Changes
Կապիտալիստական արտադրության այն օրենքը, որ կարծեցյալ «բնակչության բնական օրենքի» հիմքն է կազմում, պարզապես հանգում է հետևյալին. կապիտալի, կուտակման և աշխատավարձի մակարդակի միջև եղած հարաբերությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հարաբերություն կապիտալի փոխարկված անվճար աշխատանքի և այն լրացուցիչ աշխատանքի միջև, որն անհրաժեշտ է լրացուցիչ կապիտալը շարժման մեջ դնելու համար։ Հետևաբար, այդ ամենևին էլ հարաբերություն չէ երկու միմյանցից անկախ մեծությունների միջև, մի կողմից՝ կապիտալի մեծության և մյուս կողմից՝ բանվոր բնակչության քանակի միջև, ընդհակառակը, վերջին հաշվով այդ լոկ հարաբերություն է միևնույն բանվոր բնակչության վարձատրված ու չվարձատրված աշխատանքի միջև։ Եթե բանվոր դասակարգի կողմից մատակարարվող և կապիտալիստների դասակարգի կողմից կուտակվող չվարձատրվող աշխատանքի քանակն այնքան արագ է աճում, որ կարող է կապիտալի փոխարկվել միայն վարձատրվող լրացուցիչ աշխատանքի արտակարգ ավելացման դեպքում, ապա աշխատավարձը բարձրանում է, և, մյուս հավասար պայմաններում, չվարձատրվող աշխատանքը հարաբերաբար նվազում է։ Բայց հենց որ այս նվազումը հասնում է այն կետին, երբ կապիտալին սնող հավելյալ աշխատանքը դադարում է առաջարկվել նորմալ քանակով, սկսվում է ռեակցիա, եկամտի այն մասը, որ կապիտալացման է ենթարկվում, փոքրանում է, կուտակումը թուլանում է, և աշխատավարձի վերընթացք շարժումը հակադարձ շարժման է փոխվում։ Այսպիսով, աշխատանքի գնի բարձրացումը չի դուրս գալիս այն սահմաններից, որոնք կապիտալիստական սիստեմի հիմքերը ո՛չ միայն անձեռնմխելի են թողնում, այլև ապահովում են նրա վերարտադրությունն ընդլայնված մասշտաբով։ Հետևապես, կապիտալիստական կուտակման օրենքը, որը բնության օրենքի միստիկական ձև է ընդունում, իրոք միայն այն հանգամանքի արտահայտությունն է, որ կուտակման բնությունը բացառում է աշխատանքի շահագործման աստիճանի աճեն մի այնպիսի նվազում կամ աշխատանքի գնի ամեն մի այնպիսի բարձրացում, որը կարող էր լրջորեն սպառնալ կապիտալիստական հարաբերության մշտական վերարտադրությանը և այն էլ նրա շարունակ ընդլայնվող մասշտաբով վերարտադրությանը։ Այլ կերպ չի էլ կարող լինել արտադրության մի այնպիսի եղանակի ժամանակ, երբ բանվորը գոյություն ունի արդեն եղած արժեքների ավելացման պահանջմունքների համար, փոխանակ այն բանի, որ, ընդհակառակը, նյութական հարստությունը գոյություն ունենա բանվորի զարգացման պահանջմունքների համար։ Ինչպես որ կրոնի մեջ մարդու վրա իր սեփական գլխի արդյունքն է իշխում, այնպես էլ կապիտալիստական արտադրության պայմաններում մարդու վրա իր սեփական ձեռքի արդյունքն, է իշխում [''Տես 77a ծանոթ.'']։
====2. ԿԱՊԻՏԱԼԻ ՓՈՓՈԽՈՒՆ ՄԱՍԻ ՀԱՐԱBԵՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՆՎԱԶՈՒՄԸ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՎ ՆՐԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ====
Հենց իրենց` տնտեսագետների կարծիքով ո՛չ թե արդեն գոյություն ունեցող հասարակական հարստության չափերը և ո՛չ էլ արդեն ձեռք բերված կապիտալի մեծությունն է հասցնում աշխատավարձի բարձրացման, այլ բացառապես կուտակման անընդհատ աճումն ու այդ աճման արագության աստիճանը (А. Смит [«Богатство народов»], I գիրք, 8-րդ գլուխ)։ Մինչև այժմ մենք քննում էինք այդ պրոցեսի մի հատուկ փուլը միայն, այն փուլը, որի շրջանակներում կապիտալի աճումը տեղի է ունենում կապիտալի անփոփոխ տեխնիկական կազմի պայմաններում։ Բայց պրոցեսն այդ փուլից էլ հեռու է գնում։
Կապիտալի կուտակումը, որն սկզբում ներկայանում էր լոկ որպես նրա քանակական ընդլայնում, ինչպես տեսանք, իրագործվում է այնպես, որ նրա կազմը անընդհատ որակական փոփոխության է ենթարկվում, նրա հաստատուն բաղկացուցիչ մասը շարունակ ավելանում է փոփոխուն մասի հաշվին [''Տես 77c ծանոթ.'']։
Արտադրության առանձնահատուկ կապիտալիստական եղանակը, աշխատանքի արտադրողական ուժի՝ այդ եղանակին համապատասխանող զարգացումը, կապիտալի օրգանական կազմի փոփոխությունը, որպես այդ զարգացման հետևանք,— այս բոլոր երևույթները ո՛չ միայն կուտակման պրոգրեսի կամ հասարակական հարստության աճման հետ համաքայլ են ընթանում. նրանք անհամեմատ ավելի արագ են ընթանում, որովհետև հավաքական կապիտալի պարզ կուտակմանը կամ բացարձակ մեծացմանն ուղեկցում է նրա անհատական տարրերի կենտրոնացումը, իսկ ավելադիր կապիտալի տեխնիկական հեղաշրջմանն ուղեկցում է սկզբնական կապիտալի տեխնիկական հեղաշրջումը։ Կուտակման պրոգրեսի հետ միասին կապիտալի հաստատուն մասի հարաբերությունը փոփոխուն մասի նկատմամբ այնպես է փոխվում, որ եթե սկզբում կազմում էր 1:1, ապա հետո դառնում է 2:1, 3:1, 4:1, 5:1, 7:1 և այլն, այնպես որ կապիտալի աճման հետ նրա ընդհանուր արժեքի ոչ թե ½-ը, այլ միայն <math>^1/_3</math>, ¼, <math>^1/_5</math>, <math>^1/_6</math>, ⅛ մասը և այլն հաջորդաբար վերածվում է աշխատուժի, իսկ <math>^2/_3</math>, ¾, <math>^4/_5</math>, <math>^5/_6</math>, ⅞ և այլն մասը՝ արտադրության միջոցների։ Որովհետև աշխատանքի պահանջարկը որոշվում է ոչ թե ամբողջ կապիտալի, այլ նրա փոփոխուն բաղկացուցիչ մասի չափերով, ուստի այդ պահանջարկը պրոգրեսիվ կերպով նվազում է ամբողջ կապիտալի աճմանը զուգընթաց, փոխանակ նրա հետ համամասնորեն աճելու, ինչպես առաջ էինք ենթադրում։ Նա իջնում է հարաբերաբար ամբողջ կապիտալի մեծության համեմատությամբ, իջնում է պրոգրեսիայով, որն արագանում է այդ մեծության աճման հետ։ Թեև ամբողջ կապիտալի աճմանը զուգընթաց աճում է նաև նրա փոփոխուն բաղկացուցիչ մասը, այսինքն՝ նրա յուրացրած աշխատ ուժը աշխատուժը ևս, բայց այդ մասն ավելանում է շարունակ նվազող համամասնությամբ։ Շարունակ կրճատվում են այն ժամանակամիջոցները, որոնց ընթացքում կուտակումը գործում է որպես տվյալ տեխնիկական հիմքի վրա հանգչող արտադրության պարզ ընդլայնում։ Ամբողջ կապիտալի՝ աճող պրոգրեսիայով արագացող կուտակումը դառնում է անհրաժեշտ ո՛չ միայն նրա համար, որ կարելի լինի որոշ հավելյալ թվով բանվորներ կլանել, և նույնիսկ ո՛չ միայն նրա համար, որ, չնայած հին կապիտալի մշտական կերպարանափոխություններին, արդեն գործող բանվորները պահպանեն իրենց աշխատանքը։ Այդ աճող կուտակումը և կենտրոնացումը, իրենց հերթին, իրենք են դառնում կապիտալի կազմի նոր փոփոխության կամ կապիտալի փոփոխուն բաղկացուցիչ մասի նոր արագ նվազման աղբյուր՝ հաստատուն մասի համեմատությամբ։ Կապիտալի փոփոխուն մասի այդ հարաբերական նվազումը, որ արագանում է ամբողջ կապիտալի աճմանը զուգընթաց, և այն էլ արագանում է ավելի սաստիկ, քան ամբողջ կապիտալի աճումն է արագանում, մյուս կողմում միշտ այնպես է ներկայանում, որ կարծես, ընդհակառակը, բանվոր բնակչության բացարձակ աճու.մը ավելի արագ է կատարվում քան փոփոխուն կապիտալի կամ այդ բնակչությանը զբաղմունք տվող միջոցների աճումը։ Ընդհակառակը, կապիտալիստական կուտակումը շարունակ արտադրում է, և այն էլ իր էներգիայի ու իր չափերի նկատմամբ համամասնորեն, մի հարաբերականորեն ավելցուկ, այսինքն՝ կապիտալի ինքնաճման միջին պահանջի համեմատությամբ ավելցուկ, ուստի և ավելորդ կամ լրացուցիչ բանվորական բնակչություն։
Բայց եթե ավելցուկ բանվոր բնակչությունը կապիտալիստական հիմքի վրա կատարվող կուտակման կամ հարստության զարգացման անհրաժեշտ արդյունք է, ապա այդ գերբնակչությունը, իր հերթին, դառնում է կապիտալիստական կուտակման լծակ և նույնիսկ արտադրության կապիտալիստական եղանակի գոյության պայման։ Գերբնակչությունը կազմում է արդյունաբերական ռեզերվային բանակ, որին տնօրինել կարող է կապիտալը, և որը կապիտալին է պատկանում այնքան բացարձակորեն, որ կարծես կապիտալը նրան սնած, մեծացրած լինի իր սեփական հաշվին։ Այդ բանակը կապիտալի ինքնաճման փոփոխվող պահանջմունքների համար ստեղծում է շարունակ պատրաստ, շահագործման համար մատչելի մարդկային նյութ, որը բնակչության իրական աճի սահմաններից անկախ է։ Կուտակման և այդ կուտակմանն ուղեկցող աշխատանքի արտադրողական ուժի զարգացման հետ աճում է կապիտալի հանկարծակի ընդարձակման ուժը, — ոչ միայն այն պատճառով, որ աճում է գործող կապիտալի առաձգականությունը և այն բացարձակ հարստությունը, որի լոկ մի որոշ առաձգական մասն է կազմում կապիտալը. ո՛չ միայն այն պատճառով, որ վարկը, գործի աշխուժացման յուրաքանչյուր հատուկ դեպքում, միանգամից արտադրության տրամադրության տակ է դնում այդ հարստության արտասովոր մասը որպես ավելադիր կապիտալ, բացի այդ բոլորից, հենց արտադրության պրոցեսի տեխնիկական պայմանները՝ մեքենաները, փոխադրամիջոցները և այլն, մեծագույն մասշտաբով հնարավոր են դարձնում հավելյալ արդյունքի ամենաարագ փոխարկումը արտադրության ավելադիր միջոցների։ Հասարակական հարստության մասսան, որ աճում է կուտակման զարգացման հետ և կարող է ավելադիր կապիտալի վերածվել, կատաղորեն նետվում է արտադրության հին ճյուղերը, որոնց շուկան հանկարծակի ընդարձակվում է, կամ նոր հայտնագործված ճյուղերը, ինչպես երկաթուղիները և այլն, որոնց պահանջմունքը առաջ է գալիս արտադրության հին ճյուղերի զարգանալուց։ Բոլոր այդպիսի դեպքերում անհրաժեշտ է, որ հնարավոր լինի մարդկային հսկայական մասսաներ նետել վճռական կետերը հանկարծակի և առանց կրճատելու մյուս ոլորտների արտադրության մասշտաբը։ Գերբնակչությունն է մատակարարում այդ մասսաները։ ժամանակակից արդյունաբերության կենսական ուղին, որին հատուկ է միջին աշխուժացման, բարձր ճնշման տակ կատարվող արտադրության, ճգնաժամերի ու լճացման ժամանակաշրջանների, փոքրիկ տատանումներով ընդհատվող տասնամյա ցիկլի ձև խարսխված է արդյունաբերական ռեզերվային բանակի կամ գերբնակչության մշտական գոյացման, նրա ավելի մեծ կամ ավելի փոքր կլանման և կրկին գոյացման վրա։ Արդյունաբերական ցիկլի փուլերի հաջորդափոխությունը, իր հերթին, ավելացնում է գերբնակչությունը և դառնում նրա վերարտադրության ամենաեռանդուն գործոններից մեկը։
Ժամանակակից արդյունաբերության այդ յուրահատուկ կենսական ուղին, որին մարդկության նախկին դարաշրջաններից ոչ մեկում մենք չենք հանդիպում, կապիտալիստական արտադրության մանկության ժամանակաշրջանում էլ հնարավոր չէր։ Կապիտալի կազմը միայն շատ դանդաղ էր փոփոխվում։ Հետևապես, նրա կուտակմանն ընդհանրապես համապատասխանում էր աշխատանքի պահանջարկի համամասնական աճումը։ Կապիտալի կուտակման պրոգրեսը որքան էլ դանդաղ լիներ արդի դարաշրջանի համեմատությամբ, բայց նա էլ էր բախվում շահագործման համար մատչելի բանվոր բնակչության բնական սահմաններին, այդ սահմանները վերացնել կարելի էր միայն բռնի միջոցներով, որոնց մասին հետագայում խոսք կլինի։ Արտադրության մասշտաբի հանկարծակի ու ջղաձգական ընդարձակումը նրա հանկարծակի սեղմվելու նախադրյալն է. վերջինը, իր հերթին, առաջ է բերում առաջնին, բայց առաջինն անհնարին է առանց շահագործման համար պիտանի մարդկային նյութի, առանց բանվորների թվի ավելացման, որ անկախ է բնակչության բացարձակ աճումից։ Այդ ավելացումն ստեղծվում է մի հասարակ պրոցեսի միջոցով, որը բանվորների մի մասին շարունակ «ազատում է» այնպիսի մեթոդներով, որոնք քչացնում են զբաղված բանվորների թիվը՝ աճող արտադրության համեմատությամբ։ Հետևապես, ժամանակակից աբդյունաբերության համար բնորոշ հանդիսացող շարժման ամբողջ ձևը ծագում է բանվոր բնակչության մի մասի մշտական փոխարկումից չզբաղված կամ կիսազբաղ ձեռքերի։ Քաղաքատնտեսության մակերեսայնությունը երևան է գալիս, ի միջի այլոց, նրանով, որ վարկի ընդլայնվելն ու սեղմվելը, արդյունաբերական ցիկլի հերթափոխվող շրջանների այդ սոսկական նշանները, նրա այդ ընդլայնվելու և սեղմվելու պատճառն է համարում։ Ինչպես երկնային մարմինները, երբ նրանք որոշ շարժման մեջ են դրվում, շարունակ կրկնում են այդ շարժումը բոլորովին նույն ձևով էլ հասարակական արտադրությունը, երբ նա դրված է փոփոխակի ընդլայնվելու և սեղմվելու այդ շարժման մեջ, շարունակ վերարտադրում է այդ պրոցեսը։ Հետևանքները, իրենց հերթին, դառնում են պատճառներ, և շարունակ իր սեփական պայմանները վերարտադրող պրոցեսի փոփոխվող փուլերը ընդունում են պարբերականության ձև։ Երբ այդ պարբերականությունը կայունացել է, ապա նույնիսկ քաղաքատնտեսությունն էլ է սկսում ըմբռնել, որ հարաբերական գերբնակչության, այսինքն՝ կապիտալի ինքնաճման միջին պահանջմունքի համեմատությամբ ավելցուկ բնակչության արտադրությունը ժամանակակից արդյունաբերության գոյության պայմանն է։
«Ենթադրենք,— ասում է Հ. Մերիվեյլը, որն առաջ քաղաքատնտեսության պրոֆեսոր էր Օքսֆորդում, հետագայում՝ անգլիական գաղութների մինիստրության պաշտոնյա,— ենթադրենք, թե ճգնաժամի պայմաններում ազգն իր ամբողջ ուժերը կլարի, որպեսզի արտագաղթի միջոցով ազատվի մի քանի հարյուր հազար ավելցուկ աղքատներից. դրա հետևանքն ի՞նչ կլիներ։ Այն, որ աշխատանքի պահանջարկի հենց առաջին վերածնության դեպքում աշխատողների պակասություն կզգացվեր։ Որքան էլ արագ կատարվեր մարդկանց վերարտադրումը, համենայն դեպս մի սերնդի ժամանակամիջոց է պահանջվում մեծահասակ բանվորներին փոխարինելու համար։ Բայց մեր գործարանատերերի շահույթը կախված է գլխավորապես այն բանից, որ հնարավոր լինի աշխուժացած պահանջարկի նպաստավոր մոմենտն օգտագործել և այդպիսով իրենց վարձատրել թուլացման ժամանակաշրջանի փոխարեն։ Այդ հնարավորությունն ապահովվում է միայն նրանց հրամանատարությամբ մեքենաների ու ձեռքի աշխատանքի նկատմամբ։ Անհրաժեշտ է, որ նրանք կարողանան ազատ ձեռքեր գտնել, նրանք պետք է ընդունակ լինեն, երբ անհրաժեշտ է, իրենց գործառնությունների ակտիվությունը լարելու կամ թուլացնելու, նայած շուկայի կացությանը, այլապես, նրանք ամենևին չէին կարողանա կատաղի կոնկուրենցիայի մեջ պահպանել այն գերակշռությունը, որի վրա հիմնված է այս երկրի հարստությունը»<ref>H. Merivale: «Lectures on Colonization and Colonies». London 1841 and 1842, հ. I, էջ 146։</ref>։ Մինչև անգամ Մալթուսը, որն իրեն հատուկ սահմանափակությամբ գերբնակչությունը բացատրում է բանվոր բնակչության բացարձակ ավելցուկային աճումով և ոչ թե նրանով, որ բնակչությունը դառնում է հարաբերաբար ավելցուկային,— ընդունում է, որ գերբնակչությունը ժամանակակից արդյունաբերության համար մի անհրաժեշտություն է։ Նա ասում է. «Ամուսնության հետ կապված ողջամիտ սովորությունները, երբ նրանք գլխավորապես մանուֆակտուրաներից ու առևտրից կախված երկրի բանվոր դասակարգի մեջ հասցվում են որոշ մակարդակի, կարող են այդ երկրի համար վնասակար լինել... Բնակչության բուն էության համաձայն, աշխատողների աճը, որպես հատուկ պահանջարկի հետևանք, չի կարող շուկա հանվել 16—18 տարուց շուտ, իսկ տնտեսման միջոցով եկամտի կապիտալ դաոնալը դառնալը կարող է անհամեմատ ավելի արագ տեղի ունենալ. երկիրը շարունակ ենթարկված է այն ռիսկին, որ նրա աշխատաֆոնդն ավելի արագ կաճի, քան բնակչությունր»<ref>Malthus: «Principles of Political Economy», էջ 215, 319, 320։ Այս աշխատության մեջ Մալթուսը Սիսմոնդիի օգնությամբ, վերջապես, հայտնագործում է կապիտալիստական արտադրության չքնաղ երրորդությունը՝ գերարտադրություն, գերբնակչություն, գերսպառում, այդ three very delicate monsters indeed! [երեք ամենանրբատեսիլ հրեշնե՜րը]։ Հմմտ. F. Engels: «Umrisse zu einer Kritik der Nationalökonomie», Առնոլդ Ռուգեի և Կարլ Մարքսի հրատարակած «Deutsch-Französische Jahrbücher»-ում, Paris 1844, էջ 107 և հաջ.։ [Հմմտ. Ф. Энгельс: «Очерки критики политической экономии». Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. II, էջ 312—316։]</ref>։ Այդպիսով, բանվորների հարաբերական գերբնակչության մշտական արտադրությունը կապիտալիստական կուտակման անհրաժեշտ պայմանը հայտարարելով, քաղաքատնտեսությունը, հանդես գալով պառաված աղջկա կերպարանքով, իր «beau idéal»-ի («իդեալի») — կապիտալիստի — բերանն է դնում հետևյալ խոսքերը՝ ուղղված այն «ավելցուկ» բանվորներին, որոնց փողոց է նետել հենց նրանց ստեղծած հավելյալ կապիտալը. «Մենք, գործարանատերերս, մեծացնելով կապիտալը, որով դուք պիտի ապրեք, անում ենք ձեզ համար ամեն բան, ինչ որ կարող ենք, իսկ մնացածը դուք պիտի անեք, ձեր թիվը համաձայնեցնելով գոյամիջոցներին»<ref>Harriet Martineau: «A Manchester Strike». London 1832, էջ 101։</ref>։
Կապիտալիստական արտադրության համար ամենևին բավական չէ ազատ աշխատուժի այն քանակը, որ մատակարարում է բնակչության բնական աճը։ Իր ազատ զարգացման համար նա կարիք ունի այդ բնական սահմաններից անկախ արդյունաբերական ռեզերվային բանակի։
Այսպես ուրեմն, մի կողմից՝ կուտակման զարգացման հետ ավելի մեծ փոփոխուն կապիտալն ավելի շատ աշխատանք է շարժման մեջ դնում առանց ավելի մեծացնելու բանվորների թիվը, մյուս կողմից՝ նախկին մեծությամբ փոփոխուն կապիտալը աշխատուժի առաջվա մասսայով ավելի շատ աշխատանք է շարժման մեջ դնում և, վերջապես, ավելի բարձրորակ աշխատուժերը դուրս մղելով, ավելի մեծ թվով ցածրորակ աշխատուժեր է շարժման մեջ դնում։
Ուստի հարաբերական գերբնակչության արտադրումը կամ բանվորների ազատումը է՛լ ավելի արագ է ընթանում, քան կատարվում է արտադրության պրոցեսի տեխնիկական հեղաշրջումը, որն առանց այդ էլ արագացվում է կուտակման զարգացումով,— է՛լ ավելի արագ, քան տեղի է ունենում կապիտալի փոփոխուն մասի՝ այդ հեղաշրջմանը համապատասխանող հարաբերական նվազումը հաստատուն կապիտալի համեմատությամբ։ Եթե արտադրության միջոցները, ավելանալով ըստ ծավալի ու ըստ ներգործման ուժի, ավելի ու ավելի նվազող չափով են դառնում բանվորներ զբաղեցնելու միջոց, ապա հենց ինքը՝ այդ հարաբերությունն էլ նորից ձևափոխվում է նաև նրանով, որ աշխատանքի արտադրողական ուժի աճման համեմատ կապիտալն ավելի շուտ աշխատանքի մեծացած առաջարկ է ստեղծում, քան բարձրացնում է իր պահանջարկը բանվորների նկատմամբ։ Բանվոր դասակարգի զբաղված մասի չափից վեր աշխատանքը ավելացնում է նրա ռեզերվների շարքերը, իսկ, ընդհակառակը, այն ուժեղ ճնշումը, որ վերջինների կոնկուրենցիան գործում է զբաղված բանվորների վրա, նրանց հարկադրում է չափից վեր աշխատանքի և կապիտալի հրամաններին ենթարկվելու։ Բանվոր դասակարգի մի մասի չափից վեր, աշխատանքի հետևանքով նրա մի այլ մասի հարկադրական պարապության դատապարտվելը և ընդհակառակը՝ դառնում է առանձին կապիտալիստների հարստացման միշոց<ref>Նույնիսկ 1863 թվականի բամբակի սովի ժամանակ Բլեկբերնի բամբակ մանողների մի պամֆլետում գտնում ենք սաստիկ բողոքներ այն չափից վեր աշխատանքի դեմ, որը գործարանային օրենքի հետևանքով ծանրանում էր, իհարկե, միայն հասակավոր տղամարդ բանվորների վրա։ «Այդ գործարանի չափահաս բանվորներից պահանջում էին, որ նրանք աշխատեն օրական 12—13 ժամ, այնինչ հարյուրավորներ ստիպված էին պարապ մնալու և սիրով կհամաձայնեին ոչ-լրիվ ժամանակ աշխատել, միայն թե կարողանային իրենց ընտանիքները պահել և իրենց ընկերներին փրկել չափից վեր աշխատանքի հետևանքով սպառնացող վաղաժամ մահից»։ «Մենք,— ասված է այնուհետև,— կուզեինք հարց տալ, թե արտաժամյա աշխատանքների այդ պրակտիկան արդյոք գործատերերի ու «ծառաների» միջև տանելի հարաբերությունների որևէ հնարավորություն թողնո՞ւմ է։ Չափից վեր աշխատանքի զոհերը նույն ձևով զգում են անարդարությունը, ինչպես և նրանք, որոնք նույն չափից վեր աշխատանքի շնորհիվ դատապարտված են ակամա պարապության (condemned to forced idleness)։ Եթե աշխատանքն արդարացի բաշխվեր, այս շրջանում այն բավական կլիներ բոլորին էլ մասնակի զբաղմունք տալու համար։ Մենք լոկ մեր իրավունքն ենք պահանջում, գործատերերին առաջարկելով գոնե, քանի դեռ իրերի այժմյան դրությունը պահպանվում է, ընդհանրապես ոչ-լրիվ ժամանակ մտցնել. մինչդեռ այժմ մի մասը պետք է չափից վեր աշխատանք կատարի, իսկ մյուս մասը, աշխատանք չունենալու պատճառով, ստիպված է իր գոյությունը բարեգործության հաշվին քարշ տալու» («Reports of Insp. of Fact. for 31st October 1863», էջ 8)։ Այն ներգործությունը, որ հարաբերական գերբնակչությունն անում է զբաղված բանվորների վրա, իր սովորական բուրժուական անվրեպ բնազդով ըմբռնում է «Essay on Trade and Commerce»-ի հեղինակը։ «Այս թագավորության մեջ ծուլության (idleness) մյուս պատճառը բանող ձեռքերի պակասությունն է։ Ֆաբրիկատների որևէ արտասովոր պահանջարկի հետևանքով հազիվ է աշխատանքի մասսան սկսում անբավարար դառնալ, որ բանվորներն սկսում են զգալ իրենց սեփական կարևորությունը և ուզում են իրենց գործատերերի համար ևս այդ զգալի դարձնել. այս զարմանալի է. բայց այդ մարդկանց գլուխներն այնքան են փչացել, որ այսպիսի դեպքերում բանվորների խմբերը համաձայնության են գալիս իրար հետ, որպեսզի իրենց գործատերերին դժվար դրության մեջ գցեն նրանով, որ ամբողջ օրը պարապ կթափառեն» («An Essay on Trade and Commerce». London 1770, էջ 27, 28)։ Այդ մարդիկ հենց աշխատավարձի բարձրացում էին պահանջում։</ref> և միաժամանակ արագացնում է արդյունաբերական ռեզերվային բանակի արտադրումը այնպիսի մասշտաբով, որը համապատասխանում է հասարակական կուտակման պրոգրեսին։ Թե այդ մոմենտը որքան կարևոր է հարաբերական գերբնակչության գոյացման համար, ապացուցում է, օրինակ, Անգլիան։ Աշխատանքի «տնտեսման» նրա տեխնիկական միջոցները հսկայական են։ Սակայն, եթե վաղն աշխատանքը ամենուրեք սահմանափակվեր ռացիոնալ չափերով, և բանվոր դասակարգի տարբեր խավերի համար աստիճանակարգեր մտցվեին տարիքի ու սեռերի համապատասխան, ապա առկա բանվոր բնակչությունը բացարձակորեն անբավարար կլիներ ազգային արտադրությունը նրա այժմյան մասշտաբով շարունակելու համար։ Այժմ «անարտադրողական» համարվող բանվորների հսկայական մեծամասնությունը ստիպված կլիներ «արտադրողական» դառնալու։
Ընդհանրապես ու ամբողջությամբ վերցրած՝ աշխատավարձի ընդհանուր փոփոխությունները բացառապես կարգավորվում են արդյունաբերական ռեզերվային բանակի ընդարձակումով ու կրճատումով, որոնք համապատասխանում են արդյունաբերական ցիկլի ժամանակաշրջանների հաջորդափոխությանը։ Հետևապես, նրանք որոշվում են ո՛չ թե բանվոր բնակչության բացարձակ թվի շարժումով, այլ այն փոփոխվող հարաբերությամբ, որով բանվոր դասակարգը տրոհվում է ակտիվ բանակի ու ռեզերվային բանակի, որոշվում է գերբնակչության հարաբերական չափերի ավելանալով ու պակասելով, այն աստիճանով, որով այդ գերբնակչությունը մերթ կլանվում, մերթ նորից ազատվում է։ Ժամանակակից արդյունաբերության համար բնորոշ են տասնամյա ցիկլը և նրան հատուկ պարբերական փուլերը, որոնք կուտակման ընթացքում դեռ ընդհատվում են միմյանց ավելի ու ավելի արագ հաջորդող անկանոն տատանումներով։ Եվ ահա այդպիսի արդյունաբերության համար որքա՜ն լավ կլիներ այն օրենքը, որն աշխատանքի պահանջարկն ու նրա առաջարկը կկանոնավորեր ո՛չ թե կապիտալն ընդարձակելու և սեղմելու միջոցով, — հետևապես, ո՛չ թե նրա ինքնաճման հերթական պահանջմունքների համաձայն, և ո՛չ այնպես, որ աշխատանքի շուկան երբեմն գերլցված լինի կապիտալի ընդարձակման հետևանքով, երբեմն էլ հարաբերաբար գերլցված կապիտալի սեղմվելու հետևանքով, — այլ, ընդհակառակը, կապիտալի շարժումը կախման մեջ կդներ բնակչության մասսայի բացարձակ շարժումից։ Սակայն այդ օրենքը քաղաքատնտեսության դոգման է։ Նրա համաձայն, կապիտալի կուտակման հետևանքով աշխատավարձը բարձրանում է։ Բարձրացած աշխատավարձը խթան է ծառայում բանվոր բնակչության ավելի արագ բազմանալու համար, և այդ շարունակվում է այնքան ժամանակ, մինչև որ աշխատանքի շուկան գերլցվի, այսինքն՝ մինչև որ կապիտալը հարաբերաբար անբավարար դառնա բանվորների կողմից եղած առաջարկի համեմատությամբ։ Աշխատավարձն ընկնում է, և այն ժամանակ արդեն տեսնում ենք մեդալի հակառակ երեսը։ Աշխատավարձն իջնելու հետևանքով բանվոր բնակչությունը կամաց-կամաց նոսրանում է, այնպես որ նրա նկատմամբ կապիտալը նորից ավելցուկ է ունենում, կամ, ինչպես ուրիշներն են այդ բացատրում, աշխատավարձի նվազումը և դրա հետևանքով բանվորների շահագործման համապատասխան բարձրացումը դարձյալ արագացնում են կուտակումը, մինչդեռ աշխատավարձի ցածր մակարդակը կասեցնում է բանվոր դասակարգի աճումը։ Այդպիսով, նորից ստեղծվում են այնպիսի պայմաններ, երբ աշխատանքի առաջարկը նրա պահանջարկից ցածր է, աշխատավարձը բարձրանում է և այլն։ Շարժման ի՜նչ հիանալի մեթոդ զարգացած կապիտալիստական արտադրության համար։ Նախքան աշխատավարձի բարձրանալու հետևանքով կարողանար տեղի ունենալ իրապես աշխատունակ բնակչության որևէ դրական ավելացում, այդ պայմաններում մի քանի անգամ անցած կլիներ այն ժամկետը, որի ընթացքում անհրաժեշտ է արդյունաբերական կամպանիան անցկացնել և վճռական մարտ մղել։
1849 և 1859 թվականների միջև, հացի գների իջեցման հետ միաժամանակ, անգլիական հողագործական օկրուգներում տեղի ունեցավ աշխատավարձի գործնականորեն զուտ անվանական բարձրացում, օրինակ, Ուիլտշիրում շաբաթավարձը 7-ից բարձրացավ 8 շիլլինգի, իսկ Դորսետշիրոլմ Դորսետշիրում 7-ից կամ 8-ից՝ 9 շիլլինգի և այլն։ Այդ հետևանք էր հողագործական գերբնակչության անսովոր արտահոսի, որի պատճառն էին պատերազմի պահանջները, երկաթուղային շինարարության, գործարանների, հանքագործության վիթխարի ընդարձակումը և այլն։ Որքան ավելի ցածր է աշխատավարձը, այնքան ավելի բարձր են այն տոկոսային թվերը, որոնցով արտահայտվում է նրա ամեն մի նույնիսկ աննշան բարձրացում։ Եթե շաբաթավարձը, օրինակ, 20 շիլլինգ էր և բարձրացել է 22-ի, ապա բարձրացումը կազմում է 10%, իսկ, եթե նա, ընդհակառակը, ընդամենը 7 շիլլինգ էր և բարձրանում է 9-ի, ապա այդ կազմում է 28<math>^4/_7</math>%, որ շատ ազդու է հնչում։ Համենայն դեպս ֆերմերները վայնասուն բարձրացրին, և նույնիսկ Լոնդոնի «Economist»-ը այդ կիսակուշտ աշխատավարձերի առթիվ սկսեց միանգամայն լրջորեն բարբաջել «a general and substantial advance»-ի [«աշխատավարձի ընդհանուր և էական բարձրացման»] մասին<ref>«Economist», January 21, 1860։</ref>։ Իսկ ի՞նչ արին ֆերմերները։ Արդյոք նրանք սկսեցին սպասել, մինչև որ այդ փայլուն վարձի հետևանքով գյուղական բանվորներն այնքան բազմանային, որ նրանց վարձը նորից ընկներ, ինչպես որ հարցը պատկերացնում է դոգմատիկ-տնտեսագիտական ուղեղը։ Նրանք ավելի շատ մեքենաներ մտցրին, և բանվորները շուտով նորից «ավելորդ» դարձան այնպիսի չափով, որը բավարարեց մինչև անգամ ֆերմերներին։ Հիմա հողագործության մեջ «ավելի շատ կապիտալ» ներդրվեց, քան առաջ, ու այն էլ ավելի արտադրողական ձևով։ Դրանով աշխատանքի պահանջարկն իջավ ո՛չ միայն հարաբերաբար, այլև բացարձակորեն։
Այդ տնտեսագիտական ֆիկցիան շփոթում է աշխատավարձի ընդհանուր շարժումը կամ բանվոր դասակարգի, այսինքն՝ հավաքական աշխատուժի և հասարակական հավաքական կապիտալի միջև եղած հարաբերությունը կարգավորող օրենքներն այն օրենքների հետ, որոնք կարգավորում են բանվոր բնակչության բաշխումը արտադրության առանձին ոլորտների միջև։ Եթե, օրինակ, բարենպաստ կոնյունկտուրայի հետևանքով կուտակումն առանձնապես աշխուժացած է արտադրության որոշ ոլորտում, շահույթը բարձր է միջին շահույթից, և այստեղ է նետվում ավելադիր կապիտալը, ապա, հասկանալի է, ավելանում է աշխատանքի պահանջարկը, ու բարձրանում է աշխատավարձը։ Բարձրացած աշխատավարձը ուժեղացնում է բանվոր բնակչության հոսանքը դեպի բարենպաստ վիճակում գտնվող այդ ոլորտը, մինչև որ սա հագենա աշխատուժով, այն ժամանակ աշխատավարձը, երկար ժամանակով կրկին իջնելով, հասնում է իր նախկին միջին մակարդակին կամ նույնիսկ նրանից ցած, եթե բանվորների հոսանքը չափազանց մեծ էր։ Այն ժամանակ ո՛չ միայն դադարում է բանվորների հոսանքը դեպի արտագրության արտադրության տվյալ ճյուղը, այլև մինչև անգամ փոխարինվում է նրանց տեղատվությամբ։ Նման դեպքերում տնտեսագետը երևակայում է, որ աշխատավարձն ավելանալիս իրեն հաջողվում է նկատել, թե «որտեղ ու ինչպես» է բանվորների թվի բացարձակ ավելացում կատարվում, իսկ բանվորների թվի բացարձակ ավելացման հետ ինչպես է աշխատավարձի պակասում տեղի ունենում. բայց իրոք նա միայն արտադրության մի առանձին ճյուղի աշխատանքի շուկայի տեղական տատանումներն է նկատում, նա տեսնում է լոկ այն երևույթները, որոնք վերաբերում են բանվոր բնակչության բաշխմանը կապիտալի կիրառման տարբեր ոլորտների միջև՝ նայած կապիտալի փոփոխվող պահանջմունքներին։
Արդյունաբերական ռեզերվային բանակը, կամ հարաբերական գերբնակչությունը, լճացման ու միջին աշխուժացման ժամանակաշրջաններում ճնշում է գործադրում բանվորների ակտիվ բանակի վրա և գերարտադրության ու պարոքսիզմների շրջանում սանձահարում է նրա հավակնությունները։ Հետևապես, հարաբերական գերբնակչությունն այն ֆոնն է, որի վրա շարժվում է աշխատանքի պահանջարկի ու առաջարկի օրենքը։ Հարաբերական գերբնակչությունն այդ օրենքի թափը խցկում է այնպիսի սահմանների մեջ, որոնք բացարձակապես համապատասխանում են կապիտալին հատուկ շահագործման ծարավին ու տիրապետության ձգտումին։ Այստեղ տեղին կլինի վերադառնալ տնտեսագիտական ջատագովության մեծ գործերից մեկին։ Հիշեցնենք, որ եթե նոր մեքենաներ մտցնելու կամ հին մեքենաները տարածելու շնորհիվ փոփոխուն կապիտալի մի մասը փոխարկվում է հաստատուն կապիտալի, ապա կապիտալին «կապող» և հենց դրանով էլ բանվորներին «ազատող» այդ ղործառնությունր տնտեսագետ ջատագովն այնպես է մեկնաբանում, թե իբր այդ գործառնությունը, ընդհակառակը, կապիտալ է ազատում բանվորների համար։ Մենք միայն հիմա կարող ենք լիովին գնահատել ջատագովի անպատկառությունը։ Ազատվում են փաստորեն ո՛չ միայն անմիջաբար մեքենայի կողմից դուրս մղվող բանվորները, այլև նրանց փոխարինողների կոնտինգենտը և այն լրացուցիչ կոնտինգենտը, որը կանոնավորապես կկլանվեր, եթե ձեռնարկությունը սովորական եղանակով ընդարձակվեր իր հին պատվանդանի վրա։ Հիմա նրանք բոլորն էլ «ազատված են», և գործելու ձգտող ամեն մի նոր կապիտալ կարող է իր տնօրինության տակ առնել նրանց։ Արդյոք նա հենց այդ բանվորներին կներգրավի թե ուրիշներին,— թե՛ մեկ և թե՛ մյուս դեպքում աշխատանքի ընդհանուր պահանջարկի վրա եղած ներգործությունը զրո կլինի, քանի դեռ այդ նոր կապիտալը բավարար կլինի միայն այն բանի համար, որ շուկան ազատի հենց այնքան բանվորներից, որքան մեքենաներն էին նետել այնտեղ։ Եթե նոր կապիտալը ավելի փոքր թվով բանվորներ է ներգրավում, ապա աճում է ավելցուկների քանակը, եթե ավելի մեծ թվով բանվորների է զբաղմունք տալիս, ապա աշխատանքի ընդհանուր պահանջարկն աճում է այնքան, որքան տարբերություն է գոյանում զբաղվածների և «ազատվածների» քանակի միջև։ Այսպիսով, աշխատանքի պահանջարկի այն ավելացումը, որ ընդհանրապես կարող էին առաջ բերել ներդրում որոնող ավելադիր կապիտալները, համենայն դեպս չեզոքացվում է այն չափով, որչափով այդ ավելացումը ծածկվում է մեքենաների կողմից փողոց նետված բանվորներով։ Հետևապես, կապիտալիստական արտադրության մեխանիզմը հոգում է այն մասին, որ կապիտալի բացարձակ աճմանն ուղեկից չլինի աշխատանքի ընդհանուր պահանջարկի համապատասխան ավելացումը։ Եվ հենց այս էլ ջատագովն անվանում է դուրս մղված բանվորների աղքատության, տառապանքների և հնարավոր կորստյան փոխհատուցում անցման այն ժամանակաշրջաններում, որոնք նրանց նետում են արդյունաբերական ռեզերվային բանակի շարքերը։ Աշխատանքի պահանջարկը նույնանում կապիտալի աճման հետ, աշխատանքի առաջարկը չի նույնանում բանվոր դասակարգի աճման հետ, այնպես որ այստեղ չկա երկու միմյանցից անկախ ուժերի փոխազդում։ Les dés sont pipés [զառերր զառերը կեղծված են]։ Կապիտալը միաժամանակ գործում է երկու ուղղությամբ էլ։ Եթե նրա կուտակումը, մի կողմից, ավելացնում է աշխատանքի պահանջարկը, ապա, մյուս կողմից, նա ավելացնում է բանվորների առաջարկը նրանց «ազատման» միջոցով, իսկ չզբաղված բանվորների ճնշումը միաժամանակ զբաղվածներին ստիպում է ավելի շատ աշխատանք տալու և, այդպիսով, աշխատանքի առաջարկը որոշ չափով անկախ է դարձնում բանվորների առաջարկից։ Աշխատանքի պահանջարկի ու առաջարկի օրենքի շարժումը այդ պատվանդանի վրա լրիվ չափերի է հասցնում կապիտալի բռնապետությունը։ Ուստի, երբ բանվորները բաց են անում այն գաղտնիքը, թե ինչպես կարող էր պատահել, որ որքան շատ են աշխատում իրենք, որքան շատ են օտարի համար հարստություն արտադրում, և որքան շատ է աճում իրենց աշխատանքի արտադրողական ուժը, այնքան իրենց համար ավելի անհուսալի է դառնում նույնիսկ կապիտալի ինքնաճման միջոցի դերում գործելու հնարավորությունը, երբ նրանք հայտնագործում են, որ իրենց միջև տեղի ունեցող կոնկուրենցիայի ինտենսիվության աստիճանն ամբողջովին կախված է հարաբերական գերբնակչության ճնշումից, երբ նրանք այգ պատճառով աշխատում են զբաղվածների ու չզբաղվածների միջև պլանաչափ փոխգործակցություն կազմակերպել տրեդ-յունիոնների և այլն միջոցով, որպեսզի ոչնչացնեն կամ մեղմացնեն այն կործանարար հետևանքները, որ կապիտալիստական արտադրության այդ բնական օրենքը ունենում է բանվորների դասակարգի համար, այն ժամանակ կապիտալն ու նրա սիկոֆանտը, տնտեսագետը, վայնասուն են բարձրացնում պահանջարկի ու առաջարկի «հավիտենական» և, այսպես ասած, «սրբազան» օրենքը խախտելու առթիվ։ Զբաղվածների ու չզբաղվածների ամեն մի կապ խախտում է այդ օրենքի մաքուր խաղը։ Իսկ մյուս կողմից, որչափով գաղութներում, օրինակ, աննպաստ հանգամանքներն արգելք են լինում արդյունաբերական ռեզերվային բանակ ստեղծելուն, իսկ դրա հետ միասին նաև բանվոր դասակարգի բացարձակ կախմանը կապիտալիստների դասակարգից, ապա կապիտալն իր սովորական տափակ Սանչո-Պանչայի հետ ըմբոստանում է պահանջարկի ու առաջարկի «սրբացան» «սրբազան» օրենքի դեմ և աշխատում է հարկադիր միջոցներով հաշիվ տեսնեք նրա հետ։
====4. ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԳԵՐԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԳՈՅԱՁԵՎԵՐԸ։ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ====