― Այո, ― հաստատեց նա, ― նոր մարդ։ Զարմացա՞ծ եք։ Շուտով ավելի շատ կզարմանաք։ Գնանք, ես ձեզ ամեն ինչ ցույց կտամ։
===ԻՆՍՈՆՉԵԼ===
Նոր Մարդու Ստեղծման Ինստիտուտը (ԻՆՍՈՆՉԵԼ) գտնվում էր Ինիզինից ոչ այնքան հեռու, մի չորս փողոց այն կողմ։
Այստեղ մենք նույնպես եղանք տարբեր լաբորատորիաներում։ Ես այնքան էլ չէի հասկանում, թե ինչի համար էին նրանք նախատեսված։ Էդիսոն Քսենոֆոնտովիչը ծանոթացրեց ինձ իր աշխատակիցներից շատերի հետ։ Անկախ տարիքից, սեռից և ունեցած կոչումներից (նրանց մեջ բավական շատ էին տարեց պրոֆեսորները, դոցենտները, դոկտորները և գիտությունների թեկնածուները) նա բոլորին դիմում էր «դու»֊ով, թփթփացնում նրանց ուսերին և նույնիսկ որոշ տարեց կանանց փափուկ տեղերին։ Որքան ես նկատեցի, այդպիսի վերաբերմունքը ոչ մեկին չէր շփոթեցնում և չէր զարմացնում։ Ընդհակառակը, երբ դիմում էր նրանց, պատասխանում էին հավասարի նման, բայց այնպիսի հարգանքով, որը ավելի շատ ընդունված է ցուցաբերել ոչ թե ղեկավարների, այլ տարիքով ավելի մեծ մարդկանց հանդեպ։ Նրանց վերաբերմունքը շեֆին կամաց֊կամաց փոխանցվեց ինձ, և ես դադարեցի նկատել մեր մեջ եղած տարիքային տարբերությունը։
Էդիսոն Քսենոֆոնտովիչը ցույց տվեց հազարավոր անհասկանալի և բարդ սարքավորումներ․ ինչ֊որ կաթսաներ, չաներ, անոթներ, խողովակներ, որոնք միանում էին խորամանկորեն միահյուսված մետաղե, ապակե, պլաստմասե և ռետինե խողովակներով։ Ինչ֊որ բան եփում էր, հալվում, կլկլում, սառչում, գոլոշիանում։ Որոշ լաբորատորիաներում թունավոր մառախուղից պտտվում էր գլուխս ու սիրտս խառնում։
― Ինտերեսա՞նտ, ― հարցնում էր նա և չսպասելով պատասխանիս քարշ էր տալիս ինձ մի ուրիշ տեղ։
Սկզբում դա իսկապես հետաքրքրիր էր, բայց հետո սկսեց ձանձրացնել։ Ես ասացի պրոֆեսորին, որ չարժե ինձ ցույց տալ այդ սարքավորումները, որովհետև միևնույն է, այդ ամենից ես ոչինչ չեմ հասկանում։
― Այո֊այո, ― համաձայնեց պրոֆեսորը։ ― Իսկապես։ Մենք զբաղվում ենք այնպիսի բաներով, որոնք չնախապատրաստված մարդու համար շատ բարդ են։ Դե լավ, այդ դեպքում ես ձեզ ավելի պարզ բան ցույց կտամ։
Մենք քայլում էինք բազմաթիվ դռներ ունեցող միջանցքով, որը Գրողների Միության միջանցքին էր նման, բայց ուներ մի տարբերություն։ Դռների վրա կային փոքրիկ պատուհաններ։ Պրոֆեսորի առաջարկությամբ մեկի մեջ նայեցի և մի տեսարան տեսա, որը ինձ զարմացրեց և որոշ չափով ցնցեց։ Մեծ և ընդարձակ սենյակում (հիվանդանոցային սենյակի նման), լայն երկաթե մահճակալների վրա (որոնք մոտավորապես ութ հատ էին) անամոթաբար զուգավորվում էին մերկ մարդիկ և անում դա ոչ թե ինքնաբուխ, իրենց ցանկությամբ, այլ մասնագետների հսկողության տակ, որոնք ինչ֊որ չափումներ էին անում, ինչ֊որ բան գրի առնում տետրերում և հրահանգում, թե ինչ և ինչպես պետք է անել։ Ես հեռացա պատուհանից և շփոթված նայեցի պրոֆեսորին։
