Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 6887 բայտ, 10:00, 27 Մարտի 2014
/* Կրեմլում */
― Գորիզոնտ Տիմոֆեեվիչ Ռազինը, ― բացատրեց մարշալը հուզված, Խմբագրական Կոմիտեի նախագահն է և փաստորեն, կարելի է ասել, Գենիալիսիմուսի նշանակյալն է Երկրում։ Լսեք, խնդրում եմ, մի վիճեք նրա հետ։ Ինչ էլ առաջարկի, համաձայնվեք։ Ծայրահեղ դեպքում մենք հետո որոշ բաներ կուղղենք։ Թողեք ձեզ զննեմ։ Ձեր տեսքը իհարկե, մի բան չէ։ Լավ։ Ուղղեք ձեր օձիքը և գնանք։ Իսկ դու սպասիր մեզ այստեղ, ― ասաց նա Ձերժինին։
 
 
==Գենիալիսիմուսի նշանակյալը==
 
 
Մենք նորից քայլում էինք ինչ֊որ դահլիճներով ու անցումներով։ Ավտոմատավորները ձգվում էին լարի պես, շրխկացնում կրունկները և պատիվ տալիս։
 
Խմբագրական կոմիտեի նախագահի քարտուղարը մի տարեց գեներալ֊փոխգնդապետ էր։ Բայց նա այնպիսի իրարանցման մեջ էր, կարծես սերժանտ լիներ։
 
― Վերջապես, այդ դո՞ւք եք, ― ասաց նա նյարդային մեկնելով ձեռքը։ Գորիզոնտ Տիմոֆեեվիչը նոր է ավարտել բժշկական պրոցեդուրան, այնպես որ կարող է ձեզ հետ խոսել։ Խնդրեմ։ Նա բացեց դուռը և առաջինը ներս մտավ, բայց կանգ առավ և մեզ ճանապարհ տվեց։ Վերջապես առաջին անգամ Մոսկորեպում, ես տեսա ծեր մարդու։ Այն էլ որքա՜ ն ծեր։
 
Նա նստած էր սայլակում, ոչ թե սեղանի առջև, այլ սենյակի մեջտեղում։ Սայլակի տակից դուրս էին գալիս ու ետևի պատի մեջ մտնում երկու՝ կարմիր և դեղին խողովակներ։ Սայլակում նստած մարդը այնքան ծեր էր, որ գլուխը կողքի վրա էր թեքված, լեզուն դուրս ընկած, ձեռքերը՝ կախված էին պարանների նման։ Նրա ձախ ականջից ցցված էր միկրոֆոնով հաստ լարը։ Ծերունին կարծես թե քնած էր։ Բայց երբ ներս մտանք, նրա մոտ կանգնած բուժքույրը հենց հագուստի վրայից ներարկում արեց։ Նա ցնցվեց, արթնացավ, փորձեց գլուխն ուղղել, բայց այն ընկավ մյուս կողմի վրա, միայն աչքերը համարյա բաց մնացին։
 
― Դուք ո՞վ եք, ― դժգոհ նայելով մեզ հարցրեց նա։
 
Մարշալը արագ վազեց նրա մոտ, վերցրեց խոսափողը և սեղմելով շրթունքներին հարգանքով հայտնեց․
 
― Ձեր հրամանով բերել եմ Կլասիկին։
 
― Ա՜, ― ասաց Գորիզոնտը հազիվ շարժելով լեզուն ― Կլաֆիկի՜ն։ Դե մոտեցիր, Կլաֆիկ, արի այստեղ։
 
Ես մոտեցա և մարշալի ձեռքից վերցրի փողը։
 
― Բարև ձեզ, ― բղավեցի ես փողի մեջ։
 
― Ոչինչ, ― ասաց նախագահը, ― վատ չեմ ֆգում։ Տեֆնում ես, այստեղ ունեմ երկու խողովակ։ Դեղինով առաջնային մթերք է մատակարարվում, իֆկ կարմրով՝ երկրորդականն է հեռացվում, այնպես որ օրգանիզմս գործում է։ ― Նա նորից փորձեց բարձրացնել գլուխը, թվում էր, որ դա նրան համարյա թե հաջողվեց, բայց չկարողացավ պահել այն և այս անգամ գլուխն ընկավ կրծքին։ Բուժքույրը մոտեցավ, և ետևը կանգնելով բարձրացրեց և ուղղահայաց պահեց այն։
 
Ծերունին կարծես քանի գնում աշխուժանում էր։ Նրա աչքերում իմ նկատմամբ նույնիսկ հետաքրքրության նման մի բան հայտնվեց։
― Ահա թե ինչպիֆին ես, ― ասաց նա գոհունակությամբ։ Լավն ես, լավն ես։ Եվ ֆանի՞ տարեկան ես։
 
― Շուտով հարյուրս կլրանա, Ձերդ Գերազանցություն, ― բղավեցի ես փողի մեջ։
 
― Դեռ երիտաֆարդ ես, ― նկատեց նախագահը։ ― Իֆկ ես արդեն հարյուր չորս՝ և էլի ոչինչ։ Իսկ ինչո՞ւ եֆ այդ տեֆքով ման գալիֆ։
 
― Ես արագ զննեցի հագուստս։
 
― Եթե նկատի ունեք իմ շալվարը, Ձերդ Գերազանցություն, ապա ես մեղավոր չեմ։ Սրանք են տվել։ Ես եկել եմ այստեղ լավ, նորմալ շալվարով։
 
― Ինչե՞ր եք խոսում, ― զայրացած շշնջաց գեներալ֊փոխգնդապետը։ Գորիզոնտ Տիմոֆեեվիչը հարցնում է ոչ թե տեսքի, այլ կոչումի մասին։
 
― Այո, ― ասաց Գորիզոնտ Տիմոֆեեվիչը Բերիա Իլյիչին, ― պետք է նրան ավելի բարձր կոչում տալ, չէ որ նա մեր կլաֆիկն է։
 
― Անպայման կանենք, ― բղավեց Վզրոսլին փողի մեջ։ ― Նրան կտանք մայորի, կամ նույնիսկ փոխգնդապետի կոչում։
 
― Ինչո՞ւ փոխգնդապետի, ― ասաց Գորիզոնտը։ Գեներալի։ Դու, գեղեցկուհի, ― նա փորձեց աչքերը բարձրացնել բուժքրոջ վրա։ Այդպես մի պահիր գլուխս։ Երբ ես գլխով եմ անում, դու մի քիչ բաց թող այն։
 
Բայց քույրը չվստահեց և ինքը օրորեց նրա գլուխը։
 
― Լավ է, ― նրա գործողությունները գնահատեց նախագահը։ ― Հերիք է։ Ուրեմն, դու համաձա՞յն ես դուրս նետել տարբեր Ֆիմերին և մնացածներին։
 
Չհասկանալով, թե ինչի մասին է խոսքը ես նայեցի Վզրոսլիին և տեսա, որ նա ինձ աչքով է անում։ Ես նորից ոչինչ չհասկացա և գլխով արի։
 
― Դա ճիշտ է, ― ասաց նախագահը և քույրը շարժեց նրա գլուխը։ ― Լավ է։ Ամեն մի ավելորդ բան պետք է դուրֆ նետել, իֆկ մնացածը․․․ առանց վերջացնելու խոսքը նա քնեց, նորից կախելով լեզուն և քույրը դրեց նրա գլուխը կողքի վրա։
 
Ես նայեցի մարշալին, նա՝ գեներալ֊գնդապետին, գեներալը տարածեց ձեռքերը և ասաց։
 
― Վերջ։ Գորիզոնտ Տիմոֆեեվիչը հրահանգները տվեց և այժմ հանգստանում է։
 
Քույրը բռնեց սայլակի մեջքից, և հավաքելով խողովակները գլորեց աշխատասենյակի խորքը։ Իսկ մենք երեքս, թաթերի վրա ման գալով, դուրս եկանք նախասրահ։
Ադմին, Վստահելի
1876
edits