկատորային լամպեր և նրանց ղեկավարող, սպիտակ խալաթներով լուռ մարդիկ։
 
― Բացեք ձեր աչքերը, ― հրամայեց Ձերժին Գավրիլովիչը։
 
Ես կարծում եմ, որ ձեզանից շատերին է ծանոթ այն զգացումը, երբ մթնում աստիճաններով իջնելիս մտածում եք, որ այնտեղ ևս մի աստիճան կա, վստահ դնում եք ձեր ոտքը, իսկ այնտեղ ոչ մի աստիճան էլ չի լինում։ Նույնիսկ եթե դուք այդ միջոցին չեք ջարդում կամ ոլորում ձեր ոտքը, միևույն է ունենում եք շատ տհաճ զգացողություն։
 
Հիմա պատկերացրեք, թե ինչ ես զգացի, երբ բացելով աչքերս տեսա մի ոչ մեծ, քառասուն վատից ոչ ավելի լամպով լուսավորված սենյակ, որտեղ չկար ոչ միայն համակարգիչ, կամ նման մի բան, այլ նույնիսկ աթոռ չկար։ Միայն վատ սպիտակեցրած աղյուսե ծուռումուռ պատեր, և պատերից մեկից ցցված մերկ մետաղալարերի մի փունջ։
 
― Դուք ուզում եք ասել, որ այստեղ ոչ մի համակարգիչ էլ չկա՞։
 
― Ես ոչինչ էլ չեմ ուզում ասել, ― թոթվեց ուսերը Սիրոմախինը։ Իմ կարծիքով, այն ինչ դուք տեսնում եք, կամ ավելի ճիշտ չեք տեսնում, ավելորդ բացատրություն չի պահանջում։
 
― Լսեք, ― ասացի ես հուզված, ― ես երևի, ինչ֊որ բան չեմ հասկանում։ Մի՞թե սա նշանակում է, որ այն ինչ գրում են ձեր սերժանտները ոչ մի տեղ էլ չի պահպանվում։
 
Շատ հաջող բառ գտաք, ― ուրախացավ Ձերժինը։ ― Իսկապես, ոչինչ և ոչ մի տեղ չի պահպանվում։ Հրաշալի, ճշգրիտ, հաջող սահմանում․ չի պահպանվում։
 
― Բայց սերժանտները այդ մասին գիտե՞ն։
 
― Թանկագինս, ինչո՞ւ եք դուք նրանց մասին այդքան վատ մտածում։ Մեր հասարակությունը հետաքրքիր է նրանով, որ բոլորն էլ ամեն ինչ գիտեն, բայց պահում են իրենց այնպես, կարծես ոչինչ էլ չգիտեն։ Հասկանալի՞ է։
 
― Ոչինչ էլ հասկանալի չէ, ― խոստովանեցի ես։
 
― Դե լավ, կփորձեմ բացատրել։ Որքան ինձ հայտնի է, ձեր ժամանակ գոյություն ունեին գրողների երկու խմբեր։ Գրողներ, որոնց գործերը մարդիկ ցանկանում էին կարդալ, և գրողներ, որոնց չէին կարդում։ Բայց այն գործերը, որոնք մարդիկ կարդում էին չէին տպագրվում, իսկ տպագրվածները, ոչ ոք չէր կարդում։ Ճի՞շտ է։
 
― Այո, ― ասացի ես անվստահ։ ― Դա, իհարկե, մի քիչ այդպես չէր, բայց ընդհանուր առմամբ․․․
 
― Ես այդ ընդհանուր առումի մասին էլ խոսում եմ, ― ասաց Ձերժինը։ ― Ուրեմն այսպես։ Այն ժամանակ, կոռուպցիոնիստները ընտրեցին բացարձակապես սխալ, չմտածված, ազնվորեն ասենք, անհեռատես մարտավարություն։ Գրողների մի մասին արգելում էին, դարձնում հանրաճանաչ և մեծացնում հետաքրքրույթունը նրանց ստեղծագործությունների հանդեպ։ Մյուսներին՝ ընդհակառակը, տպագրում էին ահռելի տպաքանակներով, ինչն անիմաստ էր, որովհետև նրանց ոչ ոք չէր կարդում։ Այդ գրքերի վրա ծախսվում էր մեծ քանակությամբ թուղթ ու դրամ։ Ինքներդ պատկերացրեք։ Ձեր ժամանակ, որպեսզի ճիշտ գրողին վճարեն հազար ռուբլի, պետք էր ծախսել ամենաքիչը հարյուր հազար գրքի տպագրության վրա։ Ւսկ թե որքան թուղթ էր ծախսվում, սարսափելի է ասել։ Հիմա ամեն ինչ պարզեցվել է։ Հիմա մենք թույլ ենք տալիս գրողներին գրել իրենց ուզածը։ Մեզ մոտ, օրինակ, ունենք մի Օխլամոնով։
 
― Այո֊այո, ― ես նրա վրա ուշադրություն դարձրի։
 
― Բնական է։ Նրան դժվար է չնկատել։ Կարծում եք նա ի՞նչ է գրում։
 
― Դժվարանում եմ ասել, բայց նրա տեսքը, կարելի է ասել, ոգեշնչված էր։
 
― Դե իհարկե, ― ծիծաղեց Ձերժինը։ ― Բոլոր խելագարներն էլ ոգեշնչված տեսք ունեն։ Ուրեմն այդ ոգեշնչվածը, անընդհատ գրում է նույն բանը․ «Կորչի Գենիալիսիմուսը։ Կորչի Գենիալիսիմուսը։ Կորչի Գենիալիսիմուսը»։ Եվ այդպես ամեն օր ութ ժամ շարունակ։
 
― Եվ դուք դա համբերո՞ւմ եք, ― հարցրի ես զարմացած։
 
― Իհարկե, եթե դա գրվեր թղթի վրա, հազիվ թե մենք համբերեինք, բայց իմ հայտնագործությունը օգնում է մեզ մատների արանքով նայել դրան։
 
― Լսեք, ― ասացի ես ցնցված, բայց եթե գրողները գիտեն, կամ գուցե գլխի են ընկնում, որ նրանց գրածը ոչ մի տեղ չի գնում, ինչո՞ւ են նրանք դա անում։
 
Ա՜հ, թանկագինս, ― հոգնած ժպտաց Ձերժինը։ ― Ինքներդ էլ գիտեք, որ կան այնպիսի մարդիկ, որոնց համար կարևորը մի բան գրելն է։ Իսկ թե ինչ է ստավում, նրանց համար կարևոր չէ։
 
 
==Ձերժին==
 
Մենք դեռ կանգնած էինք և ես նայում էի բաց ծայրերով, մետաղալարերի խրձին, երբ հանկարծ նկատեցի, որ այնտեղ, այդ լարերի տակ, բավական խոշոր տառերով գրված է մի կարճ բառ, որը ես արդեն ինչ֊որ տեղ հանդիպել էի․ ՍԻՄ։
 
Ես հարցրի Սիրոմախինին, թե ինչ է նշանակում այդ բառը։ Նա ծիծաղեց և հարցրեց, թե ի՞նչ եմ մտածում ես այդ մասին։ Ես ասացի, որ չգիտեմ, բայց արդեն առաջին անգամ չի, որ հանդիպում այդ բառին, և տեսել եմ այն երբեմն ամենաանպատեհ տեղերում։
 
― Իսկ նախկինում ձեզ այս բառը երբեք չի՞ պատահել, ― հարցրեց Ձերժինը թաքնված խորամանկությամբ։
 
― Պատահել է, ― ասացի ես։ ― Ես մի գրող գիտեի։ Նրա անունն է Սիմ։ Բայց որքան ես հասկանում եմ, այդ բառը՝ ես ցուց տվեցի պատը, ― նրա հետ ոչ մի առնչություն չունի։
 
― Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ չունի, ― հարցրեց Ձերժինը։
 
― Դե, որովհետև, այդ գրողին այստեղ ոչ ոք չգիտի։
 
― Դուք այդպե՞ս եք կարծում։ Ձերժինը շարունակում էր ինձ նայել իր տարօրինակ ժպիտով։ Իսկ ի՞նչ կասեք, եթե իմանաք, որ ձեր այդ Սիմին, ընդհակառակը, այստեղ բոլորը գիտեն և շատերը նույնիսկ երկրպագում են, որ այն մարդիկ, որոնց մենք անվանում ենք սիմիտներ, նրա կողմնակիցներն են։ Ի՞նչ կասեք դրա մասին, ― համառորեն կրկնեց նա։
 
― Ես կասեմ, որ դա հիմարություն է։ Սիմ Սիմիչ Կառնավալովը ապրել է անցյալ դարում։
 
― Այո, ասաց Սիրոմախինը մտածկոտ։ ― Իսկ Մարքսը ապրել է նախանցյալ դարում, բայց մեզ մոտ դեռ մարքսիստներ գոյություն ունեն։
 
Նա սեղմեց շրթունքները և այնպես ծամածռեց դեմքը, կարծես ուզում էր ցույց տալ, որ մարքսիստների առկայությունը նրան ոչ թե դժգոհություն է պատճառում, այլ զարմացնում է։
 
Բայց ինձ, մարքսիզմի կենսունակությունը չի զարմացնում։ Ինձ ուրիշ բան զարմացրեց։
 
― Ներեցեք, ― ասացի ես Սիրոմախինին։ ― Լավ չհասկացա ձեզ։ Դուք ուզում եք ասել, որ Սիմ Սիմիչ Կարնավալովը ունի շատ կողմնակիցնե՞ր Մոսկորեպում։
 
― Եվ ոչ միայն Մոսկորեպում, այլ նաև Առաջին Օղակում, ― ասաց Ձերժին Գավրիլովիչը։ Ես նույնիսկ կասեի, որ մեզ մոտ սիմիտները ավելի շատ են, քան մարքսիստները։ Նույնիսկ ոչ թե ավելի շատ են, այլ համարյա բոլոր մարդիկ, որոնց դուք տեսնում եք ձեր շուրջը, իրականում ծպտվյալ սիմիտներ են։
 
― Իսկ ի՞նչ են նրանք իրենցից ներկայացնում, ― հարցրի ես։
 
― Եթե հետաքրքրվում եք, ― ասաց Ձերժինը, ― կարող եմ համառոտակի պատմել։
 
Իհարկե, ինձ համար դա շատ հետաքրքիր էր և ահա թե ինչ լսեցի ես Ձերժին Գավրիլովիչից։
 
Սիմիտների շարժումը սկսվել է դեռ Սիմ Սիմիչի և իմ կյանքի օրոք։ Այն ժամանակ դա նույնիսկ շարժում չէր, այլ իրարից անջատ բազմաթիվ համակիրների ամբոխ։ Հետո բարձր դասարանների աշակերտների փոքրիկ մի խումբ, ստեղծեց ընդհատակյա կազմակերպություն, որը իրենք անվանեցին Սիմ։ Հետաքննության ժամանակ նրանք հերքում էին, որ գոյություն ունի որևէ կապ իրենց կազմակերպության և Կարնավալովի անվան հետ։ Նրանք պնդում էին, որ ՍԻՄ կրճատ անվանումը վերծանվում է ինչպես Իսկական Մոնարխիստների Միություն։ Բայց խուզարկության ժամանակ կազմակերպության համարյա բոլոր անդամներից առգրավվեցին «Մեծ զոնայի» առանձին բեկորներ, իսկ մեկից՝ նույնիսկ նրա գրված ԿՊԶ֊ի կառուցվացքա֊լեզվաբանական վերլուծությունը աշխատանքը։ Հականալի է, որ այդ խմբակից միայն պոզերն ու պոչերը մնացին, բայց իսկույն սկսեցին հայտնվել նոր խմբակներ, հասարակական կազմակերպություններ, միավորումներ, որոնք բոլորն էլ կոչվում էին ՍԻՄ, չնայած այդ բառը տարբեր կերպ էին վերծանում։ Աքսորելով Կարնավալովին երկրի սահմաններից դուրս, նախկին ղեկավարությունը հույս ուներ, որ դրանով շարժումը կավարտվի, բայց նրանք սխալվեցին։ Շարժումը ոչ միայն չմարեց, այլ ընդհակառակը, այնպիսի չափերի հասավ, որ արդեն սպառնում էր պետական անվտանգությունը։ Սիմիտները հավաքվում էին խմբակներում, կարդում Կարնավալովի ստեղծագործությունները, ուսումնասիրում, արտագրում ու տարածում։ Դրան վերջ տալու համար ԲԵԶՈ֊ն (այն ժամանակ նա դեռ կոչվում էր ԿԳԲ) ստիպված էր մեծ ջանք գործադրել։ Վերջ ի վերջո, բոլոր կազմակերպված սիմիտներին կարողացան ջախջախել։ Այսօրվա դրությամբ Սիմի բոլոր ստեղծագործությունները առգրավված և ոչնչացված են։ Եթե ասենք Առաջին օղակում, որևիցե մեկը դեռ գաղտնի պահում է Սիմի որևիցե մի գիրք, ապա Մոսկորեպում դա բացառված է։
 
― Նշանակում է, դուք այդ շարժման վերջը տվեցի՞ք, ― հույս հայտնեցի ես։
 
― Ի՜նչ եք ասում, ― դառնորեն ժպտաց Ձերժինը։ ― Ընդհակառակը, այն բանից հետո երբ ջախջախեցինք, ամեն ինչ սկսվեց և ընդունեց այնպիսի ձևեր, որ պայքարել նրանց դեմ ուղղակի անհնարին է։ Շարժումը չունի ոչ մի կազմակերպված կառուցվածք։ Չկան խմբակներ, չկան ցուցակներ։ Ով ուզում է, կարող է համարել իրեն սիմիտ, բայց երբեք դա չի խոստովանի։
 
― Իսկ ինչո՞ւ եք դուք ենթադրում, որ նրանք ընդհանրապես գոյություն ունեն։
 
― Դա դժվար չէ իմանալ, ― ասաց Սիրոմախինը և ցույց տվեց պատը։ ― Ինչ֊որ մեկը դա գրում է։ Դուք տեսնում եք, թե սա որքան գաղտնի սենյակ է։ Ամենագաղտնի սենյակներից մեկը Մոսկորեպում, բայց ինչ֊որ մեկը մտել է այստեղ և ինչ֊որ կերպ գրել դա։ Համ էլ սա ինչ է որ, ― ասաց նա ձեռքը թափ տալով։ Եվ իսկույն պատմեց մի անհավանական պատմություն։
 
Ոչ վաղ ժամանակից, նկատվեց, որ կումուննյանների մոտ առաջացել է նոր սովորություն տեղի֊անտեղի օգտագործել «սիմ» բառը։ Օրինակ՝ սկսել տարբեր նամակներ այսպես․ «սրանով դիմում եմ ձեզ խնդրանքով»։ Կամ ավարտել նրանք նման բառերով․ «Սրանով այսպիսին այնպիսին»։ Ավելի ժամանակակից «դրանով» բառը համարյա անհետացել է բառապաշարից։ Շուտով Խմբագրական կոմիտեի և ԲԵԶՈ֊ի ծառայությունների ուշադրությունը հրավիրվեց այն բանի վրա, որ գրքերում, թերթերի հոդվածներում, պաշտոնական հայտարարություններում և անձնական նամակագրությունում կոմուննայնները սկսեցին օգտագործել այնպիսի բառեր, ինչպիսիք են․ «ՍԻՄպտոմ», «ՍԻՄբիոզ», ՍԻՄպատիա և այլ բառեր, որոնք բոլորովին տեղին չէին։ Միաժամանակ հայտնվեցին մեծ քանակությամբ անգրագետ մարդիկ, որոնք սկսեցին գրել «ՍԻՄաֆոր», «ՍԻՄանտիկա» և նույնիկ «ՍԻՄդրոմ»։ Խմբագրական Կոմիտեն ստիպված էր ահռելի աշխատանք կատարել, այդ դիվերսիաների բացահայտման և ոչնչացման համար։
 
― Բայց հիմա արդեն ամեն ինչ կարգի՞ն է, ― հարցրի ես։
 
― Համարյա, ― ասաց Ձերժինը։ ― Ցավոք սրտի մեր լեզվում գոյություն ունի մի բառ, որը նույնիսկ Խմբագրական Կոմիտեն չի կարող արգելել։
 
― Մի՞թե այդպիսի բառ կա, ― զարմացա ես։
 
― Այո կա, ― տխուր ասաց Սիրոմախինը։ Եվ այդ բառը «ԳենիալիՍԻՄուսն» է։ ― Դուք հասկանո՞ւմ եք, ինչ է տեղի ունենում։ Ամեն մարդ, որը գրավոր կամ բանավոր օգտագործում է «Գենիալիսիմուս» բառը, միաժամանակ օգտվում է «ՍԻՄ» բառով։
 