― Ինտերեսա՞նտ, ― հարցրեց նա։
― Նայած ում համար, ― ասացի ես։ Անձամբ ինձ համար այսպիսի պիպ֊շոուները գրավիչ չեն։
― Ի՞նչ֊ի՞նչ, ― հարցրեց պրոֆեսորը։ ― Ինչպիսի՞ շոու։
Պարզվում է, նա նույնիկ չգիտեր, թե ինչ բան է պիպ շոուն։ Դեռ պրոֆեսորի կոչում էլ ունի։
Ես բացատրեցի, որ անցյալում, որոշ վերջնականապես փտած կապիտալիստական երկրներում, օգտագործում էին այդ միջոցը, որպեսզի աշխատավորների ուշադրությունը շեղեն իրենց իրավունքների համար մղվող քաղաքական պայքարից։ Վճարելով միայն մի գերմանական մարկ, կամ քարորդ դոլար, աշխատավորները կարող էին անցքից նայել և տեսնել մարդու զուգավորման տարբեր ձևեր, երբեմն էլ նույնիսկ մարդու զուգավորումը հատուկ սարքերի հետ։
Ի զարմանս ինձ, դա շատ հետաքրքրեց պրոֆեսորին։ Նա սկսեց հարցուփոքրձ անել մանրամասնությունների մասին, ինչպես են կազմակերպված այդ տեսարանները և ինչ է այնտեղ տեղի ունենում։
Ավաղ, ես շատ բան չէի կարող պատմել։ Ազնվորեն ասած, ես մի երկու անգամ, այնտեղ նայել եմ, բայց ընդհանրապես, դրա համար միշտ էլ չի հերիքել կամ մի մարկ, կամ քարորդ դոլար։
Լսելով ինձ, պրոֆեսորը բողոքեց, որ ցավոք սրտի, կոմունիստական ղեկավարները նախաձեռնող չեն և զիջում են իրենց գաղափարական հակառակորդներին այնպիսի կարևոր նշանակություն ունեցող ոլորտում, ինչպիսին է հույզերի ազդեցությունը քաղաքացիների վրա։ Նա խնդրեց ինձ գրի առնել պատմածս թղթի վրա և ասաց, որ հաջորդ անգամ, նա երևի թե Գլխավոր Հնգանկյունին առաջարկություն անի այդպիսի խցիկներ տեղադրել կոմունյանների մասսայական հանգստի վայրերում։
― Բայց դուք արդեն ունեք դա, ― ասացի ես, ցույց տալով դեռ բաց պատուհանը։
― Ինչ եք ասում, ― թափ տվեց ձեռքը պրոֆեսորը։ Այստեղ ուրիշ բան է։ Սա դիտելու համար չէ, սա գիտական հիմնարկ է։ Դուք հասկացա՞ք, թե ինչով են զբաղվում այս մարդիկ։
― Այո, ասացի ես, ― ինձ թվում է հասկացա։
― Ոչ֊ոչ, ― ասաց նա։ ― Դուք ոչինչ չեք հասկացել։ Այս մարդիկ զբաղվում են նոր մարդու ստեղծմամբ։
Ինչո՞ւ եք բացատրում այդ ակնհայտ բանը, ― չհասկացա ես։ ― Դուք կարծում եք, որ իմ ժամանակ, նոր մարդուն այլ կե՞րպ էին ստեղծում։
― Նայն, նայն, ― նա թափահարեց ձեռքերը։ ― Դուք այնուամենայնիվ չեք հասկանում։ Ես խոսում եմ ոչ թե նոր մարդկային օրգանիզմի մասին, այլ այնպիսի մարդու, որը սկզբունքորեն տարբերվում է նախորդներից իր ֆիզիկական, մտավոր, բարոյական հատկանիշներով և քաղաքական գիտակցությամբ։ Կարճ ասած, ես խոսում եմ կոմունիստական մարդու մասին։ Ձեր ժամանանակ այդպիսի խնդիր չէր դրվել։ Այն ժամանակ շեշտը դրված էր դաստիարակության և վերադաստիարակության վրա։ Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, այդ տեսությունը սխալ էր։ Այդ դատիարակությունից մարդիկ ոչ թե ավելի լավն էին դառնում, այլ ավելի վատը։ Դա նույն էր, թե փորձել դաստիարակության օգնությամբ ավանակին ձի դարձնել։
― Այո֊այո, ― ասացի ես։ Միանգամայն համամիտ եմ ձեզ հետ։
― Ուրախ եմ այդ լսել, ― զգացված ասաց պրոֆեսորը։ ― Հիմա մենք ուրիշ ուղի ենք ընտրել։ Մենք որոշել ենք դատարկ բաների վրա ժամանակ չկորցնել։ Մենք չենք դասիտարակում ու վերադաստիարակում, մենք մարդու նոր տեսակ ենք ստեղծում։ Իսկապես։ Վերցնենք ցանկացած կենդանու։ Թեկուզ շանը։ Հասարակ շանը․․․ Թվում է թե, ի՞նչ բան է շունը։ Պարզունակ կենդանի։ Մտծելու կարողություն չունի։ Գլխավորը ռեֆլեկսներն են։ Բայց չէ՞ որ շների տարբեր տեսակներ կան․ որսորդական, պահակային, որոնող, սենյակային, դեկորատիվ․․․ Տեսակներից շատերը հայտնվել են ոչ թե պատահաբար, այլ բազմամյա նպատակասլաց խաչաձևման արդյունքում։ Եթե կարող ենք ստանալ որոշակի հատկություններ ունեցող կենդանիներ, ապա ինչո՞ւ մենք պետք է անտարբեր նայենք, թե ինչպես է մարդկությունը պատահական կապերի պատճառով վերածվում ոչ ազնվական շների ոհմակի նման մի բան։ Ինտերեսա՞նտ։
― Շատ, ― ասացի ես։ ― Չափազանց հետաքրքրիր է։ Իսկ հատկապես ի՞նչ մարդ եք ուզում ստանալ․ որսո՞րդ, պահա՞կ, թե՞ որոնող։ Կամ միգուցե դեկորատի՞վ մարդ։
― Հա֊հա֊հա֊հա, ― բարձրաձայն ծիծաղեց Էդիսոն Քսենոֆոնտովիչը։ ― Դա շատ հետաքրքիր հարց է։ Երևի թե արժե ստեղծել նաև դեկորատիվ մարդ։ Ոչ, թանկագինս, դուք սխալ հասկացաք ինձ։ Մենք ցանկանում ենք միևնույն տեսկաի մեջ, ստեղծել տարբեր մարդիկ տարբեր նպատակների համար։ Միգուցե հիշում եք, թե ինչ էին անում կուլտիստները, վոլյունտարիստները, կոռուպցիոնիստները և ռեֆորմիստները։ Գիտնականներին ուղարկում էին կարտոֆիլ տեսակավորելու, խոհարարուհուն ստիպում երկիր կառավարել, ԲԵԶՈ֊ի աշխատակիցները փորձում էին վեպեր գրել։ Դա կադրերի հիմար և հակագիտական վերաբաշխում էր։ Հիմա ամեն ինչ այլ կերպ կլինի։ Հիմա մենք կստեղծենք տարբեր պահանջարկներին համապատասխանող մարդկանց տարբեր տեսակներ։ Օրինակ, արդյունաբերության և գյուղատնտեսության համար, մենք ուզում ենք ստանալ բարեխիղճ բանվորներ ու գյուղացիներ։ Այդ նպատակով մենք վերցնում ու զուգակցում ենք արտադրության առաջավորներին։ Այն զույգերը, որոնց դուք տեսաք, կազմված են միմիայն կոմունիստական աշխատանքի հերոսներից, ռացիոնալիզատորներից և գյուտարարներից։ Մենք աշխատում ենք ստանալ նաև տարբեր հակումներ ունեցող մարդկանց․ զինվորներ, սպորտսմեններ, գիտնականներ, ղեկավար կադրեր։
