Changes
Կապիտալի կուտակումը, որն սկզբում ներկայանում էր լոկ որպես նրա քանակական ընդլայնում, ինչպես տեսանք, իրագործվում է այնպես, որ նրա կազմը անընդհատ որակական փոփոխության է ենթարկվում, նրա հաստատուն բաղկացուցիչ մասը շարունակ ավելանում է փոփոխուն մասի հաշվին [''Տես 77c ծանոթ.'']։
Արտադրության առանձնահատուկ կապիտալիստական եղանակը, աշխատանքի արտադրողական ուժի՝ այդ եղանակին համապատասխանող զարգացումը, կապիտալի օրգանական կազմի փոփոխությունը, որպես այդ զարգացման հետևանք,— այս բոլոր երևույթները ո՛չ միայն կուտակման պրոգրեսի կամ հասարակական հարստության աճման հետ համաքայլ են ընթանում. նրանք անհամեմատ ավելի արագ են ընթանում, որովհետև հավաքական կապիտալի պարզ կուտակմանը կամ բացարձակ մեծացմանն ուղեկցում է նրա անհատական տարրերի կենտրոնացումը, իսկ ավելադիր կապիտալի տեխնիկական հեղաշրջմանն ուղեկցում է սկզբնական կապիտալի տեխնիկական հեղաշրջումը։ Կուտակման պրոգրեսի հետ միասին կապիտալի հաստատուն մասի հարաբերությունը փոփոխուն մասի նկատմամբ այնպես է փոխվում, որ եթե սկզբում կազմում էր 1:1, ապա հետո դառնում է 2:1, 3:1, 4:1, 5:1, 7:1 և այլն, այնպես որ կապիտալի աճման հետ նրա ընդհանուր արժեքի ոչ թե ½-ը, այլ միայն <math>^1/_3</math>, ¼, <math>^1/_5</math>, <math>^1/_6</math>, ⅛ մասը և այլն հաջորդաբար վերածվում է աշխատուժի, իսկ <math>^2/_3</math>, ¾, <math>^4/_5</math>, <math>^5/_6</math>, ⅞ և այլն մասը՝ արտադրության միջոցների։ Որովհետև աշխատանքի պահանջարկը որոշվումէ ոչ թե ամբողջ կապիտալի, այլ նրա փոփոխուն բաղկացուցիչ մասի չափերով, ուստի այդ պահանջարկը պրոգրեսիվ կերպով նվազում է ամբողջ կապիտալի աճմանը զուգընթաց, փոխանակ նրա հետ համամասնորեն աճելու, ինչպես առաջ էինք ենթադրում։ Նա իջնում է հարաբերաբար ամբողջ կապիտալի մեծության համեմատությամբ, իջնում է պրոգրեսիայով, որն արագանում է այդ մեծության աճման հետ։ Թեև ամբողջ կապիտալի աճմանը զուգընթաց աճում է նաև նրա փոփոխուն բաղկացուցիչ մասը, այսինքն՝ նրա յուրացրած աշխատ ուժը ևս, բայց այդ մասն ավելանում է շարունակ նվազող համամասնությամբ։ Շարունակ կրճատվում են այն ժամանակամիջոցները, որոնց ընթացքում կուտակումը գործում է որպես տվյալ տեխնիկական հիմքի վրա հանգչող արտադրության պարզ ընդլայնում։ Ամբողջ կապիտալի՝ աճող պրոգրեսիայով արագացող կուտակումը դառնում է անհրաժեշտ ո՛չ միայն նրա համար, որ կարելի լինի որոշ հավելյալ թվով բանվորներ կլանել, և նույնիսկ ո՛չ միայն նրա համար, որ, չնայած հին կապիտալի մշտական կերպարանափոխություններին, արդեն գործող բանվորները պահպանեն իրենց աշխատանքը։ Այդ աճող կուտակումը և կենտրոնացումը, իրենց հերթին, իրենք են դառնում կապիտալի կազմի նոր փոփոխության կամ կապիտալի փոփոխուն բաղկացուցիչ մասի նոր արագ նվազման աղբյուր՝ հաստատուն մասի համեմատությամբ։ Կապիտալի փոփոխուն մասի այդ հարաբերական նվազումը, որ արագանում է ամբողջ կապիտալի աճմանը զուգընթաց, և այն էլ արագանում է ավելի սաստիկ, քան ամբողջ կապիտալի աճումն է արագանում, մյուս կողմում միշտ այնպես է ներկայանում, որ կարծես, ընդհակառակը, բանվոր բնակչության բացարձակ աճու.մը ավելի արագ է կատարվում քան փոփոխուն կապիտալի կամ այդ բնակչությանը զբաղմունք տվող միջոցների աճումը։ Ընդհակառակը, կապիտալիստական կուտակումը շարունակ արտադրում է, և այն էլ իր էներգիայի ու իր չափերի նկատմամբ համամասնորեն, մի հարաբերականորեն ավելցուկ, այսինքն՝ կապիտալի ինքնաճման միջին պահանջի համեմատությամբ ավելցուկ, ուստի և ավելորդ կամ լրացուցիչ բանվորական բնակչություն։ Հասարակական ամբողջ կապիտալը քննելով, տեսնում ենք, որ մերթ նրա կուտակման պրոցեսը առաջ է բերում պարբերական փոփոխություններ, մերթ այդ պրոցեսի առանձին մոմենտները միաժամանակ բաշխվում են արտադրության տարբեր ոլորտների միջև։ Մի քանի ոլորտներում կապիտալի կազմի փոփոխությունը տեղի է ունենում սոսկ նրա կենտրոնացման հետևանքով առանց նրա բացարձակ մեծության աճման. ուրիշ ոլորտներում կապիտալի բացարձակ աճումը կապված է նրա փոփոխուն բաղկացուցիչ մասի կամ նրա կլանած աշխատուժի բացարձակ նվազման հետ. մի երրորդ դեպքում՝ մերթ կապիտալը աճում է տվյալ տեխնիկական հիմքի վրա և իր աճման հետ համամասնորեն ներգրավում է ավելադիր աշխատուժը, մերթ կապիտալի օրգանական փոփոխություն է տեղի ունենում, և կրճատվում է նրա փոփոխուն մասը, բոլոր ոլորտներում էլ կապիտալի փոփոխուն մասի, ուստի և զբաղված բանվորների թվի աճումը միշտ կապված է ուժեղ տատանումների և ժամանակավոր գերբնակչություն ստեղծելու հետ, ընդ որում նշանակություն չունի՝ արդյոք վերջինը արդեն զբաղված բանվորների հետմղման ավելի նկատելի ձև է ընդունում թե ոչ այնքան նկատելի, բայց ոչ պակաս իրական այնպիսի ձև, երբ հավելյալ բանվոր բնակչությունը դժվարությամբ է կլանվում նրա սովորական հեռատար առուների կողմից<ref>Անգլիայում և Ուելսում կատարված մարդահամարը, ի միջի այլոց, հետևյալն է ցույց տալիս.