Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 12 624 բայտ, 19:18, 31 Մարտի 2014
/* Վեպը */
Ես, իհարկե, նրան ոչինչ չասացի։ Մենք կիսեցինք այդ փոքրիկ շիշը։ Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ այդ չնչին քանակից ես ոչ մի հաճույք չստացա։ Ես զարմացա և մտածեցի, որ իսկական կոմունյանին, իհարկե, ես դեռ չեմ դարձել, բայց ալկոհոլիզմից կարծես թե բուժվել եմ։ Ինչքա՜ն կուրախանա կինս, մտածեցի ես, բաժակս խփելով մարշալի բաժակին։
 
 
===Էդիսոն Կսենոֆոնտովիչը===
 
 
Վեպի մեջ փոփոխություններ մտցնելու այդ հիմար պահանջները ինձ այնքան էին հոգնեցրել, որ շատ ուրախացա, երբ Էդիսոն Կսենոֆոնտովիչ Կոմարովը (նրա հետ թռուցիկ ծանոթացել էի Ոպոպոտում) հրավիրեց ինձ այցելել իր ղեկավարած Կոմնակոմը: Ես հասկացա, որ Էդիսոն Քսենոֆոնտովիչը մեծ մարդ է, երբ նա իմ հետևից ուղարկեց ոչ թե մի ինչ֊որ շոգեմեքենա, այլ բենզինով աշխատող իսկական լիմուզին։ Նրա վարորդն էլ ոչ թե հասարակ մարդ էր, այլ գնդապետ։
 
Առաջին հատորի պողոտյով մենք դուրս եկանք քաղաքի կենտոնից։
 
Սակայն, հեռու չգնացինք։ Կոմունիզմի անվան օղակային ճանապարհի վրա, ինչ֊որ տեղ, պայթեց մեր անիվը և մինչ գնդապետը փոխում էր այն, ես դուրս եկա թարմ օդ շնչելու։ Օդը սակայն, այնքան էլ թարմ չէր։ Նա ուներ վաղուց չմաքրված խոզանոցի հոտ։ Հնչյուններն էլ էին խոզանոցի։ Ինչ֊որ բան ճղճղում էր ու խռխռում։ Ես շուրջս նայեցի, ակնկալելով տեսնել ցածր կառույցներ, բայց տեսա բոլորովին այլ բան։ Մենք կանգնած էինք վեց հարկանի շենքի տակ։ Շենքի բոլոր պատշգամբներից ինձ էին նայում ճչացող ու խռխռացոց խոզերը։ Ավելին, շրջապատում գտնվող բոլոր տների բոլոր պատշգամբներից ինձ էին նայում խոզեր։
 
Խոստովանում եմ, ես մի քիչ վատ զգացի։ Ի՞նչ է սա։ Սա ինչ է, խոզային կոմունիստական քաղա՞ք, թե մարդախոզերի նոր տեսակ։
 
Սակայն, շուտով գլխի ընկա, և վարորդը դա հաստատեց, որ մենք գտնվում ենք երրորդ Կակայի ռայոններից մեկում, որտեղ, ինչպես արդեն պատմել եմ, թույլատրված է պատշգամբներում պահել արագ բազմացող կենդանիներ, մեկից ոչ ավելի ամեն մի ընտանիքում։ (Միանգամից ասեմ, որ հետագայում, առիթ ունեցա տեղական թերթերում կարդալ այդ փորձի մասին։ «Նորի արտահայտություններ», «Ընտանեկան մսի կոմբինատ» և նույնիսկ՝ «Խոզը պատշգամբում» վերնագրերով տարբեր հոդվածներ։ Վերջինը՝ կարծեմ, ֆելիետոն էր մի ինչ֊որ վատ մարդու, միգուցե նույնիսկ իմ մասին)։
 
Անիվը փոխելուց հետո, գնադապետը ավելի արագ վարեց մեքենան։ Շուտով մենք հայտնվեցինք մի աննկատ անտառային ճանապարհի վրա, որի սկզբում կախված էր «աղյուս»։
 
Մի քիչ այն կողմ՝ շլագբաում, տնակ և երկու պահակ, որոնք ուշադիր ուսումնասիրեցին մեր փաստաթղթերը»։ Այդպիսի շլագբաումներով տնակներ ես հաշվեցի ճանապարհին տասնվեց հատ։ Ամեն անգամ մեզ կանգնեցնում էին, ուշադիր զզնում փաստաթղթերը, հետո պատիվ տալիս և բացում ճանապարհը։
 