Իմ հարցին, թե ինչ նպատակ են հետապնդում սիմիտները, Ձերժինը ասաց, որ նրանք հույս ունեն վերականգնել Ռուսաստանը, որպես միապետություն, կամ ինչպես որոշ մարդիկ են անվանում միապետական մոնարխիա։
 
― Հետաքրքիր է, ― ասացի ես։ Մի՞թե քսանմեկերորդ դարում կան մարդիկ, որոնք հավատում են միապետության անհրաժեշտությանը։
 
― Իհարկե կան, ― հաստատեց Ձերժինը ինձ համար անհասկանալի ոգևորությամբ։ ― Միապետության գաղափարը կենդանի է և շատ տարածված։ Եվ, եթե ուշադիր նայեք կոմունյանների աչքերին , դուք կկարդաք այնտեղ այն հույսը, որ մեզ մոտ երբևիցե կվերականգնվի միապետությունը։
 
― Ինչ տարօրինակ բաներ եմ լսում, ― ասացի ես։ ― Իսկ ձեր այդ սիմիտները ո՞ւմ են ուզում տեսնել որպես թագավոր։
 
― Իսկ դուք չե՞ք կարող կռահել։
 
― Ո՛չ։
 
Սիրոմախինը մոտեցավ դռանը, նայց դռան անցքից, և համոզվելով, որ այնտեղ ոչ ոք չկա, մոտեցավ ինձ և ասաց․
 
― Սիմ Կարնավալովին։
 
― Կարնավա՞լովին, ― զարմացա ես։ ― Մի՞թե նա չի մահացել դեռ անցյալ դարում։
 
― Հասկանում եք, Քրիստոսը մահացել է երկու հազար տարի առաջ, բայց մարդիկ մինչև հիմա սպսասում են նրա վերադարձին։
 
 
==Չքնաղ ակնթարթ==
 
 
Երբեմն Իսկրինայի անիմացությունը ապշեցնում է։ Ամբողջ մինչկոմունիստական պատմությունը թվում է նրան մի ինչ֊որ տարօրինակ դեպքերի հավաքածու, որոնք տեղի են ունեցել համարյա միևնույն ժամանակ։ Ես դրան այնքան եմ սովորել, որ նույնիսկ չզարմացա, երբ նա ինձ հարցրեց, ծանո՞թ էի ես արդյոք անձամբ Պուշկինի հետ։ Ես բացատրեցի, որ չէի կարող լինել ծանոթ նրա հետ, որովհետև ծնվել եմ նրա մահից ավելի քան հարյուր տարի հետո և ուրիշ ժամանակաշրջանում։ Նա շատ զարմացած էր, իմանալով, որ Պուշկինը ապրել է դեռ ցարի ժամանակ։
 
― Իսկ ի՞նչ պաշտոն նա ուներ։
 
Ես ասացի, որ նա ուներ կամեր֊յունկերի կոչում, այն ժամանակ դա փոքր լեյտենանատի նման մի բան էր։
 
― Միայն դա՞, ― զարմացավ նա։ ― Ւսկ ինչո՞ւ էին նրան տպագրում։
 
― Նրան տպագրում էին, որովհետև հանճարեղ պոետ էր։
 
Նա սկսեց ինձ համոզել, որ այդպիսի բան չի կարող լինել, որովհետև հանճարեղ են լինում միայն գեներալները, այլ ոչ թե փոքր լեյտենանտները։
 
― Այո՞, ― նեղացա ես։ ― Իսկ ե՞ս։
 
― Դե, դա առայժմ հայտնի չէ։ Երբ քեզ տպագրեն, միանգամից կոչումդ կբարձրացնեն։ Իսկ նա այդ աստիճանով էլ մահացա՞վ։
 
― Այո, ― ասացի ես։ Բայց այն ժամանակ գրողներին գնահատում էին ոչ թե կոչումների, այլ տաղանդի համար։
 
― Իսկ ո՞վ էր որոշում տաղանդի չափը, ― հարցրեց նա։
 
Ես ասացի, որ որոշում էին ընթերցողները։
 
Նա չհասկացավ և հարցրեց, թե ինչպես էին նրանք որոշում։
 
― Շատ հասարակ։ ― Կարդում էին բանաստեղծությունները և ասում․ Հիասքանչ է։ Ա՛յ թե գրում է։ Ս՛յ քեզ Պուշկին, ա՛յ քեզ շան որդի։ Իսկ եթե դուր չէր գալիս ասում էին՝ ինչպիսի՜ տափակություն, ինչպիսի՜ զառանցանք։ Այդպես էլ որոշում էին։
 
Նա նորից չհասկացավ և խնդրեց պատմել, ինչի մասին էր գրում այդ Պուշկինը։ Ես ասացի, որ նա գրում էր տարբեր բաների, օրինակ սիրո մասին։
 
― Սիրո դեպի ցա՞րը։
 
― Այդպես էլ է պատահել, ― ասացի ես։ ― Բայց նա նաև գրում էր կնոջ հանդեպ սիրո մասին։
 
Հիշում եմ չքնաղ ակնթարթը
 
Իմ առջև հայտնվեցիր դու
 
Ինչպես մի տեսիլք
 
Ինչպես գեղեցկության հանճար
 
 
Նա լսում էր ձեռքերով ծածկելով դեմքը և երկար լռությունից հետո հուզված հարցրեց, թե ում էր նվիրված այդ բանաստեղծությունը։
 
― Եթե քեզ հետաքրքրում է նրա անունը, ― ասացի ես, ― նրա անունն էր Աննա Կեռն։
 
― Իսկ նա ի՞նչ պաշտոն ուներ։
 
― Ինչ հիմարություններ ես ասում, ― զայրացա ես։ ― Նա ոչ մի պաշտոն էլ չուներ։ Նա ուղղակի կին էր։
 