<br>Հողագործության մեջ զբաղված բոլոր անձերը (նրանց մեջ հաշված սեփականատերերին, ֆերմերներին, պարտիզպաններին, հովիվներին և այլն) 1851 թվականին եղել են 2 011 447, 1861 թվականին՝ 1 924 110, նվազում՝ 87337։ Բրդեղենի արտադրություն — 1851 թվականին՝ 102 714, 1861 թվականին' 79 242։ Մետաքսագործարաններ 1851 թվականին՝ 111 940, 1861 թվականին՝101 678։ Չթատպիչներ — 1851 թվականին՝ 12 098, 1861 թվականին՝ 12 556. այս չնչին ավելացումը, չնայած գործի վիթխարի ընդարձակվելուն, ցույց է տալիս զբաղված բանվորների թվի հսկայական հարաբերական նվազում։ Գլխարկագործներ — 1851 թվականին 15 957, 1861 թվականին՝ 13 814։ Ծղոտե ու կանացի գլխարկների արտադրություն — 1851 թվականին՝ 20 393, 1861 թվականին՝ 18 176։ Ածիկագործներ — 1851 թվականին՝ 10 566 անձ, 1861 թվականին՝ 10 677։ Մոմի արտադրություն — 1851 թվականին՝ 4 949 անձ, 1861 թվականին՝ 4 686,— այս նվազման պատճառը, ի միջի այլոք, գազային լուսավորության տարածումն է։ Սանրագործներ — 1851 թվականին՝ 2 038, 1861 թվականին՝ 1 478։ Փայտ սղոցողներ — 1857 թվականին՝ 30 552, 1861 թվականին՝ 31 647. չնչին ավելացում սղոցամեքենաների տարածման հետևանքով։ Բևեռագործներ— 1851 թվականին՝ 26940, 1861 թվականին՝ 26 130, նվազում մեքենաների կոնկուրենցիայի հետևանքով։ Անագի ու պղնձի հանքերի բանվորներ — 1851 թվականին՝ 31360, 1861 թվականին՝ 32 041։ Ընդհակառակը, բամբակի մանարաններում ու մանածագործարաններում — 1851 թվականին՝ 371 777 անձ, 1861 թվականին՝ 456 646։ Ածխահանքերում — 1851 թվականին՝ 183 389, 1861 թվականին՝ 246 613։ «Ընդհանրապես 1851 թվականից հետո բանվորների թվի ավելացում կա ամենից ավելի այնպիսի ճյուղերում, որտեղ մեքենաները մինչև այժմ դեռ հաջող կերպով չեն կիրառված» («Census of England and Wales for 1861», հատ. III, London 1863, էջ 35—39)։</ref>։ Հասարակական արդեն գործող կապիտալի մեծության ու նրա աճման աստիճանի հետ, արտադրության մասշտաբի ընդարձակման և գործող բանվորների մասսայի ընդլայնման հետ, նրանց աշխատանքի արտադրողական ուժի զարգանալու հետ, հարստության բոլոր աղբյուրների առատության ընդարձակման հետ ընդարձակվում են նաև ա՛յն երևույթի չափերը, որ բանվորների առձգման ուժեղացումը կապիտալի կողմից կապված է նրանց հետմղվելու ուժեղացման հետ, արագանում է կապիտալի օրգանական կազմի ու նրա տեխնիկական ձևի փոփոխումը և ընդլայնվում է արտադրության այն ոլորտների շրշա գիծը, որոնց մերթ միաժամանակ, մերթ մեկը մյուսի հետևից ընդգրկում է այդ փոփոխությունը։ Հետևապես, բանվոր բնակչությունը կապիտալի կուտակում առաջ բերելով՝ հենց դրանով էլ ինքը աճող չափերով արտադրում է այն միջոցները, որոնք նրան դարձնում են հարաբերականորեն ավելցուկ բնակչություն<ref>Կլասիկ դպրոցի մի քանի ականավոր տնտեսագետներ փոփոխուն կապիտալի հարաբերական մեծության պրոգրեսիվ նվազման օրենքը և վարձու բանվորների դասակարգի դրության վրա նրա ունեցած ազդեցությունը ավելի շուտ կռահում, քան հասկանում էին։ Այս կողմից մեծագույն ծառայությունը պատկանում է Ջոն Բարտոնին, թեև նա էլ, մյուս բոլորի նման, հաստատուն կապիտալը շփոթում է հիմնական կապիտալի հետ, փոփոխուն կապիտալը շրջանառու կապիտալի հետ։ Նա ասում է. «Աշխատանքի պահանջարկը կախված է շրջանառու կապիտալի և ոչ թե հիմնական կապիտալի աճումից։ Եթե ճիշտ լիներ, որ կապիտալի այդ երկու տեսակների միջև գոյություն ունեցող հարաբերությունը նույնն է բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում, ապա դրանից իրոք կհետևեր, որ զբաղված բանվորների թիվը համամասնական է երկրի հարստությանը։ Բայց այդպիսի ենթադրությունը հավանականության ստվերն անգամ չունի։ Որչափով կատարելագործվում է արտադրությունը և ծավալվում է քաղաքակրթությանը, հիմնական կապիտալը, շրջանառու կապիտալի համեմատությամբ, ավելի ու ավելի մեծ բաժին է կազմում։ Հիմնական կապիտալի այն գումարը, որ դրված է անգլիական մուսլինի մի կտորի արտադրության մեջ, առնվազն հարյուր, գուցե և հազար անգամ ավելի մեծ է, քան այն հիմնական կապիտալը, որ դրված է հնդկական մուսլինի մի նույնպիսի կտորի մեջ։ Իսկ շրջանառու կապիտալի բաժինը հարյուր կամ անգամ ավելի փոքր է... Եթե տարեկան տնտեսումների ամբողջ գումարը միացվեր հիմնական կապիտալին, այդ առաջ չէր բերի աշխատանքի պահանջարկի ոչ մի ավելացում» (John Barton: «Observations օո the Circumstances which influence the Condition of the Labouring Classes of Society». London 1817, էջ 16, 17)։ «Նույն այն պատճառը, որը կարող է մեծացնել երկրի զուտ եկամուտը, միաժամանակ կարող է բնակչությունը ավելցուկ դարձնել և վատացնել բանվորների դրությունը» (Ricardo: «Principles of Political Economy», 3-րդ hրատ., London 1821, էջ 469)։ [Д. Рикардо: «Начала политической экономии». Соцэкгиз, 1935 թ., էջ 251։] Կապիտալի ավելանալով «հարաբերաբար կպակասի (աշխատանքի) պահանջարկը» (նույն տեղում, էջ 480, ծանոթագրություն)։ [Հմմտ. ռուս. հրատ., էջ 256։] «Կապիտալի այն գումարը, որ նախանշված է աշխատանքի պահպանման համար, կարող է փոփոխվել կապիտալի ընդհանուր գումարի մեջ որևէ փոփոխությունից անկախ... Աշխատանքի քանակի ավելի մեծ տատանումները և մեծ տառապանքները կարող են ավելի հաճախակի դառնալ այն չափով, որչափով ինքը՝ կապիտալն ավելի է առատանում» (Richard Jones: «An Introductory Lecture on Political Economy». London [Հավելված «Syllabus of a Course of Lectures on the Wages of Labour»], էջ 12)։ «(Աշխատանքի) պահանջարկը չի մեծանում... ամբողջ կապիտալի կուտակմանը հարաբերականորեն... Ուստի, վերարտադրության համար նախանշված ազգային կապիտալի ամեն մի մեծացում հասարակության առաջադիմության հետ ավելի ու ավելի քիչ է ազդում բանվորների դրության վրա» (G. Ramsay: «An Essay on the Distribution of Wealth». Edinburgh 1836, էջ 90, 91)։</ref>։ Սա բնակչության՝ արտադրության կապիտալիստական եղանակին հատուկ օրենքն է, քանի որ արտադրության ամեն մի առանձին պատմական եղանակին իրականում հատուկ են բնակչության առանձին, պատմական բնույթ ունեցող, օրենքներ բնակչության վերացական օրենքը գոյություն ունի միայն բույսերի ու կենդանիների համար, քանի դեռ մարդը պատմականորեն չի ներխուժում այդ բնագավառը։ Բայց եթե ավելցուկ բանվոր բնակչությունը կապիտալիստական հիմքի վրա կատարվող կուտակման կամ հարստության զարգացման անհրաժեշտ արդյունք է, ապա այդ գերբնակչությունը, իր հերթին, դառնում է կապիտալիստական կուտակման լծակ և նույնիսկ արտադրության կապիտալիստական եղանակի գոյության պայման։ Գերբնակչությունը կազմում է արդյունաբերական ռեզերվային բանակ, որին տնօրինել կարող է կապիտալը, և որը կապիտալին է պատկանում այնքան բացարձակորեն, որ կարծես կապիտալը նրան սնած, մեծացրած լինի իր սեփական հաշվին։ Այդ բանակը կապիտալի ինքնաճման փոփոխվող պահանջմունքների համար ստեղծում է շարունակ պատրաստ, շահագործման համար մատչելի մարդկային նյութ, որը բնակչության իրական աճի սահմաններից անկախ է։ Կուտակման և այդ կուտակմանն ուղեկցող աշխատանքի արտադրողական ուժի զարգացման հետ աճում է կապիտալի հանկարծակի ընդարձակման ուժը, — ոչ միայն այն պատճառով, որ աճում է գործող կապիտալի առաձգականությունը և այն բացարձակ հարստությունը, որի լոկ մի որոշ առաձգական մասն է կազմում կապիտալը. ո՛չ միայն այն պատճառով, որ վարկը, գործի աշխուժացման յուրաքանչյուր հատուկ դեպքում, միանգամից արտադրության տրամադրության տակ է դնում այդ հարստության արտասովոր մասը որպես ավելադիր կապիտալ, բացի այդ բոլորից, հենց արտադրության պրոցեսի տեխնիկական պայմանները՝ մեքենաները, փոխադրամիջոցները և այլն, մեծագույն մասշտաբով հնարավոր են դարձնում հավելյալ արդյունքի ամենաարագ փոխարկումը արտադրության ավելադիր միջոցների։ Հասարակական հարստության մասսան, որ աճում է կուտակման զարգացման հետ և կարող է ավելադիր կապիտալի վերածվել, կատաղորեն նետվում է արտադրության հին ճյուղերը, որոնց շուկան հանկարծակի ընդարձակվում է, կամ նոր հայտնագործված ճյուղերը, ինչպես երկաթուղիները և այլն, որոնց պահանջմունքը առաջ է գալիս արտադրության հին ճյուղերի զարգանալուց։ Բոլոր այդպիսի դեպքերում անհրաժեշտ է, որ հնարավոր լինի մարդկային հսկայական մասսաներ նետել վճռական կետերը հանկարծակի և առանց կրճատելու մյուս ոլորտների արտադրության մասշտաբը։ Գերբնակչությունն է մատակարարում այդ մասսաները։ ժամանակակից արդյունաբերության կենսական ուղին, որին հատուկ է միջին աշխուժացման, բարձր ճնշման տակ կատարվող արտադրության, ճգնաժամերի ու լճացման ժամանակաշրջանների, փոքրիկ տատանումներով ընդհատվող տասնամյա ցիկլի ձև խարսխված է արդյունաբերական ռեզերվային բանակի կամ գերբնակչության մշտական գոյացման, նրա ավելի մեծ կամ ավելի փոքր կլանման և կրկին գոյացման վրա։ Արդյունաբերական ցիկլի փուլերի հաջորդափոխությունը, իր հերթին, ավելացնում է գերբնակչությունը և դառնում նրա վերարտադրության ամենաեռանդուն գործոններից մեկը։ Ժամանակակից արդյունաբերության այդ յուրահատուկ կենսական ուղին, որին մարդկության նախկին դարաշրջաններից ոչ մեկում մենք չենք հանդիպում, կապիտալիստական արտադրության մանկության ժամանակաշրջանում էլ հնարավոր չէր։ Կապիտալի կազմը միայն շատ դանդաղ էր փոփոխվում։ Հետևապես, նրա կուտակմանն ընդհանրապես համապատասխանում էր աշխատանքի պահանջարկի համամասնական աճումը։ Կապիտալի կուտակման պրոգրեսը որքան էլ դանդաղ լիներ արդի դարաշրջանի համեմատությամբ, բայց նա էլ էր բախվում շահագործման համար մատչելի բանվոր բնակչության բնական սահմաններին, այդ սահմանները վերացնել կարելի էր միայն բռնի միջոցներով, որոնց մասին հետագայում խոսք կլինի։ Արտադրության մասշտաբի հանկարծակի ու ջղաձգական ընդարձակումը նրա հանկարծակի սեղմվելու նախադրյալն է. վերջինը, իր հերթին, առաջ է բերում առաջնին, բայց առաջինն անհնարին է առանց շահագործման համար պիտանի մարդկային նյութի, առանց բանվորների թվի ավելացման, որ անկախ է բնակչության բացարձակ աճումից։ Այդ ավելացումն ստեղծվում