Changes
/* Ձերժինի անկեղծությունը */
― Ահա թե ինչ, թանկագինս, արի վերջնականապես պայմանավորվենք։ Հետագա անախորժություններից խուսափելու համար, դու այլևս երբեք ինձ նման հարցեր չես տա։ Օ կե՞յ։ Շյուր, ― ասացի ես և հեռացա։
==Մեդալիոնի գաղտնիքը==
Ես կարծում եմ, որ չափազանցություն չի լինի ասել, որ Մոսկորեպում տեսա և լսեցի շատ զարմանալի բաներ։ Բայց ես ցնցված էի Ձերժինի բացահայտւմներից և շատ հուզված վերադարձա հյուրանոց։ Ցանկանում էի հարցնել Իսկրինային, թե ինչ է մտածում նա այս ամենի մասին։ Բայց նա զբաղված էր։ Ֆուտբոլ էր նայում։
Ես նստեցի նրա մոտ, մահճակալին, և ինքս էլ սկսեցի նայել։ Խաղում էին ինձ վաղուց ծանոթ թիմերը, միայն նրանց անվանումները մի փոքր երկարացված էին։ Առաջի թիմը կոչվում էր Պետական Ակադեմիական Լենինի շքանշանակիր «Սպարտակ», մյուսը՝ Պետական Ակադեմիական Լենինի շքանշանակիր «Դինամո»։ Խաղացողների տարիքը մոտավորապես քառասունից վաթսուն էր։ Ես հարցրի Իսկրինային, թե ինչո՞ւ են ֆուտբոլիստները այդքան տարեց։ Նա ասաց, որ դա բնական է, որովհետև հայտնի թիմերի կազմում ընդգրկվում են միայն բարձր կարիքների բավարարում ունեցողները, իսկ լավագույնի կոչումը ստանալու համար ժամանակ է պետք։
Խաղը անհետաքրքիր էր։ Ֆուտբոլիստները ոչ թե վազում, այլ քայլում էին դաշտով և դանդաղ գլորում գնդակը։ Ես հարցրի Իսկրինայից, թե ինչպիսին է հաշիվը։ Նա պատասխանեց, որ հաշիվը կբացվի միայն քսանչորսերորդ րոպեին, իսկ ամբողջ խաղը կվերջանա 5:4 հաշվով «Սպարտակի» օգտին։
― Որտեղի՞ց իմացար, ― հարցրի ես։
― Այդպես է գրված ծրագրում։
― Իսկ հաշիվը ինչ է, նախորո՞ք է որոշվում, ― հարցրի ես։
― Իհարկե, ― ասաց Իսկրինան։ ― Սպորտային Հնգանկյունին ամեն ինչ պլանավորում է մինչև խաղը։ Իսկ անցյալում մի՞թե այդպես չէր։
― Բոլորովին էլ այդպես չէր, ― ասացի ես և բացատրեցի, որ անցյալում սպորտսմենները ավելի երիտասարդ էին և խաղի հաշիվը որոշվում էր խաղի ժամանակ։
― Չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում խաղի ժամանակ։ ― Չէ որ ինչ֊որ մեկը պետք է նախօրոք որոշեր հաշիվը։
― Ոչ ոք չէր որոշում։ Ուղղակի խաղացողները վազում էին դաշտով, հրում գնդակը և խփում դարպասին, և ով ավելի շատ գնդակ խփեր, նրա հաշիվն էլ շատ էր։
― Բայց դա վոլյունտարիզմ է, ― ասաց նա վրդովված։ Ուրեմն ստացվում է, որ ով ավելի արագ է վազում ու ավելի ուժեղ խփում, նրա հաշիվը ավելի մե՞ծ է լինում։
― Այո, ― ասացի ես, ― հենց այդպես։ Ճիշտ է, կոռուպցիայի ծաղկման շրջանում, երբեմն, թիմերից մեկը կաշառք էր տալիս մյուսին և այդ դեպքում հաշիվը այլ կերպ էր որոշվում։
― Տեսնում ես, ― ասաց Իսկրինան։ ― Ուրեմն չարաշահումների համար հող կար։ Իսկ հիմա այդպիսի բան հնարավոր չէ։ Հիմա Սպորտային Հնգանկյունը որոշում է հաշիվը, հիմնվելով այն բանի վրա, թե որքանով է թիմը կազմակերպված, որքան լավ է ուսումնասիրում Գենիալիսիմուսի ստեղծագործությունները և կարիքների որ խմբին է պատկանում։ Անհնարին է, որ ընդհանուր կարիքների բավարարում ունեցող թիմը, անպատիժ գնդակներ խփի բարձր կարիքների բավարարում ունեցող թիմին։
― Ինչպիսի անհեթեթություն, ― ասացի ես։ Եթե նախօրոք գիտես, ինչով կվերջանա խաղը, էլ ինչո՞ւ նայես։
― Երբ դու վեպ ես գրում, արդեն գիտես ինչով կվերջանա։
― Հենց այն է, որ չգիտեմ, ― հերքեցի ես։ Երբ ես սկսում եմ աշխատանքը, ինչ֊որ պատկերացումեր իհարկե ունենում եմ, բայց հետո հերոսները սկսում են ինքնուրույն կյանքով ապրել, և թե ով ում կխեղդի, դա արդեն իրենցից է կախված։ Նույն էլ Սիմի հետ։ Քո ղեկավարությունը ստիպում է ինձ, որպեսզի ես գրքից դեն նետեմ նրան, իսկ ես չեմ կարող, ուղղակի ձեռքս չի բարձրանում։
Նա վեր կացավ և անջատեց հեռուստացույցը։
― Լսիր, ասաց նա շշուկով, իսկ ի՞նչ տեսք ուներ այդ Սիմը։
― Ինչ տե՞սք, ― ասացի ես։ Հասակը․․․ ասենք, միջին էր։ Եվ ա՜յ, այսպիսի մորուք։
― Նայիր այստեղ, ― ասաց նա և դուրս բերելով ծոցից իր պլաստմասե մեդալիոնը, բացեց այն։ ― Սա նա՞ է։
Ինձ թվաց, որ տեղի ունեցավ մի ինչ֊որ առեղծվածային բան։ Կարծես թե անտեսանելի ինչ֊որ մեկը սենյակ մտավ ու նորից դուրս եկավ։ Մեդալիոնի միջի փոքրիկ լուսանկարից չարացած հայացքով ինձ էր նայում Սիմ Սիմիչ Կարնավալովը։