Changes

Խաղամոլը

Ավելացվել է 30 219 բայտ, 17:10, 9 Փետրվարի 2015
/* Տասնչորսերորդ գլուխ */
== Տասնչորսերորդ գլուխ ==
 
Յես ուղղակի ճչացի:
 
— Ի՞նչ, ի՞նչ կա,— տարորեն հարցնում եր նա։ Նա դժգույն ու մռայլ եր։
 
— Ինչպե՞ս թե ինչ։ Դուք։ Այստեղ, ինձ մոտ։
 
— Յեթե յես գալիս եմ, ապա _վողջ եությամբս_ եմ գալիս։ Դա իմ սովորությունն ե։ Դուք այդ իսկույն կտեսնեք. մի մոմ վառեցեք։
 
Յես մոմ վառեցի։ Նա վեր կացավ, մոտեցավ սեղանին և իմ առջև դրեց մի բացված նամակ։
 
— Կարդացեք,― հրամայեց նա։
 
— Սա Դե-Գրիյեյի ձեռքն ե,― գոչեցի յես, բռնելով նամակը։ Իմ ձեռները դողդողում եյին և տողերր թռչկոտում եյին, աչքերիս առջև։ Յես մոռացել եմ նամակի ճշգրիտ արտահայտությունները, բայց ահա այդ նամակը,― յեթե վոչ բառ առ բառ, գեթ միտք առ միտք։
 
«Mademoiselle,― գրել եր Դե-Գրիյեն,― անբարենպաստ պարագաները հարկադրում են ինձ անհապաղ մեկնել։ Դուք, իհարկե, ինքներդ նկատել եք, վոր յես դիտմամբ խուսափում եյի ձեզ հետ վերջնականապես բացատրվելուց, մինչև վոր բոլոր հանգամանքները պարզվեն։ Ձեր ծեր ազգականի (de la vieille dame) գալուստը և նրա անմիտ վարմունքը վերջ դրին բոլոր իմ տարակուսանքներին։ Իմ սեփական խանգարված գործեր արգելում են ինձ վերջնականապես հետագայում տածել քաղցր հույսեր, վորոնցով յես ինձ թույլ եյի տվել միառժամանակ հարբել։ Ցավում եմ անցյալի համար, բայց լիահույս եմ, վոր իմ վարքի մեջ դուք վոչ մի բան չեք գտնի, վոր անարժան լիներ ժանտիլոմին և ազնիվ մարդուն (gentilhomme et honnête homme) կորցնելով գրեթե բոլոր փողերս, վոր պարտք եյի տվել ձեր խորթ հորը, յես ծայրագույն անհրաժեշտության մեջ եմ ոդտվելու նրանից, ինչ վոր ինձ մնացել ե. յես արդեն իմաց եմ տվել Պետերբուրգ իմ բարեկամներին, վոր իսկույն ևեթ կարգադրեն վաճառքի հանել ինձ մոտ գրավ դրած դույքը․ սակայն գիտենալով, վոր ձեր թեթևամիտ խորթ հայրը ծախսել ե ձեր սեփական փողերը, յես վճռեցի նրան հիսուն հազար ֆրանկ զիջել և վերադարձնում եմ նրա գույքի գրավաթղթերից մի մասը, այդ գումարի, այնպես վոր ձեզ հիմա հնարավորություն ե տրվում վերադարձնել ձեր կորուստը, պահանջելով նրանից կալվածքը դատական կարգով։ Հուսով եմ, mademoiselle, վոր գործերի ներկա վիճակում իմ արածը ձեզ համար շատ շահավետ կլինի։ Հույս ունեմ նաև, վոր այս վարմունքով յես լիովին ազնիվ մարդու պարտականություն եմ կատարում։ Հավատացած յեղեք, վոր ձեր հիշատակը ընդմիշտ դրոշմված ե իմ սրտում»։
 
— Ի՞նչ կա վոր, այս ամենը պարզ ե,― ասացի յես, դիմելով Պոլինային,― մի՞թե դուք կարող եյիք ուրիշ, բան սպասել,― ավելացրի յես զայրույթով։
 
