Changes
/* 1. Ներսես Պարթևի տեսլիքը */
Հիրավի, միջնադարյան Հայաստանի առավել տարածուն ու շրջուն տրամադրություններն ու ակնկալությունները, ստանում էին երբեմն «գուշակությունների», «մարգարեությունների» ու «տեսիլների» կերպարանք։ Նյութեր են դրանք, որ մատակարարում են մեզ վերին աստիճանի հետաքրքրական ու նշանակալից, թեպետ և մինչև հիմա սոսկ դիպվածաբար օգտագործված, վկայությունները։ Ի մոտո ծանոթանալով դրանց՝ դժվար չէ համոզվել, որ Օրիի հայտարարությունը լիակատար չափով ըմբռնելու ու արժեքավորելու համար անհրաժեշտ է հետազոտել այդ նյութերը, ցույց տալ հայ համապատասխան «տեսիլների», «գուշակությունների» ծագումն ու զարգացումը, շփման կետեր որոնել դրանց և նրա նշած «մարգարեության» միջև։ Ճիշտ է, ձեռնարկելով այդ աշխատանքին, ստիպված պիտի լինենք հեռանալ հետազոտության մեկնակետից, կատարել պատմաբանասիրական խորագնաց շրջանցումներ, բայց միայն այդպիսով է հնարավոր քանդել միջնադարյան տեսիլների ու գուշակությունների խճճված կծիկը և գտնել հայ ազատագրական իշխող մտայնության այն թելը, որ ծայր առնելով հեռու անցյալից, գալիս հասնում է Օրիի ժամանակաշրջանին։ Միայն հետաքննական խոր այդ շրջանցումով կարելի է բացահայտել հայ քաղաքական գրականության տեսլական ու գուշակողական ժանրերի մեջ ծրարված բարդ իրականությունը, երևան բերել մեկը մյուսին ջնջող «մարգարեությունների» հասարակական-֊քաղաքական իմաստը, գրի առնել հայ ազատագրական տենչերի ու ոգորումների բազմաթիվ նոր էջեր՝ սկսած հեռու միջնադարից և մինչև XVIII դարի սկզբները, այսինքն՝ մինչ այն ժամանակը, երբ Օրին և, ինչպես պիտի տեսնենք, նաև նրա ժամանակակիցները հարկ տեսան դրանց օժանդակությամբ հիմնավորել նորից քաղաքական իրենց բաղձանքներն ու ակնկալությունները։ Հարկավ այդ հիմնավորման մեջ հայտ էր գալիս ոչ միայն անցյալի իդեական նստվածքը, այլև արդարացումն այն վճռականության, որով Օրին և նրա համախոհները լքում էին իրենց բաղձանքների ու ակնկալությունների հին, արևմտաեվրոպական շավիղները և փրկություն որոնում Պետրոս 1-ի գլխավորած հյուսիսային մեծ պետության պատմական նոր ուղիների մեջ։
Միջնադարյան Հայաստանում գրված կամ խմբագրված «մարգարեությունները» հայտնի էին և տարածված։ Դրանց մասին գիտեին անգամ հեռու Եվրոպայում։ Այսպես, եթե մեր ձեռն առնենք XVII դարում հայերի մեջ ապրած բազմատեղյակ թեաթինյան քարոզիչ Կղեմես Գաղանոսի հայ եկեղեցա֊դավանաբանական խնդիրների մասին հանրագիտարանի համբավ ստացած «Միաբանութիւն հայոց եկեղեցոյն ընդ մեծի ս. եկեղեցոյն Հռովմա» հայերեն և լատիներեն զուգահեռ բնագիրներով տպագրված երկհատորը, կհանդիպենք հավաստիացում այն մասին, թե հայ եկեղեցու հայրերից մեկը, Ներսես Մեծը, հետահայաց մարգարեախոսությամբ դեռ չորրորդ դարում էր գուշակել իր ժողովրդի ապագան. հայ Արշակունիների և Լուսավորչի տան անկումը, հայ եկեղեցու անջատումը տիեզերական եկեղեցուց, երկրի ծվատվելը նախարարների անմիաբանության պատճառով, օտար տիրապետությունների փոխհաջորդումները, ներառյալ թաթարների ներխուժումը, և ի վերջո, բոլոր երկրների և բովանդակ քրիստոնեության փրկագործումը «ֆրանկներ» կոչված հռոմեական ժողովրդի միջոցով և մշտնջենական խաղաղության դարաշրջանի սկզբնավորումը — գալիք բոլոր այս անցքերը, ինչպես տեղեկացնում էր Գաղանոսը՝ ճշտիվ գուշակած է եղել երանելի այն այրը և նրա խոսքերն արձանագրված են հայ վարքագրությունների մեջ<ref>Galanus, Clemens, Conciliatio Ecclesiae Armeniae cum Romana etc. Romae, 1650, t. I, 56 և հետ.։</ref>։