Հ․Գ․ Նամակս բաց եմ անում ձեզ հայտնելու, որ բոլորիս բարեկամ մր․ Թոմաս Տրեդլսը (նա փառք աստծո, ողջ առողջ է) ազնվամիտ մրս․ Տրոտուդի վեհ անունից թե՛ պարտքերս և թե՛ դատական ծախքերս արդեն վճարեց, և որ ես ու գերդաստանս երկրային երջանկության ամենաբարձր կատարի վրա ենք»։
==ԺԵ․ գլուխ==
Մրրիկ
Այժմ մոտենում եմ կյանքումս պատահած մի դեպքի, որ այնպես անջնջելի, այնպես ահեղ է և հազար տեսակ թելերով այն աստիճան սերտ է կապված նախորդ էջերի նյութի հետ, որ պատմությանս հենց սկզբից նա իմ առջև հարթ հավասար դաշտում կանգնած մի վիթխարի աշտարակ է պատկերացել, որին ինչքան մոտենում էի, այնքան ավելի էր աճում, նույնիսկ մանկությանս անցքերի վրա մի չարաշուք ստվեր գցելով։
Այդ դեպքից հետո տարիներ անցան, բայց նա դարձյալ երևում էր երազներիս մեջ։ Ես անկողնուց ցատկում էի այնպես սաստիկ տագնապած, որ ասես թե նրա կատաղությունը գիշերվա ժամին էլ մռնչում էր իմ անդորրիկ սենյակում։ Այժմ անգամ այդ դեպքից երազներս վրդովվում են, թեև անորոշ և ավելի երկար ընդհատումներով։ Այդ դեպքն ու մոլեգին հողմը և կամ նույնիսկ «ծովափ» բառը մտքիս մեջ այնքան հարակից են, որ մեկի գաղափարն անհրաժեշտ կերպով մյուսինն է արթնացնում։ Կփորձեմ ճիշտ այնպես նկարագրել այդ դեպքը, ինչպես որ ներկայանում է աչքիս առջև։ Ես ոչ միայն հիշում են նրան, այլև տեսնում, որովհետև նորից է կատարվում իմ առջև։
Գաղթականների նավի մեկնելու օրն արագ֊արագ մոտենում էր։ Պառավ դայակս, որ ինձ տեսնելով քիչ մնաց ուշաթափվեր, Լոնդոն էր եկել։ Ես ամեն օր գնում էի նրա մոտ և եղբոր մոտ, ինչպես և Միկաբրները (նրանք ակներև աշխատում էին մտերմանալ իրար հետ), սակայն երբեք չէի տեսնում Էմլիին։
Մի երեկո, մեկնելու օրից քիչ առաջ, Պեգգոտին, ես ու նրա եղբայրը միասին էինք։ Խոսք բացվեց Հեմի մասին։ Պեգգոտին պատմեց, թե ինչպես Հեմը սրտաշարժ հրաժեշտ առավ նրանից, թե ինչպես վերջերս Հեմը հանգիստ ու քաջ էր, թեև հենց այդ միջոցին նրա սիրտը, դայակիս ասելով, ավելի շատ էր կեղեքված։ Բարի պառավը չէր կշտանում այդ նյութի մասին խոսելուց, և մենք նույնքան նրա պատմությանը ուշադիր էինք, որքան նա ոգևորված էր պատմելիս։
Տատս ու ես այդ միջոցին երկու տնակները դատարկել էինք․ ես մտադիր էի ճամբորդել, իսկ տատս որոշել էր Դուվրի տունը տեղափոխվել։ Առժանակ Կովընտ Գարդընի մոտերքումն էինք մի բնակարան վարձել։ Վերոհիշյալ երեկոյան խոսակցությունից հետո՝ մինչ ես տուն էի վերադառնում այն բանի մասին մտածելով, ինչ որ պատահել էր Յարմաութում Հեմի և իմ վերջին տեսակցության միջոցին, հանկարծ սկսեցի հարցնել ինձ ― արդյոք լավ չի՞ լինի՝ փոխանակ նավի մեկնելու ժամին մր․ Պեգգոտիին տալու այն նամակը, որ մտադիր էի Էմլիին գրել, այժմ գրել և անմիջապես իրեն ուղարկել։ Նամակս ստանալով գուցե ուզենա հրաժեշտի ողջույն հասցնել իր տարաբախտ նշանածին, ասում էի ես։ Անհրաժեշտ էր, որևէ առիթ տալ նրան։
Այս պատճառով հենց նույն գիշերը նստեցի գրելու և գրեցի, թե տեսել եմ Հեմին, և նա ինձ հատուկ խնդրել է հայտնել նրան (Էմլիին) այն բոլորը, ինչ որ արդեն պատմված է իր տեղում, նույնը ճշտությամբ կրկնեցի․ բան ավելացնելու հարկ չկար, իրավունք էլ չունեի։ Հեմի խորին հավատարմությունն ու բարությունը ոչ մի սեթևեթանքի կարոտ չէր։ Մի տոմսակ էր մր․ Պեգգոտիին գրեցի, խնդրելով, որ նամակը Էմլիին հանձնի, և ծրարները տանելու կարգադրություն անելուց հետո՝ անկողին մտա համարյա թե արշալույսին։
Շատ ուժատ լինելուս և արդեն արևի ծագելուց հետո քուն մտնելու պատճառով բավական ուշ վերկացա, սակայն առանց կազդուրվելու։ Զարթնեցի տատիս լռիկ ներկայությունից սնարիս մոտ․ դեռ քնիս մեջ զգացել էի, որ նա ներկա է։ Կարծեմ ամեն մարդ այդպիսի բան զգացած կլինի։
― Սիրելի Տրոտ, ― ասաց նա, երբ որ աչքերս բացի, ― չէի կամենում քունդ վրդովել։ Մր․ Պեգգոտին այստեղ է, կանչե՞մ նրան։
Խնդրեցի կանչել, և մր․ Պեգգոտին ներս մտավ։
― Մաստր Դեվի, ― ասաց նա աջս սեղմելով, ― հանձնեցի Էմլիին ձեր նամակը, սըր, և նա այս տոմսակը գրեց, խնդրելով, որ կարդաք և եթե մեջը մի ավերոդ բան չգտնեք, շնորհ անեք մեր Հեմին հասցնել։
― Իսկ դուք կարդացե՞լ եք, ― հարցրի ես։
Նա տրտմությամբ գլուխը կախեց։ Բացի նամակը ու հետևյալը կարդացի․
«Ստացա ձեր պատգամը։ Օ՜հ, ի՞նչ գրեմ ձեզ այդքան բարության և մարդասիրության փոխարեն շնորհակալություն հայտնելու համար։
Ձեր պատվիրած նամակն ամուր սեղմել եմ սրտիս։ Այդ նամակի խոսքերը մինչև իմ վերջին շունչը պիտի պահեմ։ Դրանք սուր֊սուր փշեր են, բայց և քաղցր, բարերար փշեր։ Ես դրանց վրա աղոթք արի, և ինչպես ջե՜րմ։ Երբ տեսնում եմ, թե դուք ի՞նչ եք, մեր ապերն ի՞նչ է, հասկանում եմ, թե ինքն աստված ի՞նչ պիտի լինի, և դիմում եմ նրա գթության՝ արդեն առանց երկյուղի։
Հավիտյան մնաս բարով, իմ անգին, իմ անձկալի բարեկամ։ Եթե այն աշխարհում ներողության արժանանամ, գուցե երեխայի պես մաքուր զարթնեմ ու վերստին քեզ մոտենամ։ Անչափ շնորհակալ եմ, և թող աստված օրհնի քեզ։ Մնաս բարով, միշտ ողջ»։
Ահա դա էր արտասուքով թրջված նամակը։
― Իրավունք կտա՞ք, մաստր Դեվի, ասել նրան, թե նամակի մեջ անպատեհ բան չեք գտնում, և բարի կլինե՞ք Հեմին հանձնել, ― հարցրեց մր․ Պեգգոտին։
― Անշուշտ, ― ասացի ես, ― միայն թե․․․
― Ի՞նչ կհրամայեք, մաստր Դեվի։
― Լավ կլինի, որ ես ինքս Յարմաութ գնամ։ Ես կերթամ և դեռ ձեր նավի մեկնելուց առաջ ետ կգամ։ Միտքս շարունակ նրանով է զբաղված․ խեղճն այնքան մենակ է։ Եթե կարենամ նամակը նրան հասցնել և ձեզ հնար տալ հենց նավի մեկնելու ժամին աղջկան ասելու, որ Հեմը նամակն ընդունեց, ― երկուսն էլ շատ կսփոփվեն։ Ես այս պատվական տղային իր պատվերը կատարելու հաստատ խոսք էի տվել, և կցանկանայի լրիվ կատարել։ Յարմաութ գնալը ոչինչ բան է։ Չէ՞ որ արդեն հանգիստ չունեմ․ լավ է շարժման մեջ լինեմ։ Հենց այս երեկո կերթամ։
Մր․ Պեգգոտին թեև փորձեց տարահամոզել ինձ, բայց ես տեսա, որ նա գնալուս հավան է, և այդ արդեն բավական էր, որ որոշումս ավելի ամրանա, չնայելով, որ ամրացնելու պետք չկար։ Իմ խնդրանքով նա գնաց կայարան՝ ինձ համար դիլիժանսի տեղ վարձելու, և երեկոյան ես դարձյալ կտրում էի այն ճանապարհը, որ առաջ էլ այնքան անցել էի շատ տարբեր պարագաներում։
― Ի՜նչ տարօրինակ երկինք է, ― ասացի ես կառապանին հենց առաջին իջևանում։ ― Այսպիսի բան դեռ չէի տեսել։
― Ես էլ չեմ հիշում, որ տեսած լինեմ, ― պատասխանեց կառապանը։ ― Դա մրրիկի նշան է, սըր։ Վախենում եմ, որ այժմ ծովի վրա մեծ փորձանքներ կպատահեն։
Սևաթույր և կարծես մասամբ թաց փայտի գորշ ծխով ներկված ամպերը շուտ֊շուտ ու խառնաշփոթ սլանում էին և նրանց պես֊պես կույտերը դիզվում էին իրար վրա, ահագին սարեր ու սարերի մեջ անդնդախոր ճեղքեր կազմելով․ իսկ լուսինը, կարծես թե բնության օրենքների իրարանցումից սարսափած և իր շաղվից մոլորված՝ գահավեժ ընկնում էր այդ վիհերի մեջ։ Ամբողջ օրը քամին փչում էր, սակայն այժմ նրա մռնչյունը սաստկացել էր, ու բնությունը՝ զորացել։
Գիշերը վրա հասավ, և մութ ամպերը խտանալով, ամբողջ երկինքը պատեցին․ քամին սկսեց ավելի կատաղել։ Նա այնպես սաստիկ էր փչում, որ ձիերը հազիվ էին կարողանում նրա դեմ գնալ։ Շատ անգամ գիշերային խավարի մեջ (արդեն սեպտեմբերի վերջին քառորդն էր. գիշերները կարճ չէին) առջևի ձիերը գլուխները շուռ էին տալիս և հանկարծ կանգնում․ ամեն րոպե սպասում էինք, թե դիլիժանսը շուռ կգա։ Մրրկածուփ անձրևի տարափը մերթ ընդ մերթ պողպատե սլաքներով հարվածում էր, և մենք մի պարիսպ կամ ծառ գտնեինք թե չէ, շտապում էինք պատսպարվել, որովհետև այդ հարվածների ուժգնության դեմ մաքառելու հնար չկար։
Լուսադեմին հողմը սկսեց ավելի ահեղ մռնչալ։ Ես եղել էի Յարմաութում փոթորիկների ժամանակ, երբ նավաստիների ասելով, հողմը ռմբակոծում էր․ բայց այժմյան որոտման պես սոսկալի բան դեռ չէի լսել։ Իփսուիչի կայարանը շատ ուշ հասանք․ Լոնդոնից տասը մղոն դենը յուրաքանչյուր քայլափոխը ստիպված էինք կռվելով անել։ Շուկայում մեծ բազմություն կար․ մարդիկ տանիքների ու ծխնելույզների փուլ գալուց վախենալով, արդեն կես֊գիշերին էին վեր կացել։ Կառքի ձիերը փոխելու ժամանակ իջևանի բակում հավաքված մարդիկ մեզ պատմում էին, թե քամին եկեղեցու աշտարակից թիթեղի ահագին թերթեր է պոկել և փողոցի մեջտեղը շպրտել։ Մյուսներն ասում էին, եկվոր գեղջուկների հաղորդածը կրկնելով, թե քամին վիթխարի ծառեր է խլել արմատից, դեսուդեն ձգել ճանապարհի ու դաշտի վրա։ Սակայն փոթորիկը դեռ չէր մեղմանում, այլ գնալով սաստկանում էր։
Երբ որ սկսեցինք ծովին մոտենալ, որտեղից որ հողմը փչում էր, նրա բռնությունն արդեն սարսափելի էր։ Դեռ ծովը չտեսած՝ նրա աղի փրփուրն արդեն շուրթերով զգում էինք և նրա սրսկումից թրջվել էինք։ Ջուրը մղոնների տարածությամբ Յարմաութի տափարակը ծածկել էր, ամեն մի թումբ ու պատվար պատռելով, հեղեղի պես մեր դեմ էր հորդում։ Իսկ երբ ծովի տեսարանը բացվեց, նրա կոհակներն այնպես էին լեռնանում երերածուփ անդունդից, որ կասեիր, թե հեռավոր ափի աշտարակներ ու բուրգեր լինեին։ Երբ վերջապես քաղաք մտանք, անձրևակոծ մազերով, մարդիկ դռներից դուրս էին նայում ու զարմանում, որ մեր դիլիժանսն այդպիսի ահեղ գիշեր է անցկացրել ճամփի վրա։
Ես հին պանդոկն իջա և հետո ծովը դիտելու գնացի։ Ավազով, ծովասիզով ու փրփուրով ծածկված փողոցում ամեն մի քայլում գայթում էի․ կտուրներից ընկնող կղմինդրներն սպառնում էին գլուխս ջախջախել․ անկյուններում ստիպված էի մարդկանց փարվել, որ քամու հոսանքից չտարվեմ։ Ծովափին մոտենալիս ոչ միայն նավաստիներ տեսա, այլև բնակիչների մեծ մասը՝ տների մոտ ու պատերի տակ հավաքված, ոմանք փոթորկի դեմ խիզախելով, մերթընմերթ ծովափին նայելու էին դուրս գալիս, բայց և իսկույն հողմահալած ետ փախչում։
Միացա այդ խմբերին։ Տառեխ և կամ ոստրե բռնելու համար ծով ելած ձկնորսների կանայք լաց էին լինում․ հավանական է, որ այդ մարդիկ արդեն ընկղմված լինեին։ Ալևոր նավաստիները, ծովի երեսից դեպի երկինք նայելով, գլուխները շարժում էին և իրար հետ փսփսում․ նավատերերը գրգռված էին ու հուզված․ մանուկները մեծերի շուրջն էին խռնվում և ուշի֊ուշով նրանց երեսին մտիկ անում․ ամենաքաջ նավաստիներն անգամ այլայլված ու շփոթված էին, մինչ պարսպի հետևից դիտակներով դիտում էին ծովը, հենց իմանաս մի թշնամու սպասելով։
Երբ, չնայած կուրացուցիչ հողմին, օդում թռչող ավազին ու քարերին, հնար էի գտնում ծովի կողմը նայելու, նրա պատկերը զարհուրանք էր պատճառում ինձ։ Իրար հրող լեռնակուտակ ալիքների թավալվելը և սոսկալի բարձրունքից եզերքի վրա գրոհ տալն ու փշրվելը տեսնելիս՝ կարելի էր կարծել, թե նրանցից մեկն անգամ հերիք է, որ քաղաքը կլանի։ Խուլ գռռումով ետ նահանջող ալիքները այնպիսի խոր փոսեր էին թողնում ափի մեջ, որ հենց իմանաս մտադիր են ական փորել գետնի տակ։ Երբ փրփրադեզ կոհակներից մեկը որոտաձայն խորտակվում էր՝ դեռ եզերքին չհասած, նրա յուրաքանչյուր բեկորը կարծես թե ամբողջ ուժով մելեգնում էր և իսկույն մյուսների հետ միանում մի նոր հրեշ կազմելու համար։ Շարժական լեռները դաշտանում էին, շարժական դաշտերը՝ լեռնանում, և նրանց վրա հանկարծ որևէ ճայ էր երևան գալիս։ Ջրակույտի սաստկաշառաչ հարվածներից ծովեզերքը դղրդում ու դողում էր։ Ամեն մի ալիք գոռալով խուժում էր մյուսի վրա, նրա ձևը փոխում, ինքն էլ իսկույն մեկ ուրիշի տեղի տալիս։ Հորիզոնի անգո ափն իր աշտարակներով ու բուրգերով մեկ բարձրանում էր, մեկ իջնում․ հոծ ամպերն արագավազ սլանում էին։ Կարելի էր ասել, թե ամբողջ բնությունն ապստամբվել և ինքն իրեն կեղեքում է։
Այդ նշանավոր ալեկոծությունը դիտելու համար ծովափ հավաքված ամբոխի մեջ Հեմին չգտնելով, ես նրա տնակը գնացի։ Դուռը փակ էր, բաց անող չկար։ Այնուհետև ոլոր֊մոլոր շավիղներով նրա գործարանը գնացի։ Այնտեղ ասացին, թե նա Լոուըստոֆտ է կանչվել մի վնասված նավ նորոգելու, որ միայն նա կարող էր նորոգել, և մյուս առավոտյան ետ կգա։
Իմ պանդոկը վերադարձա, երեսս լվացի, հանվեցի և ուզում էի քնել, բայց իզուր․ երեկոյան ժամը հինգն էր։ Սեղանատուն իջա։ Նոր էի նստել վառարանի առջև, երբ սպասավորը կրակն արծարծելու պատրվակով ներս մտաց ու սկսեց բաներ պատմել։ Նա ասաց, թե ծովափից միայն մի քանի մղոն հեռու երկու ածխակիր նավեր են սուզվել՝ միջի բոլոր նավաստիներով ու բեռով, իսկ մյուս նավերը եզերքից հեռու մնալու ճիգ են թափում։
― Եթե այս գիշերն էլ երեկվա գիշերվա պես պիտի լինի, թող աստված հասնի այդ նավերին, ― ասաց նա։
Սիրտս ընկճված էր, շատ տխուր էի․ Հեմի բացակայությունն ինձ տանջում էր։ Վերջին դեպքերը չարաչար ազդել էին վրաս, և փոթորիկը շփոթել էր ինձ։ Մտքերիս ու հիշատակներիս խառնվելուց ժամանակի ու տարածության պարզ ըմբռնումը կորցրել էի․ և եթե փողոցում մեկին տեսնեի, որ այդ միջոցին իմացածիս նայելով, անշուշտ, Լոնդոնում պիտի գտնվեր, չէի զարմանա։ Մի տարօրինակ ապշություն էր տիրել ինձ․ այնուամենայնիվ միտքս շրջակայքի դեպքերով էր զբաղված, որոնք շատ որոշ էին պատկերանում աչքիս առջև։
Այս հոգեկան դրությանս մեջ սպասավորի վշտագին պատմությունը նավերի մասին Հեմի պատճառով զգացած տագնապս սաստկացրեց։ Երկյուղս, թե նա Լոուըստոֆտից ծովով մեկնած ու կորած կլինի, համոզման չափ հաստատ էր։ Տագնապս այնպես սաստկացավ, որ որոշեցի մի անգամ էլ ճաշից առաջ գործարանը գնալ և նավ շինողին հարցնել, թե արդյոք հավանական չի՞ համարում, որ Հեմը կուզենար ծովով ետ գալ։ Եթե նա կարծիքս գեթ փոքր֊ինչ հիմնավոր գտներ, ես մտադիր էի անմիջապես Լոուըստոֆտ շտապել ու ցամաքի ճամփով ետ բերել Հեմին։
Շտապով ճաշեցի և նավաշինության գավիթը գնացի։ Արդեն ժամանակն էր՝ նավագործը լապտերը ձեռքին դռները փակելու վրա էր։ Հարցումս լսելով, նա ծիծաղեց ու ասաց, թե վախենալու կարիք չկա, որովհետև այս փոթորկին ոչ մի խելացի, ոչ էլ անխելք մարդ նավ չի նստի, ― ուր մնաց թե Հեմ Պեգգոտին, որ ի ծնե ծովագնաց է։
Թեև զգում էի, թե այդպես է, և հարցնելու համար ամաչում, բայց դարձյալ սիրտս անհանգիստ էր, երբ պանդոկը վերադարձա։ Այնինչ հողմը սաստկանում էր, եթե միայն կարելի է, որ նա ավելի սաստկանար։ Նրա ոռնալն ու մռնչալը, դռների ու պատուհնների ճռինչը, ծխնելույզի հեծեծանքը, նույնիսկ ինձ պատսապրող տան տատանումն ու ծովի ահեղագոռ որոտումը ավելի սոսկալի էին, քան առավոտյան։ Մթնոլորտի խավարելուց փոթորկի ազդած իրական ու ցնորական արհավիրքն ավելի տագնապալի էր։
Չէի կարողանում ո՛չ ուտել, ոչ՛ նստել, ո՛չ էլ միտքս մի բանի վրա ամփոփել։ Իմ մեջ էլ դրսի փոթորկին արձագանքող մի բան կար, որ հիշատակներս հիմնիվեր աղմկում ու վրդովում էր։ Սակայն խռոված մտքերիս այդ իրարանցման մեջ անգամ Հեմի համար զգացած ահս էր առաջին տեղում։
Ինչպես որ ճաշս բերել էին, այնպես էլ վերցրին։ Փորձեցի մի բաժակ գինով կազդուրվել, զուր եղավ։ Ես վառարանի առջև թմրեցի, բայց ո՛չ փոթորկի, ո՛չ էլ գտնված տեղիս գիտակցությունը չկորցրի։ Դրանք երկուսն էլ մի անորոշ տագնապի էին տեղի տվել, և երբ ինձ կաշկանդող թմրություցից զարթնեցի, կամ լավ է ասել՝ սթափվեցի, ամբողջ մարմնովս մի անհայտ, անիմանալի սարսուռ անցավ։
Սկսեցի սենյակում առաջ ու ետ ման գալ, փորձեցի մի հին լրագիր կարդալ, հողմի ձայնին ականջ դնել․․․ մտիկ անել կրակում երևացող տեսիլներին, դեմքերին ու ձևերին։ Վերջապես պատի ժամացույցի չիկ֊չիկն այն աստիճան ինձ գրգռեց, որ վճռեցի պառկել։
Շատ գոհ էի, որ պանդոկի սպասավորներից մի քանիսը որոշել էին մինչև առավոտ արթուն մնալ այդ գիշեր։ Անկողին մտնելիս անչափ հոգնած ու ջարդված էի, բայց պառկելուս պես այդ զգացումներն կարծես թե անհետացան, և ես արթուն մնացի լիովին սթափ զգայարաններով։
Ժամեր շարունակ այդպես պառկած էի, հողմի ու ծովի մոլեգնության ունկնդիր․ ինձ թվում էր, թե ծովի կողմից մերթ հեռավոր ճիչ եմ լսում, մերթ թնդանոթի գուժկան որոտ, մերթ տապալվող տների թնդյուն։ Մի քանի անգամ վեր կացա ու դեպի դուրս մտիկ արի, սակայն ոչինչ չտեսա, բացի ճրագի աղոտ լույսի անդրադարձից պատուհանի ապակու մեջ և իմ մեռելատիպ երեսից, որ դատարկ խավարից վրաս էր նայում։
Վերջապես վրդովմունքս այն աստիճան սաստկացավ, որ շտապով հագնվեցի ու ներքև իջա։ Ընդարձակ խոհանոցում, որի ձեղունից երշիկի ու սոխի շարքեր էին կախված, սպասավորները սեղանի շուրջը զանազան դիրքերով նստած հսկում էին։ Մի սիրուն աղախին, որ ականջները գոգնոցով ծածկել էր և դեպի դուռն էր մտիկ անում, ինձ տեսնելուն պես ճչաց, կարծելով թե ուրվական եմ․ բայց մյուսներն ավելի քաջ էին և ուրախացան, որ իրենց խմբին միանալու եմ եկել։ Մեկը, իր սկսած պատմությունը շարունակելով, հարցրեց ինձ, թե ծովակուր նավաստիների հոգիներն արդյոք այժմ մրրիկի մեջ չե՞ն սավառնում։
Մոտ երկու ժամ խոհանոցում մնացի։ Մի անգամ բակի դուռը բացի և ամայի փողոցին մտիկ արի։ Ավազը, ծովասեզը, փրփրի շեղջերը փողոցով տարվում էին․ ես ստիպվեցի մարդ կանչել, որ կարենամ դուռը փակել ու ճիգ դնել քամու դեմ։
Երբ վերև բարձրացա, սենյակս մութ խավարով պատված էր։ Ես այնքան հոգնած էի, որ այս անգամ անկողին մտա թե չէ՝ մի աշտարակից գլորվածի պես․․․ քնի մեջ ընկա։ Թեև երազիս մեջ երկար ժամանակ ուրիշ տեսարաններ ու տեղեր էին պատկերանում, բայց ինձ թվում էր, թե հողմը դարձյալ փչում է։ Վերջ ի վերջո իրականության այդ հետին կապն էլ խզվեց, և ես՝ երկու մտերիմ ընկերոջ հետ, որոնց անունը միտս չէ, մի քաղաքի պաշարման էի մասնակցում, որ չարաչար ռմբակոծվում էր։
Թնդանոթների դղրդյունը այնպես զորեղ ու հարատև էր, որ ամենևին չէի կարողանում այն բանը լսել, ինչ որ անչափ ուզում էի, և երբ ջանք դրի լսելու․․․ արթնացա։ Արդեն լույս էր․ ժամը ութը կամ ինը կլիներ։ Ռումբերի տեղ փոթորիկն էր որոտում, և մի մարդ դուռս բախում։
― Ո՞վ է, ի՞նչ կա, ― գոչեցի ես։
― Նավաբեկություն։ Հենց մեր ափի մոտ։
Անկողնից ներքև ցատկեցի, հարցնելով, թե ի՞նչ նավ է խորտակվում։
― Իսպանիայից կամ Պորտուգալիայից եկվոր մի աքուն,<ref>Schooner ― երկկայմ նավ։</ref> պտղով ու գինով բեռնավորված։ Շտապեցեք, սըր, եթե ուզում եք տեսնել նրան։ Ծովափի մարդիկ ասում են, թե մի րոպեից կսուզվի։
Շթոթված սպասավորն աճապարելով, ներքև վազեց սանդուղքից․ ես էլ հապճեպ շորերս հագա ու դեպի դուրս շտապեցի։
Անթիվ մարդիկ վազելով դեպի եզերքն էին շտապում։ Ես շատերից առաջ անցա․ աչքերիս առջև ամեհի ծովը բացվեց։
Հողմը գուցե մեղմացել էր, բայց շատ սակավ, և չէր կարելի այդ նկատել, ինչպես որ չէր նկատվի հինգ֊վեց թնդանոթի լռելն այն հարյուր ու հարյուր թնդանոթներից, որոնք որոտում էին երազիս մեջ։ Բայց ծովն ամբող գիշեր մոլեգնած լինելով, այժմ շատ ավելի ահեղ էր, քան առաջ․ սոսկալի էր տեսնել, թե նրա ալիքները որքան են դիզանում և մեկը մյուսին տապալելով, դեպի ափը գահավիժում։
Մրրիկի գոչյունը, կոհակների մռնչյունը, բազմության խլրտումը և քամու դեմ գնալու դժվարությունը սկզբում ինձ այնպես շփոթեցին, որ թեև ես նայում էի ծովին՝ վտանգված նավը տեսնելու համար, սակայն փրփրացող ալիքների գագաթից զատ ուրիշ ոչինչ չէի նկատում։ Մոտս կանգնած մի կիսամերկ նավաստի իր աջ բազկով (որի վրա դաստակի ուղղությամբ մի նետ էր դաճած) ինձ դեպի ձախ նշան արեց, և այն ժամանակ, ո՜վ աստված իմ, իսկ և իսկ մեր առջև այն հոգեվար նավը տեսա։
Կայմերից մեկը վեց կամ ութ ոտնաչափ կամրջից վեր ջախջախված էր և մի կողմ ընկած՝ բզիկ֊բզիկ առագաստներով ու թոկերով խճճված․ և մինչ նավն ամեհի ցնցումներով անդադար երերում ու տատանվում էր, այդ բոլոր բեկորները շարունակ նրա կողքն էին ծեծում, ասես թե նրան ճեղքեոլու համար։ Դեռ փորձում էին բեկորները կտրել և ծովը նետել, և երբ դեսուդեն ձգվող նավը իր ցռուկը դեպի մեզ ուղղեց, ես նրա վրա տապարով աշխատող նավաստիներ տեսա հայտնապես և մանավանդ մի գանգրահեր տղամարդ, որ ամենից շատ էր ճիգ թափում։ Սակայն հենց այդ րոպեին ափի կողմից մի զարհուրելի աղաղակ թնդաց, որ նույնիսկ մրրիկի որոտման մեջ լսելի եղավ․ կատաղի ալիքները նավի վրա գրոհ տալով, նրա կողը թռցրին, և մարդիկ, կամուրջ, տախտակ, տակառ, գերան ու պարան ― ամեն բան եռացող անդերի խորքը մղեցին, ինչպես մի չնչին խաղալիք։
Երկրորդ կայմն իր վրա ծածանվող առագաստի ծվեններով ու իրար թակող պարաններով դեռ կանգուն էր։ Նավը նստեց, ինչպես որ ասաց միևնույն նավաստու խռպոտ ձայնը, հետո բարձրացավ ու նորից նստեց։ Նույն մարդը հարեց, թե այժմ նավը մեջտեղից կճեղքվի, և հավանական էր, որովհետև ոչ մի մարդկային ձեռնակերտ այն հարվածներին ու զարկերին երկար չէր դիմանա։ Մինչ նավաստին խոսում էր, մի նոր ցավակցության աղաղակ հնչեց եզերքից․․․ ծովասույզ նավի հետ անդնդի միջից չորս հոգի երևացին միակ կայմի թոկերին փարված, ամենից բարձր գտնվողը գանգրահեր կտրիճն էր։
Նավի վրա մի զանգակ կար, և մինչ նավը հուսահատությունից խելակորույս էակի նման դանդաղում էր ու դեդուդեն ընկնում, մերթ իր ամբողջ ամայի հարկը դեպի մեզ հակելով, մերթ ողը վհատաբար դուրս տնկելով, ― զանգակը հնչում էր, և քամին անբախտ մարդկանց մահվան բոթը մեզ գուժում։ Նավը դարձյալ անհետացավ, հետո նորից երևաց։ Չորս հոգուց երկուսն արդեն չկային։ Տագնապը ծովափի վրա սաստկանում էր։ Տղամարդիկ ձեռքերը կցելով հառաչում էին, կանայք երեսները շուռ տալով ճչում։ Մի քանիսը գժվածի պես վազվզում էին ծովեզերքին և օգնություն կանչում, ու ոչ մի օգնություն չէր կարելի հասցնել։ Վազողներից մեկն էլ ես էի․ ես իմ բարեկամ նավաստիներին ջերմաջերմ աղաչում էի թույլ չտալ, որ այն երկու թշվառները մեր աչքի առջև զոհ գնան։
Այլաայլված նավաստիները բացատրեցին (չեմ իմանում, թե ինչպե՞ս կարողացա այդ միջոցին բան հասկանալ), թե փոքր֊ինչ առաջ մի ազատիչ նավակ էին թողել ծովի վրա, բայց ոչ ոք չհանդգնեց ծովն ընկնել նավին պարան հասցնելու համար․ հետևաբար էլ օգնելու հնար չկա։ Ափին կանգնած բազմությունն այդ րոպեին նորից խլրտաց, ճանապարհ տալով մի մարդու, որ շնչասպառ գալիս էր։ Դա Հեմն էր։
Ես դեպի նա վազեցի ու կարծեմ միևնույն խնդիրս կրկնեցի։ Սակայն որքան էլ օրվա բոլոր արհավիրքներից շշմած լինեի, հերիք էր միայն Հեմի վճռական դեմքն ու ծովին ուղղված հայացքը տեսնել, ― այն իսկ հայացքը, որ տեսել էի Էմլիի փախչելու առավոտյան, ― որ իսկույն ևեթ իմանայի, թե ինչ վտանգ է սպառնում նրան։ Երկու ձեռքով նրան ետ քաշեցի ու սկսեցի նավաստիներին աղաչել, որ նրան չլսեն, արգելեն՝ ինքն իրեն սպանել, թույլ չտան ծովը նետվել։
Եզերքից մի նոր ճիչ թնդաց, և մենք նավին նայելով տեսանք, որ հողմահար առագաստն ուժգին զարկով ծովը շպրտեց այն երկուսից մեկին, որ ներքևն էր գտնվում, և մոլեգին հաղթանակով վերև սլացավ՝ կայմի ծայրին մնացած կտրիճին հարվածելու։
Մի այնպիսի տեսարանի հանդեպ և քաջ Հեմի անընկճելի արիության դեմ, որ արդեն սովոր էր իրեն շրջապատող նավաստիներին հրամայել, իմ աղաչանքն անզոր էր․ միևնույն է թե ուզենայի փոթորիկը սանձահարել։
― Մաստր Դեվի, ― ասաց նա, ձեռքս զվարթ սեղմելով, ― եթե իմ ժամը հասել է, թող հասնի, իսկ եթե ոչ, կսպասեմ նրան։ Տերը լինի ձեզ պահապան և ամենքիդ, ընկերներ։ Դե՛, օգնեցե՛ք․ գնում եմ։
Ինձ կամացուկ մի կողմ հրեցին և շրջապատելով, որքան հիշում եմ, հասկացրին, թե Հեմը վճռել է մինչև նավը մենակ լող տալ, և թե իմ ներկայությունն այն մարդկանց կշփոթի, որոնք նրան օգնելու են, զգուշության միջոցներ գործ դնելով։ Չգիտեմ, ի՞նչ պատասխան տվի և կամ թե ինձ ինչ ասացին, միայն տեսա, որ մարդիկ շարժվեցին, վազեցին, չվաններ բերին և Հեմին աչքիցս ծածկեցին։ Փոքր֊ինչ հետո արդեն մենակ, նավաստու շապկով տեսա նրան․ մի չվանի ծայրը գոտուն էր կապած, մյուսի ծայրը թևին էր փաթաթած․ մի քանի ուժեղ տղամարդիկ բռնել էին փոքր֊ինչ հեռվից այդ երկրորդ չվանը, որպեսզի պետք եղածին չափ արձակեն։
Պետք չէր նավաստի լինել տեսնելու համար, որ նավն արդեն խորտակված է։ Ես նկատեցի, որ նա մեջտեղից ճեղքվել է․ կայմի վրա երերվող միակ մարդու կյանքը թելից էր կախված։ Սակայն նա դեռ կայմին ամուր փարված էր։ Նա նավաստու կարմիր գլխարկով էր՝ սովորականից ավելի կարմիր․ և մինչ նրան կորստից բաժանող գերանները ճարճատելով փշրվում էին ու զանգակը նրա մոտալուտ մահը գուժում, ― նա դեռ այդ գլխարկը ճոճում էր։ Սարսափից ու սոսկումից քիչ էր մնում ուշքս գնար։ Այդ ճոճումը տեսնելուս պես մի հին ընկերոջ հիշեցի, որ երբեմն ինձ սիրելի էր։
Հեմը մենակ կանգնած էր․ առջևը մրրիկ, հետևը՝ շունչը բռնած բազմություն։ Նայում էր ծովին․ և հենց որ կոհակը ետ նահանջեց, նա չվանը բռնող նավաստիներին նշան արեց և մի ոստյունով ջուրն ընկավ՝ մաքառելու ծովի դեմ։ Մեկ ալիքների վրա էր ելնում, մեկ՝ վիհերի մեջ խորասուզվում ու փրփուրներում անհետանում։ Վերջապես ծովը նրան դուրս վիժեց, և մարդիկ շտապով նրան ետ քաշեցին։
Նա ջարդված էր։ Ես հեռվից նրա երեսին արյուն տեսա, բայց նա վերքի մասին անփույթ էր․ նա շտապով հրահանգ էր տալիս չվանը փոքր֊ինչ ավելի արձակելու ― գոնե բազկի շարժումներից կարելի էր այդպես ենթադրել․ և հետո դարձյալ ծովը նետվեց։
Նա ձգտում էր նավին հասնել, ալիքների դեմ կռվում էր, կոհակների հետ բարձրանում, նրանց հետ միասին վայր ընկնում, մերթ փրփուրի մեջ կորելով, մերթ դեպի ափը, մերթ դեպի նավը մղվելով, ոգորում էր ուժգնապես ու քաջորեն։ Տարածությունը չնչին էր, սակայն կռիվը մահաբեր էր դառնում հողմի ու ծովի մոլեգնության պատճառով։ Վերջապես նա մոտեցավ նավին, գոնե այնքան, որ նորից բազկի մի հզոր զարկով նրա շուրթին կառչի․․․ բայց ահա մի ահագին, լեռնաձև կանաչ կոհակ վրա հասավ, նավի մյուս կողմից դեպի ափը խաղալով․․․ Հեմը մի զորեղ ոստյունով նրա մեջ ցատկեց և նավն անհետացավ։
Երբ մոտեցա այն տեղին, ուր մարդիկ չվանը ետ էին քաշում, ծովի երեսին մի քանի պտտվող բեկորներ տեսա, կարծես թե մի չնչին տակառ փշրված լիներ։ Ամենքի դեմքն ահ ու սարսափ էր ցույց տալիս․ Հեմին ոտքերիս մոտ դուրս քաշեցին․․․ անզգա․․․ անկենդան։ Մարմինը մերձակա տուն տարան։ Այժմ ինձ ոչ ոք չէր բռնում․ ես նրա մոտ մնացի, նրան դեպի կյանք դարձնելու փորձեր անելով մյուսների հետ, սակայն մեծ կոհակը նրան սպանել էր, և նրա ազնիվ սիրտը արդեն ընդմիշտ հանգստացրել։
Մինչ ես մահճի մոտ էի նստած, ուր այլևս հույս չկար և ամեն բան վերջացած էր, մի ձկնորս, որ ինձ Էմլիի ու իմ մանկության օրից ճանաչում էր, մեղմ ձայնով անունս տվեց։ Նրա հողմահար երեսի վրա արտասուք էր թափում, շուրթերը դողում էին։
― Սըր, չէի՞ք ուզի դուրս գալ, ― ասաց նա։
Նրա աչքի մեջ մի հին հիշատակ կարդացի, որ դեռ նոր էի մտաբերել։ Շանթահար եղածի պես նրա բազկին հենվելով, որ մեկնել էր ինձ բռնելու, հարցրի նրան․
― Էլի՞ մի մարմին ափի վրա։
― Այո, ― ասաց նա։
― Եվ ինձ ծանո՞թ։
Մարդը պատասխան չտվեց, այլ ինձ դեպի ծովափ տարավ։ Եվ ծովափի այն մասում, ուր մի ժամանակ Էմլին ու ես՝ երկուսս էլ դեռ մանուկ, խեցիներ էինք հավաքում, ուր ցիրուցան ընկած էին գիշերային մրրիկից ջարդված հին նավատան ավերակները, ― այդ հյուրընկալ տան, որին նա այնքա՜ն չարիք էր հասցրել․․․ տեսա նրան բեկորների միջև փռված, գլուխը թևին դեմ տված՝ ճիշտ այնպես, ինչպես որ շատ անգամ տեսել էի Սալեմ Հաուսի ննջարանում։