Changes

Դևեր, Մասն երկրորդ

Ավելացվել է 84 992 բայտ, 09:35, 21 Փետրվարի 2015
/* Գլուխ երկրորդ. Գիշեր (շարունակությունը) */
== Գլուխ երկրորդ. Գիշեր (շարունակությունը) ==
 
Նա անցավ ամբողջ Բոգոյավլենսկայա փողոցը, ճանապարհը վերջապես զառիվայր դարձավ, ոտքերը չռվում էին ցեխի մեջ, ու հանկարծ բացվեց լայն, մշուշապատ, մի տեսակ ամայի տարածություն՝ գետն էր։ Տները վերածվեցին հյուղակների, փողոցն անհետացավ խառնիխուռն բազմաթիվ մութ նրբանցքների մեջ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը երկար ժամանակ շարժվում էր ցանկապատերի մոտով, հեռանալով ափից, հաստատուն գտնելով իր ճանապարհը և հազիվ թե դրա մասին երկար մտածելով։ Միանգամայն ուրիշ բանով էր զբաղված ու զարմանքով շուրջն էր զննում, երբ հանկարծ, խորունկ մտորումներից սթափվելով, ինքն իրեն գտավ մեր երկարուկ, թաց և շարժական կամրջի համարյա թե մեջտեղում։ Կենդանի շունչ չկար չորսբոլորը, այնպես որ նրան տարօրինակ թվաց, երբ հանկարծակի, համարյա արմունկի մոտ հնչեց մի քաղաքավարի-ընտանեվարի, իմիջիայլոց, բավական դուրեկան ձայն, քաղց-րացրած-վանկարկած առոգանությամբ, որով մեզ մոտ ձևականություններ են անում չափից ավելի քաղաքակրթված քաղքենիները և Գոստինի ռյադի երիտասարդ, գանգրամազ գործակատարները։
 
― Ողորմած պարոն, թույլ չե՞ք տա ձեր անձրևանոցից միատեղ օգտվել։
 
Իրոք, ինչ-որ մի կերպարանք սողոսկեց կամ ուզեց ցույց տալ միայն, թե սողոսկում է անձրևանոցի տակ։ Շրջմոլիկը քայլում էր նրա կողքով, համարյա «զգալով նրան բազկով», ինչպես ասում են զինվորները։ Դանդաղեցնելով քայլքը, Նիկոլայ Վսեվոլոդովիչը կռացավ զննելու, ինչքան հնարավոր էր մթության մեջ. ոչ բարձրահասակ, կարծես թե տևական կերուխումի մեջ եղած քաղքենու տեսք ունեցող մարդ էր՝ հագնված ոչ տաք և խղճուկ։ Գզուզ, գանգրամազ գլխին մահուդե թաց կարտուզ էր ցցված՝ կիսով չափ պոկված շքոցով։ Թվաց, թե շատ է սևամազ, չորչորուկ և թխամաշկ, աչքերը խոշոր էին, անպայման սև, լավ փայլում էին՝ դեղին երանգով, գնչուների պես՝ մթան մեջ էլ էր զգացվում։ Պետք է որ քառասուն տարեկան լիներ, ու հարբած չէր։
 
― Դու ինձ ճանաչո՞ւմ ես,― հարցրեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
 
― Պարոն Ստավրոգին, Նիկոլայ Վսեվոլոդովիչ, նախանցյալ կիրակի, կայարանում, հենց մեքենան կանգնեց, ինձ ցույց տվին ձեզ։ Դրանից էլ բացի, առաջներում էլ ենք լսել։
 
― Պյոտր Ստեպանովիչի՞ց։ Դու... դու Տաժանապարտ Ֆեդկա՞ն ես։
 
― Ֆյոդոր Ֆյոդորովիչ եմ կնքված, մինչև օրս էլ մեր ծնող մորն ունենք էս կողմերում, Աստծու պահած պառավ է, հողին կպած, մեզ համար ամեն օր՝ առավոտ-իրիկուն աղոթք է անում, որ դրանով իր պառավական ժամանակն իզուր չկորցնի վառարանի վրա։
 
― Տաժանակրությունից փախա՞ծ ես։
 
― Բախտս փոխեցի։ Գրքերն ու զանգերն ու եկեղեցու գործերը հանձնեցի, քանի որ աքսորս ծերից ծեր էր, ու շատ շատ պիտի սպասեի, մինչև պրծներ։
 
― Այստեղ ի՞նչ ես անում։
 
― Ինչ պիտի, գիշեր ու ցերեկ խառնում, օրը պրծացնում եմ։ Մեր հարազատ հորողբերն էլ անցած շաբաթ էստեղի բանտում մեռավ, փող կեղծելու համար էր նստած, օղորմաթասը խմելով, շների վրա մի քսան քար շպրտելով՝ էս էլ մեր գործերն են որ կան։ Հետո էլ, Պյոտր Ստեպանովիչն է հույս տալիս, որ պաշպորտ կդասավորի լրիվ Ռսաստանով, ոնց որ վաճառականներինն է, հրես, ես էլ սպասում եմ էդ բարի գործին։ Քանի որ ասին, հայրիկդ էն ժամանակ անգլիյական ակումբում քեզ տարվել է խաղի մեջ, ես էլ, ասին, սրա մեջ անարդար բան եմ տեսնում։ Պարոն, մի երեքնոց կբաշխե՞ք ինձ՝ տաքանալու համար։
 
― Ուրեմն, այստեղ դու ինձ սպասել ես։ Ես դա չեմ սիրում։ Ո՞ւմ հրամանով։
 
― Որ հրամանով լիներ՝ մեկնումեկի, էդպիսի բան չկա, բայց որ ես իմանում եմ ձեր մարդ սիրելը, աշխարքին է հայտնի։ Մեր եկամուտն էլ, գիտեք էլի, կամ մի կտոր հաց, կամ էլ՝ բերանդ բաց։ Էս ուրբաթ ահագին բլիթ-մլիթ կերա՝ չտեսի պես, հետո մի լրիվ օր չկերա, էն մյուս օրը դիմացա, հետո էլի չկերա։ Գետի ջուրը՝ բոլ, փորիս մեջ ձուկ բռնել կլինի... Էնպես որ ձերդ ողորմածությունից մի քիչ բաշխեք, սանահերս էլ էս կողմերը սպասում է, մենակ թե առանց մանեթի աչքին չերևաս։
 
― Ի՞նչ է, իմ կողմից Պյոտր Ստեպանովի՞չն է խոստացել։
 
― Խոստանալը չեն խոստացել նրանք, բայց խոսքով ասել են, որ կարող է ձերդ ողորմածությանը պետք գամ, թե որ օրինակի համար, էդպիսի բան ստացվի, բայց թե ինչ, չեն բացատրել ճիշտ ու ճիշտ, որովհետև Պյոտր Ստեպանովիչը, օրինակի համար, համբերությունս են փորձում ու ոչ մի վստահություն չունեն վրաս։
 
― Իսկ ինչո՞ւ։
 
― Պյոտր Ստեպանովիչն աստղնագետ է ու Աստծու լրիվ մոլորիկները գիտի, բայց իրեն էլ քննադատել կլինի։ Ձեր առաջ, պարոն, ես ոնց որ Ամենակարողի առաջ, քանի որ շատ ու շատ բաներ եմ լսել ձեր մասին։ Պյոտր Ստեպանովիչը՝ մի բան, իսկ դուք, պարոն, լրիվ ուրիշ բան։ Նրա համար թե որ մեկի մասին ասեն սրիկա է, էլ սրիկայից դենը ուրիշ ոչինչ չի հասկանա, կամ թե որ ասեն անխելք է, ուրեմն, նրա համար էդ մարդն անխելք է, ուրիշ բան չի, ու վերջ։ Իսկ ես, կարող է պատահի, երեքշաբթի ու չորեքշաբթի եմ անխելք, բայց հինգշաբթի իրենից էլ խելոք եմ։ Հիմա իմ մասին գիտի, որ պաշպորտ շատ ու շատ եմ ուզում, քանի որ Ոուսաստան առանց թղթի չի լինի, դրա համար էլ մտածում է, թե հոգիս իր բուռն է։ Ձեզ կասեմ, պարոն, որ Պյոտր Ստեպանովիչի համար շատ հեշտ է ապրելն աշխարքում, քանի որ ամեն մարդու մասին ինքն է իրեն պատկերացնում ու էդպես էլ ապրում։ Հետո էլ՝ շատ-շատ է ժլատ։ Նրանք էն կարծիքին են, որ իրենցից դուրս չեմ կարող ձեզ անհանգստացնել, իսկ ես ձեր առաջ, պարոն, ոնց որ Ամենակարողի, էս է, չորս գիշեր ձերդ ողորմածությանն եմ սպասում էս կամրջին, էն բանով, որ իրենցից բացի ես էլ կարող եմ իմ սեփական ճամփեն գտնել կամաց-կամաց։ Ես մտածում եմ, որ ավելի լավ է սապոգին գլուխ տաս, քան թե տրեխին։
 
― Իսկ քեզ ո՞վ է ասել, որ գիշերով անցնելու եմ կամրջով։
 
― Ճիշտը որ ասեմ, էդ մեկը կողմնակի եղավ՝ ավելի շատ կապիտան Լեբյադկինի անխելքությունից, որովհետև ոչ մի կերպ իրենց մեջ պահել չեն կարողանում... Էնպես որ երեք հատ մանեթանոց ձերդ ողորմածությունից, օրինակի համար, կխնդրեմ՝ երեք օր ու գիշերվա համար, հոգնելու համար։ Իսկ որ շորերս թրջվել են, էդ մեկն էլ, մենակ նեղությունից, ձեն չենք հանում։
 
― Ես ձախ եմ գնալու, դու՝ աջ, կամուրջը վերջացավ։ Լսիր, Ֆյոդոր, ես սիրում եմ, որ իմ խոսքը հասկանում են մեկ անգամ ընդմիշտ, քեզ ոչ մի կոպեկ չեմ տա, սրանից հետո ոչ կամրջի վրա, ոչ ուրիշ տեղ դիմացս չգաս, քո կարիքը չունեմ ու չեմ ունենա, իսկ եթե չլսես, կկապկպեմ ու կտամ ոստիկանության ձեռքը։ Մարշ։
 
― Էխ, էխ, գոնե թե միասին գալու համար մի բան բախշեիք, երկուսով ավելի ուրախ էր գալը։
 
― Չքվի՛ր։
 
― Էստեղի ճամփեքը գոնե գիտե՞ք։ Էնպիսի ծակուծուկեր կսկսվեն հիմա... Ես կարող էի առաջնորդել, քանի որ էստեղի քաղաքը՝ ոնց որ սատանի խճճած կծիկ։
 
― Է՜յ, կկապկպեմ հա՜,― սպառնագին շրջվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
 
― Գուցե հարմար տեսնեք, պարոն, որբին նեղացնե՞լն ինչ։
 
― Չէ, երևում է, վստահ ես քեզ վրա։
 
― Ես ձեզ վրա եմ վստահ, պարոն, ոչ թե էնքան ինձ վրա։
 
― Ինձ պետք չես բոլորովին՝ ասացի։
 
― Բայց դուք եք ինձ պետք, պարոն, այ թե ինչ։ Կսպասեմ ձեզ հետ գալու ճամփին. եղածն եղած է։
 
― Ազնիվ խոսք եմ տալիս, թե հանդիպեցի՜ կապկպելու եմ։
 
― Ուրեմն, ես գոտին էլ պատրաստ կպահեմ։ Բարի ճանապարհ, պարոն, անձրևանոցի տակ որբիս տաքացրիք, մենակ դրա համար մինչև մահ ու գերեզման շնորհակալ կլինենք։
 
Նա ետ մնաց։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը տեղ հասավ մտահոգված։ Երկնքից ընկած այդ մարդը կտրականապես համոզված էր իր անհրաժեշտությանը՝ նրա համար և չափից դուրս հանդգնությամբ շտապեց հայտնել դա։ Ընդհանրապես, իր հետ ձևականություններ չէին անում։ Բայց կարող էր և պատահել, որ շրջմոլիկն ամեն ինչ չէր ստում և ծառայություն էր խնդրում իսկապես միայն իր կողմից, հենց Պյոտր Ստեպանովիչից ծածուկ, իսկ դա արդեն ամենահետաքրքիրը կլիներ։
 
=== II ===
 
Տունը, որին հասել էր Նիկոլայ Վսեվոլոդովիչը, ամայի նրբանցքում էր՝ ցանկապատերի միջև, որոնցից այն կողմ ձգվում էին բանջարանոցները, տառացիորեն քաղաքի ամենածայրին։ Լրիվ մեկուսացած ոչ մեծ փայտաշեն տնակ էր դա՝ հենց նոր կառուցված ու չտախտակապատված։ Պատուհաններից մեկի փեղկերը դիտավորյալ փակ չէին և լուսամուտագոգին մոմ էր դրված՝ ըստ երևույթին այսօր սպասվող ուշացած հյուրին փարոս ծառայող։ Դեռևս երեսուն քայլ հեռվից Նիկոլայ Վսեվոլոդովիչը զանազանեց առմուտքին կանգնած բարձրահասակ մեկի կերպարանքը, հավանաբար, կացարանի տերն էր, որն անհամբերությունից ելել էր՝ ճանապարհին նայելու։ Լսվեց և նրա ձայնը՝ անհամբեր ու կարծես թե վեհերոտ.
 
― Այդ դո՞ւք եք։ Դո՞ւք։
 
― Ես եմ,― պատասխանեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ հենց առմուտքին հասնելով, ոչ շուտ, ծալելով անձրևանոցը։
 
― Վերջապես-ս,― դոփդոփեց ու իրար անցավ կապիտան Լեբյադկինը՝ նա էր առմուտքին,― կխնդրեմ, տվեք անձրևանոցը, շատ թաց է, ես կբացեմ անկյունում, հատակին, համեցեք խնդրեմ, համեցեք խնդրեմ։
 
Նախասենյակից երկու մոմերով լուսավորված սենյակ տանող դուռը կրնկի վրա բաց էր։
 
― Եթե միայն ձեր խոսքը չլիներ անպատճառ գալստյան մասին, կդադարեի հավատալ։
 
― Մեկին քառորդ է պակաս,― ժամացույցին նայեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ սենյակ մտնելով։
 
― Գումարած անձրևն ու այսքան հետաքրքիր տարածությունը... Ես ժամացույց չունեմ, պատուհանից էլ մենակ բանջարանոցներն են, այնպես որ... ետ ես մնում դեպքերից... բայց, ճշմարիտն ասած, տրտունջ չէ, չեմ էլ համարձակվում, չեմ համարձակվում, այլ մենակ ու մենակ անհամբերությունից, որ ամբողջ շաբաթ հոգիս հանեց, որպեսզի վերջապես... կլուծվի։
 
― Ինչպե՞ս։
 
― Իմ ճակատագրի մասին լսեմ, Նիկոլայ Վսեվոլոդովիչ։ Համեցեք, համեցեք։
 
Նա խոնարհվեց՝ ցույց տալով տեղը բազմոցի առաջ դրված սեղանիկի մոտ։
 
Նիկոլայ Վսեվոլոդովիչը չորս կողմը նայեց, պստիկ, ցածրառաստաղ սենյակ էր, կահույքը՝ ամենաանհրաժեշտը, աթոռներն ու բազմոցը փայտյա էին, նույնպես միանգամայն նոր պատրաստված, անծածկոց ու անբարձիկ, լորենու երկու սեղանիկ, մեկը բազմոցի մոտ, մյուսը՝ անկյունում, սփռոցով, որի վրա ինչ-որ բաներ էին շարված ու վերևից ծածկված շատ մաքուր անձեռոցիկով։ Ամբողջ սենյակն էլ, ըստ երևույթին, անչափ մաքուր էր պահվում։ Կապիտան Լեբյադկինն ութն օր արդեն հարբած չէր եղել, դեմքը մի տեսակ այտուցված ու դեղնած էր, հայացքը՝ անհանգիստ, հետաքրքրված և ակներևաբար տարակուսած, չափից ավելի էր նկատելի, որ նա դեռ ինքն էլ չգիտե, թե ինչ տոնով պիտի սկսի խոսել և որն էր ամենաշահեկանը՝ ճիշտ կետին խփելու համար։
 
― Ահա,― ցույց տվեց շուրջը,― ապրում եմ Զոսիմայի պես։ Սթափություն, մեկուսացում և չքավորություն՝ հին ասպետների ուխտը։
 
― Դուք ենթադրում եք, թե հին ասպետները նման ուխտե՞ր են ընդունում։
 
― Գուցե, շփոթեցի՞։ Ափսոս, զարգացած չեմ։ Ամեն ինչ կործանեցի։ Կհավատա՞ք, արդյոք, Նիկոլայ Վսեվոլոդովիչ, այստեղ առաջին անգամ ուշքի եկա ամոթալի մոլորություններից՝ ոչ մի գավաթ, ոչ մի կաթիլ։ Ունեմ իմ անկյունը և վեցը օր զգում եմ խղճի բարեգործ ազդեցությունը։ Նույնիսկ պատերն են խեժահոտ. բնություն են հիշեցնում։ Իսկ ի՞նչ էի ես, ի՞նչ էի։
 
Գիշերը բոլոր տեղ չգտած,<br />
Իսկ ցերեկը ՝ լեզուս հանած,―
 
բանաստեղծի հանճարեղ արտահայտությամբ։ Բայց... դուք այնպես եք թրջված... Այդյոք, թեյ չէի՞ք կամենա։
 
― Մի անհանգստացեք։
 
― Ինքնաեռը եռում էր ժամը ութից, բայց... հանգավ... ինչպես և ամեն ինչ աշխարհում։ Արևն էլ, ասում են, կհանգչի իր հերթին... Իմիջիայլոց, եթե պետք է, կկազմակերպեմ։ Ագաֆյան քնած չէ։
 
― Ասացեք, Մարյա Տիմոֆեևնան...
 
― Այստեղ է, այստեղ,― իսկույն պատասխանեց Լեբյադկինը շշնջոցով,― կհաճե՞ք նայել,― ցույց տվեց մյուս սենյակի փակ դուռը։
 
― Քնած չէ՞։
 
― Օ՜, ո՛չ, ո՛չ, հնարավո՞ր բան է։ Հակառակը, դեռ երեկոյից սպասում է, և հենց իմացավ, տեղնուտեղը հարդարվեց,― բերանը ծռելու էր կատակախառը ժպիտով, բայց իսկույն դեմ առավ։
 
― Ինչպե՞ս է ընդհանրապես,― խոժոռվելով հարցրեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
 
― Ընդհանրապե՞ս։ Ինքներդ եք բարեհաճում գիտենալ (նա ափսոսանքով ցնցեց ուսերը), իսկ հիմա... հիմա նստած բախտ է գցում...
 
― Լավ, հետո, նախ պետք է ձեզ հետ վերջացնել։
 
Նիկոլայ Վսեվոլոդովիչը տեղավորվեց աթոռին։
 
Կապիտանն արդեն չհամարձակվեց նստել բազմոցին, այլ իսկույն մոտ քաշեց մյուս աթոռը և սրտատրոփ սպասումով առաջ հակվեց՝ լսելու։
 
― Այդ ի՞նչ է այն անկյունում՝ սփռոցի տակ,― հանկարծ ուշադրություն դարձրեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
 
― Դա՞,― նույնպես շրջվեց Լեբյադկինը։― Դա էլ է ձեր առատաձեռնությունից, որպես, այսպես ասած, բնակարանամուտ, նաև նկատի առած երկարուձիգ ճանապարհը և բնական հոգնածությունը,― սրտահույզ ու թեթևքրքջաց նա, ապա ելավ տեղից ու ոտնաթաթերի վրա՝ հարգալիր ու զգուշորեն, անկյունի սեղանիկի վրայից առավ ծածկոցը։ Դրա տակ հայտնվեց պատրաստած ուտեստեղեն, խոզի ապուխտ, հորթի միս, սարդին ձուկ, պանիր, կանաչավուն փոքր գրաֆին և բորդոյի երկարուկ շիշը։ Ամեն ինչ դասավորված էր մաքուր, գործի իմացությամբ և համարյա թե պճնամոլավարի։
 
― Դո՞ւք եք հոգացել։
 
― Ես-ս։ Դեռևս երեկվանից, և ամեն բան, ինչ կարողացել եմ, որ պատիվ անեմ ձեզ... Իսկ Մարյա Տիմոֆեևնան այս հարցում, ինքներդ գիտեք, անտարբեր է։ իսկ գլխավորը, ձեր բաշխածն է, ձեր սեփականը, քանի որ դուք եք այստեղ տանտերը, ոչ թե ես, իսկ ես, այսպես ասած, միայն որպես ձեր գործակատարը, քանզի այնուամենայնիվ, Նիկոլայ Վսեվոլոդովիչ, այնուամենայնիվ, ոգով ես անկախ եմ։ Եվ մի խլեք իմ այդ վերջին ունեցվածքը,― ավարտեց նա սրտահույզ։
 
― Հը՛մ... դուք նստեիք նորից։
 
― Շնոր-հա-ակալ եմ, շնորհակալ և անկախ։ (Նա նստեց)։ Ահ, Նիկոլայ Վսեվոլոդովիչ, այս սրտում այնքան բան կա կուտակված, որ ես չգիտեի, ինչպես սպասեմ ձեզ։ Ահա, հիմա դուք կվճռեք իմ և... այն դժբախտի ճակատագիրը, իսկ հետո... հետո, ինչպես առաջ էր լինում, ձեր առաջ կբացեմ ամեն ինչ, ինչպես չորս տարի առաջ։ Չէ որ այն ժամանակ ինձ արժանացրիք լսելու, տուներ էիք կարդում... Թող որ այն ժամանակ ինձ կոչում էին ձեր ֆալստաֆը Շեքսպիրից, բայց դուք այնքան բան արժեցաք իմ ճակատագրում... Իսկ ես հիմա հսկայական երկյուղներ ունեմ, և միայն ու միայն ձեզնից եմ սպասում խորհուրդ ու լույս։ Պյոտր Ստեպանովիչը սարսափելի է վարվում ինձ հետ։
 
Նիկոլայ Վսեվոլոդովիչը հետաքրքրությամբ ունկնդրում էր ու ակնդետ զննում։ Լավ երևում էր, որ կապիտան Լեբյադկինը, թեև դադարեցրել էր հարբեցողությունը, բայց գտնվում էր ամենևին ոչ ներդաշնակ վիճակում։ Այդօրինակ բազմամյա հարբեցողների մեջ վերջում ընդմիշտ հաստատվում է անհարիր, արբեցնող ինչ-որ բան, ասես խաթարված ու խելագար մի բան, թեև, ի դեպ, նրանք խաբում, խորամանկում և խարդախություններ են անում համարյա մյուսներից ոչ վատ, եթե պետք է։
 
― Կապիտան Լեբյադկին, ես տեսնում եմ, որ դուք բոլորովին չեք փոխվել այս չորս ու ավելի տարիների ընթացքում,― ասես փոքր-ինչ ավելի սիրալիր խոսեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։― Ըստ երևույթին, ճիշտ է, որ մարդկային կյանքի ամբողջ երկրորդ կեսը սովորաբար գոյանում է լոկ առաջին կեսին կուտակված սովորություններից։
 
― Վսեմ խոսքեր են։ Դուք լուծում եք կյանքի հանելուկը,― բղավեց կապիտանը, կիսով չափ խորամանկելով, կիսով չափ էլ իսկապես ոչ-շինծու զմայլանքով, որովհետև առանձին բառերի մեծ սիրահար էր։― Ձեր բոլոր ասածներից, Նիկոլայ Վսեվոլոդովիչ, ամենաշատը մեկն եմ հիշում, դեռևս Պետերբուրգում եք ասել. «Հարկ է իսկապես մեծ մարդ լինել, կարողանալու համար դեմ կանգնել նույնիսկ ողջամտությանը»։ Ահ-հա՛։
 
― Էհ, ճիշտ և նույնքան հիմար։
 
― Այդպես-ս, թեկուզև հիմար լինի, բայց դուք ձեր ամբողջ կյանքում սրամտություններ եք շաղ տվել, իսկ նրա՞նք։ Թող Լիպուտինը, թող Պյոտր Ստեպանովիչը որևէ գոնե նման մի բան արտաբերեն։ Օ՜, ինչ դաժանորեն վարվեց ինձ հետ Պյոտր Ստեպանովիչը...
 
― Բայց դե, դուք էլ, կապիտան, ինքնե՞րդ ինչպես եք սակայն ձեզ պահել։
 
― Հարբած տեսք, դրա հետ մեկտեղ իմ թշնամիների վիթխարի քանակություն։ Բայց հիմա ամեն, ամեն ինչ անցել-գնացել է և ես նորանում եմ, օձի պես։ Նիկոլայ Վսեվոլոդովիչ, գիտե՞ք արդյոք, որ գրում եմ իմ կտակը և որ արդեն գրել եմ։
 
― Հետաքրքիր է։ Իսկ ի՞նչ եք թողնում և ո՞ւմ։
 
― Հայրենիքին, մարդկությանը և ուսանողներին։ Նիկոլայ Վսեվոլոդովիչ, թերթերում ես կարդացի մի ամերիկացու կենսագրության մասին։ Նա իր ամբողջ վիթխարի ունեցվածքը թողել էր ֆաբրիկաների և դրական գիտությունների զարգացմանը, իր կմախքը՝ ուսանողներին, այնտեղի ակադեմիային, իսկ իր մաշկը՝ թմբուկ սարքելու, որպեսզի դրանով գիշեր ու ցերեկ խփեն ամերիկյան ազգային հիմնը։ Ավաղ, մենք պիգմեյներ ենք Հյուսիս-Ամերիկյան Նահանգների մտքի թռիչքի համեմատությամբ։ Ռուսաստանը բնության խաղ է, և ոչ թե խելքի։ Փորձեմ իմ մաշկը կտակ անել թմբուկի համար, ասենք, Ակմոլինսկի հետևակ գնդում, ուր պատիվ եմ ունեցել սկսել ծառայությունս, որպեսզի ամեն օր գնդի առաջ դրանով խփեն ռուսական ազգային հիմնը, կհամարեն լիբերալիզմ, կարգելեն իմ մաշկը... ուստիև սահմանափակվել եմ միայն ուսանողներով։ Ուզում եմ կմախքս կտակ անել ակադեմիային, մի պայմանով սակայն, որ ճակատին հավիտյանս հավիտենից պիտակ սոսնձվի, հետևյալ բառերով. «Զղջացած ազատամիտ»։ Ահ-հա՛։
 
Կապիտանը խոսում էր տաքացած և արդեն, անշուշտ, հավատում էր ամերիկյան կտակի գեղեցկությանը, սակայն խարդախ էլ էր ու շատ էր ուզում ծիծաղեցնել Նիկոլայ Վսեվոլոդովիչին, ում մոտ նախկինում երկար ժամանակ որպես ծաղրածու էր ծառայել։ Սակայն վերջինս քթի տակ անգամ չծիծաղեց, այլ հակառակը, մի տեսակ կասկածանքով հարցրեց.
 
― Նշանակում է, մտադիր եք հրապարակել ձեր կտակը կենդանության օրոք և դրա համար պարգև ստանա՞լ։
 
― Թեկուզև այդպես, Նիկոլայ Վսեվոլոդովիչ, թեկուզև այդպես,― զգուշորեն նայեց Լեբյադկինը։― Իսկ ինչ է իմ ճակատագիրը։ Նույնիսկ դադարել եմ բանաստեղծություններ գրել, իսկ մի ժամանակ դուք էլ էիք զվարճանում իմ ոտանավորներով, հիշո՞ւմ եք, Նիկոլայ Վսեվոլոդովիչ, խմելիս։ Բայց վերջ՝ գրելուն։ Միայն մի բանաստեղծություն եմ գրել, ինչպես Գոգոլն իր «Վերջին վիպակը», հիշում եք, ազդարարեց Ռուսաստանին, որ վիպակը «երգի պես է ելել» կրծքից։ Այդպես էլ՝ ես երգեցի, ու վերջ։
 
― Իսկ ի՞նչ բանաստեղծություն է։
 
― «Այն դեպքում, եթե աղջիկը կոտրեր ոտքը»։
 
― Ի-իի՜նչ։
 
Հենց դրան էլ սպասում էր կապիտանը։ Իր ոտանավորները նա հարգում ու գնահատում էր անչափ, բայց նմանապես, իր հոգու որոշ խարդախ երկվության բերումով, նրան դուր էր գալիս և այն, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը միշտ զվարճանում էր նրա ոտանավորներով և քրքջում դրանց վրա՝ երբեմն կողերը բռնելով։ Այդպիսով, երկու նպատակի էր հասնում՝ թե բանաստեղծական, թե ծառայողական, բայց հիմա երրորդն էլ կար՝ հատուկ և բավականաչափ փափկանկատ, կապիտանը, ասպարեզ բերելով ոտանավորը, մտածում էր իրեն արդարացնել մի կետում, որից չգիտես ինչու, երկյուղում էր ամենից շատ և որի համար ամենից շատ էր մեղավոր զգում իրեն։
 
― «Այն դեպքում, եթե աղջիկը կոտրեր ոտքը», այսինքն՝ ձիավարության ժամանակ։ Երևակայություն է, Նիկոլայ Վսեվոլոդովիչ, զառանցանք, սակայն բանաստեղծի զառանցանք, մի անգամ, անցնելիս, ապշահար եղա՝ հեծյալ կնոջ հանդիպելով, և նյութական հարց տվեցի. «Ի՞նչ կլիներ այդ ժամանակ», այսինքն՝ դեպքը կատարվելիս։ Պարզ է. բոլոր փեսացուները ետ են քաշվում, բոլոր երկրպագուները հեռանում, մորգեն ֆրի, քիթդ մաքրի, միայն բանաստեղծն է մնում հավատարիմ՝ ճմլված սրտով հանդերձ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչ, մինչև իսկ ոջիլն էլ կարող է սիրահարված լինել, ու դա արգելված չէ օրենքներով։ Բայց և այնպես, անձնավորությունը վիրավորված էր թե նամակից, թե բանաստեղծությունից։ Նույնիսկ դուք եք բարկացել, ասում են, այդպե՞ս է միթե, դա վշտափ է, չէի ուզում անգամ հավատալ։ Լավ, ո՞ւմ կարող էի վնասել մեկ հատիկ երևակայությամբ։ Բացի դրանից, պատվովս եմ երդվում, մեջ ընկավ Լիպուտինը. «Ուղարկիր, հա ուղարկիր, յուրաքանչյուր ոք արժանի է նամակագրության իրավունքի», ես էլ ուղարկեցի։
 
― Կարծեմ, դուք ձեզ փեսացո՞ւ էիք առաջարկել։
 
― Թշնամինե՜ր, թշնամինե՜ր և թշնամինե՛ր։
 
― Ասեք բանաստեղծությունը,― խստությամբ ընդհատեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
 
― Զառանցանք է, զառանցանք ամենից առաջ։
 
Բայց և այնպես շտկվեց, ձեռքն առաջ պարզեց ու սկսեց.
 
Գեղեցկուհիների զարդն իր ոտքը կոտրեց<br />
Եվ կրկնակ չափով գրավիչ դարձավ,<br />
Կրկնակ չափով էլ սիրահարվեց<br />
Արդեն սիրահար...
 
― Լավ, հերիք է,― ձեռքը թափ տվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
 
― Երազում եմ Պիտերի մասին,― փութով ուրիշ նյութի անցավ Լեբյադկինը, ասես բանաստեղծություն չէր եղել երբեք,― երազում եմ վերածննդի մասին... Բարեգործդ իմ։ Կարո՞ղ եմ հուսալ, որ չեք մերժի գնալ-գալու ծախսը։ Ես ձեզ արևի պես եմ սպասել ամբողջ շաբաթ։
 
― Է՜, չէ՛, կներեք արդեն, համարյա բոլորովին միջոցներ չեն մնացել նաև՝ ինչի՞ համար պիտի փող տամ ձեզ...
 
Նիկոլայ Վսեվոլոդովիչը կարծես հանկարծակի բարկացավ։ Չոր ու կարճ թվարկեց կապիտանի բոլոր հանցանքները, հարբեցողություն, սուտասանություն, Մարյա Տիմոֆեևնային հատկացված փողերի վատնում, այն, որ դուրս բերեց նրան մենաստանից, գաղտնիքը հրապարակելու սպառնալիքով հանդուգն նամակներ, Դարյա Պավլովնայի հետ կապված արարքը և այլն և այլն։ Կապիտանն ալեկոծվում էր, ձեռքերը թափահարում, բայց Նիկոլայ Վսեվոլոդովիչն ամեն անգամ հրամայաբար կանգնեցնում էր նրան։
 
― Եվ թույլ տվեք,― նշեց նա վերջապես,― դուք շարունակ գրում եք «ընտանեկան խայտառակության» մասին։ Իսկ ո՞րն է խայտառակությունը ձեզ համար, եթե ձեր քույրն օրինական ամուսնության մեջ է Ստավրոգինի հետ։
 
― Բայց ամուսնությունը թաքցրած է, Նիկոլայ Վսեվոլոդովիչ, ամուսնությունը թաքցրած է՝ ճակատագրական գաղտնիք։ Ես ձեզնից փող եմ ստանում, ու հանկարծ ինձ հարց են տալիս, ինչի՞ համար է այդ փողը։ Ես կապված եմ և չեմ կարող պատասխանել, որ ի հատուցումն քրոջս, ի հատուցումն ընտանեկան արժանապատվության։
 
Կապիտանը բարձրացրեց ձայնը, նա սիրում էր այդ թեման և շատ հույսեր ուներ դրանից։ Ավաղ, չէր էլ կանխազգում, թե ինչպես են իրեն շվարեցնելու։ Հանգիստ ու հստակ, ասես խոսքը տնւսյին ամենաառտնին կարգադրությանն էր վերաբերում, Նիկոլայ Վսեվոլոդովիչը հայտնեց նրան, որ օրերս, գուցեև վաղը նույնիսկ, կամ վաղը չէ մյուս օրը, մտադիր է իր ամուսնությունն ամենուրեք հայտնի դարձնել, «ինչպես ոստիկանությանը, այնպես էլ հասարակությանը», ուստի նշանակում է, որ ինքնըստինքյան կփակվի թե ընտանեկան արժանապատվության հարցը, դրա հետ մեկտեղ՝ նաև նյութական նպաստների հարցը։ Կապիտանը չռեց աչքերը, նա նույնիսկ չհասկացավ։ Հարկ էր բացատրել նրան։
 
― Բայց չէ որ նա... խելապակա՞ս է։
 
― Այդպիսի կարգադրություններ ես կանեմ։
 
― Բայց... իսկ ձեր մա՞յրն՝ ինչ։
 
― Է՛հ, ինչպես կուզենա։
 
― Բայց չէ որ ձեր տիկնոջը դուք ձեր տո՞ւն կտանեք։
 
― Գուցեև՝ այո։ Ի դեպ, լիակատար իմաստով, դա ձեր գործը չէ և ձեզ բոլորովին չի վերաբերում։
 
― Ինչպե՞ս չի վերաբերում,― ճչաց կապիտանը։― Իսկ ե՞ս հապա։
 
― Դե, իհարկե, դուք տուն չեք մտնի։
 
― Բայց չէ որ ես ազգական եմ։
 
― Այդպիսի ազգականներից փախչում են։ Այդ ժամանակ ինչո՞ւ պիտի ձեզ փող տամ, ինքներդ մտածեք։
 
― Նիկոլայ Վսեվոլոդովիչ, Նիկոլայ Վսեվոլոդովիչ, դա չի կարող լինել, գուցե էլի՞ մտածեք, դուք չեք ուզենա ձեռք դնել... ի՞նչ կմտածեն, ի՞նչ կասեն հասարակության մեջ։
 
― Շատ էլ վախենում եմ ձեր հասարակությունից։ Այն ժամանակ ձեր քրոջ հետ ամուսնացել եմ, երբ ուզել եմ, գինովցած ճաշից հետո, խմիչքի վրա գրազ գալով, հիմա էլ բարձրաձայն կհայտարարեմ դա... եթե հիմա դա ինձ բավականություն է պատճառո՞ւմ։
 
Նա ասաց սա մի տեսակ առանձին բորբոքվածությամբ, այնպես, որ Լեբյադկինը սկսեց սարսափով հավատալ։
 
― Բայց ես, ե՞ս՝ ինչպես, չէ որ գլխավորն այստեղ ես եմ... Գուցե կատա՞կ եք անում-մ, Նիկոլայ Վսեվոլոդովիչ։
 
― Չէ, չեմ անում։
 
― Կամքը ձերը կինի, Նիկոլայ Վսեվոլոդովիչ, բայց ես ձեզ չեմ հավատում... այդ ժամանակ ես խնդրագիր կտամ։
 
― Դուք ահավոր հիմար եք, կապիտան։
 
― Թող լինի, բայց չէ որ դա է այն ամենն, ինչ մնում է ինձ,― լրիվ խճճվեց կապիտանը։― Առաջ նրա ծառայության դիմաց, այս ու այն անկյունում մեզ կացարան էին տալիս, ծայրահեղ դեպքում, իսկ հիմա՞ ինչ կլինի, եթե դուք ինձ բոլորովին թողնեք։
 
― Չէ՞ որ ուզում եք Պետերբուրգ գնալ՝ ձեր կարիերան փոխելու։ Իմիջիայլոց, ճի՞շտ է, արդյոք, լսել եմ, որ մտադիր եք գնալ մատնությամբ՝ հուսալով ներում ստանալ՝ հայտնելով մնացած բոլորի մասին։
 
Կապիտանի ծնոտը կախ ընկավ, նա աչքերը չռեց և չպատասխանեց։
 
― Լսեք, կապիտան,― հանկարծ չափազանց լուրջ սկսեց խոսել Ստավրոգինը՝ հակված սեղանի վրա։ Մինչ այժմ նա խոսում էր մի տեսակ երկիմաստ, այնպես որ ծաղրածուի դերին ընտելացած Լեբյադկինը մինչև վերջին ակնթարթն, այնուամենայնիվ, վստահ չէր՝ բարկացա՞ծ է իր պարոնն իսկապես, թե՝ կատակի է տալիս, իսկապե՞ս ամուսնության մասին օտարոտի այդ միտքն ունի, թե սոսկ խաղում է։ Իսկ հիմա Նիկոլայ Վսեվոլոդովիչի անսովոր խիստ տեսքն այն աստիճան էր համոզիչ, որ նույնիսկ դող անցավ կապիտանի ողնաշարով։― Լսեք և ասեք ճշմարտությունը, Լեբյադկին. որևէ բանի մասին մատնե՞լ եք, թե՝ դեռ ոչ։ Հասցրե՞լ եք, արդյոք, ինչ-որ բան անել իրականում։ Որևէ մեկին նամակ չե՞ք ուղարկել հիմարավարի։
 
― Չէ-է, ոչինչ չեմ հասցրել և... չեմ էլ մտածել,― անշարժ նայում էր կապիտանը։
 
― Էհ, ստում եք, թե չեք մտածել։ Պետերբուրգ գնալ եք խնդրում հենց դրա համար։ Եթե չեք գրել, ապա որևէ բան որևիցե տեղ չե՞ք թռցրել բերանից։ Ճիշտն ասեք, ես որոշ բաներ լսել եմ։
 
― Խմած ժամանակ՝ Լիպուտինին։ Լիպուտինը դավաճան է։ Ես նրան սիրտս բացեցի,― շշնջաց խեղճ կապիտանը։
 
― Սիրտը՝ սիրտ, բայց պետք էլ չէ տխմար լինել։ Եթե որևէ միտք ունեիք, ապա պիտի ձեր մեջ պահեիք, հիմա խելացի մարդիկ լռում են, և ոչ թե խոսում։
 
― Նիկոլայ Վսեվոլոդովիչ,― դողացրեց կապիտանը,― չէ որ ինքներդ ոչնչի չեք մասնակցել, չէ որ ես ձեզ...
 
― Իրոք, ձեր կթան կովին չէիք համարձակվի մատնել։
 
― Նիկոլայ Վսեվոլոդովիչ, դատեցեք, դատեցեք...― և հուսակտուր, արտասվելով, կապիտանը սկսեց փութով շարադրել իր պատմությունը բոլոր չորս տարիների ընթացքում։ Տխմարագույն պատմություն էր ոչ իր գործի մեջ ներքաշված և մինչև ամենավերջին րոպեն դրա կարևորությունը համարյա թե չհասկացած, հարբեցողությամբ ու քեֆերով տարված մի հիմարի մասին։ Նա պատմեց, որ դեռևս Պետերբուրգում «ամենասկզբից հրապուրվեց, ուղղակի ընկերությունից, որպես իսկական ուսանող, թեև ուսանող չլինելով», ու չիմանալով ոչինչ, «ամեն ինչում անմեղ», զանազան թղթեր սկսեց ցրիվ տալ սանդուղքների վրա՝ տասնյակներով թողնելով դռների մոտ, զանգակների մոտ, խցկել թերթերի փոխարեն, թատրոն տանել, գլխարկների մեջ դնել, գրպանները խոթել։ Իսկ հետո՝ փող էլ ստանալ նրանից, «որովհետև ինչպիսի՜ն են իմ միջոցները, իմ միջոցնե՜րը»։ Երկու նահանգում, գավառ առ գավառ շաղ էր տվել «ամեն տեսակի աղբ»։
 
― Օ՜, Նիկոլայ Վսեվոլոդովիչ,― բացականչեց նա,― ամենից ավելի ինձ զայրացնում էր, որ դա միանգամայն դեմ է քաղաքացիական, առավելապես հայրենական օրենքներին։ Տպված էր լինում հանկարծ, որ դուրս գան եղաններով և որ հիշեն՝ ով առավոտյան ելավ չքավոր, երեկոյան կարող է ետ գալ հարուստ, մտածե՜ք հապա։ Մարմնով ցնցվում էի, բայց ցրում էի։ Կամ էլ հանկարծ՝ հինգ-վեց տող՝ ամբողջ Ռուսաստանով մեկ. ոչ դես, ոչ դեն. «Շուտով փակեք եկեղեցիները, ոչնչացրեք Աստծուն, քանդեք ամուսնությունները, վերացրեք ժառանգության իրավունքը, դաշույններ առեք», դա է որ կա, ու սատանան գիտե, թե էլ ինչ։ Այ, այդ տեսակ թղթով, հինգտողանոցով, հազիվ չբռնվեցի, գնդում սպաները ծեծեցին, հետո՝ Աստված առողջություն տա, բաց թողին։ Իսկ անցյալ տարի քիչ էր մնացել բռնեին, երբ Ֆրանսիայում կեղծած հիսուն ռուբլիանոցները Կորովաևին հանձնեցի։ Ու փառք Աստծո, Կորովաևն էլ հարբած վիճակում խեղդվեց լճում այն ժամանակ և ինձ չհասցրին մերկացնել։ Այստեղ, Վիրգինսկու մոտ ազդարարել եմ սոցիալական կնոջ ազատությունը։ Հունիս ամսին նորից ―յան գավառում էի ցրում։ Ասում են, էլի են ստիպելու... Պյոտր Ստեպանովիչը հանկարծ իմաց է տալիս, որ ես պիտի լսեմ, արդեն վաղուց սպառնում է։ Հապա այն կիրակի ինչպես վարվեց ինձ հետ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչ, ես ստրուկ եմ, ես ճիճու եմ, բայց Աստված չեմ, դրանով եմ միայն տարբերվում Դերժավինից։ Բայց չէ որ իմ միջոցները, իմ միջոցներն ի՜նչ վիճակում են։
 
Նիկոլայ Վսեվոլոդովիչն այդ ամենը լսում էր հետաքրքրությամբ։
 
― Շատ բան ամենևին չգիտեի,― ասաց նա,― անշուշտ, ձեզ հետ ամեն ինչ կարող էր պատահել... Լսեք,― ասաց նա, մտածելուց հետո,― եթե ուզում եք, ասեք նրանց, դե, ում գիտեք այնտեղ, որ Լիպուտինը ստել է և դուք ինձ միայն պատրաստվում էիք վախեցնել մատնագրով, ենթադրելով, թե ես էլ եմ վարկաբեկված, որ այդպիսով ավելի շատ փող պոկեք ինձնից... Հասկանո՞ւմ եք։
 
― Նիկոլայ Վսեվոլոդովիչ, սիրելիս, մի՞թե այդպիսի վտանգ է սպառնում ինձ։ Ես միայն ձեզ էլ սպասում էի, որ հարցնեմ։
 
Նիկոլայ Վսեվոլոդովիչը քթի տակ ծիծաղեց։
 
― Իհարկե, ձեզ չեն թողնի Պետերբուրգ գնալ, թեկուզև գնալ-գալու փողը ես տայի... իսկ, իմիջիայլոց, ժամանակն է Մարյա Տիմոֆեևնայի մոտ գնալ,― ու նա վեր կացավ աթոռից։
 
― Նիկոլայ Վսեվոլոդովիչ, իսկ Մարյա Տիմոֆեևնայի հե՞տ՝ ինչպես։
 
― Այնպես, ինչպես ասացի։
 
― Մի՞թե դա էլ է ճիշտ։
 
― Դուք էլի՞ չեք հավատում։
 
― Մի՞թե ինձ այդպես էլ դեն կշպրտեք, ինչպես հին ու մաշված սապոգ։
 
― Կտեսնեմ,― ծիծաղեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը,― դե, թողեք։
 
― Չե՞ք կամենա, ես առմուտքին կսպասեմ... որ հանկարծ պատահական մի բան չհասնի ականջիս... քանի որ սենյակները շատ են փոքր։
 
― Ճիշտ է, կանգնեք առմուտքին։ Վերցրեք անձրևանոցը։
 
― Անձրևանոցը ձերն է... արժե՞ որ ինձ համար,― քծնանքի չափն անցավ կապիտանը։
 
― Անձրևանոցի բոլորն են արժանի։
 
― Միանգամից որոշում եք մարդկային իրավունքների minimum-ը...
 
Բայց նա արդեն դուրս էր տալիս մեքենայաբար։ Չափից ավելի էր ճզմված լուրերով և վերջնականապես շշկլված։ Բայց և այնպես, համարյա թե իսկույն, առմուտք ելնելուն ու անձրևանոցը բացելուն պես, նրա թեթևամիտ ու խարդախ գլխում նորից սկսեց բուն դնել մշտական հանգստացուցիչ միտքը, թե խորամանկում ու ստում են իրեն, իսկ քանի որ այդպես է, ոչ թե ինքը պիտի վախենա, այլ իրենից պիտի վախենան։
 
«Եթե ստում ու խորամանկում են, ապա բանն ի՞նչ է այստեղ»,― սղոցում էր ուղեղը։ Ամուսնության ազդարարումը նրան անհեթեթություն էր թվում․ «Ճիշտ է, նման հրաշագործի հետ ինչ ասես կպատահի, մարդկանց չարիք անելու համար է ապրում։ Դե, իսկ եթե ինքն է վախենում, կիրակի օրվա խայտառակությունից, այն էլ այնպես, ինչպես երբե՞ք։ Ահա և վազեվազ եկել է հավատացնելու, թե ինքը կհայտարարի, վախից, որ ես չանեմ։ Էյ, Լեբյադկին, տե՜ս՝ չվրիպես։ Ու ինչի՞ համար գալ գիշերով, թաքնվելով, երբ ինքն է ուզում բացահայտումը։ Իսկ եթե վախենում է, ուրեմն, հիմա է վախենում, հենց հիմա, հենց այս մի քանի օրը... Էյ, Լեբյադկին, տե՜ս՝ չշեղվես...
 
Պյոտր Ստեպանովիչով է վախեցնում։ Օ՜յ, վախեցանք, շատ վախեցանք, չէ, այստեղ արդեն շատ վախենալու է։ Եվ ինչն ինձ դրդեց բերանից թռցնել Լիպուտինի մոտ։ Սատանան գիտե, թե ինչ են մտածում այդ գրողի տարածները, երբեք չեմ կարողացել հասկանալ։ Նորից իրար են եկել, ինչպես հինգ տարի առաջ։ Ճիշտ որ, ո՞ւմ կարող էի ես մատնել։ «Որևէ մեկին չե՞ք գրել հիմարավարի»։ Նշանակում է, կարելի է գրել, կարծես հիմարավարի՞։ Խորհուրդ չի՞ տալիս, արդյոք։ «Դուք դրա համա՞ր եք գնում Պետերբուրգ»։ Խարդախի մեկը, նոր եմ երազիս տեսել, իսկ նա երազն էլ արդեն մեկնեց։ Ճիշտ կարծես ինքն է մղում գնալ։ Այստեղ երկու բան կա հաստատ՝ կամ մեկը, կամ՝ մյուսը, կամ, այնուամենայնիվ, ինքն է վախենում, որովհետև անկարգություններ է արել... կամ, կամ էլ ոչինչ չի արել, այլ միայն մղում է, որ ես մատնեմ բոլորին։ Օ՜հ, Լեբյադկին, վախենալի է, օ՜հ, չվրիպեմ հանկարծ...»։
 
Նա այնքան ընկավ մտքերի մեջ, որ մոռացավ ականջ դնել։ Ի դեպ, ականջ դնել դժվար էր, դուռը հաստ էր, միափեղկ, իսկ խոսում էին շատ ցածրաձայն, ինչ-որ անհստակ հնչյուններ էին հասնում։ Կապիտանը նույնիսկ թքեց և մտազբաղ դուրս եկավ նորից՝ առմուտքին սուլելու։
 
=== III ===
 
Մարյա Տիմոֆեևնայի սենյակը երկու անգամ մեծ էր կապիտանի զբաղեցրածից՝ կահավորված նույնպիսի կոպտատաշ կահույքով։ Բայց բազմոցի առաջ դրված սեղանին գույնզգույն գեղեցիկ սփռոց էր գցած, որի վրա լամպն էր վառվում, ամբողջ հատակը ծածկված էր սքանչելի գորգով, մահճակալն առանձնացված էր սենյակով մեկ ձգված կանաչ վարագույրով և բացի դրանից, սեղանի մոտ մի մեծ, փափուկ բազկաթոռ կար, որին սակայն Մարյա Տիմոֆեևնան չէր նստում։ Անկյունում, ինչպեսև նախկին բնակարանում, սրբապատկերն էր՝ դիմացը վառվող կանթեղով, իսկ սեղանին շարված էին բոլոր նույն անհրաժեշտ իրերը՝ խաղաթղթերի կապուկ, փոքր հայելի, երգարան, նույնիսկ կաթնահունց փոքր բուլկի։ Ավելացել էր երկու պատկերազարդ գրքույկ, մեկը՝ պատանեկան հասակին հարմարեցված քաղվածքներ հանրահայտ մի ուղևորությունից, մյուսը՝ բարոյախոսական և մեծ մասամբ ասպետական թեթև պատմվածքների ժողովածու՝ նախատեսված տոնածառերի և ինստիտուտների համար։ Զանազան լուսանկարների ալբոմ էլ կար։ Մարյա Տիմոֆեևնան, անշուշտ, սպասում էր հյուրին, ինչպես տեղեկացրել էր կապիտանը, բայց երբ Նիկոլայ Վսեվոլոդովիչը մտավ սենյակ, նա քնած էր՝ բազմոցին կիսապառկած, գլուխը՝ գարուսե բարձին։ Հյուրն անձայն փակեց դուռը և, տեղից չշարժվելով, սկսեց զննել քնածին։
 
Կապիտանը թեթևակի ստել էր, թե նա հարդարվել է։ Նույն մգագույն հագուստով էր, ինչպես կիրակի օրը Վարվառա Պետրովնայի տանը։ Ճիշտ նույնպես մազերը պստլիկ հանգույց էին արած ծոծրակին, ճիշտ նույնպես մերկ էր երկար ու չոր վիզը։ Վարվառա Պետրովնայի նվիրած սև շալը խնամքով ծալված-դրված էր բազմոցին։ Նախկինի պես կոպիտ շպարված էր ճերմակ ու կարմիր։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը մի րոպե էլ կանգնած չմնաց, Մարյան հանկարծակի արթնացավ, ճիշտ կարծես զգաց հայացքն իր վրա, բացեց աչքերը և շտապ ուղղվեց։ Սակայն հյուրի հետ էլ տարօրինակ մի բան կատարվեց, ըստ երևույթին, նա դեռ կանգնած էր իր տեղում, դռան մոտ՝ անշարժ ու ծակող աչքերով, անձայն ու համառորեն հայացքը հառած կնոջ դեմքին։ Գուցեև այդ հայացքն ավելորդ խիստ էր, գուցե արտահայտում էր խորշանք, գուցե չարախինդ հաճույք նրա վախից՝ եթե միայն այդպես չթվաց քնաթաթախ Մարյա Տիմոֆեևնային, միայն թե հանկարծ, համարյա մեկ րոպե հապաղելուց հետո, խեղճ կնոջ դեմքին կատարյալ սարսափ գծագրվեց, դեմքը ջղաձգվեց, թափահարելով բարձրացրեց ձեռքերն ու միանգամից լաց եղավ, ճիշտ ևճիշտ վախեցած երեխայի պես։ Մի վայրկյան էլ, ու նա կբղավեր։ Բայց հյուրն ուշքի եկավ, մի ակնթարթում փոխվեց նրա դեմքը, և նա մոտեցավ սեղանին ամենաբարեհամբույր և փաղաքուշ ժպիտով։
 
― Ներեցեք, Մարյա Տիմոֆեևնա, ձեզ վախեցրի անսպասելի հայտնվելով, դուք էլ՝ կիսաքուն,― ասաց նա՝ կնոջը պարզելով ձեռքերը։
 
Սիրալիր բառերի հնչյուններն իրենց ազդեցությունը գործեցին, վախը չքացավ, թեև դեռ նայում էր երկյուղով, ջանալով որևէ բան հասկանալ։ Երկչոտ պարզեց ձեռքը։ Ի վերջո, վախվորած ժպիտը թրթռաց նրա շուրթերին։
 
― Բարև ձեզ, իշխան,― շշնջաց կինը, մի տեսակ տարօրինակ զննելով նրան։
 
― Պետք է որ վատ երա՞զ տեսած լինեք,― շարունակեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ էլ ավելի բարեհամբույր ու փաղաքուշ ժպիտով։
 
― Իսկ դո՞ւք ինչ իմացաք, որ ''այդ մասին'' երազ տեսա...
 
Եվ հանկարծ նա նորից դողացրեց ու ետ ընկավ, ձեռքն առաջ պարզած, ասես պաշտպանվելու համար՝ պատրաստվելով նորից լաց լինել։
 
― Ուշքի եկեք, հերիք է, ի՞նչ կա վախենալու, մի՞թե ինձ չճանաչեցիք,― համոզում էր Նիկոլայ Վսեվոլոդովիչը, բայց այս անգամ երկար ժամանակ չկարողացավ։ Մարյա Տիմոֆեևնան լուռ նայում էր նրան միևնույն տանջալի տարակուսանքով, իր խեղճ գլխում ծանր մտքերով, շարունակելով ջանալ ինչ-որ բան հասկանալ։ Մեկ ցած էր հառում աչքերը, մեկ հանկարծ փութկոտ, ընդգրկող հայացքով նրան պարուրում ոտից գլուխ։ Վերջապես, ոչ թե հանգստացավ, այլ կարծես մի բան որոշեց։
 
― Խնդրում եմ, նստեք ինձ մոտ, որ հետո կարելի լինի լավ տեսնել,― ասաց նա բավականին հաստատ, հստակ ու մի որևէ նոր նպատակով։― Իսկ հիմա մի անհանգստացեք, ինքս էլ ձեզ չեմ նայի, այլ ներքև կնայեմ։ Ինձ մի նայեք այնքան ժամանակ, մինչև ինքս կխնդրեմ։ Դե նստեք,― ավելացրեց նա, նույնիսկ անհամբերությամբ։
 
Նոր զգացողություն էր տիրում նրան, ըստ երևույթին, ավելի ու ավելի։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը տեղավորվեց ու սպասում էր։ Տիրեց բավական երկար լռություն։
 
― Հը՜մ։ Ինձ համար տարօրինակ է այս ամենը,― մրմնջաց նա, հանկարծ համարյա թե զզվանքով,― իհարկե, գեշ երազները հոգիս հանել են, բայց դո՞ւք ինչու հենց այդ տեսքով եկաք երազիս։
 
― Լավ, թողնենք երազները,― անհամբեր ասաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը, դառնալով նրա կողմը, չնայած արգելքին, ու գուցեև քիչ առաջվա արտահայտությունը նորից ցոլաց նրա աչքերում։ Նա տեսավ, որ Մարյա Տիմոֆեևնան մի քանի անգամ, այն էլ շատ, ուզեց նայել իրեն, բայց համառորեն դիմացավ և ցած էր նայում։
 
― Լսեք, իշխան,― նա հանկարծ բարձրացրեց ձայնը,― լսեք, իշխան...
 
― Ինչի՞ համար շրջվեցիք, ինչո՞ւ չեք նայում ինձ, ո՞ւմ է պետք այս կոմեդիան,― բղավեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ չդիմանալով։
 
Բայց կինը կարծես չլսեց Էլ ամենևին։
 
― Լսեք, իշխան,― կրկնեց նա երրորդ անգամ՝ հաստատուն ձայնով, դեմքի տհաճ, հոգսառատ արտահայտությամբ։― Ինչպես ինձ ասացիք կառքում այն ժամանակ, որ ամուսնությունը պիտի հայտարարվի, այն ժամանակ էլ հենց վախեցա, որ գաղտնիքը կվերջանա։ Հիմա էլ արդեն չգիտեմ, միշտ մտածել ու պարզ տեսնում եմ, որ բոլորովին հարմար չեմ։ Հագնել-կապել կկարողանամ, ընդունել նմանապես կկարողանամ. ի՜նչ մի դժվար բան է մի բաժակ թեյի կանչելը, մանավանդ եթե սպասավորներ էլ կան։ Բայց և այնպես, ինչպես կնայեն կողքից։ Այն օրը, կիրակի, շատ բան զննեցի այն տանը։ Սիրունիկ օրիորդն Էր ամբողջ ժամանակ ինձ նայում, մանավանդ, երբ դուք ներս մտաք։ Դուք մտաք, չէ՞։ Օրիորդի մայրիկն ուղղակի ծիծաղելի բարձրաշխարհիկ մի պառավ է։ Իմ Լեբյադկինն էլ աչքի ընկավ, որ չծիծաղեմ, շարունակ առաստաղին էի նայում, լավ է դեռ, որ առաստաղը նախշազարդ է այնտեղ։ Նրա մորը մնացել է մենակ մայրապետ լինել, վախենում եմ նրանից, չնայած որ սև շալ նվիրեց։ Պետք է որ նրանք այն ժամանակ բոլորով ինձ քննեցին անսպասելի կողմից։ Չեմ բարկանում, մենակ թե նստել ու մտածում էի. ես նրանց ի՞նչ ազգական։ Ինչ խոսք, կոմսուհուց պահանջվում են միայն հոգեկան հատկանիշներ, քանի որ տնտեսականի համար շատ ծառաներ ունի, մեկ էլ՝ ինչ-որ աշխարհիկ սեթևեթանք, որ կարողանա ընդունել օտարերկրացի ճանապարհորդների։ Բայց և այնպես, այն կիրակի նրանք ինձ էին նայում անհուսորեն։ Մենակ Դաշան էր հրեշտակ։ Ես շատ եմ վախենում, որ նրանք իմ մասին որևէ անզգույշ կարծիքով հանկարծ չվշտացնեն նրան.
 
― Մի վախեցեք ու մի անհանգստացեք,― բերանը ծռմռեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
 
― Ասենք, ինձ ոչինչ էլ չի լինի, եթե մի քիչ էլ ամաչի ինձ համպր, որովհետև այստեղ միշտ ավելի շատ է խղճալը, քան ամոթը, նայած մարդուն, իհարկե։ Չէ որ նա գիտի, որ ավելի շատ ես պիտի խղճամ իրենց, քան իրենք՝ ինձ։
 
― Երևում է, շա՞տ եք նեղացել նրանցից, Մարյա Տիմոֆեևնա։
 
― Ո՞վ, ե՞ս, չէ՜,― քթի տակ ծիծաղեց նա պարզամիտ։― Իսկի էլ չէ։ Այն օրը բոլորիդ նայեցի, բոլորդ էլ ջղայնանում եք, բոլորդ էլ կռվշտեցիք իրար հետ։ Կհավաքվեն ու մի սրտանց ծիծաղել էլ չեն կարողանա։ Այդքան հարստություն ու այդքան քիչ ուրախություն՝ ինձ համար գարշելի է այդ բոլորը։ Իմիջիայլոց, հիմա ոչ ոքի չեմ խղճում, ինձնից բացի։
 
― Լսել եմ, որ ձեր եղբոր հետ վա՞տ էր ապրելն առանց ինձ։
 
― Դա՞ ով է ձեզ ասել։ Դատարկ բան է։ Հիմա շատ ավելի վատ է, հիմա երազներն են վատ, իսկ երազները վատացան, որովհետև դուք եկաք։ Իսկ դո՞ւք, մի հարցնող լինի, ինչի՞ համար հայտնվեցիք, ասացեք, խնդրեմ։
 
― Իսկ չե՞ք ուզենա՝ նորից մենաստան։
 
― Է, այդպես էլ կանխազգում էի, որ նրանք նորից մենաստան են առաջարկելու։ Ոչ տեսել, ոչ իմանում էի ձեր մենաստանը։ Էլ ինչի՞ համար պիտի գնամ, որպես ի՞նչ մտնեմ հիմա։ ՀԻմա արդեն մեն-մենակ եմ։ Ինձ համար ուշ է երրորդ կյանք սկսել։
 
― Մի բանից շատ եք ջղայնացած։ Չլինի՞ վախենում եք, որ դադարել եմ ձեզ սիրել։
 
― Ձեր մասին բոլորովին մտահոգ չեմ։ Ինքս եմ վախենում, որ շատ չդադարեմ սիրել մեկին։
 
Նա արհամարհանքով ծիծաղեց քթի տակ։
 
― Պետք է որ մեղավոր լինեմ նրա առաջ մի որևէ մեծ բանում,― ավելացրեց նա հանկարծ, կարծես ինքն իրեն,― միայն թե չգիտեմ ահա, թե ինչով եմ մեղավոր, իմ մշտական ցավը դա է։ Միշտ ու միշտ, այս հինգ կլոր տարին, օրուգիշեր վախեցել եմ, թե մեղավոր եմ նրա առաջ մի բանով։ Աղոթում եմ մեկ-մեկ, աղոթում եմ ու մտածում նրա առաջ իմ մեծ մեղքի մասին։ Ըհը՛, դուրս եկավ, որ ճիշտ էի։
 
― Իսկ ի՞նչ դուրս եկավ։
 
― Վախենում եմ, թե այդտեղ մի բան չկա՞ նրա կողմից,―շարունակեց նա, չպատասխանելով հարցին, նույնիսկ ամենևին չլսելով։― Բայց և այնպես, հո չէ՞ր կարող նա շփվել այդպիսի մարդուկների հետ։ Կոմսուհին ուրախ կլիներ կուլ տալ ինձ, թեկուզ կառք նստեցրեց իր հետ։ Բոլորը դավադրության մեջ են, չլինի՞ նա էլ։ Չլինի՞ նա էլ է դավաճանել։ (Ծնոտը և շուրթերը դողացին)։ Լսեք, կարդացե՞լ եք դուք Գրիշկա Օտրեպյևի մասին, որ յոթը տաճարներում նզովվեց։
 
Նիկոլայ Վսեվոլոդովիչը լռության տվեց։
 
― Իմիջիայլոց, հիմա ես կշրջվեմ ու ձեզ կնայեմ,― ասես վճռեց նա հանկարծ,― դուք էլ շրջվեք ու ինձ նայեք, միայն թե ուշադիր։ Վերջին անգամ ուզում եմ համոզվել։
 
― Ես արդեն վաղուց եմ ձեզ նայում։
 
― Հըմ,― ասաց Մարյա Տիմոֆեևնան՝ ակնապիշ նայելով,― շատ եք հաստացել...
 
Նա կարծես ուզում էր էլի ինչ-որ բան ասել, բայց հանկարծ նորից, երրորդ անգամ քիչ առաջվա վախն ակնթարթորեն այլայլեց նրա դեմքը և կրկին ետ ընկավ նա՝ ձեռքը պահելով իր առաջ։
 
― Ձեզ հետ ի՞նչ է կատարվում,― բղավեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ համարյա կատաղած։
 
Սակայն վախը շարունակվեց միայն մի ակնթարթ, նրա դեմքն այլայլվեց տարօրինակ մի ժպիտով՝ կասկածամիտ, անդուր։
 
― Ես ձեզ խնդրում եմ, վեր կացեք և ներս մտեք,― արտաբերեց նա հանկարծ ամուր ու համառ ձայնով։
 
― Ինչպե՞ս ''ներս մտեք''։ Ո՞ւր մտնեմ։
 
― Ամբողջ հինգ տարի ես պատկերացրել եմ, թե ինչպես է նա մտնելու։ Հիմա վեր կացեք և գնացեք դռան մյուս կողմը, այն սենյակ։ Ես նստած կլինեմ, իբր ոչնչի էլ չեմ սպասում, գիրքը կառնեմ ձեռքս, ու հանկարծ դուք ներս կմտնեք, հինգ տարի ճամփորդելուց հետո։ Ուզում եմ տեսնել, թե ինչպես կլինի։
 
Նիկոլայ Վսեվոլոդովիչն ատամները կրճտացրեց ու անհոդաբաշխ ինչ-որ բան մրմնջաց։
 
― Բավական է,― ասաց նա, ձեռքի ափով խփելով սեղանին։― Մարյա Տիմոֆեևնա, խնդրում եմ, լսեք ինձ։ Բարի եղեք, եթե կարող եք, կենտրոնացրեք ձեր ամբողջ ուշադրությունը։ Չէ՞ որ լրիվ խելագար չեք դուք,― անհամբերությամբ պոռթկաց նա։― Վաղը ես հայտարարում եմ մեր ամուսնությունը։ Դուք երբեք չեք ապրելու պալատներում, հույսներդ կտրեք։ Ուզո՞ւմ եք ամբողջ կյանքն ինձ հետ ապրել, միայն թե այստեղից շատ հեռու։ Սարերում է դա, Շվեյցարիայում, այնտեղ մի տեղ կա... Մի անհանգստացեք, ես երբեք ձեզ չեմ լքի և գժանոց չեմ տանի։ Փողը կհերիքի, առանց ուրիշի խնդրելու ապրելու համար։ Դուք աղախին կունենաք, ոչ մի գործ չեք անի։ Այն ամենն, ինչ կցանկանաք եղած հնարավորից, ձեզ կտան։ Դուք կաղոթեք, ուր ուզենաք՝ կգնաք և ինչ ուզենաք՝ կանեք։ Ես ձեզ ձեռք չեմ տա։ Ես նույնպես իմ տեղից ամբողջ կյանում ոչ մի տեղ չեմ գնա։ Կուզեք, ամբողջ կյանքում չեմ խոսի ձեզ հետ, կուզեք, ամբողջ երեկո ինձ պատմեք ձեր պատմությունները, ինչպես այն ժամանակ՝ Պետերբուրգում։ Եթե ցանկանաք, ես էլ ձեզ համար գրքեր կկարդամ։ Բայց փոխարենը՝ այդպես ամբողջ կյանքը, մի տեղում, իսկ դա մռայլ տեղ է։ Կուզե՞ք, կվճռե՞ք։ Չե՞ք զղջա, ինձ չե՞ք տանջի արցունքներով, անեծքներով։
 
Մարյա Տիմոֆեևնան լսում էր արտակարգ հետաքրքրությամբ և երկար ժամանակ լուռ էր, մտածում էր։
 
― Անհավանական է ինձ համար այդ ամենը,― խոսեց նա վերջապես՝ ծաղրաբար ու խորշանքով։― Էդպես ես, կարող է պատահել, քառասուն տարի ապրեմ էն սարերում։― Նա ծիծաղեց։
 
― Ինչ կա որ, ու քառասուն տարի կապրենք,― շատ խոժոռվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
 
― Հը՛մ։ Ոչ մի դեպքում չեմ գնա։
 
― Նույնիսկ ի՞նձ հետ։
 
― Իսկ դուք ի՞նչ եք, որ ձեզ հետ գամ։ Քառասուն կլոր տարի նրա հետ կողք-կողքի նստիր սարում՝ գործ եմ ասել է՜։ Ու ճիշտ որ, ի՜նչ համբերատար մարդիկ են հիմա առաջ եկել։ Չէ, չի կարող պատահել, որ բազեն բվեճ դառնա։ Այդպիսին չէ իմ իշխանը,― հպարտորեն և հանդիսավորապես բարձրացրեց նա գլուխը։
 
Նիկոլայ Վսեվոլոդովիչը կարծես գլխի ընկավ։
 
― Ինչո՞ւ եք ինձ իշխան կոչում և... ո՞ւմ տեղն եք ինձ դրել,― արագ հարցրեց նա։
 
― Ինչպես թե, մի՞թե դուք իշխան չեք։
 
― Երբեք էլ չեմ եղել։
 
― Ուրեմն ինքներդ, ինքներդ, այսպիսով, ուղիղ դեմքիս նայելով, խոստովանում եք, որ իշխան չեք դուք։
 
― Ասում եմ՝ երբեք չեմ եղել։
 
― Տեր Աստված,― ձեռքերն իրար զարկեց նա,― ամեն ինչ սպասում էի ''նրա'' թշնամիներից, բայց այսպիսի հանդգնություն՝ երբեք։ Կենդանի՞ է արդյոք նա,― ճչաց Մարյա Տիմոֆեևնան՝ մոլեգնած առաջանալով Նիկոլայ Վսեվոլոդովիչի վրա։― Սպանել ես դու նրան, թե՝ ոչ, խոստովանի՛ր։
 
― Ո՞ւմ տեղ ես դրել ինձ,― Նիկոլայ Վսեվոլոդովիչը վեր թռավ տեղից՝ այլայլված դեմքով, բայց կնոջն արդեն դժվար էր վախեցնել, նա ցնծում էր։
 
― Իսկ ո՞վ գիտե քեզ, թե ով ես ու որտեղից ես դուրս պրծել։ Միայն սիրտս, սիրտս էր վկայում, լրիվ հինգ տարի, ամբողջ խարդավանքը։ Ես էլ նստել զարմացել եմ. այս ի՞նչ կույր բու հայտնվեց։ Չէ՜, սիրելիս, վատ դերասան ես, նույնիսկ Լեբյադկինից էլ վատ։ Իմ կողմից խորը գլուխ կտաս կոմսուհուն ու կասես, որ քեզնից ավելի լավին ուղարկի։ Նա քեզ վարձե՞լ է, ասա։ Նրա տանը, խոհանոցո՞ւմ ես ծառայում։ Ձեր ամբողջ խաբեությունը տակից գլուխ եմ տեսնում, բոլորիդ, մեկիկ-մեկիկ, հասկանում եմ։
 
Նիկոլայ Վսեվոլոդովիչն ամուր, բազկից վեր բռնեց կնոջ ձեռքը. Մարյա Տիմոֆեևնան քրքջում էր նրա երեսին։
 
― Նմանը՝ շա՜տ ես նման, կարող է պատահել, նրա ազգականն ես՝ լավ խորամանկ ժողովուրդ եք։ Միայն թե իմն անվախ բազե է ու իշխան, իսկ դու բվեճ ես ու փերեզակ։ Իմն Աստծուն էլ կուզենա, կպաշտի, կուզենա՝ չի պաշտի, իսկ քեզ Շատուշկան (իմ սիրելին է, հարազատս, աղավնյակս) երեսներիդ հասցրել է, իմ Լեբյադկինը պատմեց։ Ու ինչի՞ց վախեցար այն ժամանակ, որ ներս մտար։ Քեզ ո՞վ վախեցրեց։ Հենց տեսա քո ստոր դեմքը, երբ ընկնում էի, իսկ դու ինձ բռնեցիր, ճիշտ կարծես մի որդ մտավ ուղեղս՝ ''նա'' չի, մտածեցի, ''նա'' չի։ Իմ բազեն երբեք չէր ամաչի բարձաշխարհիկ օրիորդի առաջ։ Օ՜, Աստված, իսկ ես հինգ տարի, կլոր հինգ տարի երջանիկ եմ եղել, որ իմ բազեն ինչ-որ տեղ է, այնտեղ, սարերից հեռու, ապրում է ու թռչում, արևին նայում... Խոսի՛ր, ինքնակոչ, շա՞տ ես վերցրել արդյոք։ Շատ փողո՞վ ես, արդյոք, համաձայնվել։ Ես քեզ մի գռոշ էլ չէի տա։ Հա՛-հա՛-հա՛-հա՛-հա՛-հա՛...
 
― Ո՜ւ, ապուշի մեկը,― կրճտացրեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ դեռևս ամուր բռնած կնոջ ձեռքը։
 
― Հեռո՜ւ, ինքնակո՛չ,― հրամայաբար բղավեց կինը։― Ես իմ իշխանի կինն եմ, չեմ վախենում քո դանակից։
 
― Դանակի՞ց։
 
― Այո, դանակից, գրպանումդ դանակ կա։ կարծում էիր քնած եմ, իսկ ես տեսա, քիչ առաջ, հենց մտար, դանակդ հանեցիր։
 
― Այդ ի՜նչ ասացիր, թշվառական, ի՜նչ երազներ ես տեսնում,― բղավեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը և ամբողջ ուժով հրեց նրան իրենից, այնպես, որ նա նույնիսկ ցավ առնելով, խփվեց բազմոցին՝ ուսերով ու գլխով։ Նետվեց՝ դուրս վազելու, բայց կինն իսկույն դուրս պրծավ նրա ետևից, կաղին տալով ու ցատկռտելով, և արդեն առմուտքից, վախեցած Լեբյադկինից ամբողջ ուժով կառչած, հասցրեց բղավել մթության մեջ՝ ճչոցով ու քրքջոցով.
 
― Գրիշկա Օտ-րեպ-յե-ե՜վի անե՜ծքը։
 
=== IV ===
 
«Դանա՛կ, դանա՛կ»,― կրկնում էր նա անհագուրդ չարությամբ, լայն-լայն քայլելով ցեխերի ու ջրերի միջով, առանց ճանապարհը զանազանելու։ Ճիշտ է, մեկ-մեկ անչափ ուզում էր քրքջալ՝ բարձրաձայն, կատաղած, սակայն, չգիտես ինչու, դիմանում էր ևզսպում ծիծաղը։ Ուշքի եկավ միայն կամրջի վրա՝ հենց այն տեղում, ուր քիչ առաջ հանդիպեց Ֆեդկան։ Նույն Ֆեդկան նրան էր սպասում նաև հիմա ու, տեսնելուն պես, հանեց գլխարկը, ուրախ-զվարթ բացեց ատամները և տեղնուտեղը սկսեց ինչ-որ բան բլբլացնել առույգ և ուրախ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը սկզբում անցավ կանգ չառնելով, որոշ ժամանակ նույնիսկ ամենևին չէր լսում կրկին իր պոչից կպած շրջմոլիկին։ Նրան հանկարծ շանթեց միտքը, որ բացարձակապես մոռացել է նրա մասին ու մոռացել է հենց այն ժամանակ, երբ րոպեն մեկ ինքն իրեն կրկնում էր. «Դանակ, դանակ»։ Նա բռնեց շրջմոլիկի շլինքից և կուտակված ամբողջ չարությամբ, ամբողջ ուժով շրմփացրեց կամրջին։ Մի պահ Ֆեդկայի մտքով անցավ կռիվ անել, բայց համարյա իսկույն հասկանալով, որ հակառակորդի առաջ, որը նաև հարձակվել էր այնքան անսպասելի, ինքը ծղոտի պես մի բան է, խաղաղվեց ու սսկվեց՝ ամենևին չդիմադրելով անգամ։ Ծնկի եկած, գետնին գամված, բազուկները մեջքին ոլորված խորամանկ շրջմոլիկը հանգիստ սպասում էր հանգուցալուծմանը, թվում է, ամենևին չհավատալով վտանգին։
 
Նա չէր սխալվում։ նիկոլայ Վսեվոլոդովիչն արդեն ձախ ձեռքով վզից պիտի հաներ տաք վզնոցը, որ կապկպի իր գերու ձեռքերը, բայց մեկեն, չգիտես ինչու, թողեց նրան ու դեն հրեց։ Սա ակնթարթորեն ոտքի ցատկեց, և կարճ ու լայնշեղբ, կոշկակարի դանակը՝ վայրկենապես հայտնված ինչ-որ տեղից, փայլփլեց նրա ձեռքում։
 
― Դանակ չլինի, պահի՛ր, պահի՛ր հենց հիմա,― անհամբեր շարժումով ''հրամայեց'' Նիկոլայ Վսեվոլոդովիչը, և դանակը չքացավ ակնթարթորեն, ինչպեսև հայտնվել էր։
 
Նիկոլայ Վսեվոլոդովիչը նորից լուռ ու առանց շրջվելու գնաց իր ճանապարհով, սակայն համառ սրիկան, այնուամենայնիվ, ձեռ չէր քաշում, ճիշտ է, հիմա արդեն չէր բլբլացնում և նույնիսկ պատկառելի տարածություն էր պահպանում՝ մեկ քայլ ետ ընկած նրանից։ Երկուսն էլ այդպես անցան կամուրջը և ելան գետափ, այս անգամ թեքվեցին ձախ, նույնպես երկարուկ ու խուլ մի նբանցք, բայց որով կարճանում էր քաղաքի կենտրոն տանող ճանապարհը, քան Բոգոյավլենսկայա փողոցով։
 
― Ճի՞շտ է, ասում են, օրերս այս կողմերում եկեղեցի ես թալանել,― հանկարծակի հարցրեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
 
― Ճիշտը որ ասեմ, սկզբից մտա աղոթելու,― ծանրումեծ և պատկառանքով, ասես ոչինչ էլ չէր կատարվել, պատասխանեց շրջմոլիկը։ Նույնիսկ ոչ այնքան ծանրումեծ, այլ համարյա թե արժանապատվությամբ։ Քիչ առաջվա «ընկերական» ընտանեվարության հետքն իսկ չէր մնացել։ Ի հայտ էր եկել գործնական ու լուրջ մարդ, ճիշտ է, զուր տեղը նեղացված, սակայն վիրավորանքը մոռանալ կարողացող։
 
― Ոնց որ Աստված ինձ տարավ էնտեղ,― շարունակեց նա,― էհ, երկնքից բախտ իջավ, մտածեցի։ Իմ անտերությունից եղավ էդ գործը, քանի որ մեր բախտի մեջ չի լինի, որ իսկի օգնություններ չլինեն։ Ու ասեմ, պարոն, հավատացեք Աստծուն, իմ վնասին եմ ասում, Աստված պատժեց մեղքերիս համար. Սուրբ գրքի, ու խնկամանի, ու տիրացուի թամբագոտու համար ընդամենը տասներկու ռուբլի ձեռք գցեցի։ Սուրբ Նիկոլայի ծնոտատակը՝ մաքուր արծաթից, ձրի գնաց՝ ասին՝ պղնձից է։
 
― Պահակին մորթեցի՞ր։
 
― Ասեմ, որ էդ պահակի հետ միասին կտրեցինք, հետո արդեն, լուսադեմին, գետի ափին, վեճի բռնվեցինք, թե ով պիտի տանի տոպրակը։ Մեղք արի հոգուս, կյանքը մի քիչ թեթևացրի։
 
― Էլի մորթիր, էլի կողոպտիր։
 
― Նույն բանը Պյոտր Ստեպանովիչն էլ է խորհուրդ տալիս, ճիշտ ոնց որ խոսքներդ մեկ արած լինեք, որովհետև նրանք շատ ու շատ ժլատ և անսիրտ են՝ մարդուն ձեռ բռնելու հաշվով։ Դրանից էլ բացի, երկնքի արարչին, որը մեզ ստեղծել է, մի գռոշի չափ էլ չեն հավատում, ու ասում են, թե ամեն բան մենակ բնությունն է ստեղծել, մինչև անգամ վերջին գազանը, հետո էլ չեն հասկանում, որ մեր բախտով, առանց բարի ձեռ բռնելու, իսկի չի կարելի։ Որ սկսես նրան բացատրել, կնայի ոչխարի պես, կզարմանաս, կմնաս։ Հրեն, կհավատաք, կապիտան Լեբյադկինի տանը, որի մոտ նոր բարեհաճել էիք գնալ, երբ մինչև ձեզ նրանք դեռ Ֆիլիպովի տանն էին ապրում, դուռն ամբողջ գիշեր լրիվ բաց էր մնում, ինքը հարբած-մեռելի պես քնած, փողերը գրպաններից լրիվ թափված գետնին։ Սեփական աչքովս եմ տեսել, քանի որ մեզպեսներին, որ առանց ձեռ բռնելու լինի, իսկի չի կարելի...
 
― Ինչպե՞ս թե՝ սեփական աչքովս։ Ի՞նչ է, գիշերո՞վ էիք մտնում։
 
― Կարող է պատահի, մտել էլ եմ, մենակ թե դա ոչ մեկը չի իմանում։
 
― Իսկ ինչո՞ւ չսպանեցիր։
 
― Գցեցի-բռնեցի, ինքս ինձ կանգնեցրի։ Քանի որ, մի անգամ, հաստատ իմանալով, որ մի հարյուր-հարյուրհիսուն ռուբլի միշտ կարող եմ քաշել, էլ չգնացի դրան, երբ լրիվ մեկուկես հազար կարող էի քաշել, թե որ սպասեի մի քիչ։ Քանի որ կապիտան Լեբյադկինը (իմ ականջով եմ լսել) միշտ էլ շատ է հույսը դրել ձեզ վրա՝ հարբած-խմած, ու էստեղ էն տեսակ տրակտիր չկա, մինչև վերջինը, որտեղ նրանք բարձր-բարձր ասած չլինեն հենց էդպես։ Ուրեմն, էդ մասին լսելով շատերից, ես էլ սկսեցի ամբողջ հույսս ձերդ պայծառափայլության վրա դնել։ Պարոն, ես ձեզ կասեմ, որպես հոր կամ հարազատ եղբոր, քանի որ Պյոտր Ստեպանովիչն ինձնից ոչ մի ժամանակ չի իմանա ու ոչ մի հոգի էլ չի իմանա։ Էնպես որ, պարոն, մի երեք ռուբլու չափով, ձերդ պայծառափայլություն, շնորհ արեք, թե՞՝ չէ։ Դրանով ինձ կազատեիք, պարոն, որ իմանամ լրիվ, իսկական ճշմարտությունը, քանի որ մենք, որ առանց ձեռ բռնելու լինենք, իսկի չի կարելի։
 
Նիկոլայ Նիկոլաևիչը բարձրաձայն քրքջաց և, գրպանից հանելով դրամապանակը, որի մեջ հիսուն ռուբլու չափ մանր թղթադրամներ կային, կապուկից մի թուղթ շպրտեց նրան, հետո մյուսը, երրորդը, չորրորդը։ Ֆեդկան բռնում էր օդում, դեսուդեն նետվում, թղթադրամներն ընկնում էին ցեխի մեջ, Ֆեդկան որսում էր ու ձայներ հանում, «Է՜խ, է՜խ»։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը վերջապես նրա վրա շպրտեց ամբողջ կապուկը, և շարունակելով քրքջալ, շարժվեց նրբանցքով, այս անգամ արդեն մենակ։ Շրջմոլիկը մնաց փնտրելու՝ ծնկաչոք ման գալով ցեխերի մեջ ընկած թղթադրամները, և մի ամբողջ ժամ մթության մեջ կարելի էր լսել նրա ընդհատ-ընդհատ բացականչությունները. «է՜խ, է՜խ»։
== Գլուխ երրորդ. Մենամարտ ==
Վստահելի
1318
edits