Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 42 982 բայտ, 15:17, 18 Ապրիլի 2015
/* Գլուխ XXI */
― Ես այդ կանեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը և բարձրացնելով աչքերը, տեսավ այն, ինչի մասին կպատմենք հետևյալ գլխում։
 
 
==Գլուխ XXII==
 
Այն մասին, թե ինչպես դոն Կիխոտը ազատություն տվեց բազմաթիվ թշվառների, որոնց տանում էին հակառակ նրանց կամքի այնտեղ, ուր որ նրանք չէին ուզում գնալ
 
 
Արաբական և լամանչական գրող Սիդ Համետ Բենենխելին պատմում է իր շուրջ, բարձրաոճ, պարկեշտ, քաղցր ու մտածված պատմության մեջ, որ հռչակավոր դոն Կիխոտ Լամանչեցու և Սանչո Պանսայի միջև տեղի ունեցած զրույցից հետո հետո, որ շարադրված է քսանմեկերորդ գլխի վերջում, դոն Կիկոտը բարձրացրեց իր աչքերն ու տեսավ, որ իր դիմաց, նույն ճամփով, որով նրանք էին գնում, մոտ քսան մարդ էին շարժվում ոտով, որոնք, թազբեի պես, մեծ երկաթե շղթայի վրա էին շարված՝ նրանց պարանոցը շղթայված էր և բոլորն էլ ձեռքերին կապանք էին կրում։ Երկու ձիավոր և երկու փիադա մարդիկ նրանց ուղեկցում էին։ Ձիավորները զինված էին պատրույգավոր հրացաններով, իսկ փիադաները՝ նիզակներով ու թրերով։ Սանչոն նրանց տեսնելուն պես ասաց․
 
― Ահա տաժանակիր աշխատանքի դատապարտվածների շարան, թագավորական ստրուկների, որոնց տանում են թիանավերի վրա աշխատեցնելու։
 
― Ինչպե՞ս թե ստրուկներ, ― հարցրեց դոն Կիխոտը։ ― Հնարավո՞ր է միթե, որ թագավորը բռնության դիմի։
 
― Ես ա՛յդ չեմ ասում, ― պատասխանեց Սանչոն, ― այլ ուզում եմ ասած լինել, որ այդ մարդիկ, իրենց ոճրագործությունների համար դատապարտված են թիանավերի վրա բռնի ծառայության թագավորի համար։
 
― Մի խոսքով, այսպես թե այնպես, ― առարկեց դոն Կիխոտը, ― այս մարդկանց քարշ են տալիս և նրանք գնում են, ենթարկվելով բռնության և ոչ թե իրենց բարի կամքով։
 
― Հենց այդպես է, որ կա, ― պատասխանեց Սանչոն։
 
― Որ այդպես է, ― շարունակեց նրա տերը, ― հենց այստեղ է, որ ես պետք է կատարեմ իմ պարտականությունը՝ ոչնչացնեմ բռնությունը և նպաստեմ ու օգնեմ թշվառներին։
 
― Նկատի առեք, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն, ― որ արդարադատությունը, այլապես ասած՝ ինքը թագավորը, ոչ թե բռնանում ու հալածում է այս մարդկանց, այլ միայն պատժում է նրանց ոճրագործությունների համար։
 
Այդ միջոցին տաժանակիր աշխատանքների դատապարտվածների շարանը մոտեցավ, և դոն Կիխոտը ամենասիրալիր արտահայտություններով խնդրեց պահակախմբից, որ բարի լինեն հայտնել և բացատրել իրեն պատճառը կամ պատճառները, թե ինչու են այդ մարդկանց նման կերպով տանում։ Պահակախմբից մեկը՝ ձիավորը, պատասխանեց, թե դրանք տաժանակիր աշխատանքի դատապարտվածներ են, նորին մեծության պատկանող մարդիկ և որ նրանց տանում են թիանավերի վրա աշխատեցնելու։ Ահա և ամենը, և ավելին իմանալու կարիք չունի նա։
 
― Այնուհանդերձ ես կկամենայի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― նրանցից ամեն մեկին հարց ու փորձ անել նրա դժբախտության պատճառի մասին։
 
Այս խոսքերին նա այնքան սիրալիրություններ ավելացրեց, որպեսզի նրան մղած լինի իր խնդիրը կատարելու, որ վերջապես պահակախմբի երկրորդ ձիավորն ասաց․
 
― Թեև մենք հետներս այս դժբախտների դատավճիռների լիակատար արձանագրությունները ստանում ենք, բայց հիմա ժամանակ չկա կանգ առնելու, թղթերը հանելու և կարդալու։ Ավելի լավ է, ձերդ ողորմածություն, մոտենաք նրանց ու հարց ու փորձ անեք, եթե նրանք ուզենան, իրենք կպատմեն ձեզ, իսկ նրանք անշուշտ կուզենան, որովհետև այս տղաների համար ավելի մեծ բավարարվածություն չի լինի, քան մուռտառություն անել կամ պատմել մուռտառ բաներ։
 
Ստանալով այս թույլտվությունը (առանց որի նա կարող էր շատ լավ յոլա գնալ), դոն Կիխոտը ձին քշեց շարանի մոտ և հարցրեց առաջին տաժանակիր աշխատանքի դատապարտվածից, թե ի՞նչ մեղքերի համար է այդպիսի ցավի մեջ ընկել։ Սա պատասխանեց, որ ընկել է, որովհետև սիրահարված է եղել։
 
― Ինչպե՞ս թե, միայն ու միայն դրա՞ համար, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Եթե բոլոր սիրահարվածներին թիանավերի վրա քշելու լինեին, ապա ես վաղուց հետև պիտի թիանավի վրա թիավարելիս լինեի։
 
― Ձերդ ողորմածությունն այն սիրո մասին չի խոսում, ― պատասխանեց դատապարտվածը։ ― Իմ սերն այն տեսակ էր, որ ես սպիտկեղենով մի կողովի վրա էի սիրահարված և այնպիսի կրքով էի այն սեղմել կրծքիս, որ եթե արդարադատությունը ուժով խլած չլիներ, ես մինչև օրս հոժարակամ չէի բաժանվի նրանից։ Ես բռնվեցի տեղն ու տեղը, ուստի տանջանք գործադրելով հարցաքննելու կարիք չեղավ և իմ գործով վճիռ կայացավ՝ մտրակով հարյուր հարված տվին մեջքիս, սրա վրա էլ երեք տարի գուրապ։<ref>Գողերի խոսվածքից վերցրած բառ։</ref>
 
― Գուրապն ի՞նչ բան է, ― հարցրեց դոն Կիխոտը։
 
― Գուրապը թիանավ է, ― պատասխանեց դատապարտվածը։
 
Դա մոտ քսանչորս տարեկան մի տղա էր, իր ասելով ծնված Պիյեդրաիտում։ Նույն հարցով դոն Կիխոտը դիմեց երկրորդին, բայց սա տխուր ու տրտում, շարունակում էր քայլել և ոչ մի խոսք չէր պատասխանում։ Նրա փոխարեն պատասխանեց առաջինը․
 
― Սրան, սինյոր, նրա համար են աքսորում, որ դեղձանիկ է եղել, այլ խոսքով երգիչ և երաժիշտ։
 
― Ինչպե՞ս թե, ― դարձյալ հարցրեց դոն Կիխոտը։ ― Մի՞թե երգիչ ու երաժիշտներն էլ են թիանավ քշում։
 
― Այո, սինյոր, ― պատասխանեց տաժանակիրը, ― ավելի վատ բան չի լինի, քան տագնապի պահին երգելը։
 
― Իսկ ես հակառակն եմ լսել, ― առարկեց դոն Կիխոտը, ― «ով որ երգում է, նրան դժբախտություն չի հասնում»։
 
― Իսկ այստեղ այլ կերպ է դուրս գալիս, ― ասաց տաժանակիրը, ― ով որ մի անգամ երգի, այլևս ողջ կյանքը արցունք կթափի։
 
― Բան չեմ հասկանում, ― հայտարարեց դոն Կիխոտը։ Սակայն այստեղ պահակախմբից մեկն ասաց նրան․
 
― Սինյոր կաբալյերո, այս ամբարիշների լեզվով տագնապի պահին երգելը կնշանակի՝ տանջանքով կատարած հարցաքննության միջոցին խոստովանելը։ Այս հանցագործին տանջել են և նա խոստովանել է իր ոճիրը։ Նա անասուն փախցնող է եղել, այսինքն, ամեն տեսակ անասուն է գողանալիս եղել և երբ որ նա խոստովանել է, նրան վեց տարով թիանավերի վրա աշխատանքի են կտրել, վրան էլ երկու հայրյուր մտրակի հարված հասցրել, հետքը նրա մեջքի վրա է արդեն։ Նա մտախոհ ու վշտաբեկ զառանցում է, որովհետև մնացյալ խարդախները, որ նրա հետ գնում են, արհամարհում են նրան, նախատում, հոգին մաշում ու հալածում նրա խոստովանության համար, որ նա սիրտ չի ունեցել ուրանալու։ Որովհետև, ասում են նրանք, այո֊ն նույնքան տառ ունի, ինչքան և ոչ֊ը և որ յուրաքանչյուր հանցագործի համար մեծ շահ ունի այն, որ նրա կյանքն ու մահը կախված են ոչ թե վկաներից կամ փաստերից, այլ սեփական լեզվից։ Եվ ես կարծում եմ, որ նրանք բավական ճիշտ են դատում։
 
― Ես էլ նույն կարծիքի եմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
 
Ապա նա մոտեցավ երրորդին և նրանից էլ նույն բանը հարցրեց, ինչ որ առաջին երկուսից։ Սա առանց քաշվելու և ժիր կերպով պատասխանեց․
 
― Ես հինգ տարով գնում եմ սինյոր գուբապների մոտ նրա համար, որ չունեի տասը դուկատ։
 
― Ես ամենայն սիրով ձեզ քսան դուկատ կտամ, միայն թե ձեզ այս դժբախտությունից ազատեմ, ― գոչեց դոն Կիխոտը։
 
