Changes
1965
=== Տխուր վերջաբանությամբ հեքիաթ ===
Երկու սենյակների մեջ ընկած դուռը փակվեց առավոտյան, իսկ հիմա արդեն գիշեր է։ Ես հանգցրել եմ լույսը, թեպետ գիտեմ, որ քնել չեմ կարողանալու։ Ծխում եմ։ Չեմ ուզում մտածել։ Ուզում եմ երևի դատարկել ուղեղս հիշողություններից, անուններից։ Հիմար ցանկություն։ Այդ ամենը կոչվում է ապրած կյանք, իսկ կյանքը սենյակ չէ, որ չուզածդ իրերը դուրս շպրտես։ Երևի ես դեռ չեմ հավատում, թե սա վերջն է, որովհետև տխուր եմ։ Տխուր եմ, դատարկ՝ որքան էլ համոզեմ ինքս ինձ, աշխարհին, թե ճիշտ արեցի, թե այլևս անհնար էր… Հիմարություն։ Սենտիմենտալ պահ է, կանցնի, գիշերը մի կերպ կլուսանա, կյանքը կշարունակվի, իհարկե։ Իհարկե, տխուր եմ։ Իսկ ի՞նչ է, պարեի, գնայի կրկես… Մի բաժակ օղի եմ խմում, հետո երկրորդը… Դուռը փակ է։ Բայց ես գիտեմ ինչ կա դռան ետևում և դրա համար հարկարվոր չէ, որ բաց լինի։ Ինձ ծանոթ են այն սենյակում դրված բոլոր առարկաների ձայները, թեպետ գիշեր է, լռություն։ Ու հանկարծ ձայն եմ լսում։
Բնազդն ինձ հրում է վեր կենալ, որովհետև դա որդուս ձայնն է։ Բայց հանկարծ տեսնում եմ սենյակներն անջատող դուռը, որ մի օր առաջ միացնում էր նույն այդ սենյակները։ Ինչպե՞ս գնամ։ Ո՞ւր։ Եթե այդ ձայնը ես լսեի կիլոմետրերի հեռվից, կարող էի վեր կենա, վազել։ Իսկ հիմա ինչ անեմ, երբ այսքան մոտիկ է։ Ձայնը նորից է կրկնվում։ Այո, որդիս է, ինչ֊որ բան է ասում, չեմ կարողանում հասկանալ, իրարից զանազանել բառերը։ Այսինքն, ինչ պիտի ասի որ. կամ ջուր է ուզում, կամ երևի շոգում է։
Իմ որդին դեռ ոչինչ չգիտե, նրան թվում է, որ հիմա էլ սովորական գիշեր է, իսկ ես քիչ այն կողմ եմ, մյուս մահճակալին։ Ես իրոք քիչ այն կողմ եմ, մյուս սենյակում։ Ես բացում եմ պատշգամբի դուռը, որ փողոցի ձայները ներս լցվեն, և ես չլսեմ ուրիշ ոչինչ։
ՄԻ քանի ժամ առաջ այս դուռը բաց էր, և դու բաժանում էիր իրերը։ Միայն իրերն էին մնացել բաժանելու, մենք վաղուց էինք այդ արել, թեպետ բաց էր սենյակի դուռը և մեր մահճակալները դրված էին կողք֊կողքի։
Քիչ առաջ ես նստած էի այս սենյակում (որտեղ հիմա չեմ կարողանում քնել) ու լսում էի քո ձայնը։
— Սեղանը ես եմ վեցնում, հորս նվիրածն է, իսկ թախտը թող քեզ մնա։
— Ռադիոընդունիչն ինձ։
— Քեզ երեք սրբիչ հերիք է։
Ես լսում էի ամեն ինչ և ոչինչ չէի լսում։ Իսկ մեր որդին, սովորականի պես, խաղում էր։ Նա տիկնիկը դրել էր անկյունում և կրակում էր խաղալիք֊հրացանով։ Տիկնիկը վայր չէր ընկնում, և նա բարկանում էր։ Ես նայում էի այդ տիկնիկին։ Նա ինձ շատ էր նման։ Ոչ, ես սենտիմենտալ չեմ. պարզապես այդ տիկնիկն էլ չգիտեր ինչ անել՝ ինչպես ես այդ պահին։ Երևի քեզ համար էլ հեշտ չէր, դու պարզապես բարձր էիր խոսում, որ ցույց տաս, թե քեզ համար այդ ամենը ոչինչ չարժե։ Բայց եթե ոչինչ չարժեր, կլռեիր։
Ի Վերջո բոլոր իրերը բաժանեցիր, իսկ մեր որդին դեռ խաղում էր սովորականի պես։ Արդեն հարկավոր էր փակել դուռը, որ կբաժաներ նաև սենյակների օդը, ու դու փակեցիր։ Երեխային անհնար էր բաժանել երկու մասի։ Դու փակեցիր դուռը, իսկ տիկնիկը մնաց իմ սենյակում, իմ։ Առաջին անգամ ես մտածեցի այդ դերանունը և զգացի, որ ինչ֊որ բան խեղդում է ինձ։
Այդ մի քանի ժամ առաջ էր։ Ես չգիտեի. քնա՞ծ ես դու հիմա, իսկ երեխան լռել է վաղուց։ Ես բացում եմ իմ սենյակի դուռը. իմ սենյակում լուսամուտ չկա, այդ մնաց քո սենյակում։ Իմը միայն դուռ է։
Ես չգիտեմ, թե ինչ հասավ ինձ մեր տան իրերից, գիտեմ, որ երեխան, որ իմ անունն ու ազգանունն է կրում, ինձ չհասավ։
Ես արդեն ծխախոտ էլ չունեմ։
Ես ջրում եմ քո ծաղիկները։ Ծաղիկները պատշգամբում են, դու չես տարել քո սենյակ, այնտեղ արև չկա. իրերը շատ են։ Ու ես ջրում եմ ծաղիկները։ Առաջ ես միշտ բարկանում էի, երբ ասում էի ջրիր ծաղիկները։ Ինձ թվում էր դա կնոջ գործ է, և դու պարզապես ուզում ես ինձ նվաստացնել։ Բայց երբ ծաղիկները մնացին պատշգամբում, ես սկսեցի ջրել, նույնիսկ օրը մի քանի անգամ (գուցե այդ վնա՞ս է)։ Ծաղիկները պահարան չեն։ Նրանք մի քիչ նման են երեխաներին, որոնք ինչ֊որ բան զգում են այնուամենայնիվ։ Եվ չգիտեն ինչ անել։
Դու տանը չես։ Արդեն երեք շաբաթ է, ինչու դու վերադարձել ես հորդ տուն, իսկ իմ որդին, որ առաջ մեր որդին էր, այսօր հյուր է եկել ինձ։ Ես երջանիկ եմ, թեպետ ավելի լավ կլիներ, որ լաց լինել կարողանայի, ինչպես կանայք, ինչպես դու։ Բայց պետք է ոչ միայն լաց չլինեմ, այլև պետք է հեքիաթներ պատմեմ՝ անպայման երջանիկ վերջավորություններով. երեխաներն այդպես են ուզում։ Ոչ միայն ուզում. նրանք հավատացած են, որ աշխարհում ամեն բան երջանիկ է վերջանում։ Ես նրան պատմում եմ հեքիաթները, որ ինքս եմ հորինում և դրա համար էլ հեքիաթները տխուր են վերջանում։ Ես պատմում եմ, օրինակ, չար գայլի մասին, որն ուտում է խեղճ նապաստակին, բայց տղաս ուղղում է ինձ, ասելով, որ հենց այդ պահին երևում է որսորդը, և, սպանելով գայլին, փրկում է նապաստակի կյանքը։ Իսկ երբ հարցնում եմ, թե ով էր այդ որսորդը, նա ամենայն լրջությամբ ասում է՝ Գագիկը։ Երբ հարցնում եմ, թե ով է Գագիկը, նա ասում է, որ իրենց մանկապարտեզից է։ «Երեկ Կարոն Ծովիկին ծեծեց, իսկ Գագիկը՝ Կարոյին։ Բա փոքրերին կարելի՞ է ծեծել»։ Ես ասում եմ, որ չի կարելի։ Բայց իմ հաջորդ հեքիաթն էլ տխուր է վերջանում, և տղաս ձանձրանում է։ Նա ուզում է բացել երկու սենյակները միացնող դուռը, որը մինչ այդ միշտ բաց էր։ Չի կարողանում։ Այդ դուռը դու ես փակել մյուս կողմից։ Տղաս աթոռը դնում է ոտքերի տակ, փորձում ետ քաշել, վարագույրը, բայց մյուս կողմում մութ է։ Մյուս կողմի վարագույրը նա չի կարողանում ետ տանել։ Ես սարսափով նրան եմ նայում, վախենում եմ, որ հանկարծ ինչ֊որ հարց կտա։ Բայց նա մի ակնթարթ քիթը հպում է ապակուն, հետո, անսպասելիորեն լրջանալով, իջնում աթոռից։ Ոչինչ չի