Changes
/* Գլուխ V */
Եվ նրանք սկսեցին դոն Կիխոտին հարց ու փորձ անել, սակայն նա չուզեց նրանց բան պատմել, միայն խնդրեց, որ իրեն ուտելու բան տան և հանգիստ թողնեն, որովհետև ամենից շատ ուտելու և քնելու կարիք ունի։ Նրա ցանկությունը կատարեցին, ապա թե քահանան մանրամասն հարց ու փորձ արեց գյուղացուց, թե նա ինչպես գտավ դոն Կիխոտին։ Գյուղացին պատմեց և կրկնեց բոլոր անմտությունները, որ մեր ասպետն ասում էր թե՛ գետնին պառկած, թե՛ էշով գնալիս։ Այս տեղեկություններից հետո մեր լիցենցիատի մեջ առավել ևս ամրցավ իր ծրագիրն ի կատար ածելու ցանկությունը։ Նա այդպես էլ արեց՝ հետևյալ օրը նա անցավ իր բարեկամի՝ դալլաք վարպետ Նիկոլասի ետևից և նրանք երկուսով գնացին դոն Կիխոտի տունը։
==Գլուխ VI==
Մեծ ու զվարճալի հետազոտության մասին, որին ենթարկեցին քահանան ու դալլաքը մեր հնարամիտ հիդալգոյի գրադարանը
Դոն Կիխոտը դեռ քնած էր։ Քահանան խնդրեց նրա քրոջ աղջկանից այն սենյակի բանալին, որտեղ պահված էին գրքերը՝ այսպիսի մեծ դժբախտության պատճառները, և աղջիկը մեծ պատրաստակամությամբ բանալին հանձնեց։ Բոլորը տնտեսուհու ուղեկցությամբ ներս մտան և տեսան հարյուրից ավելի փոքրադիր գրքեր։ Հենց որ տնտեսուհին տեսավ, որ նրանք ներս մտան, ինքը շուտափույթ դուրս վազեց սենյակից և իսկույն վերադարձավ մի թաս օրհնված ջրով և վրձինով ցանելու համար։
― Ապա վերցրեք, պարոն լիցենցիատ, ― ասաց նա, ― և ցողեցեք սենյակը, թե չէ մեկն ու մեկը այն անիծյալ կախարդներից, որոնցով այդ գրքերը լիքն են, դուրս կպրծնի և կկախարդի մեզ և վրեժը կհանի, որ մենք ուզում ենք նրանց ջինսը խայտառակել և ջնջել աշխարհիս երեսից։
Տնտեսուհու պարզամտությունն ստիպեց լիցենցիատին խնդալ, և նա խնդրեց, որ դալլաքը գրեքերը մեկը մյուսի ետևից տա իրեն, որպեսզի ինքը պարզի, թե նրանց մեջ ինչից է խոսվում, չէ՞ որ կարող է պատահել, որ նրանցից մի քանիսը արժանի չլինեն մահապատժի կրակի միջոցով։
― Չէ, չէ, ― բացականչեց դոն Կիխոտի քրոջ աղջիկը, ― պետք չէ նայել նրանցից և ոչ մեկին, նրանք բոլորն էլ մեր ցավին մեղապարտ են։ Ամենից լավը կլինի, եթե մենք լուսամուտից դուրս թափենք բակը, մի կույտ անենք և վառենք, կամ թե ասենք անասնաբակը ու այնտեղ խարույկ վառենք՝ այնտեղից ծուխը մեզ անհանգիստ չի անի։
Նույնն էր ասում նաև տնտեսուհին՝ ահա՛ թե որ աստիճան նրանք ծարավի էին այդ անմեղ մանուկների կորստյան։ Սակայն քահանան չմաձայնեց նրանց հետ, և կամեցավ նախապես կարդալ գոնե նրանց վերնագրերը։ Առաջին գիրքը, որ տվեց նրան վարպետ Նիկոլասը, Ամադիս Գաղղիացու պատմությունը դուրս եկավ՝ չորս մասից բաղկացած։ Քահանան ասաց․
― Ես սրա մեջ տեսնում եմ բախտի մատը, որովհետև լսել եմ, որ սա Իսպանիայում տպագրված առաջին ասպետական վեպն է և որ սրանից են սկիզբ առել ու ծագել բոլոր մյուսները։ Ուստի ես կարծում եմ, որ մենք պետք է անողոքաբար դատապարտենք այրելու, որպես այն բովանդակ չարավնաս աղանդի պարագլխին։
― Ո՛չ, սինյոր, ― առարկեց դալլաքը, ― իսկ ես լսել եմ, որ այս վեպը լավագույն գործն է այն ամենից, որ երբևիցե գրված է եղել այդ ուղղությամբ, ուստի և, իբրև միակը իր տեսակի մեջ, արժանի է ներման։
― Այո՛, դուք արդարացի եք, ― պատասխանեց քահանան, ― նկատի կառնենք այդ և առժամապես նրան կբաշխենք կյանքը։ Իսկ հիմա տեսնենք, թե նրա կողքին ինչ կա։
― Ամադիս Գաղղիացու օրինական որդու՝ Էսպլանդիանի սխրագործությունները, ― ասաց դալլաքը։
― Ճշմարիտն ասած, ― նկատեց քահանան, ― հոր արժանիքները չեն փրկում որդուն։ Ապա վերցրեք, տիրուհի տնտեսուհի, բաց արեք լուսամուտն ու բակը նետեցեք՝ նա կդառնա հիմքը պատրաստվող խարույկի։
Տնտեսուհին ամենամեծ հաճույքով հնազանդեց, և բարի Էսպլանդիանը թռավ բակը, այնտեղ մեծ համբերությամբ իրեն սպառնացող խարույկին սպասելու համար։
― Իսկ հետո՞, ― ասաց քահանան։
― Հետևյալը, ― ասաց դալլաքը, ― Ամադիս Հունաստանցին է, ― և ինձ թվում է, որ այս դարակի վրա բոլոր գրքերը Ամադիսի ցեղից են։
― Որ այդպես է, ապա թող երթան բակը, ― պատասխանեց քահանան։ ― Ես այնպես եմ ուզում այրել թագուհի Պինտիկինեստրային, Դարինել Հովվին իր էկլոգներով և այդ հեղինակի բոլոր ճոռոմ հիմարությունները, որ եթե ինձ աշխարհ բերող հայրը թափառական ասպետի կերպարանք ընդուներ, ես նրան՝ էլ սրանց հետ կայրեի։
― Ե՛ս էլ նույն կարծիքի եմ։
― Դե որ այդպես է, ― ասաց տնտեսուհին, ― ապա բոլորին էլ բակը նետենք։
Նրան բեռնեցին այդ բազմաթիվ հատորներով, և նա, առանց սանդուղքով իջնելու, ուղղակի լուսամուտից թափեց բակը։
― Սա՞ ինչ տակառ է, ― հարցրեց քահանան։
― Սա, ― պատասխանեց դալլաքը, ― դոն Օլիվանտեե դե Լաուրան է։
― Այս վեպը նույն հեղինակին է պատկանում, որ հորինել է Ծաղկի պարտեզը, ― ասաց քահանան, ― և, ճշմարիտն ասած, ես դժվարանում եմ ասել, թե այս երկու գրվածքից ո՞րն է ավելի ճշմարտապատում, ավելի ճիշտ՝ ո՞րն է պակաս սուտ։ Մի բան կասեմ միայն՝ այս գիրքն էլ բակը կերթա, որպես խենթ ու քմահաճ գրվածք։
― Այնուհետև՝ Ֆլորիսմարտե Հերկանացին է, ― շարունակեց դալլաքը։
― Ա՜, ահա թե դուք որտեղ եք, սինյոր Ֆլորիսմարտե, ― բացականչեց քահանան։ ― Ազնիվ խոսք, նա էլ կթռչի բակը, չնայած իր տարօրինակ ծնունդին և զարմանալի արկածներին՝ նրա չոր ու ծանր ոճը ուրիշ բանի արժանի չէ։ Բակը նետեք նրան, տիրուհի տնտեսուհի, սրան էլ նրա հետը։
― Հաճույքով, սինյոր, ― պատասխանեց տնտեսուհին, մեծ ուրախությամբ կատարելով ամենը, ինչ որ նրան հանձնարարում էին։
― Ահա՛ և Պլատիր ասպետը, ― ասաց դալլաքը։
― Սա հին գիրք է և մեջը մի բան չկա, որ արժանի լիներ ներման։ Թող մյուսների հետ երթա, առանց հակաճառության, ― ասաց քահանան։
Այդ էլ կատարվեց։ Ապա նրանք բաց արին հետևյալ գիրքը և կարդացին վերնագիրը՝ Խաչի ասպետը։
― Այս գրքի սուրբ վերնագրի համար կարելի էր նրա հեղինակի տգիտությունը ներել։ Սակայն զուր չի ասված՝ «Խաչի ետևը նստած է սատանան»։ Նետեցեք կրակը։
Դալլաքը մի ուրիշ գիրք վերցրեց և ասաց․
― Սա Ասպետության հայելին է։
― Ծանոթ է, ― պատասխանեց քահանան։ ― Մեջը սինյոր Ռեյնալդոս Մոնտալբանացին է թրև գալիս իր ընկերների և բարեկամների հետ, որոնք ավելի գող են, քան ինքը՝ Կակոն և Ֆրանսիայի տասներկու պերերը, իրենց ճշմարտապատում պատմաբան Տուրպինի հետ։ Ճշմարիտն ասած, ես նրանց կդատապարտեի ոչ ավել, մշտենջենական աքսորի, որովհետև նրանցից օգտվել էր իր գրվածքում հռչակավոր Մատեո Բոյարդոն, որից քրիստոնյա բանաստեղծ Լյուդովիկոս Արիոստոն փոխ է առել իր պոեմի հյուսվածքը։ Եթե այս վերջինս գտնվի մեր գրքերի մեջ, և մենք տեսնենք, որ նա ոչ թե իր մայրենի, այլ օտար լեզվով է խոսում, ես ոչ մի հարգանք չեմ տածի դեպի նա․ իսկ եթե նա իր լեզվով խոսելու լինի, ես նրան գլխիս վրա կդնեմ։
― Ես ունեմ իտալերենը, ― ասաց դալլաքը, ― միայն թե բան չեմ հասկանում։
― Ձեզ պետք էլ չէ հասկանալ, ― առարկեց քահանան, ― և մենք սիրով կներեինք նույնը սինյոր կապիտանին, որովհետև նա հակառակ դեպքում չէր տարածի Իսպանիայում այդ գիրքը՝ այն կաստիլցի դարձնելով, մի բան, որ զրկում է նրան իր բազմաթիվ բնական հատկություններից։ Ասենք նույնն են անում նրանք, ովքեր փորձում են թարգմանել ոտանավորները, որովհետև թարգմանիչներն ինչքան էլ ջանասեր և հմուտ լինեն, նրանք երբեք չեն հասնի այն կատարյալ ձևին, ինչ ձևով նրանք առաջին անգամ ծնվել են։ Ուստի սրա, ինչպես և մնացած ֆրանսիական պատմության գրքերի նկատմամբ, որ գտնվելու լինեն այս գրադարանում, ես առաջարկում եմ այսպես վարվել՝ դարսել չորացած ջրհորի հատակին և այնտեղ պահել, մինչև որ ծանր ու բարակ խորհելուց հետո մենք կորոշենք թե ինչ անենք, բացառությամբ, սակայն, Բերնարդո դել Կարպիոյից, որ անշուշտ այստեղ նույնպես ապաստանած կլինի, մեկ էլ Ռոնսևալից։ Եթե սրանք իմ ձեռքն ընկնելու լինեն, ես իսկույն կհանձնեմ տնտեսուհուն, իսկ նա, առանց ներման նշույլի, կրակի գիրկը կնետի։
Դալլաքը համաձայնեց սրան և հայտարարեց, որ այս ամենը ճիշտ ու ճշմարիտ է, որովհետև նա գիտեր, որ քահանան այնքան բարի քրիստոնյա է և այնպիսի բարեկամ ճշմարտության, որ ոչ մի բան աշխարհիս երեսին նրան չի կարող հակառակը ասել տալ։ Ապա նա բաց արեց հետևյալ գիրքը՝ դա Օլիվացի Պալմերինն էր, որի կողքին կանգնած էր մի ուրիշը, որի վերնագիրն էր՝ Պալմերին Անգլիացի։ Տեսնելով սրանց՝ լիցենցիատն ասաց.
― Օլիվացուն իսկույն ևեթ կարելի է ոչնչացնել և այրել, այնպես որ մոխիրն էլ չմնա, իսկ Պալմա Անգլիացուն պահել և պահպանել որպես հազվագյուտ առարկա և նրա համար տուփ պատրաստել, այն տուփի նման, որ Ալեքսանդրը գտավ Դարեհի գանձերում և հատկացրեց Հոմերոսի պոեմները մեջը պահելու համար։ Այս գիրքը, սիրելի խնամի, հարգանքի է արժանի երկու պատճառով՝ մեկ, որ նա ինքնըստինքյան սքանչելի է, ապա կարծիք կա, որ դա մի իմաստուն փորթուգալցի արքայի հեղինակությունն է։ Միրագուրդայի դղյակի բոլոր արկածները գեղեցիկ են և ճարպիկ հնարած, ոճը՝ սահուն ու վճիտ, իսկ խոսակցությունները՝ հմուտ և ճաշակով հարմարեցված խոսողների բնավորության և բնության։ Ուստի ես կարծում եմ, եթե միայն դուք համաձայնելու լինեք, սինյոր վարպետ Նիկոլաս, այս վեպը և Ամադիս Գաղղիացին կարող են խուսափել խարույկից, իսկ մնացածը՝ նայել էլ չարժե՝ թող բոլորն էլ կորչեն։
― Ոչ, սինյոր խնամի, ― առարկեց դալլաքը, ― իսկ այս հռչակավոր դոն Բելյանի՞սը, որ իմ ձեռքին է։
― Է՜, սրան, ― պատասխանեց քահանան, ― իր երկրորդ, երրորդ և չորրորդ մասերի հետ պետք է դեղ տալ, որ մաղձից մաքրվի, բացի այդ նրանցից պետք է հանել այն ամենը, որ վերաբերում է Փառքի դղյակին և շատ ուրիշ անհեթեթություններ՝ ավելի ևս վատթար։ Սակայն տանք նրան ժամանակ և եթե նա ուղղվի, այն ժամանակ կորոշենք՝ խիստ վարվել հետը, թե՞ ողորմած լինենք։ Իսկ առայժմս, սիրելի խնամի, տարեք հետներդ տուն, միայն թե մարդու չտաք կարդալու։
― Ամենամեծ հաճույքով, ― պատասխանեց դալլաքը, և, չկամենալով իրեն այլևս ծանրաբեռնել մնացյալ ասպետական վեպերի քննությամբ, նա կարգադրեց, որ տնտեսուհին հավաքի բոլոր մեծադիր հատորները և գցի բակը։
Տնտեսուհին ո՛չ հիմար էր, ո՛չ էլ խուլ։ Նա ավելի սիրով կայրեր աշխարհիս բոլոր գրքերը, քան ամենանուրբ քաթան կհյուսեր։ Նա միանգամից ութ հատ խոշոր հատոր խտտելով լուսամուտից դուրս գցեց։ Բայց որովհետև նա շատ էր վերցրել, գրքերից մեկը վայր ընկավ դալլաքի ոտների մոտ։ Սա կամեցավ տեսնել գրքի անունը և կարդաց՝ Հռչակավոր ասպետ Տիրանա Ճերմակի պատմությունը։
― Տեր ողորմյա, ― գոչեց բարձրաձայն քահանան, ― մի՞թե Տիրանա Ճերմակն այստեղ է։ Շուտով տվեք ինձ նրան, սիրելի խնամի։ Հավատացած եղեք, որ ձեր առջև են հաճույքի գանձ և զվարճալիքների անսպառ աղբյուր։ Նրա մեջ նկարագրված են արի ասպետ դոն Կիրիելեյսոն Մոնտալբանցին, նրա եղբայր Թոմաս Մոնտալբանցին և Ֆոնսեկա ասպետը։ Նրա մեջ պատմված է արի Տիրանտի մարտի մասին շան դեմ, Պլասերդեմիվիդա աղջկա խորամանկության մասին, Ռեսպոսադա այրիի սիրաբանությունների և բանսարկությունների մասին, կայսրուհու մասին, որ սիրահարված է եղել իր կառապան Հիպպոլիտին։ Սուտ ասած չեմ լինի, սինյոր խնամի, ըստ ոճի՝ դա աշխարհիս ամենալավ գիրքն է՝ ասպետներն ուտում, քնում, մեռնում են իրենց մահճակալների վրա, մեռնելուց առաջ կտակ են գրում և հազար ուրիշ օգտակար բաներ, որ այդ տեսակի այլ վեպերում չեն հիշատակվում։ Եվ այնուհանդերձ, ասում եմ ձեզ, հեղինակն արժանի է իր օրերն ավարտելու տաժանակիր աշխատանքի մեջ, որովհետև այդ բոլոր ախմախությունը նա հիմարաբար է գրել։ Վերցրեք այդ գիրքը, կարդացեք և դուք կտեսնեք, որ իմ բոլոր ասածները զուտ ճշմարտություն են։
― Ես այդպես էլ կանեմ, ― պատասխանեց դալլաքը, ― իսկ մնացած մանր գրքե՞րն ինչ անենք։
― Դրանք ասպետական վեպեր չեն, ― ասաց քահանան, ― այլ, հավանորեն, ոտանավորների գրքեր են։
Եվ նրանցից մեկը բաց անելով, նա կարդաց վերնագիրը՝ Դիանա Խորխե դե Մոնտեմայոր։ Ենթադրելով, որ մնացյալներն էլ նույն տեսակ բաներ են, նա ասաց․
― Սրանք կրակի արժանի չեն, որովհետև չեն պատճառում և երբեք չեն պատճառի այնպիսի վնաս, ինչպես ասպետական վեպերը։ Սրանք զբաղեցնում են մարդու միտքը և ամենևին վտանգավոր չեն։
― Ա՜խ, սինյոր, ― բացականչեց դոն Կիխոտի քրոջ աղջիկը, ― իսկ ըստ իս, ձերդ ողորմածությունը պետք է նրանց նետեր կրակը մյուսների հետ միասին։ Չէ՞ որ կարող է պատահել, որ իմ սինյոր քեռին, բուժվելով իր ասպետական հիվանդությունից, սկսի ոտանավորներ կարդալ և նրա խելքին փչի հովիվ դառնալ և գնալ թափառելու անտառներն ու դաշտերը, սրինգ փչելով կամ երգ ասելով, կամ, ինչ որ ավելի վատթար է, հենց ինքը բանաստեղծ դառնա, որովհետև ասում են, թե այդ հիվանդությունը ամենից անբուժելին ու վարակիչն է։
― Աղջիկը ճիշտ է ասում, ― ասաց քահանան։ ― Ավելի լավ կլինի, որ մենք հավաքենք մեր բարեկամի ճամփից այս նոր վտանգն ու գայթակղությունը։ Եվ քանի որ մենք Մոնտեմայորի Դիանայից սկսեցինք, ապա ես կարծում եմ հետևյալը՝ այրել նրան պետք չէ, բայց նրա միջից պետք է դուրս գցել այն ամենը, որ վերաբերում է իմաստուն Ֆելիսիային և անմահական ջրին, և գրեթե բոլոր երկար տողերով գրած ոտանավորները։ Թող որ մնա իրեն արձակը և նման պոեմների միջև առաջինը լինելու արժանիքը։
― Ապա գալիս է այսպես կոչված Երկրորդ Դիանան, որ հորինել է Սալամանտինցին, ― շարունակեց դալլաքը, ― ահա ևս մի գիրք, որի հեղինակը Գիլ Պոլոն է։
― Ինչ արած, ― պատասխանեց քահանան, ― Սալամանտինցու Դիանան թող հետևի մյուսներին և բազմացնի այրվելու դատապարտվածների քանակը։ Իսկ Գիլ Պոլոյի Դիանան մենք կպահենք, ինչպես եթե այն հորինած լիներ ինքը Ապողղոնը։ Հետո ինչ կա, սինյոր խնամի, ― ավելացրեց նա, ― պրծնենք, թե չէ ուշ է արդեն։
― Ահա Սիրո երջանկության տասը գիրքը, որ գրել է սարդինցի բանաստեղծ Անտոնիո դե Լոֆրասոն։
― Հավատ ընծայեք իմ հոգևոր կոչմանը, ― ասաց քահանան, ― այն պահից, ինչ Ապողղոնը Ապողղոն է կոչվում, մուսաները՝ մուսա, իսկ պոետները՝ պոետ, ավելի զվարճալի և հաճելի գիրք դեռ գրված չի եղել, և դա իր տեսակի լավագույն և արժանագույն հեղինակությունն է բոլոր լույս տեսածներից։ Նա, ով այդ գիրքը չի կարդացել, կարող է հավատացած լինել, որ ոչ մի հռչակավոր բան չի կարդացել։ Ապա դեսը տվեք, սիրալիր խնամի։ Եթե ինձ Ֆլորենցիայի մետաքսից փարաջա նվիրելու լինեին, ես պակաս կուրախանայի, քան այս գյուտից։
