Changes
==ԸՆԿԵՐՆԵՐ==
Ինձ համար շատ երկար ու շատ ծանր մտածումների առարկայ են եղել այս խնդիրները։ Տարակոյս չունեմ, որ նոյնը եւ ձեզ համար։ Չգիտեմ միայն, թե արդեօք, դո՞ւք էլ յանգել եք նոյն եզրակացութիւններին։ Վախենում եմ թէ՝ ոչ։ Աւելին ասեմ. վախենում եմ թէ իմ վերջի եզրակացութիւնը — այն շատ դժար արտասանելի խօսքը, որ ես խղճի մտօք պիտի ասեմ այստեղ — վախենում եմ թէ այդ խօսքը ընդհանուր վրդովմունք, գուցե եւ զայրույթ առաջ բերէ Խորհրդաժողովի մէջ։
Դրան պատրաստ եմ ես։
Խնդրում եմ միայն հաւատաք՝ ա) որ ինձ համար ավելի ծանր էր գրել ու ստորագրել այդ խօսքը, քան ձեզ համար՝ լսել այն իմ բերանից. բ) որ թեթեւամտութեան կամ փոքրհոգութեան, անցողակի տրամադրութիւնների կամ եզրակացութիւններիարդիւնք չէ այդ խօսքը, այլ ծոր համոզմունքի ու խոր գիտակցութեան,— այնչափ, իհարկէ, որչափ ընդունակ եմ ես գիտակցելու ու ըմբռնելու դրութիւնը, դատելու, գնահատելու եւ ընտրութիւն անելու։
Ապա շատ խնդրում եմ մի քիչ համբերատար լինէք ու աշխատէք մօտենալ հարցերին անկաշկանդ մտքով — մի բան, որ՝ այնքան էլ հեշտ չէ կուսակցական կեանքով ապրող ու կուսակցօրեն մտահոգ մարդկանց համար։
Ներեցէք խնդիրիս անվայելչութիւնը։ Ուրիշ պարագաների մէջ այս կարգի խօսքերը կլինէին աւելորդ ու անտեղի. բայց զեկուցմանս բացառիկ բովանդակութիւնը հարկադրում է ինձ ու իրաւունք տալիս՝ կոչ անելու ձեր կատարեալ լայնամտութեան ու պարտաճանաչութեան գերագոյն գիտակցութեան։
* * *
Անցնում եմ նիւթիս։
Եզրակացութիւններս լայնօրեն հիմնաւորելու համար մեծ կարիք եմ զգում թարմացնելու ձեր յիշողութեան մէջ՝ մի քիչ հանգամանքօրեն՝ հայ քաղաքական դատի ապրած փուլերը — Մեծ պատերազմից սկսած մինչեւ Լօզանի կօնֆերանսը — ու Հ.Յ. Դաշնակցութեան կատարած դերը այդ շրջանում։ Բայց վախենում եմ, թէ ի չարը գործադրած լինեմ