― Ասացեք, ― հետաքրքրվեցի ես, ― դուք պատրաստվում ե՞ք գրողներ ստեղծել։
― Նատյուրլիխ, ― բղավեց նա։ ― Բայց գրողների հետ մի քիչ բարդ է։ Մենք նկատել ենք, որ գրողները բաժանված են երկու հակադիր խմբերի։ Մեկը զարգացած գեղարվեստական մտածողություն ունի, բայց հետ է մնացել գաղափարական զարգացումից։ Ուրեմն այսպես։ Մենք ուզում ենք ստեղծել այնպիսի գրող, որը իր մեջ կմիավորի գեղարվեստական տաղանդը կոմունիստական գաղափարախոսության հետ։ Այդ պատճառով մենք խաչաձևում ենք ոչ թե տղամարդ գրողին կին գրողի հետ, այլ գրողին՝ մարկսիստ պրոֆեսորի հետ։
― Իսկ ստեղծել այնպիսի մարդ, որը իր մեջ միավորի բոլոր լավագույն հատկանիշները, դուք այդ մասին չե՞ք մտածել։
― Ա՜հ, ― ասաց պրոֆեսորը և սրտնեղած թափ տվեց ձեռքը։ ― Ոչ միայն մտածել եմ, այլև չնայած դժվարություններին որոշ հաջողությունների եմ հասել։ Հասկանում եք, այդպիսի մարդ հին ձևով ստանալ հնարավոր չէ։ Երկար տարիներ տարբեր ականավոր մարդկանց, բազմաթիվ հանճարների, ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, գրողների, ռեժիսորների, աշխատանքի հերոսների, Նոբելյան մրցանակակիրների գենետիկանան նյութ՝ սերմնահեղուկ էի հավաքում։ Ես դուրս էի քաշում խրոմոսոմը խրոմոսոմի ետևից, ստեղծում տարբեր միացումներ։ Դրա վրա ծախսեցի երևի թե երեսուն տարի․․․
― Երեսո՞ւն։ ― Ես կասկածանքով նայեցի նրա երիտասարդ դեմքին։
― Դե, միգուցե ոչ թե երեսուն, այլ ավելի քիչ։ Կարևորը դա չէ։ Ես անընդհատ փորձեր էի անում։ Երբեմն ինչ֊որ բան ստացվում էր։ Բայց ոչ ամեն ինչ։ Երբեմն ծնվում էին կույր, խուլ, առանց ոտքերի և ձեռքերի մարդիկ։ Ոմանք ունեին ընդունակություններ, ոմքանք՝ ոչ։ Մի անգամ ես ստեղծեցի մտավորական։ Գլուխը շոգեկաթսայի չափ սարքեցի։ Այդ կաթսան լցրեցի մարդկության կուտակած տարբեր գիտելիքներով։ Նա ազատ խոսում էր տասներկու և կարդում բոլոր գոյություն ունեցող լեզուներով։
― Նա, հավանաբար, մեծ գիտնակա՞ն դարձավ, ― ենթադրեցի ես։
― Ի՜նչ եք ասում, ― Էդիսոն Քսենոֆոնտովիչը վշտացած թափահարեց ձեռքը։ ― Նա ուղղակի հասարակ մտավորական էր։ Գլուխը մեծ էր, գիտելիքները շատ, իսկ նոր մտքեր չուներ։ Ստիպված անիգիլիրացրեցի։
― Ինչ արեցի՞ք, ― հարցրեցի ես զարմացած։
Ես լուծեցի նրան ծծնբաթթվում, ― ասաց պրոֆեսորը անտարբեր։
― Մեղք չէ՞ր, ― սարսափեցի ես։
― Ոչ, մեղք չէր։ Այդպիսիներին բնությունը առանց ինձ էլ անհամար քանակությամբ է ստեղծում։ Բայց վերջ ի վերջո, ես հասա իմ նպտատակին։ Ւնձ հաջողվեց ստեղծել իդեալական հանճար։ Նա հանճարեղ էր բոլոր ասպարեզներում։
― Ինչո՞ւ էր։ Դուք նրա՞ն էլ աննիգիլիրացրեցիք։