Ամենից շատ նրա մեջ ինձ զարմացնում էր որևիցե շտապողականության բացակայությունը։ Նա չէր ձգտում տպագրվել, ճանաչված դառնալ, ստանալ հոնորարներ, ապրել լավ բնակարանում, ավելի լավ ուտել և հագնվել։ Հետո ես շատ զարմացա, երբ Սիմիչը լինելով փառքի շեմքին սկսեց մեծ նշանակություն տալ իր արտաքինին և նույնիսկ մորուք աճեցրեց։ Նրա մորուքի մասին ես մտածում էի, որ նրան չի սազում և նույնիսկ հակասում է նրա ներքին նկարագրին։ Բայց հետո ես ստիպված էի ընդունել, որ այս դեպքում էլ, նա հստակ գիտեր իր անելիքը։ Գիտեր, երբ ման գալ մորուքով և երբ առանց դրա։ Լինելով հնոցապան, եթե նա աճեցներ ցանկացած երկարության մորուք, հազիվ թե դա կբերեր նրան որևիցե օգուտ։ Ծայրահեղ դեպքում Բեսկուդինովոյի բնակիչների կողմից կընդունվեր որպես քաղաքային խելագար։ Հասկանալի է, որ այդպիսի համբավի համար նա երբեք չէր գնա այն անհարմարություններին, որոնք կապված են մորուք կրելու հետ, առավել ևս նկատի ունենալով նրա պարտականությունները, դա հրդեհի դեպքում կլիներ չափազանց վտանգավոր։ Իսկ երբ եկավ ճանաչումը, նրա հետ էլ երկրպագուների և լրագրողների ամբոխը, մորուքը շատ տեղին եղավ։ Հարյուրավոր հեռուստաէկրաններով բազմապատկված, դա թողնում էր անջնջելի տպավորություն։
Ճիշտն ասած, ես ունեմ մի ամբողջ հետազոտություն մորուքի մասին, որը, ամեն մի ցանկացող կարող է ստանալ աշխարհի համարյա ամեն մի գրադարանում։ Բայց նրանց համար, ով ծուլանում է գրադարան գնալ, ես կարճ կբացատրեմ, որ իմ խորին համոզմամբ, մորուքը խաղում է շատ մեծ դեր առաջավոր գաղափարների, տեսությունների տարածման և ուղեղներին տիրապետելու գործում։ Ես մտածում եմ, որ մարքսիզմը երբեք չէր կարող գրավել մասսաներին, եթե Մարկսը իր ժամանակին , թեկուզև ստիպողաբար, սափրված լիներ։ Լենինը, Կաստրոն, Հոմեյնին՝ չէին կարողանա իրագործել հեղափոխություն այս կամ այն երկրում, եթե սափրված լինեին։ Իհարկե, գրավել իշխանությունը այս կամ այն երկրում կամ նվաճել տարածքներ, երբեմն հաջողվում էր և մորուսավորներին և անմորուսներին։ Բայց դեռ ոչ մի անմորուսի չի հաջողվել դառնալ մարգարե։
Ավելորդ չէ նշել, որ մորուքը մորուքից տարբեր է լինում։ Որպեսզի տարբերվի ընդհանուր շարքից, մորուք կրողը պետք է խուսափի ամեն մի կրկնօրինակումից։ Երբեք պետք չէ պահել մորուք, որը կարելի է անվանել՝ մարկսյան, լենինյան, խոշեմինյան կամ տոլստովյան։ Այդ դեպքում ձեզ կարող են դասել ոչ թե մարգարեների, այլ միայն հետևորդների թվին։ Սիմ Սիմիչը դա լավ էր հասկացել, բայց օպտիմալ լուծումը միանգամից չգտավ։ Սկզբից նա շատ հեռուն գնաց և աճեցրեց այնպիսի երկարության մորուք, որ արագ քայլելիս երբեմն ինքն էլ տրորում էր։ Դա շատ անհարմար էր և անիմաստ, որովհետև խոշոր պլանով նկարահանումների ժամանակ, մորուքը չէր տեղավորվում կադրի մեջ։ Հարկ եղավ կարճեցնել, և այն ժամանակվանից ճշմարիտ կարնավալովյան էր համարվում այն մորուքը, որը մի թեթև ծածկում էր ծնկները։
Ոմանք կարող են հարցնել, արդյո՞ք ես չափից ավելի ուշադրության չեմ դարձնում մորուքի վրա։ Ինչ հիմարություններ էլ մարգարեն անի, կարևորը միևնույն է նրա արտաքինը չէ, այլ նրա մտքերն ու գաղափարները։ Դա համընդհանուր պատրանք է, որը ես արդեն շատ տարիներ միանգամայն անօգուտ աշխատում եմ հերքել։ Մարգարեների մտքերն ու գաղափարները երկրորդական են։ Մարգարեն առաջին հերթին ազդում է ոչ թե ուղեղի, այլ հորմոնալ ոլորտի վրա, ինչի համար էլ պետք են մորուքը և նրան համապատասխանող ժեստերը, շարժումները, ծամածռությունները։ Սեքսուալ գրգռված ամբոխը, սխալմամբ կարծում է, որ տիրապետել է այն գաղափարներին, հանուն որոնց արժի ոչնչացնել եկեղեցիները, կառուցել ջրանցքներ և ոչնչացնել իր նմաններին։ Հետաքրքիր է, որ սանձազերծելով բազմության սեքսուալ էներգիան, իրենք, մարգարեները, հաճախ իմպոտենտ են լինում և խոսում են կանացի ձայնով։ Սակայն Սիմիչին դա վերաբերում է մասնակիորեն։ Նրա ձայնը իսկապես բարակ է, բայց մնացյալում, ինչպես ես լսել եմ, ամեն ինչ կարգին է և հենց այդ հակասությունը իմ տեսության հետ, խանգարում է ինձ ճանչել նրան որպես իսկական մարգարե։
===Փեսացուն===