Changes

/* 2. Ագաթոն և Կոզեռն */
Ագաթոնի վիպական ոճով գրված գուշակությունները մեզ փոխադրում են մի ժամանակաշրջան, երբ Հայաստանում արծարծվում էր «հռոմեացիների» օգնությամբ «իսմայելացիների» լծից ազատվելու և հայ Արշակունի թագավորություն կամ հայ Պարթևների կաթողիկոսություն վերականգնելու մտայնությունը։ Վաղարշակ անունը հայ Արշակունյաց դինաստիայի հիմնադրի անվան կրկնությունն է։ Եթե ընդունենք, որ սկզբնապես «Վաղարշակ» անվան տեղ եղել է «Տրդատ»՝ այդ ևս զուրկ չէր լինի որոշ իմաստից. նոր Տրդատը կլիներ հայ Արշակունի համանուն այն թագավորի կրկնակը, որի ժամանակ քրիստոնեությունը պետական կրոն դարձավ Հայաստանում և հիմք դրվեց Լուսավորչի կաթողիկոսական դինաստիային։ Թե՛ մի և թե՛ մյուս դեպքում, Ագաթոնի նշած անունները իմաստավորված կլինեն, այսպիսով, ոչ թե որպես այլևայլ ժամանակներում ապրած պատահական մարդկանց մասին եղած հիշողություններ, այլ որպես գուշակությունների խմբագրման դարաշրջանի քաղաքական պատվերին ընդառաջող և ժամանակի մտածության համար հատկանշական ու իմաստալից կերպարներ։ Նույն տեսակի կերպարներ չե՞ն նաև բյուգանդական դրոշմներ կրող «ազատարար» կայսրների մտացածին այն անունները, որոնց գործերի մասին պատմում է իր գուշակությունների մեջ հայացքը գալիքին հառած մեր հեղինակը՝ Ագաթոնը։
Արշակունիների և Պարթևների իշխանությունը վերականգնելու գաղափարն առկա էր արդեն VIII դարում։ Այս մասին է վկայում այդ պահին վերջնականապես ձևավորված և հետագա դարերում լայն շրջանառություն ունեցած այն տեսիլքը, որ կապված էր Սահակ Պարթևի անվան հետ և իբրև հետսամուտ միջարկություն, հասել է մեզ Ղազար Փարպեցու պատմության գրքում<ref>Տե՛ս Փարպեցի, նույն տեղում, գլ. Դ։</ref>։ Անվավեր այդ գրության համաձայն Արշակունյաց անկումից հետոՍահակը որպես թե գուշակած է եղել Լուսավորչի հիմնադրած եկեղեցու զավ-թումը զավթումը աշխարհի փառքին հետամուտ քահանայապետների ձեռքով, բայց և միաժամանակ կանխատեսած Արշակունյաց և Լուսավորչի աշխարհիկ և հոգևոր դինաստիաների վերականգնումը՝ «մերձ երևումն պղծոյն անապատի», ասել է՝ աշխարհի կատարածին մոտ ժամանակներում։ Ներկայիս պարզված պիտի համարել, որ Արշակունիներին և Լուսավորչի տանը վերաբերող քաղաքական այս հեռանկարները ձևավորվել և մտել են Սահակի «Տեսիլքի» մեջ VIII դարի սկզբներին<ref>Տե՛ս Ն. Ակինեան, Քննութիւն տեսլեան ս. Սահակայ, տպագրվ. «Հանդէս Ամսօրեայ», 1936, էջ 467 և հետ. 1937, էջ 5 և հետ.:</ref>։
Հայ Արշակունիների ժառանգության իրավունքը շահարկելու մտայնությունը IX դարում քաղաքական խոշոր այժմեականություն էր ստանում նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս՝ Բյուզանդիայում, Մակեդոնական դինաստիայի հաստատման ժամանակ։ 867 թվականին առաջացած նոր այդ դինաստիային վերագրվում էր ոչ միայն հայկական, այլև Արշակունի ծագում։ Փոտն այն մարդն էր, որ հայերին ուղղած իր դիմումներով նպատակ էր հետապնդում կախման մեջ դնել հայ եկեղեցին հունական եկեղեցուց։ Տարածելով Վասիլի հավակնությունը Արշակունյաց ժառանգության վրա, պատրիարքը ենթադրում էր մեծապես դյուրացնել այդ նպատակի իրագործումը։ Փոտի կեղծիքը մուտք է գործում Վասիլին ժամանակամերձ պատմագրության մեջ՝ փոխանցվելով Գինեզիոս և Կոստանդին Ծիրանածին պատմիչների երկերին։ Վերջինիս ասելով, Վասիլը սերում էր հոր կողմից Տրդատ Պարթևից, մոր կողմից Կոստանդին Մեծից և երկու գծով էլ՝ Ալեքսանդր Մեծի փայլն ուներ։ Ծիրանածին կայսրը կապում էր իր պապի ծնունդը հայ կանխատեսությունների հետ. «Եվ այսպիսով կատարվեց այն մարգարեությունը,— գրում էր նա,— որ արել էր 350 տարի առաջ Իսահակը. նշանավոր այդ եկեղեցականը, ինքն ևս Արշակունյաց ցեղից, գուշակել էր, թե այնքան տարուց հետո Արշակի սերնդից մեկը գրավելու է հռոմեական կայսրության գայիսոնը»<ref> Հմմտ. Ն. Ադոնցի, L’ âge et l’origine de l’empreure Basile I, տե՛ս Byzantion, 1934, էջ 220 և հետ.։</ref>։
Վստահելի
199
edits