― Ինչպե՜ս, ― ավելի շատ հուզվեց Ւսկրինան։ ― Չէ՞ որ Պուշկինը նրան անվանում է հանճար։
 
― Այո, նրան անվանում է գեղեցկության հանճար։
 
― Նա չէր կարող ինչ֊որ մեկին հենց այնպես անվանել հանճար։
 
― Ես սկսեցի կորցնել համբերությունս։ ― Ի՞նչ է նշանակում ինչ֊որ մեկին։ Նա այդպես էր անվնանում ոչ թե ինչ֊որ մեկին։ Նա անվանում եր այդպես իր համար աշխարհի միակ կնոջը։
 
― Տեսնո՞ւմ ես։ Ուրեմն նա, համենայն դեպս, աշխարհի միակ կինն էր։ Եվ հետո նա հանճար էր։ Ուրեմն նա Գենիալիսիմուսի նման մեկն էր։
 
― Օ՜, աստված, ― տնքացի ես հուսահատ։ Ի՞նչ գործ ունի այստեղ Գենիալիսիմուսը։ Նա շատ ավելի բարձր էր։ Նա աստված էր։ Իսկ ձեր Գենիալիսիմուսը․․․
 
Ես լռեցի հանդիպելով նրա հայացքին։ Նա նայում էր ինձ սարսափով։
 
― Ներիր, ― շտապեցի ես ուղղվել։ ― Ես ոչ մի վատ բան չէի ուզում ասել Գենիալիսիմուսի մասին։ Ես հասկանում եմ, որ նա հանճարեղ քաղաքական գործիչ է, մարդկության բարեկամն է, բնության վերափոխիչ է, և ընդհանրապես շատ բազմակողմանի հանճար է, իսկ Պուշկինը այսօրվա չափանիշներով հետամնաց մարդ էր, և նրա համար Աննա Կեռն էր հանճար։
 
― Այո, իհարկե, ― ասաց նա, խաղալով մեդալիոնի հետ։ ― Իհարկե, եթե նա այդքան վաղուց է ապրել, նա կարող էր որոշ բաներ չիմանալ։ Բայց ինձ թվաց․․․ ներիր ինձ․․․ որ դու ինչ֊որ տեղ նրա հետ համամիտ ես։
 
― Դե իհարկե, ― ասացի ես։ ― Ինչ֊որ տեղ, ես անկասկած համամիտ եմ։ Որոշ առումով, ինքս լինելով իրենց դարը ապրած հասկացությունների կրող, ես երբեմն մտածում եմ, որ իրականում մարդը ծնվում է ոչ միայն այն բանի համար, որ գերակատարի արդյունաբերական պլանները, օգտագործի առաջնային և հանձնի երկրորդական մթերք։ Նրան հատուկ է ձգտումը այնպիսի որոշակի օգուտ չբերող բաներին ինչպիսիք են սեըը, գեղեցկությունը, ոգեշնչվածությունը և․․․ Սակայն, ի՞նչու եմ ես քեզ այս ամենը ասում։ Դու ի՞նչ է, այս մասին երբեք չե՞ս լսել։ Մի՞թե ամբողջ Մոսկորեպում չկա մի այնպիսի խելագար, որը ինչ֊որ հանգավորված բաներ է գրում իր զգացմունքների մասին։
 
― Մոսկորեպում չկա։ Մեզ մոտ բոլոր մարդկանց որոնք մեզ պետք չեն ուղարկել ենք Առաջին Օղակ, իսկ այնտեղ, ես լսել եմ, դեռ կան։ Ւսկ այստեղ՝ ոչ։
 
― Իսկապես, ― ասացի ես։ Մոռացել էի, որ ձեր մոտ չկան թոշակառուներ, հաշմանդամներ, գողեր, շներ ու կատուներ, պոետներ ու խելագարներ․․․
 
― Իսկ քեզ դա դուր չի՞ գալիս, ― հարցրեց նա, շարունակելով խաղալ մեդալիոնի հետ։
 
Ես ուզում էի պատասխանել, բայց այդ մեդալիոնը շեղեց ուշադրությունս։ Ես հիշեցի, թե անցյալ անգամ այդ անմեղ զարդի մասին տված հարցս, ինչպես շփոթեցրեց նրան։ Այժմ, ես հանկարծ հստակ հասկացա, որ այդ էժանագին մեդալիոնը նա կրում է, ոչ թե որպես զարդ, այլ ինչ֊որ մի ուրիշ բանի համար։ Հասկանալու համար, թե ինչու է նա այդ մեդալիոնը կրում, պետք չէր գուշակ լինել, և միայն ինձ նման կյանքից դասեր չքաղող միամիտը միանգամից գլխի չընկավ։ Բայց հիմա ես հասկացա, որ դա ոչ թե անմեղ զարդ է, այլ միկրոֆոն։
 
― Ինչո՞ւ լռեցիր, ― ասաց նա։ ― Դու խոսիր, խոսիր, քեզ մոտ դա շատ լավ է ստացվում։
 
― Այո՞, լա՞վ, ― կրկնեցի ես համարյա մեխանիկորեն։ ― Իսկ ի՞նչ էի ես ասում։
 
― Դու խոսում էիր պոետների և սիրո մասին։
 
― Այո՛, ― ասացի ես, ― այո՛, ինչ֊որ նման բանի մասին էի խոսում։ Բայց դու պետք է նկատի ունենաս, որ ես հետամնաց մարդ եմ։ Ես ապրել եմ անցյալ դարում սոցիալիզմի և նույնիսկ կապիտալիզմի ժամանակ, ես քիչ եմ ուսումնասիրել առաջավոր տեսությունները, և ընդհանրապես, ես արդեն հարյուր տարեկան եմ, ունեմ սկլերոզ, մառազմ և բազմաթիվ նման բաներ, էլ չեմ ասում, որ երիտասարդ տարիքում շատ մարդիկ ինձ հիմար էին համարում։
 
― Ո՛չ, ― ասաց նա վստահ։ ― Դու հիմար չես։ Դու շատ խելացի ես։ Դու այնպիսի բաներ ես ասում, որոնց մասին ես երբեք և ոչ մեկից չեմ լսել։
 
Ես հիշեցի․ մի ժամանակ մի ոմն մոխրագույն կոստյումով մարդ ասաց ինձ հարցաքննության ժամանակ։ «Եթե դուք հիմար լինեիք, մենք վաղուց ձեզ ներած կլինեինք։ Բայց դուք հիմար չեք և լավ եք հասկանում, ինչ են պարունակում ձեր գրածները»։ Բայց նա սխալվում էր, որովհետև իրականում ես ապուշ եմ։ Եթե ես խելացի լինեի, ես հիմար կձևանայի։ Բայց ես հիմար էի, և այդ պատճառով էլ ինձ խելացիի տեղ էի դնում։ Սակայն վաթսուն տարիների ընթացքում, որ անցել են այն ժամանակից, ես ավելի խելացի եմ դարձել։ Եվ ես սկեցի համոզել Իսկրինային, իմ հիմարության և հետամնցաության մեջ։ Ւնձ թվաց, որ դա նրան շփոթեցրեց։
 
 
==Բումլիտ==
 
 
Բանից դուրս է գալիս, որ Մոսկորեպում թղթի վրա տպված գրականություն նույնպես գոյություն ունի։ Բայց նա ստեղծվում է մի ուրիշ տեղ։ Որքան հասկացա, հենց այն երեսուն հարկանի շենքում, որտեղ իմ ժամանակ Տնտեսական Օգնության Խորհուրդն էր տեղավորված։ Իսկ հիմա այնտեղ Թղթե Գրականության Գլխավոր վարչությունն է։
 
― Ուրեմն, ձեզ մոտ երկու տեսակ գրականությո՞ւն գոյություն ունի, ― ասացի ես Սմերչևին, երբ նա ինձ այնտեղ բերեց։
 
― Հենց այդպես, ― ժպտաց Սմերչևը բարեհամբյուր։ ― Իհարկե երկու։ Իսկ ձեր ժամանակ կար միայն մեկը, այդպես չէ՞։
 
― Դե ոչ այնքան, ― ասացի ես։ ― Իմ ժամանակ էլ կար երկու գրականություն՝ սովետական և հակասովետական։ Ճիշտ է, երկուսն էլ թղթի վրա էին տպագրվում։
 
Դեռ նախասրահում ես հասկացա, որ թղթե գրականությամբ զբաղվում են ավելի բարձրաստիճան կոմպիսներ։ Համենայն դեպս, բոլորը, ում այնտեղ հանդիպեցի, չհաշված պահակներին, ունեին լեյտենանտի կոչում և բոլորն էլ ման էին գալիս թևի տակ դրված պարուսինե թղթապանակներով։
 
Ընդհանրապես, Բումլիտի շենքը դրականորեն տարբերվում էր Բեզբումլիտից ավլելի լավ տեխնիկական սարքավորումներով։ Այստեղ նույնիսկ տասնվեց վերելակներից երկուսը աշխատում էին։ Հենց նրանցից մեկով էլ մենք բարձրացանք վեցերորդ հարկ և անցնելով կարմիր գորգ փռած միջանցքով, հայտնվեցինք մի մեծ դռան առաջ, որի վրա գրված էր․
 
Մոսկորեպի գլխկոմպիս կ․ Սմերչև Կ․ Ի։
 
Անցնելով այդ դռնով մենք ընկանք ընդարձակ ընդունարան, որտեղ Գենիալիսիմուսի մեծ դիմանկարի տակ, սեղանի առաջ նստած էր ավագ լեյտենանտի կոչում ունեցող քարտուղարուհին։
 
Մեր հայտնվելուն պես նա միանգամից վեր թռավ տեղից և հաղորդեց Սմերչևին, որ խորհրդակցության բոլոր մասնակիցները արդեն հավաքվել և սպասում են։
 
― Լավ, ― ասաց Կոմունիյ Իվանովիչը և ոտքով հրեց սև, ծվեն֊ծվեն եղած կաշիով պատած դուռը։
 
Առանձնասենյակը ընդունարանից մեծ էր։ Նատուրալիստական դիմանկարից ինձ էր նայում և իգնագոհ ժպտում Գենիալիսիմուսը, հենված իրար վրա դարսված գրքերի սյան վրա։ Ամեն գրքի կազմի վրա ոսկե տառերով գրված էր․ «Ստեղծագործությունների ամբողջական հավաքածու»։
 
Դիմանկարի տակ դրված էր ընդարձակ գրասեղան բազմաթիվ գրենական պիտույքներով և մի քանի տարբեր գույներ ունեցող հեռախոսային ապարատներով։ Այս սեղանին միացված էր մի ուրիշ, կանաչ ծածկոցով երկար սեղան։ Նրա շուրջը նստած էին խուզված մազերով և կարճ թևքերով սպաները, իրենց առաջ դրված բաց բլոկնոտներով։
 
Մեզ տեսնելով նրանք բոլորը վեր թռան և սկսեցին ծափահարել ինձ, այդ ծափահարություններին միացավ նաև Սմերչևը։ Ես էլ մի քիչ նրանց ծափահարեցի, հետո մոտեցա, և ժողովրդավար բոլորին մեկնեցի ձեռքս, ներկայացա և հետո նստեցի Սմերչևի կողքը։
 
Մինչ մենք տեղավորվում էինք, ներս մտան քարտուղարուհին և էլի մի տիկին սկուտեղներով, որոնց վրա դրված էին թեյով բաժակներ։
 
Սմերչևին և ինձ տվեցին լատունե բաժակակալներով լիմոնով թեյ, իսկ մնացածներին առանց բաժակակալների և լիմոնի։
 
Ես շշուկով հարցրի Սմերչևին, թե ինչի հետ է կապված այդ տարբերությունը, գուցե նշանակում է, որ սպաները չե՞ն սիրում լիմոնով թեյ։ Սմերչևը տարածեց ձեռքերը և նույնպես շշուկով պատասխամեց ինձ, որ միգուցե և սիրում են, բայց առայժմ այդ կարիքը չունեն։ Նախքան խորհրդակցությունը սկսելը Սմերչևը համառոտ բացատրեց ինձ, թե ինչով են զբաղվում ինքը և իր ենթակաները։
 
Լինելով ռեսպուբլիկայի գլխավոր կոմպիսը, նա ղեկավարում է թղթե Գենիալիսիմուսիանաի ստեղծումը և համակարգում տաբեր կոմպիսյան ենթաբաժինների աշխատանքը։ Այս ենթաբաժնի առաջ, որը ես հիմա տեսնում եմ, պատասխանատու խնդիր է դրված ստեղծել «Անհանգիստ տարիներ» հատորը, Գենիալիսիմուսի մասնակցության մասին Բուրյատ֊Մոնղոլական պատերազմին։ Արդեն գրված են 96 գլուխներից ութը, իսկ այսօր․․․
 
― Այսոր, տղաներ, ― ասաց Սմերչևը ընկերավարի, ― մենք սկսում ենք նոր՝ «Գիշերը մարտից առաջ» գլխի նախագծումը։ Խոսքը գնալու է Ուլան֊Ուդեի համար մղված մարտի մասին։ Ես նույնիսկ չեմ ասի ձեզ, թե ինչ մեծ, հասկանում եք, մեծ, և ես կասեի ահռելի քաղաքական֊դաստիարակչական նշանակություն պետք է ունենա այս գլուխը։ Եթե հիշում եք, այդ պատմական մարտի ժամանակ Գենիալիսիմուսը դեռ հասարակ գեներալ էր։ Բայց իհարկե, արդեն այն ժամանակ, նա, այսպես ասած, իր հրամանատարական տաղանդները լիովին ի հյատ էր բերել։ Եվ ուրեմն այստեղ, պետք է այ թե ինչ։ Ո՞վ է մեզ մոտ զբաղվում բնության նկարագրությամբ։ Դո՞ւ, Ժուկով։
 
― Ճիշտ այդպես, ― վեր թռավ Ժուկովը։
 
― Նստիր, նստիր։ Ուրեմն այսպես, Ժուկով, քանի որ մեզ պետք է նկարագրել գիշերը, այսպես ասած, որոշիչ մարտից առաջ, պետք է, հասկանում ես, օգտագործել գեղարվեստական առումով տպավորիչ միջոցներ։ Դու, իհարկե, կարողանում ես նկարագրել բնությունը, դու այդ գործում, ինչ խոսք վարպետ ես։ Բայց մյուս կողմից, տարվում ես բնությունով, իսկ քաղաքական և ռազմական ժամանակի մասին մոռանում ես։ Երբեմն, նույնիսկ ստացվում է մի աբստրակտ պատկեր, երբ դու նկարագրում ես լուսինը, ամպերը, արտույտներին կամ գետը։ Ինքնստինքյան դա հիասքանչ է ստացվում, բայց երբեմն չի համապատասխանում իրադրությանը։ Հիմա ինքդ մտածիր։ Սա քեզ համար ոչ թե ինչ֊որ մի գիշեր է, այլ, այսպես ասած գիշեր ամենակարևոր մարտից առաջ։ Բնության նկարագրության մեջ պետք է ավելի շատ տագնապ լինի։ Եթե պատկերում ես լուսին, պետք է դա այնպես անել, որ նա միայն ժամանակ առ ժամանակ հայտնվի, և ընդհանրապես պատած լինի սև, կամ ես նույնիսկ այսպես կարտահայտվեմ, ծածկված լինի մռայլ ամպերով։ Եվ հետո, իհարկե, տարբեր գիշերայիին, ես կասեի, շրշյուններ, ձայներ։ Սոխակներ պետք չեն, երբ հասնենք հաղթանակին, այն ժամանակ օգտագործիր քո սոխակներին ինչքան ուզես։ Իսկ հիմա մեզ պետք են այնպիսի, հասկանում ես, թռչուններ, ինչպիսին ագռավներն են։ Ագռավները գիշերները ճչո՞ւմ են։
 
― Ոչ, կոմսոր գեներալ, չեն ճչում, ― վեր թռավ Ժուկովը։ ― Նրանք միայն ցերեկն են ճչում, իսկ գիշերը լռում են։
 
Դե, եթե ագռավները չեն ճչում, այն ժամանակ, հասկանում ես, օգտագործիր որևիցե գիշերային թռչուն, օրինակ բու, միգուցե։
 
Ես ձկնկուլ կնկարագրեմ։ Նա շատ տագնապալի է ճչում։
 
― Այ դա ճիշտ է, ― բավարարված ասաց գեներալը։ ― Ըմբռնում ես։ Իսկ ագռավներին մենք կարող ենք առավոտյան համայնապատկերում օգտագործել։ Երբ մարտի նախօրյակին նրանք հավաքվում են և մտածում, հասկանում ես, որ հիմա նրանց էլ մի բան կհասնի։ Դե, հիմա կարծում եմ, դու քո խնդիրը հասկացար։ Անցնենք մյուս հարցին։ Ի՞նչ է ինձ մոտ այստեղ գրված։ Ահա։ Մտորումներ մարտից առաջ։ Ուրեմն բացատրում եմ իրավիճակը։ Սպասվում է ծանր մարտ բուրյատ֊մոնղոլական զավթիչների հետ։ Եվ իհարկե, Գենիալիսիմուսը մտածում է, դե, տարբեր բաներ։ Չէ, մտքերը իհարկե մռայլ չեն, նա երևելի օպտիմիստ է, հավատում է վերջնական հաղթանակին, նրա մտքերը պետք է լինեն, խելացի, խոր, ես նույնիսկ կասեի փիլիսոփայական։ Դա քեզ եմ ասում Սավչենկո։ Դու մեզ մոտ փիլիսոփա ես, այնպես որ խաղաքարտերը քո ձեռքը։ Երբ նկարագրում ես Գենիալիսիմուսի մտքերը պետք է անընդհատ հիշես, որ նրանք միշտ տպավորիչ ու հանճարեղ են։ Եվ, ինչպես ասեմ, ամենակարևոր գաղափարները պետք է արտացոլված լինեն այդ մտածմունքներում։ Եվ իհարկե, այդ մտքերը պետք է արտացոլեն Գենիալիսիմուսի պատմական լավատեսությունը։ Նա կարող է մոտավորապես այսպես մտածել․ թող որ ես անձամբ զոհվեմ, բայց իմ կյանքը իզուր տված չեմ լինի, այլ ընդհանուր երջանկության համար։ Հասկանալի՞ է։
 
― Հասկանալի է, ― հանգիստ պատասխանեց Սավչենկոն։ Դե, տարբեր տեսակի զինվորական նախապատրաստությունների, զինվորական մասերի տեղակայման, տարբեր տեսակի զենքի նկարագրության մասին ես չեմ անհանգստանում, մեզ մոտ դրանով զբաղվում է Մալևիչը, ― գեներալը ցույց տվեց փոխգնդապետներից մեկին, ― նա խոշոր մասնագետ է, նախկինում շտաբիստ։ ― Ես կարծում եմ, որ դու, Մալևիչ, գերազանց կկատարես այդ աշխատանքը։ Դու, Շուտկին, ինչքան գիտեմ, ականազերծման գործից քիչ թե շատ հասկանում ես։
 
Խորհրդակցությունը մոտենում էր ավարտին։ Երկու սրբագրիչներին հրահանգ տրվեց թույլ չտալ քերականական սխալներ, իսկ պոետ Մերզաևը հատուկ հանձնարարություն ստացավ հարստացնել առաջիկա գլուխը գունագեղ մակդիրներով ու վառ փոխաբերություններով։
 
Դրանով խորհրդակցությունը ավարտվեց և Կոմունիյ Իվանովիչը բոլոր մասնակիցներին ստեղծագործական տրամադրություն և աշխատանքային մեծ հաջողություններ մաղթեց։ Կոմպիսները իրենց բլոկնոտներով ու մատիտներով կազմակերպված դուրս եկան աշխատասենյակից, իսկ ես ու Սմերչևը մնացինք։
 
― Ահա, ― ասաց Կոմունիյ Իվանովիչը, ― դուք տեսաք, թե ինչպես ենք մենք աշխատում։ Հասկանում եք, դժվար է աշխատել այսպիսի մեծ կոլեկտիվի հետ։ Ամեն մեկը մի բան է գրում, երբեմն մեկը մյուսի հետ ոչ մի կերպ հնարավոր չէ կապել, այդ պատճառով մարդկանց ստիպում ենք վերաափոխել ողջ տեքստը։ Ձեր գործերը քա՞նի հոգի էին գրում։
 
― Ինչպե՞ս թե քանի, ― զարմացա ես։ ― Մենակ էի գրում։
 
― Մենա՞կ, ― զարմացավ Սմերչևը։ ― Մինգամայն մենա՞կ։ Եվ դուք ինքներդ էիք նկարագրում և բնությունը, և սերը, և հերոսների զգացմունքները, և հետևում էիք որպեսզի թույլ չտաք գաղափարական սխալնե՞ր։
 
― Ինչ չեմ արել, այն չեմ արել, ― ասացի ես։ ― Ասենք, իհարկե, ես աշխատում էի հետևել, որպեսզի իմ հերոսները գաղափարապես կայուն լինեն, բայց քանի որ ինքս գաղափարական առումով կայուն չեմ, նրանք էլ երբեմն ստացվում էին արատավոր։
 
― Այդպես էլ մտածում էի, ― ասաց Սմերչևը գլուխը օրորելով։ Ւհարկե, մի մարդու համար գրել այնպիսի ստեղծագործություն որը ունենա և բարձր գեղարվեստական և գաղափարական արժանիքներ, ուղղակի անհնարին է։ Իսկ դուք մնացեք մեզ մոտ։ Մենք ձեզ գրողների մի ամբողջ բրիգադ կտանք։ Դուք նրանց միայն հրահանգ կտաք, նրանք կգրեն, իսկ դուք կստորագրեք։
 
Ես չհասցրի կատակով պատասխանել Սմերչևի առաջարկությանը, երբ դուռը բացվեց և աշխատասենյակ ներխուժեց շնչակտուր Սիրոմախինը։ Նա շշուկով ինչ֊որ բան ասաց Սմերչևին, իսկ հետո հայտարարեց, որ ես անհապաղ պետք է գնամ նրա հետ Կրեմլ։
Ադմին, Վստահելի
1876
edits