Changes
Մանուֆակտուրայի մեջ արտադրության եղանակի հեղաշրջման ելակետ է ծառայում աշխատանքի ուժը, խոշոր արդյունաբերության մեջ՝ աշխատանքի միջոցը։ Ուստի ամենից առաջ պետք է հետազոտել, թե աշխատանքի միջոցը ինչպե՛ս է գործիքից փոխարկվում մեքենայի, կամ մեքենան ինչո՛վ է տարբերվում արհեստային գործիքից։ Իհարկե, խոսքն այստեղ վերաբերում է միայն խոշոր, ընդհանուր, բնորոշ գծերին, որովհետև հասարակության պատմության դարաշրջանները, երկրի պատմության դարաշրջանների նման, իրարից չեն բաժանվում վերացականորեն-խիստ սահմանազատիչ գծերով։
Մաթեմատիկոսներն ու մեքենագետները — և այդ կրկնում են մի քանի անգլիական տնտեսագետներ — ասում են, թե գործիքը մի պարզ մեքենա է, իսկ մեքենան՝ մի բարդ գործիք։ Նրանք ոչ մի էական տարբերություն չեն տեսնում դրանց միջև և մեքենա են անվանում նույնիսկ այնպիսի պարզ մեխանիկական միջոցներ, ինչպես լծակը, թեք մակարդակը, պտուտակը, սեպը և այլն<ref>Տե՛ս, օրինակ, Hutton: «Course of Mathematics». [London 1841—1843, հ. I—II։]</ref>։Իսկապես, ամեն մի մեքենա կազմված է այդպիսի պարզ միջոցներից, ինչպես էլ նրանք փոփոխված ու զուգակցված լինեն։ Սակայն տնտեսագիտական տեսակետից այդ բացատրությունը բոլորովին անպետք է, որովհետև նրա մեջ բացակայում է պատմական տարրը։ Մյուս կողմից, գործիքի ու մեքենայի տարբերությունը ուզում են գտնել այն բանում, որ գործիքի շարժիչ ուժը մարդն է, իսկ մեքենայի շարժիչ ուժը, ընդհակառակը, մարդկային ուժից տարբեր բնական ուժն է, օրինակ, կենդանին, ջուրը, քամին և այլն<ref>«Այս տեսակետից նույնպես կարելի է խիստ որոշ սահման գծել գործիքի ու մեքենայի միջև. բահը, մուրճը, դուրը և այլն, լծակների ու պտուտակների սիստեմները, որոնց համար։ համար, որքան էլ նրանք ճարտարորեն շինված լինեն, մարդն է շարժիչ ուժ ծառայում... այդ բոլորն ընդգրկվում է գործիքի հասկացողությամբ, այնինչ գութանը, նրան շարժող կենդանական ուժի հետ, հողմաղացներն ու այլ աղացները պետք է դասել մեքենաների շարքը» (Wilhelm Schulz: «Die Bewegung der Produktion». Zürich 1843, էջ 38)։ Այս աշխատությունը մի քանի տեսակետից արժանի է գովասանքի։</ref>։ Բայց այդ դեպքում եզներ լծած արորը, որն արտադրության ամենատարբեր դարաշրջանների է վերաբերում, մեքենա կլիներ, իսկ Claussen’ Claussen’s circular loom-ը (Կլաուսենի շրջանակավոր ջուլհակահաստոցը), որը մեկ բանվորի ձեռքով բանեցվում և մեկ րոպեում 96 000 հանգույց է պատրաստում, հասարակ գործիք կլիներ։ Այդ դեռ բավական չէ. եթե ուրեմն նույն loom-ը [ջուլհակահաստոցը] ձեռքով է շարժվում՝ գործիք է, իսկ եթե շոգիով է շարժվում՝ մեքենա է։ Քանի որ կենդանու ուժի կիրառումը մարդկության ամենահին գյուտերից մեկն է, ուստի դուրս կգար, որ մեքենայական արտադրությունը նախորդել է արհեստային արտադրությանը։ Երբ Տոն Ջոն Ուայետը 1735 թվականին հայտարարեց իր մանող մեքենայի մասին, իսկ դրա հետ միասին XVIII դարի արդյունաբերական ռևոլյուցիայի մասին, նա ոչ մի բանով չհիշատակեց, որ ոչ թե մարդը, այլ էշն է բանեցնելու այդ մեքենան, և, այնուամենայնիվ, այդ դերն իսկապես էշին վիճակվեց։ «Առանց մատների օգնության մանելու» համար է մեքենան,— ազդարարում էր նրա ծրագիրը<ref>Դեռ նրանից առաջ էլ կիրառվում էին մանող մեքենաներ, թեև շատ անկատար, հավանորեն՝ ամենից առաջ Իտալիայում։ Տեխնոլոգիայի քննական պատմությունը ընդհանրապես ցույց կտար, թե XVIII դարի որևէ գյուտ որքան քիչ է պատկանում այս կամ այն առանձին անհատին։ Բայց մինչև հիմա ոչ մի այդպիսի աշխատություն չկա։ Դարվինը հետաքրքրությունն ուղղեց բնական տեխնոլոգիայի պատմության կողմը, այսինքն՝ բուսական ու կենդանական օրգանների գոյացման կողմը, որոնք բույսերի ու կենդանիների կյանքում արտադրության գործիքների դեր են խաղում։ Արդյոք նույնպիսի ուշադրության արժանի չէ՞ հասարակական մարդու արտադրողական օրգանների գոյացման պատմությունը, ամեն մի առանձին հասարակական կազմակերպության այդ նյութական պատվանդանի պատմությունը։ Եվ արդյոք այդ պատմությունը գրելն ավելի հեշտ չէ՞ր լինի, քանի որ, ինչպես Վիկոն է ասում, մարդկության պատմությունը նրանով է տարբերվում բնական պատմությունից, որ առաջինը մենք ենք կերտել, իսկ երկրորդը մենք չենք կերտել։ Տեխնոլոգիան երևան է հանում մարդու ակտիվ վերաբերմունքը դեպի բնությունը, նրա կյանքի, իսկ դրա հետ միասին նաև նրա հասարակական կենսապայմանների ու սրանցից բխող հոգևոր պատկերացումների արտադրության անմիջական պրոցեսը։ Մինչև անգամ կրոնի ամեն մի պատմություն, որը վերանում է այդ նյութական պատվանդանից, քննական չէ։ Իհարկե, շատ ավելի հեշտ է վերլուծության միջոցով գտնել կրոնական մշուշապատ պատկերացումների երկրային միջուկը, քան, ընդհակառակը, իրական կյանքի տրված հարաբերություններից հետևեցնել նրանց համապատասխանող կրոնական ձևերը։ Վերջին մեթոդը միակ մատերիալիստական, հետևապես նաև միակ գիտական մեթոդն է։ Պատմական պրոցեսը բացառող վերացական բնագիտական մատերիալիզմի թերությունները երևան են գալիս արդեն նրա պաշտպանների վերացական ու իդեոլոգիական պատկերացումների մեջ, հենց որ նրանք վստահանում են դուրս գալ իրենց մասնագիտության սահմաններից։</ref>։
Մեքենաների ամեն մի զարգացած ամբողջության [entwickelte Maschinerie] կազմված է երեք կապես էապես տարբեր մասերից՝ շարժիչ մեքենայից, հաղորդիչ մեխանիզմից, վերջապես, գործիք-մեքենայից կամ աշխատամեքենայից։ Շարժիչ մեքենան գործում է որպես ամբողջ մեխանիզմի շարժիչ ուժ։ Նա կա՛մ ինքն է ծնում իք իր սեփական շարժիչ ուժը, ինչպես շոգեմեքենան, կալորամեքենան, էլեկտրամագնիսական մեքենան և այլն, կա՛մ թե չէ մղումն ստանում է դրսից, բնության որևէ պատվաստի ուժից, ինչպես, օրինակ, ջրանիվը՝ ջրի անկումից, հողմ աղացի թևը՝ հողմից և այլն։ Հաղորդիչ մեխանիզմը, որ կազմված է թափանիվներից, շարժագլաններիգ, ժանանիվներից, էքսցենտրիկներից, ձողերից, հաղորդիչ երիզներից, փոկերից, միջնասարքերից ու ամենատարբեր տեսակի պատկանելիքներից, կարգավորում է շարժումը, եթե անհրաժեշտ է՝ փոխում է նրա ձևը, օրինակ, ուղղահայաց շարժումից դարձնում է շրջանաձև շարժում, բաշխում և փոխանցում է աշխատամեքենաներին։ Մեխանիզմի այս երկու մասերն էլ գոյություն ունեն միայն նրա համար, որ շարժեն աշխատամեքենան, որի շնորհիվ մեքենան բռնում է աշխատանքի առարկան և նպատակահարմար կերպով փոփոխում է այն։ Մեքենաների հենց այս մասից, աշխատամեքենայից է սկիզբն առնում XVIII դարի արդյունաբերական ռևոլուցիան։ Աշխատամեքենան հիմա էլ ելակետ է հանդիսանում ամեն անգամ, երբ արհեստային կամ մանուֆակտուրային արտադրությունը փոխարկվում է մեքենայական արտադրության։
Եթե մենք հիմա մոտիկից զննենք գործիք-մեքենան, կամ բուն աշխատամեքենան, ապա, ընդհանրապես ու ամբողջությամբ առած, մենք նրա մեջ, թեև հաճախ շատ փոփոխված ձևով, կտեսնենք միևնույն ապարատներն ու գործիքները, որոնցով աշխատում են արհեստավորն ու մանուֆակտուրային բանվորը. բայց դրանք արդեն մարդու գործիքներ չեն, այլ մեխանիզմի գործիքներ, կամ մեխանիկական գործիքներ։ Մենք տեսնում ենք, որ կա՛մ ամբողջ մեքենան լոկ հին արհեստային գործիքի ավելի կամ պակաս փոփոխված մեխանիկական հրատարակությունն է, ինչպես, օրինակ, մեխանիկական ջուլհակահաստոցը<ref>Հատկապես մեխանիկական ջուլհակահաստոցի սկզբնական ձևի մեջ կարելի է հենց առաջին հայացքից ճանաչել հին ջուլհակահաստոցը։ Իր արդի ձևով նա էապես փոփոխված է։</ref>, կա՛մ աշխատամեքենայի կորպուսի վրա հաստատված գործող օրգանները հին ծանոթ գործիքներն են, ինչպես մանող մեքենայի իլիկները, գուլպայագործ հաստոցի ճաղերը, սղոցամեքենայի սղոցները, հատիչ մեքենայի դանակները և այլն։ Այդ գործիքների տարբերությունը աշխատամեքենայի բուն մարմնից՝ այնքան հեռու է տարածվում, որ երևան է դալիս գալիս թե՛ մեկի և թե՛ մյուսների արտադրության մեջ։ Այն է՝ այդ գործիքները դեռ մինչև հիմա էլ արտադրվում են մեծ մասամբ արհեստային կամ մանուֆակտուրային եղանակով և հետո ամրացվում են աշխատամեքենայի կորպուսի վրա, որը արտադրված է մեքենայական եղանակով<ref>Միայն մոտավորապես 1850 թվականից սկսած Անգլիայում աշխատամեքենաների գործիքների ավելի ու ավելի մեծ մասը պատրաստվել է սկսում մեքենայական եղանակով, թեև ոչ այն գործարանատերերի կողմից, որոնք բուն մեքենաներն են արտադրում։ Այդպիսի մեխանիկական գործիքներ շինելու մեքենաներ են, օրինակ, automatic bobbin making engine-ը [ավտոմատ մասրա շինող մեքենա], card-setting engine-ը [կարդահավաք մեքենա], մանածագործական ազբաթելեր արտադրող կամ մյուլերի ու վատերների իլիկներ պատրաստող մեքենաները։</ref>։ Այսպես, ուրեմն, աշխատամեքենան մի այնպիսի մեխանիզմ է, որը, համապատասխան շարժում ստանալով, իր գործիքներով նույն օպերացիաներն է կատարում, որ առաջ բանվորն էր կատարում նման գործիքներով։ Արդյոք շարժիչ ուժի աղբյուրը մա՞րդն է, թե՞, իր հերթին, մեքենան, գործի էությունը դրանով որևէ չափով չի փոխվում։ Այն բանից հետո, երբ բառի իսկական իմաստով գործիքը մարդուց անցավ մեխանիզմին, մեքենան բռնում է պարզ գործիքի տեղը։ Մեքենայի և գործիքի տարբերությունն անմիջապես աչքի է ընկնում, թեկուզ և ինքը՝ մարդը շարունակեր դեռ առաջին շարժիչը մնալ։ Աշխատանքի այն գործիքների թիվը, որոնցով մարդը կարող է գործել միաժամանակ, սահմանափակված է արտադրության նրա բնական գործիքների քանակով, նրա մարմնի օրգանների քանակով։ Գերմանիայում մի ժամանակ փորձեցին մանողին ստիպել երկու մանանիվ բանացնել, այսինքն՝ միաժամանակ երկու ձեռքով ու երկու ոտքով աշխատել։ Բայց այդ չափազանց մեծ լարում էր պահանջում։ Հետագայում հայտնագործեցին շարժափոկով գործող ու երկու իլիկով ճախարակ, բայց միաժամանակ երկու թել մանելու ընդունակ այդպիսի վիրտուոզ մանողներ գրեթե նույնքան հազվագյուտ էին, որքան երկու գլխանի մարդիկ։ Ընդհակառակը, ջեննին իր երևան գալու առաջին իսկ օրից 12—18 իլիկով է մանում, գուլպայագործ մեքենան միանգամից գործում է մի քանի հազար ճաղերով և այլն։ Այսպիսով, այն գործիքների թիվը, որոնցով միաժամանակ աշխատում է միևնույն աշխատամեքենան, հենց սկզբից ազատագրվում է այն օրգանական սահմանափակումներից, որոնց ենթարկված է բանվորի ձեռքի գործիքը։
Այն տարբերությունը, որ կա մարդու որպես պարզ շարժիչ ուժի և որպես բուն իմաստով աշխատանք կատարող բանվորի միջև, ձեռքի շատ գործիքների մեջ ստանում է զգայաբար ընկալվող ձև։ Օրինակ, ճախարակով աշխատելիս ոտքը գործում է միայն իբրև շարժիչ ուժ, այնինչ ճախարակի վրա աշխատող ձեռքը քաշում ու պտտում է, այսինքն՝ մանելու բուն օպերացիա է կատարում։ Արդյունաբերական ռևոլյուցիան արհեստային գործիքի հենց այդ վերջին մասն է շոշափում ամենից առաջ, և սկզբում մարդուն ոչ միայն մեքենային հսկելու և իր ձեռքով նրա սխալներն ուղղելու նոր աշխատանք, այլև շարժիչ ուժի զուտ մեխանիկական դեր է տալիս։ Ընդհակառակը, այն գործիքները, որոնց վրա մարդը հենց սկզբից ներգործում էր միայն իբրև պարզապես շարժիչ ուժ, ինչպես, օրինակ, աղացի լիսեռը պտտեցնելիս<ref>Մովսես Եգիպտացին ասում է. «Կալսող եզան բերանը չպետք է կապես» [«Աստվածաշունչ», գիրք V, Մովսեսի, գլ. 25, տուն 4]։ Գերմանական քրիստոնյա մարդասերները ընդհակառակը, իրենց այն ճորտերի վիզը, որոնց իբրև շարժիչ ուժ էին գործադրում հացահատիկ աղալիս, փայտե մեծ օղակներ էին անցկացնում, որպեսզի ճորտերը չկարողանան ալյուրը ձեռքով բերանը տանել։</ref>, ջրհանները բանեցնելիս, փուքսի կոթը բարձրացնելիս ու իջեցնելիս, սանդով ծեծելիս և այլն,— այդ գործիքներն ամենից առաջ կյանքի են կոչում կենդանիների, ջրի, քամու կիրառումը<ref>Մասամբ բնական ջրվեժների պակասությունը, մասամբ էլ ավելորդ ջրի դեմ մղվող պայքարը այլ ձևերով հոլանդացիներին հարկադրեցին քամին գործադրելու որպես շարժիչ ուժ։ հողմաշարժիչները հոլանդացիները փոխ առան Գերմանիայից, որտեղ այդ գյուտը լուրջ պայքար առաջ բերեց ազնվականության, տերտերների ու կայսեր միջև այն մասին, թե այս երեքից որի՛ն է «պատկանում» քամին։ Գերմանիայում ասում էին՝ օդը մարդուն ուրիշի սեփականություն է դարձնում [Luft macht eigen], մինչդեռ հենց քամին ազատագրեց Հոլանդիային։ Այստեղ նա ո՛չ թե սեփականություն դարձրեց հոլանդացիներին, այլ հողը դարձրեց հոլանդացիների սեփականություն։ Դեռևս 1836 թվականին Հոլանդիայում բանեցնում էին 12 000 հողմաշարժիչ 6 000 ձիու ուժով, որոնք երկրի երկու, երրորդական մասը պահպանում էին կրկին ճահիճ դառնալուց։</ref>, որպես շարժիչ ուժեր։ Մասամբ մանուֆակտուրային ժամանակաշրջանում, իսկ եզակի դեպքերում նրանից էլ շատ առաջ, այդ գործիքները զարգանալով դառնում են մեքենաներ, բայց արտադրության եղանակը չեն ռևոլուցիոնացնում։ Որ նրանք նույնիսկ իրենց արհեստային ձևով արդեն մեքենաներ են, այդ երևում է խոշոր արդյունաբերության ժամանակաշրջանում։ Օրինակ, այն ջրհանները, որոնցով հոլանդացիները 1836—1837 թվականներին Հառլեմի լճի ջուրն էին դատարկում, շինված էին սովորական ջրհանների սկզբունքին համաձայն, միայն այն տարբերությամբ, որ նրանց մխոցները շարժման մեջ էին դրվում ո՛չ թե մարդկային ձեռքերով, այլ կիկլոպյան շոգեմեքենաներով։ Դարբնի սովորական ու շատ անկատար փուքսը դեռ հիմա էլ Անգլիայում մեխանիկական օդամուղի է վերածվում այն հասարակ միջոցով, որ նրա կոթը միացնում են շոգեմեքենային։ Եվ նույնիսկ շոգեմեքենան այն ձևով, ինչպես այն հնարվեց XVII դարի վերջին, մանուֆակտուրայի ժամանակաշրջանում, և հարատևեց մինչև XVIII դարի 80-ական թվականների սկիզբը<ref>Ճիշտ է, այն արդեն զգալիորեն կատարելագործվել էր Ուատտի առաջին, այսպես կոչված, պարզ գործողությամբ շոգեմեքենայի մեջ, բայց այդ ձևի մեջ նա մնում էր որպես պարզ վերամբարձ մեքենա ջրի ու աղալուծույթի համար։</ref>, արդյունաբերական ոչ մի ռևոլյուցիա առաջ չբերեց։ Ընդհակառակը, հենց աշխատամեքենաներ ստեղծելն անհրաժեշտ դարձրեց ռևոլյուցիան շոգեմեքենայի մեջ։ Այն ժամանակից, երբ մարդն աշխատանքի առարկայի վրա գործիքով ներգործելու փոխարեն սկսում է աշխատամեքենայի վրա ներգործել որպես պարզապես շարժիչ ուժ, այն փաստը, որ շարժիչ ուժի կրողները մարդկային մկաններն են, դառնում է մի պատահական հանգամանք, նրանց կարող են փոխարինել քամին, ջուրը, շոգին և այլն, և այդ չի բացառում, որ այդպիսի փոխարինումը հաճախ պահանջի տեխնիկական մեծ փոփոխություններ մեխանիզմի մեջ, որն սկզբում շինված է եղել միայն մարդկային շարժիչ ուժ կիրառելու հաշվով։ Ներկայումս բոլոր մեքենաները, որոնք դեռ պետք է ճանապարհ բանան իրենց համար, ինչպես, օրինակ, կարի մեքենաները, հաց պատրաստող մեքենաները և այլն, եթե նրանց դերը հենց սկզբից չի բացառում փոքրիկ մասշտաբը,— այնպես են շինվում, որ նրանց համար հավասարապես պիտանի է թե՛ մարդկային և թե՛ զուտ մեխանիկական շարժիչ ուժը։
Այն մեքենան, որից սկիզբ է առնում արդյունաբերական ռևոլյուցիան, միաժամանակ մեկ գործիքով աշխատող բանվորին փոխարինում է այնպիսի մեխանիզմով, որը միանգամից գործում է միևնույն կամ միատեսակ բազմաթիվ գործիքներով, և բանեցվում մեկ շարժիչ ուժով, ինչ ձև էլ ունենա վերջինը<ref>«Մեկ շարժիչով բանեցվող այդ բոլոր պարզ գործիքների միացումը կազմում է մեքենա» (Babbage: «on «On the Economy of Machinery». London 1832 [էջ 136])։</ref>։ Այստեղ մեր առջև արդեն մեքենան է, բայց առայժմ դեռ միայն որպես մեքենայական արտադրության պարզ տարր։
Հետո միայն, երբ գործիքները մարդկային օրգանիզմի գործիքներից դարձան մեխանիկական ապարատի գործիքներ,— գործիքներով աշխատող մեքենաներ,— շարժիչ մեքենան էլ հիմա ստանում է ինքնուրույն, մարդկային ուժի հետ կապված սահմանափակումներից միանգամայն ազատագրված ձև։ Այդ ժամանակից սկսած այն առանձին աշխատամեքենան, որ մենք քննում էինք մինչև հիմա, իջեցվում է մեքենայական արտադրության մի պարզ տարրի աստիճանին։ Մեկ շարժիչ մեքենան հիմա կարող է միաժամանակ բազմաթիվ աշխատամեքենաներ բանեցնել։ Միաժամանակ շարժման մեջ դրվող աշխատամեքենաների թվի հետ աճում է նաև շարժիչ-մեքենան, իսկ դրա հետ միասին հաղորդիչ մեխանիզմը ծավալվելով դառնում է մի ճյուղավորված ապարատ։
Հիմա մենք պետք է տարբերենք երկու տեսակ բան՝ բազմաթիվ նույնատեսակ մեքենաների կոոպերացիան և մեքենաների սիստեմը։
Մի դեպքում ամբողջ աշխատանքը կատարվում է միևնույն աշխատամեքենայի միջոցով։ Մեքենան կատարում է այն բոլոր տարբեր օպերացիաները, որ արհեստավորը կատարում էր իր գործիքով, օրինակ, ջուլհակը իր հաստոցով, կամ որը հաջորդաբար կատարում էին արհեստավորները իրենց զանազան գործիքներով, ընդ որում միևնույն է՝ ինքնուրո՞ւյն էին նրանք, թե միևնույն մանուֆակտուրայի անդամների<ref>Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման տեսակետից ջուլհակությունը եղել է ամենևին ոչ-պարզ, այլ, ընդհակառակը, մի բարդ արհեստային աշխատանք, ուստի և մեխանիկական ջուլհակահաստոցը շատ բազմաբարդ օպերացիաներ կատարող մի մեքենա է։ Ընդհանրապես, սխալ է այն պատկերացումը, թե իբր արդի մեքենաներն սկզբում տիրապետեցին այնպիսի օպերացիաների, որ աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը պարզեցրել էր։ Մանելն ու գործելը մանուֆակտուրային ժամանակաշրջանում առանձնացվեցին որպես նոր տեսակներ, համապատասխան գործիքները կատարելագործվեցին և փոփոխվեցին, բայց ինքը՝ աշխատանքի պրոցեսը, ամենևին չբաժանվելով, մնաց արհեստային պրոցես։ Մեքենայի ելակետը ո՛չ թե աշխատանքն է, այլ աշխատանքի միջոցը։</ref>։ Օրինակ, փոստի ծրարների նորագույն մանուֆակտուրայի մեջ մի բանվոր ծալոցով ծալում էր թուղթը, մի ուրիշը սոսինձ էր քսում, երրորդը ետ էր ծալում այն եզրը, որի վրա տպվում է մոնոգրամը, չորրորդը տպում էր մոնոգրամը և այլն, և այդ մասնական օպերացիաներից ամեն մեկի ժամանակ յուրաքանչյուր առանձին ծրար պետք է ձեռքից ձեռք անցներ։ Ծրարներ պատրաստող մեկ հատիկ մեքենան այս բոլոր օպերացիաները կատարում է միանգամից և մեկ ժամում 3000 ու ավելի ծրար է պատրաստում։ 1862 թվականին Լոնդոնի արդյունաբերական ցուցահանդեսում ցուցադրված՝ թղթե ծրարներ պատրաստող մի ամերիկյան մեքենա թուղթը կտրում, սոսնձում, ծալում և մեկ րոպեում 300 հատ ծրար էր պատրաստում։ Մանուֆակտուրայի ներսում, բաժանված ու որոշ հաջորդականությամբ կատարվող ամբողջ պրոցեսն այստեղ կատարում է մեկ աշխատամեքենա, որը գործում է զանազան գործիքների կոմբինացիայի միջոցով։ Արդյոք այսպիսի աշխատամեքենան մի բարդ արհեստային գործիքի լոկ մեխանիկական վերարտադրո՞ւմն է, թե՞ մանուֆակտուրայի կողմից մասնականացված պարզ գործիքների մի կոմբինացիա, միևնույնն է,— գործարանում, այսինքն՝ մեքենական արտադրության վրա հիմնված արհեստանոցում, ամեն անգամ անփոփոխ կերպով նորից երևան է դալիս պարզ կոոպերացիան, և այն էլ՝ ամենից առաջ իբրև նույնատեսակ ու միաժամանակ համատեղ գործող աշխատանքային մեքենաների տարածական համախմբում (բանվորին մենք այստեղ մի կողմ թողնենք)։ Այսպես, օրինակ, մանածագործարանը կազմվում է բազմաթիվ մեխանիկական ջուլհակահաստոցների համագոյակցությամբ, իսկ կարի գործարանը՝ կարի բազմաթիվ մեքենաների համագոյակցությամբ միևնույն, արհեստանոցում։ Բայց այստեղ գոյություն ունի տեխնիկական միասնություն, որչափով այդ բազմաթիվ նույնատեսակ աշխատամեքենաները միաժամանակ ու հավասարաչափ մղում են ստանում ընդհանուր սկզբնական շարժիչի երակազարկից, ընդ որում այդ շարժումը փոխանցվում է աշխատամեքենաներին հաղորդիչ մեխանիզմի միջոցով, որը մասամբ նույնպես ընդհանուր է նրանց համար, որովհետև նրանից միայն հատուկ մասեր են ճյուղավորվում ամեն մի առանձին աշխատամեքենայի համար։ Ինչպես որ բազմաթիվ գործիքներ մի աշխատամեքենայի օրգաններն են, ճիշտ այդպես էլ բազմաթիվ աշխատամեքենաներ հիմա, կազմում են միևնույն շարժիչ մեխանիզմի նույնատեսակ օրգանները միայն։
Բայց բառի բուն իմաստով մեքենաների սիստեմը առանձին ինքնուրույն մեքենայի տեղը բռնում է միայն այն ժամանակ, երբ աշխատանքի առարկան անցնում է տարբեր պրոցեսների փոխադարձաբար կապակցված հաջորդական շարքից, որոնք կատարվում են տարատեսակ, բայց փոխադարձաբար իրար լրացնող աշխատամեքենաների շղթայի միջոցով։ Այստեղ նորից երևան է գալիս աշխատանքի բաժանման վրա հիմնված կոոպերացիան, որ բնորոշ է մանուֆակտուրայի համար, բայց հիմա նա արդեն մասնական աշխատամեքենաների կոմբինացիա է։ Մասնագործ տարբեր բանվորների առանձնահատուկ գործիքները,— օրինակ, բրդեղենի մանուֆակտուրայում բուրդ չռփողների, բուրդ գզողների, բարդ խավատողների, բուրդ մանողների և մյուսների գործիքները — հիմա դառնում են զանազան աշխատամեքենաների գործիքներ, որոնցից ամեն մեկը կազմում է կոմբինացված կատարողական մեխանիզմի սիստեմում մեկ առանձին ֆունկցիա կատարող առանձին օրգան։ Այն ճյուղերում, որտեղ առաջին անգամ է մտցվում մեքենաների սիստեմը, ընդհանրապես ու ամբողջությամբ առած ինքը՝ մանուֆակտուրան մեքենաների սիստեմին տալիս է արտադրության պրոցեսի բաժանման հիմք, հետևապես, նաև արտադրության պրոցեսի կազմակերպման հիմք<ref>Խոշոր արդյունաբերության դարաշրջանից առաջ բրդի մանուֆակտուրան տիրապետող մանուֆակտուրան էր Անգլիայում։ Այս պատճառով XVII դարի առաջին կեսի ընթացքում փորձերի մեծամասնությունը կա տարվեց կատարվեց այդ մանուֆակտուրայի բնագավառում։ Բրդի վերաբերմամբ կատարված փորձը նպաստավոր եղավ բամբակի համար, որի մեխանիկական մշակումը ավելի պակաս դժվարին նախապատրաստական պրոցես է պահանջում. ճիշտ այդպես էլ հետագայում, ընդհակառակը, բրդեղենի մեխանիկական արդյունաբերությունը զարգացավ մեխանիկական բամբակամանության ու բամբակեղենի մանածագործության հիմքի վրա։ Բրդեղենի մանուֆակտուրայի առանձին տարրերը միայն վերջին տասնամյակներից են մտնում գործարանային սիստեմի մեջ, օրինակ, բուրդ գզելը։ «Բուրդը գզելու համար մեխանիկական ուժ կիրառելը, որ... լայն տարածվեց «գզամեքենան», հատկապես Լիստերի մեքենան մտցնելու ժամանակվանից... անկասկած այն հետևանքն ունեցավ, որ բազմաթիվ մարդիկ աշխատանքից զրկվեցին։ Առաջ բուրդը ձեռքով էին գզում մեծ մասամբ գզրարի տանը։ Հիմա սովորաբար այն գզում են գործարանում, և ձեռքի աշխատանքը վերացված է, բացի աշխատանքի մի քանի առանձին տեսակներից, որտեղ դեռ գերադասվում է ձեռքով գզած բուրդը։ Ձեռքով գզողներից շատերն աշխատանք գտան գործարաններում, բայց ձեռքով գզողների արդյունքն այնքան փոքր է մեքենայի արդյունքի համեմատությամբ, որ բազմաթիվ գզրարներ այնպես էլ առանց գործի մնացին» («Reports of Insp. of Fact. for 31st October 1856», էջ 16)։</ref>։ Սակայն հենց սկզբից հանդես է գալիս մի էական տարբերություն մանուֆակտուրային և մեքենայական արտադրության միջև։ Մանուֆակտուրայի մեջ բանվորները, առանձին կամ խումբ-խումբ, պետք է ամեն մի առանձին մասնական պրոցես կատարեն իրենց ձեռքի գործիքներով։ Եթե բանվորն այստեղ հարմարեցվում է պրոցեսին, ապա պրոցեսն էլ, իր հերթին, արդեն առաջուց հարմարեցված է բանվորին։ Աշխատանքի բաժանման այս սուբյեկտիվ սկզբունքը վերանում է մեքենայական արտադրության մեջ։ Այստեղ ամբողջ պրոցեսը ինքնըստինքյան օբյեկտիվորեն բաժանվում է իր բաղկացուցիչ փուլերին, և ամեն մի մասնական պրոցես կատարելու ու տարբեր մասնական պրոցեսները միացնելու պրոբլեմը լուծվում է մեխանիկայի, քիմիայի և այլ գիտությունների տեխնիկական կիրառումով<ref>«Հետևաբար, գործարանային սիստեմի սկզբունքն այն է, որ արհեստավորների միջև տեղի ունեցող աշխատանքի բաժանումը կամ մասնատումը փոխարինվում է պրոցեսի բաժանումով իր բաղկացուցիչ էական տարրերի (Ure: «Philosophy of Manufactures», էջ 20)։</ref>, ընդ որում, հասկանալի է, թեորիական լուծումը առաջվա նման պետք է կատարելագործվի գործնական մեծ փորձի կուտակմամբ։ Ամեն մի մասնական մեքենա իրեն անմիջաբար հաջորդող մեքենային հում նյութ է մատակարարում, և որովհետև նրանք բոլորը միաժամանակ են գործում, ուստի արդյունքը միշտ գտնվում է իր գոյացման պրոցեսի տարբեր աստիճաններում, շարունակ արտադրության մեկ փուլից մյուսին է անցնում։ Ինչպես որ մանուֆակտուրայի մեջ մասնագործ բանվորների անմիջական կոոպերացիան որոշ քանակական հարաբերություններ էր ստեղծում բանվորների առանձին խմբերի միջև, այնպես էլ մեքենաների անդամատված սիստեմի մեջ, որպեսզի մասնական մեքենաները անընդհատ աշխատանք տան մյուս մասնական մեքենաներին, անհրաժեշտ է որոշ հարաբերություն նրանց քանակության, չափերի ու արագության միջև։ Կոմբինացված աշխատամեքենան, որն այլատեսակ առանձին աշխատամեքենաների և նրանց խմբերի անդամատված սիստեմ է հիմա, այնքան ավելի կատարյալ է, որքան ավելի անընդհատ է նրա կատարած ամբողջ պրոցեսը, այսինքն՝ որքան ավելի քիչ ընդհատումներով է հում նյութը պրոցեսի առաջին փուլից հասնում վերջին փուլին, հետևաբար՝ որքան ավելի է նա հենց մեխանիզմի միջոցով և ոչ թե մարդու ձեռքով շարժվում արտադրության մեկ փուլից դեպի մյուս փուլը։ Ուստի, եթե մանուֆակտուրայի մեջ առանձին պրոցեսների մեկուսացումը բուն իսկ աշխատանքի բաժանումից բխող մի սկզբունք է, ապա, ընդհակառակը, զարգացած գործարանում տիրապետում է մի այլ սկզբունք՝ առանձին պրոցեսների անընդհատ կապը։
Մեքենաների սիստեմը,— անկախ նրանից, նույնատեսակ աշխատամեքենաների պարզ կոոպերացիայի վրա է հիմնված նա,| ինչպես ջուլհակության մեջ, թե այլատեսակ մեքենաների զուգակցման վրա, ինչպես մանելու պրոցեսում,— ինքնըստինքյան կազմում է մի մեծ ավտոմատ, քանի որ այդ սիստեմը բանեցվում է ինքն իր սեփական շարժումը ծնող մեկ սկզբնական շարժիչի միջոցով։ Սակայն ամբողջ սիստեմը կարող է շարժման մեջ դրվել, օրինակ, շոգեմեքենայի միջոցով, մինչդեռ առանձին աշխատամեքենաները որոշ շարժումներ անելու համար դեռ բանվորի օժանդակության կարիք ունեն, ինչպես, օրինակ, մյուլերը բանեցնելիս էր պահանջվում՝ սելֆակտորներ մտցնելուց առաջ, իսկ դեռ հիմա էլ պահանջվում է նրբամանվածքի ժամանակ. կամ մեքենայի որոշ մասերը իրենց օպերացիաները կատարելու համար գործիքի նման պետք է բանվորի կողմից ղեկավարվեն, ինչպես մեքենաշինության մեջ slide rest [դարձկեն սուպորտի] ինքնագործ մեխանիզմ դառնալուց առաջ։ Երբ աշխատամեքենան հում նյութը մշակելու համար անհրաժեշտ բոլոր շարժումները կատարում է առանց մարդու աջակցության և կարիք է ունենում միայն բանվորի վերահսկողության, ապա մենք մեր առջև ունենք մեքենաների մի ավտոմատիկ սիստեմ, որը, սակայն, իր դետալներով ենթակա է հետագա կատարելագործման։ Այսպես, օրինակ, այն ապարատը, որն ինքնաբերաբար կանգնեցնում է մանամեքենան, հենց որ թեկուզ մի հատիկ թել է կտրվում, և selfacting stop-ը [ավտոմատ անջատիչը], որը կանգնեցնում է մանածագործական կատարելագործված շոգեհաստոցը, հենց որ մքուքի վրայի ամբողջ միջնաթելը վերջանում է,— միանգամայն ժամանակակից գյուտեր են։ Ինչպես արտադրության անընդհատության, այնպես էլ ավտոմատիկ սկզբունքի կիրառման օրինակ կարող է ծառայել արդի թղթագործարանը։ Թղթի արտադրության միջոցով կարելի էր ընդհանրապես մանրամասն ուսումնասիրել ինչպես տարբեր արտադրության միջոցների պատվանդանի վրա կառուցված՝ արտադրության տարբեր եղանակների զանազանությունը, այնպես էլ հասարակական ֊արտադրական հարաբերությունների կապն արտադրության տարբեր եղանակների հետ. գերմանական հին թղթագործությունը տալիս է արհեստային արտադրության օրինակ, XVII դարի Հոլանդիան և XVIII դարի Ֆրանսիան — բառի իսկական իմաստով մանուֆակտուրայի, իսկ արդի Անգլիան՝ արտադրության այս ճյուղի ավտոմատիկ ֆաբրիկացիայի օրինակ, մինչդեռ Չինաստանում ու Հնդկաստանում այդ նույն արդյունաբերության հնադարյան-ասիական երկու տարբեր ձևեր էլ դեռ մինչև այժմ գոյություն ունեն։
Մեքենայական արտադրությունն էր ամենազարգացած կերպարանքն ստանում է այն աշխատամեքենաների անդամատված սիստեմի մեջ, որոնք հաղորդիչ մեխանիզմների միջոցով իրենք շարժումն ստանում են մի կենտրոնական ավտոմատից։ Առանձին մեքենայի տեղ հանդես է գալիս այն մեխանիկական հրեշը, որի մարմինը ամբողջ գործարանային շենքեր է բռնում և որի դիվային ուժը, սկզբում քողարկված իր հսկայական անդամների գրեթե հանդիսավոր-չափածո շարժումներով, դուրս է հորդում իր՝ բառի բուն նշանակությամբ աշխատանքային անթիվ օրգանների տենդագին-կատաղի պարի մեջ։
Մյուլերը, շոգեմեքենաները և այլն ավելի առաջ են երևան եկել, քան այն բանվորը, որի բացառիկ զբաղմունքը շոգեմեքենաներ, մյուլեր և նման այլ բաներ շինելն է. ճիշտ այնպես, ինչպես մարդը շոր էր հագնում դեռ այն ժամանակ, երբ դերձակներ չկային։ Բայց Վոկանսոնի, Արկրայտի, Ուատտի և մյուսների գյուտերը կարող էին իրականանալ միայն այն բանի շնորհիվ, որ այդ գյուտարարները գտան զգալի թվով հմուտ մեխանիկական բանվորներ, որոնց պատրաստել էր մանուֆակտուրային ժամանակաշրջանը։ Այդ բանվորների մի մասը կազմված էր տարբեր պրոֆեսիաների պատկանող ինքնուրույն արհեստավորներից, մյուս մասը միավորված էր մանուֆակտուրաների մեջ, որտեղ, ինչպես առաջ հիշատակվեց, առանձին խստությամբ իշխում էր աշխատանքի բաժանումը։ Գյուտերի թիվը մեծանալու և նորագյուտ մեքենաների աճող պահանջարկի հետ ավելի ու ավելի էր զարգանում, մի կողմից, մեքենաշինության տրոհումը բազմաթիվ ինքնուրույն ճյուղերի, մյուս կողմից, աշխատանքի բաժանումը մեքենաշինական մանուֆակտուրաների ներսում։ Այսպիսով, մենք այստեղ մանուֆակտուրայի մեջ հայտնագործում ենք խոշոր արդյունաբերության անմիջական տեխնիկական հիմքը։ Նա արտադրում էր այն մեքենաները, որոնցով խոշոր արդյունաբերությունը վերացնում էր արհեստային ու մանուֆակտուրային արտադրությունն արտադրության այն ճյուղերում, որոնք ամենից առաջ ընդգրկեց խոշոր արդյունաբերությունը։ Հետևապես, մեքենայական արտադրությունը սկզբում ծագեց իրեն չհամապատասխանող նյութական բազիսի վրա։ Զարգացման մի որոշ աստիճանի վրա մեքենայական արտադրությունը պետք է հեղաշրջեր հենց այդ հիմքը, որ նա սկզբում գտավ պատրաստի վիճակում, իսկ հետո է՛լ ավելի մշակեց, պահպանելով նրա հին ձևը, և պետք է արտադրության իր սեփական եղանակին համապատասխանող նոր բազիս ստեղծեր իրեն համար։ Ինչպես որ առանձին մեքենան գաճաճային մեքենա է մնում, քանի դեռ բանեցվում է միայն մարդու միջոցով, ինչպես որ մեքենաների սիստեմը չէր կարող ազատորեն զարգանալ այնքան ժամանակ, մինչև որ շոգեմեքենան բռնեց արդեն կիրառվող շարժիչ ուժերի՝ կենդանիների, քամու և նույնիսկ ջրի տեղը, այնպես էլ խոշոր արդյունաբերության ամբողջ զարգացումը ջլատված էր մնում, քանի դեռ նրա արտադրության բնորոշ միջոցը, մեքենան ինքը իր գոյությամբ պարտական էր անձնական ուժին, անձնական հմտությանը, այսինքն՝ կախված էր այն մկանային ուժից, աչքաչափի ճշգրտությունից և ձեռքերի վիրտուոզությունից, որով մասնագործ բանվորը մանուֆակտուրայի մեջ կամ արհեստավորը մանուֆակտուրայից դուրս գործում են իրենց գաճաճային գործիքներով։ Եթե մի կողմ թողնենք մեքենաների թանկությունը, որպես նրանց ծագման այդ եղանակի հետևանք,— մի հանգամանք, որով, որպես գիտակցական դրդապատճառով, ղեկավարվում է կապիտալը,— ապա արդյունաբերության արդեն մեքենայական բնույթ ունեցող ճյուղերի հետագա ընդլայնումը և մեքենաների թափանցումը արտադրության նոր ճյուղերի մեջ ամբողջովին կախված էին բանվորների այդ կատեգորիայի աճումից, որն իր զբաղմունքների կիսարտիստական բնույթի հետևանքով կարող էր աճել միայն աստիճանաբար և ոչ թե թռիչքներով։ Բայց զարգացման մի որոշ աստիճանի վրա խոշոր արդյունաբերությունը տեխնիկական հակասության [Widerstreit] մեջ է ընկնում իր արհեստային ու մանուֆակտուրային բազիսի հետ։ Շարժիչ մեքենաների, հաղորդիչ մեխանիզմի ու աշխատամեքենաների չափերի մեծացումը, աշխատամեքենայի բաղկացուցիչ մասերի բարդության, բազմազանության, ինչպես նաև խիստ կանոնավորության ավելացումը այն չափով, որչափով աշխատամեքենան կտրվում է իր այն արհեստային տիպարից, որն սկզբում ամբողջովին որոշում