Changes
Այժմ բոլոր ժամանակները մեկն էին։ Կարծես ոչ ոք ինձ չէր տեսնելու, և իմ մտքերի թոշնելուց հետո ցեխերի մեջ ընկած գլուխս տարիներ շարունակ այս տխուր զառիթափին, քարե պատերին ու հեռվում անհասանելի թթենուն և շագանակենուն էր նայելու։ Այս անավարտ սպասումը հանկարծ այնպիսի ցավ պատճառեց և այնքան ձանձրալի թվաց, որ ցանկացա դուրս գալ այդ ժամանակից։
== 59. Ես Շեքուրեն եմ ==
Այն հեռու բարեկամի տանը, ուր Քարան մեզ ուղարկել էր թաքնվելու, անքուն գիշեր անցկացրի։ Հայրիյեի ու երեխաների հետ անկողնում պառկած մերթընդմերթ լսվող խռմփոցների ու հազի աղմուկի տակ ննջում էի, բայց անհանգիստ երազներիս մեջ տեսած տարբեր ոտքերից ու ձեռքերից կազմված տարօրինակ էակներն ու կանայք անընդհատ հետևում ու արթնացնում էին։ Առավոտվա կողմ ցրտից արթնանալով՝ ծածկեցի Շևքեթին ու Օրհանին, փաթաթվեցի, համբուրեցի գլուխները և լուսահոգի հորս տանը հանգիստ քնածս գեղեցիկ ժամանակների պես Ալլահին աղաչեցի ինձ երջանիկ երազ ուղարկել։
Բայց քնել չկարողացա։ Երջանիկ երազներս ասես իրականացան, երբ առավոտյան նամազից հետո փոքր ու մութ սենյակի պատուհանի արանքից փողոց նայելիս տեսա պատերազմներից ու վերքերից հոգնած ուրվականի պես մի մարդու, որը ձեռքին թրի պես փայտ էր բռնել ու ծանոթ քայլերով կարոտով մոտենում էր ինձ։ Երազներում այս մարդուն փաթաթվելիս արցունքների մեջ էի արթնանում։ Հասկանալով, որ փողոցի մարդը արնաշաղախ Քարան է, երազներում կոկորդիցս դուրս չեկող բղավոց ելավ։ Վազեցի, դուռը բացեցի։
Դեմքը ծեծից ուռել էր, կապտել։ Քիթը վնասվել էր, արյունոտ ուսից մինչև վիզը հսկայական վերք կար։ Վերնաշապիկի վերևի մասը, ամենուր կարմիր էր։ Իմ երազների ամուսնու պես ի վերջո տուն վերադառնալու համար ժպտում էր ինձ։
― Ներս անցիր,― ասացի ես։
― Երեխաներին կանչիր,– ասաց նա։― Տուն ենք վերադառնում։
― Դու չես կարող տուն վերադառնալ։
― Արդեն պետք չէ վախենալնրանից,― ասաց նա։― Աջեմ Վելիջան էֆենդին էր։
― Զեյթինը...,― ասացի ես։– Սպանեցի՞ր խեղճին։
― Քադըրգայից գնացող նավով փախավ Հնդկաստան,– ասաց նա ու քանզի գիտեր, որ գործը ավարտին չի հասցրել, աչքերը փախցրեց։
― Մինչև տուն կկարողանա՞ս քայլել,– ասացի ես։― Թող ձի տան քեզ։
Զգացի, որ տուն վերադառնալուն պես մահանալու է ու խղճացի նրան։ Ոչ միայն մահվան պատճառով, այլ որովհետև երբեք երջանիկ չէր եղել։ Այս օտար տանը մահանալու ցանկություն չունենալը, իրականում այս սարսափելի վիճակում, առանց որևէ մեկին տեսնելու վերանալու ցանկությունը աչքերի տխրությունից ու մթությունից էի հասկանում։ Նրան դժվարությամբ ձի նստեցրին։ Կապոցներն առած՝ ետնաբակերով անցնելիս երեխաները սարսափից չէին կարողանում նայել ձի նստած Քարայի դեմքին։ Բայց միևնույն է, դանդաղ ընթացող ձիու վրա նստած՝ Քարան կարողացավ նրանց պատմել, թե ինչպես բացահայտեցին իրենց պապին սպանած ստոր մարդասպանին, նրա հետ ինչպես թրով կռվեցին։ Տեսնում էի, որ մի քիչ ընդունել են նրան. Ալլահին աղաչեցի, որ Քարան չմահանա։
Տուն վերադառնալուն պես Օրհանն այնպիսի ուրախությամբ բղավեց՝ տո՜ւն եկանք, որ այդ պահին հասկացա՝ Ազրաիլը մեզ խղճաց, Ալլահը դեռ մեզ ժամանակ տվեց։ Բայց քանի որ անհայտ է, թե մեծ Ալլահն ում ինչու է կյանք շնորհում և երբ է խլում, շատ հույս չունեի։ Քարային դժվարությամբ ձիուց իջեցրինք, միասին բարձրացրինք վերև, տանելով հորս կապույտ դռնով սենյակը պառկեցրինք։ Հայրիյեն ջուր եռացրեց, բերեց։ Մաշկին կպած արյունոտ վերնաշապիկը, գոտին, կոշիկները, ներքնազգեստը, մինչև վարտիքը ամեն ինչ Հայրիյեի հետ պատռելով, մկրատով կտրելով՝ հանեցինք։ Պատուհանները բացեցինք, և այգու ճյուղերի վրա խաղացող փափուկ ձմեռային արևն ընկավ սենյակ ու կժերից, կաթսաներից, խեժի տուփերից, թանաքամաններից, ապակու կտորներից և սրիչներից արտացոլվելով՝ Քարայի մահվան գույն մաշկն ու բալի և մսի գույն վերքերը լուսավորեց։
Տաք օճառաջրում թաթախած շորով Քարայի մարմինը թանկարժեք ու հին գորգի պես՝ ուշադիր, ասես որդիներիցս մեկին նայելով՝ սիրով ու խնամքով մաքրեցի։ Առանց դեմքի կապտուկներին դիպչելու, առանց գրգռելու քթանցքի կտրվածքները՝ ուսի սարսափելի վերքը բժշկի պես մաքրեցի։ Ինչպես անում էի երեխաներիս, երբ փոքր էին, և մաքրում էի, և հիմար խոսքեր մրմնջում։ Կրծքին, թևերին էլ կտրվածքներ կային։ Ձախ ձեռքի մատների վրա կծածի կապտուկներ կային։ Երբ ձեռքիս կտորներով մարմինը մաքրում էի, նրանք արյունով էին ծածկվում։ Հպվեցի կրծքին, ձեռքովս զգացի որովայնի փափկությունը, երկար նայեցի նրա բանին։ Ներքևից՝ բակից, երեխաների ձայնն էր գալիս։ Ինչո՞ւ են որոշ գրողներ այն եղեգ անվանում։
Լսելով, որ թարմ լուր բերող ուրախ ձայնով և խորհրդավոր ոճով Էսթերը խոհանոցում Է, իջա ներքև։
Էսթերն այնքան հուզված էր, որ առանց ինձ փաթաթվելու և համբուրելու՝ պատմեց. Զեյթինի գլուխն արվեստանոցի դռան մոտ՝ մեղքերն ապացուցող նկարներով և կապոցով էր հայտնաբերվել։ Հնդկաստան էր փախչելու, բայց վերջին անգամ ցանկացել էր արվեստանոց գնալ։ Այն, որ մարդասպանի հետ հաշվեհարդար են տեսել, նախ ինձ ազատեց վախերից։ Զգացի նաև, որ վրեժը մարդուն հաճելի հանգստություն և արդարության զգացում է տալիս։ Ինձ այդ պահին հետաքրքրեց, թե հայրս ինչ է զգում, և հանկարծակի ամբողջ աշխարհն ինձ համար դարձավ դռները բաց անհամար սենյակներով պալատ։ Մի սենյակից մյուսը միայն հիշելով ու երազելով էինք կարողանում անցնել, բայց մեզնից շատերը ծուլությունից միևնույն սենյակում էին սպասում։
― Մի՛ արտասվիր, սիրելի՛ս,― ասաց Էսթերը։― Տես, ամեն ինչ ի վերջո լավ ավարտվեց։
Նրան չորս ոսկի տվեցի։ Մեկ առ մեկ բերանը գցելով՝ կրքով ու ցանկությամբ, բայց անփորձ մարդու պես կծեց։
― Ամենուր վենետիկցի անհավատի կեղծ ոսկիներն են,– ժպտալով ասաց նա։
Երբ նա գնաց, Հայրիյեին ասացի, որ երեխաներին վերև չթողնի։ Բարձրացա վերև, դուռը կողպեցի, Քարայի մերկ մարմնին ցանկությամբ մոտեցա և խեղճ հորս սպանության գիշերը կախված հրեայի տան նրա ուզածը կատարեցի՝ ավելի շատ հետարքրքությունից դրդված, քան ցանկությունից, ավելի շատ ուշադրությամբ, քան թե վախով։
Չեմ կարող ասել, որ հասկացել եմ, թե դարեր շարունակ ինչու են իրանցի բանաստեղծներն այդ գործիքը գրիչի նմանեցրել, իսկ մեր՝ կանանց բերանը թանաքամանի, այս անգիր արված, անընդհատ կրկնվող, մոռացված էությամբ համեմատությունների ետևում ինչ կա՝ բերանի փոքրությո՞ւնը, թանաքամանի խորհրդավոր լռությո՞ւնը, Ալլահի՝ նկարիչ լինե՞լը, չեմ կարող ասել։ Հավասարար սերը ոչ թե իրեն պաշտպանելու համար անընդհատ ուղեղն աշխատեցնող ինձ պես մեկի տրամաբանությամբ, այլ անտրամաբանությամբ ուղղորդվող բան է։
Այդ դեպքում ձեզ մի գաղտնիք բացեմ․ այնտեղ մահվան հոտով այդ սենյակում իմ արածից ոգևորություն չէի ապրում, ինձ ոգևորողը, այդտեղ այդպես ասես ամբողջ աշխարհն իմ բերանի մեջ զգալիս բակում միմյանց հայհոյելով հրմշտող որդիներիս ուրախ ծլվլոցը լսելն էր։ Այդ ժամանակ, երբ բերանս այլ գործով էր զբաղված, աչքերս տեսան, որ Քարան դեմքիս լրիվ այլ հայացքով է նայում։ Ասաց, որ դեմքս, բերանս երբեք չի մոռանա։ Նրա մաշկից հորս հին գրքերի պես բորբոսնած թղթի հոտ էր գալիս, մազերի մեջ գանձարանի սենյակի փոշու և կտորի հոտն էր ներծծվել։ Ինձ կորցնելով՝ նրա վերքերին, ուռած մաշկին, կտրվածքներին էի դիպչում, նա էլ երեխայի պես տնքում էր, աստիճանաբար հեռանում մահից, այդ պահին հասկանում էի, որ նրան ավելի շատ եմ կապվում։ Քամուց ուռչող առագաստներով նավի պես աստիճանաբար արագ սիրով զբաղվելուց հետո այդ ծանր առագաստանավը խիզախորեն ճանապարհ ընկավ դեպի անհայտ ծովեր։
Քարան այս ծովերում ով գիտի որ անշնորհք կանանց հետ էր շրջել, մահվան մահճում անգամ ղեկը կարողանում էր կառավարել։ Երբ չէի հասկանում՝ համբուրածս ձեռքը իմն է, թե նրանը, բերանս տարած մատը նրանն է, թե իմը, իմ ամբողջ կյանքը, այդ վերքերից ու հաճույքից կիսով չափ հարբած՝ աշխարհն ուր է գլորվում, նա երբեմն հաղթական ձեռքերի մեջ առնելով, ասես մի նկարի նայելով՝ նայում էր դեմքիս, անմիջապես հետո այնպես էր նայում, ինչպես մինգերացի մարմնավաճառի դեմքին կնայեն։
Հաճույքի պահին Իրանի և Թուրանի բանակների՝ միմյանց բախվող, թրով երկու կես լինող լեգենդար հերոսների պես այնպես բղավեց, որ վախեցա, թե ամբողջ թաղամասում կլսվի։ Բայց քանի որ գիտեր՝ ամեն ինչ Ալլահի ձեռքում է, ներշնչանքի ամենաբարձր պահին ամբողջ էջի հզորությունը և ոճն իմացող իսկական վարպետ նկարչի պես Քարան էլ ամենաոգևորված պահին անգամ միշտ փորձում էր հասկանալ, թե աշխարհում մեր տեղը որն է։
― Կասես՝ ձեր հոր վերքերին բուժիչ դեղ էի քսում,– շնչակտուր ասաց նա։
Այս խոսքը կյանքի և մահվան, արգելվածի և դրախտի, հուսահատության և ամոթի միջև ոչ միայն մեր սիրո գույնը ստեղծեց, այլև դարձավ նրա պատճառաբանությունը։ Դրանից հետո քսանվեց տարի, այսինքն՝ մինչև մի առավոտ ջրհորի կողքին ընկնելով՝ մահանալը, իմ սիրելի ամուսին Քարայի հետ միշտ ցերեկը պատուհանից սենյակ ընկնող արևի լույսի տակ առաջին տարիներին Շևքեթի և Օրհանի ձայները լսելիս սեր արեցինք և դա միշտ «վերքերին դեղ քսել» կոչեցինք։ Այսպիսով, կոպիտ ու տխուր հոր պահանջներից և նախանձից տառապել չցանկացող խանդոտ որդիներս կարողացան շարունակել գիշերն ինձ հետ նույն անկողնում քնել։ Բոլոր խելացի կանայք գիտեն, որ երեխաների փաթաթված քնելը կյանքից տառապած, ճնշված ամուսնուն փաթաթված քնելուց շատ ավելի գեղեցիկ է։
Մենք՝ ես և երեխաներս, երջանիկ էինք, բայց Քարան՝ ոչ։ Դրա պատճառն այն էր, որ ուսի և վզի վերքերը երբեք ամբողջովին չանցան, իմ սիրելի ամուսինը, ինչպես երբեմն մյուսներն էին ասում՝ «հաշմանդամ» մնաց։ Այս հաշմանդամությունը նրա կյանքը միայն արտաքինի առումով չէր բարդացրել։ Անգամ նրան հեռվից տեսնելով՝ գեղեցիկ համարող կանանց էլ եմ հանդիպել։ Բայց Քարայի աջ ուսը միշտ կախված, տարօրինակ ձևով ծուռ մնաց։ Երբեմն ինձ հասնում էին նաև այնպիսի բամբասանքներ, ինչպես օրինակ՝ ինձ պես կինը կարող էր միայն իրենից ավելի ցածր խավի մեկի հետ ամուսնանալ, որ Քարայի դժբախտության պատճառ հաշմանդամությունը մեր երջանկության գաղտնիքն է դարձել։
Ինչպես ամեն բամբասանքի մեջ, այստեղ էլ ճշմարտության մասնիկ կար երևի։ Բայց ինչպես Էսթերն է միշտ ասում, ամենագեղեցիկ ձիու վրա ուղիղ նստելով՝ ծառաներով, մատուցողուհիներով և մատուցողներով շրջապատված Ստամբուլի փողոցներով չկարողացա անցնել, դա ինձ թերության ու աղքատության զգացում տվեց, բայց հենց այդ պատճառով աշխարհին հաղթական նայող առյուծի պես ամուսնու կարիք էի զգում։
Ինչն էլ որ լինի պատճառը, Քարան միշտ տխուր էր։ Շատ հաճախ հավատում էի, հոգու մի գաղտնի անկյունում, սեր անելու ամենաերջանիկ պահերին անգամ նրան տխրեցնող ջին է հայտվում։ Այդ ջինին հանգստացնելու համար երբեմն գինի էր խմում, երբեմն գրքի նկարներին նայելով՝ հետաքրքրվում էր նկարչությամբ, երբեմն էլ նկարիչների էր հանդիպում և նրանց հետ ընկնում գեղեցկադեմ տղաների ետևից։ Նկարիչների, գրիչների և բանաստեղծների հետ երկիմաստ բառերի, բազմանշանակ խոսքերի, համեմատությունների, փոխաբերությունների, գեղեցիկ տղաների և շողոքորթության խաղերով զվարճանալու շրջաններ ունեցավ, ապա կարողացավ նաև ծառայության մտնել Էղրի Սուլեյման փաշայի մոտ որպես քարտուղար և ունեցավ նաև շրջաններ, երբ պալատական քարտուղարության միջոցով կարողացավ ամեն ինչ մոռացության տալ։ Մանրանկարչության և նկարչության հանդեպ սեր ունեցող մեր սուլթանը չորս տարի անց մահացավ, գահ բարձրացած սուլթան Մեհմեդն այդ գործերով չէր հետաքրքրվում, նկարչությունը նրա համար բացահայտ տոնվող հաճույքից վերածվեց փակ դռներից այն կողմ միայնակ ապրվող գաղտնիքի։ Երբեմն լուսահոգի մորիցս մնացած գրքերից մեկն էր բացում, դեռ Թեմուրի որդու ժամանակներում Հերաթում արված մի նկարի, այո, Շիրինի՝ Խոսրովի նկարին նայելով սիրահարվելուն էր նայում։ Հիմա դրան ոչ թե որպես պալատական երջանիկ խաղի պես էր նայում, այլ հուշերի մեջ մնացած քաղցր գաղտնիքի պես՝ մեղքի զգացումով և տխրությամբ։
Գահ բարձրանալու երրորդ տարում անգլիացի թագավորը մեր սուլթանին փուքսերով երաժշտական գործիք ունեցող հիանալի ժամացույց էր ուղարկել։ Այդ հսկա ժամացույցը և պատվիրակության համար Սնգլիայից եկած նավից դուրս բերվող մասերը, մեխանիզմը, նկարները, արձանները սուլթանական այգու՝ նեղուցին նայող լանջին շաբաթներով հավաքեցին։ Դիտելու համար նեղուցին մոտ բլուրներին կիտված և նավակներով եկող բազմությունը զարմանքով ու հիացմունքով տեսավ, թե ինչպես է հսկայական ժամացույցն աղմկոտ սարսափելի երաժշտությամբ աշխատում, մարդու մեծության արձանները, նկարներն ինչպես են իրար շուրջ բազմանշանակ, նուրբ և իմաստալից շարժումներով պտտվում, կարծես «ոչ թե մարդն է այն ստեղծել, այլ Ալլահը, և թե ինչպես է ժամացույցը զանգի հարվածներով ամբողջ Ստամբուլին հայտնում, թե ժամը քանիսն է։
Քարան ու Էսթերն ինձ առանձին֊առանձին պատմեցին, թե Ստամբուլի բազմության և հիմարների մեջ անհանգստության ինչպիսի ալիք է բարձրացել, ասում էին, որ այդ ժամացույցի միջոցով անհավատները փորձել են իրենց ուժը ցույց տալ։ Քանի որ նման բամբասանքները շատացան, մի օր լսեցինք, որ սուլթան Ահմեդը մի կեսգիշերի Ալլահի շնորհած ներշնչանքով քնից արթնանալով՝ թուրը վերցրել է, Հարեմից անցնելով սուլթանական այգի՝ ժամացույցն ու արձանները փշրել։ Լուրն ու բամբասանքները հասցնողներն ասում էին, որ մեր սուլթանը քնի մեջ մեր մարգարեի սուրբ դեմքը լույսի մեջ է տեսել, Ռեսուլուլլահը նրան զգուշացրել է, որ եթե շարունակի հավատալ դիմանկարներին, Ալլահի արարած էակի հետ մրցի, հասարակության հիացմունքն առաջացնի, ապա Ալլահի հրամաններից կհեռանա, նաև ավելացնում էին, որ մեր սուլթանը թուրը դեռ երազի մեջ է ձեռքը վերցրել։ Մեր սուլթանն էլ իրադարձությունն իր վարքի մեջ մոտավորապես այսպես է հրամայել գրել։ Այդ գիրքը Զուբդեթ-ութ Թեվարիհին գրիչներին քսակներով ոսկի տալով՝ պատրաստեց, բայց իր նկարիչներին չհրամայեց նկարել։
Իրանից ներշնչվելով՝ Ստամբուլում մի դար շարունակ բացվող մանրանկարչության և նկարչության ոգևորության կարմիր վարդն էլ ահա այսպես թառամեց։ Նկարիչների միջև կռիվները, անավարտ խնդիրներ ստեղծող հերաթցի հին վարպետներն ու եվրոպացի վարպետների ոճերի բախումը երբեք ավարտ չունեցան։ Որովհետև նկարը և արևելցիներից, և արևմուտքցիներից մոռացվեց, նկարիչները չզայրացան ու չապստամբեցին, հիվանդությունն անձայն ընդունող ծերունիների պես դանդաղ ու համեստ՝ ընդունեցին ապավինման և տխրության իրավիճակը։ Մի ժամանակ հիացմունքով էին հետևում հերաթցի, թավրիզցի մեծ վարպետների աշխատանքով, և նախանձի ու ատելության միջև տատանվելով՝ ոչ հետաքրքրվում էին, ոչ էլ պատկերացնում, թե նոր ոճեր ձեռք բերած եվրոպացի վարպետներն ինչ են անում։ Կարծես գիշերները տների դռները փակեցին և քաղաքի խավարում նկարը մենակ մնաց։ Դաժանորեն մոռացվեց, որ մի ժամանակ աշխարհն այլ տեսք ուներ։
Ափսոս, որ հորս գիրքն ավարտին չհասավ։ Էջերն այն վայրից, ուր Հասանը նետել էր, տարան գանձարան, այնտեղ էլ հմուտ ու բծախնդիր գրադարանավարի կողմից արվեստանոցի այլ անանուն նկարների հետ մեկտեղ կազմավորվելով՝ դրվեցին տարբեր թղթապանակների մեջ։ Հասանը Ստամբուլից փախչելով՝ կորավ, այլևս նրա մասին ոչինչ չիմացա։ Բայց Շևքեթն ու Օրհանը երբեք չմոռացան, որ հորս սպանողին սպանել է ոչ թե Քարան, այլ իրենց հորեղբայրը։ Կուրանալուց երկու տարի անց մահացած վարպետ Օսմանի փոխարեն Լեյլեքը դարձավ գլխավոր նկարիչ։ Լուսահոգի հորս տաղանդի երկրպագու Քելեբեքն էլ կյանքի մնացած տարիներն անցկացրեց գորգ, կտոր և վրան ներկելու պես գործերով։ Արվեստանոցի երիտասարդ ծառայողներն էլ հետևեցին այդ ճանապարհով։ Ոչ ոք նկարչությունից հեռանալը չդիտեց որպես մեծ կորուստ։ Գուցե որովհետև ոչ ոք իրավացի չէր համարում դիմանկարներ անելը։ Ես ամբողջ կյանքում երկու նկար ցանկացա, բայց ոչ ոքի չխոստովանեցի։
1. Ուզում էի սեփական նկարս ունենալ, բայց որքան էլ ջանային, գիտեի, որ չէին կարողանա դա անել, որովհետև եթե անգամ տեսնեն իմ գեղեցկությունը այնպես, ինչպես կա, սուլթանի նկարիչներից ոչ մեկը առանց կնոջ աչքերը և շրթունքները չինացիների պես նկարելու, ցավոք սրտի, չի կարողանա հավատալ կնոջ գեղեցկությանը։ Եթե ինձ հերաթցի հին վարպետների պես որպես մի չինացի գեղեցկուհի պատկերեն, գուցե նկարս տեսնողներն ինձ ճանաչեն։ Բայց մեզնից հետո եկողները եթե անգամ հասկանային, որ իմ աչքերը շեղ չեն, երբեք չէին կարող հասկանալ իմ դիմագծերը։ Եթե այսօր՝ որդիներիս մխիթարանքով անցկացրածս ծերության տարիներիս երիտասարդ տարիքում արված նկար լիներ, որքան երջանիկ կլինեի։
2. Իրանցի բանաստեղծ Սարը նազըմի մի մեսնեվիում հիշատակվածը՝ երջանկության նկարը կցանկանայի։
Շատ լավ գիտեմ, թե այն ինչպես պետք է պատկերվի։ Կցանկանայի, որ մոր նկար լինի, երկու երեխա գրկին ժպտալով պահած, կրծքով կերակրած փոքրիկ, այդ մոր մեծ կուրծքը երջանկությամբ ժպտալով ուտելիս մի քիչ նախանձող մեծ եղբոր և մոր աչքերի՝ միմյանց նայելը կցանկանայի։ Ե՛վ որ ես լինեմ այդ նկարի մայրը, և՛ որ այդ նկարը թռչնի պես երկնքում ճախրի, և երկնքում հավերժորեն կախված մնալով՝ ժամանակը կանգնեցնող հերաթցի հին վարպետների ոճով նկարվի։ Գիտեմ, հեշտ չէ։
Փորձելով ամեն ինչ հասկանալ՝ իմ անխելք որդի Օրհանը, հիշելով, որ ժամանակը կանգնեցնող հերաթցի վարպետներն ինձ պես երբեք չեն կարող նկարել, որ որդուն գրկող գեղեցիկ մայրերի նկարներն անընդհատ նկարող եվրոպացի վարպետները ժամանակը չեն կարող կանգնեցնել, տարիներ շարունակ ինձ ասաց, որ իմ երջանկության նկարն իրականություն չի դառնալու։
Գուցե իրավացի էր։ Մարդն իրականում ոչ թե երջանկության նկարի ժպիտը, այլ կյանքի երջանկությունն է փնտրում։ Նկարիչները գիտեն դա, բայց ահա չեն կարողանում նկարել։ Այդ պատճառով կյանքի երջանկության փոխարեն տեսնելու երջանկությունն են պատկերում։
Այդ պատմությունը պատմեցի Օրհանին, որովհետև դա անհնար է նկարել, բայց գուցե հնարավոր է գրել։ Հասանի և Քարայի՝ ինձ ուղարկած նամակները, խեղճ Զարիֆ էֆենդու հագուստներից ելած, լղոզված թանաքով ձիերի նկարները առանց ամաչելու նրան տվեցի։ Ինչպես միշտ նյարդային, բարդ բնավորությամբ ու տխուր էր և չէր վախենում անարդար վարվել այն ամենի հանդեպ, ինչը չէր սիրում։ Այդ պատճառով, եթե Քարային իրականից ավելի շփոթված, մեր կյանքը՝ ավելի ծանր, Շևքեթին՝ ավելի վատ, և ինձ՝ ավելի գեղեցիկ ու անշնորհքաբար պատմի, հանկարծ չհավատաք Օրհանին։ Որովհետև չկա այնպիսի սուտ, որին նա չի դիմի միայն պատմությունը գեղեցկացնելու համար։
::::'''1990-92, 1994-98'''