Changes

Քեռի Ֆեոդորը , շունը եւ կատուն

Ավելացվել է 9887 բայտ, 15:16, 13 Հունիսի 2014
Իսկ արեւը ամեն հարցում չէ, որ լավ էր։ Այդ արեւի պատճառով նրանք մեծ անախորժություն ունեցան։ Քեռի Ֆեոդորը հիվանդացավ։
 
==Գլուխ քսանմեկերորդ — Քեռի Ֆեոդորի հիվանդությունը==
 
Քեռի Ֆեոդորը տանը միշտ տրուսիկով էր ման գալիս՝ արեւառվում էր։ Լրիվ դարչնագույն էր դարձել, ասես հարավից եկած լիներ։ Իսկ երբ դուրս էր գալիս, պետք է հագնվեր։ Սկզբից՝ մայկան, հետո՝ բլուզը, հետո՝ շալվարը, հետո՝ սվիտրը, հետո՝ գլխարկը, շարֆը, վերարկուն, թաթմաններն ու թաղյակները։ Այ թե որքան շատ բան պետք է հագներ։ Իսկ կատվի ու Շարիկի համար շատ հեշտ էր, նրանց մուշտակը միշտ էլ հագներին է։ Նույնիսկ մուշտակը հագներին էլ լողանում են։
 
Մի անգամ Քեռի Ֆեոդորին պետք էր բակ դուրս գալ ու երաշտահավերին կերակրել։ Առանց հագնվելու, միայն տրուսիկով, բակ է դուրս գալիս։ Կարճ ժամանակով։ Իսկ դրսում սառնամանիք է, ձյուն։ Եվ Քեռի Ֆեոդորը մրսում է։ Տուն է մտնում ու սկսում դողացնել։ Ջերմությունը բարձրանում է։ Ծածկվում է վերմակով եւ ոչ ուտել է ուզում, ոչ խմել։ Վատ է զգում։ Նա ասում է․
 
— Մատրոսկին, Մատրոսկին, կարծես թե հիվանդացել եմ։
 
Կատուն անհանգստացած՝ մուրաբայով թեյ է խմեցնում նրան։ Շունը խանութ է վազում ու մեղր գնում։ Բայց Քեռի Ֆեոդորը գնալով վատանում է։ Պառկած է վերմակի տակ, չորս կողմը խաղալիքներ ու գրքեր, բայց նա բոլորովին ուշադրություն չի դարձնում։ Շարիկը գնում է խոհանոց, նստում մի անկյունում ու լաց է լինում։ Շատ է ուզում օգնել Քեռի Ֆեոդորին, բայց չի կարողանում։
 
— Ավելի լավ կլիներ ե՛ս հիվանդանայի։
 
Կատուն էլ է իրեն կորցրել․
 
— Ես եմ մեղավոր, ինչո՞ւ չհետեւեցի Քեռի Ֆեոդորին… Եվ ինչո՞ւ այդ արեւը բերեցի։
 
Գավրյուշան մոտենում է Քեռի Ֆեոդորին, ձեռքերը լիզում․ իբր, վեր կաց, Քեռի Ֆեոդոր, ինչո՞ւ ես պառկել։ Իսկ Քեռի Ֆեոդորը վեր չի կենում։ Գավրյուշան փոքրիկ էր ու հիմարիկ։ Նա չէր հասկանում, ե ինչ բան է հիվանդությունը, իսկ Շարիկն ու կատուն շատ լավ հասկանում էին։
 
Կատուն ասում է․
 
— Ես վազեմ քաղաք, բժիշկ բերեմ։ Պետք է Քեռի Ֆեոդորին փրկել։
 
— Ո՞ւր ես գնում,— հարցնում է Շարիկը։— Դուրսը բուք ու բորան է։ Ինքդ էլ կկորչես։
 
— Ավելի լավ է կորչեմ, քան տեսնեմ, թե ինչպես է տանջվում Քեռի Ֆեոդորը։
 
— Այդ դեպքում, արի ես վազեմ,— առաջարկում է Շարիկը։ — Ես ավելի լավ եմ վազում։
 
— Վազելը կարեւոր չէ,— պատասխանում է կատուն։— Ես մի մանկական լավ բժիշկ եմ ճանաչում։ Նրան կբերեմ։
 
Նա տաքացրեց շշով կաթը, փաթաթեց փալասի մեջ եւ ուզում էր արդեն դուրս գալ, երբ դուռը բախեցին։ Ճայակը հարցնում է․
 
— Ո՞վ է։
 
— Դռան ետեւից պատասխանում են․
 
— Յուրայիններ են։
 
Կատուն ասում է․
 
— Այսպիսի եղանակին յուրայինները տանն են նստում։ Հեռուստացույց են նայում։ Միայն օտարներն են թափառում։ Դուռը չենք բացի։
 
Քեռի Ֆեոդորը պառկած տեղից խնդրում է․
 
— Դուռը բաց արեք… Հայրիկս ու մայրիկս են եկել։
 
Եվ իսկապես, հայրիկն ու մայրիկն էին։ Նրանց հետ էլ՝ փոստատար Պեչկինը։
 
— Տեսնո՞ւմ եք, թե ձեր երեխային ինչ օրն են գցել։ Դրանց պետք է իսկույն պոլիկլինիկա հանձնել։ Փորձերի համար։
 
Շարիկը կատաղեց ու սկսեց փոստատարի թաղյակները կծոտել։ Պեչկինը հազիվ մի կերպ դռնից դուրս պրծավ։
 
Իսկ մայրիկն արդեն հրամայում է․
 
— Անմիջապես ջեռակը բերեք։
 
Շարիկն ու կատուն իրար անցան, ամեն ինչ տակնուվրա արեցին, իսկ ջեռակը չկա։ Կատուն ասում է․
 
— Թույլ տվեք ես ջեռակ դառնամ։ Ես շատ տաք եմ։
 
Մայրիկը վերցնում է Մատրոսկինին, փաթաթում սրբիչի մեջ եւ դնում Քեռի Ֆեոդորի կողքին։ Կատուն թաթերով գրկում է Քեռի Ֆեոդորին ու տաքացնում։
 
— Իսկ հիմա տվեք ինձ ձեր դեղերը։
 
Շարիկը ատամներով սեղմած բերում է դեղերի տուփը, եւ մայրիկը տաք կաթով մի հաբ է տալիս Քեռի Ֆեոդորին։ Եվ Քեռի Ֆեոդորը քնում է։
 
— Բայց սա դեռ բավական չէ,— ասում է մայրիկը։— Նրան պետք է նաեւ պենիցիլին սրսկել։ Դուք պենիցիլին ունե՞ք։
 
— Ոչ,— պատասխանում է կատուն։
 
— Իսկ գյուղում դեղատուն կա՞։
 
— Ոչ, չկա։
 
— Ես քաղաք կգնամ՝ պենիցիլին բերելու,— ասում է հայրիկը։
 
— Ինչպե՞ս կգնաս,— հարցնում է մայրիկը։— Ավտոբուսներն էլ չեն աշխատում։
 
— Ուրեմն, քաղաքից «շտապ օգնություն» կկանչենք։ Չի կարող պատահել, որ երեխան հիվանդանա, եւ օգնություն ցույց չտան։
 
Մայրիկը պատուհանից դուրս է նայում ու գլուխն օրորում։
 
— Չե՞ս տեսնում, թե դրսում ինչ է կատարվում։ Ոչ մի «շտապ օգնություն» էլ չի գա։ Թե չէ ստիպված կլինեն տրակտորով քաշել։ Խեղճ Քեռի Ֆեոդոր։
 
Մատրոսկինը վեր է թռչում տեղից ու գոռում է․
 
— Բոլորս էլ հիմար ենք։ Տրակ֊տրակ Միտյան բա ինչի՞ համար է։ Չէ՞ որ մենք տրակտոր ունենք։
 
Հայրիկն ուրախանում է․
 
— Ի՜նչ լավ եք ապրում։ Նույնիսկ տրակտոր ունեք։ Եկեք մեքենան շուտ գործի գցենք։ Բենզին լցնենք։
 
Շարիկն ասում է․
 
— Մեր տրակտորը սովորական տրակտոր չէ։ Մթերային է։ Ապուրով ու նրբերշիկներով է աշխատում։
 
Հայրիկը չզարմացավ։ Ժամանակ չկար։
 
— Մի պայուսակ լիքը մթերք ունենք։ Ե՛վ նարինջ, ե՛ւ շոկոլադ։ Հարմա՞ր է։
 
— Ոչ,— ասում է կատուն։— Հարմար չէ։ Միտյային չպետք է երես տալ։ Մենք մի կաթսա լիքը խաշած կարտոֆիլ ունենք։
 
Եվ հայրիկն ու Շարիկը գնացին Միտյային գործի գցելու։ Միտյան շատ ուրախացավ։ Տրակտորային մի երգ սկսեց երգել, եւ ճամփա ընկան քաղաք՝ լրիվ կարտոֆիլային արագությամբ։
 
Իսկ մայրիկն ու Մատրոսկինը Քեռի Ֆեոդորին էին խնամում։ Մայրիկն ասում է․
 
— Թաց սրբիչ բեր։
 
Մատրոսկինը բերում է։
 
Մայրիկն ասում է․
 
— Իսկ հիմա՝ ջերմաչափ։
 
Կատուն ասում է․
 
— Խնդրեմ։
 
Մայրիկը չէր իմանում, որ կատուներն այդպես խելոք են լինում։ Կարծում էր, թե նրանք միայն միս են գողանում ու տանիքների վրա մլավում։ Իսկ սա, խնդրեմ, ոչ թե կատու է, այլ իսկական բուժքույր։
 
Մատրոսկինը նույնիսկ թեյ եփեց եւ մայրիկին կարկանդակ հյուրասիրեց։ Նա շատ դուր եկավ մայրիկին։ Ե՛վ ձեռքից ամեն ինչ գալիս է, ե՛ւ հետը զրուցել կարելի է։
 
Մայրիկն ասում է․
 
— Այս ամենի համար ես եմ մեղավոր։ Իզուր ձեզ դուրս արեցի տնից։ Կապրեիք մեզ մոտ, համ Քեռի Ֆեոդորը ոչ մի տեղ չէր գնա, համ էլ տանը կարգ ու կանոն կլիներ։ Հայրիկն էլ ձեզնից շատ բան կսովորեր։
 
Կատուն ամաչում է․
 
— Կարկանդակ թխելը ինչ է որ։ Ես կարողանում եմ նաեւ գործել ու կար անել մեքենայով։
 
Եվ այդպես, մինչեւ կեսգիշեր նրանք բուժում էին Քեռի Ֆեոդորին ու զրուցում։ Շուտով տրակ֊տրակ Միտյան ու հայրիկը վերադարձան եւ դեղ բերեցին։