Մայրական փաղաքշանքի նոր զեղումը հանդիսացավ գորշուկի պարգևը։ Մայրն ավելի ուրախացավ, քան որդին։ Նա քթով հեշտությամբ շրջում էր ձագին, լիզում նրա վերքերը։ Հետո էլ երկուսով արնախում աքիսին բաժանեցին իրար մեջ, կերան, վերադարձան քարայր ու պառկեցին քնելու։
== Գլուխ V։ Որսի օրենքը ==
Ապշեցուցիչ արագությամբ էր զարգանում գորշուկը։ Երկու օր նա հանգստացավ, ապա նորից մեկնեց ուղևորության։ Այս անգամ նա հանդիպեց փոքրիկ աքիսին, որի մայրը հոշոտվել էր իր օգնությամբ, և հոգ տարավ, որ ձագն էլ մեկնի մոր հետևից։ Բայց հիմա նա արդեն չմոլորվեց և երբ հոգնեց, անձավի ճամփան գտավ ու պառկեց քնեց։ Դրանից հետո գորշուկը ամեն օր ելնում էր զբոսնելու և ամեն անgամ ավելի հեռուն էր գնում։
Նա վարժվեց ճիշտ համաչափել իր ուժն ու թուլությունը՝ հաշվի առնելով, թե երբ պետք է խիզախություն ցուցաբերի, իսկ երբ զգուշություն։ Պարզվեց, որ զգույշ պետք է լինել միշտ, բացի այն հազվագյուտ դեպքերից, երբ սեփական ուժերին վստահ լինելը թույլատրում է ազատություն տալ վայրազությանն ու ագահությանը։
Կաքավներին հանդիպելիս գորշուկն իսկական դև էր դառնում։ Ճիշտ այդպես էլ նա առիթը բաց չէր թողնում կատաղի մռնչոցով պատասխանելու սկյուռի ճտճտոցին, որին առաջին անգամ պատահեց չորացած սոճու մոտ։ Եվ թռչունի հենց միայն տեսքը, որ հիշեցնում էր իր քիթը կտցահարողին, համարյա ամեն անգամ կատաղեցնում էր նրան։
Բայց լինում էր նաև այնպես, որ գորշուկը ուշք չէր դարձնում անգամ թռչուններին, և դա պատահում էր այն ժամանակ, երբ իրեն սպառնում էր այլ գիշակերների հարձակումը, որոնք հենց իր նման ման էին գալիս ի խնդիր որսի։ Գայլի ձագը չէր մոռացել բազեին և հենց որ տեսնում էր խոտի վրայով սահող նրա ստվերը, հեռանում թաքնվում էր թփերի մեջ։ Քայլելիս նրա թաթերը այս ու այն կողմ չէին թեքվում, նա արդեն մորից ընկալել էր նրա թեթև, անշշուկ քայլքը, որի արագությունը աչքի համար նկատելի չէր։
Գալով որսին, նրա հաջողությունը վերջացավ հենց առաջին օրից, կաքավի յոթ ճուտիկները և աքիսի ձագը, ահա գորշուկի ամբողջ որսը։ Բայց սպանելու ծարավը ամրանում էր նրա մեջ, և նա փայփայում էր այն երազը, թե մի օր էլ կբռնի սկյուռին, որը իր ճտճտոցով ծանուցում էր անտառի բոլոր բնակիչներին, թե մոտենում է գորշուկը։ Բայց սկյուռը նույնպիսի հեշտությամբ ծառերն էր բարձրանում, ինչպիսի հեշտությամբ թռչուններն էին օդում թռչում, և գորշուկին մնում էր միայն մի բան՝ աննկատելիորեն մոտենալ նրան, երբ նա գետնի վրա լինի։
Գորշուկը խոր հարգանք էր տածում իր մոր հանդեպ։ Սա կարողանում էր միս ճարել և երբեք չէր մոռանում բերել որդուն նրա բաժինը։ Ավելին․ մայրը ոչ մի բանից չէր վախենում։ Ձագի մտքով էլ չէր անցնում, որ այդ անվեհերությունը փորձի ու գիտելիքի արգասիք է։ Նա կարծում էր, թե անվեհերությունը ուժի արտահայտություն է։ Մայրը ուժի մարմնացումն էր, և աճելու հետ նա զգաց այդ ուժը թե՛ նրա թաթի ավելի խիստ հարվածներից և թե՛ այն բանից, որ այժմ վայրագ խածումները փոխարինեցին քթի այն հրումներին, որոնցով մայրը առաջ պատժում էր նրան։ Սա նույնպես հարգանք ներշնչեց նրան մոր հանդեպ։ Մայրը հնազանդություն էր պահանջում նրանից, և որքան ավելի էր նա աճում, այնքան վայրագ էր դառնում մոր վերաբերմունքը ձագի հանդեպ։
Նորից վրա հասավ քաղցը, և հիմա գորշուկը արդեն միանգամայն գիտակցաբար էր զգում դրա տանջանքները։ Մայր գայլը բոլորովին նիհարեց որս որոնելուց։ Համարյա ամբողջ ժամանակն անցկացնելով որսորդությամբ, այն էլ մեծ մասամբ անհաջող, նա հազվադեպ էր գալիս անձավ քնելու։ Այս անգամ քաղցը թեև երկար չտևեց, բայց սարսափելի էր։ Գորշուկը ոչ մի կաթիլ կաթ չէր կարող ծծել մոր պտուկներից, իսկ միս վաղուց չէր ընկնում նրա ճանկը։
Առաջ նա որս էր անում զվարճանալու համար, ի սեր այն հաճույքի, ինչ որսն է պատճառում․ իսկ հիմա իսկապես ձեռնամուխ եղավ դրան, բայց և այնպես բախտը չէր բանում։ Սակայն անհաջողությունները նպաստում էին միայն գորշուկի զարգացմանը։ Նա ավելի ջանախնդիր կերպով էր ուսումնասիրում սկյուռի սովորույթները և ավելի մեծ ջանք թափում աննկատելիորեն նրան մոտենալու համար։ Հետամուտ էր լինում դաշտամկներին և սովորեց փորել ու հանել նրանց իրենց բներից։ Շատ նոր բաներ իմացավ փայտփորիկի և այլ թռչունների մասին։ Եվ ահա եկավ այն ժամանակը, երբ գորշուկն արդեն չէր թաքնվում թփերի մեջ, երբ տեսնում էր բազեի ստվերը գետնի վրայով սահելիս։ Նա դարձավ ավելի ուժեղ ու փորձված, մեծ վստահություն զգաց իր մեջ։ Բացի դրանից, քաղցր կատաղեցրեց նրան։ Հիմա նա նստում էր բացատի կենտրոնում, ամենաաչքի ընկնող տեղն ու սպասում, թե բազեն երբ կիջնի իր մոտ։ Այնտեղ՝ նրա գլխավերևում, կապուտակ երկնքում, թռչում էր ուտելիքը, այն ուտելիքը, որ այնքան համառորեն պահանջում էր իր փորը։ Սակայն բազեն հրաժարվում էր մարտն ընդունել, և գորշուկը քաշվում էր թավուտը՝ հիասթափությունից ու քաղցից լալագին նվալով։
Քաղցը վերջացավ։ Մայր գայլը միս բերեց տուն։ Անսովոր էր այդ միսը՝ բոլորովին նման չէր այն մսին, որ առաջ բերում էր։ Լուսանի ձագ էր դա՝ արդեն մեծացած, բայց ոչ այնպես խոշոր, ինչպես գորշուկը։ Եվ ամբողջ միսը հատկացված էր գորշուկին։ Մայրն արդեն կարողացել էր հագեցնել իր քաղցը, թեև որդին չէր էլ կասկածում, որ դրա համար պետք էր եղել լուսանի ամբողջ սերունդը։ Նա չէր կասկածում և այն, թե ինչքան օրհասական մի արարք էր ստիպված եղել կատարել մայրը։ Գորշուկը միայն այն էր իմանում, որ թավշանման մորթիով փոքրիկ լուսանը միս էր և ուտում էր այդ միսը՝ մեծ հաճույք ստանալով կուլ տված յուրաքանչյուր կտորից։
Կուշտ փորը հանգստի է տրամադրում, և գորշուկը պառկեց անձավում՝ մոր կողքին ու քնեց։ Արթնացավ մոր ձայնից։ Գորշուկը դեռ երբեք այդպիսի ահավոր մռնչյուն չէր լսել։ Հնարավոր է, որ մայրը ամբողջ կյանքում երբևէ ավելի զարհուրելի չէր մռնչացել։ Բայց այդպես մռնչալու համար առիթ կար, և ոչ ոք ավելի լավ չէր իմանում դա, քան ինքը՝ էգ գայլը։ Չի կարելի անպատիժ կերպով ոչնչացնել լուսանի սերունդը։
Միջօրեի արևի վառ շողերի մեջ գորշուկը տեսավ էգ լուսանին անձավի մուտքի մոտ գետնին կպած։ Նրա մեջքի մազերը փշաքաղվել էին։ Սարսափն էր նայում գորշուկի աչքերին. նա հասկացավ այդ՝ չսպասելով բնազդի հուշելուն։ Եվ եթե նույնիսկ բավականին ահեղ չլիներ լուսանի տեսքը, ապա նրա խռպոտ վնգստոցից լսվող ցասումը խիստ պերճախոս էր։
Գորշուկի մեջ ամրացող կյանքն ասես առաջ մղեց նրան։ Նա մռնչաց ու քաջաբար կանգնեց մոր կողքին։ Բայց նրան խայտառակ կերպով ետ մղեցին։ Ցածլիկ մուտքր թույլ չէր տալիս լուսանին ոստյուն կատարել, ուստի նա սահեց անձավ. բայց գայլը խոյացավ նրա վրա ու սեղմեց գետնին։ Շատ քիչ բան կարողացավ հասկանալ գորշուկն այդ գոտեմարտից։ Նա լսում էր միայն մռնչյուն, ֆշշոց ու սուր վնգստոց։ Երկու գազանն էլ թավալվում էին գետնի վրա. լուսանը պատառոտում էր իր հակառակորդին ատամներով ու ճիրաններով, իսկ գայլը կարող էր գործի դնել միայն ատամները։
Գորշուկը ոստնեց դեպի լուսանը և ցասումնալից մռնչյունով կառչեց հետևի ոտքից։ Իր մարմնի ծանրությամբ նա, ինքն էլ չիմանալով, խանգարում էր նրա շարժումներին և օգնում մորը։ Պայքարը նոր ընթացք ստացավ. մարտնչողները տրորեցին իրենց տակ գորշուկին, որն ստիպված եղավ ծնոտները բացել։ Բայց ահա երկու մայրերը հեռացան իրարից, և լուսանը նախքան գայլի հետ նորից գուպարի բռնվելը, իր զորեղ թաթով խփեց գորշուկին, ճեղքեց նրա ուսը մինչև ոսկորն ու շպրտեց նրան դեպի պատը։ Հիմա մարտնչողների մռնչոցին միացավ և աղերսագին լացը։ Սակայն գոտեմարտն այնքան երկարաձգվեց, որ գորշուկը բավականաչափ ժամանակ ունեցավ մի կուշտ լաց լինելու և արիության նոր զեղում զգալու համար։ Գոտեմարտի վերջում նա նորից կառչեց լուսանի հետևի ոտքից՝ զայրագին մռնչալով սեղմած ծնոտների միջից։
Լուսանը մեռած էր։ Բայց գայլն էլ էր թուլացել ստացած վերքերից։ Նա փորձեց շոյել ձագին ու լիզել նրա ուսը, բայց արյան կորստից ուժասպառ էր եղել, ուստի և այդ ամբողջ ցերեկն ու ամբողջ գիշերը պառկեց իր մեռած թշնամու կողքին՝ առանց շարժվելու ու հազիվ շնչելով։ Հաջորդ շաբաթին, դուրս գալով այրից միայն ջուր խմելու համար, գայլը հազիվ էր ոտքերը փոխում, որովհետև ամեն մի շարժում ցավ էր պատճառում նրան։ Իսկ հետո, երբ լուսանին կերան, մայր գայլի վերքերն այնքան էին բուժվել, որ նա կարող էր վերսկսել որսը։
Գորշուկի ուսը դեռևս ցավում էր, և նա դեռ երկար ժամանակ կաղալով էր ման գալիս։ Բայց այդ ժամանակամիջոցում փոխվեց նրա վերաբերմունքը աշխարհի հանդեպ։ Հիմա նա մեծ վստահությամբ էր պահում իրեն, հպարտության զգացումով, որը ծանոթ չէր նրան լուսանի հետ մարտի բռնվելուց առաջ։ Նա համոզվեց, որ կյանքը դաժան է. նա մասնակցել էր գոտեմարտին, ատամները կոխել թշնամու մարմնի մեջ ու կենդանի մնացել։ Եվ դա համարձակություն տվեց նրան․ նրա մեջ երևան եկավ նույնիսկ տաքարյունություն, որն առաջ չկար։ Նա դադարեց անհամարձակ լինելուց և արդեն չէր վախենում փոքր գազաններից. սակայն անհայտը իր գաղտնիքներով ու սարսափներով առաջվա պես իշխում էր նրան ու չէր դադարում ընկճել։
Գորշուկն սկսեց ուղեկցել մորը որսի գնալիս և շատ անգամ տեսավ, թե ինչպես է նա սպանում որսը, և ինքն էլ էր մասնակցում դրան։ Նա տարտամորեն սկսում էր հասու լինել ավարառության օրենքին։ Կյանքում կա երկու ցեղ՝ իր սեփականը և օտարը։ Առաջինին պատկանում են ինքը ու մայրը, երկրորդին՝ մնացած բոլոր շարժվելու ունակությամբ օժտված արարածները։ Բայց դրանք էլ իրենց հերթին միասնական չեն։ Դրանց մեջ կան ոչ գիշատիչներ և մանր գիշատիչներ, որոնց սպանում և ուտում են իր ցեղակիցները. և կան թշնամիներ, որոնք սպանում և ուտում են իր ցեղակիցներին կամ իրենք են ընկնում դրանց ճանկը։ Այս սահմանագծումից էլ կազմվում է օրենքը։ Կյանքի նպատակը ավարառությունն է։ Կյանքի էությունը ավարառությունն է։ Կյանքր կյանքով է սնվում։ Աշխարհի բոլոր կենդանի արարածները բաժանվում են երկու մասի՝ այն, որոնք ուտում են, և այն, որոնց ուտում են։ Եվ այդ օրենքն ասում էր՝ _կեր_ կամ _քեզ կուտեն_։ Գորշուկը չէր կարող հստակ ու որոշակի ձևակերպել այդ օրենքը և չէր փորձում եզրակացություն հանել դրանից։ Նա նույնիսկ չէր մտածում այդ մասին, այլ պարզապես ապրում էր ըստ նրա թելադրանքի։
Գորշուկն այդ օրենքի ազդեցությունը տեսնում էր ամենուրեք։ Նա կերել էր կաքավի ճուտերին։ Բազեն կերել էր դրանց մորը և ուզում էր ուտել իրեն՝ գորշուկին։ Հետագայում, երբ գորշուկն աճեց, ցանկացավ ուտել բազեին։ Նա կերավ լուսանի ձագին։ Մայր լուսանը կուտեր գորշուկին, եթե ինքը չսպանվեր և չուտվեր։ Այդպես էլ ընթանում էր դա։ Գորշուկի շուրջը եղած ամենայն կենդանի արարած ապրում էր ըստ այդ օրենքի, որի մի փոքրիկ մասնիկն էր և ինքը։ Գիշակեր էր նա, սնվում էր միայն մսով՝ կենդանի մսով, որը խույս էր տալիս նրանից, սլանում էր օդ, մագլցում ծառերը, թաքնվում գետնի տակ կամ կռվի բռնվում իր հետ, երբեմն էլ փախուստի մատնում նրան։
Եթե գորշուկը մտածել կարողանար, ինչպես մարդը, գուցե և հանգեր այն եզրակացության, որ կյանքը հագենալու մի անդուլ ծարավ է, իսկ աշխարհը՝ մի ասպարեզ, ուր իրար են բախվում այն բոլորը, ձգտելով կշտանալ. հետապնդում են իրար, հետապնդում և ուտում են միմյանց. մի ասպարեզ, որտեղ արյուն է թափվում, որտեղ իշխում է դաժանությունը, կույր պատահականությունը և անսկիզբ ու անվախճան քաոսը։
Սակայն գորշուկը մտածել չէր կարող մարդու պես և ընդհանրացնելու ընդունակություն չուներ։ Մի որևէ նպատակ առաջադրելով իրեն՝ նա միայն դրա մասին էր մտածում, միայն դրան էր ձգտում։ Որս ձեռք բերելու օրենքից բացի, գորշուկի կյանքում կային ուրիշ՝ նվազ կարևոր օրենքներ, որոնք այնուամենայնիվ պետք էր ուսումնասիրել և ուսումնասիրելուց հետո՝ հնազանդվել դրանց։ Աշխարհը լի էր անակնկալներով։ Գորշուկի մեջ խայտացող կյանքը և նրա մարմինը կառավարող ուժերը երջանկության անսպառ աղբյուր էին նրա համար։ Որսին հետամուտ լինելու հաճույքը սարսռեցնում էր նրան։ Ցասումն ու կռիվները լոկ բավականություն էին պատճառում։ Եվ նույնիսկ անհայտի սարսափներն ու գաղտնիքները օգնում էին նրան ապրելու։
Բացի դրանից, ուրիշ շատ հաճելի զգացողություններ կային կյանքում։ Կուշտ փորը, արևի տակ ծուլորեն նիրհելը գորշուկի ճիգերի ու ջանքերի պարգևն էին, իսկ ճիգ ու ջանքն ինքնին հրճվանք էին պատճառում նրան։ Եվ գորշուկը հաշտ ապրում էր իրեն շրջապատող թշնամի միջավայրի հետ։ Նա լի էր ուժով, երջանիկ էր ու հպարտանում էր իրենով։