― Սա նման է այն մարդուն, ― պատասխանեց տաժանակիրը, ― որ ծովի մեջ նստել է նավի վրա և շատ փող ունի, իսկ ինքը սովամահ է լինոմ, որովհետև ուտելիք չի գտնում, որ գնի։ Ասելս այն է, որ եթե այն միջոցին ես ունենայի այդ քսան դուկատը, որ առաջարկում է ինձ ձերդ ողորմածությունը, նրանք կքսեի իմ քարտուղարի գրչին և կթարմացնեի իմ պաշտպանի ուղեղը և հիմա զբոսնելիս կլինեի Տոլեդոյի Սոկոդովեր հրապարակում և ոչ թե քարշ կգայի այս ճամփով, կապված այս ոհմակին, որպես վազկան շուն։ Բայց մեծ է Աստված, համբերություն՝ բավական է դրա մասին խոսելը։
 
Դոն Կիխոտը անցավ չորրորդին։ Դա մի պատկառելի արտաքինով մարդ էր, մինչև գոտին երկար ու ճերմակ միրուքով։ Լսելով, որ իրենից հարցնում են, թե ինչպես է այստեղ ընկել, նա լաց եղավ առանց մի բան պատասխանելու։ Բայց հինգերորդ տաժանակիրը, նրա թարգմանը հանդիսանալով, ասաց․
 
― Այս պատկառելի մարդը դատապարտված է թիանավի վրա չորս տարի թիավարելու, իսկ նախապես նրան հանդիսավոր կերպով, ձիու վրա ման են ածել փողոցներով։
 
― Թվում է թե, ― ասաց Սանչո Պանսան, ― որ այլ կերպ ասած՝ նրան խայտառակության են հանել։
 
― Միանգամայն ճիշտ է, ― շարունակեց տաժանակիրը, ― իսկ հանցանքը, որի համար նրան այդպես պատժեցին, այն է, որ նա եղել է միջնորդ ոչ այնքան բորսային, որքան սիրային գործերում։ Ավելի պարզ՝ կավատ է եղել, համ էլ մի քիչ կախարդ։
 
― Եթե նա մի քիչ կախարդ չլիներ, ― ասաց դոն Կիխոտը, ― այլ միմիայն կավատ,<ref>Հին Իսպանիայի արտոնյալ դասակարգերի կյանքի մեջ աչքի ընկնող դեր են խաղացել սիրային գործերի միջնորդները, որովհետև ընտանեկան կյանքի նահապետական բարքերը բացառում էին ամեն մի բացահայտ շփում տարբեր սեռերի երիտասարդության միջև։ Այդ «միջնորդների» մասին հենց նույնպիսի դրական գնահատական են տվել, ինչպես և նրանց հասարակական դերի վերաբերյալ համանման խորհրդածություններ են արտահայտել Խ․ դե Վերա֊Ի֊Ֆիգերոան («Ներբող կավատներին» գրքում՝ գրված XVI դարի վերջին, Լոպե դե Վեգան («Բարեկամ մինչ ի մահ» կոմեդիայում) և ուրիշները։</ref> նա պետք է ոչ թե թիանավի վրա թիավարեր, այլ ղեկավար և հրամանատար լիներ, որովհետև կավատի արհեստը հեշտ ու փլավ չէ։ Այդ գործը պահանջում է բավականին խելք և բարեկարգ պետության մեջ ծայր աստիճան անհրաժեշտ է։ Դրանով ամենալավ ծագումով մարդիկ պիտի զբաղվեին, և ավելորդ չէր լինի նրանց վրա տեսուչներ և վերահսկողներ նշանակել, ինչպես այդ ընդունված է այլ պաշտոնավարություններում և նրանց թիվը պետք է լինի խիստ սահմանափակ, ինչպես, օրինակ, բորսային միջնորդների թիվը։ Այդ եղանակով հնարավոր կլիներ բազմաթիվ չարաշահություններ վերացնել, որոնք ծագում են նրանից, որ այդ պատշտոնն ու արհեստը հիմար ու անկիրթ մարդկանց ձեռքն է ընկնում, ինչպես գրոշ չարժեցող կանանց, լակոտների և դատարկապորտների, որ չափազանց երիտասարդ ու անփորձ են․ դժվար վայրկյանին, երբ որ անհրաժեշտ է խելք բանեցնել, գդալը բերնի կողքովն են տանում և չեն իմանում, թե իրենց աջ ձեռքը որտեղ է։ Ես շատ բան կասեի ևս այդ առիթով և կշարադրեի ձեզ, թե ինչու պետության համար այդքան կարևոր պաշտոնի պետք է ընդունել մարդկանց մեծ ընտրությամբ, բայց այդ բոլորի համար տեղը հարմար չէ։ Երբևիցե ես կզեկուցեմ այդ այն մարդկանց, որոնցից կախված է այդ ամենը կարգի գցելն ու շտկելը։ Իսկ հիմա կասեմ միայն, որ շատ ցավալի էր ինձ համար իմանալ, որ ալեզարդ և տեսքով այդքան պատկառելի մի մարդ պատժի է ենթարկված կավատության համար, սակայն իմ ցավը չքացավ, հենց որ դուք ավելացրիք, թե նա կախարդ էլ է եղել, թեև ես շատ լավ գիտեմ, որ աշխարհիս երեսին կախարդ չկա և որ ոչ ոք չի կարող հրահրել կամ բռնանալ մեր կամքին, ինչպես կարծում են շատ պարզամիտ մարդիկ։ Որովհետև մեր կամքն ազատ է և ոչ մի բույս կամ բժժանք չի կարող բռնանալ նրա վրա։ Իհարկե, զանազան սնահավատ կանայք և խաբեբաներ կարող են խմոր ու խոտ եփել, որոնցով մարդկանց խելքահան են անում, կոխելով նրանց գլուխը, թե ի վիճակի են սիրել տալ, բայց, ինչպես ես արդեն ասացի, անկարելի է բռնանալ մարդկային կամքի վրա։
 
― Դուք միանգամայն արդարացի եք, ― ասաց բարի ծերունին, ― և հավատացնում եմ ձեզ, սինյոր, որ ոչ մի կախարդանքի մեղք չունեմ ես, գալով, թե կավատ եմ եղել՝ չեմ ժխտի։ Միայն թե ես երբեք չեմ կարծել, թե վատ բան եմ անում, որովհետև ես մեկ բան եմ ուզեցել՝ որ աշխարհիս երեսին բոլոր մարդիկ վայելք ունենան, ապրեն խաղաղ ու հանգիստ, առանց թշնամանքի ու տանջանքի։ Եվ բոլոր այս բարի ցանկությունները ահա թե ինչ պտուղ տվին, ինձ քարշ են տալիս այնպիսի տեղեր, որտեղից այլևս հույս չունեմ վերադառնալու, որովհետև ծանրաբեռնված եմ տարիքով, համ էլ միզափամփուշտս այնպես է ցավում, որ ոչ մի վայրկյան հանգիստ չունեմ։
 
Այստեղ նա դարձյալ լաց եղավ և Սանչոյի մեղքն այնպես եկավ, որ գրպանից մի փոքրիկ ռեալ հանեց և տվեց դատապարտյալին՝ որպես ողորմություն։
 
Իսկ դոն Կիխոտն անցավ հետևյալին և հարցրեց, թե ինչ է նրա հանցանքը։ Սա շատ ավելի ժիր պատասխանեց, քան նախընթացը։
 
― Ես նրա համար եմ այստեղ ընկել, որ չափազանց եռանդուն էի զվարճանում իմ երկրորդական քույրերի և երկու ուրիշ քույրերի հետ, որ արդեն իմը չէին։ Զվարճանք֊զվարճանք և նրանով վերջացավ, որ իմ արյունակցական կապերն այնպես խճճվեցին, որ ինքը սատանան էլ հիմա գլուխ չի հանի։ Բանը բացվեց, ոչ ոք ինձ չպաշտպանեց, փող չունեի և ես արդեն վճռեցի, որ կախաղան կելնեմ։ Ինձ դատապարտեցին թիանավի վեց տարով․ ես չվիճեցի՝ մեղավոր եմ ― մեղավոր եմ։ Բայց ես երիտասարդ եմ, կյանքը դեռ առջևս է և ամեն ինչ մի կերպով կդրստվի։ Եթե ձերդ ողորմածությունը կարող է որևէ բանով մեզ օգնել, Աստված դրա համար ձեզ կվճարի երկնքում, իսկ մենք այստեղ՝ երկրի վրա, անդադար կաղոթենք ձերդ ողորմածության կյանքի և առողջության համար․ թող Աստված ձեզ երկար կյանք տա և բարի առողջություն, ինչպես դուք արժանի եք։
 
Խոսողը ուսանողի զգեստ էր կրում, և պահակախմբից մեկը հայտնեց նրա մասին, թե նա մեծ ճարտասան է և լատիներեն լավ իմացող է։
 
Ամենավերջինը՝ մոտ երեսուն տարեկան մարդ էր՝ շատ հրապուրիչ արտաքինով, թեև շիլ աչքերով։ Նա ուրիշների պես չէր կաշկանդված։ Նրա ոտին երկար շղթա կար, որ փաթաթված էր նրա ողջ մարմնին, իսկ վզին երկու երկաթե վզկապ կար՝ մեկը կպցրած էր շղթային, իսկ մյուսը, որ կոչվում է «հսկիր բարեկամին» կամ «բարեկամի ոտը», երկու երկաթե ձողերով գոտու մոտ միանում էր կապանքներին, որոնցով բռնված էին նրա ձեռքերը և կողպված էին ահագին կողպեքով, այնպես որ նա չէր կարող ձեռքը բերանը տանել, գլուխը թեքել և շրթունքը հասցնել ձեռներին։ Դոն Կիխոտը հարցրեց, թե ինչու այս մարդու կապանքներն ավելի շատ են։ Պահակը նրան պատասխանեց․
 
― Նրա համար, որ նա մենակ ավելի հանցանք է գործել, քան բոլոր մնացյալները միասին։ Համ էլ նա այն տեսակ լկտի ու ետ ընկածն է, որ բոլոր այդ շղթաներով կաշկանդելուց հետո էլ մենք հավատացած չենք և վախենում ենք, որ չլինի թե փախչի։
 
― Նրա հանցանքները որո՞նք են, ― հարցրեց դոն Կիխոտը, ― քանի որ նրան միմիայն թիանավի են դատապարտել։
 
― Նա տասը տարով է դատապարտված, ― պատասխանեց պահակը, ― իսկ դա միևնույն է՝ թե քաղաքացիական մահ։ Բավական է ձեզ ասեմ, որ այդ տղան հռչակավոր Խինես դե Պասամոնտեն է, իսկ այլ կերպ նրան անվանում են՝ Խինեսիլյո դե Պարապիլյա։
 
― Զգույշ, սինյոր, ― սկսեց խոսել տաժանակիրը, թողեք անուններ ու մականուններ տալը։ Իմ անունը Խինես է և ոչ թե Խինեսիլյո, և ես Պասամոնտեի ցեղից եմ՝ և ոչ թե Պարապիլյայի, ինչպես ձերդ ազնվությունն է պնդում։ Դուք լավ կանեիք ձեր ցեղի մասին մտածեիք, շատ հետաքրքրական բաներ կբանայիք։
 
― Սուս, սինյոր, առաջին կարգի ավազակ, ― պատասխանեց կոմիսարը, ― թե չէ ես քեզ կլռեցնեմ, ուզենաս թե չուզենաս։
 
― Ճիշտ են ասում, ― պատասխանեց դատապարտվածը, ― որ ամեն ինչ Աստծու կամքից է կախված։ Բայց կգա ժամանակ, և ոմանք կիմանան, թե իմ անունը Խինեսիլյո դե Պարապիլյա է, թե չէ։
 
― Չէ՞որ մարդիկ քեզ այդպես են կոչում, սրիկա, ― հարցրեց վերակացուն։
 
― Կոչելը կոչում են, ― պատասխանեց Խինեսը, ― բայց ես կստիպեմ նրանց, որ ինձ այդպես չկոչեն, թե չէ ես կփետեմ նրանց մազերը այն տեղերում, որոնց անունը տալը անհարմար է։ Սինյոր կաբալյերո, եթե դուք մեզ մի բան տալու եք՝ դե շուտ տվեք և գնացեք ձեր ճամփան։ Մեզ ձանձրացրին ձեր հարց ու փորձերը ուրիշի գործերի մասին։ Իսկ եթե կամենում եք ինձնից բան իմանաք, ահա՝ ես Խինես դե Պասամոնտեն եմ, և իմ կենսագրությունը ես ահավասիկ այս մատներովս գրել եմ։
 
― Այդ նա ճիշտ է ասում, ― նկատեց պահակը։ ― Նա, իրոք, նկարագրել է իր կյանքը, այն էլ այնպես, որ ավելի լավ անկարելի է, միայն թե գիրքը մնացել է բանտում, նա գրավ է դրել երկու հարյուր ռեալով։
 
― Բայց ես այն հետ կգնեմ, ― ասաց Խինեսը, ― թեկուզ ստիպված լինեմ վճարել երկու հարյուր դուկատ։
 
― Այդքան լա՞վն է, ― հարցրեց դոն Կիխոտը։
 
― Այնքան լավը, որ Լապարիլյո դե Տորմեսն էլ և բոլոր նման գրքերն էլ, որ երբևիցե գրված էին, կամ գրված կլինեն, չեն հասնի նրան։ Կասեմ միայն ձերդ ողորմածությանը, որ նրա մեջ ամեն ինչ ճշմարիտ է և այնքան գրավիչ ու զվարճալի է, որ ոչ մի հերյուրանք նրան չի հասնի։
 
― Իսկ վերնագիրն ի՞նչ է, ― հարցրեց դոն Կիխոտը։
 
― Խինես դե Պասամոնտեի կյանքը, ― պատասխանեց դատապարտվածը։
 
― Եվ ավարտվա՞ծ է, ― դարձյալ հարցրեց դոն Կիխոտը։
 
― Ինչպե՞ս կարող է ավարտված լինել, ― պատասխանեց Խինեսը, ― եթե իմ կյանքը դեռևս չի վերջացել։ Գրքում նկարագրված է ամբողջ իմ կյանքը՝ սկսած ծնունդիցս մինչև այն վայրկյանը, որ վերջին անգամ թիանավ ընկա։
 
― Ասել է թե՝ թիանավի վրա էլի՞ եք եղել, ― հարցրեց դոն Կիխոտը։
 
― Ծառայելով Աստծուն ու թագավորին՝ ես անցյալ անգամ չորս տարի անց կացրի նրանց վրա և քարթու հացի ու մտրակի համը գիտեմ, ― պատասխանեց Խինեսը։ ― Սակայն ես այնքան էլ չեմ վշտանում, որ նորից եմ այնտեղ գնում։ Գրելու դեռ շատ բան է մնացել, իսկ իսպանական թիանավերի վրա աշխատողը այնքան ազատ ժամանակ է ունենում, որ չի իմանում ինչ անի։ Ասենք, իմ գրությունների համար շատ ժամանակ հարկավոր չի գա, որովհետև ես ամեն բան անգիր գիտեմ։
 
― Ղոչաղ տղա ես, ― ասաց դոն Կիխոտը։
 
― Եվ դժբախտ, ― ավելացրեց Խինեսը, ― որովհետև դժբախտությունը միշտ խելքը գլխին մարդկանց է հալածում։
 
― Դժբախտությունը անպիտաններին է հալածում, ― ընդհատեց պահակը։
 
― Ես արդեն ձեզնից խնդրեցի, սինյոր պահակ, ― ասաց Խինեսը, ― որ զգույշ լինեք։ Այս գավազանը խեղճերին կեղեքելու համար չեն հանձնել ձեզ, այլ նրա համար, որ մեզ տանեք և հասցնեք թագավորի նշանակած տեղը, թե չէ գետինը մտնեմ․․․ էլ մինչև վերջ չեմ ասում։ Լաքաները, որ դուք պանդոկում գցեցիք, միք անհանգստանա, կլվացվեն֊կանցնեն։<ref>Մի քանի մեկնաբաններ ցանկացել են տեսնել այստեղ ակնարկ ինչ֊որ ճանապարհային միջդեպի մասին, որ տեղի է ունեցել տաժանակիրների և կոմիսարի միջև, սակայն ավելի ճիշտ է, որ դա պարզապես մի առած է այն իմաստով, որ յուրաքանչյուր վիրավորանքի սպասում է հատուցում (սպասիր, հախիցդ կգան)։</րեֆ» Ուստի թող ամեն ոք սուս անի, մարդավարի ապրի, ավելի լավ բառեր ընտրի։ Եվ եկեք առաջ գնանք՝ զվարճացանք և հերիք է։
 
Պահակը գավազանը քաշեց, որ խփի Պասամոնտեին, նրա սպառնալիքի համար։ Սակայն դոն Կիխոտը կանգնեց նրանց միջև և խնդրեց դատապարտյալին չծեծել։ Ի՞նչ մի մեծ բան է, եթե ամուր կապված ձեռներով մարդու լեզուն մի քիչ արձակ լինի։ Ապա նա դարձավ դատապարտվածների շարանին և ասաց․
 
― Այն ամենից, ինչ որ դուք ինձ պատմեցիք, թանկագին եղբայրներ, ես պարզ հասկացա հետևյալը՝ թեև դուք պատժված եք ըստ արժանվույն, սակայն առաջիկա պատիժը, ինչպես երևում է, ձեզ շատ էլ դուր չի գալիս և դուք թիանավերի վրա եք գնում մեծ դժկամությամբ և հակառակ ձեր կամքի։ Շատ հնարավոր է, որ ձեր կորստյան պատճառը եղել է՝ մեկինը՝ փոքրոգությունը հարցաքննության տանջանքի միջոցին, մյուսինը՝ փողի պակասությունը, երրորդինը՝ հովանավորների բացակայությունը, չորրորդինը՝ դատավորների անարդար վճիռը։ Ահա՛ թե ինչու ճշմարտությունը, որ ձեր կողմն է եղել, չի հաղթանակել։ Բոլոր այդ հանգամանքները իմ միտս են գցում և ասում, համոզում ու անգամ հարկադրում ինձ ցույց տալու ձեզ, թե ինչ նպատակով է Աստված ինձ աշխարհ բերել, հրամայել, որ հարեմ ասպետական ուխտին, որի մեջ եմ նեկայիս, և ուխտ անել, որ պաշտպանելու եմ աշխարհիս զորավորերի կողմից բոլոր զրկվածներին ու կեղեքվածներին։ Բայց ես գիտեմ ― և դա խոհեմության կանոններից մեկն է, ― որ պետք չէ ուժ գործ դնել այնտեղ, որտեղ ամեն ինչ կարելի է խաղաղ դրստել, ուստի ես նախապես կհարցնեմ սինյոր պահակներից՝ չե՞ն հաճի արդյոք նրանք արձակել ձեր կապանքներն ու բաց թողնել խաղաղությամբ։ Որովհետև միշտ կգտնվեն մարդիկ, որ պատրաստ կլինեն ծառայելու թագավորին և առավել նպաստավոր պայմաններում, իսկ ինձ սաստիկ խստասրտություն է թվում ստրուկ դարձնել նրանց, որոնց Աստված ու բնությունը ազատ են ստեղծել։ Առավել ևս, սինյոր պահակներ, ― ավելացրեց դոն Կիխոտը, ― որ այս դժբախտները ձեր դեմ չեն մեղանչել։ Թո՛ղ յուրաքանչյուրը ի՛ր մեղքը տանի՝ կա Աստված երկնքում, և նա արթուն պատժում է չարության և պարգևատրում բարության համար, իսկ ազնիվ մարդիկ պետք չէ, որ ուրիշների համար դահիճ դառնան, մանավանդ որ նրանց հետ ոչ մի գործ չունեն։ Ես խնդրում եմ ձեզնից մեղմությամբ ու հեզությամբ, որպեսզի տեղիք լինի ձեզ շնորհակալ լինելու, եթե դուք իմ խնդիրքը կատարելու լինեք։ Իսկ եթե դուք հոժարակամ կատարելու չլինեք, այս նիզակը և թուրը և իմ բազկի զորությունը կհարկադրեն որ անեք հակառակ ձեր ցանկության։
 