է մի հասարակ պրոցեսի միջոցով, որը բանվորների մի մասին շարունակ «ազատում է» այնպիսի մեթոդներով, որոնք քչացնում են զբաղված բանվորների թիվը՝ աճող արտադրության համեմատությամբ։ Հետևապես, ժամանակակից աբդյունաբերության համար բնորոշ հանդիսացող շարժման ամբողջ ձևը ծագում է բանվոր բնակչության մի մասի մշտական փոխարկումից չզբաղված կամ կիսազբաղ ձեռքերի։ Քաղաքատնտեսության մակերեսայնությունը երևան է գալիս, ի միջի այլոց, նրանով, որ վարկի ընդլայնվելն ու սեղմվելը, արդյունաբերական ցիկլի հերթափոխվող շրջանների այդ սոսկական նշանները, նրա այդ ընդլայնվելու և սեղմվելու պատճառն է համարում։ Ինչպես երկնային մարմինները, երբ նրանք որոշ շարժման մեջ են դրվում, շարունակ կրկնում են այդ շարժումը բոլորովին նույն ձևով էլ հասարակական արտադրությունը, երբ նա դրված է փոփոխակի ընդլայնվելու և սեղմվելու այդ շարժման մեջ, շարունակ վերարտադրում է այդ պրոցեսը։ Հետևանքները, իրենց հերթին, դառնում են պատճառներ, և շարունակ իր սեփական պայմանները վերարտադրող պրոցեսի փոփոխվող փուլերը ընդունում են պարբերականության ձև։ Երբ այդ պարբերականությունը կայունացել է, ապա նույնիսկ քաղաքատնտեսությունն էլ է սկսում ըմբռնել, որ հարաբերական գերբնակչության, այսինքն՝ կապիտալի ինքնաճման միջին պահանջմունքի համեմատությամբ ավելցուկ բնակչության արտադրությունը ժամանակակից արդյունաբերության գոյության պայմանն է։ «Ենթադրենք,— ասում է Հ. Մերիվեյլը, որն առաջ քաղաքատնտեսության պրոֆեսոր էր Օքսֆորդում, հետագայում՝ անգլիական գաղութների մինիստրության պաշտոնյա,— ենթադրենք, թե ճգնաժամի պայմաններում ազգն իր ամբողջ ուժերը կլարի, որպեսզի արտագաղթի միջոցով ազատվի մի քանի հարյուր հազար ավելցուկ աղքատներից. դրա հետևանքն ի՞նչ կլիներ։ Այն, որ աշխատանքի պահանջարկի հենց առաջին վերածնության դեպքում աշխատողների պակասություն կզգացվեր։ Որքան էլ արագ կատարվեր մարդկանց վերարտադրումը, համենայն դեպս մի սերնդի ժամանակամիջոց է պահանջվում մեծահասակ բանվորներին փոխարինելու համար։ Բայց մեր գործարանատերերի շահույթը կախված է գլխավորապես այն բանից, որ հնարավոր լինի աշխուժացած պահանջարկի նպաստավոր մոմենտն օգտագործել և այդպիսով իրենց վարձատրել թուլացման ժամանակաշրջանի փոխարեն։ Այդ հնարավորությունն ապահովվում է միայն նրանց հրամանատարությամբ մեքենաների ու ձեռքի աշխատանքի նկատմամբ։ Անհրաժեշտ է, որ նրանք կարողանան ազատ ձեռքեր գտնել, նրանք պետք է ընդունակ լինեն, երբ անհրաժեշտ է, իրենց գործառնությունների ակտիվությունը լարելու կամ թուլացնելու, նայած շուկայի կացությանը, այլապես, նրանք ամենևին չէին կարողանա կատաղի կոնկուրենցիայի մեջ պահպանել այն գերակշռությունը, որի վրա հիմնված է այս երկրի հարստությունը»<ref>H. Merivale: «Lectures on Colonization and Colonies». London 1841 and 1842, հ. I, էջ 146։</ref>։ Մինչև անգամ Մալթուսը, որն իրեն հատուկ սահմանափակությամբ գերբնակչությունը բացատրում է բանվոր բնակչության բացարձակ ավելցուկային աճումով և ոչ թե նրանով, որ բնակչությունը դառնում է հարաբերաբար ավելցուկային,— ընդունում է, որ գերբնակչությունը ժամանակակից արդյունաբերության համար մի անհրաժեշտություն է։ Նա ասում է. «Ամուսնության հետ կապված ողջամիտ սովորությունները, երբ նրանք գլխավորապես մանուֆակտուրաներից ու առևտրից կախված երկրի բանվոր դասակարգի մեջ հասցվում են որոշ մակարդակի, կարող են այդ երկրի համար վնասակար լինել... Բնակչության բուն էության համաձայն, աշխատողների աճը, որպես հատուկ պահանջարկի հետևանք, չի կարող շուկա հանվել 16—18 տարուց շուտ, իսկ տնտեսման միջոցով եկամտի կապիտալ դաոնալը կարող է անհամեմատ ավելի արագ տեղի ունենալ. երկիրը շարունակ ենթարկված է այն ռիսկին, որ նրա աշխատաֆոնդն ավելի արագ կաճի, քան բնակչությունր»<ref>Malthus: «Principles of Political Economy», էջ 215, 319, 320։ Այս աշխատության մեջ Մալթուսը Սիսմոնդիի օգնությամբ, վերջապես, հայտնագործում է կապիտալիստական արտադրության չքնաղ երրորդությունը՝ գերարտադրություն, գերբնակչություն, գերսպառում, այդ three very delicate monsters indeed! [երեք ամենանրբատեսիլ հրեշնե՜րը]։ Հմմտ. F. Engels: «Umrisse zu einer Kritik der Nationalökonomie», Առնոլդ Ռուգեի և Կարլ Մարքսի հրատարակած «Deutsch-Französische Jahrbücher»-ում, Paris 1844, էջ 107 և հաջ.։ [Հմմտ. Ф. Энгельс: «Очерки критики политической экономии». Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. II, էջ 312—316։]</ref>։ Այդպիսով, բանվորների հարաբերական գերբնակչության մշտական արտադրությունը կապիտալիստական կուտակման անհրաժեշտ պայմանը հայտարարելով, քաղաքատնտեսությունը, հանդես գալով պառաված աղջկա կերպարանքով, իր «beau idéal»-ի («իդեալի») — կապիտալիստի — բերանն է դնում հետևյալ խոսքերը՝ ուղղված այն «ավելցուկ» բանվորներին, որոնց փողոց է նետել հենց նրանց ստեղծած հավելյալ կապիտալը. «Մենք, գործարանատերերս, մեծացնելով կապիտալը, որով դուք պիտի ապրեք, անում ենք ձեզ համար ամեն բան, ինչ որ կարող ենք, իսկ մնացածը դուք պիտի անեք, ձեր թիվը համաձայնեցնելով գոյամիջոցներին»<ref>Harriet Martineau: «A Manchester Strike». London 1832, էջ 101։</ref>։ Կապիտալիստական արտադրության համար ամենևին բավական չէ ազատ աշխատուժի այն քանակը, որ մատակարարում է բնակչության բնական աճը։ Իր ազատ զարգացման համար նա կարիք ունի այդ բնական սահմաններից անկախ արդյունաբերական ռեզերվային բանակի։ Մինչև հիմա մենք ենթադրում էինք, ոք փոփոխուն կապիտալի ավելացումը կամ պակասումը ճշտորեն համապատասխանում է զբաղված բանվորների թվի ավելանալուն կամ պակասելուն։ Սակայն փոփոխուն կապիտալն աճում է իր հրամանատարության տակ գտնվող բանվորների անփոփոխ կամ նույնիսկ նվազող թվի դեպքում, եթե միայն անհատական բանվորն սկսում է ավելի շատ աշխատանք մատակարարել, և նրա աշխատավարձն այդ պատճառով աճում է, թեև աշխատանքի գինն անփոփոխ է մնում կամ մինչև անգամ ընկնում է, բայց ավելի դանդաղ է ընկնում, քան աշխատանքի մասսան է ավելանում։ Փոփոխուն կապիտալի ավելացումը այս դեպքում դառնում է ավելի շատ աշխատանքի և ոչ թե ավելի մեծ թվով զբաղված բանվորների ցուցանիշ։ Ամեն մի կապիտալիստի բացարձակ շահն այն է, որ որոշ քանակությամբ աշխատանք քամի ավելի փոքր թվով բանվորներից և ոչ թե ավելի մեծ թվով բանվորներից, թեկուզ և այդ թիվը նույնքան էժան կամ նույնիսկ ավելի էժան լինի։ Վերջին դեպքում հաստատուն կապիտալի ծախսումն աճում է շարժման մեջ դրվող աշխատանքի մասսայի հետ համամասնորեն, առաջին դեպքում՝ շատ ավելի դանդաղ։ Որքան ավելի մեծ է արտադրության մասշտաբը, այնքան ավելի վճռական նշանակություն է ստանում այդ շարժառիթը։ Նրա կարևորությունն աճում է կապիտալի կուտակմանը զուգընթաց։ Մենք տեսանք, որ արտադրության կապիտալիստական եղանակի և աշխատանքի արտադրողական ուժի զարգացումը — կուտակման պատճառն ու հետևանքը միաժամանակ — կապիտալիստին հնարավորություն է տալիս փոփոխուն կապիտալի առաջվա ծախսումով ավելի շատ աշխատանք շարժման մեջ դնել, ավելի սաստկացնելով անհատական աշխատուժերի էքստենսիվ ու ինտենսիվ շահագործումը։ Այնուհետև մենք տեսանք, որ նա հենց նույն կապիտալային արժեքով ավելի մեծ քանակությամբ աշխատուժեր է գնում, ավելի վարժված բանվորներին պրոգրեսիվորեն դուրս է մղում, փոխարինելով ավելի անվարժ բանվորներով, հասուն բանվորներին՝ ավելի տհասներով, տղամարդկանց՝ կանանցով, հասակավորներին՝ դեռահասներով կամ երեխաներով։ Այսպես ուրեմն, մի կողմից՝ կուտակման զարգացման հետ ավելի մեծ փոփոխուն կապիտալն ավելի շատ աշխատանք է շարժման մեջ դնում առանց ավելի մեծացնելու բանվորների թիվը, մյուս կողմից՝ նախկին մեծությամբ փոփոխուն կապիտալը աշխատուժի առաջվա մասսայով ավելի շատ աշխատանք է շարժման մեջ դնում և, վերջապես, ավելի բարձրորակ աշխատուժերը դուրս մղելով, ավելի մեծ թվով ցածրորակ աշխատուժեր է շարժման մեջ դնում։ Ուստի հարաբերական գերբնակչության արտադրումը կամ բանվորների ազատումը է՛լ ավելի արագ է ընթանում, քան կատարվում է արտադրության պրոցեսի տեխնիկական հեղաշրջումը, որն առանց այդ էլ արագացվում է կուտակման զարգացումով,— է՛լ ավելի արագ, քան տեղի է ունենում կապիտալի փոփոխուն մասի՝ այդ հեղաշրջմանը համապատասխանող հարաբերական նվազումը հաստատուն կապիտալի համեմատությամբ։ Եթե արտադրության միջոցները, ավելանալով ըստ ծավալի ու ըստ ներգործման ուժի, ավելի ու ավելի նվազող չափով են դառնում բանվորներ զբաղեցնելու միջոց, ապա հենց ինքը՝ այդ հարաբերությունն էլ նորից ձևափոխվում է նաև նրանով, որ աշխատանքի արտադրողական ուժի աճման համեմատ կապիտալն ավելի շուտ աշխատանքի մեծացած առաջարկ է ստեղծում, քան բարձրացնում է իր պահանջարկը բանվորների նկատմամբ։ Բանվոր դասակարգի զբաղված մասի չափից վեր աշխատանքը ավելացնում է նրա ռեզերվների շարքերը, իսկ, ընդհակառակը, այն ուժեղ ճնշումը, որ վերջինների կոնկուրենցիան գործում է զբաղված բանվորների վրա, նրանց հարկադրում է չափից վեր աշխատանքի և կապիտալի հրամաններին ենթարկվելու։ Բանվոր դասակարգի մի մասի չափից վեր, աշխատանքի հետևանքով նրա մի այլ մասի հարկադրական պարապության դատապարտվելը և ընդհակառակը՝ դառնում է առանձին կապիտալիստների հարստացման միշոց<ref>Նույնիսկ 1863 թվականի բամբակի սովի ժամանակ Բլեկբերնի բամբակ մանողների մի պամֆլետում գտնում ենք սաստիկ բողոքներ այն չափից վեր աշխատանքի դեմ, որը գործարանային օրենքի հետևանքով ծանրանում էր, իհարկե, միայն հասակավոր տղամարդ բանվորների վրա։ «Այդ գործարանի չափահաս բանվորներից պահանջում էին, որ նրանք աշխատեն օրական 12—13 ժամ, այնինչ հարյուրավորներ ստիպված էին պարապ մնալու և սիրով կհամաձայնեին ոչ-լրիվ ժամանակ աշխատել, միայն թե կարողանային իրենց ընտանիքները պահել և իրենց ընկերներին փրկել չափից վեր աշխատանքի հետևանքով սպառնացող վաղաժամ մահից»։ «Մենք,— ասված է այնուհետև,— կուզեինք հարց տալ, թե արտաժամյա աշխատանքների այդ պրակտիկան արդյոք գործատերերի ու «ծառաների» միջև