Changes
/* Աստղեր */
[[Պատկեր:Ալիշան.png]]
Վարդան վարդապետը Հեթում թագավորին գրում է, թե Սեթի որդին՝ Ենովսը, «արար նշանագիրս, և կոչեաց անուանս Մոլորակացդ» (արդյոք ի՞նչ լեզվով)։
Մեր հին անունները հիշեցնում են վերոհիշյալ հին ժամանակի մարդկանց արհեստները և միաժամանակ այն ձևերը, որոնցով նշանակում էին մոլորակները՝ փոխանակ նրանց անունները գրելու․ <i>Լուծ</i>֊ը՝ արորադրող (հող վարող) եզների վզին դրվածը, <i>Եղջերու</i>֊ն՝ որսորդությունը, <i>Ծկրավոր</i>֊ն անծանոթ է և գրված պես֊պես, ինչպես՝ <i>Ծկավոր</i>, ինչը մեր բանասերներից մեկը թարգմանում է «համառ», կամ <i>Ծպավոր</i>՝ զգեստի փեշի կամ կախ մասի նշանակությամբ, որ ծոպն է։ Սակայն թվում է, թե <i>Ծկոր</i> նշանակում է նաև ուրիշ, հատուկ մի բան։ Մոկքի և Ռշտունիքի միջև՝ Կարկառի վիճակում, կա այդ անունով մի գյուղ։ Արևելագետները ասորական արձանագրությունների մեջ կարդում են <i>Ծկուրատ</i>՝ բոլորակ և պարուրաձև աշտարակի կամ դիտանոցի նշանակությամբ։ Ավետիս Ամդեցին իր տոմարագիտության մեջ գծել է ․ կշեռքի՞ է նման, թե՞ այլ բանի։ <i>Արտախույր</i>֊ը սովորական իմաստով հատւոկ գլխանոց կամ վերարկու է, այլ ոչ պարզ գդակ։ <i>Փեռազնոտի</i>֊ն կամ <i>Փառազնոտի</i>֊ն, որ գրված է նաև <i>Փառանձնոտ</i>, ավելի անծանոթ է և ավելի դիցաբանական է թվում։
Արտախույրը՝ ըստ կարգի չորրորդը, հատկացնելով արարչության չորրորդ օրվան՝ Զաքարիա կաթողիկոսը գրում է․ «Էացուցեալ զարեգակն՝ [Աստուած] եդ ի հատուածն առաջին՝ ըստ եբրայական ամսաթուին, և իշպանութիւն աստեղն Արտախուրի փայլեալ յարեւելից»։ Ծննդոց գրքի մի մեկնիչ այս անունն ունեցող մոլորակներին տալիս է մեկական տարրի նշանակություն ասելով․ «Ցոյցք մարդկան արուետք են հինգ աստղն․ Լուծ՝ հող, Եղջերու՝ Ջուր, որ է այծ(՞)։ Արտախոյր՝ զմիտսն ասէ որ ի գլուխն․ Ծպաւոր՝ զզգեստն ասէ, որ է Օդն․ Փառազնոտ՝ զհուրն»։
Հեթանոսները (ըստ Անանիա Շիրակացու) բարերար էին համարում Լուսնաթագն ու Արուսյակը, խարդախ կամ չար՝ Երևակն ու Հրատը, «իսկ Փայլածուն՝ հասարակաց բնութիւն»։
Մոլորակներ ճանաչելը գալիս է շատ հնուց և աստղաբաշխության մեջ ծանոթ է ուսանողներից յուրաքանչյուրին։ Մեր շատգետ Վարդան վարդապետը (պատմիչը), Եղիշի Ծննդոց գրքի մեկնությունից առնելով, գրում է․ «Ի վեր քան զեօթն մոլորակս՝ եօթն այլ աստղ կայ նշանաւորք, յոյժ ցրտագոյն և ամենեւին սառնամանիք․ և են ի մէջ մոլարիցն և անմոլարից, և զհրաբորբոք ջերմութիւն արփոյն՝ նոքա յինքեանս առնուն» Մեկ այլ վարդապետ, նույն Եղիշեից առնելով, այս յոթ աստղերը կոչում է Ամպար աստղեր, թվում է՝ Անպար, այսինքն՝ անշարժ, ինչպես համարվում է բևեռը։
Գրեթե բոլոր ազգերին քաջածանոթ այս աստղը կամ աստեղերը երկրի հյուսիսային կողմի վերևում են, որին նմանը կա նաև երկրագնդի հակադիր կողմում, և մեզանում դրանք կոչվում են Հյուսիսային ու Հարավային բևեռները իբրև առանցքի ծայրակետեր, որի շուրջը պտտվում է երկինքը (ֆրանսերեն Poles)։ Երկրի մեծ մասի համար դիտարկման և նավարկության ուղեցուց է եղել Հյուսիսային բևեռը։ Սրա մոտերքում Բազմաստեղքը (Pleiades)։ Մենք չգիտենք՝ այս անունը բնիկ ազգայի՞ն է, արևելյա՞ն է, թե՞ հունական։ Ըստ հույների այս աստղերը յոթն են և Ատլասի ու Պլեյոնի դուստրերն են։ Հոբի գրքի մեջ այս անունով են թարգմանել մեր նախնիները․ «Խելամո՞ւտ իցես կարգի Բազմաստեղաց» (ԼԸ, 31): Ոմանք Բազմաստեղքը նույնացնում են Բևեռի լծորդ Սայլ կամ Սայլք աստղերի պարին<ref>Ինչպես այստեղ, մեկ այլ տեղում ևս Զաքարիա կաթողիկոսը ասում է․ «Ծիր և մէջ երկնից է հանդէպ Սայլաթափիդ, ուր և Բեւեռքդ են զկողմամբ հիւսիսոյ»։ Հոգնակի է գրում ( <i>Բեւեռք</i>), թեև հիշատակում է միայն հյուսիսայինը։</ref>, որ յոթ աստղեր են՝ նման բոլորին ծանոթ կառքի չորս անիվների՝ ղեկի ձևով շարված երեք ալ աստղերով, որոնք օտար լեզուներով կոչվում են Մեծ ու Փոքր արջ և այդպես էլ թարգմանվում են մեզնաում։ Բայց հին հայերի մեջ, ըստ երևույթին, չի մտել հունական այն այլանդակ մտածողությունը, թե իբր Կալիստոն՝ Արամազդի մի կինը, փոխակերպվել է արջի, և որդին՝ Արկասը, նրան տեսնելով ու չճանաչելով, ուզել է նետահարելով սպանել նրան։ Արամազդը մայրասպանությունը խափանելու համար երկուսին էլ շանթահարում է ու փոխակերպում այս երկու արջային համստեղություններին, որոնցից մեծը Արկասի և արջի անունով կոչվում է Արքտորոս։ Նախնյաց թարգմանական մի գրվածքում ասվում է․ «Հիւսիսային աստեղքն՝ որ յոմանց Արքտորոս կոչին, իսկ յոմանց՝ Հեփտաս ազրոն (Е рфбт Ьсчфпт), իսկ յերկրագործաց՝ Սայլ, և ի նաւավարաց՝ Բազմոյթ»։ Եթե շարված աստղերը ըստ ձևի Սայլ ենք անվանում, մեկ այլ հին և ծանոթ ավանդությամբ էլ մեզանում Սայլաթափ է կոչվել նույն Մեծ արջը կամ Փոքր արջը։ Զաքարիա կաթողիկոսը մի քանի այլ համաստեղությունների հետ հիշտակաում է և այս․ «Բեւեռքդ, որ կան ի մէջքն և ի ծիր և ի կուտակ երկնից՝ փոքր ինչ վերամբարձ քան զՍայլաթափդ, և նա է մէջասահման երկնից, ոչ ուրեք ճանապարհագային հեռաւորութեամբ․ և համօրէն բոլոր համաստեղատունքդ՝ զնորքօք պարառեալ շրջագային․ և Ծիրածանս՝ որ հատանէ զերկինս՝ իբրեւ զԾիր կաթին երեւեալ, և իբրեւ զկաճ շրջագայի, զոր մանկտիդ ի խաղսդ վարեն, այնպէս պարաբերի յարեւելս և յարեւմուս, ի հիւսիսի և ի հարաւ․ և յառաւել խտութենէն միաշար և առանց միջոցի երեւելս և յարեւմուս, ի հիւսիսի և ի հարաւ․ և յառւել խտութենէն միաշար և առանց միջոցի երեւին․ զոր գեղջուկքդ Յարդագող անուանեն» <ref>Մեր հին տոմարագիրներից մեկը ասում է․ Հաստատութիւն [երկնից]․․․ երեւի ի միջի նորա Սայլն, որ շրջանակելովն պահէ և գոչէ առանց բանի, և Հայկնն և Բազմաստեղն պատեն զկողմն հարաւոյ և ընդդէմ սահմանաց Սայլին որ երեւի ըդն ի նմա Լուսինն ի ստորնային կողմն, հանդիպի սահմանաց երկրի, և լնու և պակասի․ և գնայ իմա Արեգակն՝ պատելովզամենայն սահմանս նորա»։</ref>։
Մեզանում Սայլն ունի այլ անուններ ևս։ Դրանցից է <i>Ալավունք</i>֊ը, որի ստուգաբանությունը անհայտ է։ Հին հայկական մի անվադություն են գուշակել տալիս <i>Բազումք</i>֊ը և <i>Բազմույթ</i>֊ը․ գուցե սա ոչ այնքան բազմության իմաստն ունի, որքան բազմելու՝ որպես սայալավարի նստարան։ <i>Գուպարք</i>֊ը իբր աստղերի (թերևս կռվարար) մի խմբի անունն է։ Կա նաև Վեցկի անունը․ ըստ ռամիկների՝ Գութանի աստղ։
Սայլի չորս կողմերի քառակուսին ձևացնող աստղերն էլ Խաչաստղ են կոչվում։
<i>Ջով</i> անունը նշանակում է Սայլը կամ Բազմաստեղը․ նրա ծագումը մեզ անհայտ է։ Նույնը վերաբերում է նաև <i>Աստղակույտ</i> անվանումը։ Եվ ավելի հեթանոսական է Մանկունք Զրվանա անունը, որ պարսկերեն աղանդ է հիշեցնում։ Այս մեկ կամ երկու աստղերի պարերի այսքան շատ անունները չէին կարող լինել միայն մեր ընտիր թարգմանիչների մտքի ծնունդ, այլ գալիս էին նրանց հին և հեթանոս հայրերի հավատքից ու զանազան ավանդություններից։ Իսկ դրանց յոթ թիվը տարածված է նաև այլ ազգերի մեջ, և կարող ենք ասել Ս․ գրքի ավանդությամբ։ Մեր քրիստոնեական հավատքում էլ հաճախակի է դարձել <i>Երկնքի յոթնաստեղյան խորաններ</i> ասելը՝ իբրև երկնքի յոթ մասերը կամ կարգերը՝ մեկը մյուսից բարձր։
Վերոհիշյալ կաթողիկոսի հիշատակած մի աստղակույտն էլ աստղաբաշխության ամենանշանավոր մասերից մեկն է, ինչը արևմտյան ազգերի մեջ կոչվում է Ծիր կաթին՝ ըստ հույների առասպելի։ Այն իբր գոյացել է Հերայի կողմից Հերակլեսին կաթ տալու ժամանակ թափթփած կաթից (!)։ Դա երկնքի երեսին տարածված ընդարձակ և երկար, նվազ կամ ճերմակ լույսով մի տարածություն է, ինչին կաթողիկոսը տալիս է <i>ծիածան</i>֊ից տարբեր՝ <i>Ծիրածան</i> անունը։ Հայերս սրա վերաբերյալ ունենք յուահատուկ ազգային ավանդություն, ինչը հիշատակում է Անանիա Շիրակացին<ref>Սա հիշատակում է հույների այլևայլ առասպելական զրույցները, որոնցից մեկն էլ, որ տգետագույնների պատմածն է, ասում է․ «Առագաստ Պերսեփոնայ, զոր Սպիտակ սուգ կոչեցին Աթենացիք»։</ref>. «Ոմանք յառաջնոցն Հայոց ասացին, թէ ի խիստ ձմերանի՝ Վահագն նախնի Հայոց՝ գողաավ զյարդ Բարշամայ Ասորեստանեայց նախնոյ․ զոր և մենք սովորեցաք բնախօսութեամբ Յարդագողի հետ անուանել»<ref>Մեկ այլ տեղում գրում է․ «Ոմանք Կարթ ծիրանագոլ ասաին, և կէսք՝ Հին Արեգական ճանապարհ․ և այլոք Կառս երկնից՝ կէսք Պատառումն, կէսք Սպիտառեալ(՞) և կէսք Յարդագողս զհետ աստուածոցն․ իսկ ոմանք Մսուր և Կայան օդոյն անուանեցին։ Այլ ոչ է այդ ամենայն, այլ թաղկեալ հուր է, և մանր աստեղացն ցոլացումն լուսոյ»։</ref>։ Ահա ավելի լավ մի առասպել, քան հույների պիղծերը։ Եվ զարմանալի է, որ թուրքերենում ևս երկնքի լուսավոր գոտիանման կամ գետանման մասը կոչվել է <i>Սաման յոլու</i> (ճիշտ «հարդի հետք») կամ <i>օղրուսու</i> («գողացող»)։ <i>Ճանապարհ Արեգական</i> հին անվանումը թերևս տվել են որոշ աստղաբաշխներ, որոնք հիրավի համարում են, որ Արեգակը մասնակիորեն շեղվում է Կենդականամարի գծից։ Դարձյալ հույները սրա նման իրենց Վահագնի՝ Հերակլեսի մասին ասում էին, թե եռագլուխ Գերիոն թագավորին (Էրիթեոս կղզու) և նրա երկգլուխ շանը սպանելով՝ նախիրները քշեց֊տարավ, և դրանից ձևավորվեց այդ երկնային ճամփան, ինչը հիշելով՝ Փիլոն Եբրայեցին էլ «կամար շութափ արագընթաց Յարդագողի» է կոչում՝ ըստ մեր թարգմանչի։ Եվ քանի որ հարդը դրվում է ախոռում և անասունների մսուրում, ասվում է նաև <i>Մառք մսուրի</i>, ինչպես գրում են հնում․ «Օդքն երկնայնոցն են Կառս մսրի, զոր ի հայերէն բարբառ Յարդագող կոչեն․ և այս է Մսուր՝ աման օդոցն փանձրայնեաց, զոր տեսանեմք ի գոյն սպիտակարանի»։ <i>Սպիտակարան</i> նշանակում է «բուռ, գաջ», որով պատ են ճերմակացնում։
Հարդագողը կոչվել է նաև Հեծանոց, անշուշտ, հարդը հավաքող և ցրող փայտի պատճառով, քանզի բառը այդ է նշանակում։ Հիմա էլ ռամկորեն կոչվում է <i>Սանամոր դարմանագող</i>, իհարկե, Վահագնի և Բարշամի մասին ավանդության նման մի ավանդությամբ։
Զաքարիա կաթողիկոսի ճառում գրված <i>Ծիր կաթին</i> և <i>Ծիրածան</i> անվանումները մեզ հիշեցնում են <i>ծիախան</i> անունը։ Մեզանում սովորաբար այդպես է կոչվում երկնքի երեսից կախված՝ անձրևի ու լույսի շաղվածքի գունագույն, բայց սակավատև ու գեղեցիկ կամարը, որ աշխարհակուլ ջրհեղեղից հետո, ինչպես ասում է Ս․ գիրքը, Աստված ցույց տվեց մարդկանց՝ իբրև հիշատակի նշան, որ այլևս «ոչ եւս եղիցի ջրհեղեղ ջուրց՝ ապականել զամենայն երկիր, զԱղեղն իմ եդից յամպս, և եղիցի ի նշանակ յաւիտենական ուխտեին ընդ իս և ընդ ամենայն երկիր․ և եղիցի ի գումարել ինձ զամպս ի վերայ երկրի, երեւեսցի Աղեղն իմ յապս, և յիշեցից զուխտ իմ որ ընդ իս և ընդ ձեզ»։
Օդում տեսանելի այս այլևայլ գույները նշմարելով հիրիկ ծաղիկի վրա, որը հռոմեացիները և հույները <i>իրիս</i> (Iris) են կոչում՝ ստեղծեցին Հերայի իրիս անունով նաժիշտին, որին հավատարիմ ծառայության համար տիկինը փոխարկում է ծիածանի կամ նրա վրա եղածի։ Հայերեն անունը ընծայում է թե՛ ծավալման, և թե՛ ցոլացման իմաստ։ Գույներից երկուսի՝ հայերի աչքին առավել զարնվելու պատճառով օդեղեն երևույթը ռամկորեն կոչել են <i>կարմիր֊կանաչ</i> և ավելի հստակ ու ընդհանուր՝ <i>ծիրանի գոտի</i>։ Իսկ Անանիա Շիրակացու՝ կոչվել է նաև Աստվածակամար, բայց թվում է՝ քրիստոնյաների կողմից, ինչպես ներկայումս ժողովուրդն ասում է <i>Աստվածածնի գոտի</i>։
===Հայկ===
Վահագնին երկնքում դասող հայերը, իհարկե, չէին կարող իրենց գերագույն դյուցազնին՝ Հայկին, տալ այլ տեղ, քան ամենապայծառ աստղատունը, որը արևմուտքում կոչում են Օրիոն (ЩсЯщн)։ Օրիոնը ծովի չաստված Պոսեյդոնի կամ Նեպտունի և Էվրիալեի առասպելյան որդին է, քաջ աստղագետ և որսորդ, որ հանդգնում է Անահիտի հետ մրցել նետաձգության ասպարեզում և վերջինիս նախանձից կարիճի խայթոցից մահանում է։ Դիցուհին զղջում է և նրան փոխակերպում է մեծապայծառ աստղի։ Հայերի ավանդությունն էլ իրենց Հայկին գրեթե զուգահավասարում է հունականին։ Իբրև Հայկի հատնակիշ՝ նշվում է քաջ աղեղնավոր լինելը և իր երեքթևյան նետերով իր ախոյանին՝ Բելին, սպանելը։ Հայկը համարվում է առաջին տոմարադիրը, որ ժամանակի և տարվա չափն ու շրջանը որոշողն է։ Եվ սա, իհարկե, արվում է աստղագիտությամբ։ Այս երկու առավելություններով Օրիոնն ու Հայկը իրար նման են։ Վերջինս միշտ <i>ն</i> տառի հավելումով կոչվում է Հայկն, երբ հիշվում է որպես աստղ կամ աստղատուն։ Թեև, ըստ աստղաբաշխների, պայծառագույն աստղը մեկն է (որ, ըստ նրանց, առանձին անունով կոչվում է Betelgeuse կամ Adaher), այլ աստղերի հետ կազմում է մեկ համաստեղություն կամ պար, ինչը (նաև ուրիշները) երկնագրության կամ աստղացույցի վրա նշանակելու համար կերպավորում են (կենդանու կամ) մարդու կերպարանքով և աստղերը շարում են նրա այլևայլ մասերի վրա՝ յուրաքանչյուրին տալով զատ֊զատ անուններ։ Այսպես և (մնացածը թողնելով) զատ֊զատ անուններով երեք միաշար պայծառ աստղերը, որ կոչվում են նաև Երեք թագավոր, համարում են Օրիոնի գոտի։ Սա թերևս լինի հայերի իրենց նախահայր դյուցազնի անունով Շամփուրք Հայկին կոչվածը։ Հասկանալի է, թե սովորական իմաստով ինչ է նշանակում <i>շամփուր</i> (միս խորովելու երկար մետաղաձող, նաև զենքի ու սպանության սլաք), բայց <i>շամփրակ</i> և <i>շամփրակ</i> մեր հին լեզվով նշանակում են նաև «պսակ»։ Որն էլ լինի, Օրիոնի պես Հայկի հետ հատուկ և նախորդի նման մի բան էլ է զուգորդվում<ref>Հայկի կամ Օրիոնի անվան եբրայերեն փոխանակը <i>Շօ,աթ</i>֊ն է։</ref> Ապա՝ Օրիոն որսորդը ունի նաև երկու շուն՝ մեծ ու փոքր, որոնց վզկապները բռնել է ձեռքով։ Հայկը իր ոսոխ Բելին ու նրա զորքը ևս կոչեց <i>շուն</i>։ Որքան էլ այս պատմությունները համարվեն առասպելներ ու վիպասանք, երկու բան պիտի իմանանք․ նախ՝ Օրիոնի և Հայկի նմանությունը, և ապա՝ այն, որ եթե դա նույնիսկ լինի մեր հին հայկազունների գյուտը, և եթե մեր երանելի ու քաջ թարգմանիչներն են Հայկին պայծառագույն աստղատանը տեղավորել, դրսևորել են ազգային պանծալի մտածողություն․ նույնիսկ եթե Հայկը հնարված լիներ, սուրբ են նրանք, ովքեր մեզ ընթերցել են տալիս Ս․ գիրքը և լսելի են դարձնում Աստծու՝ իր ամենակարողությունը ցույց տալու ձայնն առ Հոբը (ԼՂ, 31)․ «Միթէ դո՞ւ բացեր զՊատրուակ Հայկին», և եսայի մարգարեի շուրթերով իր զորության սպառնալիքը բաբելացիների բռնավորներին․ «Ահաւասիկ օր Տեառն հասեալ է անհնարին լի բարկութեամբ, ոխակալութեամբ, սրտմտութեամբ, առնել զտիեզերս անապատ․․․ զի աստեղք երկնից՝ Հայկիւն հանդերձ և ամենայն զարդուն երկնից՝ լոյս մի՛ տացեն» (ժԳ, 10)։ Ավա՜ղ, լատիներեն թարգմանության մեջ աստղերի այս դասապետը չի հիշատակվում, այլ ասվում է միայն <i>պայծառագույն աստղեր</i> (Stellae coeli et splendor earum), իսկ Հոբի հիշատակած <i>Հայկի պատրվակ</i>֊ի<ref>Հունարեն ЦсЬгмб, որ նշանակում է «հատուկ ցանկով փակված»։</ref> փոխարեն ասվում է․ «Կարո՞ղ ես Արկտուրուսի (Հայկի) շրջանը շփոթել կամ դադարեցնել» (Gyrum Arcturi poteris dissiapare?)։ Մինչ այստեղ Հայկի, այսինքն՝ Օրիոնի անունը հռոմեացիների մոտ լռություն է մատնված, իսկ այլ տեղում (Թ, 9) Արկտուրուսը և Օրիոնը հիշատակվում են միատեղ (Qui facit Arcturum et Oriona et Hyades et Interiora austri), որին հակառկ՝ մեր թարգմանության և հունարեն բնագրի մեջ Հայկի անունը չկա, այլ գրվում է․ «Որ արար զԲազմաստեղսն և զԳշերավարն, և զՍայլն, և զՇտեմարանս Հարաւոյ»<ref>Հուարենը ФбмйуЯбт ньфпн է «հարավի ներքնակողմը»։</ref>։ Այս վերջին անունը ևս դիտելի է որպես հայկական անուն մի համաստեղության, որը լատիներեն ճանաչել է տալիս որպես երկնքի հարավային կողմերի խորքերում ծածկված աստղեր, որոնց փոխարեն, եթե հայերենի ներկայացրածը մի ազգային առասպել էլ չակնարկի, միշտ վսեմական է <i>Շտեմարանք հարավի</i> կոչելը։ Եվ արդարև, հարավային համաստեղությունները, թեև պայծառ են, սակայն մարդկանց բազմությանը ավելի սակավածանոթ ու անտեսանելի են, քան հյուսիսայինները։
Բայց մեզ համար առավել հետաքննելի էր իմանալ, թե ըստ հայոց հին ավանդության՝ ինչ էր <i>Հայկի պատրվակ</i>֊ը<ref>Ավետիք Տիգրանակերտցին հարցնում է ու պատասխանում․ «Զինչ է Պատրուսակն․ ― Պատասխանի․ ― Երեք է, մինն այն է՝ որ ի գունտն աստեղաց վեց կերպիւ մի քան զմի մեծ աստեղք կան, որ կոչին առաջին մեծութիւն, բ, գ, դ, ե, զ․ արդ առաջին մեծութենէն քանի աստեղք որ կան ի հաստատութեանն նոքա կոչին Պատրուսակք։ Երկրորդ, Լուսաբեր մոլորակի այսինքն Զօհրէի անունն է։ Երրորդ է ինչ աստղ որ ի գոլորշեաց ծնանի, և ի ժամանկս ժամանակս երեւի ի յոդդ՝ իբրեւ զԼուսին, որ շառաւիղն ծածկէ զամենայն աստեղս։ Արդ ի մէջ գրոց յորժամ տեսանես Պատրուակ, ըստ տեղոյն և շարադրութեանն իմասցիս՝ թէ որ պատրուսակիցն է, և Յոբ ի գրիս իւր յիշեալ է։ Այլ և յատուկ Պատրուակ Հայկն է, որ է Շամփրներն, իւր մեծամեծ աստեղօքն մերձակայիւքն»։</ref>, որ նոր դեպք կամ հիշատակ էլ է ավելացնում նրա ստույգ կամ վիպական պատմությունը։ Այս պատմության մնացորդը ըստ աստղապաշտական տեսության լրացնելու համար (մեր գիտության չափով) ավելացնեմ, որ ըստ ոմանց՝ Հայկ է կոչվում նաև Կենդանակերպի Կշեռք համաստեղությունը (Արեգակի 12 տներից մեկը), որի թաթերը երրորդ կարգի մեծության երկու աստղեր են։ Ոմանք Կշեռքը և Շամփուրք Հայկինը նույն են համարում, ինչպես ասում է նաև երեմիա մեղրեցի բառարանագիրը․ «Հայկն՝ Կշիռն է, զոր ոմանք Շամփուրս ասեն»։ Եվ մինչև հիմա շինականները այդ կողմի աստղերը կոչում են Շիշ և Շամփուր, Քար և Կշեռք։ Ոմանք Հրատ մոլորակը ևս համարում են Հայկի անուոնվ կոչված։ այս շիկակարմիր մոլորակը և նրա պատերազմի չաստված անձնավորը (ըստ հռոմեացիների՝ Mars, ըստ հույների усзт` Արես) անպատշաճ չէին մեր՝ պատրեազմի և քաջության նախօչինակ, խայտակն ու քաջագանգուր կոչված Հայկի կերպարանքին ու արիությանը, մանավանդ եթե ներվի վերոհիշյալ Օրիոն֊Հայկ գլխավոր աստղի անունը (Adaher) <i>Ադրահեր</i> կարդալը, այսինքն՝ «հրագիսակ, հուր֊հեր»՝ ըստ Վահագնի։ Այս իամստով (իբրև Հրատ֊Արես) աղթարքները ասում են, թե Հայկի աստղատան ներքո ծնվածը կմեռնի երկաթից։
Վերը հիշեցինք Օրիոնի (Հայկի) շները, որոնք Ադահեր մեծ աստղի հետ աջ ու ձախ կողմերից հյուսիս ուղղված եռանկյուն են ձևավորում։ Մեծը, որն աստղերից ամենապայծառն է, և որն աստաբաշխները կոչել են Սիրիուս (Sirius), մերոնք անվանում են ահտուկ Շնիկ աստղ․ դա եգիպտացիների Սոթիս կոչվածն է, որից էլ՝ Սոթիական շրջանը, ինչը մեզանում կրում է Շրջան Հայկին անունը, որի ինչ լինելը այլևայլ անգամներ բացատրվել է մեր օրերում։ Այստեղ թող բավական համարվի նորից միտքը անդրադարձնել Հայկի հնության ու աստղագիտության վրա՝ հավասար կամ բաղդատված եգիպացիների հետ, որոնք Սոթիական կամ Շնիկի 1461-1460 նահանջ և աննահանջ տարիների շրջանում միացնում են կրոնական ու քաղաքական տարիների սկիզբը։ Արդ, կամ Շնիկն էլ Հայկն համաստեղության մասը կամ նույնը համարելու, կամ հնում այս շրջանի ստույգ ծանոթության պատճառով և սրա անունով հայերիս մեջ կոչվեց Շրջան Հայկին, որով և նրա դյուցազնական պատիվն էլ մի նոր հաստատություն է առնում։
Հայտնի չէ՝ Փոքր շան մեծագույն աստղը, որ պրոկիոն է կոչվում, հայերեն հատուկ անուն ունե՞ր, թե՞ ոչ։ Նրա լույսը հազիվ է հավասարվում Մեծ շան լույսի մեկ երրորդին։ Շնիկը իր պայծառության համար կոչվում է նաև Արամազդի աստղ։
Հայերեն անուններով ծանոթ համաստեղությունից մեկն է Եզողը, որ, թեև թվում է օտար լեզվից արված թարգմանություն (ինչպես և ֆրանսերեն Bouvier֊ը), նաև գրվում կամ կոչվում է Զովաղ կամ Զովող։ Սրա գլխավոր աստղը վերոհիշյալ Արկտուրուսն է (Arcturus) ամենամեծ ու պայծառ աստղերից մեկը, որը և՛ ունի գունագույն ցոլմունք, և՛ նրա փոփոխությունները ավելի հայտնի են երևում, քան մյուսներինը։ Հավանական է, որ սա էլ է ունեցել հայերեն հատուկ անուն, գուցե և Գութանի աստղն է, որը հիշատակվեց Սայլի հետ։
<s>լրացվելիք</s>