― Այս ի՜նչ հիմար կատակ է, ― բացականչեց պահակներից մեկը։ ― Տեսեք թե ի՜նչ դատարկ բաներ է դուրս տալիս։ Նա կամենում է, որ մենք բաց թողնենք պետական հանցագործներին, կարծես թե մենք ունենք իշխանություն նրանց կապանքներն արձակելու, իսկ ինքը ունի իրավունք մեզ նման հրամաններ տալու։ Գնացեք, ձերդ ողորմածություն, բարով֊խերով, համ էլ ձեր գլխի ամանն ուղղեցեք և միք որոնի կատվի հինգերորդ ոտը, սինյոր։
 
― Դուք ինքներդ եք կատու, անասուն և գարշելի, ― գոչեց դոն Կիխոտը և այս խոսքերով այնպիսի արագությամբ հարձակվեց նրա վրա, որ նա ժամանակ չունեցավ պատրաստվելու հարվածին և գետին գլորվեց՝ սաստիկ ջարդված նիզակի հարվածից։
 
Դոն Կիխոտի բախտը բերեց, որովհետև հենց այդ պահակն էր զինված պատրույգավոր հրացանով։ Մնացածները շփոթվեցին և գլուխները կորցրին այդպիսի անսպասելի եղելությունից։ Բայց ուշքի գալով ձիավորները հանեցին թրերը, իսկ ֆիադաները՝ նիզակները և բոլորը միասին հարձակվեցին դոն Կիխոտի վրա, որ նրանց սպասում էր մեծ պաղարյունությամբ։ Եվ, անշուշտ, նրա բանը բուրդ կլիներ, եթե տաժանակիրները, տեսնելով, որ նրանց ազատվելու առիթ է ներկայանում, իրենց բոլոր ուժերը չլարեին և չխորտակեին իրենց կաշկանդող շղթաները։ Իրարանցում տիրեց։ Պահակները չգիտեին, թե ինչ անեն՝ տաժանակիրների վրա՞ հարձակվեն, որ կամաց֊կամաց ազատվում էին, թե՞ նրանց վրա տվող դոն Կիխոտից պաշտպանվեն, և, ընդհանրապես, դրանից բան դուրս չէր գալիս։ Իսկ Սանչոն այդ պահին օգնեց Խիմես դե Պասամոնտեին կապանքները արձակել և նա, շթայազերծ եղավ թե չէ, մոտ վազեց վայր ընկած պահակին, խլեց նրա ձեռքից հրացանն ու թուրը և սկսեց հերթով դեմ անել պահակներին մեկ թրի բերանը, մեկ հրացանի բերանը։ Սակայն հրացան արձակելը գլուխ չեկավ, որովհետև շուտով ռազմի դաշտում ոչ մի թշնամի չմնաց՝ նրանք բոլորն էլ փախուստ էին տվել Պասամոնտեի հրացանից և մնացած դատապարտվածների քարկոծությունից։ Այդ հանգամանքը շատ վշտացրեց Սանչոյին, որովհետև նա վճռեց, որ փախածները ամեն ինչ կհասցնեն Սանտա Հերմանդադի ականջին, իսկ վերջինս ահազանգ կտա և կաշխատի վրա հասնել ոճրագործներին։ Նա այդ մասին հաղորդեց իր տիրոջը և սկսեց համոզել նրան՝ որքան կարելի է շուտ հեռանալ և այստեղից ոչ հեռու գտնվող լեռնային կիրճերի խորքերում պատսպարվել։
 
― Լավ, ― ասաց դոն Կիխոտը, ― ես գիտեմ, թե մենք հիմա ինչ պիտի անենք։
 
Ապա նա հավաքեց տաժանակիրներին, որոնք անկարգ այս ու այն կողմ էին գնացել, նախապես կողոպտելով պահակին և թողնելով մորեմերկ։ Բոլորը եկան և շրջան կազմեցին սպասելով նրա հրամանին, և դոն Կիխոտն այսպես սկսեց․
 
― Երախտապարտ մարդիկ միշտ շնորհակալ են լինում իրենց բարերարներին։ Ոչ մի մեղք այնքան չի զայրացնում Աստծուն, ինչքան ապերախտությունը։ Ասելս այն է, սինյորներ, որ դուք նոր, սեփական փորձով համոզվեցիք, որ ես ձեր բարերարն եմ։ Փոխարենը ես ցանկանում եմ ― և այդ է իմ կամքը, ― որ դուք դնեք ձեր ուսերին շղթաները, որոնցից ես ձեզ ազատեցի, և անհապաղ ճամփա ընկնեք և գնաք Տաբոսո քաղաքը։ Այնտեղ դուք կներկայանք տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն և կասեք նրան, թե նրա Տխուր Պատկերի Ասպետը ողջույն է ուղարկում նրան և ապա բոլոր մանրամասնություններով կպատմեք նրան այն փառավոր արկածի մասին, որին դուք պարտավոր եք ձեր ըղձալի ազատագրությամբ։ Այդ անելուց հետո դուք կարող կլինեք գնալ բարով, ուր որ կամենաք։
 
Բոլոր դատապարտվածների փոխարեն Խինես դե Պասամոնտեն պատասխանեց՝ խոսելով այսպես․
 
― Սինյոր փրկիչ, ոչ մի կերպ հնարավոր չէ կատարել այն, ինչ որ ձերդ ողորմածությունը մեզ հրամայում է, որովհետև կարելի չէ, որ մենք բոլորս միասին գնանք միևնույն ճամփով։ Մենք կբաժանվենք, և յուրաքանչյուրը մենակ կերթա իր կողմը և կաշխատի երկրագնդի ծոցում թաքնվել, որպեսզի Սանտա Հերմանդադի ձեռը չընկնի, որ, անկասկած, մեր ետևից կընկնի։ Սակայն ձերդ ողորմածությունը կարող էր ահա թե ինչ անել ― և դա արդարացի կլիներ։ Փոխանակ տիրուհի Դուլսինեային այցելելու և ողջունելու, հրամայեցեք որոշ թվով Ave Maria և Credo ասել, և մենք կասենք և կաղոթենք ձերդ ողորմածության համար, որովհետև այդ բանն իրագործելի է ցերեկով է՛լ, գիշերն է՛լ, փախուստի պահին է՛լ, հանգստյան միջոցին է՛լ, խաղաղության ժամանակ է՛լ, կռվի ատեն է՛լ։ Սակայն երևակայել, թե մենք հիմա կվերադառնանք մեր եգիպտական կաթսաների քով, այսինքն՝ մեր շղթաներին և ճամփա կընկնենք Տաբոսո, միևնույն է՝ թե կարծել, որ հիմա գիշեր է, երբ որ, իրոք, դեռ առավոտյան ժամի տասը չկա և խնդրել մեզնից այդ բանը ― միևնույն է՝ թե ծփիի ծառի վրա տանձ որոնես։
 
― Ուրեմն՝ երդվում եմ ես, ― գոչեց դոն Կիխոտը տաքացած, ― դոն անպիտան, դոն Խինեսիլյո դե Պարոպիլյո կամ ինչ որ է ձեր անունը, դուք մենակ կերթաք այնտեղ պոչերդ ձեզ քաշած և ձեզ վրա քարշ կտաք որղջ շղթան։
 
Պասամոնտեն շատ էլ համբերողներից չէր (համ էլ նա նկատել էր, որ դոն Կիխոտի խելքը տեղը չէ՝ չէ՞որ նա այնպիսի անմտություն էր հնարել, ինչպես տաժանակիր աշխատանքի դատապարտվածներին բաց թողնելը), ուստի լսելով մեր ասպետի վիրավորական խոսքերը, նա աչքով արեց իր ընկերներին, և նրանք բոլորն էլ մի կողմ քաշվեցին։ Եվ դոն Կիխոտի վրա քարերի մի այնպիսի կարկուտ տեղաց, որ նա չէր կարողանում ծածկվել վահանով, իսկ խեղճ Ռոսինանտը խթաններն այլևս չէր զգում, ասես թե բրոնզից շինած լիներ։ Սանչոն թաքնվեց իր էշի հետևը և այդպիսով պաշտպանվեց կարկուտից, որ տեղում էր երկուսի վրա էլ։ Ինչքան էլ դոն Կիխոտը խույս էր տալիս հարվածներից, դարձյալ մի քանի քար այնպիսի ուժով դիպավ նրան, որ նա վայր ընկավ, ուսանողը հարձակվեց նրա վրա, պոկեց նրա գլխից լագանը, որով երեք֊չորս անգամ խփեց մեր ասպետի մեջքին, ապա նա նույնքան անգամ գետին խփեց, այնպես որ ջարդ ու փշուր արեց։ Ապա դատապարտյալները հանեցին նրա վրայից կապան, որ նա զրահների վրայից էր հագնում և ուզում էին գուլպաներն էլ քաշել հանել, բայց նրա ոտի զրահները խանգարեցին։ Նրանք խլեցին Սանչոյի վերնարկը և թողին վրայի շորը։ Վերջապես իրար մեջ բաժանելով մնացած ռազմական ավարը՝ նրանք ցրվեցին ամեն մեկը իր կողմը, հոգալով միայն, որ կարողանան փախչել ահասաստ Սանտա Հերմանդադից, և բնավ չմտածելով շղթան իրենց ուսերի վրա գցել և տիրուհի Դուլսինեա Տոբոսցու մոտ գնալ։
 
Մնացին միայն էշն ու Ռոսինանտը, Սանչոն ու դոն Կիխոտը։ Էշը մնացել էր կանգնած, գլուխը մտախոհ քաշ արած և ժամանակ առ ժամանակ թափ տալով ականջները, երևի երևակայելով, թե քարե կարկուտը դեռ չի պրծել, որովհետև նրա ականջները դեռ խշխշում էին։ Ռոսինանտը պառկած է գետնին, իր տիրոջ կողքին, որովհետև քարերի հարվածները նրան էլ էին տապալել։ Սանչոն, որ զրկվել էր իր վերնարկից, դողդողում էր Սանտա Հերմանդադի ահից, իսկ դոն Կիխոտը խորապես վշտացած էր, որ իրենից բարերարված մարդիկ այնքան վատ վարվեցին հետը։
Ադմին, Վստահելի
1876
edits