տանելի հարաբերությունների որևէ հնարավորություն թողնո՞ւմ է։ Չափից վեր աշխատանքի զոհերը նույն ձևով զգում են անարդարությունը, ինչպես և նրանք, որոնք նույն չափից վեր աշխատանքի շնորհիվ դատապարտված են ակամա պարապության (condemned to forced idleness)։ Եթե աշխատանքն արդարացի բաշխվեր, այս շրջանում այն բավական կլիներ բոլորին էլ մասնակի զբաղմունք տալու համար։ Մենք լոկ մեր իրավունքն ենք պահանջում, գործատերերին առաջարկելով գոնե, քանի դեռ իրերի այժմյան դրությունը պահպանվում է, ընդհանրապես ոչ-լրիվ ժամանակ մտցնել. մինչդեռ այժմ մի մասը պետք է չափից վեր աշխատանք կատարի, իսկ մյուս մասը, աշխատանք չունենալու պատճառով, ստիպված է իր գոյությունը բարեգործության հաշվին քարշ տալու» («Reports of Insp. of Fact. for 31st October 1863», էջ 8)։ Այն ներգործությունը, որ հարաբերական գերբնակչությունն անում է զբաղված բանվորների վրա, իր սովորական բուրժուական անվրեպ բնազդով ըմբռնում է «Essay on Trade and Commerce»-ի հեղինակը։ «Այս թագավորության մեջ ծուլության (idleness) մյուս պատճառը բանող ձեռքերի պակասությունն է։ Ֆաբրիկատների որևէ արտասովոր պահանջարկի հետևանքով հազիվ է աշխատանքի մասսան սկսում անբավարար դառնալ, որ բանվորներն սկսում են զգալ իրենց սեփական կարևորությունը և ուզում են իրենց գործատերերի համար ևս այդ զգալի դարձնել. այս զարմանալի է. բայց այդ մարդկանց գլուխներն այնքան են փչացել, որ այսպիսի դեպքերում բանվորների խմբերը համաձայնության են գալիս իրար հետ, որպեսզի իրենց գործատերերին դժվար դրության մեջ գցեն նրանով, որ ամբողջ օրը պարապ կթափառեն» («An Essay on Trade and Commerce». London 1770, էջ 27, 28)։ Այդ մարդիկ հենց աշխատավարձի բարձրացում էին պահանջում։</ref> և միաժամանակ արագացնում է արդյունաբերական ռեզերվային բանակի արտադրումը այնպիսի մասշտաբով, որը համապատասխանում է հասարակական կուտակման պրոգրեսին։ Թե այդ մոմենտը որքան կարևոր է հարաբերական գերբնակչության գոյացման համար, ապացուցում է, օրինակ, Անգլիան։ Աշխատանքի «տնտեսման» նրա տեխնիկական միջոցները հսկայական են։ Սակայն, եթե վաղն աշխատանքը ամենուրեք սահմանափակվեր ռացիոնալ չափերով, և բանվոր դասակարգի տարբեր խավերի համար աստիճանակարգեր մտցվեին տարիքի ու սեռերի համապատասխան, ապա առկա բանվոր բնակչությունը բացարձակորեն անբավարար կլիներ ազգային արտադրությունը նրա այժմյան մասշտաբով շարունակելու համար։ Այժմ «անարտադրողական» համարվող բանվորների հսկայական մեծամասնությունը ստիպված կլիներ «արտադրողական» դառնալու։ Ընդհանրապես ու ամբողջությամբ վերցրած՝ աշխատավարձի ընդհանուր փոփոխությունները բացառապես կարգավորվում են արդյունաբերական ռեզերվային բանակի ընդարձակումով ու կրճատումով, որոնք համապատասխանում են արդյունաբերական ցիկլի ժամանակաշրջանների հաջորդափոխությանը։ Հետևապես, նրանք որոշվում են ո՛չ թե բանվոր բնակչության բացարձակ թվի շարժումով, այլ այն փոփոխվող հարաբերությամբ, որով բանվոր դասակարգը տրոհվում է ակտիվ բանակի ու ռեզերվային բանակի, որոշվում է գերբնակչության հարաբերական չափերի ավելանալով ու պակասելով, այն աստիճանով, որով այդ գերբնակչությունը մերթ կլանվում, մերթ նորից ազատվում է։ Ժամանակակից արդյունաբերության համար բնորոշ են տասնամյա ցիկլը և նրան հատուկ պարբերական փուլերը, որոնք կուտակման ընթացքում դեռ ընդհատվում են միմյանց ավելի ու ավելի արագ հաջորդող անկանոն տատանումներով։ Եվ ահա այդպիսի արդյունաբերության համար որքա՜ն լավ կլիներ այն օրենքը, որն աշխատանքի պահանջարկն ու նրա առաջարկը կկանոնավորեր ո՛չ թե կապիտալն ընդարձակելու և սեղմելու միջոցով, — հետևապես, ո՛չ թե նրա ինքնաճման հերթական պահանջմունքների համաձայն, և ո՛չ այնպես, որ աշխատանքի շուկան երբեմն գերլցված լինի կապիտալի ընդարձակման հետևանքով, երբեմն էլ հարաբերաբար գերլցված կապիտալի սեղմվելու հետևանքով, — այլ, ընդհակառակը, կապիտալի շարժումը կախման մեջ կդներ բնակչության մասսայի բացարձակ շարժումից։ Սակայն այդ օրենքը քաղաքատնտեսության դոգման է։ Նրա համաձայն, կապիտալի կուտակման հետևանքով աշխատավարձը բարձրանում է։ Բարձրացած աշխատավարձը խթան է ծառայում բանվոր բնակչության ավելի արագ բազմանալու համար, և այդ շարունակվում է այնքան ժամանակ, մինչև որ աշխատանքի շուկան գերլցվի, այսինքն՝ մինչև որ կապիտալը հարաբերաբար անբավարար դառնա բանվորների կողմից եղած առաջարկի համեմատությամբ։ Աշխատավարձն ընկնում է, և այն ժամանակ արդեն տեսնում ենք մեդալի հակառակ երեսը։ Աշխատավարձն իջնելու հետևանքով բանվոր բնակչությունը կամաց-կամաց նոսրանում է, այնպես որ նրա նկատմամբ կապիտալը նորից ավելցուկ է ունենում, կամ, ինչպես ուրիշներն են այդ բացատրում, աշխատավարձի նվազումը և դրա հետևանքով բանվորների շահագործման համապատասխան բարձրացումը դարձյալ արագացնում են կուտակումը, մինչդեռ աշխատավարձի ցածր մակարդակը կասեցնում է բանվոր դասակարգի աճումը։ Այդպիսով, նորից ստեղծվում են այնպիսի պայմաններ, երբ աշխատանքի առաջարկը նրա պահանջարկից ցածր է, աշխատավարձը բարձրանում է և այլն։ Շարժման ի՜նչ հիանալի մեթոդ զարգացած կապիտալիստական արտադրության համար։ Նախքան աշխատավարձի բարձրանալու հետևանքով կարողանար տեղի ունենալ իրապես աշխատունակ բնակչության որևէ դրական ավելացում, այդ պայմաններում մի քանի անգամ անցած կլիներ այն ժամկետը, որի ընթացքում անհրաժեշտ է արդյունաբերական կամպանիան անցկացնել և վճռական մարտ մղել։ 1849 և 1859 թվականների միջև, հացի գների իջեցման հետ միաժամանակ, անգլիական հողագործական օկրուգներում տեղի ունեցավ աշխատավարձի գործնականորեն զուտ անվանական բարձրացում, օրինակ, Ուիլտշիրում շաբաթավարձը 7-ից բարձրացավ 8 շիլլինգի, իսկ Դորսետշիրոլմ 7-ից կամ 8-ից՝ 9 շիլլինգի և այլն։ Այդ հետևանք էր հողագործական գերբնակչության անսովոր արտահոսի, որի պատճառն էին պատերազմի պահանջները, երկաթուղային շինարարության, գործարանների, հանքագործության վիթխարի ընդարձակումը և այլն։ Որքան ավելի ցածր է աշխատավարձը, այնքան ավելի բարձր են այն տոկոսային թվերը, որոնցով արտահայտվում է նրա ամեն մի նույնիսկ աննշան բարձրացում։ Եթե շաբաթավարձը, օրինակ, 20 շիլլինգ էր և բարձրացել է 22-ի, ապա բարձրացումը կազմում է 10%, իսկ, եթե նա, ընդհակառակը, ընդամենը 7 շիլլինգ էր և բարձրանում է 9-ի, ապա ույդ կազմում է 28<math>^4/_7</math>, որ շատ ազդու է հնչում։ Համենայն դեպս ֆերմերները վայնասուն բարձրացրին, և նույնիսկ Լոնդոնի «Economist»-ը այդ կիսակուշտ աշխատավարձերի առթիվ սկսեց միանգամայն լրջորեն բարբաջել «a general and substantial advance»-ի [«աշխատավարձի ընդհանուր և էական բարձրացման»] մասին<ref>«Economist», January 21, 1860։</ref>։ Իսկ ի՞նչ արին ֆերմերները։ Արդյոք նրանք սկսեցին սպասել, մինչև որ այդ փայլուն վարձի հետևանքով գյուղական բանվորներն այնքան բազմանային, որ նրանց վարձը նորից ընկներ, ինչպես որ հարցը պատկերացնում է դոգմատիկ-տնտեսագիտական ուղեղը։ Նրանք ավելի շատ մեքենաներ մտցրին, և բանվորները շուտով նորից «ավելորդ» դարձան այնպիսի չափով, որը բավարարեց մինչև անգամ ֆերմերներին։ Հիմա հողագործության մեջ «ավելի շատ կապիտալ» ներդրվեց, քան առաջ, ու այն էլ ավելի արտադրողական ձևով։ Դրանով աշխատանքի պահանջարկն իջավ ո՛չ միայն հարաբերաբար, այլև բացարձակորեն։ Այդ տնտեսագիտական ֆիկցիան շփոթում է աշխատավարձի ընդհանուր շարժումը կամ բանվոր դասակարգի, այսինքն՝ հավաքական աշխատուժի և հասարակական հավաքական կապիտալի միջև եղած հարաբերությունը կարգավորող օրենքներն այն օրենքների հետ, որոնք կարգավորում են բանվոր բնակչության բաշխումը արտադրության առանձին ոլորտների միջև։ Եթե, օրինակ, բարենպաստ կոնյունկտուրայի հետևանքով կուտակումն առանձնապես աշխուժացած է արտադրության որոշ ոլորտում, շահույթը բարձր է միջին շահույթից, և այստեղ է նետվում ավելադիր կապիտալը, ապա, հասկանալի է, ավելանում է աշխատանքի պահանջարկը, ու բարձրանում է աշխատավարձը։ Բարձրացած աշխատավարձը ուժեղացնում է բանվոր բնակչության հոսանքը դեպի բարենպաստ վիճակում գտնվող այդ ոլորտը, մինչև որ սա հագենա աշխատուժով, այն ժամանակ աշխատավարձը, երկար ժամանակով կրկին իջնելով, հասնում է իր նախկին միջին մակարդակին կամ նույնիսկ նրանից ցած, եթե բանվորների հոսանքը չափազանց մեծ էր։ Այն ժամանակ ո՛չ միայն դադարում է բանվորների հոսանքը դեպի արտագրության տվյալ ճյուղը, այլև մինչև անգամ փոխարինվում է նրանց տեղատվությամբ։ Նման դեպքերում տնտեսագետը երևակայում է, որ աշխատավարձն ավելանալիս իրեն հաջողվում է նկատել, թե «որտեղ ու ինչպես» է բանվորների թվի բացարձակ ավելացում կատարվում, իսկ բանվորների թվի բացարձակ ավելացման հետ ինչպես է աշխատավարձի պակասում տեղի ունենում. բայց իրոք նա միայն արտադրության մի առանձին ճյուղի աշխատանքի շուկայի տեղական տատանումներն է նկատում, նա տեսնում է լոկ այն երևույթները, որոնք վերաբերում են բանվոր բնակչության բաշխմանը կապիտալի կիրառման տարբեր ոլորտների միջև՝ նայած կապիտալի փոփոխվող պահանջմունքներին։ Արդյունաբերական ռեզերվային բանակը, կամ հարաբերական գերբնակչությունը, լճացման ու միջին աշխուժացման ժամանակաշրջաններում ճնշում է գործադրում բանվորների ակտիվ բանակի վրա և գերարտադրության ու պարոքսիզմների շրջանում սանձահարում է նրա հավակնությունները։ Հետևապես, հարաբերական գերբնակչությունն այն ֆոնն է, որի վրա շարժվում է աշխատանքի պահանջարկի ու առաջարկի օրենքը։ Հարաբերական գերբնակչությունն այդ օրենքի թափը խցկում է այնպիսի սահմանների մեջ, որոնք բացարձակապես համապատասխանում են կապիտալին հատուկ շահագործման ծարավին ու տիրապետության ձգտումին։ Այստեղ տեղին կլինի վերադառնալ տնտեսագիտական ջատագովության մեծ գործերից մեկին։ Հիշեցնենք, որ եթե նոր մեքենաներ մտցնելու կամ հին մեքենաները տարածելու շնորհիվ փոփոխուն կապիտալի մի մասը փոխարկվում է հաստատուն կապիտալի, ապա կապիտալին «կապող» և հենց դրանով էլ բանվորներին «ազատող» այդ ղործառնությունր տնտեսագետ ջատագովն այնպես է մեկնաբանում, թե իբր այդ գործառնությունը, ընդհակառակը, կապիտալ է ազատում բանվորների համար։ Մենք միայն հիմա կարող ենք լիովին գնահատել ջատագովի անպատկառությունը։ Ազատվում են փաստորեն ո՛չ միայն անմիջաբար մեքենայի կողմից դուրս մղվող բանվորները, այլև նրանց փոխարինողների կոնտինգենտը և այն լրացուցիչ կոնտինգենտը, որը կանոնավորապես կկլանվեր, եթե ձեռնարկությունը սովորական եղանակով ընդարձակվեր իր հին պատվանդանի վրա։ Հիմա նրանք բոլորն էլ «ազատված են», և գործելու ձգտող ամեն մի նոր կապիտալ կարող է իր տնօրինության տակ առնել նրանց։ Արդյոք նա հենց այդ բանվորներին կներգրավի թե ուրիշներին,— թե՛ մեկ և թե՛ մյուս դեպքում աշխատանքի ընդհանուր պահանջարկի վրա եղած ներգործությունը զրո կլինի, քանի դեռ այդ նոր կապիտալը բավարար կլինի միայն այն բանի համար, որ շուկան ազատի հենց այնքան բանվորներից, որքան մեքենաներն էին նետել այնտեղ։ Եթե նոր կապիտալը ավելի փոքր թվով բանվորներ է ներգրավում, ապա աճում է ավելցուկների քանակը, եթե ավելի մեծ թվով բանվորների է զբաղմունք տալիս, ապա աշխատանքի ընդհանուր պահանջարկն աճում է այնքան, որքան տարբերություն է գոյանում զբաղվածների և «ազատվածների» քանակի միջև։ Այսպիսով, աշխատանքի պահանջարկի այն ավելացումը, որ ընդհանրապես կարող էին առաջ բերել ներդրում որոնող ավելադիր կապիտալները, համենայն դեպս չեզոքացվում է այն չափով, որչափով այդ ավելացումը ծածկվում է մեքենաների կողմից փողոց նետված բանվորներով։ Հետևապես, կապիտալիստական արտադրության մեխանիզմը հոգում է այն մասին, որ կապիտալի բացարձակ աճմանն ուղեկից չլինի աշխատանքի ընդհանուր պահանջարկի համապատասխան ավելացումը։ Եվ հենց այս էլ ջատագովն անվանում է դուրս մղված բանվորների աղքատության, տառապանքների և հնարավոր կորստյան փոխհատուցում անցման այն ժամանակաշրջաններում, որոնք նրանց նետում են արդյունաբերական ռեզերվային բանակի շարքերը։ Աշխատանքի պահանջարկը նույնանում կապիտալի աճման հետ, աշխատանքի առաջարկը չի նույնանում բանվոր դասակարգի աճման հետ, այնպես որ այստեղ չկա երկու միմյանցից անկախ ուժերի փոխազդում։ Les dés sont pipés [զառերր կեղծված են]։ Կապիտալը միաժամանակ գործում է երկու ուղղությամբ էլ։ Եթե նրա կուտակումը, մի կողմից, ավելացնում է աշխատանքի պահանջարկը, ապա, մյուս կողմից, նա ավելացնում է բանվորների առաջարկը նրանց «ազատման» միջոցով, իսկ չզբաղված բանվորների ճնշումը միաժամանակ զբաղվածներին ստիպում է ավելի շատ աշխատանք տալու և, այդպիսով, աշխատանքի առաջարկը որոշ չափով անկախ է դարձնում բանվորների առաջարկից։ Աշխատանքի պահանջարկի ու առաջարկի օրենքի շարժումը այդ պատվանդանի վրա լրիվ չափերի է հասցնում կապիտալի բռնապետությունը։ Ուստի, երբ բանվորները բաց են անում այն գաղտնիքը, թե ինչպես կարող էր պատահել, որ որքան շատ են աշխատում իրենք, որքան շատ են օտարի համար հարստություն արտադրում, և որքան շատ է աճում իրենց աշխատանքի արտադրողական ուժը, այնքան իրենց համար ավելի անհուսալի է դառնում նույնիսկ կապիտալի ինքնաճման միջոցի դերում գործելու հնարավորությունը, երբ նրանք հայտնագործում են, որ իրենց միջև տեղի ունեցող կոնկուրենցիայի ինտենսիվության աստիճանն ամբողջովին կախված է հարաբերական գերբնակչության ճնշումից, երբ նրանք այգ պատճառով աշխատում են զբաղվածների ու չզբաղվածների միջև պլանաչափ փոխգործակցություն կազմակերպել տրեդ-յունիոնների և այլն միջոցով, որպեսզի ոչնչացնեն կամ մեղմացնեն այն կործանարար հետևանքները, որ կապիտալիստական արտադրության այդ բնական օրենքը ունենում է բանվորների դասակարգի համար, այն ժամանակ կապիտալն ու նրա սիկոֆանտը, տնտեսագետը, վայնասուն են բարձրացնում պահանջարկի ու առաջարկի «հավիտենական» և, այսպես ասած, «սրբազան» օրենքը խախտելու առթիվ։ Զբաղվածների ու չզբաղվածների ամեն մի կապ խախտում է այդ օրենքի մաքուր խաղը։ Իսկ մյուս կողմից, որչափով գաղութներում, օրինակ, աննպաստ հանգամանքներն արգելք են լինում արդյունաբերական ռեզերվային բանակ ստեղծելուն, իսկ դրա հետ միասին նաև բանվոր դասակարգի բացարձակ կախմանը կապիտալիստների դասակարգից, ապա կապիտալն իր սովորական տափակ Սանչո-Պանչայի հետ ըմբոստանում է պահանջարկի ու առաջարկի «սրբացան» օրենքի դեմ և աշխատում է հարկադիր միջոցներով հաշիվ տեսնեք նրա հետ։ ====4. ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԳԵՐքւՆԱԿՏւՍՓՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԳՈՅԱ£ԵվԵՐԸ։ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ==== Հարաբերական գերբնակչությունը գոյություն ունի բազմազան երանգներով։ Նրան է պատկանում ամեն մի բանվոր, երբ նա զբաղված է կիսով չափ կամ բոլորովին աշխատանք չունի։ Եթե մի կողմ թողնենք պարբերաբար կրկնվող այն խոշոր ձևերը, որ արդյունաբերական ցիկլի փուլերի հաջորդափոխությունը տալիս է հարաբերական գերբնակչությանը, այնպես որ վերջինը մերթ սուր բնույթ է կրում՝ ճգնաժամերի միջոցին, մերթ խրոնիկական
<references>