Changes
/* Գլուխ ութ․ Մառախլապատ գերեզմանոցում */
— Իզուր մի փնտրեք ձեր հագուստը, միևնույնն է, չեք գտնի,— ասաց Թոմը դամբանաբլուրից վայրկենապես ցած թռչելով և հոբիթների շուրջը պար գալով, ասես ոչինչ չէր եղել:
— Էդ ինչու՞ չփնտրեմ,— զարմացավ Փինը ուրախ տարակուսանքով, նայելով պար եկող Բոմբանդիլին: — Բա ո՞նց:
Թոմը միայն գլուխն օրորեց:
— Ավելի լավ է՝ ուրախացեք, որ այս աշխարհ եք դուրս եկել անդառնալի խորքերից. մոլեգին հոգեառներից փրկություն չկա: Գերեզմանների խավար փոսերում թոթափեք ձեր վրայից գերեզմանային փոշին և խոտերի մեջ մերկ մնացեք... Իսկ ես գնացի որսի:
Նրանք կատարեցին թոմի ասածը: Թոմը ցատկոտելով սուրաց ինչ որ տեղ և վերադարձավ բավական ուշ (նրանք հասցրեցին քրտնելու աստիճան տաքանալ և մեռնելու աստիճան սովածանալ), բայց հինգ բեռնավորված պոնի հետը բերելով: Նրանց հետևից վարգում էր վեցերորդը՝ մյուսներից գեր ու ամրակազմ:
— Հապա վերցրեք ձեր ձիերը,— ասաց Թոմը: — Այս խեղճերը ահաբեկվել են և ձեզնց փախել են՝ տերերին լքել են: Ձիերի քիթը քամուն է, հենց հոգեառների հոտն առան՝ վայրկենապես կչքվեն: Բայց նրանց հայհոյել չի կարելի... Ո՞վ է տեսել, որ ճամփորդն ինքն իրեն գցի գերեզմանոց: Գուցե հոբիթները պետք է ձիերից սովորե՞ն: Տեսնու՞մ ես, սրանց բեռն ու բարձը տեղն է: Կեցցեք, ձիուկներ... Լավ էլ հոտառություն ունեն՝ փախել են հոգեառներից, ստորգետնյա անողոք մահից... Ոչ, նրանց հայհոյել չի կարելի:
— Իսկ վեցերորդն ու՞մ համար է,— հարցրեց Ֆրոդոն:
— Ինձ համար,— պատասխանեց Թոմը: — Նա իմ ընկերն է: Թափառում է, որտեղ սիրտն ուզում է: Բայց հենց ձայն եմ տալիս, իսկույն վազում է: Թոմը հոբիթներին կտանի ամենակարճ ճանապարհով, որպեսզի նրանք հենց այսօր ևեթ հասնեն Ուղի:
Հոբիթները հրճվանքի մեջ էին և նրանց շնորհակալություններին վերջ չկար, իսկ Թոմը ծիծաղեց ու ասաց.
— Թոմին Ոսկեհատիկն է սպասում և հոգսերի մեջ խրված է մինչև ծոծրակը: Թոմը կուղեկցի հոբիթներին, որպեսզի անհանգիստ չլինի: Ախր նրանք ի՞նչ տեսակ ժողովուրդ են: Անթիվ անհամար հոգսեր են պատճառում: Հազիվհազ ազատում ես Ծթուց, գետնի տակ են մտնում: Եթե մինչև ուղի չհասնեն, ապա վաղը ի՞նչ կանեն... Ոչ, ավելի լավ է ուղեկցել նրանց ու ազատվել:
Դեռ ժամը տասը չկար, բայց հոբիթները հաճույքով կճաշեին, եթե ուտեստ ունենային: Եղածը միայն նախաճաշի համար բավականացրեց: Նրանք կերան բոլորը, ինչ պահել էին նախորյակից և համարյա բոլորը, ինչ բերել էր Թոմը: Թեպետ հոբիթների համար եղածը քիչ էր, սակայն նրանց հոգին կարգին թեթևացավ: Մինչ նրանք նախաճաշում էին, Թոմը շրջում էր բլրի վրա ու գանձերը հավաքում: Դրանց մեծ մասը նա մի կայծկլտուն կույտ արեց՝ «Թող գտնի, ով գտնի ու հանգիստ վայելի. թռչուն լինի, գազան, մարդ, թե էլֆ»: — Այսպես հանվեց գերեզմանային նզովքը, որպեսզի հոգեառները նորից չհայտնվեին այստեղ: Իրեն վերցրեց մի շափյուղա ու կրծքազարդ՝ թավիշ ու փայլփլուն, ասես թիթեռի թևեր: Թոմը երկար նայեց դրան, ասես ինչ-որ բան հիշելով: Հետո գլուխն օրորեց ու ասաց.
— Նա, ով մի ժամանակ սա իր ուսին էր կրում, շափյուղայից արևավառ էր... Որեմն, թող այս կրծքազարդը կրի Ոսկեհատիկը. մեզ համար անցյալից հիշատակ կլինի՝ կենդանի աստղիկ:
Յուրաքանչյուր հոբիթի մեկ դաշույն հասավ՝ երկար, ուղիղ, շեղբի վրա ոսկեկարմիր օձապատկեր նախշով: Մերկացված՝ դրանք շողշողում էին սառն ու դաժան, իսկ պատյանները սև էին, թեթև ու ամուր, գույնզգույն քարերով պատված, անծանոթ մետաղից: Թե՛ դրանք պահել էին հիանալի պատյանները, Թե՛ գերեզմանոցային հմայախոսն էր պահպանել, բայց մաքուր շեղբերի վրա ժանգի բիծ անգամ չկար:
— Ճստիկներին դաշույնները շատ պետք կգան,— ասաց Թոմը: — Շատ անգամ կպատահի, որ նրանց վրա գիշերը կհարձակվեն Տիրակալի (որը ավազակի պես թաքնված է Հրամեջ լեռան մոտ) չար ծառաները: Բայց սրանից հետո ձեզ հանկարծակիի բերել հնարավոր չէ: Հոբիթները զինված են Արնորյան դաշույններով, որոնց հարվածները մահացու են խոցում թշնամուն...
Նա հոբիթներին բացատրեց, որ դաշույնները կռել հազար հինգ հարյուր տարի առաջ Արնոր թագավորության զինագործները: Թագավորությունն ընկել է հյուսիսից եկածների գրոհից: Զենքի ուժով նրան երևի թե տապալել հնարավոր չէր լինի, բայց տապալեց չար կախարդանքը, որովհետև կախարդներն այն ժամանակ տիրել էին հյուսիսային Անգմարյան երկրամասը:
— Այն ամենը, ինչ եղել է, վաղուց մոռացել են,— ասես ինքն իրեն խոսում էր Թոմը: — Աշխարհում միայն մենավոր ճամփորդները, հին տիրակալի սերունդներն են պահպանում անհոգ ժողովուրդների հանգիստը: Բայց այդ ճամփորդները շատ քիչ են: Ռազմիկներ քիչ են մնացել...
Հոբիթներն այնքան էլ չէին հասկանում, թե ինչ է փնթփնթում նա, բայց նրանց աչքերի առջև հանկարծ հառնեցին անհամար տարիները որպես անծայրածիր դաշտավայր, որտեղ թափառում էին մարդիկ, ասես հատուկենդ ստվերներ, բայձրահասակ ու մռայլադեմ, երկար սրերով գոտևոևված, իսկ վերջինը՝ խավար աստղը ճակատին: Հետո տեսիլքը խավարեց և նրանց աչքերին խփեց արևի լույսը: Դանդաղելու պատճառ չկար: Արագորեն պարկերը կապելով (Մերին, Փինը և Սամը վաղուց արդեն հագել էին հետները վերցրած հագուստները), բարձեցին դրանք պոնիներին: Նվեր ստացած զենքը կախ էր ընկած գոտիներից ու ոտքի տակ էր ընկնում՝ այ սա արդեն պետք չէր, մտածում էին նրանք: Իհարկե, ի՜նչ իմանաս, ինչ կպատահի, բայց դե որ մարտի բռնվեն, այն էլ սրերո՞վ...
Ստիպված եղան գնալ ավելի հեռու, քան իրենք կարծում էին: Եթե նույնիսկ երեկ նրանք Քարի մոտ չքնեին, միևնույնն է, երեկոյան նպատակակետին չէին հասնի: Մուգ շերտը, որը երևում էր դամբանաբլրից, պարզվեց, որ ոչ թե Ուղին է, այլ խոր խանդակի եզրին աճած թփուտը:
— Դա հին թագավորության սահմանն է,— ասաց Թոմն ու խոժոռվեց, հիշելով ինչ որ բան, որի մասին պատմել չէր ուզում: Խանդակի մյուս եզրով խուլ ու բարձր պատ էր ձգվում:
Թոմը նրանց տարավ ցածրով, պատի ճեղքվածքի միջով անցնող խոտածածկ արահետով, և նրանք վարգով իջան լայն դաշտավայր: Մեկ-երկու ժամ հետո բարձունքից նրանց երևաց հին Ուղին՝ ամայի, ու անծայրածիր:
— Վերջապես հասանք,— ասաց Ֆրոդոն: — Իմ կարճ ճանապարհից մենք մի երկու օր ենք հետ ընկել, ոչ ավելի: Եվ գուցե ոչ իզուր՝ նրանց մեր հետքից շեղել ենք:
Երեք ճամփորդները նրան նայեցին: Բոլորը միանգամից հիշեցին Սև Հեծյալներին ու կիսամոռացված վախը: Նրանք նայեցին մայր մտնող արևին և մի հայացքով ստուգեցին Ուղին՝ ոչ ոք չկար, դատարկություն էր:
— Իսկ դու կարծում ես,— ասաց Փինը,— որ հիմա էլ, այս երեկոյա՞ն էլ մեզ կհետապնդեն:
— Ոչ,— Ֆրոդոյի փոխարեն անսպասելի պատասխանեց Թոմ Բոմբանդիլը: — Վաղն էլ հազիվ թե լինի՝ ինչ-որ տեղ մոլորվել են: Ի դեպ, ես ճշգրիտ չգիտեմ, այստեղ օտար հողեր են: Ու չեմ էլ ուզում իմանալ այդ ավազակներին...
Հոբիթները շատ էին ուզում, որ նա էլի գար իրենց հետ: Ախր նա Սև Հեծյալների հետ էլ հաշվեհարդար կտեսներ. ու նրանք այնպես ցանկացան տուն գնալ, և այնպե՜ս անիմաստ էր մութ, հրաբորբ, անհասկանալի հեռուն... Նրանք լուռ կանգնել էին ու չէին շտապում հրաժեշտ տալ, նույնիսկ երբ Թոմն արդեն հրաժեշտի խոսքեր էր ասում.
— Ահա ձեզ իմ վերջին խորհուրդը. այսօր երեկո կհասնեք մի գյուղ, որի անունն է Լեռնամոտ: Լեռնամոտում մի հին պանդոկ կա, որի տերը Նարկիսն է՝ դատարկ, բայց հավատարիմ մի մարդ՝ ձեզ ավազակներին չի մատնի: Նրա տունը շատ պատուհաններ ունի և սիգարշավող պոնիով մեծ ցուցանակը հեշտ է գտնելը: Կգիշերեք պանդոկում, լավ է քուններդ կառնեք՝ և առավոտյան նորից առաջ: Ձեր ճանապարհը կարճ չէ... Իսկ հիմա, համարձակ, ճստիկներս... Ճամփա ընկեք, ճակատագրին ընդառաջ: Հիմա գլխավորն այն է, որ մենք մինչև երեկո հասնեք Լեռնամոտ:
Նրանք խնդրեցին Թոմին, որ ուղեկցի իրենց մինչև պանդոկ ու հրաժեշտի թաս խմի իրենց հետ, բայց նա ծիծաղելով հրաժարվեց, ասելով.
<poem>
Այստեղ վերջանում են երկրներն հավատարիմ ինձ հավետ,
Հրաժեշտ տանք իրար, բարեկամներ առհավետ...
</poem>
Նա շրջեց պոնին, գլխարկը դրեց ու ընդմիշտ անհետացավ հողաթմբի հետևում:
— Շատ ափսոս, որ հիմա առանց պարոն Բոմբանդիլի մնացինք,— տխուր ասաց Սամը: — Այ, ով լավ գիտեր, թե ինչն ինչոց է: Ինչքան էլ գնանք, էլ նրա նմանին չենք հանդիպի... Իսկապես հրաշալի պարոն էր... Իսկ «Պոնիի» մասին ոնց էր ասում, ոնց որ «Կանաչ վիշապի» մասին խոսեր: Էդ ո՞վ է ապրում էդ Լեռնամոտում:
— Եվ հոբիթներ, և հսկաներ,— ասաց Մերին,— իսկ ընհանրապես՝ ինչպես մեզ մոտ է: Բրենդիզայքներն այնտեղ եղել են, ասում են՝ ոչինչ:
— Գուցե և ոչինչ,— նկատեց Ֆրոդոն,— բայց Հոբիթստանը վերջացավ: Եվ դուք արդեն, խնդրում եմ, ձեզ չզգաք «ինչպես տանը»: Ու միաժամանակ հիշեք, որ ես հիամ բոլորովին էլ Պարկինս չեմ: Որ հարցնեն, ուրեմն Զառիթափցի եմ:
Նրանք գնում էին աղջամուղջին, մութը թանձրանում էր հետևում ու առջևում, բայց շուտով հեռվում լույսեր առկայծեցին: Զառիվեր բլրալանջը ծածկում էր խավար երկինքը, իսկ ներէևում փռված էր մեծ գյուղը: Դեպի այնտեղ էլ նրանք շտապեցին՝ հուսալով տաք կրակ, դուռ ու տանիք գիշերելու համար:
===Գլուխ ինը․ «Սիգարշավող Պոնի»===
Արդեն մթնել էր ու երկնքում հայտնվել էին աստղերը, երբ Ֆրոդոն ու նրա ուղեկիցներն անցան մամռոտ ճամփաբաժանը և դեմ առան փակ Արևմտյան Դարպասին: