Changes
/* Զբոսանք */
Մենք կանգնած էինք հյուրանոցի մուտքի մոտ, և Ձերժինը պատրաստվում էր բացել դուռը իմ առջև։
― Սկզբում կարդա ծոցումդ եղածը, հետո կխոսենք։
==Ստեպանիդա Զուեվա֊Ջոնսոն==
Իմ գլխում տիրում էին ամենատարբեր հակասական հիշողություններ, և ես չգիտեի, թե նրանցից որոնք համարեմ առաջնային, իսկ որոնք երկրորդական։
Հիշում եմ, որ գիշերը, փակվելով կաբեսոտում, ես Իսկրինայից թաքուն կարդում էի իմ սեփական գիրքը, իսկ հետո պահում այն հեռուստացույցի ետևում։ Մի հիշողությունս հակասում է մյուսին․ կարծես ես ընդհանրապես ոչ մի գիրք էլ չէի կարդացել, այլ ուսումնասիրել էի գրքի համար նախատեսված նյութերը Լենինի անվան գրադարանում։ Ինձ ու Ձերժինին գրադարան տարավ Վասյան։ Ճանապարհին ծիծաղից խեղդվելով հարցրեց ինձ, գիտե՞մ արդյոք ես կոմունիզմին հատուկ հիմնական առանձնահատկությունը։ Ես տարածեցի ձեռքերս, և Վայսյան մի հայացք նետելով ետևում նստած Ձերժինի վրա շշուկով հաղորդեց ինձ, որ այդ առանձնահատկությունը կայանում է երկրորդական և առաջնային մթերքի միջև եղած տարբերության անհայտացման մեջ։ Ձերժինը լսեց այդ և Վասյային բռունցք ցույց տվեց, բայց արեց դա առանց որևիցե չարության։ Դուրս գալով մեքենայից ես որոշեցի ցույց տալ Սիրոմախինին, թե որքան լավ գիտեմ գրադարանը և միանգամից ուղղվեցի դեպի մուտքը։
― Ոչ, ոչ այստեղ, ― քմծիծաղեց Ձերժինը։ Այդ մուտքը նախատեսված է բոլոր մարդկանց համար։
― Իսկ ի՞նչ է, մենք չե՞նք մտնել բոլորի նման մտնել, ― հարցրի ես։
― Իհարկե կարող ենք, ― ասաց Ձերժինը, ― բայց դա մեզ հարկավոր չէ։ Այստեղ կարելի է ստանալ միայն Գենիալիսիմուսի կամ Գենիալիսիմուսի մասին գրված գրքերը, իսկ մեզ ուրիշ բան է պետք։
Մենք շրջանցեցինք անկյունը, անցանք ամբողջ շենքը, և վերջապես ներս մտանք մի ինչ֊որ անշուք դռնով, որի վրա ամրացված էր մի համեստ ցուցանակ․ «Նախնական գրականության բաժին»։
Հետո անցանք մի շարք միջանցքներով, որոնցից ամեն մեկում մեզ կանգնեցնում էին և մանրակրկիտ ստուգում փաստաթղթերը։
Վերջապես հասանք գլխավոր պահեստանոցը։ Այն իրենից ներկայացնում էր մի քանի իրար միացված ընդարձակ դահլիճներ։
Իմիջիայլոց, լինելով անցյալ կյանքում գրադարանում անհամար անգամ, ես չէի տեսել գրքերի այս հավաքածուն, իսկ կատալոգներով կազմել էի բավականին վերացական պատկերացում։ Այժմ ես ամեն ինչ տեսա։ Աշխարհի բոլոր դասականների գրքերը՝ Հոմերոսից սկսած՝ վերջացրած Սոլժենիցինով։ Հնադարյան պերգամենտից՝ մինչև նորագույն ժամանակների էժանագին հրատարակություններ։
Ամեն մի դահլիճում նստած էին մեկ֊երկու ընթերցողներ։ Եվ բոլորն էլ ԲԵԶՈ֊ից, բոլորն էլ՝ մայորից ոչ ցածր կոչում ունեցողներ։
Շրջապատված բազմաթիվ գրքերով նրանք ինչ֊որ բան էին կոնսպեկտավորում, երևի թե հետագայաում գաղափարական պայքարում օգտագործելու համար։
Բայց մի ընթերցողուհի, ԲԵԶՈ֊յի փոխգնդապետ, որքան հասկացա օգտագործում էր իր ծառայողական դիրքը անձանկան շահերով։ Նա կարդում էր (ես նկատեցի վերնագիրը) «Աննա Կարենինան» և, մոռանալով զգոնության մասին, համարյա թե բարձրաձայն լաց էր լինում։
Բնականաբար, ես ցանկանում էի մի քիչ էլ մնալ ընդհանուր դահլիճում, բայց Ձերժինը շտապեցնում էր, և մենք անցնելով ևս մի քանի դահլիճ ու միջանցք, հայտնվեցինք «Ս․ Ս․ Կարնավալովի ռեակցիոն ստեղծագործություններ» ցուցանակով դռան առաջ։
Այստեղ ստուգեցին ոչ միայն մեր փաստաթղթերը, այլ նաև գրպանները և հայտնաբերելով Ձերժինի մոտ «ՏՏ» կարգի ատրճանակ, խնդրեցին այն պահպանման հանձնել պահակախմբի պետին։
Միայն դրանից հետո մենք կարողացանք դահլիճ մտնել (ավելի ճիշտ ամենաքիչը իրար միացված երեք դահլիճ էին), որտեղ պահպանվում էին ոչ միայն բոլոր վաթսուն բեկորները ռուսերեն և հարյուրավոր ուրիշ լեզուներով, այլ նաև բազմապիսի գրականություն, հետազոտությունների և դիսերտացիաների ժողովածուներ Սիմի ստեղծագործությունների մասին։
Բայց պարզվեց, որ դա էլ բոլորը չէր։
Դահլիճի կողքի սենյակում Ձերժին Գավրիլովիչը ծանոթացրեց ինձ բարակ ու երկար քթով մի նիհարիկ աղջկա հետ, որը ներկայացավ որպես ԲԵԶՈ֊ի լեյտենանտ Սովետինա Կուլեբյակո։
Ձերժինի խնդրանով նա հաճույքով պատմեց, որ այս սենյակում պահվում են գործակալներից ստացված տվյալները Սիմի մասին․ նրա ծագման, կենսագրության, կյանքի, սովորությունների, հետաքրքրությունների, բնավորության ուժեղ և թույլ կողմերի, սեքսուալ քմահաճույքների մասին, դպրոցական, կոմերիատական, մանկատան, բուհական բնութագրերը, տվյալներ նրա սիրային, ընկերական, գործնկան և պատահական կապերի մասին։ Այստեղ էին պահվում նաև նրա ձեռագրի նմուշները, մատնահետքերը, նրա և նրա համախոհների հարցաքննությունների արձանագրությունները, բազմաթիվ լուսանկարներ, դիապոզիտիվներ, որոնք արված էին բաց և թաքնված կամերաներով նույնիսկ գիշերը ինֆրակարմիր ճառագայթներով։ Նա առաջարկեց նայել որոշ դիապոզիտիվներ, կախեց պատին մի ոչ մեծ էկրան, իջեցրեց վարագույրը, միացրեց պրոեկցիոն ապարատը և սկսեց լիցքավորել այն տարբեր սլայդերով։
Ինձ համար այդ ամենը շատ հետաքրքիր էր։
Ես տեսա տարբեր ժամանակների Սիմ Սիմիչին տարբեր իրադրություններում։ Ահա նա դեռ շատ պատանի հասակում մանկատանը։ Ահա՝ կալանավայրում (դեմքը առջևից և կողքից)։ Հետճամբարային լուսանկար նախատեսված անձնագրի համար ― դեմքը հոգնած, տանջված և միաժամանակ շատ խիստ։ Իսկ հետո պատկերված է նրա կյանքի համարյա ամեն մի օրը։ Մի տասը հարսանեկան նկար Ժանետայի հետ։ Հաղթանակի օրը․ առաջին տպագրված գիրքը ձեռքին։ Գրասեղանի առջև։ Դահուկային զբոսանքի ժամանակ։ Հեծանվի վրա։ Ինչ֊որ կատվի հետ ձեռքերի վրա։ Հետո կալանավորումը, բանտը և նույնիսկ լուսանկարներ, որտեղ նրան պարաշյուտով դուրս են գցում ինքնաթիռից։ Բազմաթիվ լուսանկարներ, պատկերում էին նրան ցույցերի, կոնֆերանսների, հարցազրույցների ժամանակ, նրա հանդիպումը սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահի հետ։
Ինֆրակարմիր լուսավորության օգնությամբ գիշերը թաքուն արված լուսանկարները չափից ավելի անկեղծ էին։
Կարծում եմ, որ եթե ես մանրամասն նկարագրեի, թե հատկապես ինչ տեսա էկրանի վրա, այս գիրքը մի հարյուր հազարի չափ ավլի ընթերցող կունենար։ Ափոսոս, որ իմ բնական առաքինությունը թույլ չի տալիս դա անել։ Միայն կասեմ, որ Սիմիչը ինձ որոշ չափով շփոթեցրեց։ Քանի որ ես գիտեի, նրա խորը հավատացյալ լինելու և ասկետիզմի մասին, ես որոշ չափով ցնցված էի, տեսնելով նրան ոչ այնքան արժանավոր տեսքով ոչ միայն Ժանետայի, այլև հակառակ սեռի ուրիշ ներկայացուցիչների հետ։ Նրանք տասից քիչ չէին, ոմանց՝ ես անձամբ ծանոթ էի։ Նրանց մեջ էին․ նովելներ գրող մի հայտնի տիկին, ամերիկյան կինոյի աստղերից մեկը և երրորդը․․․ Նրա դեմքը չէր երևում, բայց նրան հնարավոր չէր չճանաչել մարմնի հակառակ կողմում գտնվող մասից։
Տեսնելով Ստեպանիդային, այն էլ այդ տեսքով, ես հանկարծ զգացի այնպիսի անսանձ խանդ, որ նույնիսկ սկսեցի ցնցվել և ատամներով կրճտացնել։
― Ի՞նչ պատահեց ձեզ, ― անհանգստացավ լեյտենանտ Կուլեբյակոն։ Ես շփոթվեցի և ասացի, որ ինձ համար այնքան էլ հաճելի չէր տեսնել վերջին կադրը, քանի որ ժամանակին մոտիկից եմ ճանաչել այդ կնոջը։
― Մենք դա գիտենք ― ասաց Ձերժինը։
Իսկ լեյտենանտ Կուլեբյակոն ասաց, որ պատրաստ է ցուցադրել այն դիապոզիտիվները, որտեղ պատկերված են մեր ծանոթության մանրամասները։
― Ո՛չ։ Ո՛չ, ― բղավեցի ես։ Ոչ մի դեպքում։ Եվ ընդհանրապես, խնդրում եմ, հնարավոր չէ՞ արդյոք դրանք ոչնչացնել։
― Ի՜նչ ես ասում, թանկագինս, ― ժպտաց Ձերժինը։ ― Այդ կադրերը պատկանում են պատմությանը և նրանց ոչնչացումը կհամարվեր հանցագործություն։ Լավ, ― ասաց նա ինձ ու լեյտենանտ Կուլեբյակոին։ Կինոն նայեցինք, եկեք հիմա էլ մի քիչ կարդանք։ Օրինակ Ստեպանիդայի հաղորդագրությունները։
― Ստեպանի՞դայի, ― զարմացա ես։ ― Մի՞թե նա մատնություններ էր գրում։
― Այն էլ ինչպես էր գրում, ― ասաց Ձերժինը։ ― Ստեպանիդա Զուեվա֊Ջոնսոնը, հիանալի լրտես էր։ Իր կողմից հավաքագրված ծովային հետևակ Թոմ Ջոնսոնի հետ նա մեզ բազմաթիվ արժեքավոր տեղեկություններ հաղորդեց։