Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 195 բայտ, 17:43, 2 Ապրիլի 2015
/* Նախաբան */
Ես միայն կուզենայի այդ պատմությունը քո ուշադրությանն առաջարկել մաքուր ու մերկ ձևով, առանց պճնազարդելու ոչ նախաբանով, ոչ սովորական սոնետների, էպիզոդների ու ներբողական խոսքերի անվերջանալի շղթայով, որ ընդունված է զետեղել գրքի սկզբում։ Որովհետև պետք է ասեմ քեզ, որ շատ ջանք եմ դրել այս գիրքը գրելիս, բայց ինձ համար ամենադժվարը այս առաջաբանը գրելն էր, որն այժմ կարդում ես։ Շատ անգամ եմ գրիչը ձեռքս առել գրելու համար և նետել, որովհետև չեմ իմացել, թե ինչ գրեմ, և ահա մի անգամ, երբ մի թերթ թուղթ առաջիս, գրիչը ականջիս ետև, արմունկս սեղանին դրած և ձեռքս այտիս հենած, անվճռական վիճակում նստած էի, պատահաբար ինձ մոտ եկավ իմ բարեկամը, սրամիտ ու խոհեմ մի մարդ և, տեսնելով, որ ես մտորմունքի մեջ եմ, հարցրեց, թե ինչումն է բանը։ Ես բացատրեցի նրան և ասացի, որ խորհում եմ Դոն Կիխոտի պատմության նախաբանը, և դա ինձ այնպես է դժվարացնում, որ չեմ ուզում գրել այդ, դեռ ավելին, չեմ ուզում լույս ընծայել այնքան ազնիվ ասպետի սխրագործությունների պատմությունը։
― Բայց ինչպե՞ս եք ուզում դուք, որ ինձ չվարանեցնի ժողովուրդ կոչվող հին օրենսգրի դատավճիռը, երբ նա տեսնի, որ այնքա՜ն տարիներ մոռացման անդորրի մեջ քնելուց հետո հանկարծ նորից հանդես եմ գալիս տարիքիս բեռան տակ կքած, և նրան մատուցում եմ մի երկ փետրախոտի պես չոր, երևակայությամբ աղքատ, ոճից զուրկ, սակավամիտ, հեռու ամենայն գիտությունից ու հմտությունից, առանց լուսանցագրությունների և գրքի վերջում առանց ծանոթագրությունների, երբ ես գիտեմ, որ հիմա բոլոր գրքերը, նույնիսկ պատմողական և աշխարհիկ, լեփ֊լեցուն են Արիստոտելի, Պլատոնի և փիլիսոփաների ողջ ոհմակի ասույթներով, որի շնորհիվ հիացած ընթերցողները այդ գրքերի հեղինակներին համարում են կարդացած, կրթված և պերճախոս մարդիկ։ Այդ դեռ քիչ է, նրանք մեջբերումներ են անում նաև սուրբ Գրքի՜ց։ Իրավ, նրանց կարելի է սուրբ Թովմասի կամ եկեղեցու մյուս ուսուցիչների տեղը դնել, և ընդմին նրանք այնպես նրբորեն են պահպանում պատշաճավորությունը, որ մի էջի վրա պատկերելով որևէ անառակ սիրեկանի, մյուս էջի վրա անմիջապես հրամցնում են ձեզ քրիստոնեական մի խրատ, որը լսելն ու կարդալը մի սփոփանք և ուրախություն է։ Այդ ամենը չկան իմ գրքում, որովհետև ոչինչ չկա լուսանցագրելու, ոչինչ չկա վերջում՝ ծանոթագրություններում զետեղելու, և ես նույնիսկ չգիտեմ էլ, թե որ հեղինակներին եմ հետևել իմ պատմվածքի մեջ, այնպես որ ի վիճակի չեմ գրքիս սկզբում, ըստ ընդունված սովորության, բերել անվանացուցակ այբբենական կարգով, սկսած Արիստոտելից և վերջացրած Քսենոֆոնտով, Զոիլով և Զևքսիսով,<ref>Զոիլ ― հունական գրող մ․թ․ա․ IV-IIIդարերում․ III դարերում․ իր սուր քննադատության պատճառով կոչվել է «Հոմերոսի պատուհաս» և «ճարտասանության շուն»։ Զևքսիս ― հունական նկարիչ V-IV մ․թ․ա․։ Մահվանից հետո Զևքսիսը ոչ մի աշխատանք չի թողել, այդ պատճառով էլ պարզ չէ, թե Սերվանտեսը սխալմա՞մբ է նրան դասում «հեղինակությունների» շարքում, թե՞ կատակով։</ref> առանց ուշադրություն դարձնելու այն բանին, որ նրանցից մեկը չարախոս շաղակրատի մեկն է, իսկ մյուսը՝ նկարիչ։ Նմանապես իմ գրքի սկզբում չեն լինի սոնետներ, համենայն դեպս սոնետներ՝ գրված հերցոգների, մարկիզների, կոմսերի, եպիսկոպոսների, տիկնանց կամ ամենանշանավոր պոետների կողմից։ Ճիշտ է, եթե ես խնդրեի իմ երկու֊երեք արհեստավոր֊բարեկամներիս, նրանք իհարկե կգրեին սոնետներ և ընդ որում այնպիսիները, որ նրանց հետ չէին մրցի Իսպանիայի ամենաանվանի պոետների բանաստեղծությունները։ Մի խոսքով, սինյոր և բարեկամս, ― շարունակեցի ես, ― ես որոշել եմ, որ սինյոր Դոն Կիխոտը թաղված մնա լամանչյան արխիվներում այնքան ժամանակ, մինչև երկինքը չուղարկի այն հեղինակին, որը կլրացնի նրան պակասող բոլոր պաճուճանքը, իսկ ես տաղանդի նվազության և կրթության պակասության պատճառով ինձ անընդունակ եմ համարում այդ բանն անելու․ բացի այդ, ես բնությունից անբան և ծույլ մարդ եմ և հակամետ չեմ հեղինակներ որոնել ու խնդրել նրանց, որ ասեն այն, ինչ որ ինքս հրաշալիորեն կարող եմ ասել առանց նրանց օգնության էլ։ Ահա թե ինչու դուք ինձ գտաք վարանման և խորը մտածմունքի մեջ․ այն ամենը, ինչ որ ձեզ հենց նոր պատմեցի, բավարար պատճառ են դրա համար։
Ունկնդրելով ինձ, բարեկամս ձեռքը խփեց իր ճակատին և, բարձրաձայն ծիծաղելով, ասաց․
Ինչ վերաբերում է գրքի վերջում զետեղվելիք ծանոթագրություններին, ապա ամենայն հանգստությամբ կարող եք այսպես անել․ եթե ձեր պատմվածքի մեջ խոսվում է որևէ հսկայի մասին, ապա նրան Գողիաթ անվանեցեք, ― դա ձեզ ոչինչ չի արժենա, իսկ մինչեռ ձեզ համար արդեն պատրաստ է հետևյալ կարգի մի ծանրակշիռ ծանոթագրություն․ Հսկա Գողիասը կամ Գողիաթը փղշտացի էր, որին հովիվ Դավիթը խոցեց պարսատիկից արձակած քարով Թերեբինյան հովտում, ինչպես այդ մասին պատմվում է Թագավորությանց Գրքում (և նշեք գլուխը, գտնելով այն)։
Այնուհետև, որպեսզի ձեզ ցույց տաք աշխարհիկ գիտությունների գիտակ մարդ և մեծ տիեզերագետ, ջանացեք, որ ձեր պատմվածքում հիշատակվի Տախո գետը ― և ահա ևս մի հրաշալի ծանոթագրություն․ Տախո գետն իր հորջորջումն ստացել է Իսպանիայի թագավորներից մեկի անունից, նա իր սկիզբն առնում է այսինչ տեղում և հանգչում է ծով օվկիանոսում, համբուրելով փառապանծ Լիսաբոն քաղաքի պատերը․ ենթադրում են, որ նրանում կա ոսկու ավազ, և այլն։ Եթե առիթ ունենաք գողեր նկարագրելու, ես ձեզ կհաղորդեմ Կակի<ref>Գործող անձ հնադարյան դիցաբանությունից, Հերակկեսի եզների հափշտակողը։</ref> պատմություը, որն անգիր գիտեմ, եթե անառակ կանանց՝ եպիսկոպոս Մոնդոնյեդցին<ref>Անտոնիո դե Գևարա ― Մոնդոնյեդի եպիսկոպոս, Կառլոս V֊ի պատմագիրը, իր «Epistolas familiares» (հրատ․1603) գրվածքներում պատմում է հին ժամանակների կուրտիզանուհիների մասին։</ref> ձեզ կտրամադրի իր Լամիաներին, Լարիսաներին և Ֆլորաներին և նրան վկայակոչելը ձեզ կարժանացնի ընդհանուրի հարգանքին։ Եթե պատահի, որ խոսեք դաժան կանանց մասին՝ Օվիդիոսը ձեզ կառաջարկի իր Մեդեային․ եթե կախարդուհիների և վհկուհիների մասին՝ Հոմերոսը ձեզ կցուցի Կալիպսոյին, իսկ Վերգիլիոսը՝ Ցիրցեային․ եթե խիզախ զորավարների մասին՝ Հուլիոս Կեսարը ձեզ կառաջարկի ինքն իրեն իր Նոթերում, իսկ Պլուտարքոսը կտա ձեզ մի հզոր Ալեքսանդր։ Սիրո մասին խոսեք․ տոսկանական լեզվի հատիկաչափ գիտելիք ունենալով կգտնեք Լևոն Հրեային,<ref>Լեոն Էբրիո (գրող XV-XVI դարերում) ― իսպանական հրեա, որ վերաբնակվել է Իտալիայում։ Այն ժամանակներում մեծ ժողովրդականություն ստացած «Դիալոգներ սիրո մասին» գրվածքի (1535) հեղինակ։</ref> որը կդատարկի ձեզ համար մի լիքը չափ։ Իսկ եթե ձեզ հաճելի չէ շրջագայել օտար երկրներում, ապա ձեր տանն էլ կճարվի Ֆոնսեկայի երկը Աստվածային սիրո մասին, <ref>Ավգուստինյան աբեղա Քրիստոբալ Ֆոնսեկայի «Del amor de Dios» քննախոսությունը, որը հրատարակվել է 1594 թվականին։</ref> որում ամփոփված է այն ամենը, ինչ կարող է գրված լինել այդ մասին․ ո՛չ դուք, ո՛չ ամենանուրբ գիտակը չի ցանկանա ավելին։ Եվ այսպես, աշխատեցեք միայն ձեր պատմվածքի մեջ հիշատակել այդ անուններն ու շոշափել իմ թված երկերը, իսկ դիտողություններ և ծանոթագրություններ կազմելը ես վերցնում եմ ինձ վրա և երդվում եմ ձեզ, կլցնեմ ձեր գրքի բոլոր լուսանցքները և առնվազը չորս թերթ կգրեմ նրա վերջում։
Այժմ անցնենք զանազան հեղինակների ցուցակին, որ բերվում է ուրիշ գրքերում և պակասում է ձերին։ Սրա միջոցը շատ հասարակ է․ ձեզ միայն հարկավոր է գտնել մի գիրք, որտեղ թված լինեն բոլոր հեղինակները А֊ից մինչև Z, ինչպես արտահայտվում եք դուք, և այդ այբբենական ցանկը կզետեղեք ձեր գրքում․ և թեկուզ պարզից պարզ լինի խաբեությունը, ոչ մի դժբախտություն չի պատահի, որովհետև դուք ոչ մի կարիք չունեք փոխառություն անելու այդ հեղինակներից, իսկ գուցե և գտնվեն այնպիսի պարզամիտներ, որոնք կհավատան, թե ձեր անկեղծ և անխարդախ պատմվածքի մեջ այդ բոլոր երկերն օգտագործել եք։ Եվ եթե նույնիսկ հեղինակների երկար ցուցակը ձեզ ուրիշ բանի պետք չգա, համենայն դեպս նա միանգամից ձեր գրքին կտա նշանակալիություն, ― առավել ևս, որ ոչ ոք չի ստուգի, թե հետևե՞լ եք արդյոք այդ հեղինակներին, թե չեք հետևել, քանի որ դա ոչ ոքի հոգը չէ։ Բայց կասեմ ավելին․ եթե ես ճիշտ եմ հասկանում, ձեր պատմվածքն ամենևին կարիք չունի պաճուճանքի, որը, ձեր ասելով պակասում է նրան, որովհետև դա մերկացումն է ասպետական վեպերի, որոնց մասին երբեք չի հիշատակել Արիստոտելը, ոչինչ չի ասել սուրբ Բարսեղը, և ոչ մի պատկերացում չուներ Ցիցերոնը։ Նրա մտացածին անհեթեթությունները ոչ մի ընդհանուր բան չունեին ճշմարտության ստույգ պահանջների և աստղագիտության դիտողությունների հետ․ երկրաչափական չափումները նույնքան քիչ էական են նրա համար, որքան և փաստարկների ժխտումը, որոնցից օգտվում են ճարտասանները․ նա գործ չունի քարոզ կարդալու, խառնելով մարդկային գործերը աստվածային գործերի հետ, ― իսկ այդպիսի խառնումից պետք է զգուշանա ամեն մի խելացի քրիստոնյա։ Միակ բանը, որից պետք է օգտվեք ձեր երկում, դա նմանողությունն է, որովհետև որքան կատարյալ լինի նմանողությունը, այնքան ավելի լավ կլինի պատմվածքը։ Եվ քանի որ ձեր երկն ուղղված է սոսկ այն բանին, որպեսզի ոչնչացվի այն ազդեցությունն ու նշանակությունը, որ ունեն ասպետական վեպերը չլուսավորված ժողովուրդի մեջ, ապա կարիք չունեք աղերսելու փիլիսոփաներից ասացվածներ, սուրբ գրքից՝ խրատներ, պոետներից՝ հեքիաթներ, ճարտասաններից՝ ճառեր և սրբերից՝ հրաշքներ․ աշխատեցեք միայն, որ ձեր խոսքերը լինեն հասկանալի, արտահայտիչ, պատշաճ, լավ տեղադրված, և որպեսզի ձեր խոսքը հոսի կարկաչուն և գեղակառույց հաջորդականությամբ, թող ամենուրեք, ուր դա մատչելի ու հնարավոր է, դրսևորվի ձեր դիտավորությունը․ ձեր մտքերը շարադրեցեք հասկանալի, առանց շփոթելու և մթագնելու դրանք․ հոգ տարեք նաև այն մասին, որ ձեր պատմվածքն ընթերցելիս մելամաղձոտը ծիծաղի, զվարճասերն ավելի զվարթանա, պարզամիտը չձանձրանա, խելոքը հիանա ձեր հնարամտությամբ, որպեսզի լուրջ մարդը չարհամարհի այն, իսկ ողջամիտը չմերժի իր գովեստը։ Մի խոսքով, աչքից բաց մի թողեք ձեր նպատակը՝ քանդել այն երերուն հսկա շենքը ասպետական երկերի, որոնք շատերն ատում, բայց ավելի շատ մարդիկ էլ գովերգում են․ և եթե հասնեք դրան, դուք արդեն շատ բանի հասած կլինեք։
Ադմին, Վստահելի
1876
edits