Changes

/* 2. Ագաթոն և Կոզեռն */
Հարստությունների աննախընթաց կուտակման ու դասակարգային սրված կռվի պայմաններում միանգամայն ակներև է էսխատոլոգիական երկերի քարոզչական-դիդակտիկական նպատակը։ Բիբլիական հնավանդ պատկերներով աշխարհի տիրակալները կամենում էին սանձահարել ու հնազանդության բերել հեստող հպատակներին, անձնավորելով սրանց մեջ «Նեռի կարապետներին» կամ հենց իրեն Նեռին։ Սաստիչ տեսիլների ու հայտնությունների մեջ նրանք ծրարում էին իրենց ներքին կամ արտաքին թշնամիներին հասցեագրված ինվեկտիվներ ու խրատներ, սոցիալական կամ քաղաքական երազանքներ ու ձգտումներ, որոնց աշխարհային իմաստը պարզ է ու ակներև։ Հայալեզու տեսիլներն ու գուշակությունները ևս քաղաքական ուտոպիաներ, ծրագրեր կամ քարոզներ էին։ Բիբլիական պատկերացումների օգնությամբ դրանք արձանացնում էին ոչ այնքան անցյալը, որքան ներկան, ոչ այնքան եղածը, որքան լինելիքը, ավելի ճիշտ՝ բաղձալին։
Ւնչպես Ներսես Պարթևի տեսիլների, այնպես և Ագաթոնի մեզ հասած գուշակությունների առանցքը ոչ թե աշխարհի կատարածի համաքրիստոնեական հայացքներն են, այլ Հայաստանի ազատագրման քաղաքական հեռանկարները։ Պիտի կարծել, որ աշխարհի կատարածի սպասումները Հայաստանում ավելի խոր արձագանք գտան, ոչ թե VII կամ X դարերում, այլ ավելի ուշ՝ սելջուկ թուրքերի ներխուժման ժամանակ, ամբողջ Հայաստանում, Վասպուրականում և Անիում առաջացած քաղաքական և սոցիալական սուր ճգնաժամի հանգամանքներում։ Գտնվեցին մարդիկ, որոնք այդ ճգնաժամը ևս լծորդեցին հայտնության խորհրդավոր տարեթվերի հետ։ «Ել «Եւ յետ հազար ամին լուցցէ զստանայ և հանցէ ի բանտէ անտի. ելցէ և մոլորեսցուսցէ զազգս ամենայն ընդ չորս կողմանս երկրի» - ասված է Հովհաննու Հայտնության մեջ<ref>Գլ. Ի, 7։</ref>: Հայտնության հազարամյակն հաշվում էին Քրիստոսի «խաչելութեան» ժամից։
Խոսելով Վասպուրականի Սենեքերիմ թագավորի մասին` Ուռհայեցին պատմում է, թե ահավոր այդ պահին նա «ոչ եկեր և ոչ էարբ, այլ կայր մտախոհ, լի տրտմութեամբ և զգիշերն ամենայն անքուն անցուցանէր և նստեալ քննէր զժամանակագրութիւնս և զասացուածս աստուածախօս տեսանողացն, զսրբոց վարդապետացն և գտանէր գրեալ ի գիրսն զժամանակն ելանելոյ Թուրքաց զօրաց և զօրականաց. և ծանեաւ զկորուստ և զկատարած ամենայն երկրի. և գտանէր ի գիրսն գրեալ այսպէս, եթէ «Ի ժամանակին յայնմիկ փախիցէն յարևելից յարևմուտս, ի հիւսիսոյ ի հարաւ, և հանգիստ ոչ գտանեն ի վերայ երկրի, վասն զի արեամբք ծածկին դաշտք և լերինք»<ref>Ուռհայեցի, նույն տեղում, էջ 48։</ref>։ Թե ինչ հետևություններ էր հանում Սենեքերիմը տեսիլների ու գուշակությունների հին գրքերից կամ ինչ իմաստ մտցնում հյուսիսից հարավ կամ արևելքից արևմուտք ապավինելու