— Յես վոչինչ չեյի սպասում,― պատասխանեց նա, առյերևույթ հանգիստ, բայց նրա ձայնը դողում եր,― յես վաղուցհետե ամեն ինչ վորոշել եյի. յես կարդում եյի նրա մտքերը և իմանում, թե ի՞նչ ե մտածում նա։ Նա կարծում եր, թե յես ձգտում եմ․․․ թե յես պնդելու յեմ․․․ (նա կանգ առավ, առանց ավարտելու, պռոշը կծեց և լռեց)։ Յես դիտմամբ կրկնապատկեցի արհամարհանքս նրա նկատմամբ,― վերսկսեց նա,― յես սպասում եյի, թե նա ինչ կանի։ Յեթե ժառանգության մասին հեռագիր գալու լիներ,― յես նրա յերեսովը կշպրտեյի այն իդիոտի (խորթ հորս) պարտքը և կվռնդեյի նրան։ Նա վաղուց, վաղուցհետե ատելի յեր ինձ համար։ Ո՜, առաջ նա այս տեսակ մարդ չեր, հազար անգամ այս տեսակ չեր, իսկ հիմա, իսկ հիմա․․․ Ո՜, ինչ յերջանկություն կլիներ շպրտել նրան հիմա, նրա ստոր յերեսովը տալ այդ հիսուն հազարը և թքել․․․ և թուքը յերեսովը քսել։
 
— Բայց թուղթը,― նրա վերադարձրած հիսուն հազարի գրավաթուղթը գեներալի մոտ ե, չե՞։ վերցրեք և հետ տ վեք Գե֊ Գրի-յեյին։
 
— Ո՜, այդ չի, այդ չի․․․
 
— Այո, ճիշտ ե, այդ չի։ Համ ել գեներալը ինչի՞ յե հիմա ընդունակ։ Իսկ տա՞տը,― գոչեցի հանկարծ յես։
 
Պոլինան մի տեսակ ցրված և անհամբեր նայեց վրաս։
 
— Ինչո՞ւ տատը,— տհաճությամբ ասաց Պոլինան,― յես չեմ կարող նրա մոտ գնալ․․․ վոչ վոքից ներողություն խնդրել չեմ ուզում,― ավելացրեց նա գրգռված։
 
— Ի՞նչ աներ,― գոչեցի յես,― և ինչպե՞ս, այդ ինչպե՞ս ե յեղել, վոր դուք սիրել եք Դե-Գրիյեյին։ Ո՜, ստո՛ր, ստո՛ր մարդ։ Ուզո՞ւմ եք, յես նրան սպանեմ մենամարտության մեջ։ Ոորտե՞ղ ե նա հիմա։
 
— Նա Ֆրանկֆուրտ ե և այնտեղ կմնա յերեք որ։
 
— Ձեր մի հատիկ խոսքը և յես կերթամ, վաղն ևեթ, առաջին իսկ գնացքովը,― ասացի յես ինչ-վոր հիմար ենտուզիազմով։
 
Նա խնդաց։
 
― Ինչ կլինի վոր, նա դեռ կասի, մի գուցե՝ նախ վերադարձրեք հիսուն հազար ֆրանկը։ Համ ել ինչի՞ համար պիտի մենամարտի նա․․․ Ի՞նչ դատարկ բան ե։
 
— Վորտեղի՞ց ապա վերցնենք այդ հիսուն հազար ֆրանկր,― կրկնեցի յես,― ատամներս կրճտացնելով,― ասես հնարավոր լիներ հանկարծակի հատակից բարձրացնել այդ գումարը․― լսեցեք՝ միստեր Աստլե՞յը,― հարցրի յես, դառնալով նրան, սկսելով ինչ-վոր տարորինակ միտք արտահայտել։ Նրա աչքերը պսպղացին։
 
— Մի՞թե _դու ինքդ_ կամենում ես, վոր յես քեզնից այդ անգլիացու, մոտ գնամ, ի՞նչ ե,― ասաց նա նայելով դեմքիս ներթափանցող հայացքով և դառը ժպիտով։ Առաջին անգամ իր կյանքում նա ինձ _դու_ ասաց։
 
Կարծեմ այդ բոպեյին հուզմունքից նրա գլուխը պտտեց և հանկարծ նա նստեց բազմոցի վրա, ասես ուժասպառ։
 
Կարծես կայծակ խանձեց ինձ․ յես կանգնել եյի և չեյի հավատում աչքերիս, չեյի հավատում ականջներիս։ Ուրեմն նա ինձ սիրում ե։ Նա _ինձ մոտ_ ե յեկել և վոչ թե միստեր Աստլեյի մոտ։ Նա, մենակ, աղջիկ տեղովը յեկել ե իմ սենյակը հյուրանոցում, ուրեմն վարկաբեկել ե իրեն ամբողջ ժողովրդի աչքում, և յես կանգնել եմ նրա առջև և դեռ չեմ ել հասկանում։
 
Մի վայրենի միտք փայլատակեց իմ գլխում։
 
— Պոլի՜նա, մի ժամ միայն ինձ ժամանակ տուր։ Սպասիր այստեղ միայն մեկ ժամ և․․․ յես կվերադառնամ։ Այդ․․․ այդ անհրաժեշտ ե։ Ա՛յ, կտեսնես։ Մնա այստեղ, մնա այստեղ։
 
Յեվ յես դուրս վազեցի սենյակից, առանց պատասխանելու նրա զարմացած հարցական հայացքին․ նա հետևիցս ինչ-վոր բղավեց, բայց յես չվերադարձա։
 
Այո, յերբեմն ամենավայրենի միտքը, առյերևույթ ամենաանհնարին միտքը այնքան ուժեղ ե ամրանում մարդու գլխում, վոր վերջիվերջո ընդունում ես վորպես իրագործելի միտք․․․ Այդ քիչ ե․ յեթե գաղափարը միանում ե ուժգին, կրքոտ ցանկության հետ, ապա գուցե և յերբեմն ընդունես նրան, վերջապես, վորպես ճակատագիր, անհրաժեշտ, կանխորոշած, այնպիսի մի բան, վոր այլևս չի կարող չլինել, չկատարվել։ Գուցե այստեղ մի բան ել կա, նախազգացումների վորևե կոմբինացիա, կամքի վորևե արտասովոր լարում, ինքնաթունավորում սեփական յերևակայությամբ կամ ուրիշ բանով,― չգիտեմ, բայց ինձ այդ յերեկո (վոր յես յերբեք իմ որում չեմ մոռանա) պատահեց հրաշք մի դեպք։ Թեև այդ դեպքը միանգամայն արդարանում ե թվաբանական հաշվով, բայց այնուհանդերձ ինձ համար մինչև հիմա յել հրաշք ե։ Յեվ ինչո՞ւ, ինչո՞ւ, այդ համոզումը այնքան խոր, ամուր նստեց մեջս և այնքան ժամանակից վեր։ Անշուշտ յես արդեն խորհում եյի դրա մասին,― կրկնում եմ ձեզ,― վոչ թե դեպքի մասին, վոր ի թիվս այլոց կարող ե կատարվել (և, ուրեմն, կարող ե և չլինել), այլ այնպիսի մի բանի մասին, վոր վոչ մի դեպքում չի կարող կատարվել։
 
Տասից քառորդ եր բանել, յես ներս մտա վոկսալ այդպիսի ամուր հույսով և միաժամանակ այնպիսի հուզումով, վոր յես դեռևս յերբեք չեմ զգացել։ Խաղասրահներում տակավին բավական ժողովուրդ կար, թեև առավոտյանից յերկու անգամ քիչ։
 
Ժամը տասից հետո խաղի սեղանների մոտ մնում են իսկական, թունդ խաղամոլները, վորոնց համար հանքային ջրերում միայն ռուլեթ գոյություն ունի, վորոնք միայն նրա համար են յեկել, վորոնք գրեթե չեն նկատում, թե ինչ ե կատարվում նրանց շուրջը և ամբողջ սեզոնի ընթացքում վոչ մի բանով չեն հետաքրքրվում, մենակ առավոտից մինչև յերեկո խաղում են և պատրաստ կլինեյին խաղալու գուցե և վողջ գիշերը մինչև լույս, յեթե կարելի լիներ։ Յեվ նրանք միշտ տհաճությամբ են ցրվում, յերբ վոր ժամը տասներկուսին ռուլեթը փակում են։ Յեվ յերբ վոր ավագ կրուպյորը, ռուլեթի փակելուց առաջ, տասներկուսի մոտերքին, հայտարարում ե՝ «Les trois derniers coups, messieurs!», նրանք այդ վերջին յերեք զարկերի ընթացքում պատրաստ են լինում յերբեմն վեր գալու իրենց գրպանի վողջ յեղած֊չեղածը և իրոք հենց այստեղ ել ամենից շատ տանուլ են տալիս։ Յես անցա այն սեղանի մոտ, վորի մոտ վոր նստել եր տատը։ Շատ ել նեղվածք չեր, այնպես վոր յես շուտով սեղանի մոտ կանգնելու տեղ գրավեցի։ Ուղղակի դիմացս, կանաչ մահուդի վրա, գծագրված եր «Passe» բառը։
 
«Passe»-ը թվերի շարք ե տասնըննից մինչև յերեսունը ներառյալ։ Առաջին իսկ կարգը, մեկից մինչև տասնութը ներառյալ, կոչվում ե «Manque»․ բայց իմ ի՞նչ գործն եր այդ ամենը։ Յես հաշիվ չեյի անում, յես անգամ չեյի լսում, թե վոր թվի վրա կանգ առավ վերջին զարկը և, սկսելով խաղը, չհարցրի ել ― ինչպես կաներ յուրաքանչյուր փոքր ի շատե հաշվող խաղացող։ Յես հանեցի իմ բոլոր քսան ֆրիդրիխսդորը և գցեցի իմ առջևի «Passe»-ի վրա։
 
— Vingt deux!― բղավեց կրուպյորը։
 
Յես տարա և դարձյալ բոլորը վեր յեկա՝ ունեցածս և տարածս։
 
— Trente et un,― ճչաց կրուպյորը։
 
Դարձյալ տարած։ Ընդամենը, ուրեմն, ութսուն ֆրիդրիխոդոր դառավ։ Յես բոլոր ութսուն ֆրիդրիխսդորն ել շարժեցի քսան միջին թվերի վրա (տարածը յեռակի յե լինում, բայց յերկու շանս ե դեմս)― անիվը պատվեց և քսանչորս դուրս եկավ։ Իմ առջև դրին յերեք փաթթոց հիսունական ֆրիդրիխսդորանոց և տասը վոսկեդրամ․ ընդամենը, նախընթացի հետ, մոտս յերկու հարյուր ֆրիդրիխոդոր գոյացավ։
 
Յես, ասես թե, տենդի մեջ եյի և փողի վողջ այդ կույտը կարմրի վրա քաշեցի ― և հանկարծ ուշքի յեկա։ Յեվ միայն մեկ անգամ, վողջ այդ յերեկոյի ընթացքում, ամբողջ խաղի ընթացքում, յերկյուղը սառնության պես անցավ միջովս և վոտ ու ձեռներս դողացրեց։ Յես սարսափով զգացի և վայրկյանապես գիտակցեցի՝ ի՞նչ կնշանակի ինձ համար հիմա տանուլ տալը։ Վեր յեկածս — իմ վողջ կյանքն եր։
 
— Rouge,― բղավեց կրուպյորը, և յես շունչ առա, հրե մրջյուններ եյին անցնում մարմնովս։ Ինձ վճարեցին թղթադրամով։ Ուրեմն, ընդամենը, արդեն չորս հազար ֆլորին և ութսուն ֆրիդրիխոդոր եղավ։ (Այն միջոցին դեռևս յես ի վիճակի եյի հետևել հաշվին)։
 
Այնուհետև, հիշում եմ, յես քսան միջին թվերի վրա յերկու հազար ֆլորին վեր յեկա և տանուլ տվի, վևր յեկա ունեցածս վոսկին և ութսուն ֆրիդրիխսդոր ― ելի տանուլ տվի։ Կատաղեցի՝ յես վերցրի վերջին յերկու հազար ֆլորինը, վոր մնացել եր ձեռքիս և վեր յեկա տասներկու առաջին թվերի վրա ― հենց այնպես, յա բախտ, շմարանա, առանց հաշվի։ Ասենք սպասումի մի ակնթարթ յեղավ, վոր նման եր թերևս այն տպավորության, վոր զգացել ե m-me Blanchard-ը, յերբ վոր նա, Փարիզում, ոդապարիկից գետին ընկավ։
 
— Quatre!— բղավեց կրուպյորը։ Ընդամենը, վեր յեկածս գումարի հետ, ելի վեց հազար ֆլորին գոյացավ։ Յես արդեն հաղթողի տեսք ունեյի, յես այլևս հիմա վոչ մի բանից չեյի վախենում և չորս հազար ֆլորինը գցեցի սևի վրա։ Մոտ իննը մարդ, հետևելով ինձ, շտապեցին սևի վրա վեր գալ։ Կրուպյորներն իրար եյին նայում և իրար հետ խոսում։ Շուրջը ― խոսում ու սպասում եյին։
 
Դուրս եկավ սևը։ Յես այլևս վոչ հաշիվն եմ հիշում, վոչ իմ վեր գալու հաջորդականությունը։ Հիշում եմ միայն, ինչպես յերազում, վոր յես արդեն տարել եյի, կարծեմ, մոտ տասնվեց հազար ֆլորին, հանկարծ յերեք դժբախտ զարկով, նրանցից տասներկու հազարը տանուլ տվի․ հետո վերջին չորս հազարը քշեցի «passe»-ի վրա (բայց այդ միջոցին այլևս վոչինչ չեյի զգում․ յես միայն սպասում եյի, մի տեսակ մեքենաբար, անխոհ)― և դարձյալ տարա. հետո դարձյալ տարա չորս անդամ իրար վրա։ Հիշում եմ միայն, վոր յես հազարներով եյի փող կրում․ հիշում եմ նաև, վոր ամենից հաճախ տասներկու միջին թվերն եյին դուրս գալիս, վորոնց ել յես կպել եյի։ Նրանք մի տեսակ կանոնավոր եյին յերևան գալիս, անպայման յերեք, չորս անգամ իրար վրա, ապա չքանում եյին յերկու անգամ և հետո վերադառնում դարձյալ յերեք կամ չորս անգամ իրար վրա։ Այս զարմանալի կանոնավորությունը յերբեմն հանդիպում ե տևականորեն և ահա այդ ե, վոր շփոթեցնում ե իսկական խաղացողներին, վորոնք մատիտը ձեռներին գրի յեն առնում։ Յեվ ի՜նչ ― բախտի ի՜նչ սարսափելի ծաղր ե պատահում այստեղ։
 
Յես կարծում եմ՝ գալուցս կես ժամից ավելի ժամանակ չեր անցել։ Հանկարծ կրուպյորը հաղորդեց ինձ, վոր յես յերեսուն հազար ֆլորին եմ տարել, իսկ վորովհետև բանկը մի անգամից ավելի մեծ գումարի համար պատասխանատու լինել չի կարող, ապա ուրեմն ռուլեթը կփակվի մինչև վաղը առավոտ։ Յես վերցրի իմ ամբողջ վոսկին, ածեցի գրպաններս, վերցրի բոլոր թղթադրամներս և իսկույն ուրիշ սեղանի անցա, ուրիշ սրահում, վորտեղ ուրիշ ռուլեթ կար, իմ հետևից խուժեց վողջ ամբոխը․ այնտեղ իսկույն տեղ բաց արին և յես նորից վեր գալ սկսեցի, շմարանա և անհաշիվ։ Չեմ հասկանում, ինչը փրկեց ինձ։
 
Յերբեմն, ասենք, գլխումս սկսում եր հաշիվ յերևան գալ։ Յես կպչում եյի վորևե թվերի կամ շանսերի, բայց շուտով թողնում եյի նրանց և վեր գալիս դարձյալ գրեթե անգիտակցորեն։ Յերևի յես շատ ցրված եյի, հիշում եմ, վոր կրուպյորները հաճախ ուղղում եյին խաղս։ Յես կոպիտ սխալներ եյի անում։ Քունքերս թրջվել եյին քրտինքից և ձեռներս դողդողում եյին։ Մոտ եյին թռչում պոլյաչոկներ ծառայության առաջարկներով, բայց յես նրանց յերբեք չեյի լսում։ Բախտս չեր ընդհատվում։ Հանկարծ շուրջս բարձր խոսակցություն և ծիծաղ բարձրացավ։ Բրավո, բրավո ― բղավում եյին բոլորը, միքանիսն անգամ ծափ եյին տալիս։ Յես այստեղ ել եյի յերեսուն հազար ֆլորին պոկել և բանկը դարձյալ փակել եյին մինչև վաղը։
 
— Գնացեք, գնացեք,― ինչ-վոր ձայն շշնջում եր աջից։ Դա ինչ-որ ֆրանկֆուրտցի ջհուդ եր. նա շարունակ կանգնած եր կողքիս և կարծեմ յերբեմն ոգնում եր ինձ խաղի միջոցին։
 
— Ի սեր աստծո, գնացեք,― շշնջաց մի ուրիշ ձայն ձախ ականջիս։ Յես հարևանցի նայեցի։ Դա շատ համեստ և վայելուչ հագնված մի տիկին եր, մոտ յերեսուն տարեկան, մի տեսակ հիվանդոտ, գունատ, հոգնած դեմքով, վոր հիմա յել հիշեցնում եր նրա վաղեմի հրաշալի գեղեցկությունը։ Այդ րոպեյին յես գրպանս լցնում եյի թղթադրամներով, վոր ճխլտում եյի և հավաքում եյի սեղանի վրա մնացած վոսկին։ Վերցնելով հիսուն ֆրիդրիխսդորանոց վերջին փաթթոցը, յես մի անգամ այն աննշմար կոխեցի այն դժգույն տիկնոջ բուռը․ սաստիկ ցանկություն ծագեց մեջս այն պահին այդ անել և նրա բարակ, նիհար մատիկները, հիշում եմ, ամուր սեղմեցին ձեռքս, իբրև խորին շնորհակալության նշան։ Այդ ամենր կատարվեց մի ակնթարթում։
 
Հավաքելով ամենը, յես արագ անցա trente et quarante-ի։ Դա ռուլեթ չե, դա թղթախաղ ե։ Այս խաղում բանկը մի անգամից պատասխանատու յե հարյուր հազար թալերի դեմ։ Վեր գալու ամենամեծ գումարը դարձյալ չորս հազար ֆլորին եր։ Յես խաղը բոլորովին չգիտեյի և վոչ մի վեր գալու ձև չգիտեյի, բացի կարմրից և սևից, վոր այստեղ ել կային։ Նրանցից ել կպա յես։ Վողջ վոկսալը խռնվել եր շուրջս։ Չեմ հիշում, միտք արի՞ արդյոք այդ միջոցին գեթ մի անգամ Պոլինայի մասին։ Յես այն պահին ինչ֊վոր անկրկելի վայելք եյի զգում վերցնել ու կրել թդթադրամներ, վոր դեզի նման աճում եյին իմ առջև։
 
Ճիշտ վոր ճակատագիրն եր հրում ինձ։ Այս անգամ ասես դիտմամբ տեղի ունեցավ մի հանգամանք, վոր, ասենք, բավական հաճախ ե կրկնվում խաղում։ Կկպչի բախտը, որինակ, կարմրին և բաց չի թողնում նրան տասը, անգամ տասնհինգ անգամ իրար վրա։ Անցյալ որը յես լսեցի, վոր անցած շաբաթ կարմիրը դուրս ե յեկել քսաներկու անդամ իրար վրա․ ռուլեթ խաղացողները այդպիսի բան չեն ել հիշում և զարմանքով եյին պատմում։ Հասկանալի բան ե, բոլորը թողնում են կարմիրը, և տասը անգամից հետո, որինակ, գրեթե վոչ-վոք սիրտ չի անում նրա վրա վեր գալ։ Սակայն սևի վրա ել, կարմրի հակառակի, վոչ մի փորձառու խաղացող վեր չի գալիս։ Փորձված խաղացողը գիտե՝ ինչ կնշանակի «պատահմունքի այդ կամակորությունը»։ Որինակ, կարծես թե տասնվեց անգամ կարմիր դուրս գալուց հետո՝ տասյոթերորդ զարկին անպատճառ սևի վրա պիտի կանգ առնի։ Սկսնակները խմբերով վրա յեն տալիս այդպիսի դեպքերում սևի վրա, կրկնապտտկում, յեռապատկում գումարը և սաստիկ տանուլ տալիս։
 
Սակայն յես, ինչ-վոր տարորինակ կամակորությամբ, նկատելով, վոր կարմիրը դուրս յեկավ յոթ անգամ իրար վրա, դիտմամբ կպա կարմրից։ Յես համոզված եմ, վոր կիսով չափ ինքնասիրությունից եյի անում․ յես ուզում եյի հանդիսատեսներին զարմացրած լինել խելահեղ ռիսկով և ― ո՜ տարորինակ զգացողություն ― յես պարզորոշ հիշում եմ, վոր իրոք առանց ինքնասիրության վորևե կոչի ռիսկի սարսափելի ծարավ համակեց ինձ։ Գուցե այդքան զգացողություններից անցնելով, հոգին չի հագենում, այլ միայն գրգռվում նրանցից և նորից զգացողություններ պահանջում և ավելի ուժեղ ու ուժեղ, մինչև վերջնական հոգնածություն։ Յեվ, ճշմարիտ, չեմ ստում, յեթե խաղի կանոնադրությունը թույլ տար մի անգամից հիսուն հազար ֆլորին վեր գալ, յես անտարակույս վեր կգայի։ Շուրջս բղավում եյին, վոր դա խելագարություն ե, վոր կարմիրը տասնչորսերորդ անգամն ե դուրս գալիս։
 
— Monsieur a gagné déjà cent mille florins,— հնչեց մոտս մեկի ձայնը։
 
Յես հանկարծակի ուշքի յեկա։ Ինչպե՞ս։ Յես այս յերեկո հարյուր հազար ֆլորի՞ն եմ տարել։ Ավելին ինչի՞ս ե պետք վոր։ Յես արագ-արագ թղթադրամները ճխլելով կոխեցի գրպանս, առանց համարելու հավաքեցի վողջ վոսկին, բոլոր փաթթոցները և դուրս վազեցի վոկսալից։ Շուրջս՝ ամենքը ծիծաղում եյին, յերբ վոր յես անցնում եյի սրահներից, նայելով իմ դուրս ընկած գրպաններին և նյարդային քայլվածքին վոսկու ծանրությունից։ Միքանի ձեռք պարզեց ինձ. յես բռերով բաժանում եյի, ինչքան վոր բուռս բռնում եր։ Յերկու ջհուդ կանգնեցրին ինձ յելքին։
 
— Դուք խիզախ եք։ Դուք շատ խիզախ եք,― ասացին նրանք ինձ,― սակայն վաղը առավոտյան անպայման գնացեք, ինչքան կարելի յե շուտ, թե չե դուք բոլորը, բոլորը տանուլ կտաք․․․
 
Յես չեյի լսում նրանց։ Ծառուղին մութն եր, այնպես վոր մարդ իր ձեռքը չեր տեսնում։ Մինչև հյուրանոց կես վերստ ճանապարհ կար։ Յես յերբեք չեմ վախեցել վոչ գողերից, վոչ ավազակներից, նույնիսկ փոքրիկ ժամանակս. հիմա ել նրանց մասին չեյի մտածում։ Ասենք, յես չեմ հիշում, թե ինչի մասին եյի մտածում ճանապարհին․ մտորում չկար։ Յես միայն հաջողության, հաղթանակի, հզորության ինչ֊վոր սարսափելի վայելք եյի զգում, չգիտեմ ինչպես արաահայտեմ այդ։ Մեկ-մեկ իմ առջև յերևան եր գալիս Պոլինայի պատկերը. յես հիշում և գիտակցում եյի, վոր գնում եմ նրա մոտ, իսկույն կլինեմ նրա հետ և կսկսեմ պատմել նրան, ցույց տալ... Բայց յես արդեն հազիվ եյի հիշում, թե նա նոր ինչ եր ասում ինձ և ինչու գնացի յես և բոլոր զգացողությունները, վոր ընդամենը ժամուկես առաջ կային, հիմա ինձ թվում եյին վաղուցհետե անցած, փոխված, հնացած, վորոնց մենք այլևս չենք մտաբերելու, վորովհետև այսուհետև ամեն ինչ նորից կսկսվի։ Գրեթե ծառուղու ծայրին յերկյուղ պատեց ինձ «ապա յեթե հիմա ինձ սպանեն և կողոպտե՞ն»։ Ամեն քայլափոխում յերկյուղս աճում եր կրկնակի։ Յես գրեթե վազում եյի։ Հանկարծ, ծառուղու վերջում փայլեց մեր հյուրանոցը, լուսավորված անհամար կրակներով,― փառք աստծու՝ տանն եմ։
 
Յեվ վազ տալով բարձրացա իմ հարկն ու արագ բաց արի դուռը։ Պոլինան ներսն եր և նստած եր իմ բազմոցի վրա, վառ մոմի առջև, ձեռները խաչաձև ծալած։ Նա նայեց վրաս զարմանքով և, իհարկե, այդ րոպեյին յես շա՜տ տարորինակ տեսք ունեյի։ Յես կանգ առա նրա առջև և սկսեցի դուրս բերել ու սեղանի վրա գցել իմ փողի վողջ կույտը։
== Տասնհինգերորդ գլուխ ==
Վստահելի
1318
edits