Եվ նա մեծ գոհունակությամբ գիրքը մի կողմ դրեց, իսկ դալլաքը շարունակեց․
― Հետո գալիս են՝ Իբերիացի հովիվը, Հենարեսի նիմֆերը և Միջոց խանդի դեմ։
― Սրանց հետ գլուխ դնել չարժե, ― ասաց քահանան, ― հանձնեցեք նրանց աշխարհիկ իշխանության ձեռքը՝ տնտեսուհուն։ Մի՛ք հարցնի ինձնից, թե ինչու, թե չէ մենք երբեք չենք վերջացնի։
― Այա Ֆիլիդայի հովիվը։
― Նա բնավ հովիվ չէ, ― նկատեց քահանան, ― այլ իսկական պալատական։ Պահպանեցեք, որպես գանձ։
― Այս ստվար հատորը, ― շարունակեց դալլաքը, ― խորագրված է՝ Զանազան ոտանավորների գանձարան։
― Եթե ոտանավորները սակավաթիվ լինեին, ― պատասխանեց քահանան, ― մենք ավելի բարձր կգնահատեինք։ Այդ գիրքը պետք է քաղհան անել և մաքրել տափակ կտորներից, որ ընկել են մեջը խոշոր գործերի հետ։ Ներում շնորհեք, որովհետև հեղինակը իմ բարեկամն է և նրա մյուս գրվածները՝ ավելի վեհ ու հերոսական են։
― Ահա Լոպես Մալդոնադոյի Ոտանավորների ժողովածուն։
― Այդ հեղինակը նույնպես իմ բարեկամն է, ― ասաց քահանան, ― նրա ոտանավորները իր շուրթերին հիանալի են, այնպիսի հրապուրիչ ձայն ունի նա։ Ճիշտ է, նրա էկլոգները քիչ ձգձգված են, սակայն չէ՞ որ լավ բանից մարդ միշտ ավելի շատ է ուզում։ Արդ՝ կցենք նրան ընտրյալներին։ Իսկ նրա կողի՞նն ինչ է։
― Սա Միգուել դե Սերվանտեսի Գաղաթեան է, ― պատասխանեց դալլաքը։
― Շատ տարի է, ինչ ես բարեկամացել եմ այդ Սերվանտեսին և գիտեմ, որ նա ավելի փորձ ունի դժբախտություններում, քան ոտանավորներում։ Նրա գրքում կա մտահղացում, նա խոստանում է, բայց չի ավարտում։ Սպասենք խոստացած երկրորդ մասին։ Թերևս ուղղված նա կարժանանա վերջապես թողության, որ առայժմ նրան մերժվում է։ Իսկ մինչ այդ պահեք նրան ձեզ մոտ բանտարկված, սինյոր խնամի։
― Սիրով, ― պատասխանեց դալլաքը։ ― Ահա ևս երեք գիրք՝ դոն Ալոնսո դե Էրսիլյայի Արաուկանան, Խուան Ռուֆոյի, կորդովցի դատավորի՝ Աուստրիադան և վալենսիացի պոետ Կրիստո՛բալ դե Վիրուեսի Մոնսերրատը։
― Այս երեք գրքերը լավագույններն են այն ամենից, որ գրված է հերոսական ոտանավորով իսպաներեն։ Նրանք ոչնչով պակաս չեն հռչակավոր իտալացի պոետներից։ Պահեցեք նրանց որպես իսպանական պոեզիայի թանկագին գանձարանը։
Վերջապես քննությունը հոգնեցրեց քահանային և նա առաջարկեց մնացած բոլոր գրքերը այրել առանց խտրության։ Սակայն այդ վայրկյանին դալլաքը մի հատորիկ էլ բաց արեց, որ խորագրված էր Անջելիկայի արցունքները։
― Ես էլ նրա հետ կարտասվեի, եթե հրամայած լինեի այդպիսի մի գիրք կրակը նետել։ Նրա հեղինակը ամենահռչակավոր պոետներից մեկն է ո՛չ միայն Իսպանիայում, այլև ամբողջ աշխարհում։ Նա մեծ վարպետությամբ թարգմանել է Օվիդիոսի առասպելներից մի քանիսը։