հարցնում, և ես հանկարծ ուզում եմ, որ նա խոսի, թեկուզ հազար հարց տա միանգամից։ Ես վախենում եմ նրա նռությունից։ Բայց նա շարունակում է լռել։ Գուցե լռում է բոլորովին ուրիշ բանի համար, բայց իմ ուղեղի աշխատում է միայն մի ուղղությամբ, ինձ թվում է, թէ նա ինչ֊որ բան է հասկանում և լռում է դրա համար։ Անհնար է նայել նրան, ու ես փախչում եմ պատշգամբ։ Ես փախչում եմ, որպեսզի չպատասխանեմ այդ լռությանը։ Մի պահ այդ լռության առաջ դատարկ ու չնչին են թվում մեր բոլոր վեճերը, ամեն ինչ։ Ես փախչում եմ պատշգամբ, որտեղ քո ծաղիկներն են։ Ծաղիկները ոչինչ չգիտեն, նրանք խաշվում են արևի տակ, իսկ արևը ամեն տեղ նույնն է։ Ես նայում եմ նրանց ու մտածում, որ մի քանի օր հետո այդ ծաղիկներն էլ կգնան հորդ տուն։ Ես չգիտեմ, որ ծաղիկն ինձ կթողես և կթողե՞ս արդյոք։ Հետո սկսում եմ ջրել քո ծաղիկները, թեպետ չգիտեմ, ժամամա՞կմ է, թէ՞։
Իսկ ծաղիկները լուռ են։
Ինչպես իմ որդին։
Ծաղիկների լռությունն իմ հորինածն է, քանի որ ծաղիկները ե՞րբ են խոսել։ Դրա համար էլ հարկավոր չէ, որ մեկնումեկը պատասխան տա ծաղիկների լռության համար։
Իսկ ո՞վ պատասխան կտա իմ որդու լռության համար։
Այսօր դու տարար քո սենյակի իրերը։
Պառկած իմ բազմոցին, ես լսում եմ անծանոթ մարդկանց ձայներ և մեկ֊մեկ նաև քո ձայնը։ Աչքերս փակ՝ ես տեսնում եմ, թէ ինչպես է դատարկվում այն սենյակը, որի յուրաքանչյուր անկյուն լցվելը ինձ համար ուրախություն է եղել։ Այդ սենյակի հետ, թվում է, դատարկվում է իմ սիրտը։ Ես ուզում եմ մի պահ վեր կենալ, դուրս վազել ու գոռալ այդ անծանոթ մարդկանց ականջի տակ. «Սպասեցեք, ո՞ւր եք տանում։ Դա սովորական աթոռ չէ կամ լվացքի մեքենա, դուք իմ տունն եք տանում»։ Ու հանկարծ ինծ թվում է՝ անծանոթ մարդիկ լսում են ու կանգ առնում։ Ես չգիտեմ ինչ անեմ, իսկ դու գոռում ես ավելի բարձր. «Տարեք, ինչո՞ւ կանգնեցիք»։
Ես տրորում եմ աչքերս, որովհետև դեռ պառկած եմ բազմոցին, իսկ հարևան սենյակում նույն աղմուկն է։ Ու հանկարծ ես լսում եմ որդուս ձայնը։
Մինչև ես վեր կթռչեմ, նա բացում է իմ հենյակի դուռը։
— Հայրիկ,— ասում է նա,— ո՞ւր են տանում իմ մահճակալը։
— Գունավոր մատիտներ ուզո՞ւմ ես,— հարցնում եմ ես, ինքս էլ զարմանալով իմ հանգստությունից,— քեզ համար եմ բերել։
Իմ որդին գունավոր մատիտներ չի ուզում։
— Իսկ հեծանիվ ե՞րբ կբերես,— հարցնում է։
— Կբերեմ։ Ուզո՞ւմ ես հեքիաթ պատմեմ։
Ես իմ առաջ տեսնում եմ երկու զարմացած աչք, որովհետև դեռ երբեք իմ ցանկությամբ նրա համար հեքիաթ չեմ պատմել։ Ու ես սկսում եմ իմ հեքիաթը, որն այս անգամ ուրախ է ստացվում։ Ես պատմում եմ, թե ինչպես ուլիկը կորցնում է մորը, բայց գազաններից ոչ մեկը նրան չի ուտում. գայլը ճանապարհն է ցույց տալիս, առյուծը խոտ է քաղում նրա համար, իսկ երբ հոգնում է, վագրը մեջքին դրած տանում է նրան։ Որդիս լսում է ուշադիր ու լուրջ, իսկ երբ վերջացնում եմ, ասում է.
— Վագր եմ ուզում։
Ես խոստանում եմ. վագրն ինչ է, որ այդ պահին չխոստանամ։
Իսկ կողքի սենյակում աղմուկը գնալով բարակում է։ Հետո ես լսում եմ, որ դու ձայն ես տալիս իմ որդուն։ Մի՞թե այդքան շուտ վերջացրին, իսկ ինձ թվում էր դեռ երկար կտանեն. չէ՞ որ այս երկու սենյակը մենք լցրել էինք վեց տարում։ Հետո բացվում է դուռը. շեմքին դու ես։
—Դե արի,— ասում ես երեխային,— գնում ենք։
— Ես պապայի հետ կգամ,— հետո խորամանկ նայում է ինձ,— հեքիաթը չի վերջացել։
— Ես ինքս կբերեմ,— ասում եմ ես քեզ։
— Լավ,— ասում ես դու,— շատ չուշացնես, քիչ հետո պետք է ճաշի։
Դու արագ ծածկում ես դուռը, բայց հայացքդ, որ ուզում էիր թաքցնել, տեսնում եմ։ Քեզ համար էլ հեշտ չէ, այդ զգացի նորից, մեկ անգամ էլ։ Բայց դու գնացել էիր արդեն։
Ես չեմ կարողանում սենյակում նստել, և մենք դուրս ենք գալիս պատշգամբ։ Ծաղիկներն այնտեղ են, թեպետ մի անկյուն քաշած։ Ինչո՞ւ չես տարել. ու ես հանկարծ հիշում եմ, որ հորդ բնակարանը պատշգամբ չունի։
— Դե, գնանք,— ասում եմ որդուս,— ես քեզ մեքենայով կտանեմ։
Երեխան մռայլ նայում է ինձ.
— Մեքենայով մի տանի,— ասում է։
— Դե լավ, տրոլեյբուս կնստենք։
— Չէ, գնանք տրամվայով։
— Ինչո՞ւ…
— Տրամվայով ավելի ուշ կհասնենք պապիկենց տուն։
Ծաղիկներն օրորվում են, իրիկնային քամուց են օրորվում, իսկ ինձ թվում է՝ նրանք լալիլ են իմ փոխարեն։ Ես վախենում եմ մոտենալ իմ որդուն, ես վախենում եմ, որ եթե հանկարծ նա նայի իմ աչքերին, կարող է շատ բան հասկանալ։ Ես բռնում եմ նրա ձեռքը և մենք իջնում ենք ներքև, փողոց։
Ես հիմա էլ, համարյա ամեն օր, ջրում եմ քո ծաղիկները։ Թեպետ գիտեմ, որ երբ պատշգամբ ունենաս, կտանես։ Ծաղիկները չգիտեն այդ մասին, նրանց միայն արև է պետք, և մեկը, որ ջրի։ Իսկ ինձ թվում է՝ ծաղիկներն իմ որդիներն են։ Ինձ թվում է, որ երբ մեծանան ծաղիկները, ես նրանց կարող եմ պատմել ամեն ինչ և նրանք կհասկանան։
1961 — 1969 թ.թ.
}}