Changes
/* 16 */
Իսկ հետո շատ հիմար բան ստացվեց։ Մոտեցա թանգարանին ու անմիջապես զգացի, որ ոչ մի տեսակ փողով ես այնտեղ չեմ կարող գնալ։ Չէր քաշում ինձ, և վերջ, մինչդեռ կտրել անցել էի ամբողջ զբոսայգին ու այնպե՜ս սպասել դրան։ Իհարկե, եթե Ֆիբին այնտեղ լիներ, կմտնեի, բայց նա այնտեղ չէր։ Եվ ես տաքսի վերցրի թանգարանի մուտքի մոտից ու գնացի «Բիլթմոր» հյուրանոցը։ Տրամադիր չէի գնալու, բայց արդեն պայմանավորվել էի Սալլիի հետ։
==17==
Ես շատ շուտ հասա հյուրանոց, նստեցի կաշվե բազմոցին, ժամացույցի տակ, ու սկսեցի նայել աղջիկներին։ Շատ պանսիոններում ու քոլեջներում արդեն սկսվել էր արձակուրդը, և հոլլում հարյուրավոր աղջիկներ էին հավաքվել, սպասում էին իրենց կավալերներին։ Ոմանք նստել էին ոտքը ոտքին գցած, ոմանք՝ ուղիղ, ոմանք հրաշալի ոտքեր ունեին, ոմանք՝ այլանդակ, ոմանք հաճելի տեսք ունեին, ոմանց վրայից էլ անմիջապես երևում էր, որ տականք են, բավական է միայն մոտենաս։ Ընդհանրապես հաճելի էր նայել նրանց, դուք ինձ հասկանո՞ւմ եք։ Հաճելի էր ու նաև տխուր, որովհետև ամբողջ ժամանակ մտածում ես․ իսկ ի՞նչ է լինելու սրանց բոլորի վերջը։ Ասենք ավարտեցին իրենց քոլեջները, պանսիոնները։ Ես կարծում էի, որ դրանց մեծ մասը կամուսնանա ինչ֊որ գարշելի տիպերի հետ։ Այնպիսի տիպերի, որոնք հենց միայն գլուխ գովել գիտեն, թե ժամում քանի մղոն կարող են կտրել իրենց մեքենայով, այդ ընթացքում ծախսելով ընդամենը մեկ գալոն վառելանյութ։ Այնպիսի տիպերի հետ, որոնք երեխայի պես խռովում են, երբ նրանց տանում ես ոչ միայն գոլֆում, այլև պինգ֊պոնգի նման հիմար խաղում։ Շատ ստոր տիպերի հետ։ Այնպիսի տիպերի հետ, որոնք կյանքում մի գիրք էլ չեն կարդացել։ Սոսկալի ձանձրալի տիպերի հետ։ Ասենք, դա հարաբերական հասկացողություն է, թե ում կարելի ձանձրալի համարել, ում՝ ոչ։ Ես դրանից բան չեմ հասկանում։ Իսկապես, չեմ հասկանում։ Երբ սովորում էի Էլքտոն֊հիլլում, երկու ամիս ապրեցի մի տղայի հետ, որին անվանում էին Հարրիս Մաքլին։ Նա շատ խելացի տղա էր, բայց նրանից ավելի ձանձրալի մարդ աշխարհը դեռ չի տեսել։ Նա սոսկալի ճռճռան ձայն ուներ ու ամբողջ ժամանակ խոսում էր։ Եվ ամենասոսկալին այն էր, որ երբեք որևէ հետաքրքիր բանի մասին չէր խոսում։ Բայց մի բան շատ լավ էր կարողանում։ Այդ սատանան չտեսնված սուլում էր։ Անկողինն էր կարգի բերում, թե իրերը պահում պահարանում (նա իրերը միշը կախում էր պահարանում ու ինձ կատաղեցնում), մի խոսքով, որևէ բան էր անում ու հետն էլ սուլում, եթե իհարկե, գլուխդ չէր տանում իր ճռճռան ձայնով։ Նա նույնիսկ դասական երաժշտություն էր կարողանում սուլել, բայց ամենից լավ ջազ էր սուլում։ Մի որևէ չափից դուրս աշխույժ ջազ էր սուլում, ասենք՝ «Բլյուզ տանիքի վրա», ու իր լաթերը կախ տալիս կախարանից, այնպես հրաշալի էր սուլում, որ ուղղակի քեֆդ գալիս էր։ Իհարկե, ես երբեք նրան չէի ասում, թե լավ է սուլում։ Հո մարդու երեսին չես ասի՝ «Դու հրաշալի ես սուլում»։ Չնայած ուղղակի զահլաս գնում էր, բայց դե էլի ամբողջ երկու ամիս ապրեցի նրա հետ և դա այն պատճառով, որ կյանքումս նման սուլողի չեմ հանդիպել։ Այնպես որ դեռ հարց է, թե ո՞վ է ձանձրալի, ով՝ չէ։ Գուցե չարժի ափսոսալ, երբ մի լավ աղջիկ ամուսնանում է որևէ ձանձրալի տիպի հետ, ընդհանրապես դրանք բավական անմեղ բաներ են, իսկ գուցեև նրանք առանձին եղած ժամանակ կարողանում են հրաշալի սուլել կամ մի որևէ այլ բան։ Ո՛վ գիտե, դա իմ խելքի բանը չէ։
Վերջապես աստիճանների վրա հայտնվեց իմ Սալլին, ու ես ընդառաջ գնացի նրան։ Որքա՜ն գեղեցիկ էր նա։ Ազնիվ խոսք։ Սև վերարկուով և ինչ֊որ սև բերետով։ Սովորաբար նա գլխաբաց էր ման գալիս, բայց բերետը շատ էր սազում նրան։ Ծիծաղելի է, հենց որ նրան տեսա, ցանկացա հետը ամուսնանալ։ Չէ, այնուամենայնիվ, ես աննորմալ եմ։ Նա նույնիսկ շատ չէր դուր գալիս ինձ, իսկ այդ պահին, զգացի որ սիրահարված եմ և պատրաստ եմ նրա հետ ամուսնանալ։ Աստված վկա, ես աննորմալ եմ, ինքս եմ խոստովանում։
― Հոլդե՜ն, ― ասում է, ― որքա՜ն ուրախ եմ։ Հարյուր տարի կլինի չենք հանդիպել։ ― Սոսկալի բարձր է խոսում, նույնիսկ անհարմար է լինում, երբ նրա հետ որևէ տեղ հանդիպում ես։ Նրա համար դա ոչ մի նշանակություն չուներ, որովհետև այնքա՜ն գեղեցիկ էր, բայց շփոթմունքից իմ աղիքները ոլորվեցին։
― Ուրախ եմ քեզ տեսնելու համար, ― ասացի ես ու չէի ստում, աստված վկա։ ― Հը, ինչպե՞ս ես։
― Հրաշալի, չտեսնված։ Հո չե՞մ ուշացել։
Չէ, ասում եմ, բայց, իսկապես, նա մի տասը րոպե ուշացել էր։ Բայց ինձ համար դա նշանակություն չուներ։ Բոլոր այդ դատարկ֊մատարկ բաները, «Սեթերդեյ Իվնինգ պոստի» բոլոր ծաղրանկարները, որ պատկերում են, թե տղան ինչպես է խեղճ֊խեղճ կանգնել անկյունում, որովհետև աղջիկն ուշացել է տեսակցությունից, հնարովի բաներ են։ Եթե տեսակցության է գալիս գեղեցիկ աղջիկը, ապա ո՞ւմ տրամադրությունը կընկնի, թե նա ուշացել է։ Ոչ ոքի։
― Հարկավոր է գնալ, ― ասում է, ― ներկայացումն սկսվում է երկուսն անց քառասուն։
Մենք աստիճաններով իջանք տաքսիների կայան։
― Ի՞նչ ենք նայելու, ― հարցրեց նա։
― Չգիտեմ։ Լանտերին։ Էլ ուրիշ տոմսեր չկարողացա ճարել։
― Ախ, Լանտերի՜ն։ Սքանչելի՜ է։
Ասացի, չէ՞, որ նա գժվում է, երբ լսում է Լանտերի անունը։
Մենք մի քիչ պաչպչվեցինք տաքսու մեջ։ Սկզբում նա չէր ուզում, որովհետև վախենում էր շրթներկը լղոզվի, բայց ես ինձ պահում էի իսկական գայթակղողի նման, ու նա ստիպված եղավ տեղի տալ։ Երկու անգամ, երբ մեքենան արգելակեց լուսաֆորի առաջ, քիչ մնաց ես ընկնեի։ Անիծյալ վարորդներ, երբեք չեն նայում, թե ինչ են անում։ Երդվում եմ, վարել չգիտեն։ Բայց ուզո՞ւմ եք իմանալ, թե որ աստիճան խենթ եմ ես։ Հենց որ ամուր փաթաթվեցինք, ես նրան ասացի, որ սիրում եմ և նման բաներ։ Իհարկե, դա փչոց էր, բայց աղն էլ հենց այն է, որ այդ պահին ես էլ համոզված էի դրանում։ Չէ, ես աննորմալ եմ։ Աստված վկա, գիժ եմ։
― Ա՛խ․ սիրելիս, ես էլ քեզ եմ սիրում, ― ասում է Սալլին ու անմիջապես էլ ավելացնում։ ― Միայն թե խոստացիր, որ մազերդ կերկարացնես, հիմա ոզնաձև սանրվածքը մոդայից դուրս է եկել, իսկ քո մազիկները սքանչելի են։
«Մազիկնե՜ր» ― պայթել կարելի է։
Ներկայացումն այն անպետքներից չէր, որոնք ես առաջներում տեսել էի։ Բայց դե սա էլ մի բան չէր։ ԻՆչ֊որ ծեր ամուսինների մասին էր, որոնք հինգ հարյուր հազար տարի միասին էին ապրել։ Սկսում է այնտեղից, որ նրանք դեռևս ջահել են, և աղջկա ծնողները թույլ չեն տալիս նրան ամուսնանալ այդ տիպի հետ․ բայց աղջիկը, այնուամենայնիվ, ամուսնանում է։ Իսկ հետո նրանք ծերանում են, ծերանում։ Ամուսինը պատերազմ է գնում, իսկ կնոջ եղբայրը հարբեցող է։ Մի խոսքով հետաքրքիր չէ։ Ուզում եմ ասել, որ ինձ համար միևնույն էր՝ նրանց ընտանիքում մեռնո՞ւմ էր որևէ մեկը, թե ոչ։ Մեջը բան չկար՝ զուտ դերասանություն էր։ Ճիշտ է, մարդ ու կին հրաշալի ծերուկներ էին, սրամիտ և այլն, բայց նրանք էլ ինձ չէին հուզում։ Նախ ամբողջ ժամանակ որևէ մեկը ներս էր մտնում կամ դուրս էր գալիս։ Գլուխդ պտտվում է դրանից, որ անընդհատ ինչ֊որ մարդիկ են նստում կամ վեր կենում։ Ծեր ամուսինների դերերը կատարում էին Ալֆրեդ Լանտը և Լին Ֆոնտանին։ Նրանք շատ լավ էին խաղում, բայց ինձ դուր չէին գալիս։ Ես հասկանում էի, որ նրանք նման չեն մնացած դերասաններին։ Նրանք իրենց պահում էին ոչ դերասանների պես, ոչ էլ սովարական մարդկանց, ինձ համար դժվար է դա բացատրել։ Նրանք այնպես էին խաղում, ասես ամբողջ ժամանակ հասկանում էին, որ իրենք նշանավոր են։ Հականո՞ւմ եք, նրանք լավ էին խաղում, միայն թե չափից դուրս լավ։ Հասկանո՞ւմ եք՝ մեկը խոսքը դեռ չվերջացրած, մյուսն արդեն պատասխանում էր։ Ասես իրականում մարդիկ զրուցում էին միմյանց հետ, մեկը մյուսի խոսքը կտրում էր և այլն։ Հենց դա էլ փչացնում էր, որ շատ էր նման, թե մարդիկ ինչպես են կյանքում զրուցում և մեկը մյուսի խոսքը կտրում։ Նրանք իրենց դերը կատարում էին ճիշտ այնպես, ինչպես Էռնին էր նվագում Գրինչ֊Վիլեջում։ Երբ մի որևէ բան չափից դուրս լավ ես կատարում, ապա, եթե չհետևես քեզ, դառնում ես ցուցադրական։ Իսկ այդ դեպքում այլևս լավ չի կարող լինել։ Բայց, համենայն դեպս, այդ ներկայացման մեջ այդ Լանտերը միակն էին, որ նման էին մարդու, նրանց գլուխն աշխատում էր, դա պետք է խոստովանել։
Առաջին գործողությունից հետո մենք բոլոր մյուս պիժոնների հետ գնացինք ծխելու։ Ա՜յ թե տեսարան էր, հա։ Կյանքումս այդ աստիճան ցուցադրական սեթևեթանք չեմ տեսել։ Ծխում էին ու բարձրաձայն խոսում պիեսի մասին, որպեսզի բոլորը լսեն, թե որքան խելացի են իրենք։ Մի ինչ֊որ կեղծ կինոդերասան էլ մեզ մոտ կանգնած էր ծխում։ Ազգանունը չգիտեմ, բայց պատերազմական ֆիլմերում նա միշտ խաղում է այն տիպի դերը, որ վախենում է գրոհից առաջ։ Նրա հետ կանգնած էր մի ապշեցուցիչ շիկահեր, և երկուսն էլ անտարբեր տեսք էին ընդունել, ձևացնում էին, թե չեն նկատում, որ նայում են իրենց։ Համեստ են, գրողի տարածները։ Ծիծաղելի էր։ Իսկ իմ Սալլին գրեթե չէր խոսում, միայն հիանում էր Լանտերով, նա ժամանակ չուներ, աջ ու ձախ հայացքներ էր նետում, կոտրատվում։ Հանկարծ նա ծխարանի հակառակ ծայրում տեսավ մի ծանոթ պիժոնի, գորշագույն կոստյումով ու վանդականիշ բաճկոնով։ Բարձրաշխարհի՜կ առյուծ։ Ազնվակա՜ն։ Ծխել է թունդ ու կանգնել է ձանձրացողի տեսքով, ատելի՜։ Սալլին անընդհատ կրկնում է․
― Ինչ֊որ տեղ ծանոթացել եմ նրա հետ, ես նրան ճանաչում եմ։
Նա միշտ բոլորին ճանաչում է։ Այնքան ձանձրացրեց, անընդհատ նույն բանը կրկնելով, որ ես ասացի․
― Ճանաչում ես, գնա հետը համբուրվիր, նա երևի կուրախանա։
Սալլին սոսկալի վիրավորվեց ինձնից։ Վերջապես այդ պիժոնը ճանաչեց նրան, մոտեցավ մեզ ու բարևեց։ Մի տեսնեիք, թե ինչպես էին բարևում իրար։ Ասես քսան տարի չէին տեսել։ Կարելի էր մտածել, որ երեխա ժամանակ նրանց մի տաշտի մեջ էին լողացրել։ Այնպիսի ընկերներ են, որ սիրտդ խառնում է վրաները նայես։ Ամենածիծաղելին այն է, որ նրանք հավանաբար ընդամենը մեկ անգամ են հանդիպել, մի որևէ ապուշ երեկույթում։ Վերջապես, երբ նրանք դադարեցին հրճվանքի փուչիկներ արձակել, Սալլին ծանոթացրեց մեզ։ Նրա անունը Ջորջ էր, ազգանունը չեմ հիշում, սովորում էր Էնդովերում։ Այո՛, այո՛, ազնվական էր։ Մի տեսնեիք նրան, երբ Սալլին հարցրեց, թե պիեսը դուր եկա՞վ, արդյոք։ Նրա նմանները ամեն ինչ ցուցադրաբար են անում, նրանք նույնիսկ տեղ են բացում իրենց համար նախքան պատասխանելը։ Նա մի քայլ ետ գնաց ու տրորեց ետևում կանգնած մի տիկնոջ ոտք։ Երևի ճզմեց ամբողջ թաթը։ Նա ասաց, որ պիեսն ինքնին գլուխործոց չէ, բայց Լանտերը «ուղղակի հրեշտակնե՜ր են»։ Մեռնել կարելի է։
Հետո նա ու Սալլին սկսեցին հիշել հազար ու մի ծանոթների։ Կյանքումս նման սեթևեթանք չեմ տեսել։ Իրար ետևից որևէ քաղաքի անուն էին տալիս ու տեղնուտեղն էլ հիշում, թե ծանոթներից ով է ապրում այստեղ։ Արդեն սիրտս խառնում էր նրանցից, երբ ընդմիջումն ավարտվեց։ Իսկ հաջորդ ընդմիջմանը նրանք նորից սկսեցին նույն երգը։ Նորից սկսեցին ինչ֊որ մարդկանց հիշել։ Վատն այն էր, որ այդ պիժոնը այնպիսի կեղծ, ազնվանական ձայն ուներ, այնպիսի, գիտեք, հոգնա՜ծ, պճնամոլի ձայնիկ։ Ինչպես աղջկա ձայն։ Ու չամաչեց այդ սրիկան՝ աղջկան խլել իմ ձեռքից։ Մտածում էի, որ մեզ հետ տաքսի էլ կնստի, ներկայացումից հետո երկու թաղամաս մեզ հետ եկավ ոտքով, բայց կոկտեյլարանում պետք է հանդիպեր ուրիշ պիժոնների։ Պատկերացնում էի, թե նրանք ինչպես են նստած որևէ բարում, իրենց պիժոնային վանդակավոր բաճկոններով ու քննադատում են և՛ ներկայացումները, և՛ գրքերը, և՛ կանանց, իսկ ձայները այնքա՜ն հոգնած, պճնամոլային են։ Ուղղակի մեռնել կարելի է այդպիսի տիպերի երեսից։
Ինձ համար Սալլիին նայելն զազրելի էր, երբ տաքսի նստեցինք․ ինչո՞ւ էր տասը ժամ շարունակ ականջ կախել Էնդովարի այդ տականքին։ Որոշել էի Սալլիին տանել տուն, ազնիվ խոսք, բայց հանկարծ նա ասաց․
― Ես մի հանճարեղ բան եմ մտածել, ― նա միշտ հանճարեղ բան է մտածում։ ― Գիտես ինչ, ― ասում է։ ― Ե՞րբ ես գնալու տուն ճաշի։ Շա՞տ ես շտապում, թե չէ։ Որոշակի ժամի քեզ սպասո՞ւմ են տանը։
― Ի՞նձ։ Չէ, չէ, ոչ ոք չի սպասում, ― ասում եմ։ Եվ դա զուտ ճշմարտություն էր։ ― Իսկ ի՞նչ կա որ։
― Արի գնանք Ռադիո֊սիթի, չմուշկներով սահելու։
Ահա թե ինչպիսի հանճարեղ մտքեր ունի։
― Ռադիո֊սիթի՝ սահելո՞ւ։ ԻՆչպես, հենց հիմա՞։
― Թեկուզ մի ժամով, ոչ ավելի։ Չե՞ս ուզում։ Իհարկե, եթե տրամադիր չես․․․
― Մի՞թե ասացի չեմ ուզում, ― ասում եմ։ ― Խնդրեմ, եթե սիրտդ ուզում է։
― Դու իսկապե՞ս ուզում ես։ Եթե չես ուզում պետք չէ։ Ինձ համար միևնույն է։
Չի երևո՜ւմ, թե միևնույն է։
― Այնտեղ ապառիկով այնպիսի սքանչելի կարճ շրջազգեստներ են տալիս, ― ասում է Սալլին։ ― Ջեննետ Կալցը անցյալ շաբաթ վերցրել էր։
Ահա թե ինչու էր ուզում անպայման այնտեղ ընկնել։ Ուզում էր ցուցադրել իրեն այդ շրջազգեստով, որը հազիվ֊հազ է ետևը ծածկում։
Մի խոսքով, մենք գնացինք այնտեղ, և մեզ սկզբում չմուշկներ տվին, իսկ հետո Սալլին հագավ այդպիսի մի կապույտ շրջազգեստ, որը հենց միայն ետևը պարացնելու համար է։ Բայց դե իրեն շատ֊շատ էր սազում, պետք է խոստովանել։ Եվ մի՛ կարծեք, թե նա այդ բանը չէր հասկանում։ Դիտմամբ իմ առջևից էր գնում, որպեսզի ես տեսնեմ, թե ինչպիսի սիրունիկ, կլորիկ ետև ունի։ Պետք է խոստովանել, իսկապես վատը չէր։
Բայց ամենածիծղելին այն էր, որ այդ անիծյալ սահադաշտում մենք ամենավատ սահողներն էինք։ Այո՛, այո՛, ամենավատ։ Տեր աստվա՜ծ, ի՜նչ էր կատարվում։ Սալլիի կոճերն այնպես էին ոլորվում, որ ուղղակի քսվում էին սառույցին։ Ու ոչ միայն հիմար տպավորություն էր թողնում, հավանաբար նաև ուժեղ ցավ էր զգում։ Համենայն դեպս, իմ բոլոր տեղերը ցավում էին։ Քիչ էր մնում մեռնեի։ Մի տեսնեի՜ք մեզ։ Ու ամենազզվելին այն էր, որ մի երկու հարյուր բերանբացներ էլ կանգնած նայում էին, էլ ուրիշ բան ու գործ չունեին, միայն նայեն, թե մարդիկ ինչպես են ցած ընկնում։
― Գուցե կցանկանայիր գնանք բա՞ր, սեղան վերցնենք, մի որևէ բան խմենք, ― ասացի ես վերջապես։
― Ա՛յ դա հանճարեղ միտք է, ― ասում է։ Նա ուղղակի հալից ընկել էր։ Անմարդկային բան է այդպես տանջանքների ենթարկվել, ես նույնիսկ խղճացի նրան։
Մենք հանեցինք այդ ստոր չմուշկներն ու գնացինք բար, որտեղ կարելի է խմել, նստել միայն գուլպաներով ու հեռվից նայել սահողներին։ Սեղանի մոտ Սալլին հանեց ձեռնոցները, և ես նրան սիգարետ տվի։ Նա բավական ողորմելի տեսք ուներ։ Մատուցողը մոտեցավ, ես նրա համար կոկա֊կոլա և ինձ համար սոդայով վիսկի պատվիրեցի, միայն թե այդ սրիկան հրաժարվեց ինձ վիսկի տալուց, և ես էլ ստիպված կոկա֊կոլա խմեցի։ Հետո սկսեցի լուցկի վառել։ Ես հաճախ եմ անում այդպես, երբ տրամադրությունս ընկնում է։ Լուցկին բռնում էի այնքան, մինչև լրիվ այրվում էր, այնպես որ այլևս հնարավոր չէր լինում բռնել, և գցում էի մոխրամանը։ Նյարդային սովորություն է։
Հանկարծ առանց այլևայլության Սալլին ասում է․
― Լսիր, ես ուզում եմ հաստատ իմանալ՝ ճրագալույցին գալո՞ւ ես մեզ մոտ տոնածառը զարդարելու, թե չէ։ Նախապես պետք է իմանամ։
Երևում է կատաղել էր, որ ոտքերը ցավում էին չմուշկներից։
― Ես գրել եմ, չէ՞, որ կգամ։ Դու հարյուր անգամ արդեն հարցրել ես։ Իհարկե գալու եմ։
― Հասկանո՞ւմ ես, ես պետք է հաստատ իմանամ, ― ասում է նա ու աչք ածում շուրջը, տեսնի ծանոթներ չկա՞ն։ Հանկարծ ես դադարեցի լուցկիներ վառելուց, սեղանի վրայով կռացա դեպի նա։ Շատ բան ունեի նրան ասելու։
― Լսիր, Սալլի, ― ասում եմ։
― Ի՞նչ է, ― հարցնում է։ Ու նայում դահլիճի ծայրին գտնվող ինչ֊որ աղջկա։
― Քեզ պատահո՞ւմ է, որ ամն ինչի հանդեպ նողկանք զգաս, ― հարցնում եմ։ ― Հասկանում ես, քեզ պատահո՞ւմ է այնպես, որ կարծես ամեն ինչ գրողի ծոցը կգնա, եթե որևէ բան չնախաձեռնես, պատահո՞ւմ է, որ վախենաս։ Ասա, դու սիրո՞ւմ ես դպրոցը, ընդհանարապես ամեն ինչ։
― Չէ, իհարկե, այնտեղ սոսկալի ձանձրալի է։
― Բայց դու ատո՞ւմ ես այդ ամենը, թե ոչ։
― Ինչպե՞ս ասեմ։ Չէ թե ատում եմ։ Միշտ էլ մի տեսակ ստիպված ես լինում․․․
― Իսկ ես ատում եմ։ Տեր աստված, որքա՜ն եմ ատում այդ ամենը։ Եվ ոչ միայն դպրոցը։ Ամեն ինչ ատում եմ։ Ատում եմ Նյու֊Յորքում ապրելը։ Ատում եմ տաքսիները, ավտոբուսները, որտեղ տոմսավաճառները գոռում են քեզ վրա, թե ետևի դռնից դուրս արի, ատում եմ ծանոթություն հաստատել կոտրատվողների հետ, որոնք Լանտերին «հրեշտակներ» են համարում, ատում եմ վերելակով բարձրանալը, երբ ուզում ես ուղղակի դուրս գալ փողոց, ատում եմ անվերջ կոստյումներ չափափորձելը Բրուքսի մոտ, երբ քեզ․․․
― Մի՛ գոռա, խմդրում եմ, ― ընդհատեց Սալլին։
Հիմարություն, մտքովս անգամ չէր անցնում գոռալ։
― Օրինակ՝ մեքենաները, ― ասացի ես շատ կամացուկ։ ― Տես, թե մարդիկ ինչպե՜ս են խելքները թռցնում մեքենաների համար։ Նրանց համար ողբերգություն է, եթե մեքենայի վրա թեկուզ մի փոքրիկ քերծվածք է առաջանում, ու նրանց ցրույցի մշտական թեման այն է, թե մի գալոն բենզինով քանի մղոն կարող են կտրել, իսկ երբ նոր մեքենա են գնում, անմիջապես սկսում են գլուխ ջարդել, թե ինչպես այն փոխարինեն նորագույն մակնիշի մեքենայով։ Իսկ ես նույնիսկ հին մակնիշի մեքենաները չեմ սիրում։ Ավելի լավ է ես ինձ համար ձի ճարեմ։ Ձիերի մեջ գոնե մարդկային ինչ֊որ բան կա։ Ձիու հետ գոնե կարելի է խոսել․․․
― Չեմ հասկանում, ինչ ես ուզում ասել․․․ դու այնպես վայրիվերո ես խոսում։
― Գիտե՞ս քեզ ինչ կասեմ, ― ասացի ես։ ― Եթե դու չլինեիր, հիմա ես չէի նստի Նյու֊Յորքում։ Եթե դու չլինեիր, ես հիմա, թերևս, գրողի ծոցը գնայի։ Գլուխս առնեի, անտառները կորչեի, կամ ավելի հեռու։ Դու միակ մարդն ես, որի պատճառով մնում եմ այստեղ։
― Ի՜նչ լավն ես, ― ասում է։ Բայց անմիջապես էլ երևում է, որ ուզում է խոսակցության նյութը փոխել։
― Դու մի արական դպրոցում սովորելիս լինեիր, փորձի համար, ― ասում եմ։ ―Ծայրից ծայր կեղծիք է։ Եվ սովորում են, որպեսզի դառնան մի որևէ խաբեբա, փող վաստակեն ինչ֊որ երիցս անիծյալ «կադիլակ» գնելու համար և մշտապես ձևացնեն, թե իրենց համար շատ կարևոր է, թե որ ֆուտբոլային թիմը կտանի։ Եվ ամբողջ օրը խոսակցության նյութը խմելն է, աղջիկները և թե ինչ բան է սեքսը։ Եվ ամեն մեկն իր շրջապատն ունի՝ մի գարշելի փոքրիկ շայկա։ Բասկետբոլիստներն իրենց շայկան ունեն, կաթոլիկներն՝ իրենց, այդ երիցս անիծված ինտելեկտուալները՝ իրենցը, բրիջ խաղացողներն՝ իրենցը։ Նույնիսկ այդ հիմար Գրքի ակումբի աբոնենտներն՝ իրենցը։ Փորձիր որևէ մեկի հետ օրինավոր խոսակցություն սկսել։
― Չէ, ճիշտ չէ, ― ասաց Սալլին։ ― Տղաներից շատերին դպրոցը շատ բան է տալիս։
― Համաձայն եմ, համաձայն եմ, որ շատերին դպրոցը շատ բան է տալիս։ Իսկ ինձ՝ ոչինչ։ Հասկանալի՞ է։ Ես հենց դրա մասին եմ խոսում։ Հատկապես դրա՛ մասին, գրողը տանի։ Ինձ առհասարակ ո՛չ մի բան չի տալիս։ Ես վատ վիճակում եմ։ Սոսկալի վիճակում եմ։
― Ճիշտ է, դու սարսափելի վիճակում ես։
Ու հանկարծ իմ գլխում մի միտք ծագեց։
― Լսիր, ― ասում եմ։ ― Ահա թե ինչ մտածեցի։ Կուզե՞ս այստեղից փախչենք մի որևէ տեզ։ Այ թե ինչ եմ մտածել։ Ես մի ծանոթ ունեմ Գրինչ֊վիլեջում, կարող եմ նրա մեքենան վերցնել մի երկու շաբաթով։ Նա մեր դպրոցում է սովորել ու մինչև հիմա էլ տասը դոլար ինձ պարտք է։ Տես, թե ինչ կարող ենք անել։ Վաղն առավոտյան կարող ենք գնալ Մասաչուսետս, Վերմոնտ, ման կգանք այնտեղ։ Շա՜տ գեղեցիկ տեղեր կան այնտեղ, գիտե՞ս, գրողը տանի։ Զարմանալի գեղեցիկ տեղեր։ ― Որքան շատ էի խոսում, այնքան ավելի էի հուզվում։ Ես նույնիսկ կռացա ու բռնեցի Սալլիի ձեռքը, անիծյալ ապուշի մեկն եմ։ ― Չէ, առանց կատակի, ― ասում եմ։ ― Ես մոտ հարյուր ոթսուն դոլար ունեմ գրքույկիս մեջ։ Վաղն առավոտյան հենց որ բանկը բացեն, կհանեմ, իսկ հետո կարող ենք գնալ ու վերցնել այդ տղայի մեքենան։ Առանց կատակի։ Կապրենք տուրիստական ճամբարներում ու նման տեղերում, մինչև որ փողը վերջանա։ Իսկ երբ վերջանա, ես աշխատանք կճարեմ, կապրենք մի որևէ առվակի ափին, իսկ հետո երբևէ մենք կամուսնանանք, ինչպես հարկն է։ Ես ինքս մեզ համար ձմեռը փայտ կկտրատեմ։ Ազնիվ խոսք, այնպես լավ կլինի, այնպես ուրախ։ Հը, ինչպե՞ս է։ Կգա՞ս։ Կգա՞ս ինձ հետ։ Կգաս, հա՞։
― Ախր ինչպես կարելի է, ― ասում է Սալլին։ Նրա ձայնի մեջ զայրույթ կար։
― Իսկ ինչո՞ւ չի կարելի։ Ինչո՞ւ, գրողը տանի։
― Մի՛ գոռա ինձ վրա, խնդրում եմ, ― ասում է։ Ախր սուտ է ասում, ես նրա վրա իսկի չեմ գոռում։
― Ինչո՞ւ չի կարելի։ Հը, ինչո՞ւ։
― Որովհետև չի կարելի, և վերջ։ Նախ՝ իրականում մենք դեռ երեխաներ ենք։ Մտածո՞ւմ ես, ինչ կանենք, եթե հանկարծ փողը վերջանա, դու էլ աշխատանք չճարես։ Քաղցից կմեռնենք։ Եվ ընդհանրապես այդ ամենը այնպիսի երևակայություն է, որ խոսել չարժի․․․
― Ճիշտ չէ։ Սա երևակայություն չէ։ Ես աշխատանք կճարեմ։ Մի՛ անհանգստանա։ Դու դրա համար անհանգստանալու կարիք չունես։ Ի՞նչ է։ Չե՞ս ուզում ինձ հետ գալ, այդպես էլ ասա։
― Բանը դա չէ։ Բոլորովին էլ դա չէ, ― ասում է Սալլին։ Զգացի, որ սկսում եմ նրան ատել։ ― Մենք դեռ շատ ժամանակ ունենք ապագայում, այն ժամանակ ամեն ինչ կարելի է։ Հասկանո՞ւմ ես, երբ դու ավարտես համալսարանը, կամուսնանանք։ Մենք կարող ենք հազարավոր հրաշալի տեղեր գնալ։ Իսկ հիմա դու․․․
― Չէ, չենք կարող։ Մենք ոչ մի տեղ էլ չենք կարող գնալ, ոչ մի հազարավոր տեղեր։ Ամեն ինչ այլ կերպ կլինի, ― ասում եմ։ Տրամադրությունս շատ ընկավ։
― Ի՞նչ։ Չեմ լսում։ Մեկ գոռում ես վրաս, մեկ քթիդ տակ փնթփնթում․․․
― Ասում եմ՝ չէ, ոչ մի տեղ էլ չենք գնա, ոչ մի «հրաշալի տեղ», երբ ես ավարտեմ համալսարանը և այլն։ Ականջներդ լավ բաց։ Ամեն ինչ այլ կերպ կլինի։ Մենք ստիպված կլինենք ճամպրուկներն ու բազմաթիվ իրեր առած ցած իջնել վերելակով։ Ստիպված կլինենք բոլոր հարազատներին զանգահարել ու հեռախոսով հրաժեշտ տալ, իսկ հետո բացիկներ ուղարկել նրանց բոլոր հյուրանոցներից։ Ես կաշխատեմ մի որևէ գրասենյակում, շատ փող կվաստակեմ, և աշխատանքի կգնամ մեքենայով կամ ավտոբուսով, Մեդիսոն֊ավենյուի վրա, թերթեր կկարդամ ու բրիջ կխաղամ բոլոր երեկոները, և կինո կգնամ, հիմար կարճամետրաժներ ու ռեկլամներ և կինոխրոնիկա կնայեմ։ Օ՜, տեր աստված։ Նախ՝ ինչ֊որ ձիարշավներ, հետո տիկինը շիշ է ջարդում նավի վրա, հետո տաբատ հագած շիմպանզեն հեծանիվ է քշում։ Չէ, այդ բոլորն այն չէ։ Է՛հ, միևնույն է, դու ոչինչ չես հասկանա, գրողը տանի։
― Գուցե ես չեմ հասկանում։ Իսկ գուցեև դո՛ւ ոչինչ չես հասկանում, ― ասում է Սալլին։ Մենք արդեն սոսկալի ատում էինք միմյանց։ Երևում էր, որ իմաստ չուներ նրա հետ մարդավարի խոսել։ Ես սոսկալի զայրացել էի ինձ վրա, որ նման խոսակցություն բացեցի։
― Դե լավ, վեր կաց, կորչենք այստեղից, ― ասում եմ։ ― Եվ ընդհանրապես, կորի գնա, գիտե՞ս ուր․․․
Օ՛հ, այ թե իչպես սկսեց ճղճղալ, որ այսպես ասացի։ Գիտեմ, չպետք է այդպես ասեի, ու չէի հայհոյի, եթե նա համբերությունից չհաներ ինձ։ Սովորաբար ես աղջիկների ներկայությամբ չեմ հայհոյում։ Ո՜ւհ, այ թե ճղճղոց դրեց։ Ես խելագարի պես սկսեցի ներողություն խնդրել, բայց նա լսել անգամ չէր ուզում։ Նույնիսկ լաց եղավ։ Ճիշտն ասած, մի քիչ վախեցա, որ կգնա տուն և կբողոքի հորը, թե ես նրան հայհոյել եմ։ Նրա հայրը մի երկարահասակ ու լռակյաց մարդ էր, և ինձ առհասարակ չէր սիրում սրիկան։ Նա Սալլիին ասել էր, թե ես չափից դուրս աղմկարար եմ։
―Չէ, լրջորեն, ներիր, ― ես շատ խնդրեցի նրան։
― Ներե՜լ, քե՜զ ներել, տարօրինակ է, ― ասում է։ Նա դեռևս լալիս էր, և ես հանկարծ խղճացի նրան, որ վիրավորել եմ։
― Գնանք, քեզ տուն ուղեկցեմ։ Լրջորեն։
― Ինքս էլ կարող եմ գնալ, շնորհակալ եմ։ Եթե կարծում ես, որ թույլ կտամ ինձ ուղեկցես, ուրեմն հիմար ես։ Ոչ մի տղա ամբողջ կյանքիս ընթացքում դեռևս իմ ներկայությամբ այդպես չի հայհոյել։
Դրա մեջ ինչ֊որ ծիծաղելի բան կար, որ խորն ես մտածում, ու հանկարծ ես արեցի այն, ինչ֊որ պետք չէր անել։ Հռհռացի։ Իսկ իմ ծիծաղը սոսկալի բարձր ու հիմար ծիծաղ է։ Հասկանո՞ւմ եք․ եթե ես նստած լինեի ինքս իմ ետևում, կինոյում կամ մի որևէ այլ տեղ, հավանաբար, առաջ կհակվեի ու կասեի ինքս ինձ, որ այդպես չհռհռաս։ Ու դրանից Սալլին ավելի կատաղեց։
Ես գնում էի նրա ետևից, ներողություն էի խնդրում, բայց նա ոչ մի կերպ չէր կարողանում ինձ ներել։ Միայն կրկնում էր՝ հեռացիր, ինձ հանգիստ թող։ Վերջ ի վերջո ես հեռացա։ Վերցրի կոշիկներս ու հագուստս և գնացի առանց նրան։ Չպետք է լքեի նրան, բայց արդեն համբերությունս սպառվել էր։
Ճիշտն ասած, ինքս էլ չգիտեի, թե ինչու նրան այդ բոլորը ասացի։ Մասաչուսետս, Վերմոնտ մեկնելու մասին, ընդհանրապես ամեն ինչ։ Հավանաբար, նրան չտանեի էլ ինձ հետ, եթե նույնիսկ ինքը խնդրեր։ Մի՞թե նրա նման մարդու հետ կարելի է ճանապարհորդել։ Բայց ամենասարսափելին այն է, որ ես անկեղծորեն էի առաջարկում մեկնել ինձ հետ։ Դա՛ է ամենասարսափելին։ Չէ, այնուամենայնիվ, ես աննորմալ եմ, ազնիվ խոսք։