Changes
/* Գլուխ յոթերորդ */
Գարաժի վրայի պատուհաններից մեկի վարագույրը թեթևակի մի կողմ էր քաշված, և Միրթլ Վիլսոնը նայում էր ցած՝ մեր մեքենային։ Կլանված՝ նա գաղափար անգամ չուներ, որ իրեն դիտող կա, նրա դեմքի վրա մեկը մյուսին էին հաջորդում զգացմունքները՝ դանդաղ երևակվող լուսանկարի առարկաների նման։ Նման արտահայտություն հաճախ եմ տեսել կանանց դեմքերին, բայց Միրթլ Վիլսոնի դեմքին այն անհասկանալի ու անբացատրելի էր թվում, մինչև գլխի ընկա, որ նրա՝ խանդի սարսափից լայն բացված աչքերը ուղղված էին ոչ թե Թոմին, այլ Ջորդան Բեյքերին, որին Թոմի կնոջ տեղն էր դրել։
Պարզամիտ ուղեղի խառնաշփոթության նման խառնաշփոթություն չկա։ Թոմը վարում էր մեքենան, ասես տագնապի շիկացած մտրակների տարափի տակ։ Նրա կինն ու սիրուհին, որ մի ժամ առաջ ապահով ու անձեռնմխելի էին, այժմ աճապարանքով դուրս էին սպրդում իր տնօրինությունից։ Նա ոտքը դրեց արագացուցիչի վրա՝ Դեյզիին հասնելու և Վիլսոնից հեռանալու կրկնակի բնազդով, և մենք սլացանք Ժամում հիսուն մղոն արագությամբ դեպի Ասթորիա, մինչև որ վերգետնյա ճանապարհի երկաթասյուների սարդոստայնի մեջ տեսանք անշտապ ընթացող կապույտ մեքենան։
― Այդ դեղատների գործն այնքան էլ մեծ բան չէ,— հանգիստ շարունակեց Թոմը,— բայց հիմա դուք զբաղված եք մի այնպիսի գործով, որի մասին Վոլթերը վախեցավ ասել։
Ես նայեցի Դեյզիին, որը սարսափահար նայում էր մերթ Գեթսբիին,մերթ ամուսնուն, մերթ Ջորդանին, վերշինս դարձյալ սկսել էր մի անտեսանելի առարկա հավասարակշռել ծնոտի ծայրին։ Ապա նայեցի Գեթսբիին և ցնցվեցի նրա տեսքից։ Կարելի էր մտածել (ասում եմ ես բացարձակ արհամարհանքով նրա պարտեզում լսած չարամիտ հերյուրանքների նկատմամբ), որ նա «մարդ էր սպանել»։ Մի պահ նրա դեմքը, ինչքան էլ անհեթեթ լիներ դա, մարդասպանի դեմք էր։ Սակայն այդ կարճատև պահն անցավ, և Գեթսբին՝ սկսեց հուզված խոսել Դեյզիի հետ, ժխտելով ամեն ինչ, պաշտպանելով իրեն այն մեղադրանքներից, որ նույնիսկ չէին ասվել։ Բայց նրա ամեն մի խոսքից Դեյզին ավելի ու ավելի խորն էր ամփոփվում ինքն իր մեջ, այնպես որ Գեթսբին լռեց․ միայն փշրված երազն էր շարունակում ժամանակ շահել, փորձելով շոշափելի դարձնել այն, ինչ այլևս իրական չէր՝ ապարդյուն, հուսահատ որսալով սենյակի մյուս ծայրին հնչող ողբալի ձայնը։ Ձայնը աղերսում էր կրկին ու կրկին տուն գնալ։ ― Խնդրո՜ւմ եմ, Թոմ։ Էլ չեմ կարող։ Նրա վախեցած աչքերն ասում էին, որ իր նախկին մտադրության ու վճռականության հետքն անգամ չէր մնացել։ ― Դու, Դեյզի, գնա նրա հետ,— ասաց Թոմը։— Պարոն Գեթսբիի մեքենայով։ Դեյզին տագնապահար նայեց Թոմին, բայց վերջինս պնդեց վեհանձն արհամարհանքով։ ― Գնա՛, գնա՛։ Նա քեզ չի անհանգստացնի։ Երևի արդեն հասկացավ, որ իր հավակնոտ փոքրիկ սիրավեպն ավարտված է։ Եվ նրանք երկուսով գնացին անմռունչ, չքացան ուրվականների պես՝ մենավոր ու մեկուսացած, դուրս ամեն ինչից, նույնիսկ մեր խղճահարությունից։ Քիչ հետո Թոմը ոտքի ելավ ու սկսեց սրբիչի մեջ փաթաթել վիսկիի չբացված շիշը։ ― Խմել ուզու՞մ եք։ Ջորդա՞ն... Նի՞ք։ Ես լուռ էի։ ― Նի՞ք,― նա կրկին դիմեց ինձ։ ― Ի՞նչ, ― Ուզու՞մ ես։ ― Ոչ... ես հենց նոր հիշեցի, որ այսօր իմ ծննդյան օրն է։ Երեսուն տարիս էր լրանում։ Առջևս ձգվում էր նոր տասնամյակի չարաբաստիկ, սպառնալից ուղին։ Ժամը յոթն էր, երբ երեքով մեքենա նստեցինք ու ճանապարհվեցինք դեպի Լոնգ Այլընդ։ Թոմը անդադար խոսում էր, կատակում, ծիծաղում, բայց նրա ձայնը այնքան հեռու էր ինձնից ու Ջորդանից, ինչքան մայթի վրայի օտարոտի աղմուկը կամ գլխավերևի վերգետնյա ճանապարհի աշխուժությունը։ Մարդկային կարեկցանքը չափ ու սահման ունի, և մենք հաճույքով թողեցինք մեր ետևում նրանց ողբերգական վեճը՝ քաղաքի մարող լույսերի հետ միասին։ Երեսուն՝ դա նշանակում էր մենության մեկ տասնամյակ ևս, ամուրիների նվազող ցուցակ, պակասող եռանդ, նոսրացող մազեր։ Բայց կողքիս Ջորդանն էր, որն, ի տարբերություն Դեյզիի, չափազանց իմաստուն էր վաղուց մոռացված երազները տարեցտարի քարշ չտալու համար։ Երբ անցնում էինք մութ կամրջով, նրա դալուկ դեմքը ծուլորեն թեքվեց ուսիս, և այդ քաջալերող ձեռքսեղմման տակ փուլ եկավ երեսուն տարիներիս ահավոր ծանրությունը։ Եվ այսպես, զովացող մթնշաղում մենք սլանում էինք դեպի մահ։ {{ԵրեքԱստղ}} Երիտասարդ հույն Միքայելիսը, որ խարամի կույտերի մոտ սրճարան ուներ, հետաքննության գլխավոր վկան էր։ Շոգից ուժասպառ նա քնել էր մինչև ժամը հինգը, հետո դուրս եկել ման գալու, մտել գարաժ ու գրասենյակում տեսել հիվանդ, իսկապես հիվանդ Ջորջ Վիլսոնին դողացնելիս, գույնը գցած, իսկ և իսկ իր սեփական մազերի գույնին։ Միքայելիսը խորհուրդ էր տվել նրան անկողին մտնել, բայց Վիլսոնը չէր ցանկացել՝ ասելով, որ շատ գործ կա։ Մինչ հույնը փորձել էր համոզել նրան, վերևում անասելի աղմուկ էր բարձրացել։ ― Կնոջս փակել եմ սենյակում,— հանգիստ բացատրեց Վիլսոնը։— Թող մնա այնտեղ մինչև վաղը չէ մյուս օրը, հետո կգնանք այստեղից։ Միքայելիսը ապշեց։ Նրանք չորս տարի հարևան էին եղել, և Վիլսոնը երբեք նման բանի ընդունակ չէր թվացել։ Ընդհանրապես, նա կյանքից հոգնած մարդկանցից էր։ Աշխատանքից ազատ ժամերին նստում էր դռան շեմին ու նայում անցնող-դարձողներին, մեքենաներին։ Երբ որևէ մեկը խոսում էր հետը, ժպտում էր բարեհամբույր, անգույն ժպիտով։ Նա իր գլխի տերը չէր, նա պատկանում էր կնոջը։ Բնականաբար, Միքայելիսը փորձեց իմանալ, թե ինչ էր պատահել, բայց