Changes

Կորուսյալ աշխարհ

Ավելացվել է 54 949 բայտ, 20:49, 7 Հունիսի 2014
/* Գլուխ XIV «Այդ իսկական հաղթանակ էր» */
― Նեգրի բերանով ճշմարտությունն է խոսում, ― համոզված ասաց Սամերլին։ ― Բավական են արկածները, մանավանդ, որ նրանք իրենց բնույթով բոլորովին մեր աստիճանի մարդկանց համար չեն։ Չելենջեր, հիշեցնում եմ ձեզ ձեր խոսքերը։ Այսուհետև դուք պետք է մտածեք միայն այն մասին, թե ինչպես դուրս գանք այս ահավոր երկրից և վերադառնանք քաղաքակրթված աշխարհ։
 
 
==Գլուխ XV «Մեր աչքերի առաջ այնքան հրաշքներ բացվեցին»
 
 
Օրեցոր առաջ եմ տանում օրագիրս և այնուամենայնիվ սպասում այն րոպեին, երբ կարելի կլինի գրել, որ մեր գլխին կախված ամպերը ցրվեցին, ու արևը դուրս նայեց նրանց միջից։ Մինչև հիմա չգիտենք, թե այստեղից ինչպես դուրս գանք, և դառնորեն գանգատվում ենք ճակատագրից։ Բայց և այնպես ես բոլորովին պարզ պատկերացնում եմ, որ երբևէ շնորհակալությամբ կհիշենք այս հարկադրական հապաղման մասին, որը հնարավորություն տվեց դիտելու Մեպլ֊Ուայտի Երկրի նորանոր հրաշքները և նրա բնակիչների կյանքը։
 
Հնդկացիների հաղթանակը մարդակապիկների ցեղի դեմ մեկեն փոխեց մեր վիճակը։ Այդ օրվանից մենք դարձանք սարահարթի իսկական տերերը, որովհետև բնիկները երկյուղով ու շնորհակալությամբ էին նայում մեզ, հիշելով, որ մեր հրաշագործ ուժը օգնեց նրանց հաշիվ տեսնելու իրենց վաղեմի թշնամիների հետ։ Նրանք, հավանորեն, դեմ չէին լինի, եթե այդ հզոր ու հանելուկային արարածները բոլորովին հեռանային սարահարթից, բայց ըստ երևույթին վայրէջքի ճանապարհը անհայտ էր նրանց։ Որքան հաջողվեց հասկանալ նրանց նշաններից, սարահարթն առաջ դաշտավայրի հետ կապված էր եղել թունելով, որի ներքևի ծայրը մենք տեսել էինք լեռնապարը շրջանցելիս։ Անհիշելի ժամանակներում այդ ճանապարհով սարահարթ էին բարձրացել մարդակապիկներն ու հնդկացիները, իսկ ոչ այնքան առաջ նրանցից օգտվել էր Մեպլ֊Ուայտն իր ընկերոջ հետ։ Բայց մի տարի առաջ այստեղ ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել, և թունելի վերևի մասը պինդ խցանվել էր ժայռի բեկորներով։ Երբ մենք ցանկություն հայտնեցինք իջնել ներքև, հովիտը, հնդկացիները միայն ուսերը թոթվեցին ու բացասաբար շարժեցին գլուխները։ Արդյոք իսկապե՞ս նրանք չէին կարող մեզ օգնել, թե՞ չէին ուզում՝ դժվար է ասել։
 
Հաղթական արշավից հետո հնդկացիները ողջ մնացած կապիկներին քշեցին սարայարթի մյուս ծայրը (աստվա՛ծ իմ, ճամփին նրանք ինչպե՜ս էին ոռնում) և բնակեցրին իրենց քարայրներից ոչ հեռու։ Այդ օրվանից կապիկների ցեղը դարձավ մարդու լիակատար ստրուկը։
 
Գիշերային լռության մեջ հաճախ էին լսվում երկար ու ձիգ աղաղակները որևէ նախնադարյան Եզեկիայի, որը ողորմ էր իր երբեմնի փառքը և կապկային քաղաքի երբեմնի մեծությունը։ Այսուհետև նվաճված կապիկները պետք է գոհանային իրենց տիրոջ՝ մարդու մոտ փայտահատների ու ջրկիրների համեստ դեր կատարելով։
 
Ճակատամարտից երկու օր հետո նորից կտրեցինք սարահարթը և ճամբար զարկեցինք կարմիր ժայռերի ստորոտում։ Հնդկացիներն առաջարկեցին տեղավորվել քարայրներում, բայց լորդ Ջոնը չհամաձայնեց, գտնելով, որ եթե նրանք որևէ դավ նյութեն մեր դեմ, ապա մենք ամբողջովին նրանց իշխանության տակ կլինենք։
 
Գերադասեցինք չկորցնել մեր անկախությունը և, ամենալավ հարաբերություններ պահպանելով դաշնակիցների հետ, համենայն դեպս զենքը պատրաստ էինք պահում։ Հաճախ էինք լինում նրանց քարայրներում, բայց այնպես էլ չպարզեցինք, թե հնդկացիներն ո՞ւմ էին պարտական այդ հիանալի կացարանով՝ իրենք իրե՞նց, թե բնությանը։ Քարայրները փորված էին միևնույն բարձրության վրա, ինչ֊որ փխրուն ապարում, որը տարածվել էր հրաբխային ծագում ունեցող կարմրավուն բազալտի և ամուր գրանիտի միջև։ Վերջինս ծառայում էր իբրև ապառաժների հիմք։
 
Քարայրները գտնվում էին գետնից մոտավորապես ութսուն ոտնաչափ բարձրության վրա, դեպի նրանց մուտքերը տանում էին քարե աստիճաններ, այնքան նեղ ու թեք, որ ոչ մի խոշոր կենդանի չէր կարող բարձրանալ դրանցով։ Ներսում տաք էր ու չոր։ Քարայրները տարբեր խորությամբ էին մտնում ապառաժների մեջ․ նրանց հարթ, գորշ պատերին ձգվում էին ածխափայտիներով նկարած սքանչելի պատկերներ, կենդանիներ, որոնք ապրում էին սարահարթում։ Եթե Մեպլ֊Ուայթի երկրում ոչ մի կենդանի արարած չմնար, ապագա հետազոտողը այդ քարայրների պատերին սպառիչ տեղեկություններ կգտներ նրա տարօրինակ ֆաունայի մասին, քանի որ այնտեղ կար ամեն ինչ՝ և դինոզավր, և՛ իգուանադոններ, և՛ թեփամորթների բոլոր տեսակները։
 
Իմանալով, որ հիմա իգուանադոնները հնդկացիների մոտ ձեռնասուն կենդանիներ կամ ավելի ճիշտ մի տեսակ քայլող մսի պահեստներ են համարվում, մենք կարծում էինք, թե մինչև իսկ այնպիսի անկատար զենքերի առկայությամբ, ինչպիսիք են նիզակը և նետ֊աղեղը՝ մարդն իր լիակատար տիրապետությունն է հաստատել սարահարթում։ Սակայն շուտով համոզվեցինք, որ դա ճիշտ չէ, որ առայժմ նրանց այստեղ հանդուրժում են միայն։
 
Դրաման տեղի ունեցավ քարայրների մոտ մեր տեղափոխվելուց երկու օր հետո։ Չելենջերն ու Սամերլին առավոտից գնացել էին լճի մոտ, ուր բնիկները հարպուններով խոշոր թեփամորթներ էին որսում նրանց համար։ Ես ու լորդ Ջոնը մնացել էինք ճամբարում։ Մեզնից ոչ հեռու, քարայրների առաջ, կանաչապատ զառիվայրին երևում էին գործով զբաղված հնդկացիներ։ Հանկարծ հարյուրավոր ձայներ զիլ կանչեցին․ «Ստո՛ա, ստո՛ա»։ Մեծ ու փոքր ամեն կողմից նետվեցին դեպի քարայրները և իրար հրհրելով սկսեցին քարե աստիճաններով մագլցել դեպի վեր։
 
Հասնելով իրենց կացարանները նրանք ձեռքները թափահարեցին՝ հրավիրելով մեզ որքան կարելի է շուտ միանալ նրանց։ Մենք խլեցինք հրացանները և վազեցինք պարզելու, թե ինչ է պատահել։ Իսկ այդ պահին փոքրիկ պուրակից ամբողջ թափով դեպի մեզ էին վազում տասը֊տասնհինգ հնդկացիներ, որոնց կրնկակոխ հետապնդում էին երկու հրեշ՝ ճիշտ այնպիսիք, ինչպիսին հին ճամբարում հայտնված մեր անկոչ հյուրն էր, և իմ գիշերային հետապնդողը։ Նրանք առաջ էին շարժվում ցատկումներով և նման էին հսկա, նողկալի դոդոշների։ Մինչև այժմ մենք այդ հսկաներին տեսել էինք միայն մթության մեջ, որովհետև նրանք գիշերն են որսի ելնում, իսկ ցերեկն իրենց որջերից դուրս են գալիս միայն այն ժամանակ, երբ նրանց անհանգստացնում են, ինչպես այս անգամ։ Կանգնել էինք՝ ապշահար մեր առաջ բացված տեսարանից։ Այդ հրեշների պուտ֊պուտ գորտնուկավոր մաշկը արևի տակ փայլփլում էր բոլոր գույներով, շողում ինչպես ձկնաթեփուկ։ Ասենք, մեզ երկար դիտել չվիճակվեց, որովհետև այդ վիթխարի դոդոշները մի քանի թռիչքով հասան դժբախտ հնդկացիներին․․․ Եվ այստեղ սկսվեց մի զարհուրելի բան։ Իրենց ողջ ծանրությամբ փլվելով ամենամոտիկ զոհի վրա, նրանք թողին նրան՝ ճզմված, այլանդակված, և նետվեցին հաջորդի ետևից։ Հնդկացիները վայրի աղաղակներով սլանում էին դեպի քարայրները, բայց չկարողացան ազատվել հետապնդողներից։ Նրանք կործանվում էին իրար ետևից, և այն պահին, երբ լորդ Ջոնն ու ես օգնության հասանք, նրանց ողջ խմբից հազիվ հինգ֊վեց հոգի էր մնացել։ Ասենք, մենք ոչ միայն չօգնեցինք նրանց, այլև քիչ մնաց ինքներս էլ զոհվեինք։ Գնդակ գնդակի ետևից խրվում էր այդ արարածների մարմնի մեջ, նույնպիսի ազդեցություն թողնելով, ինչպես եթե մեր հրացանները լցված լինեին թղթե գնդիկներով։ Բայց չէ՞ որ մենք կրակում էինք մի երկու հարյուր քայլից։ Վիթխարի սողունները վերքերից չէին վախենում, իսկ ուղեղային կենտրոնական ապարատի բացակայությունը նույնիսկ ամենաժամանակակից զենքը դարձնում էր անօգուտ նրանց դեմ կռվելիս։ Միակ բանը, որ մեզ հաջողվեց, այդ կրակոցների ձայնով ու կրակի բռնկումներով նրանց ուշադրությունը գրավելն էր, որը հնարավորություն տվեց թե՛ մեզ, թե՛ հնդկացիներին վազել մինչև փրկարար աստիճանները։
 
Բայց այնտեղ, ուր քսաներորդ դարի պայթուցիկ գնդակներն անզոր էին, ստիպված էինք հույս դնել վայրենիների թունավոր նետերի վրա, որոնք թաթախված էին ստրոֆանտի<ref>Ստրոֆանտ ― թունավոր բույս։</ref> մեջ և որոնց դիաթույն էր քսած։ Այդպիսի նետերը որսի ժամանակ անօգուտ էին, որովհետև մինչպատմական հրեշների արյան շրջանառությունն այնքան դանդաղ է կատարվում, որ նրանք սովորաբար կարողանում են հասնել ու պատառոտել զոհին, նախքան թույնի ներգործությունը։ Բայց այժմ դրությունն այլ էր․ հենց որ մեզ հետապնդողները հասան այրերը տանող քարե աստիճաններին, քարափի յուրաքանչյուր ճեղքից սուլոցով թռան նետերը։ Հրեշների վրա ասես փետուրներ բսնեցին, բայց, ինչպես երևում է, առաջին րոպեներին ցավը չէր զգացվում, քանի որ նրանք շարունակում էին անզոր կատաղությամբ վեր մագլցել սանդուղքով, չկամենալով որսը բաց թողնել։ Դժվարությամբ մի քանի աստիճան հաղթահարելուց հետո, նրանք իսկույն էլ ցած գլորվեցին։ Բայց ահա թույնն սկսեց ներգործել։ Գազաններից մեկը խուլ կերպով ոռնաց և տափակ, հսկայական գլուխը սեղմեց գետնին։ Երկրորդը սուր ձայնով կողկոնձաց, մի քանի անհեթեթ թռիչքներ գործեց, ապա գալարվելով ընկավ առաջինի կողքին և շուտով նույնպես լռեց։ Հնդկացիները խմբով դուրս թափվեցին այրերից և ցնծագին ճիչերով շրջապատեցին դիակները՝ տոնելով երկու վտանգավոր թշնամիների դեմ տարած հաղթանակը։
 
Այդ միսն ուտել չէր կարելի, քանի որ թույնը շարունակում էր ներգործել։ Նույն գիշերն իսկ հնդկացիները երկու դիակն էլ կտոր֊կտոր արին և տարան անտառ, որպեսզի այնտեղի օդը չվարակվեր։ Քարայրների մոտ մնացին միայն երկու հսկայական սրտեր, յուրաքանչյուրը մի բարձի չափ․ դրանք ապրում էին ինքնուրույն կյանքով, դանդաղ ու ռիթմիկ սեղմվելով ու ընդարձակվելով, և այդ գարշելի բաբախումը շարունակվեց մեկ օր, երկու օր ու դադարեց միայն երրորդ օրը։
 
Երբ ես իսկական սեղան կունենամ և ոչ թե դրան փոխարինող պահածոյի տուփ, և գրելու ավելի լավ պարագաներ, քան կրծած մատիտի կտորն է ու մի֊միակ քրքրված ծոցատետրը, այն ժամանակ մանրամասն կնկարագրեմ ակկալա ցեղի հնդկացիներին, մեր կյանքը նրանց հետ և Մեպլ֊Ուայտի կախարդական Երկիրը, որը քիչ առ քիչ մեր առջև բացում էր իր հրաշալիքները։ Հիշողությունս ինձ չի դավաճանի, մանկության առաջին տպավորությունների հետ միասին այնտեղ մինչև իմ օրերի վերջը կպահպանվի սարահարթում անցկացրած յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր ժամը, և ուրիշ ոչ մի բան դուրս չի մղի այդ հիշողությունները։ Կգա ժամանակ, և ես կնկարագրեմ այն լուսնային գիշերը կենտրոնական լճում, երբ հնդկացիները ցանցով որսացին մի ջահել իխտիոզավրի,<ref>Իխտիոզավր ― մեզոզոյան դարաշրջանի ծովային սողուն, որը ձկան ձև է ընդունել, նման է դելֆինի։</ref> որը նման է ոչ այն է փոկի, ոչ այն է երեքաչքանի ձկան, ըստ որում երրորդ աչքը գտնվում էր գագաթին, իսկ մյուս երկուսը պաշտպանված էին ոսկրյա թիթեղիկներով։ Նույն գիշեր ջրային կանաչ մի օձ եղեգնուտից նետի պես դուրս թռավ դեպի մեզ, իր օղակների մեջ առավ Չելենջերի նավակի ղեկը վարողին և մտավ ջրի տակ։
 
Չեմ մոռանա պատմել նաև այն արտասովոր սպիտակ արարածի մասին, ― մինչև այսօր էլ չգիտենք, թե դա ի՞նչ էր՝ սողո՞ւն թե՞ գազան, ― որն ապրում էր կենտրոնական լճից արևելք ընկնող հոտած ճահճում և գիշերները թափառում էր թփերի մեջ՝ թույլ ֆոսֆորային լույս արձակելով։ Հնդկացիներն այնպես էին վախենում նրանից, որ նույնիսկ մոտ չէին գնում այդ ճահճին, իսկ մենք երկու անգամ եղանք այնտեղ, հեռվից տեսանք այդ գազանին, բայց խրուտների վրայով չկարողացանք հասնել նրան։ Կասեմ միայն, որ նա կովից մեծ էր և տհաճ թթվահոտ էր արձակում։
 
Իմ ապագա գրառումներում կգտնեք նաև հիշատակություն մի վիթխարի, արագավազ թռչնի մասին, որի ձեռքից մի անգամ Չելենջերը ազատվեց ժայռերի տակ թաքնվելով։ Նա ջայլամից շատ ավելի բարձր էր․ գանգի նման այլանդակ գլուխը նստած էր երկար, մերկ պարանոցին։ Երբ Չելենջերը քարերի վրայով մագլցում էր վերև, նա իր կեռ կտուցի մի հարվածով, ինչպես դուրով, պոկեց նրա կրունկը։ Բայց այս անգամ ժամանակակից զենքն իրեն չխայտառակեց․ տասներկու ոտնաչափ բարձրություն ունեցող վիթխարի ֆորորակոսը<ref>Ֆորորակոս ― մեռած հսկա թռչուն, որը թռչել չի կարողացել․ այլ վազել է ինչպես ջայլամը։</ref> (ցնծացող պրոֆեսորը, որը դեռ ինչպես հարկն է շունչը ետ չէր բերել, հայտնեց արդեն նրա անունը) տապալվեց գետնին, խոցված լորդ Ջոնի գնդակից։ Նա ջղաձգորեն ցնցում էր ոտքերը՝ փետուրի ամպեր բարձրացնելով ու չհեռացնելով մեզանից դեղին աչքերի ցասկոտ կրակով վառվող հայացքը։ Ինչպե՜ս կուզեի ապրել մինչև այն օրը, երբ այս կատաղի, տափակ գլուխը մյուս որսավարի հետ կգրավի իր տեղը Օլբենիի աշխատասենյակում։
 
Ի վերջո, հարկ կլինի հիշատակել անպայման տոքսոդոնին<ref>Տոքսոդոն ― մեռած խոշոր կաթնասուն, որը հասակով գերազանցում էր ռնգեղջյուրին։</ref> ― տասը ոտնաչափ բարձրություն ունեցող ծովային հսկա խոզին՝ դուրս ընկած սուրը ատամներով, որին մի անգամ լուսադեմին խփեցինք ջուր խմելիս։
 
Ժամանակին այս ամենը կպատմեմ ավելի մասնրամասն և մեր արկածների հետ միասին սիրով կնկարագրեմ ամառային այն հրաշալի գիշերները, երբ չորս բարեկամներով պառկում էինք անտառի եզրին որևէ տեղ, մեզ անհայտ վառ ծաղիկների մեջ և, հյութեղ պտուղներով ծանրաբեռնաված ճյուղերի միջից նայելով վերև, զարմանում բարձր երկնքի կապույտում ճախրող արտասովոր թռչուններով, ապա հայացքներս դարձնում էինք խիտ խոտերին ու հետևում այն տարօրինակ արարածների շարժումներին, որոնք դուրս էին սողում իրենց բներից մեզ նայելու․ կնկարագրեմ այն երկար լուսնային գիշերները, երբ մենք նավակներով լողում էինք լճի մեջտեղը և ակամա վախով դիտում նրա փայլուն մակերեսը․ ահա ինչ֊որ ֆանտաստիկ հրեշ դուրս նետվեց՝ լայն օղակներ առաջացնելով ջրի երեսին․․․ ահա մութ խորությունը լուսավորվեց կանաչավուն լույսով, որը նշում է մի նոր, մեզ անհայտ արարածի ուղին․․․ Ես այս պատկերները կհիշեմ բոլոր մանրամասնություններով, և երբևէ իմ հիշողությունն ու գրիչը պատշաճը կհատուցեն դրանց։
 
Բայց դուք հավանորեն կհարցնեք, թե ինչպես կարող էինք զբաղվել նման դիտողություններով, երբ անհրաժեշտ էր գիշեր֊ցերեկ քաղաքակիրթ աշխարհ վերադառնալու միջոցներ որոնել։ Կպատասխանեմ, որ բոլորս էլ դրա վրա գլուխ էինք կոտրում, բայց իզուր։ Միայն մի բան պարզվեց՝ հնդկացիների օգնության վրա հույս դնել չէր կարելի։ Նրանք մեր բարեկամներն էին և համարյա ստրկական անձնվիրությամբ էին վերաբերում մեզ, բայց հենց որ խոսք էինք գցում օգնության մասին, որպեսզի որևէ երկար տախտակ քարշ տային քարափի մոտ կամ կաշիներից ու լիանաներից ճոպան գործեին, իսկույն մեզ լռեցնում էին մեղմ, բայց վճռական մերժումով։ Հնդկացիները ժպտում էին, աչքով անում մեզ, գլուխներն օրորում, և գործը դրանից այն կողմ չէր գնում։ Նույնիսկ ծերունի առաջնորդը տեղի չէր տալիս, և միայն նրա որդի Մարետասն էր տխուր նայում սպիտակ մարդկանց ու նշաններով իր անկեղծ համակրանքն արտահայտում։
 
Կապիկների հետ ունեցած ճակատամարտից հետո հնդկացիները նայում էին մեզ վրա իբրև գերմարդկանց, որոնք հաղթանակի երաշխիքը կրում էին իրենց խորհրդավոր, մահ շնչող խողովակներում, և կարծում էին, որ քանի մենք իրենց հետ ենք, բախտը նրանց չի դավաճանի։ Մեզ առաջարկեցին կարմրամորթ կանայք ձեռք բերել և սեփական քարայրներ սարքավորել, միայն թե մոռանայինք մեր ժողովուրդը ու ընդմիշտ մնայինք սարահարթում։ Առայժմ ամեն ինչ անցնում էր հանգիստ ու խաղաղ, բայց գիտեինք, որ հարկավոր է մեր պլանները գաղտնի պահել, այլապես, այդ մասին իմանալով, հնդկացիները կարող էին ուժով պահել մեզ իրենց մոտ։
 
Չնայած դինոզվրերին հանդիպելու հնարավորության (ասենք այդ վտանգն այնքան էլ մեծ չէր․ ինչպես ասվեց վերևում, նրանք գլխավորապես գիշերներն էին որսի դուրս գալիս), վերջին երեք շաբաթվա ընթացքում ես երկու անգամ գնացի մեր հին ճամբարը՝ Սամբոյին տեսնեուլու, որն առաջվա նման մնացել էր իր դիրքում, սարահարթի ստորոտին։ Աչքերս ագահորեն սահում էին անծայր հարթավայրով մեկ՝ այնտեղից սպասվող օգնության հույսով։ Բայց կակտուսներով ծածկված արձակ դաշտն ամայի էր և ոչ մի բան չէր խախտում նրա միօրինակությունը մինչև այնտեղից հազիվ նկատելի բամբուկի մացառուտների պարիսպը։
 
― Նրանք շուտով գալ, միստր Մելոուն։ Մի շաբաթ էլ սպասեք։ Հնդկացիներ գալ ճոպաններով, ձեզ իջեցնել էդտեղից։ ― Այսպես սրտապնդում էր ինձ մեր հիանալի Սամբոն։
 
Երկրորդ անգամ գիշերեցի հին ճամբարում, իսկ առավոտյան վերադառնալիս ինձ մի անակնկալ էր սպասում։ Քայլում էի ծանոթ ճամփով և արդեն հեռու չէի պտերոդակտիլների ճահճից, երբ արջևս թփերի միջից հանկարծ երևաց ինչ֊որ տարօրինակ առարկա։ Մոտիկից նայեցի պարզվեց, որ դա մարդ է․ նա քայլում էր, հագած պատյանի կամ եղեգնե վանդակի նման մի բան, որը նրան պաշտպանում էր ամեն կողմից։ Որքա՜ն եղավ զարմանքս, երբ ճանաչեցի, որ դա լորդ Ջոն Ռոքստոնն էր։ Ինձ տեսնելով՝ նա դուրս եկավ այդ անհեթեթ սարքի միջից ու ծիծաղեց, բայց նրա տեսքը մի փոքր շփոթված էր։
 
― Այդ դո՞ւք եք, երիտասարդ, ― ասաց լորդ Ջոնը։ ― Այսպիսի հանդիպում բոլորովին չէի սպասում։
 
― Այստեղ ի՞նչ եք անում, ― հարցրի ես։
 
― Այցելության եմ եկել իմ բարեկամ պտերոդակտիլներին, ― հանգիստ պատասխանեց նա։
 
― Ինչի՞ համար։
 
― Հետքրքիր գազանիկներ են, միայն թե խիստ անհյուրնկալ։ Ասենք դուք էլ գիտեք, թե նրանք ինչպես են դիմավորում անկոչ այցելուներին։ Ես էլ ահա այս զամբյուղն եմ պատրաստել, որպեսզի պաշտպանվեմ նրանց գուրգուրանքներից։
 
― Բայց ի՞նչ եք ուզում այդ ճահճից։
 
Լորդ Ջոնը փորձող հայացքով նայեց ինձ, և ես հասկացա, որ ինչ֊որ կասկածներ տանջում են նրան։
 
― Ձեր կարծիքով, հետաքրքրությունը հատուկ է միայն պրոֆեսորի կոչում ունեցող մարդկա՞նց, ― վերջապես ասաց նա, ― Ուսումնասիրում եմ այդ սիրելի էակներին, ահա և բոլորը։ Այսպիսի բացատրությունը ձեզ գոհացնո՞ւմ է։
 
― Ներեցեք, ― ասացի ես։
 
Բայց բարեհոգությունը այս անգամ էլ չդավաճանեց լորդ Ջոնին։ Նա ծիծաղեց։
 
― Մի նեղացեք, երիտասարդ։ Ուզում եմ Չելենջերի համար մի փոքրիկ ձագուկ ձեռք բերել։ Դա իմ գլխավոր խնդիրն է։ Ոչ, շնորհակալ եմ, ձեր օգնությունը հարկավոր չէ։ Այս վանդակի մեջ ես ոչ ոքից չեմ վախենում, իսկ դուք անպաշտպան եք։ Դե, ցտեսություն, սպասեցեք ինձ երեկոյան դեմ։
 
Նա իր անհեթեթ զամբյուղը քաշեց գլխին, շուռ եկավ ու քայլեց դեպի անտառ։
 
Եթե լորդ Ջոնի վարմունքը մի փոքր տարօրինակ էր այդ օրերին, ապա ի՞նչ ասել Չելենջերի մասին։ Հարկ է նշել, որ մեր պրոֆեսորն ինչ֊որ ձգողական ուժ ուներ հնդկուհիների համար, ուստի ստիպված էր միշտ արմավենու մի մեծ ճյուղ պահել մոտը, որով նա ճանճերի նման քշում էր իր երկրպագուներին, երբ նրանք արդեն իրենց ուշադրությամբ չափից դուրս նեղում էին նրան։ Պատկերացրեք, թե դա ինչպիսի տեսարան էր, թերևս ամենակոմիկականը այն ամենից, ինչ բախտ վիճակվեց տեսնելու Մեպլ֊Ուայտի Երկրում։ Թաթերը տարբեր կողմեր դնելով՝ Չելենջերն ընթանում էր իշխանության խորհրդանիշը ձեռքին, իսկ նրա ետևից, ինչպես օպերետային սևամորուք սուլթանի, ձգվում էր հնդկացի աղջիկների շքախումբը, բուսական բարակ թելից հյուսած հագուստները հագներին։
 
Ինչ վերաբերում է Սամերլիին, ապա նա գլխովին թաղված էր Մեփլ֊Ուայտ Երկրի միջատների ու թռչունների ուսումնասիրության մեջ և ամբողջ իր ժամանակն անց էր կացնում ձեռք գցած օրինակները պատրաստելով (եթե չհաշվենք այն ժամերը, որոնք գնում էին կռիվ մղելու Չելենջերի հետ, որն իբր թե չէր ուզում մեզ դուրս բերել դժվարին դրությունից)։
 
Չելենջերը սովորություն էր դարձրել ամեն առավոտ չքանալ և միայն կեսօրին վերադառնալ այնպիսի հաղթական տեսքով, ասես թե նրա ուսերին էր ծանրացած ինչ֊որ չափազանց կարևոր գործի պատասխանատվության բեռը։
 
Մի գեղեցիկ օր, չբաժանվելով արմավենու ճյուղից, նա մեզ տարավ իր հետ և բացատրեց իր գաղտնի ծրագիրը։
 
Դուրս եկանք արմավենիների պուրակի միջև ընկած մի փոքրիկ բացատ և տեսանք մեկն այն ցեխի հեյզերներից, որոնց մասին արդեն խոսել եմ։ Չորս կողմ թափված էին իգուանադոնի կաշվից կտրած բազմաթիվ փոկեր․ այդտեղ ընկած էր նաև թաղանթի մի մեծ կտոր։ Վերջում պարզվեց, որ դա ոչ այլ ինչ է, քան եթե ձկնանման թեփամորթի քերված ու չորացված ստամոքս։ Չորս կողմից կարված այդ կաշվի մեջ փոքրիկ ծակեր էին թողնված բամբուկի կտրվածքների համար, որոնց հակառակ ծայրերը միացված էին ցեխի ձագարներին։ Այդ ձագարներն իրենց մեջ էին ամբարում այն գազը, որը պղպջակներով անջատվում էր տաք հեյզերից։ Շուտով նստած ստամոքսն սկսեց կամաց֊կամաց ուռչել և վեր բարձրանալու այնքան ակնհայտ մտադրություն ցույց տալ, որ Չելենջերն ստիպված էր նրան օղակող փոկերը կապել ծառերին։ Կես ժամ հետո նա վերածվեց իսկական օդապարիկի և դատելով նրանից, թե այդ փուչիկն ինչպես էր գոտիները ձգում դեպի վեր, նրա ամբարձի ուժը շատ մեծ էր։ Չելենջերը լուռ նայում էր իր հանճարի ստեղծագործությանը և ինքնագոհությամբ մորուքը շոյում՝ ոչ ավել, ոչ պակաս երջանիկ հայր, որը հիանում է իր առաջնեկով։
 
Երկարող լռությունը խզեց Սամերլին։
 
― Մի՞թե դուք պատրաստվում եք առաջարկել մեզ այս բանով վեր բարձրանալ, ― սառցային տոնով հարցրեց նա։
 
― Առայժմ պատրաստվում եմ ձեր առաջ ցուցադրել սրա հզորությունը, սիրելի Սամերլի, արպեսզի այդ ուղղությամբ ոչ մի կասկած չունենաք։
 
― Այդ դեպքում խորհուրդ եմ տալիս մտքներիցդ հանել այդ անմտությունը, ― վճռական տոնով ասաց Սամերլին։ ― Ոչ մի կերպ ինձ չեք հարկադրի համաձայնել նման խելագարության հետ։ Լորդ Ջոն, հուսով եմ, որ դուք չեք պաշտպանի այս արկածախնդրությունը։
 
― Սրամի՛տ բան է, ― ասաց մեր ղեկավարը։ ― Հետաքրքիր կլիներ գործողության մեջ տեսնել սա։
 
― Հիմա կտեսնեք, ― ասաց Չելենջերը։ Վերջին օրերս ես լարել էի մտքիս բոլոր ուժերը, որպեսզի լուծեի այստեղից դուրս պրծնելու հարցը։ Մենք արդեն համոզվել ենք, որ սեպ ժայռերով իջնելն անհնարին է, իսկ թունելն այլևս գոյություն չունի։ Ժայռի վրա կամուրջ նետել անկասկած չի հաջողվի։ Այդ դեպքում ի՞նչ անել։ Մի անագամ ես ասացի մեր պատանի բարեկամին, որ այս հեյզերներն ազատ վիճակում ջրածին են զատում։ Այստեղից տրամաբանորեն ծագեց օդապարիկի միտքը։ Խոստովանում եմ, որ ինձ մի փոքր շփոթում էր դրա համար թաղանթ գտնելու հարցը, բայց երբ աչքիս ընկան այստեղի սողունների հսկայական փորոտիքները, սյլևս կասկածներս վերացան։ Եվ ահա իմ ջանքերի արդյունքները։
 
Նա մի ձեռքը դրեց իր պատռտված բաճկոնակի եզրին, իսկ մյուսը հպարտությամբ առաջ պարզեց։
 
Մինչ այդ փուչիկը վերջնականապես կլորացավ, և փոկերն արդեն հազիվ էին պահում նրան։
 
― Զառանցանք, մաքուր զառանցանք, ― փնչացրեց Սամելին։
 
Բայց լորդ Ջոնը հիացած էր Չելենջերի մտքից։
 
― Ա՛յ թե գլուխ ունի մեր ծերուկը, ― շշնջաց նա ինձ։ Ապա բարձրաձայն ասաց, ― իսկ զամբյուղ որտեղի՞ց կգտնենք։
 
― Այժմ կմտածեմ զամբյուղի մաին։ Արդեն որոշ նկատառումներ ունեմ այդ առթիվ։ Իսկ առայժմ ցույց տամ, որ իմ ապարատն ի վիճակի է բարձրացնելու մեզ։
 
― Ուզում եք ասել բոլորիս միասի՞ն։
 
― Ո՛չ, մենք կիջնենք իրար ետևից, ոնց որ պարաշյուտով։ Ետ բարձրաբալու սարքը դեռ կմտածեմ։ Եթե իմ ապարատը մի մարդու ծանրության դիմանա և զգուշությամբ ցած իջեցնի նրան, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Հիմա կփորձենք։
 
Նա քարշ տվեց բազալտի մի բավական մեծ բեկոր և կապեց այն նույն լարով, որի օգնությամբ մենք բարձրացել էինք բրգաձև ժայռի վրա։ Լարը հարյուր ոտնաչափ երկարություն ուներ և չնայած հաստ չէր, բայց խիստ ամուր էր։ Հետո մեզ ցույց տրվեց երկար թելերով կաշվե վզնոցի նման մի բան։ Չելենջերն այդ վզնոցը հագցրեց օդապարկի վրա, ցած կախված թելերն հավաքեց այնպես, որպեսզի բեռան ծանրությունը հավասարաչափ բաշխվի ամբողջ մակերեսին, բազալտի բեկորը կապեց դրանց, իսկ լարի ծայրը փաթաթեց իր ձեռքին։
 
― Հիմա ցույց կտամ իմ օդապարիկի բեռնունակությունը, ― ասաց նա՝ նախօրոք ճաշակելով իր հաղթանակը, և այդ խոսքերով կտրեց ամուր ձգված փոկերը։
 
Դեռ երբեք մեր արշավախումբն այդքան մոտ չէր եղել կործանման։ Գազով լցված թաղանթը սրընթաց նետվեց վեր, իր հետ տանելով Չելենջերին։ Ես հազիվ հասցրի գրկել նրա իրանը և նույնպես օդ բարձրացա։ Լորդ Ջոնն ասես աքցաններով կառչեց իմ ոտքերից և թռավ մեր ետևից։ Մի վայրկայն երևակայությանս մեջ այսպիսի տարօրինակ տեսարան պատկերացավ․ չորս խիզախ ճանապարհորդներ նրբերշիկի դրասանգի նման կախվել են մի երկրի վրա, որի գաղտնիքները ջանում էին բաց անել։ Բայց բարեբախտաբար, լարի ամրությունն ինչ֊որ սահման ուներ, մի բան, որ ըստ երևույթին, չէր կարելի ասել այդ սատանայական ապարատի բարձրացնող ուժի մասին։ Մի ճթթոց լսվեց, և մեր եռյակը քարի պես ցած ընկավ։ Խճճվելով կտրատված թելերի մեջ, դժվարությամբ ելանք ոտքի և տեսանք, թե բազալտի բեկորն ինչպես սրնթաց բարձրանում է վեր, հազիվ նկատելի կետի պես սևի տալով վառ երկնքում։
 
― Փայլուն է, ― բացականչեց անվհատ Չելենջերը՝ շփելով ճմլված ձեռքը։ ― Փորձն ավելի քան լավ հաջողվեց։ Ինքս էլ այդպիսի հաջողության հույս չունեի։ Ջենտլմեններ, խոստանում եմ, նոր օդապարիկը պատրաստ կլինի մի շաբաթից հետո, և մենք նրանով բոլորովին հանգիստ կկատարենք հայրենիք վերադառնալու ճամբորդության առաջին էտապը։
 
Մինչև այստեղ օրագրիս գրառումները կատարում էի դեպքից դեպք, իսկ այժմ, երբ ոչինչ չի սպառնում մեզ, երբ բոլոր ձախորդությունները մնացին ետևում, ինչպես երազ, պատմությունը ավարտում եմ կարմիր ապառաժների ստորոտի այն նույն ճամբարում, որտեղ Սամբոն սպասում էր մեզ։
 
Վայրէջքը կատարվեց առանց բարդությունների, բայց ո՞վ կարող էր ենթադրել, թե ամեն ինչ այդպես կստացվի։ Մեկուկես֊երկու ամիս հետո կլինենք Լոնդոնում, և թերևս իմ նամակը մեզնից այնքան էլ շուտ չհասնի այնտեղ։ Բոլոր մտքերով ու զգացմունքներով արդեն տանն ենք, հարազատ քաղաքում, որտեղ յուրաքանչյուրիս համար այնքա՜ն թանկագին ու սիրելի բան է մնացել։
 
Մեր ճակատագրի մեջ բեկում կատարվեց այն օրը, երբ Չելենջերն իր ինքնաշեն օդապարիկի վտանգավոր փորձն արեց։ Արդեն ասել եմ, որ միակ մարդը, որը համակրում էր սարահարթից հեռանալու մեր փորձերին, մեր փրկած պատանին էր՝ ծեր առաջնորդի որդին։ Նրա խիստ արտահայտիչ շարժումներից հասկացանք, որ նա չի ուզում կամքներիս հակառակ մեզ պահել օտար երկրում։
 
Այդ երեկո արդեն մթնով, Մարիետասն աննկատելի թափանցեց ճամբար, ինձ պարզեց ծառի կեղևի ոչ մեծ մի փաթեթ (չգիտես ինչու նա միշտ գերադասում էր գործ ունենալ ինձ հետ, գուցե նրա համար, որ մենք մոտավորապես տարեկիցներ էինք), ապա վեհապանծորեն ձեռքով արեց՝ ցույց տալով քարայրները, հանդիսավոր կերպով մատը դրեց շրթունքներին՝ ի նշան լռության և նույնպես աննկատ վերադարձավ յուրաինների մոտ։
 
Ես ավելի մոտ նստեցի խարույկին, և մենք ուշադիր զննեցինք ինձ հանձնված փաթեթը։ Ծառի կեղևի այդ մի ոտնաչափ քառակուսի կտորի ներսում, սպիտակ երեսին, ածուխով գծիկներ էին քաշված, որոնք հիշեցնում էին պարզունակ նոտագրություն։
 
Ուշադրություն դարձրի՞ք, թե նա ինչ բազմանշանակ տեսք ուներ, ― հարցրի ընկերներիս։ ― Սա մեզ համար ինչ֊որ խիստ կարևոր բան է։
 
― Իսկ միգուցե այդ վայրենին որոշել է մի լավ կատակ անել մեզ հետ, ― ասաց Սամերլին։ ― Հավանորեն, մարդու զարգացումն սկսվում է այդպիսի տարրական զվարճություններից։
 
― Սա ինչ֊որ ծածկագիր է, ― ասաց Չելենջերը։
 
― Կամ ռեբուս, ― շարունակեց լորդ Ջոնը, նայելով իմ ուսի վրայից, և հանկարծ կեղևը ձեռքիցս խլեց։ ― Ազնի՛վ խոսք, կարծես թե ես գլխի եմ ընկնում։ Երիտասարդն իրավացի է։ Նայեցեք։ Քանի՞ գիծ կա այստեղ։ Տասնութ։ Իսկ ինչքա՞ն քարայր կա զառիվայրի այն կողմը։ Նույնպես տասնութ։
 
― Իսկապես։ Ախր նա հենց այն կողմն էլ ցույց տվեց, ― ասացի ես։
 
― Ուրեմն, ճիշտ է։ Սա այրերի հատակագիծն է։ Տեսեք, ընդամենը տասնութ գծիկ՝ կան երկարները, իսկ մի քանիսը երկճյուղվում են։ Մեկի տակ խաչ կա։ Ինչո՞ւ։ Հավանորեն, որպեսզի առանձնացնի այրերից մեկը, որը մնացածներից ավելի խորն է։
 
― Միջանցի՛կ, ― գոչեցի ես։
 
― Ըստ երևույթին մեր պատանի բարեկամն իրավացի է, ― պաշտպանեց ինձ Չելենջերը։ ― Այլապես ինչո՞ւ պետք է հնդկացին սա խաչով նշեր։ Չէ՞ որ նա բոլոր հիմքերն ունի բայրացակամ վերաբերվելու մեր հանդեպ։ Բայց եթե քարայրն իրոք միջանցիկ է և մյուս կողմից դուրս է գալիս նույնպիսի բարձրության վրա, ապա այնտեղ մինչև գետին հարյուր ոտնաչափից ավելի չի լինի։
 
― Հարյուր ոտնաչափը դատարկ բան է, ― մռմռթաց Սամերլին։
 
― Բայց չէ՞ որ մեր լարն ավելի երկար է, ― բացականչեցի ես։ ― Մենք ցած կիջնենք առանց որևէ դժվարության։
 
― Իսկ հնդկացիների մոռացե՞լ եք, ― անձնատուր չէր լինում Սամերլին։
 
― Այդ քարայրներն անբնակ են, ― ասացի ես։ ― Դրանք ծառայում են իբրև պահեստներ ու ամբարներ։ Եկեք անմիջապես բարձրանանք այնտեղ և հետախուզություն կատարենք։
 
Սարահարթում աճում է մի ամուր, խեժառատ ծառ, մեր բուսաբանի ասելով, թեփատերև եղևնու մի տեսակը, որի ճյուղերը հնդկացիները օգտագործում են իբրև ջահեր։ Ամեն մեկս մի խտիտ այդպիսի ճյուղեր վերցրինք և մամռակալած աստիճաններով բարձրացանք պլանում խաչով նշված քարայրը։ Ինչպես և ենթադրում էի ես, նա անբնակ էր, եթե չհաշվենք բազմաթիվ հսկայական չղջիկներին, որոնք թևերի ուժգին թափահարումներով շարունակ պտտվում էին մեր գլխավերևում։ Չուզենալով հնդկացիների ուշադրությունը գրավել՝ մենք երկար թափառում էինք մթության մեջ, շոշափելով ինչ֊որ ոլորապտույտներ, անկյուններ, և միայն մուտքից բավական հեռանալուց հետո ջահերը վառեցինք։ Մեր աչքերի առաջ բացվեց հատկը չոր, սպիտակ մանրախճով ծածկված մի թունել՝ կամարակապ առաստաղով ու հարթ, գորշ պատերով, որոնք ծածկված էին կենդանիների նկարներով։ Արագ առաջ գնացինք և հանկարծ բոլորս մեկեն հիասթափված կանգ առանք․ մեր առաջ բարձրանում էր միակտուր քարե պատնեշ՝ ո՛չ ճեղք, ո՛չ պատռվածք, անգամ մկնիկը չէր կարող անցնել։ Այստեղ ելք չէր եղել։
 
Տխրությամբ նայեցինք մեր ճամփան փակող արգելքին։ Այդ պատը ոչնչով չէր տարբերվում թունելի կողքի պատերից, հետևաբար այստեղ փլվածք չէր կարող լինել․ ինչպես արդեն մեզ ծանոթ այն ստորերկրյա անցքում։ Սա իսկական փակուղի էր, ուրիշ ոչինչ։
 
― Մի վշտացեք, բարեկամներ, ― ասաց անվհատ Չելենջերը։ ― Չէ՞ որ ես խոստացել եմ երկրորդ օդապարիկը պատրաստել։
 
Սամերլին տնքաց։
 
― Միգուցե ուրի՞շ քարայր ենք մտել, ― ասացի ես։
 
― Թողեք, երիտասարդ։ ― Լորդ Ջոնը մատը տարավ պլանի վրայով։ ― Աջից տասնութերորդ քարայրը, նույն ինքը ձախից երկրորդը։ Ոչ, սխալ չէր կարող լինել։
 
Նայեցի խաչին և հանկարծ ուրախությունից գլուխս կորցրած բղավեցի․
 
― Գտա՛, գտա՛, եկեք իմ ետևից, շուտ։ ― Եվ ջահը բարձր բռնած՝ ետ վազեցի։ ― Ահա այստեղ, ― և ցույց տվի ավազին ընկած վառված լուցկիները, ― ահա այստեղ վառեցինք ջահերը։
 
― Միանգամայն ճիշտ է։
 
― Բայց չէ՞ որ նկարում պարզ ցույց է տրված, որ քարայրը ճյուղավորվում է։ Նշանակում է, մթության մեջ պարզապես բաց ենք թողել այդ տեղը։ Քայլենք աջ կողմից, և համոզված եմ, որ անցքը կգտնենք։
 
Ինչպես ասացի, այնպես էլ դուրս եկավ։ Երեսուն քայլից հետո պատի մեջ սևին տվեց մի մեծ անցք։ Մտանք այդտեղով և դուրս եկանք մի ավելի լայն թունել։ Անհամբերությունը մեզ առաջ էր քշում։ Եվս մի հարյուր քայլ, երկուսը, երեքը․․․ և հանկարծ առջևում երևաց մի կարմրավուն լույս։ Այդ ի՞նչ կարող էր լինել։ Հավասար, անթարթ լույսը փակում էր մեր ճամփան։ Քայլներս արագացրինք։ Այդ կրակից ջերմություն չէր զգացվում։ Ամեն ինչ խաղաղ էր, ո՛չ շշուկ, ո՛չ շրշյուն․․․ Լուսեղեն ծածկոցը չէր չքանում, և նրա արծաթավուն փայլը ողողել էր թունելը՝ սպիտակ ավազը վերածելով շողշողուն ալմաստի։ Ավելի մոտեցանք, և վարագույրի եզրը հստակորեն կլորացավ մեր աչքերի առաջ։
 
― Երդվո՛ւմ եմ, դա լուսինն է, ― գոչեց Ջոնը։ ― Ազա՛տ ենք, բարեկամներ, ազա՜տ։
 
Եվ իսկապես, լեռնապարի մյուս կողմը դուրս եկող անցքից լուսավորում էր լիալուսինը։ Անցքը մեծ չէր, լուսամուտի չափ, բայց այդքանն էլ մեզ հերիք էր։ Դուրս նայելով այնտեղից՝ տեսանք, որ վայրէջքն առանձնապես դժվար չի լինի և գետինն այնքան հեռու չէ։ Սարահարթը շրջանցելիս, իհարկե, մեզ երբեք չէր հաջողվի այդ անցքը նկատել։ Ո՞ւմ մտքով կանցներ վերելքի տեղ փնտրել հատկապես այստեղ, ցած կախված ժայռերի միջև։ Մենք համոզվեցինք, որ հնարավոր կլինի լարով ցած իջնել և երջանիկ վերադարձանք ճամբար՝ մյուս օրվա երեկոյին պատրաստվելու համար։
 
Հարկավոր էր գործել գաղտնի և առանց դանդաղելու, որովհետև վերջին րոպեին իսկ հնդկացիները կարող էին մեզ ետ պահել։ Որոշեցինք թողնել մեր ողջ հանդերձանքը, բացի հրացաններից ու փամթուշտներից։ Ճիշտ է, Չելենջերն ուներ մի քանի խոշոր իրեր, որ ուզում էր ինչ կերպ լինի վերցնել իր հետ, և դրանցից մեկն առանձնապես շատ հոգս պատճառեց մեզ։ Բայց առայժմ այդ մասին ծավալվել չեմ կարող։
 
Օրն անսահման երկար տևեց, բայց ահա, վերջապես, մութն ընկավ։ Ամեն ինչ պատրաստել էինք։ Ամեն տեսակ զգուշություն պահպանելով՝ մեր ունեցվածքը աստիճաններով վերև հանեցինք, կանգ առանք քարայրի մուտքի մոտ և մի վերջին հայացք նետեցինք հանելուկային, մեզ համար ռոմանտիկական մշուշով պատված այդ երկրի վրա, որը վախենամ շուտով հեղեղեն որսորդներն ու ամեն տեսակ հետազոտողները, մի երկիր, որտեղ մենք շատ խիզախեցինք, շատ բան կրեցինք ու շատ բան սովորեցինք՝ մե՛ր երկիրը, ինչպես այսուհետև միշտ սիրով անվանելու ենք այն։
 
Մեր ձախ կողմի հարևան քարայրները խարույկների ուրախ, կարմրավուն հրացոլքեր էին գցում խավարի մեջ։ Ներքևից լսվում էին հնդկացիների ձայները, ծիծաղն ու երգը։ Հեռվում բարձրանում էր թավուտ անտառի պատնեշը, իսկ նրա և քարափի միջև շողշողում էր մեծ լիճը՝ արտասովոր հրեշների կացարանը։ Ահա մթության մեջ հնչեց ինչ֊որ գազանի սուր կանչը։ Դա Մեպլ֊Ուայտի Երկրի կանչն էր, որ մեզ էր ուղարկում իր վերջին «ներիրը»։ Շուռ եկանք ու մտանք քարայր, որտեղով անցնում էր դեպի տուն տանող մեր ուղին։
 
Երկու ժամ հետո մենք մեր ողջ ունեցվածքի հետ լեռնապարի ստորոտում էինք։ Վայրէջքը բարեհաջող անցավ, եթե չհաշվենք Չելենջերի իրերի հետ ունեցած գլխացավանքը։ Ամբողջ բեռը թողնելով տեղում՝ թեթև ճամփա ընկանք դեպի Սամբոյի կայանը։ Որքա՜ն եղավ մեր զարմանքը, երբ վաղ առավոտի լույսով առաջներս բացվեց հարթավայր, որտեղ վառվում էր ոչ թե մեկ, այլ ամենաքիչը տասը խարույկ։ Այնուամենայնիվ փրկարար խումբը եկավ։ Նա բաղկացած էր Ամազոնի քսան հնդկացիներից, որոնք բերել էին ձողեր, ճոպաններ և այն ամենը, ինչ պահանջվում էր անդունդի վրա կամուրջ գցելու համար։ Հիմա որ այլևս ոչ մի դժվարություն չենք կրի բեռները Ամազոնի ափերը տեղափոխելիս, ուր շարժվելու ենք վաղը առավոտյան։
 
Սրանով, ճակատագրից գոհ, վերջացնում եմ իմ պատմությունը։ Մեր աչքերի առաջ այնքա՜ն հրաշքներ բացվեցին, հոգիներս մաքրվեցին՝ կոփվելով ծանր փորձություններում։ Մենք բոլորս, յուրաքանչյուրը յուրովի, ավելի լավ, ավելի լուրջ դարձանք։
 
Հնարավոր է, որ Պարայում ուշանանք, որովհետև հարկավոր է ձեռք բերել այն ամենը, ինչ անհրաժեշտ է հետագա ճանապարհորդության համար։ Այդ դեպքում այս նամակը մի անդրատլանտյան ուղերթով ինձանից շուտ տեղ կհասնի։ Իսկ եթե իսկույն ճամփա ընկնենք, ապա սա մեզ հետ միասին Լոնդոնում կլինի։ Այսպես թե այնպես, թանկագին միստր Մակ֊Արդլ, հուսով եմ շուտով սեղմելու ձեր ձեռքը։
 
 
Ադմին, Վստահելի
1876
edits