Վերջին անցակետից հետո, ճանապարհը հանկարծ սուզվեց գետնի տակ և շարունակվեց ինչ֊որ ստորերկրյա կառույցի միջով։ Անցնելով երկու հարյուրից երեք հարյուր մետր, մենք կանգ առանք փակ դարպասի մոտ, որի աջ կողմում մի աննկատ դուռ կար։
 
Մենք ներս մտանք և հայտնվեցինք ընդարձակ նախասրահում, որտեղ դրված էին մի քանի սեղան, կաշվե բազմոցներ, բազկաթոռներ և մի երու֊երեք արմավենի մեծ տակառներում։
 
Այստեղ մեզ դիմավորեց սպիտակ խալաթ հագած Էդիսոն Քսենոֆոնտովիչը։
 
Մենք ողջունեցինք միմյանց, և ես ասացի, որ հավանաբար, նրա կարիերան շատ հաջող է դասավորվել, եթե այդ տարիքում նա դարձել է գեներալ։
 
― Ո՞ր տարիքում, ― խորամանկ արտահայտությամբ հարցրեց նա։ ― Ձեր կարծիքով, ես քանի՞ տարեկան եմ։
 
― Դե, երևի, քսանհինգ֊քսանվեց, ― ենթադրեցի ես անվստահ։
 
Էդիսոն Քսենոֆոնտովիչը բարձրաձայն ծիծաղեց և աչքով արեց գնդապետին, որը նույպես ծիծաղեց։
 
Նրանց ուրախությունը ինձ մի քիչ վիրավորեց և ես նեղացած նկատեցի, որ իմ կարծիքով, ոչ մի ծիծաղելի բան չասացի։
 
― Ի՜նչ եք ասում, ― շտապեց հանգստացնել ինձ պատանի պրոֆեսորը։ ― Իհարկե դուք ոչ մի ծիծաղելի բան չասացիք։ Ես ոչ թե ձեր ասածի վրա եմ ծիծաղում, այլ հենց այնպես։ Ինձ հետ, գիտեք, երբեմն պատահում է։
 
Վարորդի հետ մի քանի բառ փոխանակելուց հետո Էդիսոն Քսենոֆոնտովիչը նրան բաց թողեց, իսկ ինձ առաջարկեց, իր արտահայտությամբ, կատարել մի փոքրիկ, բայց շատ օգտակար զբոսանք։
 
Դուրս գալով սենյակից, մենք հայտնվեցինք ստորերկրյա մի լայն փողոցում, որտեղ բազմաթիվ չորսհարկանի շենքեր կանգնած էին մի ընդհանուր ծածկի տակ։ Շոգեմեքենաների շարժումը երևի թե արգելված էր, որովհետև մարդիկ շարժվում էին միայն ոտքով կամ հեծանիվներով։ Նկատելով իմ ուղեկցին նրանք շողոքորթաբար ժպում էին, կամ ընդհակառակը, շտապում անհետանալ մոտակա փողոցներում։
 
Շատերը ճանաչում էին ինձ, մոտենում, թույլտվություն խնդրում սեղմել ձեռքս, կամ մեկնում ինչ֊որ թղթեր ինքնագիր ստանալու համար։
 
Պարզվեց, որ դա մի ամբողջ ստորերկրյա քաղաք է, որի փողոցները բաժանված են քառակուսիների, ինչպես Մանհետտենում։
 
ԿՈՄՆԱԿՈՄ֊ը, բացատրեց ինձ Էդիսոն Կսենոֆոնտովիչը, Մոսկորեպի ուղեղն է։ Այստեղ են աշխատում երկրի լավագույն գիտնականները։ Այստեղ կենտրոնացված են 116 գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք զարգացնում են ժամանակակից գիտության բոլոր ուղղությունները։
 
― Բոլոր հիմնարկները մենք երևի թե չայցելենք, ― ասաց Էդիսոն Քսենոֆոնտովիչը, ― իսկ օրինակ այս՝ կարելի է մտնել։ Նրա ստեղծումը դուք եք պայմանավորել։
 
Ես զարմացած նայեցի ցուցանակին, որի վրա գրված էր․ «Ինֆորմացիայի քաղման Ինստիտուտ (ԻՆԻԶԻՆ)»։ Դա իսկապես ահռելի ինստիտուտ էր, որում կային բազմաթիվ լաբորատորիաներ։ Մենք եղանք մի քանիսում և ամեն մեկում գիտնականների մեծ խմբեր աշխատում էին մի ինչ֊որ փոքրիկ ժապավենի հետ։ Ուսումնասիրում էին այն միկրոսկոպի տակ, րենտգենյան ճառագայթներով, ընկղմում քիմիական լուծույթների մեջ և ծակծկում ասեղներով։ Բոլոր լաբորատորիաներում ես հարցնում էի գիտնականներին, թե ինչով են իրենք զաբղվում։ Նրանք նայում էին Էդիսոն Քսենոֆոնտովիչին, իսկ նա ուրախ ծիծաղում էր և ասում․
 
― Ւսկ դուք փորձեք ինքնուրույն կռահել։
 
Ես լարում էի ողջ երևակայությունս, բայց անօգուտ։
 
― Այդպես էլ չկռահեցի՞ք, ― հարցրեց նա, երբ մենք նորից հայտնվեցինք փողոցում։
 
― Այդպես էլ չկռահեցի, ― պատասխանեցի ես։
 
― Հիշո՞ւմ եք, դուք ձեզ հետ բերել էիք մի փոքրիկ, քառակուսի սև իր։
 
― Ֆլոպպի֊դի՞սկը, ― հարցրի ես։
 
― Կարելի է և այդպես ասել։ Մենք այդ իրը անվանում ենք սկավառակ։
 
― Իսկ ինչո՞ւ եք այն կտրատել։
 
― Ինչպես թե։ Նրանք փորձում են կորզել նրա մեջ պարունակվող տեղեկությունները։
 
Ես բռնեցի գլուխս, հետո՝ սկսեցի խելագարի նման ծիծաղել։ Էդիսոն Քսենոֆոնտովիչը խոժոռվեց և հետաքրքրվեց, թե ինչն է ինձ այդքան ուրախացրել։ Ես խեղդվելով ծիծաղից բացատրեցի, որ ֆլոպպի֊դիսկը, դա այնպիսի մի փոքրիկ բան է, որը դրվում է համակարգչի մեջ, բայց ոչ թե ժամանակակից, այլ հին, որոնք գոյություն ունեին իմ ժամանակ։ Սակայն այդ իրը պետք է անպայման անվնաս լինի։ Եվ ուրեմն, եթե այն դրվի համակարգչի մեջ, հանակարգիչը կպտտի այն և էկրանի վրա ցույց կտա տեքստը, կամ ցանկության դեպքում, կտպի գիրքը։
 
― Դուք այդպիսի համակարգիչներ չե՞ք տեսել, ― հարցրի ես նրան։
 
― Անձամբ ես՝ տեսել եմ, ― ասաց նա։ ― Իսկ նրանք չեն տեսել։ Որովհետև այդ սարքավորումները հնացել են և վաղուց հանված են արտադրությունից։
 
― Բայց այդ դեպքում, ― ասացի ես, ― ձեր գիտնականների աշխատանքը միտք չունի։ Այդ մեթոդներով նրանք երբեք և ոչինչ չեն իմանա։
 
― Դա նրանց պետք էլ չի, ― անհոգ թափ տվեց ձեռքը պրոֆեսորը։
 
― Նրանց համար կարևոր է, որ կա ինստիտուտը, տնորենը, տնորենի օգնականը, պարտիական կազմակերպության ղեկավարը, հոգևորականը, Բեզոյի և լաբորատորիաների պետերը։ Այդ պաշտոնները բավական մեծ օգուտ են բերում։ Իսկ ժապավենից ինֆորմացիա ստանալը երկրորդական բան է։ Ինչպես ճշմարտացիորեն նկատել է մեր Գենիալիսիմուսը․ «Շարժումը ամեն ինչ է, ― նպատակը ոչինչ»։ Լավ է ասված, չէ՞։
 
― Վատ չէ, ― ասացի ես։ ― Իսկ դուք ինչո՞վ եք զբաղվում։
 
― Ե՞ս, ― հարցրեց Էդիսոն Կսենոֆոնտովիչը և ծիծաղեց։ ― Ես շատ լուրջ գործով եմ զբաղված։ Ընդհանրապես, ես կենսաբան եմ և իմ ինստիտուտը նոր մարդ է ստեղծում։
 
― Նոր մա՞րդ, ― զարմացա ես։
 
― Այո, ― հաստատեց նա, ― նոր մարդ։ Զարմացա՞ծ եք։ Շուտով ավելի շատ կզարմանաք։ Գնանք, ես ձեզ ամեն ինչ ցույց կտամ։
Ադմին, Վստահելի
1876
edits