Վիլսոնը ծպտուն անգամ չհանեց, փոխարենը սկսեց տարօրինակ, կասկածելի հայացքներ ձգել հարևանի վրա ու հարցուփորձ անել, թե նա այս կամ այն օրը, այս կամ այն ժամին որտեղ էր եղել և ինչ էր արել։ Միքայելիսն արդեն ինքն իրենից դուրս էր գայիս, երբ տեսավ մի քանի գործավորների, որոնք գնում էին դեպի իր սրճարանը և այդ պատրվակով հեռացավ, որպեսզի քիչ հետո վերադառնա։ Բայց չեկավ։ Հավանաբար մոռացել էր։ Երբ կրկին դուրս եկավ, ժամը յոթն անց էր, և գարաժից տարածվող տիկին Վիլսոնի բարձր, լուտանքներով լի ձայնը հիշեցրեց նրան ցերեկվա խոսակցությունը։ ― Խփի՛ր ինձ,— գոռում էր նա։— Գցի՛ր գետնին ու խփի՛ր։ Կեղտոտ, վախկոտի մեկը։ Քիչ անց տիկին Վիլսոնը նետվեց դուրս, թափահարելով ձեռքերն ու բղավելով, և նախքան Վիլսոնը կհասցներ քայլ անել, ամեն ինչ վերջացավ։ «Մահվան մեքենան», ինչպես հետագայում լրագրերը կոչեցին այն, կանգ չառավ, այլ հայտնվեց թանձրացող մթության միջից, մի ակնթարթ երերաց ողբերգական անվճռականությամբ ու անհետացավ հաջորդ ոլորապտույտի ետևում։ Միքայելիսը նույնիսկ նրա գույնը կարգին չտեսավ, բայց առաջին իսկ մոտեցող ոստիկանին ասաց, որ այն բաց կանաչ էր։ Իսկ մյուս մեքենան, որը Նյու Յորք էր գնում, արգելակեց հարյուր յարդ հեռավորության վրա, և վարորդը վազելով ետ եկավ դեպի այն վայրը, ուր գունդուկծիկ եղած չոքել էր կյանքից վայրագորեն հեռացող Միրթլ Վիլսոնը, թանձր արյունը շաղախելով փոշու հետ։ Միքայելիսն ու վարորդը առաջին մոտեցողները եղան, և երբ պատռեցին նրա քրտինքից դեռևս թաց վերնաշապիկը, տեսան, որ ձախ կուրծքը կափարիչի նման կախ էր ընկել և հարկ չկար լսելու սիրտը։ Բերանը լայն բացված էր, անկյուններում՝ պատռված, ասես նա խեղդվել էր իր մեջ կուտակված հսկայական կենսունակության ժայթքումից։ {{ԵրեքԱստղ}} Մենք դեռ հեռվից նկատեցինք երեք թե չորս մեքենա ու հավաքված ամբոխը։ — Վթար,— ասաց Թոմը։— Վիլսոնի բախտը բերեց։ Վերջապես մի քիչ փող կաշխատի։ Նա դանդաղեցրեց, բայց մտադրություն չուներ կանգ առնելու։ Երբ ավելի մոտեցանք, գարաժի մոտ կանգնած մարդկանց լուռ ու մունջ, լարված դեմքերը ստիպեցին նրան մեքենայաբար սեղմել արգելակները։ — Տեսնենք ինչ է եղել,— անվստահ ասաց նա։— Հենց միայն տեսնենք ու գնանք։ Երբ մեքենայից դուրս եկանք ու շարժվեցինք դեպի դուռը, գարաժից ինձ հասավ խուլ ողբի ձայն, որը վերածվելով «Ա՜խ, աստված իմ» բառերի, միալար կրկնվեց մի քանի անգամ։ ― Ինչ֊որ վատ բան է պատահել,— հետաքրքրված ասաց Թոմը։ Նա կանգնեց ոտքի ծայրերին և մարդկանց գլուխների վրայով նայեց գարաժի ներսը, որը լուսավորված էր առաստաղից կախված երկաթացանց զամբյուղում ճոճվող լամպի դեղին լույսով։ Հետո նրա կոկորդից խռպոտ հնչյուն դուրս եկավ և իր հզոր բազուկներով հրելով մարդկանց՝ առաջ անցավ։ Շրջանը վրդովմունքի ձայներ արձակելով կրկին փակվեg, և ես ոչինչ չկարողացա տեսնել։ Ետևից նորանոր մարդիկ էին ավելանում, այնպես որ հանկարծ ինձ ու Ջորդանին հրեցին ներս։ Երկու վերմակի մեջ կոլոլված Միրթլ Վիլսոնի մարմինը (ասես այդ շոգին նա ցրտից դողացնում էր) դրված էր աշխատասեղանի վրա, պատի մոտ, և Թոմը մեջքը մեղ արած՝ գլխահակ, անշարժացել էր։ Նրա կողքին մոտոցիկլետիստի գլխարկով ոստիկանը մեծ տքնաջանությամբ անուններ էր գրում-ջնջում տետրի մեջ։ Սկզբում չկարողացա գտնել դատարկ գարաժում արձագանքող այդ թարձր տնքոցի աղբյուրը, բայց հետո տեսա Վիլսոնին, որը գրասենյակի շեմին կանգնած օրորվում էր՝ երկու ձեռքերով բռնած դռան կողափայտերից։ Ինչ-որ մեկը ցածրաձայն խոսում էր հետը, փորձելով ձեռքը դնել ուսին, բայց Վիլսոնը ոչ լսում էր, ոչ տեսնում։ Նրա հայացքը սահում էր ճոճվող լույսի վրայով դեպի բեռնավորված սեղանը, ապա կրկին ետ, և այսպես շարունակ անվերջանալի բարձր ոռնոցներ արձակում։ ― Ա՜խ, աստված իմ։ Ա՜խ, աստված իմ։ Ա՜խ, աստված իմ։ Հանկարծ Թոմը կտրուկ բարձրացրեց գլուխը և սառած աչքերով շուրջը նայելուց հետո ինչ֊որ անլսելի, անհասկանալի բան մրթմրթաց ոստիկանին։ ― Մ֊ե֊ք,— հեգում էր ոստիկանը,—... ո... ― Ոչ, ի,— ուղղում էր հույնը,— Մ—ի—ք... ― Լսի՛ր,— կատաղած մրթմրթաց Թոմը։ ― ա,— շարունակում էր ոստիկանը,— յ... — ե․․․ ― ե․․․,― Թոմի ծանր ձեռքը ընկավ նրա ուսին, և ոստիկանը բարձրացրեց գլուխը։— Ի՞նչ եք ուզում։ ― Ինչպե՞ս պատահեց։ Ուզում եմ իմանալ, ինչպես պատահեց։ ― Մեքենան է խփել։ Տեղն ու տեղը մեռել է։ ― Տեղն ու տեղը մեռել է,— հայացքը մի կետի հառած՝ կրկնեց Թոմը։ ― Դուրս է վազել դեպի ճանապարհը։ Սրիկան նույնիսկ չի էլ կանգնեցրել մեքենան։ ― Երկու մեքենա էին,— բացատրում էր Միքայելիսը։— Մեկը գալիս էր, մյուսը գնում... ― Ո՞ւր,— հետաքրքրությամբ հարցրեց ոստիկանը։ ― Իր ճամփով։ Դե, նա...— Միքայելիսը բարձրացրեց ձեռքը վերմակների ուղղությամբ, բայց կեսին կանգ առավ ու անմիջապես իջեցրեց...— նա դուրս վազեց դեպի ճանապարհը, և նյու Յորքից եկողը գետին գցեց նրան։ Ա՜յ թե արագություն էր, հա՜։ Ժամում երեսուն-քառասուն մղոն։ ― Այստեղի անունն ի՞նչ է,— հարցրեց ոստիկանը։ ― Անուն չունի։ Լավ հագնված մի նեգր մոտեցավ։ ― Դեղին մեքենա էր,— ասաց։— Մեծ դեղին մեքենա։ Լրիվ նոր։ ― Ինչ է, տեսե՞լ եք դեպքը։ ― Բաձր մեքենան կողքովս անցավ։ Քառասունից ավելի էր գնում։ Հիսուն֊վաթսուն կլիներ։ ― Եկեք, ասեք ձեր ազգանունը։ Թողեք անցնի։ Ես ուզում եմ ազգանունը գրել։ Այդ խոսակցությունից մի քանի բառ պետք է որ հասած լիներ դռան մեջ օրորվող Վիլսոնին, որովհետև հանկարծ նրա տնքոցների մեջ նոր խոսքեր մուտք գործեցին։ ― Առանց ձեզ էլ գիտեմ։ Դուք չէ, որ ինձ պիտի ասեք, թե ինչ մեքենա էր դա։ Ես տեսա, թե ինչպես բաճկոնի տակ պրկվեցին Թոմի ուսի մկանները։ Նա շտապ մոտեցավ Վիլսոնին և կանգնելով դիմացը՝ պինդ բռնեց նրա թևերից։ ― Հավաքի՛ր քեզ,— կոպտորեն հանգստացրեց նա։ Վիլսոնի աչքն ընկավ Թոմին․ նա ուզեց ուղղվել, բայց ծնկները ծալվեցին, և կընկներ, եթե Թոմը չբռներ։ ― Լսիր,— Թոմը թեթևակի ցնցեց նրան։— Ես քիչ առաջ եմ եկել Նյու Յորքից և բերել եմ այն մեքենան, որի մասին արդեն պայմանավորվել էինք։ Այն դեղին մեքենան, որ ցերեկը քշում էի, իմը չէ, լսո՞ւմ ես։ Դրանից հետո չեմ տեսել այն։ Միայն ես ու նեգրը լսեցինք նրա ասածը, որովհետև մոտ էինք կանգնած, բայց ոստիկանը ինչ֊որ բան որսալով զգաստացավ։ ― Ինչի՞ մասին եք խոսում,— հարցրեց։ ― Ես նրա ընկերն եմ։— Թոմը շրջեց գլուխը, բայց չթողեց Վիլսոնին։— Նա ասում է, որ գիտե՝ ինչ մեքենա է դա... Դեղին մեքենա էր։ Անորոշ մի բան ստիպեց ոստիկանին կասկածանքով նայել Թոմին։ ― Իսկ ձեր մեքենան ի՞նչ գույնի է։ ― Կապույտ։ Երկտեղ է։ ― Մենք հենց նոր ենք գալիս Նյու Յորքից,― ընդհատեցի ես։ Մեր ետևից եկողը հաստատեց իմ ասածը, և ոստիկանը շրջվեց դեպի Միքայելիսը։ ― Դե, հիմա նորից ասացեք ձեր ազգանունը։ Տիկնիկի նման գրկելուվ Վիլսոնին, Թոմը ներս տարավ նրան, նստեցրեց աթոռին ու ետ եկավ։ ― Մեկնումեկդ նստեք կողքը,— հրամայեց նա։ Մոտ կանգնածներից երկուսը նայեցին միմյանց ու դժկամությամբ ներս գնացին։ Հետո դուռը փակեց նրանց վրա, իջավ միակ աստիճանով՝ աչքերը սեղանից հեռու պահած, և մոտ գալով շշնջաց՝ գնացինք։ Թոմը իր հուժկու բազուկներով ճանապարհ հարթեց, և մենք անհարմար զգալով ճեղքեցինք խռնված ամբոխը, անցանք պայուսակը ձեռքին շտապող բժշկի կողքով, որին կես ժամ առաջ անհույս կանչել էին։ Թոմը դանդաղ քշեց մինչև ոլորապտույտը, հետո ավելացրեց արագությունը, և մեքենան ընթացավ մութ ճանապարհով։ Քիչ անց լսեցի ցածր, խռպոտ հեկեկոց և տեսա Թոմի այտերն ի վար հոսող արցունքները։ ― Անիծյալ վախկոտ,— պոռթկաց նա,— նույնիսկ չի էլ կանգնել։ {{ԵրեքԱստղ}} Բյուքենենների տունը երևաց սոսափող մութ ծառերի արանքից։ Թոմը կանգ առավ մուտքի առաջ և նայեց երրորդ հարկին, ուր բաղեղների միջից երկու պատուհան էր լուսավորված։ ― Դեյզին տանն է,— ասաց։ Մեքենայից դուրս գալիս նա նայեց ինձ ու թեթևակի կնճռոտվեց։ ― Ես պետք է քեզ Վեսթ Էգգում իջեցրած լինեի, Նիք։ Էլ այսօր անելիք չունենք։ Ինչ֊որ փոփոխություն էր կատարվել նրա մեջ. նա խոսում էր լուրջ, վճռական։ Երբ անցնում էինք լուսնի լույսով ողողված արահետով, նա աշխույժ կարգադրություններ արեց։ ― Ես հիմա կզանգեմ ու տաքսի կկանչեմ, որ քեզ տուն տանի, մինչ այդ Ջորդանի հետ գնացեք խոհանոց, և թող ձեզ ուտելու բան տան, եթե, իհարկե, քաղցած եք։— Նա բացեց դուռը։— Մտիր։ ― Չէ, շնորհակալություն։ Խնդրեմ կանչիր տաքսին։ Ես այստեղ կսպասեմ։ Ջորդանը ձեռքը դրեց թևիս։ ― Ներս չե՞ս գա, Նիք։ — Ոչ, չեմ ուզում։ Ես վատ էի զգում և ուզում էի մենակ մնալ։ Բայց Ջորդանը չէր շտապում գնալ։ ― Դեռ ինն անց կես է,— ասաց նա։ Անիծված լինեմ, եթե գնամ, հերիք է, կշտացա նրանցից։ Հանկարծ զգացի, որ դա Ջորդանին էլ է վերաբերում։ Նա երևի ինչ֊որ բան հասկացել էր իմ դեմքի արտահայտությունից, որովհետև կտրուկ շրջվեց, արագ բարձրացավ աստիճաններով ու վազեց տուն։ Ես գլուխս ձեռքերիս մեջ առած նստեցի մի քանի րոպե. շուտով լսեցի, թե ինչպես նախասրահում սպասավորը հեռախոսով տաքսի պատվիրեց։ Ապա հեռացա տնից՝ մտադրվելով սպասել դարպասի մոտ։ Քսան քայլ էլ չէի արել, երբ ինձ ձայն տվեցին, և Գեթսբին՝ թփերի արանքից դուրս գալով, կանգնեց ծառուղու վրա։ Ես պետք է որ շատ վատ զգացած լինեի մինչ այդ, որովհետև միակ բանը, որի մասին կարողացա մտածել այդ պահին, նրա վարդագույն շորերի փայլն էր լուսնի լույսի տակ։ ― Ի՞նչ ես անում այստեղ,— հարցրեցի։ ― Ոչինչ, կանգնած եմ, բարեկամ։ Ինձ թվաց, որ դա արգահատելի զբաղմունք էր։ Ես նույնիսկ պատրաստ էի ենթադրելու, որ քիչ անց կկողոպտեր տունը։ Չէի էլ զարմանա, եթե մութ թփերի ետևից հայտնվեին «Վուլֆշայմի մարդկանց» զազրելի դեմքերը։ — Դուք ճանապարհին որևէ բան տեսա՞ք,— քիչ անց հարցրեց Գեթսբին։ — Այո։ Նա հապաղեց։ — Կինը մեռա՞վ։ — Այո։ ― Այդպես էլ գիտեի։ Ես ասացի Դեյզիին, որ մեռած կլինի։ Նման դեպքերում ավելի լավ է ճիշտն ասել։ Նա մի կերպ կհաղթահարի այդ ցնցումը։ Նա այնպես էր խոսում, կարծես միակ կարևոր բանը Դեյզին էր։ — Ես Վեսթ Էգգ գնացի այլ ճանապարհով,— շարունակեց,— և մեքենան թողեցի գարաժումս։ Երևի տեսնող չեղավ, բայց, իհարկե, համոզված չեմ։ Նա ինձ այն աստիճան տհաճ էր, որ հարկ չհամարեցի ասելու, թե նա սխալվում էր։ ― Ո՞վ էր այդ կինը,— հարցրեց։ ― Վիլսոն է ազգանունը։ Գարաժի տիրոջ կինն է։ Սատանան տանի, ինչպե՞ս պատահեց։ — Հասկանո՞ւմ ես, ուզեցի թեքել...— նա կանգ առավ, և հանկարծ ես ամեն ինչ հասկացա։ ― Դեյզի՞ն էր ղեկին։ — Այո,— ուշացումով ասաց նա,— բայց, իհարկե, ես կասեմ, որ ե՛ս էի վարողը։ Գիտես, երբ մենք դուրս եկանք Նյու Յորքից, Դեյզին շատ ջղային վիճակում էր, և նրան թվաց, որ վարելը կհանգստացնի իրեն, իսկ այդ կինը հանկարծ նետվեց մեզ վրա, երբ մենք անցնում էինք դիմացից եկող մեքենայի կողքով։ Այդ ամենը կատարվեց մեկ րոպեում, բայց ինձ թվաց, որ նա ուզում էր խոսել մեզ հետ, կարծես մեզ ծանոթի տեղ դրեց։ Տեսնելով կնոջը, Դեյզին սկզբում թեքեց մեքենան, իսկ դիմացից եկող մեքենան խանգարեց, ու նա ետ տվեց։ Հենց որ ձեռքս դիպավ ղեկին, ես ցնցում զգացի, հավանաբար տեղն ու տեղը սպանվեց։ ― Ջարդուխուրդ է եղել։ ― Պետք չէ, բարեկամ։— Նա թարթեց աչքերը։— Ինչ որ է, Դեյզին սեղմվել էր ղեկին։ Ես խնդրեցի կանգնեցնել մեքենան, բայց նա ի վիճակի չէր, ես էլ սեղմեցի ձեռքի արգելակը, հետո Դեյզին ընկավ ծնկիս ու այդպես առաջ անցանք։ — Վաղն իրեն լավ կզգա,— շարունակեց Գեթսբին։— Ես կսպասեմ այստեղ, տեսնեմ, թե նա չի անհանգստացնում Դեյզիին ցերեկվա կատարվածի համար։ Նա հիմա փակված է սենյակում, և եթե Թոմը որևէ բռնություն գործադրի, ինձ նշան կանի, լույսը կանջատի ու նորից կվառի։ ― Նա նրան ձեռք չի տա,— ասացի։— Հիմա չի էլ մտածում Դեյզիի մասին։ ― Ես նրան չեմ վստահում, բարեկամ։ ― Ինչքա՞ն ես մնալու այստեղ։ ― Ամբողջ գիշերը, եթե հարկ լինի։ Մինչև բոլորը քնեն։ Մի նոր միտք ծագեց գլխումս։ Ենթադրենք Թոմը իմացավ, որ Դեյզին էր ղեկին։ Նա կմտածի, որ այստեղ ինչ֊որ կապ կա, կարող է մտածել, աստված դիտե, թե ինչ։ Ես նայեցի տանը։ Առաջին հարկի երկու թե երեք պատուհանն էր լուսավորված, իսկ վերևում՝ Դեյզիի սենյակի վարդագույն ցոլքն էր։ ― Սպասիր այստեղ,— ասացի։— Գնամ տեսնեմ, թե արդյոք ներսում իրարանցում չկա՞։ Ես ետ գնացի սիզամարգի եզրով, անաղմուկ անցա խճաքարերի վրայով և ոտքերիս ծայրերին բարձրացա աստիճաններով։ Հյուրասենյակի պատուհանները բաց էին, սենյակը դատարկ էր։ Անցնելով պատշգամբը, ուր հունիսյան մի երեկո ճաշել էինք՝ երեք ամիս առաջ, հասա լուսավորված մի ուղղանկյան, որը հավանաբար մառանի պատուհանն էր։ Վարագույրն իջեցված էր, բայց չէր հասնում մինչև ներքև։ Դեյզին ու Թոմը նստած էին դեմ֊դիմաց, խոհանոցի սեղանի մոտ՝ վրան տապակած սառը ճուտ և երկու շիշ գարեջուր։ Թոմը ոգևորված ինչ֊որ բան էր պատմում և խոսելիս ձեռքը դրեց Դեյզիի ձեռքին։ Դեյզին նայում էր նրան ու գլխով համաձայնության նշան անում։ Նրանք երջանիկ չէին։ Նրանցից ոչ մեկը չէր դիպել ոչ ճուտին, ոչ էլ գարեջրին, բայց և դժբախտ էլ չէին։ Ողջ տեսարանից ընտանեկան մտերմություն էր բուրում, ասես դավադրություն էին պատրաստում։ Երբ ետ եկա, լսեցի մոտեցող տաքսիի ձայնը։ Գեթսբին նույն տեղում էր։ ― Ամեն ինչ կարգի՞ն է,— հարցրեց մտահոգ։ ― Այո, ամեն ինչ,— ես անվճռական կանգ առա։— Գնանք միասին, քեզ քնել է պետք։ Նա տարուբերեց գլուխը։ ― Ես կսպասեմ այստեղ, մինչև Դեյզին քուն մտնի։ Բարի գիշեր, բարեկամ։ Նա ձեռքերը դրեց գրպանները և արագ շրջվեց, կարծես իմ ներակայությունը խանգարում էր նրա հսկողության սրբությունը։ Եվ ես հեռացա՝ թողնելով նրան կանգնած լուսնի լույսի տակ, հսկելու մի բան, որը դրա կարիքը չուներ։
== Գլուխ ութերորդ ==
== Գլուխ իններորդ ==