էր նրա կառուցվածքը, և ձեռք է բերում այն ազատ ձևը, որը բացառապես նրա աշխատանքի մեխանիկական խնդրով է որոշվում, ավտոմատիկ սիստեմի զարգացումը և դժվարությամբ մշակվող նյութերի, օրինակ, փայտի<ref>Մեխանիկական ջուլհակահաստոցն իր սկզբնական ձևով կազմված է գլխավորապես փայտից, կատարելագործվածը, արդի հաստոցը՝ երկաթից։ Թե արտադրության միջոցի հին ձևն սկզբում ինչ աստիճանի է գերիշխում նրա նոր ձևի վրա, ցույց է տալիս, ի միջի այլոց, արդի շոգեշարժ ջուլհակահաստոցի թեկուզ ամենամակերեսային համեմատությունը հնի հետ, չուգունաձուլական գործարանների օդամուղային արդի հարմարանքների համեմատությունը դարբնոցի սովորական փուքսի սկզբնական անճարակ մեխանիկական վերարտադրության հետ, և թերևս մյուս բոլորից ավելի համոզիչ օրինակը — այժմյան լոկոմոտիվների գյուտից առաջ լոկոմոտիվ հնարելու առաջին փորձը. նա, իսկապես, երկու ոտք ուներ, որ փոփոխակի բարձրացնում էր ձիու պես։ Միայն մեխանիկայի հետագա զարգացումից ու գործնական փորձի կուտակումից հետո մեքենայի ձևն ամբողջովին սկսում է որոշվել մեխանիկայի սկզբունքներով, ուստի և բոլորովին ազատագրվում է այն գործիքի հին ձևից, որն այժմ զարգանալով դառնում է մեքենա։</ref> փոխարեն երկաթի ավելի ու ավելի անխուսափելի ու աճող գործադրությունը,— ահա բնականորեն աճած այն խնդիրները, որոնց լուծումն ամենուրեք բախվում էր այն շրջանակներին, որոնք պայմանավորված են աշխատանքների կախվածությամբ բանվորի անձնավորությունից և որոնք նույնիսկ մանուֆակտուրայի մեջ կոմբինացված բանվորական անձնակազմը միայն որոշ աստիճան կարող էր ընդլայնել, բայց ոչ ըստ էության խորտակել։ Մանուֆակտուրան չէր կարող ստեղծել այնպիսի մեքենաներ, ինչպես, օրինակ, արդի տպագրական մամուլը, արդի շոգեշարժ ջուլհակահաստոցն ու արդի գզիչ մեքենան։
Արտադրության եղանակի հեղաշրջումը, որ կատարվում է արդյունաբերության մի ոլորտում, պայմանավորում է նույնպիսի հեղաշրջում ուրիշ ոլորտներում։ Այս ամենից առաջ վերաբերում է արդյունաբերության այնպիսի ճյուղերին, որոնք թեև աշխատանքի հասարակական բաժանման շնորհիվ այնքան են մեկուսացված, որ նրանցից ամեն մեկը մի ինքնուրույն ապրանք է արտադրում, սակայն իրար հետ միահյուսվում են իբրև մեկ ընդհանուր պրոցեսի փուլեր։ Այսպես, օրինակ, մեքենայական մանումը անհրաժեշտ դարձրեց մեքենայական մանածագործությունը, իսկ երկուսը միասին՝ անհրաժեշտ դարձրին մեխանիկական-քիմիական ռևոլյուցիան սպիտակացման, չթադրոշմիչ ու ներկարարական արտադրության մեջ։ Նույն ձևով էլ, մյուս կողմից, բամբակեղենի ճյուղում մանելու պրոցեսի ռևոլյուցիան առաջ բերեց բամբակը հունդից բաժանող մեքենայի ՝ ջինի գյուտը, որով միայն հնարավոր եղավ բամբակի արտադրությունն այժմ անհրաժեշտ խոշոր մասշտաբով<ref>Cottongin-ը [բամբակազտիչ մեքենան], որ հնարել էր յանկի էլի Էլի Ուիտնին, մինչև նորագույն ժամանակներն էապես շատ ավելի քիչ էր փոփոխության ենթարկվել, քան XVIII դարի որևէ այլ մեքենա։ Միայն վերջին տասնամյակներում (1867 թվականից առաջ) մի ուրիշ ամերիկացի, պ. Էմերին, Նյու-Յորքի Ալբանիից, գործածությունից դուրս մղեց Ուիտնիի մեքենան մի շատ պարզ ու նպատակահարմար կատարելագործման միջոցով։</ref>։ Բայց հենց արդյունաբերության և հողագործության արտադրության եղանակի մեջ կատարված ռևոլյուցիան անհրաժեշտ դարձրեց ռևոլյուցիան արտադրական-հասարակական պրոցեսի ընդհանուր պայմանների, այսինքն՝ հաղորդակցության ու փոխադրության միջոցների մեջ։ Հաղորդակցության ու փոխադրության միջոցները մի այնպիսի հասարակության մեջ, որի pivôt-ն [առանցքը], Ֆուրյեի արտահայտությամբ, կազմում էին մանր հողագործությունն իր տնային օժանդակ արդյունաբերությամբ և քաղաքային արհեստը, այլևս ամենևին չէին բավարարում արտադրության պահանջմունքները մանուֆակտուրային ժամանակաշրջանում, որ ուներ հասարակական աշխատանքի ընդարձակ բաժանում, աշխատանքի միջոցների ու բանվորների համակենտրոնացում, գաղութային շուկաներ, ուստի և այդ միջոցները իսկապես հեղաշրջվեցին։ Այդպես էլ մանուֆակտուրային ժամանակաշրջանից ժառանգություն մնացած փոխադրության ու հաղորդակցության միջոցները շուտով անտանելի կապանքներ դարձան խոշոր արդյունաբերության համար, որն արտադրության տենդագին արագություն, մասսայական չափեր ուներ և կապիտալի ու բանվորների մասսաները շարունակ նետում էր արտադրության մեկ ոլորտից մյուսը և համաշխարհային շուկայի նոր կապեր էր ստեղծում։ Բացի առագաստանավերի կառուցման կատարյալ հեղաշրջումից, հաղորդակցության ու փոխագրության փոխադրության միջոցները գետային շոգենավերի, երկաթուղիների, օվկիանոսային շոգենավերի ու հեռագրագծերի մի ամբողջ սիստեմի միշոցով կամաց-կամաց հարմարեցվեցին խոշոր արդյունաբերության արտադրության եղանակին։ Բայց երկաթի հսկայական զանգվածները, որ հիմա պետք էր կռել, զոդել, կտրել, շաղափել ու ձևավորել, իրենց հերթին պահանջում էին այնպիսի կիկլոպային մեքենաներ, որոնց ստեղծումը մանուֆակտուրային մեքենաշինության ուժից վեր էր։
Այսպես ուրեմն, խոշոր արդյունաբերությունը պետք է տիրանար արտադրության իրեն համար բնորոշ միջոցին, բուն մեքենային, պետք է մեքենաների միջոցով մեքենաներ արտադրեր։ Միայն այդ ժամանակ նա իրեն համապատասխան տեխնիկական պատվանդան ստեղծեց և կանգնեց իր սեփական ոտքերի վրա։ Մեքենայական արտադրության աճմանը զուգահեռ՝ XIX դարի առաջին տասնամյակներում մեքենան աստիճանաբար իրոք տիրացավ աշխատամեքենաների արտադրությանը։ Սակայն միայն վերջին տասնամյակում երկաթուղային վիթխարի շինարարությունը և օվկիանոսային նավագնացությունը կյանքի կոչեցին այն կիկլոպային մեքենաները, որոնք կիրառվում են առաջին շարժիչները կառուցելիս։
Մեքենայական եղանակով մեքենաներ պատրաստելու համար արտադրական ամենաէական պայմանը շարժիչ մեքենան էր, որ ընդունակ էր ամեն աստիճանի ուժ զարգացնելու և միաժամանակ ամբողջովին ենթարկվում էր վերահսկողության։ Նա արդեն գոյություն ուներ շոգեմեքենայի ձևով։ Բայց դրա հետ միաժամանակ խնդիրն այն էր, որ մեքենայական եղանակով արտադրվեին մեքենայի առանձին մասերի համար անհրաժեշտ խիստ ճշգրիտ երկրաչափական ձևեր՝ գծեր, հարթություններ, շրջագծեր, կոներ, գլաններ ու գնդեր։ Այս պրոբլեմը XIX դարի առաջին տասնամյակում լուծեց Հենրի Մոդսլեյը, գտնելով slide rest-ը [դարձկեն սուպորտը], որը շուտով ավտոմատիկ մեխանիզմի վերածվեց և ճախարակահաստոցից, որի համար նախանշված էր սկզբում, փոփոխված ձևով փոխադրվեց մեքենաշինական մյուս մեքենաների վրա։ Այս մեխանիկական հարմարանքը փոխարինում է ո՛չ թե որևէ առանձին գործիք, այլ հենց մարդկային ձեռքը, որը մի որոշ ձև է ստեղծում՝ հատիչ գործիքի բերանը աշխատանքի նյութին մոտեցնելով, կամ աշխատանքի նյութի, օրինակ, երկաթի վրա ուղղելով։ Այսպիսով հաջողվեց մեքենաների առանձին մասերի երկրաչափական ձևերն արտադրել «հեշտության, ճշտության ու արագության մի այնպիսի աստիճանով, որ ամենահմուտ բանվորի ձեռքին չէր կարող տալ ոչ մի փորձառություն<ref>«The Industry of Nations». London 1855, մ. II, էջ 239։ Հենց այստեղ էլ ասվում է. «Որքան էլ պարզ և առաջին հայացքից աննշան թվար հաստոցի այղ այդ կցորդը, մենք կարծում ենք, որ առանց չափազանցության կարելի է ասել, թե նրա ազդեցությունը մեքենաների կատարելագործման ու տարածման վրա նույնքան մեծ է, որքան բուն իսկ շոգեմեքենայի մեջ Ուատտի մտցրած կատարելագործումների ազդեցությունը։ Դրա շնորհիվ անմիջապես սկսվեց ամեն տեսակ մեքենաների կատարելագործում և էժանացում և զարկ տրվեց նոր գյուտերի ու կատարելագործումների»։</ref>։
Եթե մենք հիմա քննենք մեքենաշինության մեջ կիրառվող մեքենաների այն մասը, որ կազմում է բառի բուն իմաստով գործիք-մեքենան, ապա մենք դարձյալ կտեսնենք նույն արհեստային գործիքը, միայն կիկլոպային չափերով։ Օրինակ, շաղափող մեքենայի կատարողական մեխանիզմը մի վիթխարի շաղափ է, որը բանեցվում է շոգեմեքենայի միջոցով և առանց որի, իրենց հերթին, չէին կարող արտադրվել մեծ շոգեմեքենաների ու ջրաբաշխական մամուլների գլանները։ Մեխանիկական ճախարակահաստոցը ոտքի սովորական ճախարակահաստոցի կիկլոպային վերարտադրությունն է. ռանդող մեքենան մի երկաթե ատաղձագործ է, որը երկաթը մշակում է այն գործիքով, որով ատաղձագործը փայտն է մշակում. այն գործիքը, որը Լոնդոնի նավաշինարաններում ֆաներա է կտրում, մի հսկայական ածելի է. մեխանիկական մկրատի գործիքը, որը երկաթ է կարում այնպես, ինչպես դերձակի մկրատը մահուդ է կտրում, մի ահռելի մկրատ է. իսկ շոգեմուրճը գործում է սովորական մուրճի գլխով, բայց այնպիսի ծանրություն ունեցող գլխով, որ Թորն ինքը չէր կարող ճոճել այն<ref>Լոնդոնում paddle-weel shafts [շոգենավերի թիանիվների գլանաձողեր] կռելու այդ մեքենաներից մեկը «Թոր» անունն է կրում։ Նա 16½ տոննա ծանրությամբ գլանաձողը կռում է նույնպիսի հեշտությամբ, ինչպես դարբինը՝ պայտը։</ref>։ Օրինակ, մեկն այդպիսի շոգեմուրճերից, որոնք Նեսմիսի գյուտն են, 6 տոննայից ավելի է կշռում և 7 ոտնաչափ բարձրությունից ուղղահայաց ընկնում է 36 տոննա ծանրություն ունեցող սալի վրա։ Նա խաղալով փոշիացնում է գրանիտի ժայռը և ոչ-պակաս ընդունակ է մի շարք թեթև հարվածներով մեխը խրելու փափուկ փայտի մեջ<ref>Փայտ մշակող և փոքր մասշտաբով կիրառելի մեքենաները մեծ մասամբ ամերիկացիների գյուտ են։</ref>։
Աշխատանքի միջոցը, հանդես գալով որպես մեքենա, ընդունում է գոյության մի այնպիսի նյութական ձև, որը պայմանավորում է մարդկային ուժի փոխարինումը բնության ուժերով և էմպիրիկ ռուտինային եղանակների փոխարինումը բնագիտության գիտակցական կիրառումով։ Մանուֆակտուրայի մեջ աշխատանքի հասարակական պրոցեսի անդամատումը զուտ սուբյեկտիվ է, պարզապես մասնագործ բանվորների համակցություն է. հանձին մեքենաների սիստեմի խոշոր արդյունաբերությանն գժտված օժտված է լիովին օբյեկտիվ արտադրական օրգանիզմով, որ բանվորը գտնում է որպես արտադրության արդեն պատրաստի նյութական պայման։ Պարզ կոոպերացիայի ու նույնիսկ աշխատանքի բաժանման հետևանքով մասնականացված կոոպերացիայի մեջ ավելի կամ պակաս չափով դեռ պատահական է առանձնացած բանվորի դուրսմղումը հասարակականացրած բանվորի կողմից։ Մեքենաները, սակայն, մի քանի բացառություններով, որոնց մասին հետո կհիշատակվի, գործում են անմիջաբար հասարակականացրած կամ համատեղ աշխատանքի ձեռքում միայն։ Հետևապես, աշխատանքի պրոցեսի կոոպերատիվ բնույթն այստեղ դառնում է մի այնպիսի տեխնիկական անհրաժեշտություն, որը հենց աշխատանքի միջոցի բնույթն է թելադրում։
====2. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՔԻՆ====