Անցավ և երրորդ շաբաթը, և Մարտինն անիծում էր իրեն, անիծում էր կյանքը։ Պարտություն կրելու միտքը ճնշում էր նրան։ Խմբագիրներն իրավացի էին, երբ մերժում էին նրա պատմվածքները, հիմա նա պարզ հասկանում էր այդ և ինքն էր ծիծաղում իր մոտիկ անցյալի երազների վրա։ Ռութը փոստով վերադարձրեց նրան «Ծովի երգերը»։ Մարտինն անտարբերությամբ կարդաց նրա նամակը։ Երևում էր, որ նա ամեն ճիգ թափել էր բանաստեղծությունների մասին իր հիացմունքն արտահայտելու համար, բայց Ռութը ստել չգիտեր, իսկ թաքցնել ճշմարտությունը Մարտինից՝ նրա համար նույնպես դժվար էր։ Ռութը չէր հավանել այդ բանաստեղծությունները, և դա պարզ երևում էր նրա նամակի ամեն մի տողից։ Եվ Ռութը, իհարկե, իրավացի էր։ Մարտինը համոզվեց դրանում վերանայելով այդ բանաստեղծությունները, նա կորցրել էր գեղեցիկի ամեն զգացում և հիմա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչն էր դրդել նրան գրելու այդ բաները։ Խոսքի համարձակ դարձվածքները հիմա ծիծաղելի թվացին նրան, բաղդատությունները՝ հրեշավոր և արտառոց, իսկ ամբողջը միատեղ՝ անմիտ և ոչ ճշմարտանման։ Նա ուրախությամբ իսկույն ևեթ կայրեր «Ծովի երգերը», բայց դրա համար պետք էր կրակ վառել, իսկ նա ուժ չուներ մեքենաների բաժանմունքը իջնելու, ամբողջ ուժը վատնել էր ուրիշների սպիտակեղենը լվանալու, և իր անձնական գործերի համար արդեն ուժ չէր մնացել։
Մարտինը վճռեց կիրակի օրը սրտապնդվել և նամակ գրել Ռութին։ Բայց շաբաթ երեկո, աշխատանքը վերջացնելուց և լոգանք ընդունելուց հետո, նա մի անհաղթահարելի ցանկություն զգաց մոռանալու իրեն։ «Գնամ, տեսնեմ, թե Ջոն ինչպես է զվարճանում այնտեղ»,— ասաց նա ինքն իրեն, և անմիջապես զգաց, որ ստում է․ բայց այնքան եռանդ չունեցավ, որ մտածի դրա մասին. եթե մինչև անգամ եռանդ էլ ունենար, չէր ուզենա մերկացնել իր սուտը, որովհետև ամեն բանից շատ նա ուզում էր ինքնամոռացության գիրկն ընկնել։ Առանց շաապելուշտապելու, կարծես զբոսնելու համար, նա ուղևորվեց դեպի գյուղ, բայց մոտենալով գինետանը՝ ակամա փութացրեց քայլերը։
— Չէ՞ որ դու խմող չես,— այս խոսքերով դիմավորեց նրան Ջոն։
Բայց Մարտինը չցանկացավ քննարկել այդ հարցը։
— ես Ես քեզ ասում էի, չէ՞, որ սա դժոխք է և ոչ թե աշխատանք,— շարունակեց Ջոն։— Ճիշտն ասած, ինձ դուր չի գալիս, որ դու դիրքերդ զիջեցիր, Մարտ։ Իսկ, առհասարակ գրողը տանի․․․ Խմե՛նք։
Մարտինը խմում էր լուռ, մեջընդմեջ պատվիրում նոր շշեր և հյուրասիրում էր Ջոյին՝ սարսափեցնելով բարմենին՝ աղջկա նմանվող, բաց կապույտ աչքերով և մազերը ուղիղ մեջտեղից սանրած գեղջուկ պատանուն։
— Այդպես աշխատեցնել և ուժասպառ անել մեզ նման խեղճերին, խայտառակ բան է,— ասում էր Ջոն,— եթե ես չխմեի, վաղուց կրակի տված կլինեի այս ամբողջ շենքը։ Նրանց բախտիցն է, որ ես խմում եմ, հավատացնում եմ քեզ։
Մարաինը Մարտինը ոչինչ չպատասխանեց։ Մի քանի բաժակ էլ և գինովության մուժը սկսեց պատել նրա ուղեղը։ Ա՜հ, այս երեք շաբաթվա ընթացքում նա առաջին անգամ էր, որ զգաց կյանքի շունչը։ Նրա երազները վերադարձան։ Երևակայությունը դուրս թռավ մութ խցիկից ու ելավ մինչև լուսաշող բարձունքները։ Նրա երևակայության էկրանը նորից լուսավոր և արծաթափայլ դարձավ, և վառ տեսիլքները շողալով անցնում էին իրար հետևից։ Գեղեցիկն ու անսովորը գնում էին Մարտինի հետ ձեռք֊ձեռքի տված․ նա դարձյալ գիտեր ամեն բան, կարող էր ամեն բան։ Նա ուզում էր բացատրել այդ ամենը Ջոյին, բայց Ջոն իր երազներն ուներ այն մասին, թե ինչպես վերջ տա այս տաժանելի աշխատանքին և տեր դառնա մի մեծ շոգեշարժ լվացքատան։
— Այո՛, Մարտ, իմ լվացքատանը երեխաներ չպիտի աշխատեն, հավատացնում եմ քեզ. երբեք։ Իսկ երեկոյան ժամը վեցից հետո լվացքատանը ոչ մի մարդ չի լինելու, լսո՞ւմ ես։ Շատ կլինեն մեքենաները, շատ կլինեն և բանվորները, որպեսզի ամեն ինչ իր Ժամանակին վերջանա։ Իսկ քեզ, Մա՛րտ, ես կնշանակեմ իմ օգնականը։ Ահա և իմ ծրագիրը. ես թողնում եմ խմելը, սկսում եմ դրամ հավաքել և երկու տարի հետո...
Սակայն Մարտինը չէր լսում՝ թողնելով, որ Ջոն իր երազները բացատրի բարմենին, մինչև որ սրան կանչեցին նոր հաճախորդներ՝ տեղական երկու ֆերմերներ։ Մարտինը արքայական առատաձեռնությամբ հյուրասիրեց նրանց և գինետանը գտնվող բոլորին մի քանի բատրակների, պարտիզպանի օգնականին, հյուրանոցի ախոռապանին, հենց բարմենին և ինչ֊որ թափառաշրջիկի, որը ստվերի նման արագ մտավ գինետուն և կանգնած մնաց վաճառասեղանի հեռավոր ծայրում։