Այդ միջոցին բրիգադի շտաբում տեղի էին ունեցել էական փոփոխություններ։
Շտաբի պետ էր նշանակվել գնդապետ Հերբիխը։ Նա ռազմական մեծ ընդունակություններ ուներ, որոնք արտահայտվում էին պոդագրայի նոպան բռնելիս։ Սակայն մինիստրությունում նա շատ ազդեցիկ մարդիկ ուներ, որոնց շնորհիվ թոշակի չէր գնում, այլ քարշ էր գալիս զանազան խոշոր զինվորական միավորումների շտաբներում, ստանում բարձր ռոճիկներ՝ պատերազմական ժամանակի ամենաբազմատեսակ հավելումներով, և պաշտոնում մնում էր այնքան Ժամանակժամանակ, մինչև որ պոդագրայի հերթական նոպայի պահին որևէ հիմարություն էր անում։ Դրանից հետո նրան փոխադրում էին մի այլ տեղ, սովորաբար պաշտոնի բարձրացումով։ Ճաշի ժամանակ նա սպաների հետ խոսում էր բացառապես իր ոտքի այտուցավորված բութ մատի մասին, որն երբեմն այնպես էր ուռչում, որ գնդապետը ստիպված էր լինում հատուկ չափսի սապոգ հագնել։
Ուտելու ժամանակ նրա ամենահաճելի զվարճությունն էր՝ բոլորին պատմել, թե այդ մատը անդադար քրտնում է, թե շարունակ հարկ է լինում բամբակով փաթաթել և թե մատի քրտինքից թթված մսասուպի հոտ է գալիս։
Հասկանալի է, թե ինչու ամթողջ ամբողջ սպայական կազմը անկեղծ ուրախությամբ էր Հերբիխին հրաժեշտ տալիս, երբ նրան որևէ այլ աեղ էին փոխադրում։ Բայց ընդհանուր առմամբ նա սիրալիր պարոն էր։ Կրտսեր սպաների հետ վարվում էր մտերմաբար և նրանց պատմում, թե մի ժամանակ ինչքա՛ն էր խմում և ինչպիսի համեղ բաներ ուտում, քանի դեռ այդ ցավն իրեն չէր բռնել։
Երբ Շվեյկին հասցրին բրիգադ և հերթապահ սպայի հրամանով նրան համապատասխան գրություններով հանդերձ բերին գնդապետ Հերբիխի մոտ, վերջինիս սենյակում նստած էր պոդպորուչիկ Դուբը։
Սանոկ-Սամբոր ռազմերթից մի քանի օր անց պոդպորուչիկ Դուբին մի նոր փորձանք էր պատահել։
Ֆելդշտայնը անցնելուց հետո տասնմեկերորդ երթային վաշտը պատահել էր ձիերի մի գումակի, որին քշում էին դեպի Սուդովա-Վիշնյայիում գտնվող դրագունական գունդը։ Պոդպորուչիկ Դուբը ինքն էլ չէր իմանում, թե ինչպես հանկարծ խելքին փչեց պորուչիկ Լակաշին Լուկաշին ցույց տալ իր ձիավարական վարպետությունը և թե ինչպես ցատկեց ձիու վրա և նրա հետ միասին անհետացավ մի գետահովտում, որտեղ հետո պոդպորուչիկ Դուբին գտան մի փոքրիկ ճահճի մեջ այնպես պինդ խրված, որ ամենահմուտ այգեպանն էլ չէր կարող նրան այդպես տնկել։ Երբ օղապարանով նրան այնտեղից դուրս քաշեցին, պոդպորուչիկ Դուբը ոչ մի բանից չէր գանգատվում, միայն մահամերձի պես տնքում էր։ Այդ վիճակում նրան տարել էին բրիգադի շտաբ, որի մոտով անցնում էին, և պառկեցրել մի փոքրիկ լազարեթում։ Մի քանի օր հետո ուշքը տեղն էր եկել, և բժիշկը ասել էր, թե մի երկու-երեք անգամ մեջքին ու փորին յոդ կքսեն, որից հետո նա համարձակ կարող է գնալ ու հասնել իր վաշտին։
Հիմա պոդպորուչիկ Դուբը նստած էր գնդապետ Հերբիխի մոտ և նրա հետ զրուցում էր զանազան հիվանդությունների մասին։
Հարկ է ավելացնել նաև, որ պոդագրայով տառապող գնդապետի գրասենյակում հույժ դեմոկրատական կարգեր կային, թեկուզ և միայն պոդագրայի նոպաների միջև ընկած պահերին։ Այստեղ լինում էին բոլոր բարձրաստիճան զինվորականները, որպեսզի լսեին գնդապետի դատողությունները թթված մսասուպի հոտ արձակող ուռած մատի մասին։
Երբ գնդապետ Հերբիխը նոպա չէր ունենում, նրա գրասենյակր գրասենյակը լեփ-լեցուն էր լինում ամենատարբեր աստիճաններ ունեցող զինվորականներով, քանզի այդ հազվադեպ րոպեներին նա շատ ուրախ և զրուցասեր մարդ էր դառնում, սիրում էր շուրջն ունկնդիրներ հավաքել և նրանց անպարկեշտ անեկդոտներ պատմել, մի բան, որ նրա վրա շատ լավ ներգործություն էր ունենում, իսկ մնացածներին բավականություն ընձեռում բռնազբոսիկ կերպով ծիծաղելու դեռևս գեներալ Լաուդոնի ժամանակվա հին անեկդոտների վրա։
Այդ օրերին Հերբիխի մոտ ծառայելը շատ հեշտ էր։ Յուրաքանչյուրն անում էր, ինչ խելքին կփչեր, և կարելի է վստահորեն ասել, որ ամեն տեղ, ուր շտաբը գլխավորում էր գնդապետ Հերբիխը, մարդիկ ամբողջ ուժով գողանում և ամեն տեսակ հիմարություններ էին անում։