մասին գրոց ցուցումների մեջ՝ դրա բացատրությունը ստանում ենք Թովմա Արծրունու պատմությունից, ուր Իրանից Հայաստան խուժած թուրք հրոսակախմբերի մասին ասված է թե «Մատնեաց զմեզ Տէր և զմնացեալսն ի ձեռս անօրէն արծաթակուրծ եղեռնաթիւր և մեղսասէր զարմին Ելիմա, որ ազգք թուրքաց»։ Թոմայի շարունակողի ասելով, Վասպուրականի թագավորը հանգեց այն մտքին, թե չիք «այլ ուստեք օգնականութիւն բաց ի տեառնէ, և օգնականութիւն տեառն ի թիկունս արքային յունաց»<ref>Թովմա Արծրունի, նույն տեղում, էջ 307։</ref>։
Ի վերջո սելջուկները տիրացան բդեշխությանը։ Սակայն տարեկան տուրք վճարելու հանձնառությամբ՝ Մամիկոնյանները շարունակեցին անմիջական տեր լինել Սասունում և Տարոնում։ Այս մի դրություն էր, որ հաճախ խախտվում էր թշնամու ոտնձգությունների և Մամիկոնյանների նրան ցույց տված դիմադրության միջադեպերով։ Ցայտուն կերպով բնութագրում է դիմադրական իր պայքարը Թոռնիկին հաջորդած Չորտուանել II Մամիկոնյանը, 1104 թվականին գրած իր մի պարգևագրում. «Ես Չորտուանել բազում աւուրց լեալ տիրեալ հայրենի աշխարհիս մերում Տարօնոյ և այլ բազում աշխարհաց, զօրավիգն ունելով զՔրիստոս և զսուրբ Խաչն կենարար և հրամանաւ ինքնակալացն Ցունաց ոչ զանգիտեցի ի սպառնալեաց և յարշաւանաց ազգին իսմայելացւոց.., և մեր ապաւինեալ վերին օգնականութեան, կացեալ արիաբար ընդդէմ բազմահնար և չարաչար մարտի նոցա՝ զամենայն աւուրս կենաց իմոց մինչև յետին օր ծերութեան իմոյ ոչ եղև խաղաղութիւն իմ ընդ նոսա և զամենայն աշխարհն որ ընդ մեր ձեռամբ էր՝ ի խաղաղութեան պահեալ<ref>Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 396։</ref>։ Մամիկոնյանների այս պայքարը շարունակվեց մինչև XII դարի կեսերը, երբ Ելտկուզ Աթաբեկը Խեդենեկ Արծրունուց խլեց Ամուկ բերդը և Վիգեն Մամիկոնյան֊Թոռնիկյանի ձեռքից առավ Սասունը<ref>Վարդան, նույն տեղում, էջ 162, հմմտ. նույն տեղում, էջ 174։</ref>։ Ժամանակակից մի վկայութամբ, անկարող լինելով պատերազմ ով ընկճել Վիգենին՝ թուրքերն «աւարեցին տեղիս տեղիս ի գաւառաց նորա և գերեցին բազումս ի քրիստոնէից»<ref>Գ. Յովսեփեան, Հիշատակարանք ձեռագրաց I, էջ 401։</ref>։
Թոռնիկյանները տոհմային արժանապատվության գիտակցությամբ լի մարդիկ էին, ինչպես Բջնիի և Անիի Պահլավունիներին, սրանց ևս ժամանակակիցները վերագրում էին Արշակունի և Պարթևական ծագում։ 1101 թվականին Պողոս Տարոնեցին Չորտուանելի մասին գրում էր. «Եւ ահա իշխանն հայոց Չորտվանելս , որ յազգէ և ի շառաւիղէ Սենեքարիմայ է, յասորոց թագաւորացն։ Եւ ի ծննդաբանութենէն Սափասարայ, հայրենեօք և մայրենեօք բնութեամբ և ի յազգյէն Աբրահամու քետուրական Արշակունի։ Եւ ի շառաւիղէն սրբոյն Գրիգորի Լուսաւորչի՝ որդի Թոռնկա, որոյ գովութիւն ոչ անկանի»<ref>Պօղոս Տարօնեցի, նույն տեղում, էջ 274։</ref>։ Ինքն իրեն Չորտուանելը կոչում էր «Իշխան Տարոնւոյ և ամենայն հայոց<ref>Մայր ցուցակ Վենետիկի, բ. 473 և հետ.։</ref>։ Ձևականորեն «ամենայն հայոց» այս իշխանները կրկնակի վասալական կախման մեջ էին մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ բյուզանդական իշխողներից։ Նույն Պողոս Տարոնեցին գրում էր. «ԵԼ «Եւ ահա վկայ դուք էք ամենեքեանքն՝ այս մեծանուն լերինն Տիւրոսի. վասն զի սեպհական տրութեամբ ի գահընկալ նովիլիսիմոսէ՝ պատուեալ մեծաւ մեծաւ պատուով ի կայսերացդ հոռոմոց։ Դարձեալ՝ և ի պարսից թագաւորացն յամիրայականէ ընկալեալ զիշխանութիւնս<ref>Պօղոս Տարօնեցի, նույն տեղում, էջ 275։</ref>։
Սելջուկների դեմ մղած պայքարի ընթացքում Մամիկոնյան-Թոռնիկյանները փաստապես հանդես էին գալիս որպես «իրանական» նորահայտ սուվերենների դեմ ապստամբած բյուզանդական առաջապահիկներ։ Որպես բյուզանդական վասալներ նրանք բախվում էին նաև ֆրանկների հետ, մինչդեռ Ագաթոնի նոր վերսիան կրում էր իր վրա այն ժամանակների դրոշմը, երբ հայերի բյուզանդական կողմնորոշումը նահանջել էր արևմտաեվրոպական կողմնորոշման առաջ։ Հին վերսիայի «արմանները» կամ «որմանները» դարձել էին «ալամանների» կամ «ֆրանկների» առաջապահիկներ։ Հույների հայ զինատարները զիջել էին իրենց տեղը հույներից վրիժառու Վաղարշակին կամ Տրդատին։ Ի՞նչ է նշանակում այս շրջադարձը։ Ըստ երևույթին վերախմբագրված Ագաթոնը կատարել էր նույն Էվոլյուցիան, որպիսին կատարել էր վերախմբագրված Կոզեռնը։ Կիլիկյան իրադրության մեջ երկուսն էլ ընդառաջում էին առկա հարաբերություններին ու պահանջներին։ Մասնավորապես Ագաթոնի նոր վերսիան՝ հանձին Վաղարշակի կամ Տրդատի, նպատակ ունի անդրապատկերել Բյուզանդիայի դեմ ապստամբած և խաչակիրների օժանդակությամբ Կիլիկիայում հայ ուրույն իշխանություն հիմնադրող Ռուբենի և Ռուբինյանների՝ բյուզանդական կայսրության դեմ տարած դարավոր պայքարը։ Ագաթոնի գուշակությունները առիթ են տալիս կարծելու, թե հետագայում Կիլիկիայի այդ պայքարին իրենց մասնակցությունն էին բերում նաև Տարոնի Մամիկոնյանները։ Ի վերջո, սրանք պարտվում են։ Միխայել Ասորին 1163 թվականի ներքո գրում է. «Ի սոյն ամին բերդեր զոր ունէին հայք յերկիրն Սասնոյ, նեղեալ Մուֆարկինայ (=Նփրկերտի) ամիրայէ, տուին ի Շահի Արմեն յամիրայն Խլաթայ, զայն որ ունէին ի հին ժամանակաց»<ref>Միխ. Ասորի, Ժամանակագրութիւն, էջ 476։</ref>։ Ավելի ուշ, խալիֆաթի կրած պարտություններից հետո, Սասնո երկիրը հպատակություն հայտնեց մոնղոլներին, Հուլաղու խանի կողմից տրվելով Սադուն Արծրունուն<ref>Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 370։</ref>։
Վստահելի
199
edits