== Գլուխ V։ Պայմանադրություն ==
Դեկտեմբերի կեսին Գորշ Ջրշունը ճանապարհվեց Մաքենզի գետն ի վեր։ Միթ-Սան և Ալու֊Քուչը գնացին նրա հետ։ Գորշ Ջրշունի սահնակը քաշում էին շները, որ նա ձեռք էր բերել ապրանքափոխանակությամբ կամ իր հարևաններից վարձու առնելով։ Երկրորդ ավելի փոքր սահնակին, լծել էին ջահել շներին, և դրանց քշում էր Միթ-Սան։ Լծվածքն ու սահնակը ավելի նման էին խաղալիքների, բայց Միթ-Սան ցնծության մեջ էր՝ զգում էր, որ իսկական տղամարդու աշխատանք է կատարում։ Բացի դրանից, նա սովորում է կառավարել շներին, վարժեցնել նրանց, լակոտները նույնպես վարժվում էին սահնակին։ Միթ-Սայի սահնակը դատարկ չէր ընթանում, այլ մոտ երկու հարյուր ֆունտ ամեն տեսակ իրեր ու պարեն էր տանում։ Սպիտակ Ժանիքը առաջ էլ առիթ էր ունեցել տեսնելու լծկան շներ, և երբ առաջին անգամ իրեն էլ լծեցին սահնակին, նա չդիմադրեց։ Նրա վիզը գցեցին մամռալից վզնոց, որից ձգվում էին երկու քաշիկ դեպի կրծքի լայնքով ու մեջքի վրայով նետված փոկը, որին էլ կապված էր սահնակին միացնող մի երկար պարան։ Լծվածքը յոթ շնից էր։ Բոլորն էլ իննից-տասը ամսական էին, միայն Սպիտակ Ժանիքն էր ութ ամսական։ Ամեն մի շուն քաշում էր առանձին մի թոկ։ Պարանները տարբեր երկարություն ունեին, իսկ դրանց տարբերությունը չափվում էր շների մարմնի երկարությամբ։ Դրանք ի մի էին հավաքվում սահնակի առաջամասի օղակում։ Առաջամասը վեր էր կորացված, որ պեսզի կեչեփայտե ու անկող սահնակը չխրվի փափուկ, փետրանման ձյան մեջ։ Այսպիսի կառուցվածքի շնորհիվ սահնակի, ինչպես նաև բեռան ծանրությունը ավելի մեծ մակերեսի վրա էր բաժանվում։ Այդ նույն նպատակով, այսինքն ծանրությունը ըստ հնարավորին ավելի հավասարաչափ բաշխելու համար, շներին հովհարաձև էին կապում սահնակի առաջամասին, և ոչ մի շուն մյուսի հետևից չէր գնում։ Հովհարաձև լծվածքը մի առավելություն ևս ուներ. թոկերի տարբեր երկարությունը թույլ չէր տալիս հետևից վաղող շներին նետվելու առջևից ընթացողների վրա, իսկ կռիվ սկսել կարելի էր միայն ավելի կարճ պարանով լծված հարևանի հետ։ Բայց այդ դեպքում հարձակվողը քիթ քթի էր գալիս իր թշնամու հետ և, բացի դրանից, ենթարկվում էր սահնակավարի մտրակի հարվածներին։ Սակայն այդ ձևով լծելու ամենամեծ առավելությունն այն էր, որ ջանալով հարձակվել առջևի շների վրա հետևից եկողները զոռ էին տալիս քաշիկներին, իսկ որքան արագ էր ընթանում սահնակը, այնքան ավելի արագ էր վազում հետապնդվող շունը։ Այսպիսով հետևինը երբեք չէր կարող հասնել առջևինին։ Որքան արագ էր վազում մեկը, այնքան արագ էլ խույս էր տալիս նրանից մյուսը և նույնքան արագ էլ վազում էին մյուս բոլոր շները։ Այս բոլորի հետևանքով ավելի արագ էր սլանում նաև սահնակը։ Ահա թե ինչպիսի խորամանկ հնարներով էր մարդը ամրապնդում իր իշխանությունը կենդանիների վրա։ Միթ-Սան, որ խիստ նման էր հորը, ժառանգել էր նրանից և իմաստությունը։ Վաղուց էր նա նկատել, որ Լիփ֊Լիփը հանգիստ չի տալիս Սպիտակ Ժանիքին, բայց այն ժամանակ Լիփ-Լիփը ուրիշ տերեր ուներ, և Միթ֊Սան համարձակվում էր միայն գաղտագողի քարով խփել նրան։ Իսկ հիմա Լիփ֊Լիփը պատկանում էր Միթ֊Սային, ուստի որոշելով անցյալի վրեժը լուծել նրանից, Միթ-Սան կապեց նրան ամենաերկար թոկով։ Այսպիսով Լիփ-Լիփը դարձավ առաջընթացիկ, կարծես մեծ պատիվ արեցին նրան, մինչդեռ քիչ պատիվ կար դրա մեջ, որովհետև ամբողջ ոհմակի կռվարարին ու առաջընթացիկին ատում և հետապնդում էին հիմա բոլոր շները։ Եվ որովհետև Լիփ֊Լիփը կապված էր ամենաերկար թոկով, ապա շներին թվում էր, թե նա փախչում է իրենցից։ Սրանք տեսնում էին միայն նրա հետևի ոտքերը և թավամազ պոչը, իսկ դա այնքան սարսափելի չէ, որքան փշաքաղված մազերը և փայլող ժանիքները։ Բացի դրանից, վազող շան պատկերը մյուս շների մեջ վստահություն է առաջացնում, թե դա հենց իրենցից է փախչում և ինչ գնով էլ լինի պետք է հասնել նրան։ Հենց որ սահնակը շարժվեց, ամբողջ լծվածքը ընկավ Լիփ-Լիփի հետևից, և այդ հետապնդումը շարունակվեց ամբողջ ցերեկը։ Սկզբում վիրավորված Լիփ֊Լիփը ստեպ-ստեպ փորձում էր նետվել իրեն հետապնդողների վրա, բայց ամեն անդամ Միթ֊Սան եղջերուի դաբաղած աղիքից հյուսված երեսուն ոտնաչափանոց խարազանով շրմփացնում էր նրա գլխին ու ստիպում վերադառնալ իր տեղը։ Լիփ֊Լիփը չէր վախենա գոտեմարտի բռնվել ամբողջ լծվածքի հետ, բայց խարազանը շատ ավելի սարսափելի էր, և ուրիշ բան չէր մնում նրան, եթե ոչ ձգել թոկը և իր կողերը հեռացնել ընկերների ատամներից։ Հնդկացու խելքն անսպառ է, երբ խոսքը վերաբերում է խորամանկությանը։ Որպեսզի բոլոր լծկանների թշնամությունը սաստկացնի Լիփ֊Լիփի նկատմամբ, Միթ֊Սան սկսեց գերադասել նրան մյուս շներից՝ խանդ առաջացնելով սրանց մեջ դեպի առաջրնթացիկը։ Միթ֊Սան միս էր տալիս նրան ամբողջ ոհմակի առաջ, իսկ մյուսներից ոչ մեկին չէր տալիս։ Շները կատաղում էին, պտույտ էին գալիս Լիփ֊Լիփի շուրջը, երբ սա ուտում էր, բայց մոտենալու սիրտ չէին անում, որովհետև Միթ֊Սան կանգնում էր նրա կողքին՝ խարազանը ձեռքին։ Իսկ երբ միս չէր լինում, Միթ֊Սան շներին քշում էր հեռու և ձևացնում, թե կերակրում է Լիփ֊Լիփին։ Սպիտակ Ժանիքը հաճությամբ գործի լծվեց։ Հնազանդվելով աստվածներին՝ նա ժամանակին ավելի երկար ճանապարհ էր կտրել, քան մյուս շները, և նրանցից ավելի խոր էր ըմբռնել աստվածների կամքին հակառակվելու ապարդյուն լինելը։ Բացի դրանից, այն ատելությունը, որ տածում էին իր հանդեպ բոլոր շները, նվազեցնում էր իր աչքում նրանց նշանակությունը և ավելացնում մարդու նշանակությունը։ Նա իր եղբայրակիցների հասարակության կարիք չուներ, Կիչին համարյա մոռացվել էր, և աստվածներին հավատարիմ լինելը, որոնց իշխանությունն իր վրա ընդունում էր Սպիտակ ժանիքը, իր զգացմունքներն արտահայտելու գրեթե միակ միջոցն էր։ Եվ Սպիտակ ժանիքը եռանդագին աշխատում էր, հնազանդվում էր հրամաններին ու ենթարկվում կարգապահությանը։ Ազնվորեն ու հաճությամբ էր նա աշխատում։ Ազնվորեն աշխատելը հատուկ է բոլոր ընտելացված գայլերին ու ընտելացված շներին, իսկ Սպիտակ Ժանիքը լիովին օժտված էր այս հատկությամբ։ Սպիտակ ժանիքը շների հետ էլ չէր շփվում, բայց այդ շփումն արտահայտվում էր թշնամությամբ ու ատելությամբ։ Երբեք չէր խաղում նրանց հետ։ Կարողանում էր կռվել, և կռվում էր հարյուրապատիկը հատուցելով այն բոլոր խածնումների ու նեղությունների համար, որ ստիպված էր եղել կրել այն օրերին, երբ Լիփ֊Լիփը ոհմակի պարագլուխն էր։ Հիմա Լիփ֊Լիփը գլխավորում էր իրեն միայն այն ժամանակ, երբ երկար թոկի ծայրին լծված՝ վազում էր իր ընկերների և ձյան վրա ոստոստացող սահնակի առջևից։ Հանգրվանումների ժամանակ Լիփ֊Լիփը մոտ էր մնում Միթ֊Սային, Գորշ Ջրշունին և Կլու֊Քուչին, սիրտ չէր անում հեռանալ աստվածներից, որովհետև այժմ բոլոր շների ժանիքներն ուղղված էին նրա դեմ, և նա իր վրա զգում էր այն թշնամանքի դառնությունը, որ առաջ բաժին էր ընկնում Սպիտակ ժանիքին։ Լիփ֊Լիփի անկումից հետո Սպիտակ Ժանիքը կարող էր դառնալ ոհմակի պարագլուխը, բայց նա դրա համար շատ էր մռայլ և ինքնամփոփ։ Լծակից ընկերները միայն խածնումներ էին ստանում նրանից, իսկ մնացած ամեն ինչում նա կարծես չէր նկատում դրանց։ Սպիտակ Ժանիքին հադիպելիս նրանք շեղում էին ճանապարհը, և ոչ մեկը, անգամ ամենահամարձակը, սիրտ չէր անում խլել նրանից մսի բաժինը։ Ընդհակառակը, աշխատում էին որքան կարելի է շուտ կուլ տալ իրենց բաժինը՝ վախենալով, որ նա հանկարծ կխլի իըենցից։ Սպիտակ ժանիքը լավ էր յուրացրել _ճնշիր թույլին և հնազանդվիր ուժեղին_ օրենքը։ Նա հապշտապ ուտում էր տիրոջ նետած կտորը և այն ժամանակ վա՜յ այն շանը, որը դեռ չէր վերջացրել ուտելը։ Ահեղ մռնչյուն, ցուցադրված ժանիքներ... և կիսակուշտ շանը մնում էր միայն մի բան՝ իր վրդովմունքը զեղել անտարբեր աստղերին, երբ Սպիտակ Ժանիքն ուտում պրծնում էր սրա բաժինը։ Ժամանակ առ ժամանակ մերթ այս, մերթ այն շունը ըմբոստանում էր Սպիտակ ժանիքի դեմ, բայց սա արագ հանդարտեցնում էր դրանց։ Նա նախանձախնդրաբար պահում էր իր մեկուսացած դրությունը ոհմակում և հաճախ կռվով էր ձեռք բհրում դա։ Բայց այդպիսի ընդհարումները երկարատև չէին լինում։ Շները չէին կարող չափվել նրա հետ։ Նա վերքեր էր հասցնում հակառակորդին՝ չթողնելով որ նա ուշքի գա, և շունն սկսում էր արնաքամ լինել դեռ ինչպես հարկն է կռիվ սկսելու ժամանակ չունեցած։ Սպիտակ ժանիքը ևս, ինչպես որ աստվածները, խստագույն կարգապահություն էր պահպանում իր եղբայրակիցների մեջ։ Նա ոչ մի զիջողություն չէր անում նրանց և անսահման հարգանք էր պահանջում իր հանդեպ։ Շներն իրար մեջ ինչ ասես կարող էին անել, այդ նրան չէր վերաբերում։ Սպիտակ Ժանիքը հետևում էր միայն, որ շները ոտնձգություն չանեն իր առանձնակի դրության դեմ, ճանապարհ տան իրեն, երբ ինքը երևում է ոհմակի մեջ, և ընդունեն իր տիրապետությունն իրենց նկատմամբ։ Բավական էր, որ հանդուգնի մեկը ռազմական տեսք ընդուներ, ատամները ցույց տար կամ փշաքաղվեր, որ Սպիտակ ժանիքը նետվեր նրա վրա և ամենաանխնա կերպով ապացուցեր նրա սխալ վարվելը։ Վայրագ բռնակալ էր նա, կառավարում էր երկաթե աննկունությամբ։ Թույլերին ամենևին չէր ներում։ Գոյության դաժան պայքարը, որ ստիպված էր նա մղել վաղ մանկությունից, երբ մոր հետ միայնակ, հաղթահարելով հեռավոր Հյուսիսի թշնամությունը, չարչարվում էին ապրելու համար, անհետ չէր կորել։ Ավելի ուժեղ հակառակորդի հանդիպելիս Սպիտակ Ժանիքը հեզ էր պահում իրեն։ Նա ճնշում էր թույլին, բայց հարգում էր ուժեղին։ Եվ երբ Գորշ Ջրշունը իր երկար ճանապարհին պատահում էր այլ մարդկանց հանգրվանների, Սպիտակ ժանիքը հանդարտ ու զգույշ էր ման գալիս օտար ու չափահաս շների մեջ։ Անցավ մի քանի ամիս, իսկ Գորշ Ջրշունի ուղևորությունը դեռ շարունակվում էր։ Երկար ճանապարհը և սահնակ քաշելիս բարեխղճորեն աշխատելը ամրապնդեցին Սպիտակ Ժանիքի ուժերը, և ըստ երևույթին նրա մտավոր զարգացումն ավարտվեց։ Շրջապատող աշխարհը նա ճանաչեց ամբողջովին։ Եվ նայում էր նա դրան մռայլ՝ ոչ մի պատրանք չունենալով դրա հանդեպ։ Խստաշունչ ու դաժան էր այդ աշխարհը, ո՛չ ջերմություն կար այդտեղ, ո՛չ քնքշանք, ո՛չ էլ բարեկամական կապ։ Սպիտակ Ժանիքը բարեկամություն չէր զգում անգամ Գորշ Ջրշունի հանդեպ։ Սա, ճիշտ է, աստված էր, բայդ դաժան աստված։ Սպիտակ ժանիքը հաճությամբ էր ընդունում նրա իշխանությունն իր նկատմամբ, թեև այդ իշխանությունը հիմնված էր մտավոր գերազանցության և բռնի ուժի վրա։ Սպիտակ Ժանիքի խառնվածքի մեջ կար մի այլ բան, որն ընդառաջում էր այդ տիրակալությանը, այլապես նա չէր վերադառնա խուլ Հյուսիսից և դրանով էլ չէր ապացուցի իր հավատարմությունն աստվածներին։ Նրա մեջ կային խորություններ, որ դեռ ոչ ոք չէր հետազոտել։ Գորշ Ջրշունը մի քաղցր խոսքով կամ փաղաքուշ հպումով կարող էր թափանցել այդ խորությունների մեջ, բայց այդ մարդը երբեք չէր փաղաքշում Սպիտակ Ժանիքին, ոչ մի քաղցր խոսք չէր ասել նրան։ Այդպիսի սովորություն չուներ նա։ Գորշ Ջրշունի գերազանցությունը հիմնված էր դաժանության վրա, և այդպիսի դաժանությամբ էլ նա հրամայում էր՝ արդարադատությունն իրագործելով մահակի միջոցով, հանցագործությունը պատժելով ֆիզիկական ցավ հասցնելով, իսկ ծառայությունը վարձատրելով ոչ թե փաղաքշանքով, այլ հարված չհասցնելով։ Եվ Սպիտակ ժանիքը անգիտանում էր այն երանությանը, որ կարող է պարգևել մարդկային ձեռքը։ Ասենք, նա չէր էլ սիրում մարդկային ձեռքերը. դրանց մեջ ինչ-որ կասկածելի բան կար։ Այդ ձեռքերը, ճիշտ է, երբեմն միս էին տալիս, բայց շատ ավելի հաճախ ցավ էին պատճառում։ Դրանցից պետք էր հեռու մնալ, դրանք քար էին նետում, թափահարում էին փայտը, մահակը, խարազանը, կարող էին խփել ու հրել, իսկ եթե դիպչում էին, ապա միայն կսմթելու, թափահարելու և մի փունջ մազ պոկելու համար։ Օտար ավաններում նա իմացավ, որ մանկական ձեռքերն էլ կարող են ցավ պատճառել։ Մի փոքրիկ տղա մի անգամ քիչ մնաց ծակեր նրա աչքը։ Դրանից հետո Սպիտակ Ժանիքը սկսեց խիստ կասկածամտորեն վերաբերվել երեխաներին։ Նա պարզապես չէր հանդուրժում նրանց։ Երբ սրանք մոտենում և պարզում էին լավ բան չխոստացող իրենց ձեռքերը, նա վեր էր կենում ու հեռանում։ Գերության Մեծ լճի ափին գտնվող ավաններից մեկում Սպիտակ Ժանիքը առիթ ունեցավ ճշգրտելու Գորշ Ջրշունի ավանդած օրենքը, ըստ որի աստվածների վրա հարձակվելը համարվում է աններելի հանցանք։ Բոլոր շների սովորությամբ, բոլոր ավաններում, Սպիտակ Ժանիքն էլ գնաց ուտելիք փնտրելու։ Նա տեսավ, թե ինչպես մի տղա կացնով կտրատում էր իշայծյամի սառած միսը, որի կտորները թռչում էին ամեն կողմ, Սպիտակ ժանիքը կանգ առավ ու սկսեց հավաքել դրանք։ Տղան ցած դրեց կացինը ու ճանկեց մի ծանր մահակ։ Սպիտակ Ժանիքը ետ նետվեց՝ հազիվ կարողանալով խուսափել հարվածից։ Տղան ընկավ նրա հետևից, իսկ Սպիտակ ժանիքն էլ ավանին ծանոթ չլինելով նետվեց վիգվամների արանքում եղած անցուղին ու ընկավ բարձր հողաթմբով փակված փակուղու մեջ։ Թաքնվելու տեղ չկար։ Տղան փակում էր այդտեղից դուրս գալու միակ ելքը։ Նա բարձրացրեց մահակը և մի քայլ առաջացավ։ Սպիտակ Ժանիքը կատաղեց։ Արդարասիրության նրա զգացումը վրդովվեց․ նա ամբողջ մարմնով փշաքաղվեց և սպառնալի մռնչյունով դիմավորեց տղային։ Սպիտակ Ժանիքը լավ էր իմանում օրենքը, ըստ որի մսի բոլոր մնացորդները, օրինակ իշայծյամի սառած մսի մանր կտորները, պատկանում են այն շանը, որը գտնում է դրանք. ուրեմն նա ոչ մի վատ բան չէր արել, ոչ մի օրենք չէր խախտել, և այնուամենայնիվ տղան պատրաստվում էր ծեծել իրեն։ Սպիտակ Ժանիքն էլ չէր իմանում ինչպես եղավ դա։ Նա այդ կատարեց կատաղության նոպայի պահին, և ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ, որ նրա հակառակորդը նույնպես ժամանակ չունեցավ բան հասկանալու։ Տղան հանկարծ փռվեց ձյան վրա, իսկ Սպիտակ Ժանիքի ատամները կծեցին մահակ բռնած ձեռքը։ Սակայն Սպիտակ Ժանիքը գիտեր, որ աստվածների սահմանած օրենքը խախտված է։ Աստվածներից մեկի սրբազան մարմնի մեջ ատամներ խրած արարածը պետք է սպասի ամենասարսափելի պատժի։ Նա ապաստանեց Գորշ Ջրշունի պաշտպանությանը և կծկվելով նստեց նրա ոտքերի մոտ, երբ կծված տղան ու նրա ամբողջ ընտանիքը ներկայացավ հատուցում պահանջելու։ Բայց նրանք ձեռնունայն հեռացան։ Գորշ Ջրշունը պաշտպան կանգնեց Սպիտակ Ժանիքին։ Նույնպես վարվեցին Միթ-Սան և Կլու-Քուչը։ Ունկնդրելով մարդկանց լեզվակռվին ու հետևելով, թե ինչպիսի ցասումով են նրանք թափահարում ձեռքերը, Սպիտակ Ժանիքն սկսեց հասկանալ, որ իր արածի համար արդարացում կա։ Այսպիսով նա իմացավ, որ լինում են տարբեր աստվածներ սեփական աստվածներ և օտար աստվածներ, իսկ դա բնավ էլ նույնը չէ։ Սեփական աստվածներից պարտ է ընդունել ամեն ինչ՝ և՛ արդարություն, և՛ անարդարություն։ Բայց նա պարտավոր չէ հանդուրժել օտար աստվածների անարդարությունը, իրավունք ունի դրա վրեժը լուծել իր ատամներով։ Սա նույնպես օրենք էր։ Նույն օրը Սպիտակ Ժանիքն ավելի սերտորեն ծանոթացավ այդ նոր օրենքին։ Անտառում ցախ հավաքելիս, Միթ֊Սան պատահեց մի խումբ տղաների, որոնց մեջ էր նաև տուժածը։ Կռիվ սկսվեց։ Տղաները հարձակվեցին Միթ֊Սայի վրա։ Ծանր էր նրա վիճակը. ամեն կողմից հարվածներ էին տեղում նրա գլխին։ Սպիտակ Ժանիքն սկզբում պարզապես հետևում էր կռվին․ դա աստվածների գործն է և իրեն չի վերաբերում։ Բայց հետո ըմբռնեց՝ չէ՞ որ ծեծում են իր սեփական աստվածներից մեկին՝ Միթ֊Սային։ Իսկ այն, ինչ արեց նա դրանից հետո, արեց առանց մտածելու։ Վայրագ ցասման պոռթկումը նետեց նրան տուրուդմբոցի կենտրոնը։ Հինգ րոպե հետո տղաները փախան մարտադաշտից, և նրանցից շատերը ձյան վրա թողեցին արյան հետքեր՝ ապացույցներ, որ Սպիտակ Ժանիքի ատամներն անգործ չէին մնացել։ Երբ Միթ֊Սան այդ դեպքը պատմեց ավանում, Գորշ Ջրշունը հրամայեց միս տալ Սպիտակ Ժանիքին։ Նա հրամայեց շատ միս տալ դրան։ Եվ Սպիտակ Ժանիքը կշտանալուց հետո պառկեց խարույկի մոտ ու քնեց՝ հաստատ համոզված, որ օրենքը լավ էր հասկացել։ Դրանից հետո Սպիտակ Ժանիքը սովորեց սեփականության օրենքը, ինչպես նաև այն, որ տիրոջ սեփականությունը պետք է պահպանել։ Աստծու մարմնի պաշտպանությունից մինչև նրա ունեցվածքի պաշտպանությունր մի քայլ էր միայն, և Սպիտակ Ժանիքն այդ քայլը արեց։ Այն, ինչ պատկանում էր աստծուն, պետք էր պահպանել ամբողջ աշխարհից՝ կանգ չառնելով անգամ օտար աստվածների վրա հարձակվելու առաջ։ Սակայն այդ արարքը, որ ինքնըստինքյան սրբապիղծ է, միշտ էլ կապված է մեծ վտանգների հետ։ Աստվածներն ամենազոր են, և շան համար դժվար է չափվել նրանց հետ. և այնուամենայնիվ Սպիտակ Ժանիքը սովորեց անվախ կերպով հակահարված տալ նրանց։ Պարտականության գիտակցումը հաղթահարեց վախը, և վերջ ի վերջո գողության հակամետ աստվածները որոշեցին ձեռք չտալ Գորշ Ջրշունի ունեցվածքին։ Սպիտակ ժանիքը շուտով հասկացավ, որ գողաբարո աստվածները վախկոտ են և տագնապի ձայն լսելուն պես փախչում են։ Բացի դրանից (ինչպես նա փորձով համոզվեց), տագնապ հարուցելու և Գորշ Ջրշունի հայտնվելու Ժամանակամիջոցը սովորաբար շատ կարճ էր լինում։ Նա հասկացավ նաև, որ գողը փախչում է ոչ թե այն պատաճռով, որ վախենում է իրենից՝ Սպիտակ ժանիքից, այլ որովհետև Գորշ Ջրշունից է վախենում։ Տեսնելով, որ եկողը գող է, Սպիտակ Ժանիքը հաչոց չէր գցում (ասենք հաչել չէր էլ իմանում), այլ նետվում էր անկոչ հյուրի պես և, երբ հաջողվում էր, ատամները կոխում էր նրա մարմնի մեջ։ Մռայլ ու մարդախույս լինելն օգնեցին Սպիտակ Ժանիքին դառնալու տիրոջ ունեցվածքի հուսալի պաշտպանը, և Գորշ Ջրշունը ամեն կերպ խրախուսում էր նրան այս կետում։ Եվ վերջ ի վերջո Սպիտակ ժանիքը ավելի չար, ավելի անզուսպ դարձավ ու վերջնականապես ամփոփվեց ինքն իր մեջ։ Ամիսներն անցնում էին իրար հետևից, և ժամանակը հետզհետե ավելի էր ամրացնում շան և մարդու միջև կնքված պայմանադրությունը։ Այդ պայմանադրությունը կնքել էր Հյուսիսի խորքից մարդու մոտ եկած առաջին գայլը։ Եվ իր բոլոր նախնիների՝ գայլերի ու վայրի շների նման, Սպիտակ Ժանիքն ինքը մշակեց դրա պայմանները, որոնք շատ պարզ էին։ Աստվածությանը պաշտելու համար նա զոհեց իր ազատությունը, իսկ նրանից սկսեց ստանալ նրա հետ հարաբերելու իրավունք, հովանավորություն, սնունդ ու տաքություն։ Փոխարենը պահպանում էր նրա ունեցվածքը, պաշտպանում նրա մարմինը, աշխատում նրա համար և հնազանդվում նրան։ Եթե աստված ունես, պետք է ծառայես նրան։ Եվ Սպիտակ Ժանիքը ծառայում էր իր աստծուն՝ ենթարկվելով պարտականության ու երկյուղած վախի զգացմունքին։ Բայց չէր սիրում նրան։ Նա չէր իմանում ինչ բան է սերը, և երբեք չէր զգացել դա։ Կիչին դարձել էր հեռավոր հուշ։ Բացի դրանից, անձնատուր լինելով մարդուն՝ Սպիտակ Ժանիքը ոչ միայն կապերը խզեց հյուսիսից ու իր ցեղակիցներից, այլև ենթարկվեց պայմանագրի այն կետին, որը թույլ չէր տալիս նրան լքել աստծուն ու գնալ Կիչիի հետևից, եթե անգամ հանդիպեր նրան։ Մարդուն հավատարիմ լինելը օրենք դարձավ Սպիտակ Ժանիքի համար, և այդ օրենքը ավելի ուժեղ էր ազատասիրությունից, ավելի ուժեղ՝ արենակցական կապերից։
== Գլուխ VI։ Քաղցը ==