Changes
/* Գլուխ VI */
Տնտեսուհին ո՛չ հիմար էր, ո՛չ էլ խուլ։ Նա ավելի սիրով կայրեր աշխարհիս բոլոր գրքերը, քան ամենանուրբ քաթան կհյուսեր։ Նա միանգամից ութ հատ խոշոր հատոր խտտելով լուսամուտից դուրս գցեց։ Բայց որովհետև նա շատ էր վերցրել, գրքերից մեկը վայր ընկավ դալլաքի ոտների մոտ։ Սա կամեցավ տեսնել գրքի անունը և կարդաց՝ Հռչակավոր ասպետ Տիրանա Ճերմակի պատմությունը։
― Տեր ողորմյա, ― գոչեց բարձրաձայն քահանան, ― մի՞թե Տիրանա Ճերմակն այստեղ է։ Շուտով տվեք ինձ նրան, սիրելի խնամի։ Հավատացած եղեք, որ ձեր առջև են հաճույքի գանձ և զվարճալիքների անսպառ աղբյուր։ Նրա մեջ նկարագրված են արի ասպետ դոն Կիրիելեյսոն Մոնտալբանցին, նրա եղբայր Թոմաս Մոնտալբանցին և Ֆոնսեկա ասպետը։ Նրա մեջ պատմված է արի Տիրանտի մարտի մասին շան դեմ, Պլասերդեմիվիդա աղջկա խորամանկության մասին, Ռեսպոսադա այրիի <ref>Մի շարք զավեշտական այլաբանական անուններ։ Quirieleison նշանակում է «տեր ողորմկա», Placerdemavida՝ «իմ կյանքի սփոփանք», Reposoda՝ «հաճայական,գոհացողական»։ </ref> սիրաբանությունների և բանսարկությունների մասին, կայսրուհու մասին, որ սիրահարված է եղել իր կառապան Հիպպոլիտին։ Սուտ ասած չեմ լինի, սինյոր խնամի, ըստ ոճի՝ դա աշխարհիս ամենալավ գիրքն է՝ ասպետներն ուտում, քնում, մեռնում են իրենց մահճակալների վրա, մեռնելուց առաջ կտակ են գրում և հազար ուրիշ օգտակար բաներ, որ այդ տեսակի այլ վեպերում չեն հիշատակվում։ Եվ այնուհանդերձ, ասում եմ ձեզ, հեղինակն արժանի է իր օրերն ավարտելու տաժանակիր աշխատանքի մեջ, որովհետև այդ բոլոր ախմախությունը նա հիմարաբար է գրել։ Վերցրեք այդ գիրքը, կարդացեք և դուք կտեսնեք, որ իմ բոլոր ասածները զուտ ճշմարտություն են։
― Ես այդպես էլ կանեմ, ― պատասխանեց դալլաքը, ― իսկ մնացած մանր գրքե՞րն ինչ անենք։