Changes
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
Ծերունին դանդաղ վեր կացավ, հենվելով կարճ, սպիտակ ոսկորից պատրաստված գլխիկով սև ձեռնափայտին: Էլֆն ու թզուկը զարմանքով նկատեցին, որ թագավորը, չնայած ծերությունից կորացած մամնին, բավականին բարձրահասակ է: Դժվար չէր կռահել, որ երիտասարդ տարիներին նա հզոր, բարձրահասակ կեցվածք է ունեցել:
–Քեզ էլ ողջույն, Գենդալֆ,– ասաց նա: –Եթե ջերմ ընդունելության էիր սպասում, պետք է ասեմ, որ իզուր էիր սպասում: Դու արժանի չես դրան, քո ներկայությունը ցանկալի չէ այս տանը: Դու միշտ էլ չարագույժ լուրերի բանբեր ես եղել: Դժբախտությունները գալիս են քո հետևից ինչպես ագռավները, և նրանց մթին երամը ավելի ու ավելի է մեծանում: Ես քեզ չեմ խաբի. երբ իմացա, որ Լուսաչը վերադարձել է, շատ ուրախացա, բայց ավելի շատ ուրախացա, որ նա առանց հեծյալի է վերադարձել, և երբ Էոմերը բերեց քո մահվան լուրը ես չսգացի: Բայց խոսակցությունները հազվադեպ են ճշմարիտ լինում: Եվ ահա դու կրկին բարեհաճել ես, իսկ քո ետևում, ինչպես միշտ, ավելի մեծ դժբախտություններ են, քան նրանք, որոնց միջով մենք հիմա անցնում ենք: Ասա՛ ինձ, Գենդալֆ Չարաբաստիկ Ագռավ, ինչի՞ համար պետք է գրկաբաց ընդունեմ քեզ: Եվ նա դանդաղ իջավ իր ոսկեզօծ գահին: –Արդարացի են քո խոսքերը, տե՛ր իմ,– ասաց աստիճաններին նստած գունատ մարդը: –Դեռ հինգ օր էլ չի անցել, ինչ արևելյան սահմաններից ստացել ենք քո որդի Թեոդրեդի, Ռոհանի երկրորդ զորավարի մահվան ցավալի լուրը: Իսկ Էոմերին վստահել չի կարելի. տվեք նրան ինքնուրույն գործելու հնարավորություն և Ոսկզօծ ապարանքը անմիջապես կմնա առանց պաշտպանության: Եվ բացի այդ Գոնդորից քիչ առաջ լուր է եկել, որ Սև Տիրակալը պատրաստվում է պատերազմի: Ահա թե ինչպիսի ծանր ժամանակ է ընտրել այս անտուն թափառականը այցելության համար: Եվ իսկապես, ինչու՞ պետք է մենք ողջունենք քեզ, Գե՛նդալֆ Չարաբաստիկ Ագռավ: Լա՛թսպել է պետք է քեզ անվանել, Չարագո՛ւյժ, և սուրհանդակին էլ ինչպես գիտես, ընդունում են իր բերած լուրերին համապատասխան: –Նա մռայլ քմծիծաղ տվեց և բարձրացնելով ծանր կոպերը չարությամբ նայեց հյուրերին: –Իմ բարեկամ Օձի Լեզու, դու իմաստուն ես համարվում, և անտարակույս հուսալի թիկունք ես ծառայում թագավորին,– հանգիստ պատասխանեց Գենդալֆը: