Changes

Իմ անունը Կարմիր է

Ավելացվել է 144 087 բայտ, 06:30, 18 Նոյեմբերի 2014
— Մեր գլխավոր նկարիչ վարպետ Օսմանն այս պատճառով աչքերը չորս անելով՝ բոլոր էջերն ուսումնասիրելով, անմեղ նկարիչներին իրար դեմ հանած սատանայությունը, խարդախությունը, բանսարկությունը, չարությունը գտնելով՝ դուրս կբերի, մեղավորին մեր աշխարհի տիրակալ սուլթանի անխախտ արդարությանը կհանձնի, նրա խումբն էլ ծայրեծայր կվերացնի։ Այդ պատճառով նրա համար ամեն բան անում ենք և անելու ենք։ Իմ մարդիկ մեկ առ մեկ վարպետ նկարիչների տներում նկարվող գրքի էջերը հավաքելով՝ բերում են։
 
 
== 41. Ես վարպետ Օսմանն եմ ==
 
Երբ Բոսթանջըբաշըն և գանձապետը մեզ համար կրկնեցին սուլթանի հրամանները, կրկնեցին ու գնացին, սենյակում մենակ մնացինք։ Տանջանքներից, վախից և արցունքներից, իհարկե, Քարան հոգնած ու տխուր էր երևում։ Երեխայի պես լռեց։ Հասկանում էի, որ սիրում եմ նրան, բայց չմոտեցա։
 
Բոսթանջըբաշըի մարդկանց, գրիչների, վարպետ նկարիչների տներից հավաքած-բերած նկարներին նայելով՝ իմ նկարիչներին բացահայտելու համար երեք օր ունեի։ Էնիշթե էֆենդու գրքի համար արված և Քարայի՝ իրեն անմեղ ցույց տալու համար գանձապետ Հագըմ աղային հանձնած նկարներն առաջին անգամ տեսնելիս գիտեք, թե որքան զզվեցի։ Պետք է ընդունել, որ ամբողջ կյանքն այս գործին նվիրած նկարչի մեջ այսքան ուժեղ զզվանք ու ատելություն արթնացնող էջերում անպայման կան նաև այնպիսի բաներ, որ մենք չենք տեսնում։ Որովհետև միայն վատ արվեստը չի, որ կարող է մեր մեջ այսպիսի զզվանք արթնացնել։ Լուսահոգի հիմարի՝ գիշերները եկող նկարիչներին պատվիրած ինը նկարին ահա այսպես սկսեցի նայել։ Մի դատարկ թղթի վրա մյուս նկարների պես խեղճ Զարիֆի շրջանակի և գրի մեջ մի ծառ տեսա։ Փորձեցի պատկերացնել, թե որ պատմության որ հատվածից է դուրս եկել։ Իմ նկարիչները, սիրելի Քելեբեքը, խելացի Լեյլեքը, խորամանկ Զեյթինը, եթե նրանց ասեմ, որ պետք է ծառ նկարեն, նախ այդ ծառը կպատկերացնեն որպես մի պատմության մի մաս, որպեսզի հետո կարողանան հանգիստ նկարել։ Եթե այդ ծառին ուշադիր նայեմ, կարող եմ նրա ճյուղերից, տերևներից ասել, թե նկարիչներից որ մեկն է երազել նրան մասին։ Բայց այս խեղճ, միայնակ ծառն ավելի միայնակ ցույց տվող և Շիրազի ամենահին վարպետների ոճը հիշեցնող՝ բարձրացված հորիզոնի գիծ էր երևում։ Քանի որ հորիզոնը բարձր էր պատկերված, ի հայտ եկած դատարկության մեջ ոչինչ չկար։ Այսպիսով, ինչպես եվրոպացի նկարիչներն են անում, քաղցած լինելու պատճառով ծառ են նկարում, իրանցի վարպետների աշխարհը վերևից տեսնելու ցանկությունն իրար էր խառնվել, ոչ եվրոպական, ոչ էլ իրանյան ոճով էր ստացվել այդ նկարը։ Ցանկանում էի ինքս ինձ ասել՝ ծառը պետք է այսպիսին լինի այնտեղ, որտեղ աշխարհի վերջն է։ Բայց փորձելով միացնել երկու ոճ՝ և իմ նկարիչների, և լուսահոգի հիմարի կարճ խելքը անտաղանդ բան էին ստեղծել։ Ոչ թե նկարի՝ երկու աշխարհից սնվելը, այլ անտաղանդությունն էր ինձ զայրացնում։
 
Մյուս նկարներին, երազներից ելած կատարյալ ձիուն, գլուխը խոնարհած կնոջը նայելիս զգացի դա։ Թեմայի ընտրությունը, այս երկու հիմարը կամ սատանան էին զայրացնում ինձ։ Ակնհայտ է, որ մեր սուլթանի գրքում իմ նկարիչներն էին դրել այս նկարները։ Գիրքն ավարտին հասցնելուց առաջ փեսային սպանելու համար մեծ Ալլահով ևս մեկ անգամ հիացա։ Չէի ցանկանում ավարտին հասցնել այս գիրքը։
 
Մեզ եղբոր պես շատ մոտիկից նայող, բայց մեծամտաբար նկարված շան նկարին անհնար էր առանց նյարդայնանալու նայել։ Որովհետև շան կեցվածքի անսովորությամբ, գլուխը հողին մոտեցնելիս աչքի պոչով մեզ սպառնալից նայելու գեղեցկությամբ, ատամների ճերմակությամբ, կարճ ասած՝ այս նկարն անողների (արդեն կռահում էի, թե նկարին որ նկարիչների վրձինն է դիպել) տաղանդով մի կողմից հիանում էի, բայց չէի կարողանում ներել այդ տաղանդն անհասկանալի կամքի հիմար տրամաբանությանը ծառայեցնելը։ Եվրոպացի նկարիչներին նմանակելու ցանկությունը, անգամ մեր սուլթանի՝ դոժին որպես նվեր ուղարկելիք գրքի՝ վենետիկցիներին հասկանալի ոճով արվելու հրամանը այս նկարի կրկնօրինակությունը չեն ներում։
 
Անմիջապես նկատեցի իմ վարպետ նկարիչներից յուրաքանչյուրի՝ մարդաշատ նկարի մի անկյունում արած կարմիր գույնը, և դա սիրով սարսափեցրեց ինձ։ Նկարին, ինձ անծանոթ ձեռքն անհասկանալի տրամաբանությամբ տարօրինակ կարմիր էր քսել, նկարի ամբողջ աշխարհը ծանր-ծանր թաթախել էր կարմիրի մեջ։ Մի պահ Քարային ցույց տվեցի, թե որ նկարն ում վրձնին է պատկանում, այդ բազմամարդ նկարի նոճին (Լեյլեք), նավերը և տները (Զեյթին), օդապարուկն ու ծաղիկները (Քելեբեք)։
 
— Ձեզ պես տարիներ շարունակ մի ամբողջ նկարչական խումբ ղեկավարած վարպետ նկարիչն, իհարկե, իր նկարիչների տաղանդը, յուրաքանչյուրի մատիտի ոճը և վրձնի ոճը կճանաչի,— ասաց Քարան։– Բայց երբ փեսայիս պես տարօրինակ գրքասերը նկարիչներին նոր և անհայտ ոճերով նկարներ է պատվիրում, ինչպե՞ս եք կարողանում ճանաչել նկարիչներին, ինչպե՞ս եք վստահ լինում, թե որ նկարն ում է պատկանում։
 
— Մի ժամանակ Սպահանի ամրոցում միայնակ ապրող, գրքերի և նկարների սիրահար սուլթան կար,— պատասխանեցի ես՝ մի պատմություն անելով։― Ուժեղ, խելացի, բայց դաժան սուլթան էր։ Իր պատվիրած գրքերից և աղջկանից բացի ոչ ոքի չէր սիրում։ Այնքան էր սիրում աղջկան, որ այն թշնամիները, ովքեր լուրեր էին տարածում, թե նա աղջկան է սիրահարվել, հավանաբար չէին սխալվում։ Որովհետև այնքան հպարտ էր և խանդոտ, որ երբ հարևան արքայազնները, շահերը դեսպաններ էին ուղարկում ու խնդրում դստեր ձեռքը, ցանկանում էր նրան պատերազմ հայտարարել։ Իհարկե, դստերն արժանի ոչ մի ամուսին չէր կարող գտնել և նրան թաքցնում էր քառասուն կողպեքով կողպված քառասուն սենյակների ետևում։ Որովհետև ինչպես ընդունված էր հավատալ Սպահանում, նրա դստեր գեղեցկությունը տեսնողները չէին դիմանա։ Մի օր, երբ իր պատվիրած «Խոսրովն ու Շիրինն» էին կազմում, երբ Հերաթի ոճով նկարում էին, Սպահանում լուր տարածվեց․ էջերի մեջ բազմություն ցույց տվող մի նկարում երևացող գունատ գեղեցկուհին խանդոտ սուլթանի դուստրն է։ Ասեկոսեները լսելուց առաջ էլ այս խորհրդավոր նկարին կասկածող սուլթանն այս անգամ գողացող ձեռքերով գրքի էջերը բացելուն պես անմիջապես արտասվելով նկատեց, թե ինչպես է պատկերվել իր դստեր գեղեցկությունը։ Մարդիկ պնդում էին, որ սուլթանի քառասուն կողպեքի տակ փակվածը ոչ թե հենց ինքը աղջիկը, այլ նրա գեղեցկությունն է։ Ձանձրանալով, ուրվականի պես մի գիշեր սենյակից դուրս գալով, հայելիների մեջ արտացոլվելով, դռան տակից ու կողպեքների միջով անցնելով՝ մինչև գիշերն աշխատող նկարիչներից մեկին կարծես լույսի պես, անտեսանելի ծխի պես էր հասել։ Երիտասարդ ու վարպետ նկարիչը չէր դիմացել և այդ անզուգական գեղեցկությունը պատկերել էր նկարի մի անկյունում, որի վրա այդ պահին աշխատում էր։ Այդ նկարում պատկերված էր, թե ինչպես է Խոսրովը տեսնում Շիրինին մի զբոսանքի ժամանակ և սիրահարվում։
 
— Վարպետ, սա մեծ պատահականություն է,— ասաց Քարան։– Որովհետև մենք էլ ենք շատ սիրում այս լեգենդի այդ հատվածը։
 
— Սրանք լեգենդներ չեն, բոլորն իրական պատմություններ են,— ասացի ես։– Լսիր, մեր նկարիչը սուլթանի դստերը ոչ թե որպես գեղեցիկ Շիրին, այլ որպես Շիրնին՝ օգնող, ուդ նվագող և սեղան գցող ծառայող է նկարել։ Որովհետև այդ ընթացքում ծառային էր նկարում։ Այսպիսով, Շիրինի գեղեցկությունը ծառայի հիանալի գեղեցկության կողքին կորցնում է իր փայլը և խախտում նկարի ներդաշնակությունը։ Սուլթանը, նկարի մեջ տեսնելով իր աղջկան, ցանկանում է գտնել այդ տաղանդավոր նկարչին։ Բայց խորամանկ նկարիչը սուլթանի զայրույթից վախենալով՝ ծառայի և սուլթանի դստեր նկարը ոչ թե սեփական ոճով, այլ նոր ոճով է նկարում, որպեսզի ոչ ոք չճանաչի իր ձեռագիրը։ Որովհետև այդ նկարի վրա շատ ուրիշ նկարիչներ էլ էին աշխատել։
 
— Իսկ ինչպե՞ս է սուլթանը գտնում իր դստերը պատկերած նկարչին։
 
— Ականջներին է նայում։
 
— Ո՞ւմ ականջներին։ Աղջկա՞, թե՞ նրա նկարի ականջներին։
 
— Իրականում ոչ ոքի։ Սկզբում բացում է իր նկարիչների բոլոր գրքերը, էջերը, նկարները և նայում է ականջներին։ Տարիներ շարունակ իմացածը կրկին տեսնում է. ինչպիսի տաղանդ էլ որ ունենան, նկարիչներից յուրաքանչյուրը ականջները սեփական ոճով է նկարում։ Նրանց նկարած դեմքերը, լինի սուլթանի, երեխայի, ռազմիկի, անգամ մեր մարգարեի՝ վարագույրի ետևում պահված դեմքը կամ էլ սատանայի դեմքը, ոչ մի տարբերություն չի լինի։ Բոլոր նկարիչները բոլոր իրավիճակներում, բոլոր նկարներում ականջները սեփական ոճով են նկարում, ասես դա իրենց ստորագրությունը լինի։
 
— Ինչո՞ւ։
 
— Վարպետ նկարիչները դեմք նկարելիս կենտրոնանում են նրա վրա, որ դեմքը նմանվի մյուս դեմքերին, կամ չնմանվի, դեմքի գեղեցկությունը բնական լինի և նմանվի հին կաղապարներին։ Հետո, երբ հասնում են ականջներին, ոչ այլ նկարիչներից են գողանում, ոչ էլ կաղապարներն են կրկնօրինակում, ոչ էլ նայում են իսկական նկարներին։ Ականջ նկարելիս երբեք չեն մտածում, չեն կրկնօրինակում, իրենց արածի մասին երկար չեն մտածում, որովհետև այսպիսով կարող են անգամ փակ աչքերով նկարել։
 
— Բայց մեծ վարպետներն առանց այդ էլ բոլոր հրաշքները իսկական ձիերին, ծառերին, մարդկանց առանց նայելու, առանց անգիր անելու չե՞ն նկարել,— ասաց Քարան։
 
— Ճիշտ է,— ասացի ես։— Բայց դա տարիներ շարունակ մտածելով, զբաղվելով, ջանալով ձեռք բերվածն անգիր է։ Ամբողջ կյանքում բավականաչափ ձիերի նկարներ և ձի տեսնելու պատճառով իրենց առջև տեսած ամենակենդանի վերջին ձիու գլխի կատարյալ ձևը պատկերելը լավ գիտեն։ Ամբողջ կյանքում տասնյակ հազարավոր անգամ ձիու նկար անող վարպետ նկարչի մատիտն, ի վերջո, Աստծու ստեղծած ձիու պատկերին է մոտենում, և դա սեփական հոգուց ու փորձից ելնելով գիտեն։ Միանգամից պատկերված ձին տաղանդով, տառապանքով ու գիտելիքով է պատկերվում և Աստծու ստեղծած ձիուն մոտ է։ Բայց եթե ձեռքն առանց գիտելիքի, առանց մտածելու, թե ինչ է անում, սուլթանի աղջկա ականջին էլ առանց ուշադրություն դարձնելու է նկարում, ամեն ինչ միշտ թերի է ստացվում։ Թերությունն էլ բոլոր նկարիչների մոտ յուրովի է լինում։ Այսինքն՝ դա դառնում է նրանց ձեռագիրը։
 
Աղմուկ ու շարժում լսվեց։ Բոսթանջըբաշըի մարդիկ հին արվեստանոցի գրիչների և իմ նկարիչների տներից հավաքելով բերած էջերն էին թողնում։
 
— Իրականում, ականջն էլ մարդու թերությունն է,— ասացի ես՝ ցանկանալով, որ Քարան ժպտա։– Բոլորի ականջները տարբեր են և բոլորինն էլ նույնն է։ Շատ տգեղ է։
 
— Ականջների պատճառով իրեն մատնած նկարչի վերջն ինչպե՞ս եղավ։
 
Ուզում էի ասել՝ «նրան կուրացրին», բայց չասացի, որպեսզի Քարան ավելի չտխրի։
 
— Նա ամուսնացավ սուլթանի դստեր հետ,— ասացի ես։– Այդ օրից ի վեր նկարիչներին բացահայտելու համար օգտագործվող այս ոճը շատ արվեստանոցների տեր խաների, շահերի և սուլթանների մոտ ստացել է «ծառայի ոճ» անունը և պահվում է որպես գաղտնիք, որպեսզի նկարիչները նկարելով, մի փոքր պատկեր անելով, հետո ժխտեն, անմիջապես հասկանան, թե ով է մեղավորը։ Խորամանկությունն այն է, որ նկարի սրտում տեղ չգտած, ուշադրության չարժանացած և արագ նկարվող մանրամասներն անընդհատ կրկնվում են։ Ականջներ, ձեռքեր, խոտեր, տերևներ կամ էլ ձիերի բաշը կամ ոտքերը, անգամ եղունգները կարող են լինել։ Բայց ուշադիր եղիր, նկարիչը չպետք է իմանա, որ այս յուրահատկությունը դառնում է իր սեփական գաղտնի ոճը։ Օրինակ՝ բեղը չի կարող լինել, որովհետև շատ նկարիչներ բեղերն իրենց հատուկ ոճով նկարելիս հասկանում են և գիտեն, որ այն դառնում էնկարի բացահայտ ստորագրությունը։ Բայց հոնքերը կարող են լինել, որովհետև ոչ ոք դրանց ուշադրություն չի դարձնում։ Հիմա արի տեսնենք, թե ովքեր են այն նկարիչները, որ լուսահոգի Էնիշթեի նկարներին են դիպել իրենց վրձիններով ու մատիտներով։
 
Այսպիսով, այս երկու գրքերից մեկը գաղտնի էր, մյուսը՝ ոչ։ Երկուսի թեմաները տարբեր էին, տարբեր ոճերով էին նկարված։ Մեկը լուսահոգի Էնիշթեի և իմ հսկողության տակ նկարված, մեր արքայազնի թլպատման արարողությունը պատկերող գիրքն է։ «Սուրնամեի» էջերը կողք կողքի դրեցինք և իմ խոշորացույցով նայեցինք.
 
«Սուրնամեի» էջերում պատկերված էին սուլթանը, որ նստած էր միայն այս արարողություններին հետևելու համար կառուցած պալատում։ Նրա առջևում անցնում էր մորթեգործների խումբը։ Նախ ուշադրություն դարձրինք կարմիր հագուստով, մանուշակագույն գոտիով մի մորթեգործ վարպետի գրկի աղվեսի մորթու բաց բերանին։ Աղվեսի մեկ առ մեկ երևացող ատամները և Էնիշթեի՝ սատանայի նկարի, իմ կարծիքով՝ հեռավոր Սամարղանդից եկած կիսասատանա, կիսադև այդ չարաբաստիկ էակի ատամների հեղինակը նույն մարդն էր՝ Զեյթինը։
 
Թլպատման տոնի ամենաուրախ օրերին մեր սուլթանի՝ ձիարշավարանին նայող պատուհանի տակ ցնցոտիների մեջ մի խումբ աղքատ սահմանապահ վետերաններ էին կանգնել։ Նրանցից մեկն ասաց.
 
— Իմ տիրակա՛լ, մենք որպես քո հերոս զինվորներ անհավատների դեմ հանուն կրոնի պայքարելիս գերի ենք ընկել և միայն մեր մտերիմներին, եղբայրներին գերության մեջ թորխելով՝ նրանց փրկագինը վաստակելու համար ենք կարողացել ազատվել, բայց Ստամբուլ վերադառնալով տեսանք, որ ամեն ինչ այնքան է թանկացել, որ հիմա անհավատի ձեռքում պատանդ մտերիմների համար փրկագին չենք կարողանում հավաքել և քո օգնության կարիքն ենք զգում։ Մեզ կա՛մ ոսկի տուր, կա՛մ գերիներ, որ փոխանակենք մեր գերի եղբայրների հետ, փրկենք նրանց։
 
Ահա այդ ընթացքում մեր սուլթանին, մեր խեղճ աղքատ վետերաններին և հրապարակի իրանցի, թաթար դեսպաններին միակ աչքով հետևող, անկյունում նստած ծույլ շան ոտքի եղունգները, պարզ է, որ նույն մարդուն՝ Լեյլեքին էին պատկանում։
 
Մեր սուլթանի առաջ պտույտներ գործող, տախտակների վրա ձվով աճպարարություններ անողների միջև ճաղատ, մանուշակագույն անթևնոցով, մերկ սրունքներով մեկը անկյունում կարմիր գորգի վրա ծնկի եկած՝ իր դափը նվագելիս մատները պահում էր Էնիշթեի գրքի կարմիր նկարի մեջ ձեռքին սինի պահող կնոջ պես (Զեյթին)։
 
Մեր սուլթանի առջևով միմյանց հրելով անցնող, մի սայլի մեջ դրած վառարանի վրայի հսկայական կաթսայի մեջ մսով, սոխով կաղամբի տոլման եփվելիս անցնող գնորդների խումբը և կարմիր հողի միջի կապտավուն քարերը, որոնց վրա նրանք ոտք էին դնում, նույն ոճով էր նկարված, ինչ Էնիշթեի «Մահ» կոչված նկարը (Քելեբեք)։
 
Աշխարհի տիրակալ մեր սուլթանին գովաբանելով՝ Իրանի շահի ընկեր լինելը, մեր սուլթանի հանդեպ եղբայրությունից բացի այլ զգացմունք չտածելն անընդհատ հիշեցնող իրանցի դեսպանի շքեղ վարգաձին նախ ծնկի եկավ, հետո սկսեց վազել։ Այս զայրույթի և պարտության ընթացքում ձիարշավարանում բարձրացող փոշին մարելու համար ջրկիրներ եկան և դեսպանի վրա հարձակվելու պատրաստվող բազմության վրա կտավատի յուղ լցնելով՝ նրանց հանգստացնելու համար նրանց մեջքերին կաշվե պարկեր դնող մարդիկ բերեցին։ Ջրկիրների և կտավատի յուղով լի պարկերր կրող մարդկանց ոտքերն ու կարմիր նկարված էջում վազող զինվորների ոտքերը, կանգնելը միևնույն մարդուն էին պատկանում (Քելեբեք)։
 
Այս վերջին հայտնագործությունը, իմ ձեռքի խոշորացույցը աջ ու ձախ տանելով՝ մեկ այս, մեկ այն նկարի վրա դնելով՝ հետքեր փնտրելիս ոչ թե ես էի գտել, այլ տանջանքների վախից և տանը սպասող կնոջը հանդիպելու հույսով լայն բացված աչքերով գործին նվիրված Քարան։ Ծառայի ոճով, լուսահոգի փեսայից մնացած ինը նկարը և նրանց հպված մեր նկարիչների բացահայտումը, հետո էլ այս տեղեկությունները մեկնաբանելը մեզնից խլեց ամբողջ ցերեկը։ Քարայի լուսահոգի փեսայի գրքի ոչ մի էջ մի նկարչի վրձնին և տաղանդին չէին պատկանում, իմ վարպետ նկարիչներից երեքն էլ նկարների մեծ մասի հեղինակն էին։ Դա ցույց էր տալիս, որ նկարները տնից տուն են տեղափոխել, հաճախ են տեղափոխել։ Նկատելով, որ իմ ճանաչած նկարիչներից բացի նկարներին հինգերորդ անփորձ մեկն էլ է դիպել, մտածելով ստոր մարդասպանի անտաղանդության մասին՝ զայրանում էի, որ Քարան փեսայի զգուշավոր ձեռագրից ելնելով՝ բացահայտել էր նրան, և մենք փրկվել էինք սխալ հետքով գնալուց։ Մեր «Սուրնամեի» համար արած գրությունների գրեթե նույնը Էնիշթեի գրքի համար արած խեղճ Զարիֆ էֆեդուն էլ մի կողմ դնելով (այո, սիրտս իհարկե կոտրվում էր պատերին, տերևներին, ամպերին նրա մերթընդմերթ դիպած վրձնի հարվածները տեսնելիս)՝ ակնհայտ էր, որ իմ նկարիչների խմբից այս նկարներին միայն երեք ամենափայլուն վարպետներն են դիպել։
 
Նրանք աշակերտության տարիներից ի վեր սիրով մեծացրածս երեխաներն են, երեք սիրելի տաղանդներս՝ Զեյթին, Քելեբեք, Լեյլեք... Մեր փնտրածը գտնելուն օգնելու համար յուրաքանչյուրի տաղանդի, վարպետության և բնավորության մասին խոսելը ոչ միայն նրանց մասին, այլև իմ սեփական կյանքի մասին խոսել էր նշանակում.
 
 
'''ԶԵՅԹԻՆԻ ԿԵՂԾԱՆՈՒՆՆԵՐԸ'''
 
Իսկական անունը Վելիջան էր։ Չգիտեմ՝ իմ տված կեղծանունից բացի ուրիշ անուն ուներ, թե ոչ, որովհետև երբեք ոչ մի տեղ չէր ստորագրում։ Իր աշակերտության տարիներին երեքշաբթի առավոտյան ինձ ուղեկցում էր տնից։ Շատ հպարտ էր. ինքն էլ իրեն ստորագրելու համար փոքր էր համարում, բայց ցանկանում էր, որ դա տեսնեն և իմանան, իսկ դա նշանակում էր, որ ստորագրությունը չէր կարող թաքցնել։ Աստված չափից շատ էր տաղանդ շնորհել։ Գրությունից մինչև չափում անելը շատ լավ գիտեր, և ամենալավն ինքն էր անում։ Ծառ, կենդանի և մարդու դեմք նկարելու գործում իմ արվեստանոցի ամենափայլուն նկարիչը նա էր։ Վելիջանին կարծում եմ տասը տարեկանում հայրն էր Ստամբուլ բերել։ Վերջինիս սաֆավիդ շահի Թավրիզի արվեստանոցի հայտնի դիմանկարիչ Սիավուշն էր մեծացրել, իսկ նրանց տոհմը մոնղոլներից էր սերում։ Մոնղոլական-չինական ագդեցությունը կրող, Սամարղանդում, Բուխարայում և Հերաթում տեղավորված հարյուր հիսուն տարի առաջվա ծեր վարպետների նման երիտասարդ սիրահարներին չինացիների պես լուսադեմ էր նկարում։ Ո՛չ աշակերտության տարիներին, ո՛չ էլ վարպետության տարիներին այս ներամփոփ ամուր ընկույզին չկարողացա բացել։ Ցանկանում էի, որ հոգու խորքում թաքցրած մոնղոլ-չինական-հերաթյան վարպետների ոճից և օրինակներից դուրս գա, անգամ եթե հարկավոր է, ցանկանում էի, որ մոռանա դրանք։ Երբ դրա մասին ասացի նրան, արվեստանոց և երկիր փոխած շատ նկարիչների պես ասաց, որ միևնույն է՝ արդեն մոռացել է նրանց, որ իրականում չի էլ սովորել դրանք։ Շատ նկարիչներ իրենց հիշողության մեջ թաքցրած այդ հիանալի կաղապարների համար թանկ արժեն, բայց եթե Վելիջանը մոռանար, ավելի մեծ նկարիչ կդառնար։ Վարպետներից սովորածները հոգու խորքում անդառնալի մեղքի պես թաքցնելու մեջ երկու դրական կողմ կար, որոնց մասին ինքն էլ չգիտեր։
 
Այսպիսով, դա տաղանդավոր նկարչին մեղքի և օտարության զգացողություն է տալիս։
 
Հիշում է, որ մոռացել է միայն անելանելի իրավիճակներում և հին կաղապարներից մեկն օգտագործելով՝ նոր թեմա, նոր պատմություն, անսովոր խոսակցություն կարող է օգտագործել։
 
Քանի որ շատ լավ է տեսնում ամեն բան, հին կաղապարից, շահ Թահմասփի հին վարպետներից սովորած նոր նկարին պետք է ներդաշնակությամբ համապատասխանի։ Նրա ձեռքին Հերաթի նկարը և Ստամբուլի մանրանկարչությունը ներդաշնակությամբ միանում են իրար։
 
Ինչպես և բոլոր նկարիչներիս հետ եմ վարվել, մի անգամ առանց լուր տալու, գնացել էի նրա տուն։
 
Ես, ի տարբերություն շատ նկարիչների, մի անկյունում էի աշխատում, որտեղ ներկերը, վրձինները, խեցիները, գրքակալը, բոլորն իրար վրա թափված ու կեղտոտ էին։ Ինձ համար առեղծված էր, բայց նա այս վիճակից չէր էլ ամաչում։ Բացի այդ, ասում էին, որ մի քիչ ավելի շատ վաստակելու համար դրսում աշխատանք է անում։ Այդ մասին պատմելիս Քարան ասաց, որ իր լուսահոգի փեսայի եվրոպական ոճն ամենաշատը Զեյթինն էր սիրում, դրան հետևում։ Հասկանում էի, որ դա գովաբանություն էր լուսահոգի հիմարին։ Նաև այն, որ սխալ հետքի վրա էինք։ Հոր վարպետ Սիավուշին և նրա վարպետ Մուզաֆֆերի հերաթյան ոճին, Բեհզադի ապրած ժամանակաշրջանին և հին վարպետներին նմանվելը, գաղտնի նվիրվածությունն ինձ անընդհատ ստիպում է մտածել, որ Զեյթինն ինչ-որ գաղտնիք ունի։ Իմ նկարիչներից ամենալուռը, ամենաներամփոփը, ամենամեղավորը, ամենադավաճանողը, ամենախորամանկը (սա անկեղծ ասացի) նա էր։ Բոսթանջըբաշըի տանջանքի մասին խոսելիս առաջինը նրա մասին էի մտածում։ (Ե՛վ չէի ցանկանում, որ նրան տանջեն, և՛ ցանկանում էի)։ Ջինի պես աչքեր ունի, ամեն ինչ տեսնում է, նկատում է անգամ իմ թերությունները, բայց բոլոր կաղապարներին համապատասխանող մի անտուն մարդու զգուշավորությամբ բերանը բացելով՝ երբեմն ցույց էր տալիս մեր սխալները։ Խորամանկ է, այո, բայց իմ կարծիքով մարդասպան չէ։ (Դա էլ չասացի Քարային)։ Որովհետև ոչ մի բանի չի հավատում։ Փողին էլ չի հավատում և վախկոտի պես փող չի հավաքում։ Մինչդեռ բոլոր մարդասպանները, հակառակ բոլորի կարծիքներին, ոչ թե անհավատ, այլ հավատացյալ են լինում։ Մանրանկարչությունը դեպի նկարչություն, նկարչությունից էլ Աստծուն, թույլ տվեք ասել, ձեռնոց նետող դուռ է. բոլորը գիտեն դա։ Զեյթինն իսկապես նկարիչ էր, որովհետև անհավատ էր։ Այդպիսի տաղանդ Քելեբեքը, անգամ Լեյլեքը չունեն։ Կցանկանայի, որ Զեյթինը որդիս լիներ։ Այդ մասին ասելիս ցանկացա, որ Քարան խանդի Զեյթինին, բայց նա միայն սև աչքերը բացելով՝ երեխայական հետաքրքրությամբ նայեց։ Այդ ժամանակ Զեյթինի սև մատիտի ոճով աշխատանքները, թղթապանակների միջի միակ ռազմիկի, որսորդի նկարները, չինացիների պես արագիլներով, կռունկներով տեսարանով ծառի տակ նստած բանաստեղծություն կարդալով ուդ նվագող տղաներ նկարող ամենալեգենդար սիրահարների տխրությունը, թուրը ձեռքին զայրացած շահի զայրույթը, վիշապի հարձակումից փախչող հերոսի դեմքի վախը տեսնելով՝ ասացի, որ հիանալի է։
 
— Գուցե մեր սուլթանի դեմքի, կեցվածքի, եվրոպացիների պես մանրամասներով նկարած վերջին նկարը նրան էր պատվիրելու,— ասաց Քարան։
 
Ցանկանում էր ինձ շեղե՞լ։
 
— Եթե այդպես լիներ, Էնիշթեին սպանելուց հետո առանց այդ էլ հայտնի այս նկարը ինչո՞ւ պետք է Զեյթինը գողանար,— ասացի ես։– Կամ էլ այդ նկարը տեսնելու համար Էնիշթեին ինչո՞ւ պետք է սպաներ։
 
Մի պահ միասին մտածեցինք։
 
— Որովհետև այդ նկարում մի բան պակասում է,— ասաց Քարան։– Կամ էլ որովհետև ինչ-որ բանից վախեցել է և զղջացել։ Կամ էլ...
 
Մի քիչ մտածեց։
 
— Կամ էլ խեղճ փեսայիս սպանելուց հետո վնասելու, հուշ վերցնելու, անգամ առանց պատճառի մի բան անելու համար չէ՞ր կարող վերցնել։ Զեյթինը մեծ նկարիչ է, և իհարկե, գեղեցիկ նկարի հանդեպ հարգանք կտածի։
 
— Ասացինք, որ Զեյթինը մեծ նկարիչ է,— զայրանալով ասացի ես։— Բայց Էնիշթեի այս նկարներից ոչ մեկը գեղեցիկ չէ։
 
— Վերջինը չենք տեսել,— քաջությամբ ասաց Քարան։
 
 
'''ՔԵԼԵԲԵՔԻ ԿԵՂԾԱՆՈՒՆՆԵՐԸ'''
 
Նրան գիտեն որպես բարութհանեցի Հասան Չելեբի, բայց ինձ համար միշտ Քելեբեք է եղել։ Այս անունն ինձ և՛ նրա գեղեցիկ մանկությունը, և՛ երիտասարդությունն է հիշեցնում։ Այնքան գեղեցիկ է, որ նայողները նրան տեսնելով՝ չեն հավատում և նորից են նայում։ Ամեն անգամ ինձ զարմացնող հրաշք, որքան գեղեցիկ է, այնքան էլ տաղանդավոր է։ Գույնի վարպետ է, դա նրա ամենաուժեղ կողմն է. կարծես գույն քսելու հաճույքից գլխապտույտով, հարբելով է նկարում։ Բայց Քարային նաև ասացի, որ անկայուն է, աննպատակ և անորոշ։ Արդար լինելու համար էլ ավելացրի․ սրտով նկարող իրական նկարիչ է նա։ Եթե նկարչությունը խելքի համար, մեր ներսի կենդանուն ձայն տալու համար կամ էլ սուլթանին սիրաշահելու համար չէ, այլ աչքի երջանկության համար, ուրեմն Քելեբեքն իսկական նկարիչ է։ Քառասուն տարի առաջ Քազվինի վարպետներից դաս առածի պես լայն, հանգիստ, երջանիկ, կլոր գծեր է գծում, փայլուն, անխառն գույները խիզախորեն տարածում է, և նկարի թաքուն կարգի մեջ միշտ շքեղ կլորություն կա, բայց ես եմ նրան մեծացրել, ոչ թե վաղուց փոշիացած այդ քազվինցի վարպետները։ Գուցե այդ պատճառով, նրան որդուս պես և որդուցս ավելի եմ սիրում, բայց նրանով չեմ հիանում։ Սանկության և վաղ պատանեկության տարիներին բոլոր աշակերտներիս պես մատիտի պոչով, քանոնով, անգամ փայտով նրան շատ եմ ծեծել, բայց դա չի նշանակում, որ չեմ հարգում։ Որովհետև Լեյլեքին էլ քանոններով շատ եմ ծեծել, բայց նրա հարգում եմ։ Վարպետի ծեծը, երիտասարդ աշակերտի տաղանդի ջիները և սատանային որպես այդպիսին չընդունելը ժամանակավորապես խոչընդոտի են հանդիպում։ Եթե նրանք արժանացել են այդ ծեծին, ջիները և սատանան ավելի ուշ ստիպել են նրանց հաղթահարել նկարչի աշխատանքի ճանապարհին հանդիպած խոչրնդոտները։ Իսկ Քելեբեքին ծեծելը նրան երջանիկ ու հնազանդ նկարիչ էին դարձրել։
 
Կրկին Քարայի մոտ նրան գովաբանելու կարիք զգացի։
 
— Քելեբեքի նկարչությունը,— ասացի ես,— լավ ապացույց է այն բանի, որ բանաստեղծության երջանկությունը հնարավոր կլինի միայն Աստծու պարգևած նկարի տաղանդի միջոցով։ Երբ դա հասկացա, հասկացա նաև, թե ինչն է պակասում Քելեբեքին. Ջամիի բանաստեղծության մեջ «հոգու մութ գիշերը» կոչվող այդ անհավատության պահը նրա մոտ չկա։ Դրախտում երջանկություն պատկերած նկարչի պես, հավատով ու երջանկությամբ, երջանիկ նկարի հանդեպ հավատով է սկսում աշխատել, և իսկապես իրականություն է դարձնում այդ երջանիկ նկարը։ Մեր բանակի՝ Դոպպիո ամրոցը շրջապատելը, հունգարացի դեսպանի՝ մեր սուլթանի ոտքը համբուրելը, մեր մարգարեի՝ ձիով յոթերորդ երկինք բարձրանալը, սրանք, իհարկե, ինքնին երջանիկ իրադարձություններ են, բայց Քելեբեքի էջերից թև առած դուրս գալով՝ իսկական տոնի վերածվեցին։ Իմ արած մի նկարում մահվան մթությունը կամ էլ պալատական ժողովի լրջությունը եթե չափից շատ է զգացվում, ես Քելեբեքին ասում եմ՝ նկարիր այնպես, ինչպես ուզում ես, և այսպիսով նրա վրա ասես սառը հող է լցվում, լուռ անշարժացած քողերը, տերևները, դրոշները, ծովերը քամուց անմիջապես ծածանվում են։ Երբեմն երբ տեսնում եմ Աստծու աշխարհը Քելեբեքի նկարներում, մտածում եմ, որ նա հրամայել է, որ կյանքը տոն դառնա։ Սա մի աշխարհ է, որտեղ գույները ներդաշնակորեն միմյանց կատարյալ բանաստեղծություններ են կարդում, ուր ժամանակր կանգ է առնում, ուր սատանան երբեք չի գալիս։
 
Բայց անգամ Քելեբեքը գիտի, որ սա թերի է։ Ինչ-որ մեկը նրան, այո, իրավացիորեն, շշնջացել է, որ նա իր նկարներում ամեն ինչ նկարել է տոն օրերի պես երջանիկ, բայց խորությունից զուրկ։ Նրա նկարները սիրում էին մանկահասակ արքայազնները և մահվան շեմին խելքը թռցրած հարեմի կանայք, ոչ թե կյանքի մարդիկ, ովքեր ստիպված են վատ բաների հետ գործ ունենալ։ Քանզի շատ լավ գիտեր, որ իր մասին այսպես են խոսում, խեղճ Քելեբեքը երբեմն մտածելով, որ միայն սատանաներ ու ջիներ ունի, իրենից պակաս տաղանդավոր և անտաղանդ նկարիչներին էր խանդում։ Մինչդեռ այն, ինչ նա սատանայություն էր համարում, հաճախ պարզապես վատություն է ու նախանձ։
 
Զայրանում էի նրա վրա, երբ նկարելիս այդ հիանալի աշխարհի մեջ կորչելով՝ երջանիկ չէր լինում, բայց երազում էր, որ նկարներն ուրիշներին դուր կգան, և դրանով երջանկանում էր։ Անգամ զայրանում էի, որ մտածում էի նրա վաստակած գումարի մասին։
 
Ճակատագրի հեգնանք է. նրանից ավելի անտաղանդ նկարիչներ կան, որ նկարելիս ավելի շատ են նվիրվում իրենց արվեստին։
 
Այս թերությունները վերացնելու պահանջը Քելեբեքին սեփական նկարչությանը նվիրվելու խնդրի առաջ էր կանգնեցրել։
 
Եղունգի, բրձնի հատիկի վրա անզեն աչքով գրեթե անտեսանելի նկարներ անող հիմար նկարիչների պես փոքրիկ, նուրբ աշխատանքների հանդեպ հետաքրքրություն ուներ։ Մի անգամ հարցրի նրան՝ արդյոք շատ նկարիչների վաղ տարիքում կուրացնող չարությա՞ն, Աստծու՝ իրեն չափից դուրս պարգևած տաղանդից ամաչելու պատճառո՞վ է իրեն այսպես պահում։ Բրնձի հատիկի վրա ծառի բոլոր տերևները մեկ առ մեկ նկարելը հատուկ է անտաղանդ նկարիչներին, ովքեր հեշտությամբ հայտնի դառնալու և հաստագլուխ տերերին սիրաշահելու համար են անում միայն։
 
Մանրանկարչությունն ու նկարչությունը ոչ թե սեփական աչքի, այլ ուրիշների համար անելը, այս անհաղթահարելի՝ մյուսներին դուր գալու ցանկությունր Քելեբեքին բոլորից շատ էր հաճոյախոսությունների գերի դարձրել։ Վախկոտ Քելեբեքն այդ պատճառով իրեն ապահովելու համար կցանկանա նաև գլխավոր նկարիչ դառնալ։ Այս թեման Քարան բացեց։
 
— Այո՛,— ասացի ես,— գիտեմ, որ մահից հետո իմ տեղը գրավելու համար խորամանկությունների է դիմել։
 
— Այդ պատճառով կարո՞ղ է սպանել նկարիչ եղբայրներին։
 
— Այո, որովհետև մեծ վարպետ է, բայց չգիտի և նկարելիս էլ չի մոռանում աշխարհի մասին։
 
Այդ մասին ասելուն պես իրականում հասկացա, որ ցանկանում եմ Քելեբեքին ինձնից հետո տեսնել որպես արվեստանոցի գլխավոր նկարիչ։ Զեյթինին չեմ կարողանում վստահել ինչ վերաբերում է Լեյլեքին, ակամա հավատում եմ, որ դառնալու է, ի վերջո, եվրոպական ոճի գործիք։ Քանզի կարծում եմ, որ նա կարող է ձեռք բարձրացնել մարդկանց վրա, Քելեբեքի՝ սիրվելու ցանկությունը, որն ինձ տխրեցնում է, արվեստանոց և սուլթանին միևնույն ժամանակ կառավարելու համար բավական է։ Եվրոպացիների կարդինալները, կամուրջները, նավերը, մոմակալները, եկեղեցիներն ու ախոռները, եզներն ու անիվները, բոլորն ասես իմ առաջ են, անգամ նրանց ստվերները, բոլոր մանրամասներով նկարելով՝ ոչ թե նկարի, այլ իրականության պես ցույց տալով՝ նայողին խաբելու տաղանդին միայն Քելեբեքի զգացմունքայնությունը և գույնի հավատը կարող են հակադարձել։
 
— Ինչպես արել եք մյուս նկարիչների հետ, նրա տուն էլ առանց լուր տալու գնացե՞լ եք։
 
— Քելեբեքի նկարներին նայողը հասկանում է, որ նա անկեղծ սիրել և տխրել գիտի, գիտի սիրո արժեքր և զգում է այն։ Բայց գույնը սիրող բոլորի պես, նրանց հաճույքը տատանվում է և արագ փոխվում։
 
Աստծու պարգևած հրաշալի տաղանդը և գույնի զգացողությունը շատ սիրելուս համար երիտասարդ տարիքում շատ էի նման նրան, լավ գիտեմ։ Իհարկե, նման իրավիճակներում այլ նկարիչներ անմիջապես նախանձում են, և վարպետ-աշակերտ հարաբերությունները թունավորվում են, բարդանում։ Քելեբեքը շատ է ունեցել այնպիսի սիրային պահեր, երբ չի մտածել, թե ուրիշներն ինչ են մտածում։ Վերջերս ամուսնացավ թաղի նպարավաճառի գեղեցիկ դստեր հետ, բայց ժամանակ չեմ ունեցել նրան այցելելու, բացի այդ, ցանկություն էլ չեմ ունեցել։
 
— Էրզրումցի հոջայի կողմնակիցների հետ է ընկերություն անում, ասում են,— ասաց Քարան։– Ասում են, որ եթե խոհարարից մինչև աճպարար, թարիքաթի ժողովրդից մինչև թեթևաբարոներ, քաբաբ անողներից մինչև երկաթագործներ, բոլորի անցողիկ նկարները ցույց տվող մեր սուրնամեները, պատերազմները, զենքերը, արյունոտ և սովորական պահերը ներկայացվեն, մեր հրովարտակները, էրզրումցի հոջայի հետևորդները կպակասեն և կրոնին անհամապատասխան համարվելով՝ կարգելվեն, և հին իրանյան վարպետների գրքերին ու կաղապարներին եթե վերադառնանք, Քելեբեքն այս գործից շահ կունենա։
 
— Թեմուրի ժամանակից մնացած այղ հիանալի նկարներին տաղանդով ու հաղթանակով էլ եթե վերադառնանք, ինձնից հետո ամենախելացի նկարչի՝ Լեյլեքի վարած կյանքի և մասնագիտության մանրամասների մասին եթե խոսենք, ամեն ինչ, ի վերջո, կմոռացվի,— ասացի ես դաժանորեն։– Որովհետև բոլորը կցանկանան եվրոպացիների պես նկարել։
 
Հավատո՞ւմ էի այս դաժան խոսքերին։
 
— Փեսաս էլ էր այդպես ասում,— ցածրաձայն ասաց Քարան։— Բայց նա դրական էր տրամադրված։
 
 
'''ԼԵՅԼԵՔԻ ԿԵՂԾԱՆՈՒՆՆԵՐԸ'''
 
Նկարիչ Մեղավոր Մուսթաֆա Չելեբի անունով ստորագրելն եմ տեսել։ Որովհետև՝ ես ոճ ունեմ, թե չէ, պետք է ունենամ, թե չէ, եթե ունեմ, արդյոք պետք է ստորագրեմ, հին վարպետների պես պետք է թաքցնեմ, թե ոչ, համեստ ստորագրություն պետք է ունենամ, թե չէ. այսպիսի խնդիրների մասին չմտածելով՝ ժպտալով ու դեմքի հաղթանակած արտահայտությամբ էր ստորագրում։
 
Իմ բացած ճանապարհով քաջությամբ անցավ և պատկերեց այն, ինչ նախկինում ոչ ոք չէր տեսել։ Ապակեգործ վարպետների վառարաններում հալեցրած նյութը, կապույտ կժերը և կանաչ շշերը պատրաստելու համար պտտեցնելով վրան փչելը, կոշիկների և երկարաճիտ կոշիկների վրա ամբողջ ուշադրությամբ սևեռված կոշկագործների կաշին, ասեղները, կաղապարները, տոնի ժամանակ ձիով ճոճանակի՝ նրբորեն աղեղ գծելը, սերմը ճզմող ճնշիչի տակից յուղի դուրս գալը, թշնամի թնդանոթների պայթյունը, մեր հրացանների փողերը, ձգանները, պտուտակները տեսնելով՝ չասաց, որ Թեմուրի ժամանակների հին վարպետները, Թավրիզի, Քազվինի լեգենդար նկարիչները չեն բարեհաճել սա նկարել, այլ ինքը գործի անցնելով՝ նկարեց։ Իր նկարելիք սեֆերնամեն պատրաստելու համար պատերազմ գնացած, թշնամական ամրոցներին, թնդանոթներին, բանակներին, արնահոսող վերքերով ձիերին, հոգին ավանդողներին ու դիակներին՝ նկարելու համար ախորժակով նայած, ողջ և առողջ վերադարձած առաջին մուսուլման նկարիչն էր։
 
Նրան ճանաչում եմ ավելի շատ թեմայից, քան ոճից, ավելի ճիշտ՝ այն մանրամասներից, որոնց վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձրել։ Էջի ձևավորումից, ամենափոքր մանրամասներից կարող եմ հանգիստ ասել, որ նկարը նրանն է։ Այդ պատճառով իրականում ինձնից հետո գլխավոր նկարիչ դառնալը նրա իրավունքն է։ Բայց այնքան չար և ինքնասիրահարված, այլ նկարիչների հանդեպ այնքան մեծամիտ է, որ շատ նկարիչների չի կարող ղեկավարել, բոլորին կվանի։ Իրականում կարծում է, որ անհավատալի աշխատասիրությամբ մեր արվեստանոցի բոլոր նկարները պետք է ինքն անի։ Եթե ցանկանա, կանի։ Մեծ վարպետ է, գիտի իր գործը։ Սիրում է իրեն։ Որքա՜ն երջանիկ է։
 
Երբ առանց լուր տալու գնացի նրա տուն, տեսա, որ աշխատում է. մեր սուլթանի, ինձ համար արած նկարները, մեզ ստորացնելու ցանկություն ունեցող հիմար եվրոպացի զբոսաշրջիկների աղքատիկ գրքերի համար ջանադիր նկարած քըյաֆեթնամեների էջերը, իրեն աշխարհի կենտրոնը համարող մի փաշայի համար նկարած, երեք նկարից կազմված էջերից մեկը, անգամ թղթապանակների համար, իր հաճույքի համար արած նկարները... Բոլորը, ներառյալ զուգավորման անշնորհք նկարը, գրքերի տախտակների, փոքրիկ դարակների, բարձերի վրա էին և մեղվի պես աշխատող երկարահասակ, նուրբ Լեյլեքս մի նկարից մյուսն էր վազում, թյուրքուներ էր երգում, ներկերը խառնող աշակերտի մոտից մկրատ էր վերցնում, նկարին կատակ խառնելով՝ մեզ ցույց տալով՝ ինքն իրեն զարմացած ծիծաղում էր։ Ի տարբերություն մյուս նկարիչների՝ իմ գալու համար հարգանքի ծեսեր չարեց, ընդհակառակը՝ Աստծու տված տաղանդով, աշխատասիրությամբ և ձեռք բերած ընդունակությամբ միևնույն ժամանակ յոթ-ութ նկարչի գործ էր անում։ Հիմա էլ գաղտնի մտածում եմ, որ եթե ստոր մարդասպանն իմ երեք նկարիչներից մեկն է, Աստված տա, Լեյլեքը լինի։ Աշակերտության տարիներին ուրբաթ առավոտյան իմ դռան մոտ Քելեբեքին տեսնելիս արդեն առաջվա պես չէի կարողանում ուրախանալ։ Ցանկացած տարօրինակ դետալի, առանց որևէ տրամաբանության (աչքով տեսանելիից բացի) նույն հարգանքը ցույց տալու համար նկարի ոճը նման էր եվրոպական վարպետներին։ Բայց ի տարբերություն եվրոպացի նկարիչների՝ իմ զայրացած Լեյլեքը մարդկանց դեմքերը ոչ որպես յուրահատուկ և միմյանցից տարբերվող բաներ էր տեսնում, ոչ էլ նկարում։ Կարծում եմ՝ բոլորին բացահայտ կամ գաղտնի ստորացնելու համար մարդկանց դեմքերի վրա ուշադրություն չէր դարձնում։ Լուսահոգի Էնիշթեն մեր սուլթանի դիմանկարը նրան չէր պատվիրել։
 
Անգամ ամենալուրջ թեմայով նկարելիս մի անկյունում թեմայի հետ կապ չունեցող, կասկածելի շուն էր նկարում կամ էլ մի հարուստ և շքեղ տոն պատկերելիս մի անկյունում տառապած, խեղճ մուրացկան էր նկարում։ Իր նկարով, թեմայով կամ իրեն ծաղրելու չափ վստահ էր իր ուժերին։
 
— Զարիֆ էֆենդու՝ ջրհորը գցելով սպանվելը նման է Հովսեփի՝ նախանձող եղբայրների ձեռքով ջրհոր նետվելուն,— ասաց Քարան։— Փեսայիս սպանությունն էլ նման է Խոսրովի՝ երիտասարդ կին Շիրինին սիրահարված որդու կողմից հանկարծակի սպանվելուն։ Լեյլեքի՝ պատերազմ և արյունոտ սպանություն նկարելը սիրելու մասին բոլորն են ասում։
 
— Այն, որ փորձում եմ գուշակել իմ նկարիչների նկարների թեման, նշանակում է, որ ոչ ինձ, ոչ էլ նրանց չեմ հասկանում։ Մեզ մատնողը մեզ ուրիշների պատվիրած թեմաները չեն։ Այդ թեմաներն առանց այդ էլ միշտ նույնն են։ Խնդիրը նրանց մոտենալիս նկարի հանդեպ զգացած մեր գաղտնի զգացմունքայնությունն է։ Նկարի միջից կարծես լույս է ճառագում, մարդկանց, ձիերի, ծառերի, էջի ձևավորմամբ զգացվող հետաքրքրություն կամ զայրույթ, նոճիների՝ դեպի երկինք ձգվելիս ունեցած ցանկությունն ու տխրությունը, պատերի ճենապակու՝ կուրացնող կրքով աշխատելիս էջերին փոխանցած ապավինության և համբերության զգացմունքը... Սրանք են մեր գաղտնի նշանները, կարծես մեկը մյուսին կրկնող ձիեր չեն։ Մի ձիու զայրույթը և արագությունր պատկերելիս նկարիչը չի նկարում սեփական զայրույթը և արագությունը, ամենակատարյալ ձիուն նկարել փորձելիս աշխարհի հարստությանը և նրան ստեղծողի հանդեպ զգացած սերը, ապրելու, սիրո գույներն է ցույց տալիս, այդքանը։
 
 
 
== 42. Իմ անունը Քարա է ==
 
Մեծ վարպետ Օսմանի հետ մեր առջև դրված՝ լիովին ավարտված, խունացած, կիսատ մնացած գրքերի էջերին նայելով, ամբողջ ցերեկը վարպետ նկարիչների և փեսայիս գրքի էջերի մասին խոսելով ու դրանք չափելու համար օգտագործած քանոնները ձեռքներիս անցկացրինք։ Էջերը հավաքել էին նկարիչների և գրիչների տուն ներխուժելով (որոշ ցուցատախտակներ մեր երկու գրքերի հետ կապ չունեին, իսկ որոշ էջեր վկայում էին, որ գրիչները մի քիչ գումար աշխատելու համար պալատից դուրս գաղտնի խղճուկ գործերով են զբաղվել)։ Կարծում էինք՝ այդ էջերը հավաքող Բոսթանջըբաշըի հարգալից, բայց կոպիտ մարդիկ գնացել են, բայց նրանցից մեկը՝ ամենաինքնավստահը, մեծ վարպետին մոտենալով՝ գոտու միջից մի թուղթ հանեց։ Մի պահ կարծելով, թե որդուն որպես աշակերտ բերել ցանկացող հոր՝ խմբապետերին, աղաներին տարբեր ճանապարհներով հասցրած խնդրագրերից մեկն է, ուշադրություն չդարձրի։ Դրսից եկող թույլ լույսից հասկացա, որ առավոտվա արևը կորել է։ Աչքերս հանգստացնելու համար, ինչպես Շիրազի հին վարպետներն են երիտասարդ տարիքում անում չկուրանալու համար, առանց մի կետի նայելու՝ փորձում էի պարզապես հեռուն նայել։ Երբ վարպետս ձեռքի նամակին զարմանքով նայեց, այդ պահին ճանաչեցի թղթի հաճելի գույնը, ինձ հուզող ծալվածքը։ Շեքուրեի՝ Էսթերի միջոցով ինձ ուղարկած նամակներին էր նման։ «Ինչպիսի պատահականություն»՝ քիչ էր մնում ասեի հիմարի պես։ Բացի այդ, Շեքուրեի՝ ինձ ուղարկած առաջին նամակի պես մի անկյունում կոշտ թղթի վրա արված նկար կար։ Վարպետ Օսմանը նկարած թուղթը վերցրեց։ Այդ պահին ամոթով հասկացա, որ ինձ մեկնած նամակը Շեքուրեից է։
 
«Քարա՛ բեյ, Էսթերին լուսահոգի Զարիֆ էֆենդու այրու՝ Քալբիյեի մոտ ուղարկեցի, որպեսզի նրան հարցուփորձ անի։ Այնտեղ այս թուղթն է ցույց տվել նրան, որի վրա պատկերներ կան։ Հետո ես գնացի նրա տուն, ամեն ինչ արեցի, խնդրեցի, աղաչեցի, կարողացա այս թուղթը նրա ձեռքից վերցնել՝ մտածելով, որ օգտակար կլինի։ Այս թուղթը խեղճ Զարիֆ էֆենդու՝ ջրհորից դուրս բերած դիակի վրա է եղել։ Քալբիյեն երդվում է, որ լուսահոգի ամուսնուն ոչ ոք չի պատվիրել ձի նկարել։ Բոսթանջըբաշըի մարդիկ նրա տունը խուզարկել են։ Սա ուղարկում եմ, որովհետև այս ձիու խնդիրը լուրջ է։ Երեխաները համբուրում են ձեռքդ։ Քո կին՝ Շեքուրե»։
 
Գեղեցիկ նամակի վերջին երկու բառը երկու անգամ էլ կարդացի այնպիսի հարգանքով, ասես ուշադրությամբ պարտեզի երկու հիանալի կարմիր վարդի էի նայում։ Հետո տեսնելով, որ վարպետ Օսմանը խոշորացույցով ուշադիր նայում է թղթին, ես էլ մոտեցա։ Թանաքի գույնը թափված, հին վարպետների ոճով վարժվելու համար մի քայլով նկարված ձիեր տեսա։
 
Շեքուրեի նամակն անձայն կարդացող վարպետ Օսմանը բարձրաձայն հարցրեց.
 
— Սա ո՞վ էնկարել։
 
— Իհարկե, լուսահոգի Էնիշթեի ձին նկարած նկարիչը,— ինքն իրեն պատասխանեց հետո։
 
Այդքան վստա՞հ էր։ Բացի այդ, անգամ վստահ չէինք, թե գրքի ձիու նկարի հեղինակն ով է։ Ինը էջից ձիու նկարը վերցնելով՝ սկսեցինք ուշադիր նայել։ Գեղեցիկ, պարզ և կարմիր մարմնով, մուգ ոտքերով ձի էր, որին մարդ անընդհատ ցանկանում էր նայել։ Արդյոք ճի՞շտ եմ ասում, թե մարդ անընդհատ ուզում էր նայել։ Փեսայիս հետ ու հետո միայնակ այս նկարները նայելիս էլ այս ձիուն նայելու համար շատ ժամանակ էի ունեցել, բայց երկար չէի ուսումնասիրել։ Գեղեցիկ, բայց սովորական ձի էր. այնքան սովորական, որ չհասկացանք, թե ում վրձնին է պատկանում։ Ոչ թե արմավագույն, այլ շագանակագույն կոչվող ձիերից էր։ Երևում է, որ այլ կարմիր գույն էլ կար։ Ուրիշ գրքերում ու նկարներում այնքան շատ էի այդպիսի ձի տեսել, որ հասկանալի էր՝ նկարիչն առանց մտածելու, հիշելով է նկարել։ Այսպես նայեցինք ձիուն՝ մինչև հասկացանք, որ այն գաղտնիք ունի։ Իսկ հիմա ձիու մեջ աչքիս առաջ գոլորշու պես դողացող գեղեցկություն և ապրելու, սովորելու, ամեն բան հասկանալու ոգևորություն արթնացնող ուժ էի տեսնում։
 
— Այս ձիուն Աստծու տեսածի պես նկարող հրաշագործ ձեռքերով նկարիչն ո՞վ է,— հարցնում էի ինքս ինձ՝ մի պահ մոռանալով, որ նա խղճուկ մարդասպան է։
 
Ձին կարծես իրական ձիու պես իմ առջև էր, բայց մյուս կողմից էլ գիտեի, որ դա նկար է, և այս երկու մտքից կախարդվելն իմ մեջ ամբողջության, կատարելության զգացողություն էր արթնացնում։
 
Մի շրջան վարժվելու համար օգտագործած, թղթի վրա տարածված թանաքով ձիերին, իմ փեսայի գրքի համար արված ձիու հետ համեմատեցինք և անմիջապես հասկացանք, որ նույն նկարչին են պատկանում, ձիերի կեցվածքը ոչ թե շարժում, այլ խաղաղություն էր հիշեցնում, նրանք հպարտ էին, ուժեղ և նրբակազմ։ Էնիշթեի գրքի ձիու նկարով հիացա։
 
— Այս ձին այնքան գեղեցիկ է,— ասացի ես,— որ մարդ ցանկանում է անմիջապես թուղթ վերցնել, այսպիսի ձի նկարել, հետո մնացած ամեն ինչը նկարել։
 
― Նկարչին արվող լավագույն հաճոյախոսությունը դա է. ասել, որ նրա նկարները մեր մեջ էլ են նկարելու ցանկություն առաջացնում,— ասաց վարպետ Օսմանը։– Բայց հիմա մենք ոչ թե այս չարագործի տաղանդին, այլ ինքնությանը պետք է նայենք։ Լուսահոգի Էնիշթե էֆենդին քեզ ասե՞լ է, թե այս ձին ո՞ր պատմությունից է։
 
— Չի ասել։ Սա ըստ նրա՝ մեր հզոր սուլթանի՝ ամբողջ երկրում ապրող ձիերից մեկն է։ Գեղեցիկ ձի. Ալիս Օսմանի ձին, Վենետիկի դոժին մեր սուլթանի տիրած երկրները, հարստությունը ցույց տվող նշան։ Բայց մյուս կողմից՝ եվրոպացի վարպետների նկարած ամեն ինչի պես այս ձին էլ Աստծու տեսած ձիուց կենդանի է, Ստամբուլում է ապրել, նա պետք է որ ախոռ, ձիապան, մեկ այլ ձի ունեցած լինի։ Վենետիկի դոժը, ելնելով նրանից, որ նկարիչները սկսել են մեզ պես տեսնել և նկարել, թող ասի, որ օսմանցին սկսել է իրենց նմանվել, մեր սուլթանի ուժն ու ընկերությունն ընդունի։ Որովհետև երբ մարդ ձիուն սկսում է ուրիշ կերպ նկարել, ամբողջ աշխարհն էլ սկսում է այլ կերպ տեսնել։ Բայց չնայած տարօրինակությանը՝ այս ձին հին վարպետների ոճով է նկարված։
 
Ձին, որի մասին այսքան կարելի է խոսել, իմ աչքում ավելի գրավիչ և արժեքավոր երևաց։ Բերանը մի քիչ բաց էր, և ատամների արանքից երևում էր լեզուն։ Աչքերը փայլում էին։ Ոտքերը ուժեղ էին և գեղեցիկ։ Նկարը լեգենդ դարձնողը հենց ինքը նկա՞րն էր, թե՞ այն, ինչ խոսում են նրա մասին։ Վարպետ Օսմանը խոշորացույցով դանդաղնայում էր ձիու նկարը։
 
— Ի՞նչ է ուզում ասել այս ձին,— անկեղծ հարցրի ես։— Ինչո՞ւ կա այս ձին։ Ինչո՞ւ այս ձին։ Ի՞նչ է այս ձին։ Ինչո՞ւ է այս ձին ինձ ոգևորում։
 
— Գրքասեր սուլթանները, շահերը, փաշաները իրենց պատվիրած գրքերի պես՝ նկարներն էլ, ուժերը և իշխանությունն էլ են զգում, նկարվող ոսկե նախշերի, նկարչի ներդրած ջանքերի և աչքի լույսի առատությամբ սեփական հարստությունն ապացուցելու համար են գեղեցիկ համարում,— ասաց վարպետ Օսմանը։– Նկարի գեղեցկությունը կարևոր է, ինչպես նկարի մեջ օգտագործվող ոսկին, որպեսզի հնարավոր լինի ապացուցել նկարչի տաղանդի եզակիությունը և արժեքը։ Իսկ նկարին նայողը, գիրքը փորփրող այլ մարդիկ նկարի մեջ գեղեցկություն, իմաստ և նրբություն են տեսնում։ Այս ձիու մեջ ձիուց բացի մարդասպանի հետքը, չարագործի նշանը գտնելն, իհարկե, բարձրացնում է նկարի արժեքը։ Բացի այդ, ոչ թե նկարը, այլ նրա նկարած ձին գեղեցիկ համարելն է կարևոր։ Ձիու նկարին նայելը ոչ թե նկարին նայելու է նման, այլձիուն։
 
— Եթե ձիուն նայեիք, ի՞նչ կտեսնեիք այս նկարում։
 
— Այս ձիու մեծությանը նայելով՝ կհասկանայի, որ պոնի չէ, երկար ու ձիգ վզին նայելով՝ կասեի, որ լավ վարգաձի է, ուղիղ մեջքին նայելով՝ կարող եմ ասել, որ երկար ուղևորությունների համար շատ հարմար է։ Բարակ ոտքերը ցույց են տալիս, որ արաբական ձիու պես ճկուն ու հմուտ է, նշանակում է, բայց արաբական ձի չէ, որովհետև մարմինը երկար է և խոշոր։ Ոտքերի բարակությունր Բուխարայի գիտնական Ֆադլանի «Բայթարնամեի» ձիերի համար ասածի պես՝ մեր ձիու առջևով եթե գետ անցնի, հանգիստ կցատկի վրայով, չի վախենա ու ծառս չի լինի։ Մեր պալատի անասնաբույժ Բույուզիի գեղեցիկ թարգմանած այդ «Բայթարնամեում» սովորական ձիու համար ասված այնպիսի գեղեցիկ խոսքեր կան, որոնք անգիր եմ արել, այդ խոսքերից յուրաքանչյուրը մեր առաջ կանգնած այս ձիու համար էլ կարող եմ ասել, ձիերից ամենալավը գեղեցիկ դեմքով, եղնիկի աչքերով, եղեգի պես ականջներով ու լայն ճակատով է. լավ ձին՝ փոքր ատամներով, կլոր ճակատով, չոր հոնքերով, երկարահասակ, երկար բաշով, կարճ գոտկատեղով, փոքրիկ քթով, փոքր ուսերով, ուղիղ մեջքով, լայն լանջով, երկարահասակ, լայն կրծքով, լայն պոչով, մսոտ ազդրերով։ Հպարտ ու նուրբ և քայլելիս աջ ու ձախ ասես մարդկանց ողջունելով է քայլում։
 
— Սա իսկապես մեր ձին է,— ասացի՝ հիացմունքով նայելով ձիու նկարին։
 
— Հասկացանք, թե ով է մեր ձին,— ասաց վարպետ Օսմանը նույն ամաչկոտ ժպիտով։– Բայց նկարչի ինքնության հարցում, ափսոս, ոչ մի օգուտ չտվեց։ Որովհետև գիտեմ՝ խելքը գլխին ոչ մի նկարիչ իսկական ձիուն նայելով՝ ձի չի նկարում։ Իհարկե, նկարիչները ձիուն անգիր հիշելով, մի շնչում նկարում են։ Սրա ապացույցն այն է, որ ձիու ուրվագծերը նկարելը սկսում են եղունգի ծայրից։
 
— Ոտքերից չե՞ն նկարում, որպեսզի ձին կարողանա ոտքը հողին դնել,— ասացի ես՝ ասես ներողություն խնդրելով։
 
— Քազվինցի Ջեմալեթթինի «Ձիերի նկարչությունում» ասածի պես՝ ոտքից սկսած ձիու նկարը կարող ենք ավարտին հասցնել միայն եթե անգիր գիտենք նրան։ Մտածելով և հիշելով ու, որ ավելի ծիծաղելի է, իսկական ձիուն նայելով արված նկարն արվում է ծայրից ծայր՝ վզից դեպի մարմինը։ Նման նկարը, այսինքն՝ փողոցում հանդիպած մի սովորական բեռնակրի նկարը անորոշությամբ նկարող և ջնջող, դերձակներին, մսավաճառներին վաճառող որոշ եվրոպացի նկարիչներ կան։ Այսպիսի ձիու նկարն արդեն աշխարհի իմաստի, Աստծու ստեղծած գեղեցկության հետ ընդհանրապես կապ չունի։ Բայց վստահ եմ, որ անգամ նրանք գիտեն՝ իսկական նկարչությունը ոչ թե աչքի, այլ սովորության և հիշողության վրա հիմնվելով է արվում։ Նկարիչը միշտ միայնակ է մաքուր կտավի առաջ։ Դրա համար միշտ հիշողության կարիք ունի։ Ձեռքի արագությամբ և տաղանդի զարգացմամբ անգիր անելով նկարած մեր ձիու կերտողին կարող ենք գտնել միայն ծառայի ոճով։ Դու էլ սրան ուշադիր նայիր։
 
Կաշվի վրա նուրբ գծված հին քարտեզին նայելով՝ գանձ փնտրողի պես խոշորացույցով դանդաղ զննում էր ձիու նկարը։
 
— Այո,— ասացի ես՝ ուսուցչի հավանությանն արժանանալու համար անմիջապես փայլուն հայտնագործություն անելու ցանկությամբ տարված աշակերտի պես։– Թամբի ծածկոցի գույներն ու նախշերը կարելի է համեմատել մյուս նկարների հետ։
 
— Իմ վարպետ նկարիչներն այդ նախշերին չեն դիպչում։ Նկարների հագուստների, գորգերի, ծածկվող վրանների նախշերը աշակերտներն են անում։ Գուցե դա լուսահոգի Զարիֆ էֆենդին է նկարել, բաց թող այդ հատվածը։
 
— Ականջները,— խուճապահար ասացի ես։– Ձիերի ականջներն է՞լ...
 
— Ոչ։ Սրանք դեռ Թեմուրի ժամանակներից մնացած կաղապարներից դուրս չեկող, մեր իմացած եղեգնի պես ականջներ են։
 
— Բաշի մազերի հյուսվածքը, մեկ առ մեկ սանրված մազերը,― ուզում էի ասել ես, բայց քանի որ ինձ դուր չէր գալիս աշակերտ-ուսուցչի հարաբերությունների մասին խոսելը, լռեցի։ Եթե ես աշակերտ եմ, պետք է իմանամ իմ սահմանները։
 
— Այստեղ նայիր,— ասաց վարպետ Օսմանը այնպիսի դժգոհ, բայց համակ ուշադիր ձայնով, ինչպես մի բժիշկն է մյուսին ցույց տալիս ժանտախտից առաջացած վերքը։– Տեսնո՞ւմ ես։
 
Ձեռքի խոշորացույցը հիմա դրել էր ձիու գլխին և նկարի մակերեսից հեռացնելով՝ դանդաղ մոտեցնում էր մեզ։ Խոշորացույցի խոշորացրած հատվածը լավ տեսնելու համար գլուխս մոտեցրի։
 
Ձիու քիթը տարօրինակ էր։ Ռունգերը։
 
— Տեսա՞ր,— ասաց վարպետ Օսմանը։
 
Իմ տեսածի վրա վստահ լինելու համար պետք է ուղիղ նայեի խոշորացույցին։ Միևնույն ժամանակ Օսման վարպետն էլ այդպես արեց, նկարից հեռացող խոշորացույցի դիմաց մեր այտերը դիպան իրար։ Վարպետի չոր մորուքի կոշտությունը, այտի սառնությունն իմ այտին զգալը մի պահ սարսափեցրեց ինձ։
 
Լռություն տիրեց։ Կարծես հոգնած աչքերիս առաջ նկարի մեջ մի հիանալի բան էր կատարվում, և մենք հարգանքով, զարմանքով դրան ականատես էինք։
 
— Ի՞նչ կա քթի վրա,— ավելի ուշ շշնջացի ես։
 
― Քիթր տարօրինակ է նկարել,— ասաց վարպետ Օսմանը՝ առանց աչքը նկարից հեռացնելու։
 
— Ձե՞ռքն է սայթաքել։ Սա թերությո՞ւն է։
 
Դեռ նայում էինք քթի տարօրինակ, անկրկնելի ձևին։
 
— Եվրոպացիներին կրկնօրինակող (չինացի մեծ նկարիչները ներառյալ)՝ բոլորի ասած ոճը սա՞ է,— ծաղրական ձայնով ասաց վարպետ Օսմանը։
 
Կարծելով, թե իմ լուսահոգի փեսային է ծաղրում, մի պահ վիրավորվեցի.
 
— Եթե թերությունը ոչ թե անտաղանդությունից կամ ունակության պակասից, այլնկարչի հոգու խորքերից է բխում, դա արդեն ոճ է՝ ասում էր իմ լուսահոգի փեսան։
 
Փեսայիս ստոր մարդասպանին բռնելու գտնելու համար այդ քթից բացի այլ բան չկար։ Խեղճ Զարիֆ էֆենդու գրպանից գտած թղթի վրայի ձիերի թանաքը ջնջվել էր, և ոչ միայն ռունգերը, այլ անգամ քիթը գտնելն էր դժվար։
 
Վարպետ Օսմանի սիրելի նկարիչների՝ վերջին տարիներին տարբեր գրքերի համար արած ձիու նկարներ և ռունգերի թերություն գտնելու վրա շատ ժամանակ կորցրինք։ Ավարտին հասնող «Սուրնամեի» համայնքի, համքարությունների, մեր սուլթանի առջևով անցնող խմբերի մասին պատմող երկու հարյուր հիսուն նկարի մեջ շատ քիչ ձի կար։ Որոշ գրքեր, որոշ մատյաններ, նորակառույց մատենադարանի շենք, Էնդերուն և Հարեմ մարդիկ ուղարկվեցին, որպեսզի մի քանի կողպեքի տակ փակված ներքին գանձարանում որքան գիրք կա, իհարկե, մեր սուլթանի թույլտվությամբ, բերեն։
 
Երիտասարդ արքայազններից մեկի սենյակից եկած «Զաֆերնամեի» էջերում Զիգեթվարի պաշարման ժամանակ մահացած Քանունի սուլթան Սուլեյմանի հուղարկավորության արարողությունը ներկայացնող երկու էջանոց նկարում դիակառքը կրող ճակատի ճերմակ նշանով երկու ձիուն և եղնիկի աչքերով տափաստանային ձիուն, և սուլթան Սուլեյմանի հուղարկավորության համար ոսկենախշ թամբերով, հիանալի ծածկոցներով ծածկված թամբերով տխուր ձիերին նայեցինք նախևառաջ։ Սրանք Քելեբեքը, Զեյթինը և Լեյլեքն էին նկարել։ Մեծ անիվներով դիակառքը կրող, տերերի մուգ կարմիր ծածկոցի տակի դիակին տխուր աչքերով նայելով՝ ողջունող բոլոր ձիերը, Հերաթի հին վարպետների կերտած նուրբ կեցվածքով՝ մի ոտքը գեղեցիկ, առջևում, մյուսը կողքին, հանգիստ, կանգել էին։ Բոլորի վիզը երկար էր ու ձիգ, պոչը կապված էր, բաշը կտրած ու սանրած, բայց ոչ մեկի քթին մեր փնտրածի պես թերություն չկար։ Հուղարկավորության արարողությանը մասնակցող և շրջակայքի բլուրներին լուսահոգի սուլթան Սուլեյմանին ողջունող հրամանատարներին, գիտնականներին, ուսուցիչներին բերող հարյուրավոր ձիերից ոչ մեկի քթին թերություն չկար։
 
Այս տխուր հուղարկավորության արարողության տրամադրությունը մեզ էլ անցավ։ Վարպետ Օսմանի և նկարիչների՝ այսքան խնամքով նկարած այս հիանալի գրքի պատռվելը, արքայազնների հետ սեր անող հարեմի կանանց՝ էջերի վրա խզբզելը, ինչ-որ բաներ գրելը տեսնելն էլ էր մեզ տխրեցնում։ Մեկը վատ ձեռագրով գրել էր. «Իմ տեր, ձեզ այս ծառի պես համբերատար սիրում եմ և սպասում»՝ այն ծառի տակ, որտեղ մեր սուլթանի պապին էին բռնել։ Լեգենդար գրքերը, որոնք կազմելու պատմությունները մեկ առ մեկ գիտեմ, բայց որոնցից ոչ մեկը չէի տեսել, ահա այս վատ ու տխուր տրամադրությամբ կարդացինք։ Վարպետ նկարիչներից երեքն էլ աշխատել էին «Հուներնամեի» երկրորդ հատորի վրա։ Մռնչացող թնդանոթների ու հետևակի ետևից, զրահները վերցրած, թրեր կրող խստադեմ ձիավորների հետ ամբողջ երկաթեղենը զնգզնգացնելով, շարքով առաջ գնալով՝ վարդագույն բլուրներն անցնող կապտավուն, մուգ, դարչնագույն, տարբեր գույների հարյուրավոր ձիեր տեսանք, բայց ոչ մեկի քիթը թերի չէր։
 
— Թերությունն ինչ է,— ասաց վարպետ Օսմանը՝ ավելի ուշ նույն գրքում Բաբը Հումայունին և այդ պահին նրա մեջ մեր գտնված լայն հրապարակը պատկերող էջին նայելիս։ Աջ կողմում հիվանդանոցը, հայցորդների սենյակն էր, բակի ծառերը, շրջանակի մեջ մտնելու չափ փոքրիկ և մեր խելքին կարևորություն տալու չափ մեծ երևացող նկարում պահակների, տասնապետների, պալատական քարտուղարների հեծած գույնզգույն ձիերի քթերի վրա էլ նշան չգտանք։ Մեր սուլթանի պապ Յավուզ սուլթան Սելիմի՝ Դուլքադիր կառավարչի դեմ հայտարարած արշավանքի ընթացքում Քյուսքուն գետի ափին արածող կարմիր պոչով սև բարակներին, բարձր հետույքով եղնիկի ձագերին, վախեցած ճագարների՝ փախչելիս բռնվելուն և ծաղկանման բծերով վագրին կարմիր արյան մեջ թողնելուն նայեցինք։ Ոչ սուլթանի նստած՝ ճակատին ճերմակ նշան ունեցող կարմիր ձիու քթին կար այն նշանը, որ փնտրում էինք, ոչ էլ դիմացի կարմիր բլուրների ետևում, ձեռքին բազեներ՝ պատրաստ սպասող որսորդների ձիերի վրա։
 
Մինչև երեկո վարպետ Օսմանի նկարիչների, Զեյթինի, Քելեբեքի, Լեյլեքի վրձնին պատկանող, վերջին չորս-հինգ տարիներում նկարված հարյուրավոր ձիեր տեսանք. Ղրիմի խան Մեհմեդ Գիրայի նուրբ ականջներով, մուգ բծերով, սև ու դեղին ձիերը, մի պատերազմի ժամանակ բլրի ետևից միայն վիզը ցույց տվող վարդագույն ու մոխրագույն ձիեր, Թունիսի Հալկուլ Վադ ամրոցն իսպանացի անհավատից ետ վերցնող Հայդար փաշայի ձիերը և նրանից փախչելիս քթի վրա ընկած իսպանացու կարմիր ձին և պիստակի կանաչ գույնով ձիերը վարպետ Օսմանի ուշադրությանը չարժանացած սև ձին, որի մասին ցանկանում էի ասել՝ «ո՞վ է այս ձին այսպես անտարբեր նկարել», ծառի տակ մի պալատական տղայի՝ ուդ նվագելիս ականջները հարգանքով բացած լսող կարմիր ձի, Շիրինի՝ գիշերվա լուսնալույսի տակ լճում լողանալիս նրան սպասող Յուսուֆի պես ամաչկոտ ու նուրբ ձին՝ Շեբդիզը, ջիրիթ խաղացողների հեծած շարժուն ձիերը, գեղեցիկ ձիապանի փոթորկոտ ձին, Իլյաս մարգարեի՝ հեթանոսների հարձակումից պաշտպանելու համար Ալլահի՝ նրան ուղարկած արևագույնի մեջ ոսկե ձին, մի նկարում տեսանք մարգարե Իլյասի երեք որդու մահը երիտասարդ տարիքում, մի որդու հետ որսի գնալը, երիտասարդ ու սիրալիր արքայազնին տխուր աչքերով նայող Քանունի սուլթան Սուլեյմանի մեծ մարմնով, փոքրիկ գլխով ազնվական դարչնագույն ձին, զայրացած ձիեր, վազող ձիեր, հոգնած ձիեր, գեղեցիկ ձիեր, ձիեր, որոնց ոչ ոք չի նայում, ձիեր, որոնք այս էջերից ընդհանրապես դուրս չեն գալիս, այս էջերի ճնշման տակից դուրս գալ ցանկանալով՝ ասես շրջանակը ճեղքել ցանկացող ձիեր։
 
Ոչ մեկի քթին մեր փնտրած ձեռագիրը չգտանք։
 
Բայց միևնույն է, չնայած մեր հոգնածությանն ու տխրությանը՝ ոգևորությունը բնավ չէր պակասում, մի քանի անգամ մոռանալով ձիու մասին՝ նայեցինք նկարի գեղեցկությանը, մարդուն մի պահ գրավող գույների մեջ էինք սուզվել։ Վարպետ Օսմանը ոչ թե զարմանքով, այլ հիշելու ոգևորությամբ էր նայում այն նկարներին, որոնց պատրաստմանն ինքն էր հետևել։
 
— Սա Քասըմ փաշայինն է,— ասաց նա մի անգամ՝ մեր սուլթանի պապ սուլթան Սուլեյմանի կարմիր պատերազմական վրանի առաջ մանուշակագույն խոտերը ցույց տալով։
 
— Իհարկե, վարպետ չէր, բայց քառասուն տարվա նկարների դատարկ հատվածներին, այս հինգ տերևանի, մի ծաղկանի խոտերից նկարեց և երկու տարի առաջ մահացավ։ Այս փոքրիկ խոտը բոլորից լավ նկարելու համար դա միշտ նրան էի պատվիրում։
 
Մի քիչ լռեց, հետո այսպես ասաց իմ վարպետը.
 
— Ափսո՜ս, ափսո՜ս։
 
Այս բառից զգացի, որ մի բան ավարտվեց, իմ հոգում մի շրջան փակվեց։
 
Մութն ընկնում էր, երբ հանկարծ մի լույս ընկավ սենյակ, մի շարժում եղավ։ Բաբախող սիրտս անմիջապես ամեն ինչ հասկացավ, մեր աշխարհի տիրակալ սուլթանը մտավ ներս։ Ինձ նետեցի նրա ոտքերի տակ։ Համբուրեցի փեշը։ Գլուխս պտտվում էր, չէի կարողանում նրա աչքերի մեջ նայել։ Բայց նա վաղուց արդեն սկսել էր խոսել վարպետ Օսմանի հետ։ Քիչ առաջ միասին դեմ առ դեմ, կողք կողքի նստած մարդու հետ խոսելն ինձ ստիպում էր այրվել հպարտության կրակով։
 
Չէի կարողանում հավատալ, բայց մեր սուլթանը նստեց այնտեղ, ուր քիչ առաջ ես էի նստած, իմ վարպետի պատմածներն ինձ պես ուշադիր լսում էր։ Նրա կողքի գանձապետը, բազեպանների աղան, մի քանի մարդ, որոնց ինքնությունը չգիտեի, և նրանց էին հետևում, և համակ ուշադրությամբ նայում էին բաց էջերի նկարներին։ Մի պահ հավաքեցի ամբողջ քաջությունս և նայեցի աշխարհի տիրակալ սուլթանի դեմքին, կողքից երկար նայեցի նրա աչքերին։ Որքա՜ն գեղեցիկ էր։ Որքա՜ն համաչափ էր և ճիշտ։ Սիրտս արդեն հուզմունքից չէր բաբախում։
 
Հենց այդ պահին նա էլ ինձ նայեց, և մեր աչքերը հանդիպեցին։
 
— Լուսահոգի փեսայիդ որքան էի սիրում,— ասաց նա։
 
Այո, ինձ էր ասում։ Հուզմունքից բառերի մի մասը չլսեցի։
 
— ...շատ տխրեցի։ Բայց այս նկարների՝ մեկական հրաշք լինելը տեսնելը մխիթարանք է։ Վենետիկցի անհավատը սրանք տեսնելուն պես կզարմանա, կվախենա իմ խելքից։ Արդեն այս ձիու քթից կհասկանաք, թե ով է այդ անիծյալ նկարիչը։ Թե չէ ստիպված կլինենք բոլոր վարպետ նկարիչներին տանջանքի ենթարկել։ Դաժան կլինի, բայց պետք է։
 
— Աշխարհի տիրակալ, ի՛մ սուլթան,— ասաց վարպետ Օսմանը։— Եթե իմ վարպետ նկարիչները առանց որևէ պատմության մասին մտածելու դատարկ էջին արագորեն ձի նկարեն, գուցե այս ձեռքի սայթաքման տիրոջը կարողանանք գտնել։
 
— Իհարկե, եթե սա իսկական քիթ չէ, այլ ձեռքի սայթաքում,— ասաց մեր սուլթանը խելացի ձևով։
 
— Իմ տիրակալ,— ասաց վարպետ Օսմանը։— Այդ պատճառով եթե անմիջապես այս գիշեր իմանան, որ դուք մրցույթ եք հայտարարել, եթե գիշերը նկարիչների դռները մեկ առ մեկ թակեն և հրամայեն այս մրցույթի համար դատարկ թղթի վրա ձի նկարել...
 
Մեր սուլթանը «լսեցի՞ր» ասող հայացքով նայեց Բոսթանջըբաշըին։
 
— Բանաստեղծ Նիզամիից իմ ամենասիրած մրցույթի պատմությունը ո՞րն է, գիտե՞ք։
 
Մեզնից մի քանիսն ասացին՝ գիտենք, մի քանիսը՝ ո՞ր մեկը, մի քանիսն էլ ինձ պես լռեցին։
 
— Մրցող բանաստեղծների պատմությունը չեմ սիրում, մրցող չինացի և հույն նկարիչների հայելիներով պատմությունն էլ չեմ սիրում,— ասաց գեղեցիկ սուլթանը։— Ամենաշատը սիրում եմ մինչև մահ մրցող բժիշկների պատմությունը։
 
Սա ասելուն պես անմիջապես վեր կացավ ու երեկոյան նամազին հասնելու համար գնաց։
 
Հետո երեկոյան նամազի ժամանակ կիսամթան մեջ պալատի դռներից դուրս գալուց հետո Շեքուրեին, երեխաներին, մեր տունը երջանկությամբ պատկերացնելով՝ դեպի մեր թաղը վազելիս սարսափով հիշեցի բժիշկների մրցույթի այդ պատմությունը.
 
«Սուլթանի առաջ մրցող երկու բժիշկներից մեկը՝ հաճախ վարդագույն հագուստով պատկերվողը, անգամ փղին սպանող ուժեղ թույնից կանաչ հաբ է պատրաստում և մյուս բժշկին՝ կապույտ հագուստովին տալիս։ Նա էլ այդքան թունավոր հաբը հաճույքով խմում է, հետո էլ անմիջապես հակաթույն կապույտ հաբ է կուլ տալիս, և, ինչպես կարելի է հասկանալ անհոգ ժպիտից, ոչինչ չի պատահում։ Բայց հիմա նա մրցակցին պետք է ստիպի զգալ մահը։ Ծանր շարժվելով՝ հաճույք ստանալով նրանից, որ հերթն իրեն է հասել, պարտեզից վարդագույն վարդ է պոկում և մոտեցնելով շուրթերին՝ բոլորին անհայտ մի մութ, մի չարաբաստիկ բանաստեղծություն է շշնջում։ Հետո չափից դուրս ինքնավստահ շարժումներով վարդագույն հագուստով բժշկին է տալիս այդ վարդը, որ հոտոտի։ Վարդագույն հագուստով բժիշկն այնպես է տագնապում վարդի ուժից, որ հոտից բացի այլ յուրահատկություն չունեցող վարդը քթին մոտեցնելուն պես վախից մեռնում է»։
 
 
 
== 43. Իմ անունը Զեյթին է ==
 
Երեկոյան նամազից առաջ էր. դուռը թակեցին, բացեցի, պալատից Բոսթանջըբաշըի մարդկանցից մեկն էր՝ մաքուր, գեղեցիկ, ժպտերես, գեղեցկադեմ երիտասարդ։ Ձեռքին թուղթ կար, տախտակ, լապտեր, որը դեմքն ավելի շատ ստվերում էր, քան լուսավորում։ Միանգամից ասաց, որ մեր սուլթանը հրամայել է վարպետ նկարիչների մեջ ամենագեղեցիկ ձիու նկարը մի շնչում նկարողների մրցույթ հայտարարել։ Հրամայեց անմիջապես հատակին նստել, թուղթը տախտակին, տախտակը՝ ծնկներիս դնել, նրա ցույց տված մասում, շրջանակի մեջ արագ նկարել աշխարհի ամենագեղեցիկ ձին։
 
Հյուրին ներս հրավիրեցի։ Արագ վերցրի կատվի ականջի մազերից պատրաստված ամենանուրբ գրիչս, թանաքը։ Նստեցի հատակին և մի պահ քարացա։ Այս գործի մեջ կարո՞ղ էր մի խաղ լինել, որի համար իմ կյանքով էի հատուցելու։
 
Գուցե, բայց Հերաթի հին վարպետների բոլոր լեգենդները մահվան և գեղեցկության սահմանով անցնող այս նուրբ գծով չէի՞ն գծված։
 
Ներսս լցվեց նկարելու հաճույքով, բայց բոլոր հին վարպետների պես կարծես նկարելուց էլ վախեցա և ինձ մի կերպ զսպեցի։
 
Դատարկ թղթին նայելով՝ մի պահ սպասեցի՝ հոգիս մաքրվի տագնապներից, որ կարողանամ մտածել միայն գեղեցիկ ձիու և իմ ուժի մասին, որ կարողանամ կենտրոնացնել ուշադրությունս։ Մինչև հիմա նկարածս ու տեսածս բոլոր ձիերի պատկերները սկսեցին անցնել աչքերիս առջևով։
 
Բայց մեկը կար, որ ամենակատարյալն էր։ Ես հիմա նկարելու էի այն ձին, որը ոչ ոք չի կարողացել նկարել։ Ստիպեցի ինձ պատկերացնել այն, մնացած ամեն բան ջնջվեց, կարծես մի պահ մոռացա ինձ, մոռացա, որ այստեղ նստած եմ և որ պետք է նկարեմ։ Ձեռքս ինքն իրեն գրիչը թաթախեց թանաքամանի մեջ. թանաքը թանձր էր։ Դե, ձեռք, այժմ իրակա՛ն դարձրու այս հիանալի ձին։ Ձին և ես կարծես մի ամբողջություն դարձած՝ փորձում էինք գտնել մեր տեղը այս աշխարհում։ Մի պահ մի զգացողություն ինձ դրդեց նրան փնտրել գետնին դրված դատարկ թղթի շրջանակի մեջ։ Պատկերացրի, թե ինչպես եմ ձիուն այնտեղ տեղավորում և հանկարծ, այո, կարծես առանց մտածելու կտրուկ, վճռականորեն ահա այսպես գեղեցիկ սկսեցի նկարել ձիուն՝ սկսելով ոտքից, անմիջապես ոլորվելով՝ գեղեցիկ նուրբ ոտքով բարձրացա վերև։ Նույն վճռականությամբ ծնկից էլ ոլորվելով՝ արագ հասա կրծքին և միանգամից ուրախացա։ Ահա այստեղից թեքվելով բարձրացա վերև։ Կուրծքը որքա՜ն գեղեցիկ էր։ Վերևի հատվածը նեղացավ ու դարձավ վիզ, ինչպես իմ երազանքների ձիու վիզն է։ Առանց գրիչս թղթից կտրելու՝ մի քիչ մտածելով՝ հասա ներքևում գտնվող բաց բերանին ու ներս մտնելով, ահա այսպես, մի քիչ էլ բացիր բերանդ, ձի՛, դուրս բերեցի նրա գեղեցիկ լեզուն։ Քիթը առանց տատանվելու մի քիչ բարձրացրի։ Ուղիղ վերև բարձրանալիս մի պահ նայեցի այդ ամենին և գիծը իմ երազածի պես նկարելիս մոռացա, թե ինչ եմ նկարել, կարծես ականջները և գեղեցիկ վզի այդ հիանալի թեքությունը ոչ թե ես էի գծել, այլ ձեռքս։ Հիշողությամբ ու արագորեն թամբը գծելիս ձեռքս ինքնըստինքյան կանգ առավ և թանաքամանից իմ վրձնի համար թանաք վերցրեց։ Մեջքը, ուժեղ և աչքի ընկնող կոպիտ մարմինը նկարելիս շատ գոհ էի, լի էի իմ նկարով։ Մի պահ թվաց, թե իմ նկարած ձիու կողքին եմ, ուրախությամբ սկսեցի պոչը նկարել, այդ պատերազմի արագ ձիու պոչը ոլորելով՝ ուրախ բարձրացրի վերև, պոչարմատը, հետույքը նկարելիս կարծես սեփական հետույքիս ու հետանցքիս մեջ հաճելի զովություն զգացի և այդ հաճույքով սկսեցի մարմնի գեղեցիկ նրբությունն ու ետ գցած ձախ ոտքը, սմբակները նկարել։ Աջ ոտքով, նուրբ կեցվածքով, իմ ձեռքի տաղանդով և իմ նկարած ձիով հիացա։
 
Ձեռքս բարձրացրի, կրակոտ, բայց տխուր աչքերը, այնուհետև ռունգերը և թամբի ծածկոցը արագ նկարեցի։ Բաշն ասես սիրով շոյելով՝ մեկ առ մեկ սանրեցի, ոտնակն ամրացրի, ճակատին մի նշան դրեցի և աչքաչափով գծված, բայց ճիշտ մեծամբ ամորձիներ ու առնանդամ գծեցի, որպեսզի ամեն ինչ ամբողջական լինի։ Հիանալի ձի նկարելիս ինձ հիանալի ձի եմ զգում։
 
 
 
== 44. Իմ անունը Քելեբեք է ==
 
Կարծում եմ՝ երեկոյան նամազի ժամն էր։ Մեկը թակեց դուռը։ Ասաց, որ մեր սուլթանը մրցույթ է հայտարարել։ Իմ սիրելի՛ սուլթան, ինչպես կամենաս, ինձնից լավ ո՞վ կարող է ձի նկարել։
 
Բայց մի պահ մտածեցի, թե ինչո՞ւ պետք է առանց ներկի, սև մատիտանկար անենք։ Ինչո՞ւ ներկ չենք օգտագործում։ Որովհետև ամենալավը ե՞ս եմ ներկ քսում։ Ո՞վ է որոշում, թե ում նկարն է ամենալավը։ Պալատից եկած լայնաթիկունք, վարդագույն շուրթերով գեղեցիկ տղային հարցուփորձ արեցի և զգացի, որ այդ գործի ետևում գլխավոր նկարիչ վարպետ Օսմանն է կանգնած։ Վարպետ Օսմանն անկասկած գիտի իմ տաղանդը և բոլոր վարպետ նկարիչներից ամենաշատը ինձ է սիրում։ Այսպիսով, դատարկ էջին նայելիս պատկերացրի ձիու կեցվածքը, հայացքը, պահվածքը, որը երկուսին էլ դուր կգար։ Վարպետ Օսմանի՝ տասը տարի առաջ նկարած ձիերի պես շարժուն, բայց ծանր, միշտ մեր սուլթանին դուր եկած ձիերի պես առջևի ոտքը պետք է օդում լինի, որպեսզի երկուսն էլ համաձայնեն, որ գեղեցիկ է։ Տեսնես մրցանակը քանի՞ ոսկի է։ Սա Միր նկարիչն ինչպե՞ս կնկարեր։ Բեհզաղն ինչպե՞ս կաներ։
 
Հանկարծ այնպես արագ մի բան հիշեցի, որ մինչև հասկանայի, թե ինչ է կատարվում, ձեռքս վարազի պես մատիտը խլեց, ձախ ոտքը օդ բարձրացրած մի հիանալի ձի սկսեց նկարել, որի նմանը ոչ ոք չէր կարող նկարել։ Ոտքը մարմնին անմիջապես միացնելուց հետո խիզախորեն, արագ, հաճույքով երկու աղեղ գծեցի, որոնք տեսնելուն պես կասեք, որ սա ոչ թե նկարիչ, այլ տաղանդավոր գրիչ է նկարել։ Ինքն իրեն աշխատող ձեռքիս այնպիսի հիացմունքով էի նայում, կարծես իմ ձեռքը չլիներ։ Այս հիանալի աղեղները, հիանալի ձիու գիրուկ փորը, լայն կուրծքր և կարապի վիզը պատրաստ էին, ու կարելի էր ասել, որ նկարն արդեն պատրաստ է։
 
Մտածում էի, թե որքան տաղանդավոր եմ, երբ ձեռքս ինքն իրեն երջանիկ և ուժեղ ձիու բերանը բացել էր, քիթը թեքել, խելացի ճակատը, ականջները ձգել։ Հետո, կարծես՝ տես, մայրի՛կ, ինչ գեղեցիկ աղեղ եմ գծել ասելով, գրողի պես երջանիկ ժպտացի։ Ծառս լինող հիանալի ձիուս անթերի վզից իջա մինչև թամբը։ Ձեռքս թամբն էր գծում, իմ մարմնի պես գիրուկ ու կլոր մարմնով ձիուս ուրվագծին արդեն հպարտությամբ նայեցի։ Բոլորը հիանալու են այս ձիով։ Մրցանակը ստանալուն պես մեր սուլթանի՝ ինձ ասելիք գեղեցիկ բառերը պատկերացրի, ինձ մի քսակ ոսկի է տալու, պատկերացնելով, թե ինչպես եմ տանը մեկ առ մեկ հաշվելու ոսկիներր, ուզում էի ծիծաղել։ Այս ընթացքում ձեռքս, որին աչքի պոչով հետևում էի, ավարտեց նկարել թամբը և գրիչս թաթախեց թանաքամանի մեջ, հետո ձիու մեջքը ծիծաղելով, ասես կատակ անելով նկարեցի։ Պոչն արագ ոլորեցի։ Հետույքը տղայի գեղեցիկ հետույքի պես, որի հետ անմիջապես կցանկանայի սեր անել, սիրով և ափերիս մեջ առնելով՝ գեղեցիկ ու կլոր նկարեցի։ Մինչ ես ժպտում էի, իմ խելացի ձեռքն ավարտեց ետին ոտքերը, և գրիչս կանգ առավ։ Աշխարհի ամենագեղեցիկ ծառս եղած ձին էր։ Ուրախացա, երջանկությամբ մտածում էի, թե որքան են սիրելու իմ ձիուն, ինձ հայտարարելու են ամենատաղանդավոր նկարիչ, անգամ գլխավոր նկարիչ։ Բայց միևնույն ժամանակ հասկացա, որ այդ հիմարներն ասելու են. «Ինչ արագ ու թեթևամիտ է նկարել»։ Միայն այդ պատճառով անհանգստացա, որ իմ հիանալի նկարը լուրջ չեն ընդունելու։ Այսպիսով, ձիու բաշը, ռունգերը, ատամները, պոչի մազերը, թամբի ծածկոցը փոքրիկ նրբություններով նկարեցի, որ տեսնեն, որ նկարի վրա ջանք եմ թափել։ Այս դիրքից կարելի է տեսնել նաև ձիու ամորձիները, բայց որպեսզի կանայք շատ չնայեն, չնկարեցի։ Հպարտությամբ նայեցի ձիուս, ծառս եղած, փոթորկի պես շարժուն, ուժեղ։ Կարծես քամուց կլորացած ուրվագծերը, մի բառի տառերի պես շարժվում էին, բայց անհանգիստ չէին։ Այս նկարն արած հիանալի նկարչին Բեհզադի, Միր նկարչի պես գովաբանելու էին, և այդ ժամանակ ես էլ նրանց պես կդառնայի։ Հիանալի ձի նկարելիս հիանալի ձի նկարող մեկ այլ նկարիչ եմ դառնում։
 
 
 
== 45. Իմ անունը Լեյլեք է ==
 
Երեկոյան նամազից հետո էր, դուրս գալով՝ գնալու էի սրճարան, երբ ասացին, որ դռան մոտ մեկն ինձ է սպասում։ Գնացի։ Պալատից էր. ասաց, թե ինչ է պետք։ Լավ։ Աշխարհի ամենագեղեցիկ ձին։ Դուք ինձ ասեք, թե մի ձիուն քանի արծաթադրամ եք տալու, ես ձեզ համար աշխարհի ամենագեղեցիկ ձիերից հինգ-վեց հատ կնկարեմ։
 
Բայց զգուշավոր էի և այդպես չասացի. դռան մոտ կանգնած տղային ներս հրավիրեցի։ Մտածեցի. աշխարհի ամենագեղեցիկ ձին կարող եմ նկարել։ Պատերազմի ձիեր, խոշոր մոնղոլական ձիեր, ազնվական արաբական ձիեր, արյան մեջ գալարվող հերոս ձիեր, անգամ քարերով լի սայլ քաշող, շինարարության համար քար բերող դժբախտ բեռնակիր ձի էլ կարող եմ նկարել, բայց ո՞վ կասի, որ դրանք աշխարհի ամենագեղեցիկ ձիերն են։ Իհարկե, հասկացա, որ մեր սուլթանը աշխարհի ամենագեղեցիկ ձի ասելով՝ ցանկացել է Իրանում հազարավոր անգամներ բոլոր կանոններով, կաղապարներով և կեցվածքներով նկարած ձիերից ամենահիանալին տեսնել։ Ինչո՞ւ։
 
Իհարկե, որպեսզի ես չկարողանամ մի քսակ ոսկի շահել։ Եթե ասեն սովորական ձի նկարիր, պարզ է, որ ոչ ոք իմ ձիու հետ չի կարող մրցել։ Ո՞վ է մեր սուլթանին խաբել։ Մեր սուլթանը, չնայած այդ բոլոր նախանձների բամբասանքներին, լավ գիտի, որ ես ամենատաղանդավոր նկարիչն եմ, և սիրում է իմ նկարները։
 
Հանկարծ ձեռքս այս բոլոր հաշիվները մաքրելու համար զայրացած գործի անցավ և ոտքի ծայրից սկսելով՝ մի շնչում իսկական ձի նկարեց։ Սրանցից կտեսնեք փողոցում, պատերազմների ժամանակ։ Հոգնած, բայց կոկիկ ձիեր... Հետո նույն զայրույթով նկարեցի նաև հեծյալի ձի, որն ավելի գեղեցիկ էր։ Արվեստանոցի ոչ մի նկարիչ այսպիսի գեղեցիկ բաներ չի կարող նկարել։ Հիշողությամբ մեկն էլ էի նկարելու, երբ պալատից եկած տղան ասաց.
 
— Մեկը բավական է։
 
Թուղթս վերցրել ու գնալու էր, երբ կանգնեցրի նրան։ Որովհետև այդ ստորների՝ այս ձիերի համար մի քսակ ոսկի չտալու մասին շատ լավ գիտեի։
 
Եթե իմ ոճով նկարեմ, ոչինչ չեմ ստանա։ Եթե ոչինչ չստանամ, դա իմ անվան վրա ստվեր կգցի։ Մտածեցի։
 
— Սպասիր,— ասացի տղային։
 
Գնացի ներս, կեղծ, փայլուն երկու վենետիկյան ոսկի վերցնելով՝ դրեցի պալատից եկած տղայի ձեռքը։ Վախեցավ, աչքերը լայն բացեց։
 
— Դու առյուծի սիրտ ունես,— ասացի ես։
 
Հանեցի բոլորից թաքցրածս կաղապարների մատյաններից մեկը։ Այնտեղ տարիներ շարունակ տեսածս ամենագեղեցիկ նկարների՝ մեկական կրկնօրինակը գաղտնի արտատպել էի։ Բացի այդ, այնտեղի գաճաճների աղա Ջաֆերին եթե տասը ոսկի տաս, գանձարանում պահվող գաղտնի գրքերի էջերից ամենալավ ծառերը, վիշապները, թռչունները, որսորդներին, ռազմիկներին կրկնօրինակելով՝ քեզ կտա այդ ստորը։ Ոչ թե նկարի և նկարչության մեջ տեսած աշխարհը, այլ հին վարպետներին և հին հեքիաթներր հիշել ցանկացողների համար իմ մատյանը հիանալի է։
 
Պալատից եկած տղային ցույց տալով՝ էջերը խառնելով, ձիերից ամենալավն ընտրեցի։ Իմ նկարների վրա ասեղով արագ անցքեր բացեցի։ Կաղապարի տակ մաքուր թուղթ դրեցի։ Վրան լիքը մոխիր լցնելով՝ մի քիչ շարժեցի, որ լավ ներծծվի։ Կաղապարը բարձրացրի։ Մոխիրը կետ առ կետ, տակի թղթին գեղեցիկ ձիու ամբողջ ձևն էր փոխանցել, և դա տեսնելն ինձ դուր էր գալիս։
 
Վերցրի գրիչս։ Այդ պահին ներսից բխող ներշնչանքով, արագ ու վստահ շարժումներով կետերը գեղեցիկ ունուրբ միացրի, և այդ ձիու որովայնը, գեղեցիկ վիզը, քիթը, մեջքը նկարելիս սիրեցի նրան։
 
— Ահա,— ասացի ես։— Աշխարհի ամենագեղեցիկ ձին։ Մյուս հիմարներից ոչ մեկը չի կարող սա նկարել։
 
Որպեսզի պալատից եկած տղան մեր սուլթանին չպատմեր, թե ինչպիսի ներշնչանքով եմ արել այդ նկարը, երեք ոսկի էլ տվեցի։ Հասկացրի, որ եթե մի քսակ ոսկի վաստակեմ, ավելի շատ կվճարեմ։ Բացի այդ, երազեց, որ կարող է կրկին տեսնել կնոջս, ում նայում էր բերանը բաց։ Շատերը լավ ձի նկարելիս կարծում են, թե լավ նկարիչ են։ Մինչդեռ ամենալավ նկարիչ լինելու համար միայն ամենալավ ձին նկարելը քիչ է, մեր սուլթանին և շրջապատի հիմարներին պետք է նաև հավատացնել, որ լավ նկարիչ ենք։ Ես կարող եմ ես լինել միայն հիանալի ձի նկարելիս։
 
 
 
== 46. Ինձ մարդասպան կկոչեն ==
 
Իմ ձի նկարելու ոճից հասկացա՞ք, թե ով է մարդասպանը։
 
Հենց լսեցի, որ պետք է ձի նկարեմ, հասկացա, որ դա մրցույթ չէ, հասկացա, որ ուզում են իմ նկարած ձիու միջոցով բացահայտել ինձ։ Նկատել էի, որ կոշտ թղթի վրա արածս ձիու նկարներից մեկը մնացել էր խեղճ Զարիֆ էֆենդու դիակի վրա։ Բայց ես թերություն կամ սեփական ոճ չունեի, որպեսզի նկարածս ձիերով կարողանային ճանաչել ինձ։ Վստահ էի, բայց միևնույն է, ձի նկարելիս անհանգստացա։ Էնիշթեի ձին նկարելիս ինձ մատնող մի բա՞ն եմ արդյոք նկարել։ Հիմա պետք է ուրիշ ձի նկարեմ։ Այս անգամ այլ բան մտածեցի, «ինձ զսպեցի» և իմ էությանը հակառակ վարվեցի։
 
Բայց ես ո՞վ եմ։ Արվեստանոցի ոճին միանալու համար իմ ներսի հրաշքները թաքցնո՞ղ մարդ եմ։ Իմ ներսի ձին մի օր հաղթանակով թղթին հանձնո՞ղ մարդ։ Կարծես իմ ներսից մեկ այլ հոգի էր ինձ հետևում, ամաչեցի նրանից։
 
Քանի որ անմիջապես հասկացա, որ տանը չեմ կարող մնալ, ինձ դուրս նետելով՝ արագ-արագ քայլեցի մութ Փողոցներով։
 
Շեյխ Օսման բաբան «Մենաքըփնամեում» պատմում է, թե ինչպես է իսկական դերվիշը սատանայից ազատվելու համար ամբողջ կյանքում քայլում, ոչ մի տեղ երկար ժամանակով չի մնում, վաթսունյոթ տարի քաղաքից քաղաք թափառելուց հետո սատանայից փախչելուց հոգնելով՝ հանձնվում է նրան։ Այդ տարիքը վարպետ նկարիչների՝ կուրության, Աստծու մթությանը հանձնվելու, ակամա ոճի տեր դառնալու և միևնույն ժամանակ բոլոր ոճային նշաններից ազատվելու տարիք է։ Բեյազիդում Թավուքչուլար շուկայում, Էսիր շուկայի դատարկ հրապարակի, ապուրի և մուհալլեբիի հաճելի բույրերի միջով ինչ֊որ բան փնտրելու պես քայլեցի։ Փակ դռների ետևից վարսավիրների, արդուկ անողների զարմացած հայացքները, փող հաշվող հացթուխ պապիկի, հիանալի հոտով թթվի և աղի ձկան հոտով նպարավաճառի մոտով անցնելով, քանի որ ուշադրությունս միայն գույներն էին գրավում, մտա համեմունքի խանութ, ուր ներսում ինչ֊որ բան էին կշռում, և մարդկանց հուզմունքով նայելով՝ սուրճի, կոճապղպղեղի, դարչինի պարկերին, գույնզգույն մաստակի տուփերին, դազգահից եկող անիսոնի, քիմյոնի, սամիթի, քրքումի կույտերին լամպի լույսի տակ հիացմունքով նայեցի։ Երբեմն ցանկանում էի մի բան փորձել, ամեն բան նկարել դատարկ էջերի վրա։ Մտա այնտեղ, ուր վերջին շաբաթվա մեջ երկու անգամ ստամոքսս էի լցրել, և որը համարում եմ դժբախտների ապաստան (իրականում պետք է թշվառներ կոչեի)։ Մինչև կեսգիշեր եկողների համար դուռը բաց էր։ Ներսում պարան, ձի գողացողի տեսք ունեցող մի քանի խեղճեր դժբախտությունից ու հուսահատությունից թմրամոլների պես աչքերն այս աշխարհից փախցնելով՝ այլ դրախտներ փախած մի քանի օտարական, համքարությունների ավանդույթներին ստիպված համակերպվող երկու մուրացկան և այս ամբողջ բազմությունից առանձին մի անկյունում նստած չելեբի կար։ Հալեպցի խոհարարին բարևեցի։ Մսով կաղամբի տոլման լցնելով ափսեիս մեջ՝ վրան մածուն, լիքը կարմիր բիբար ավելացրի ու նստեցի չելեբիի կողքին։
 
Ամեն գիշեր ավելի եմ տխրում։ Եղբայրներ, եղբայրներ, թունավորվում ենք, նեխում ենք, մահանում ենք, ապրելիս սպառվում ենք, թշվառության մեջ մինչև կոկորղր թաղվում ենք... Որոշ գիշերներ երազներումս ջրհորից նրա դուրս գախ ու ետևիցս ընկնելն եմ տեսնում, բայց նրան թաղեցինք հողի հաստ շերտի տակ. գերեզմանից չի կարող դուրս գալ։
 
Քիթը ապուրի ամանի մեջ խցկած չելեբու (որն, իմ կարծիքով, մոռացել էր աշխարհի մասին) բացած զրույցի դուռն արդյոք Ալլահի՝ ինձ ուղարկած նշա՞ն էր։ Այո, ասացի ես։ Միսը շատ լավ էին աղացել, կաղամբի տոլման շատ համեղ էր։
 
Հարցրի, ասաց, որ քսան տարվա մեդրեսեից նոր դուրս եկած՝ Արիֆի փաշայի համար աշխատող քարտուղար էր։ Չհարցրի, թե գիշերվա այս ժամին ինչո՞ւ փաշայի պալատում, մզկիթում կամ իր տանը՝ կնոջ հետ չէ, այլ՝ այս ամուրիների խորտկարանում։ Նա ինձ հարցրեց, թե որտեղից եմ գալիս, ով եմ։ Ես էլ մի պահ մտածեցի և ասացի.
 
— Իմ անունը Բեհզադ է։ Հերաթից, Թավրիզից եմ գալիս։ Ամենահիանալի նկարները, ամենաանհավատալի հրաշքներր ես եմ նկարել։ Պարսկաստանում, Արաբիստանում ցանկացած մուսուլմանական արվեստանոցում դարեր շարունակ այսպես են ասում.
 
— Եվ իսկապես, ասես Բեհզադի նկարը լինի։
 
Իհարկե, խնդիրը դա չէ։ Իմ նկարն այնպիսին չէ, ինչպես աչքն է տեսնում, նկարում է այն, ինչ միտքն է տեսնում։ Իսկ նկարը, ինչպես գիտեք, տոն է աչքի համար։ Այս երկու միտքը միավորեք և իմ աշխարհը կհասկանաք։ Այսինքն՝
 
Այբ. Նկարը մտքի տեսածը աչքի ուրախության համար կենդանացնել է նշանակում։
 
Լյուն. Աչքը նկարի մեջ տեսնում է այն, ինչ աշխարհում ծառայում է մտքին։
 
Մեն. Ուրեմն գեղեցկությունը նշանակում է այն, ինչ խելքը գիտի, այն, ինչ աչքը աշխարհում հայտնադործում է։
 
Քսան արծաթադրմանաոց մեդրեսեից դուրս եկած այս պարոնը հասկացա՞վ արդյոք հանկարծակի ներշնչանքի ազդեցության տակ բխած մտքերը։ Ոչ։ Որովհետև թաղի մեդրեսեում օրը քսան արծաթադրամով դասավանդող (այսօր այդքանով քսան հաց էլ չես գնի) ուսուցչի առաջ երեք տարի նստում ես, բայց դեռ չես իմանում, թե Բեհզադն ով է։ Պարզ է, որ «քսանանոց» հոջա էֆենդին էլ չգիտի Բեհզադին։ Լավ, պատմեմ։
 
— Ես ամեն ինչ նկարել եմ, ամեն ինչ։ Մեր մարգարեի՝ մզկիթում, կանաչ զոհասեղանի առաջ, չորս խալիֆի հետ նստելը, մեկ այլ գրքում՝ Ռեսուլուլլահի Բուրաք անունով ձիու վրա յոթ հարկանի դրախտ համբարձվելու գիշերը, Չինաստանի ճանապարհին ծովը փոթորիկներով ալիքող հրեշին վախեցնելու համար ծովափի տաճարում դհոլ նվագող Ալեքսանդրին, լողավազանում մերկ լողացող հարեմի գեղեցկուհիներին ուդ լսելով նայող երեսուն մոնիստիկ սուլթաններին, «Ես իմ վարպետին կհաղթեմ, բոլոր խաղերը գիտեմ» ասող երիտասարդ ըմբշամարտիկներին, վարպետի՝ նրանցից թաքցրած վերջին խաղում պարտվելով՝ սուլթանի առաջ ընկրկելը, փոքր տարիքում Լեյլայի և Մեջնունի՝ նուրբ զարդանախշված պատերով դպրոցում ծնկի գալով՝ Ղուրան կարդալիս միմյանց սիրահարվելը, ամենաամաչկոտից մինչև ամենաանշնորհք, սիրահարների՝ միմյանց աչքերի մեջ նայելը, պալատների կառուցվածքը, մեղավորների՝ տանջանքների ենթարկվելով՝ պատիժ կրելը, արծիվների թռիչքը, կատակող ճագարները, դավաճան վագրերին, նոճիներն ու սոճիները և նրանց կատարներին միշտ նկարածս չաչանակ կաչաղակների մահը, մրցող բանաստեղծներին, հաղթանակի սեղաններ և քեզ պես մարդիկ, որ սեղանին դրված ապուրից բացի ուրիշ ոչինչ չեն տեսնում։
 
Զգուշավոր քարտուղարն արդեն չէր վախենում, անգամ ինձ զվարճալի էր համարում ու ժպտում էր։
 
— Հոջա էֆենդին քեզ սովորեցրել է, գիտես,— ասացի ես։– Սաադիի «Գյուլիստանում» շատ սիրելի պատմություն ունեմ։ Այն հատվածը, որտեղ Դարեհ արքան որսի ժամանակ բազմությունից հեռանում ու գնում է բլուրներում զբոսնելու։ Այդ պահին նրա դիմաց անծանոթ, վտանգավոր մարդ է դուրս գալիս։ Թագավորն անհանգստանում է, անմիջապես ուզում է ձիու վրայից վերցնել աղեղը, երբ այծի մորուքով մարդն աղաչում է՝ թագավոր, սպասեք, մի՛ նետահարեք, ինչպե՞ս չճանաչեցիք ինձ։ Ես ձեր հարյուրավոր ձիերը, նրանց մտրուկներին խնամող հավատարիմ ձիապանը չե՞մ։ Ինձ ինչքա՜ն եք տեսել։ Ես ձեր հարյուրավոր ձիերից յուրաքանչյուրի բնավորությունը, գույները գիտեմ։ Լա՛վ, ինչպե՞ս է պատահում, որ դուք ձեր ծառաներին, որոնց այդքան շատ եք հանդիպում, ինձ պես մեկին անգամ ուշադրություն չեք դարձնում։
 
Այս հատվածը պատկերելիս ձիապանի՝ խնամված սև, կարմիր և ճերմակ ձիերին, գույնզգույն ծաղիկներով ծածկված դրախտային կանաչ մարգագետնում այնքան երջանիկ ու հանդարտ եմ պատկերել, որ ամենահիմար ընթերցողն անգամ բանաստեղծ Սաադիի առակի տված խրատը հասկանում է. այս աշխարհի գեղեցկությունը և գաղտնիքը միայն ուշադրությամբ, խնամքով ու սիրով է ի հայտ գալիս։ Երջանիկ երամակների, ձիերի այդ դրախտում եթե ուզում եք ապրել, ուշադիր եղեք, և՛ գույներին ու մանրամասներին, և՛ կատակներին ուշադրություն դարձնելով՝ տեսեք աշխարհը։
 
Քսան արծաթադրամանոց ուսուցիչը և զվարճանում, և վախենում էր ինձնից։ Ուզում էր գդալը դնել ու փախչել, բայց ես նրան հանգիստ չթողեցի։
 
— Այդ նկարում թագավորին, նրա ձիապանին, ձիերր այնպես է նկարել վարպետաց վարպետ Բեհզադը,— ասացի ես,— որ արդեն հարյուր տարի է՝ այդ ձիերը դեռ բոլորը կրկնօրինակում են։ Նրա երազանքից ու սրտից բխող այդ նկարի ձիերից յուրաքանչյուրն արդեն մի կաղապար է դարձել։ Հարյուրավոր նկարիչներ, ես էլ ներառյալ, հիշողությամբ ենք նկարում այդ ձիերը։ Դու երբևէ ձիու նկար տեսե՞լ ես։
 
— Մի մեծ գիտնական, մի օր իմ մեծ ուսուցչին կախարդված գիրք էր նվիրել. այնտեղ մի թևավոր ձիու նկար եմ տեսել։
 
«Աջաիփ-ուլ Մահլուքաթը» լուրջ ընդունող այդ հիմարին հենց տեղում ցանկացա խեղդել ապուրի ամանի մեջ, թե՞ թողնեմ, որ կյանքում տեսած ձիու միակ նկարը (ո՞վ գիտի, թե որքան վատ նկար էր տեսել) երկար-բարակ պատմի։ Երրորդ ճանապարհ գտա. գդալս ցած դրեցի ու խորտկարանից դուրս եկա։
 
Երկար քայլելուց հետո մտնելով լքված թեքքեն՝ հանդարտվեցի։ Մաքրություն արեցի և անշարժում՝ լսեցի լռությունը։
 
Հետո թաքստոցից հայելին հանելով՝ դրեցի գրքի տախտակին, գիրկս առա երկու էջանոց նկարը և աշխատանքային տախտակը ու հայելու մեջ նայելով դեմքիս՝ փորձեցի նկարել սեփական դիմանկարս։ Համբերատար, երկար աշխատեցի։ Երկար ժամանակ անց նկատելով, որ թղթի վրայի դեմքը նման չէ հայելու դեմքին, տխրեցի, աչքերս լցվեցին արցունքով։ Էնիշթեի հաճույքով պատմած վենետիկցի նկարիչները դա ինչպե՞ս էին անում։ Մի պահ ինձ նրանցից մեկի տեղը դրեցի և մտածեցի, որ եթե այդպես նկարեմ, գուցե նկարը նման լինի իմ իսկական դեմքին։ Հետո եվրոպացի նկարիչներին էլ, Էնիշթեին էլ անիծեցի և նկարս ջնջելով՝ կրկին հայելուն նայելով՝ սկսեցի նորն անել։
 
Շատ ժամանակ անցավ, երբ ելա փողոց և ի վերջո մտա այս զզվելի սրճարանը։ Անգամ չէի նկատել, թե ինչպես եմ հասել այստեղ, ներս մտնելիս այս թշվառ նկարիչներին և գրիչներին խառնվելու համար այնքան էի ամաչում, որ ճակատիս քրտինքի հատիկներ էին երևում։
 
Տեսնում էի, որ ինձ են նայում, միմյանց հրելով՝ ինձ են ցույց տալիս ու ծիծաղում։
 
Փորձեցի բնական թվացող շարժումներ անել և նստեցի մի անկյունում։ Մյուս կողմից էլ մյուս վարպետ նկարիչներին, մի ժամանակ վարպետ Օսմանի մոտ միասին աշակերտ եղած սիրելի եղբայրներին էին փնտրում աչքերս։ Վստահ եմ, որ նրանց էլ այս գիշեր մեկական ձի են պատվիրել և հիմարները մրցույթը լուրջ են ընդունել։
 
Դեռ պատմասաց էֆենդին չէր սկսել պատմությունը։ Դեռ անգամ նկար չէին կախել։ Դա էլ ինձ ստիպեց մտերմանալ սրճարանի մարդկանց հետ։ Լա՛վ, ձեզ ասեմ ճշմարտությունը, բոլորի պես կատակներ էի անում, անշնորհք պատմություններ պատմում, ընկերներիս հետ չափազանցված շարժումներով համբուրվում, բազմանշանակ, ակնարկներով, բառախաղերով խոսքեր էի ասում, հարցնում էի երիտասարդ ծառաների մասին, բոլորի պես անխղճորեն վատաբանում էի ընդհանուր թշնամիներին, շատ ոգևորվելուն պես ձեռքերի կատակների, վիզ համբուրելուն էի անցնում։ Այս ամենն անելիս հոգուս մի մասի լռությունն ինձ սարսափելի ցավ էր պատճառում։ Բայց շուտով բառախաղերով սեփական և մյուս մարդկանց առնանդամները գրիչի, եղեգի, սրճարանի սյուների, տարբեր բաների, ապտակի, պռսասոխի, մինարեթի, շաքարապատ քաղցրեղենի, սոճու և երկու անգպմ էլ ամբողջ աշխարհին նմանեցնելը հաջողելուս պես մեր խոսակցության թեմա դարձած գեղեցիկ տղաների հետույքներն էլ թուրինջի, թզի, քադայըֆի և բարձի ու շատ փոքրիկ մրջնաբնի նմանեցնել էլ կարողացա։ Մինչդեռ այդ ընթացքում իմ տարեկից գրիչներից ամենահամառը սեփական գործիքը միայն համեմատեց նավի խողովակի, բեռնակրի ձեռնափայտի հետ, բայց շատ անփորձ և անվստահ ասաց։ Բացի այդ, ծեր նկարիչների չբարձրացող եղեգներին, նոր աշակերտների՝ բալագույն շրթունքների, փողերը (ինձ պես) մի տեղ (ամենաանշնորհք մի տեղ) թաքցնող գրիչ վարպետների, իմ խմած գինու մեջ վարդի թերթիկ, ոչ թե ափիոն գցվելու, այլ Թավրիզի և Շիրագի վերջին վարպետներին, Հալեպում առանց այդ էլ սուրճը և գինին խառնելուն և այնտեղի գրիչներին ու գեղեցիկ որդիներին էլ ծաղրեցի, բացահայտ կատակեցի։
 
Երբեմն իմ ներսի երկու հոգուց մեկն ի վերջո պարտվելով՝ մյուսին ստվերում է թողնում, երբեմն կարծում էի, որ այդ անձայն և անսեր կողմս կմոռանամ։ Այդ ժամանակ բոլորի հետ մեկտեղ իմ մանկության տոն օրերի արարողություններն էի հիշում։ Բայց չնայած այս բոլոր կատակներին, համբույրներին և գրկախառնություններին, ինձ բազմության մեջ միայնակ թողած այս լռությունն էլ կար ներսումս։
 
Ինձ միշտ կշտամբող, համայնքից հեռացնող այս լուռ ու դաժան հոգին (ջին էր, ոչ թե հոգի) ո՞վ էր դրել իմ մեջ։ Սատանա՞ն։ Բայց սատանայի ուզածը ոչ թե անշնորհքություններով, այլ հակառակը՝ իմ ներսի լռությունը կարծես ամենահիմար պատմություններով լցնելն էր։ Այդ հանգստությունը գտնելու համար երկու բաժակ գինու ազդեցության տակ երկու պատմություն պատմեցի։ Երկարահասակ, գունատ, բայց վարդագույն մաշկով գրչի աշակերտը կանաչ աչքերով նայելով իմ աչքերին՝ ուշադիր լսում էր։
 
 
'''ՆԿԱՐՉԻ ՀՈԳՈՒ ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԽԻԹԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏՄՎՈՂ ԿՈՒՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՃԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ'''
 
 
'''Այբ'''
 
Այլ ձիերի նայելով ձի նկարելը եվրոպացի վարպետները չեն հայտնագործել, ինչպես կարծում են, այլ քազվինցի մեծ վարպետ Ջեմալեթթինի միտքն էր ի սկզբանե։ Աքքոյունլու կառավարիչ Ուզուն Հասանի՝ Քազվինը գրավելուց հետո ծեր վարպետ Ջեմալեթթինը ոչ միայն հաղթանակած կառավարչի արվեստանոց մտավ, այլև նրանից հետո արշավանքների ելավ, ասաց, որ ցանկանում է սեփական աչքով տեսած պատերազմի տեսարաններով զարդարել իր «Պատմությունը»։ Այսպիսով, վաթսուներկու տարի առանց պատերազմ տեսնելու ձին, հեծյալը և պատերազմը պատկերող մեծ վարպետը առաջին անգամ պատերազմի գնացին, բայց առանց տեսնելու, թե ինչպես են քրտնած ձիերը բախվում միմյանց, թշնամու գնդակից անմիջապես կուրացավ և երկու ձեռքը դաստակից կտրվեց։ Իրական մեծ վարպետների պես մեծ վարպետը, որ կուրությանը սպասում էր որպես Ալլահի մեծ գթասրտություն, առանց ձեռքի մնալը մեծ դժբախտություն չէր համարում, ոմանց պնդումների համաձայն՝ նկարչի հիշողությունը ոչ թե ձեռքի, այլ մտքի և սրտի մեջ է, Աստծու նշած իրական նկարը և տեսարանները, իրական և անթերի ձիերը կուրանալուց հետո էլ կարելի է տեսնել։ Այս հրաշքները նկարչության սիրահարների հետ կիսելու համար երկարահասակ, գունատ, բայց վարդագույն երանգի մաշկով ու կանաչ աչքերով մի գրչի աշակերտ առավ և Աստծու մթության մեջ աչքերի առաջ երևացած հիանալի ձիերին նկարագրելով՝ պատվիրեց նրան պատկերել։ Վարպետի մահից հետո գեղեցիկ գրչի «Ձիերի նկարչությունը», «Ձիերի ընթացքը» և «Ձիերի սերը» անունով երեք հատորում հավաքած և այս երեք հարյուր երեք ձիերի նկարչության պատմությունը, մի շրջան Աքքոյունլուների ուժը զգացած երկրներում էր հայտնի դարձել, տարբեր նոր նկարներ և կրկնօրինակներ էին արվել, որոշ նկարներ աշակերտներն անգիր էին արել, օգտագործել էին որպես ուղեցույց, բայց Ուզուն Հասանի Աքքոյունլու պետության ոչնչացումից և Հերաթի նկարչության՝ ամբողջ երկրին տիրանալուց հետո մոռացվել էր։ Հերաթցի Քեմալեթթին Ռըզա Կույրն իր «Ձիեր» գրքում այս երեք գիրքը խիստ քննադատության ենթարկելով՝ պնդել էր, որ անհրաժեշտ է դրանք այրել, անկասկած, այս միտքն իր արձագանքը գտավ․ քազվինցի Ջեմալեթթինի երեք գրքի ձիերից ոչ մեկը Աստծու ձին չի կարող լինել, որովհետև ազնվական չեն, որովհետև ծեր վարպետը նրանց գոնե մեկ անգամ և գոնե կարճատև պատերազմի տեսարանում չէր պատկերել։ Զարմանալի է, որ Աքքոյունլու Ուզուն Հասանի գանձարանը, Ֆաթիհ սուլթան Մեհմեդի կողմից թալանվելով՝ Ստամբուլ է բերվել, այդ պատճառով այս երեք հարյուր երեք պատմությունից ոմանք երբեմն Ստամբուլում այլ գրքերում են հայտնվել, անգամ որոշ ձիեր հայտնվել են համապատասխան պատմությունների կողքին։
 
 
'''Լյուն'''
 
Հերաթում և Շիրազում վարպետ նկարչի՝ կյանքի վերջին շրջանում չափազանց շատ աշխատելու պատճառով կուրանալը միայն վարպետի վճռականության նշան չի կարող համարվել, միևնույն ժամանակ Աստծու՝ այս մեծ վարպետի աշխատանքի և տաղանդի փոխհատուցմամբ էր բացատրվում։ Այդ պատճառով մի շրջան Հերաթում չնայած տարիքին դեռ չկուրացած հին վարպետներին կասկածանքով էին նայում, այդ պատճառով մեծ վարպետները ծերանալով փորձում են կուրանալու ճանապարհ փնտրել։ Նրանցից ոմանք իրենք իրենց էին կուրացրել, ոմանք էլ միայն այն բանից հետո, երբ Թեմուրի, Միրան շահի տոհմից սերող թոռներից Էբու Սաիդը Թաշքենդը և Սամարղանդը գրավեց, նրա ստեղծած արվեստանոցում էին հարգանք գտել և իրենց համար նոր աշխարհ հայտնագործել։ Էբու Սաիդին ներշնչող ծեր վարպետ Քարա Վելին ասել էր, որ կույր նկարիչը մթության մեջ էլ կտեսնի Ալլահի ձիերին, իրական տաղանդն այն է, երբ տեսնող նկարիչն աշխարհին կույրի պես է նայում։ Նա վաթսունյոթ տարեկանում աչքերը մինչև վերջ բացած՝ բաց թղթին նայելով, առանց թուղթը տեսնելու և նրա մասին մտածելու՝ գրչի ծայրով թուղթը ծակելով սկսեց նկարել ձիուն։ Միրան շահն էլ լեգենդար վարպետին որպես օգնություն հրամայեց խուլ երաժշտասերների համար ուդ նվազելով՝ համր պատմիչների համար պատմություն պատմել։ Այս նկարչական արարողության ավարտին Քարա Վելիի նկարած հիանալի ձին մեծ վարպետի նկարած այլ ձիերի հետ երկար համեմատեցին, և անմիջապես պարզվեց, որ ոչ մի տարբերություն չկա։ Միրան Շահին անհանգստացնող այս իրավիճակի հետ կապված լեգենդար վարպետը կարող էր ասել, որ անգամ եթե տաղանդավոր նկարչի աչքերը փակ լինեն, ձիերին միշտ միայն մի ձևով՝ Աստծու տեսածի պես կարող է տեսնել։ Ըստ նրա՝ երբ խոսքը մեծ վարպետ լինելու մասին է, կույրի և տեսնողի միջև ոչ մի տարբերություն չկա. ձեռքը միշտ նույն ձին է նկարում, որովհետև այդ ժամանակ ոճ կոչվածը եվրոպական հայտնագործություն չէր։ Մեծ վարպետ Քարա Վելիի ձիերը, հարյուր տասը տարի բոլոր մուսուլման նկարիչների կողմից կրկնօրինակվել են, իսկ ինքը Էբու Սաիդի պարտությունից և արվեստանոցի փակումից հետո Սամարղանդից Քազվին գնալուց երկու տարի անց Ղուրանի «Կույրը և տեսնողը կարո՞ղ են համեմատվել» թեմայով հայաթը վատ նպատակներով մեկնաբանելու պատճառաբանությամբ սկզբում կուրացվեց, հետո երիտասարդ Նիզամ շահի հրամանով սպանվեց նրա զինվորների կողմից։
 
Վարպետ Օսմանից լսածս երրորդ պատմությունն էլ հավանաբար կպատմեի գեղեցիկ աչքերով գրչի աշակերտին, թե մեծ վարպետ Բեհզադն ինքն իրեն ինչպես է կուրացնում, Հերաթից երբեք չի ցանկանում հեռանալ, ինչպես են նրան ստիպողաբար Թավրիզ բերում և թե ինչու չի նկարում, ինչու չի դավաճանում իր արվեստանոցի ոճին, բայց մտածեցի պատմիչ էֆենդու մասին։ Որտեղի՞ց գիտեի, որ այս երեկո սատանայի պատմությունն է անելու։
 
— Առաջինը սատանան է ասել՝ ես,— ցանկացա ասել։— Սատանան է, որ ոճ ունի, Արևելքը Արևմուտքից բաժանողն էլ է սատանան։
 
Աչքերս կկոցելով՝ սատանային, ինչպես պատկերացնում էի, նկարեցի պատմիչի կոշտ թղթի վրա։ Մինչ ես նկարում էի, պատմիչը և նրա աշակերտը, մյուս նկարիչները, հետաքրքրասերները ծիծաղում էին, հրահրում ինձ։ Ձեր կարծիքով՝ ես իմ ո՞ճն ունեմ, թե՞ այս ամենը գինու պատճառով է։
Վստահելի
1318
edits