}}
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]
== Գլուխ առաջին։ Հիմնական հաշվարկները ==
Սուն Ցըզին ասաց. պատերազմը պետության համար մեծ գործ է, կյանքի ու մահվան հարց է, գոյության կամ կործանման ուղի։ Այս հիմնական դրույթն անհրաժեշտ է հաստատուն իմանալ։<ref>Երկի սկզբում Սուն Ցըզին պատերազմը դիտարկում է նրա արդյունքներով և պետության համար կարևոր նշանակությամբ։ «Պատերազմը պետության համար մեծ գործ է»։ Այն վտանգավոր քայլ է, քանզի պատերազմի միջոցով որոշվում է «կյանքի և մահվան» հարցը։ Այդպիսի կանխազգացումն ունի կոնկրետ իմաստ։ Արևելյան Չժոուի թագավորության դարաշրջանում (մ.թ.ա. 770–249 թթ.) իշխանությունների միջև անընդհատ երկպառակտչական պատերազմներ էին մղվում։ Շատ հաճախ պատերազմն ավարտվում էր կռվող իշխանություններից մեկի կործանումով։ Այսպես օրինակ՝ Ու իշխանությունում, որտեղ Սուն Ցըզին մ.թ.ա. VI դարի վերջին զորավար էր, մ.թ.ա. 529 թ. գրավեց Չժոուլայ իշխանական կալվածքր և էլի մի քանի իշխանությունների տարածքներ։ Ուստի դա էր պատճառը, որ Սուն Ցըզին նախազգուշացնում էր, որ «այդ հիմնական դրույթն անհրաժեշտ է հաստատապես իմանալ»։</ref> Ուստի պատերազմը վճռվում է հինգ գործոններով, նրան համեմատում են (յոթ) հաշվարկների հետ և որոշում են (հետևյալ) դրույթներով. առաջինը՝ Դաո (ուղի), երկրորդը՝ Տյան (երկինք), երրորդը՝ Դի (երկիր), չորրորդը՝ Ցըզյան (զորավար), հինգերորդը՝ Ֆա (օրենք)։
''Ուղին''՝ երբ ժողովրդի մտքերն ու տիրակալի մտքերը միանման են։ Այդ իսկ պատճառով ժողովուրդը պատրաստ է տիրակալի հետ մեռնել կամ ապրել, երբ ժողովուրդը չի վախենում հնարավոր վտանգից և վախ չգիտի։<ref>Դաո (ուղի)։ Հին Չինաստանում Ուղին հասկանում էին ոչ միայն կոնկրետ իմաստով ուղի, ճանապարհ, այլև, նկատի ունենալով դրա վերացական նշանակությունը կյանքի ուղի, հասարակական կյանքի առանձին կողմերի ընդհանուր ուղղություն։ Սուն Ցրզին «ուղի» հասկացության մեջ ներդնում է նեղ մասնագիտական նշանակություն։ Նա գտնում է, որ պատերազմել կարելի է միայն այն ժամանակ, երբ հասարակական կյանքում առկա է ներքին համաձայնություն, միասնություն տիրակալի և ժողովրդի միջև։ Այնպիսի միասնություն, որ ժողովրդի մոտ որևէ կասկած չլինի իր տիրակալի գործողությունների ճշմարտացիության մեջ, որպեսզի ժողովրդի կողմից լինի ամբողջական, անառարկելի հնազանդություն իր տիրակալին։ Այսպիսով, Սուն Ցըզին ընդունում է, որ ժողովուրդը կենդանի ուժ է, որը պատերազմի պայմաններում գլխավոր գործոնն է։</ref>
''Երկինքը''՝ լույսն ու խավարն է, ցուրտը և շոգը, ժամանակի հաջորդականությունն է։<ref>Տյան (երկինք)։ Սուն Ցըզին համառոտ պարզաբանում է նրա նշանակությունը՝ դա տարվա տարբեր եղանակներն են, կլիմայական պայմանները, եղանակը, ցուրտը, շոգը, օրերի հերթափոխումը և այլն։ Չինաստանի կլիմայական պայմաններուն գերակշռում են մուսոնները, որոնք ամռանը փչում են հարավ-արևելքից (այսինքն ծովից ցամաք), և մեծ քանակությամբ խոնավություն են բերում, ուստի գարնանից տեղում են անձրևներ։ Ամռանը շոգ և անձրևային է։ Տարվա լավագույն եղանակը աշունն է։ «Սիմա ֆայի» («Սիմի օրենքները») ռազմական երկում ասված է. «Ձմռանն ու ամռանը» (դաժան սառնամանիքներին և ուժեղ շոգերին) զորքը ոտքի չեն հանում, որովհետև խնայում են իրենց ժողովրդին»։</ref>
''Երկիրը''՝ հեռավորությունն ու մոտիկությունն է, անանցանելիությունն է ու անցանելիությունը, լայնն ու նեղը, մահն ու կյանքը։<ref>Դի (երկիր)։ Նշանակում է աշխարհագրական պայմաններ։ Սուն Ցըզիի ժամանակ երկիրը կուսական տեսք ուներ։ Գետերը, որոնց ոչինչ չէր պահում, հեղեղում էին ցածրավայրերը, անանցանելի ճահիճները տարածքի նշանակալից մասն էին կազմում (հատկապես ներկա Ցըզյանսու գավառում և Անհուեյ գավառի արևելյան մասը։ Այս վայրերում է գործել Սուն Ցըզին Ու իշխանության զորքի հետ), խիտ անտառներն աճում էին ամենուր, խոտը ծածկում էր անտառներից ազատ տարածությունները։ Հարուստ էր նաև երկրի կենդանական աշխարհը։ Աստիճանաբար մարդն իր աշխատանքով, դարերի ընթացքում փոխեց երկրի տեսքը։ Սուն Ցըզին պատահական չէ, որ հիշատակում է «մահվան տեղանքի» մասին։ Տեղանքի որոշ տեսակներ (նրանք մանրամասնորեն թվարկված են 10-րդ և 11-րդ գլուխներում) կարող են վճռորոշ լինել այնտեղ պատերազմող կողմերի համար։ Իսկ մյուսները «կյանքի տարածքները», խելամտորեն օգտագործելու դեպքում, հասնում են շոշափելի արդյունքների։ Հետևաբար, պատերազմին նախապատրաստվողը պետք է գիտենա ռազմաթատերաբեմի աշխարհագրական պայմանները։ Սուն Ցըզիի երկի մեկնաբան Գու Մունը հետևյալ պարզաբանումն է տալիս. «Յուրաքանչյուր զորահրամանատար անպայման, վաղօրոք, պետք է մանրակրկիտ ծանոթանա տեղանքի քարտեզին։ Նա անպայման պետք է կատարելապես իմանա (բոլոր) վտանգավոր վայրերը, մարտակարգերի անցման վայրերը, այն գետերը, որոնցով կարող են անցնել մարտակառքերը, լեռների անվանումները, հովիտները, այն վայրերր, որտեղ փարթամորեն խոտ է աճում, ճանապարհների երկարությունը, քաղաքային պատերի չափերը, քանդված քաղաքները, այգիների և բանջարանոցների համար նախատեսված վայրերը։ Այս ամենը (զորավարը) պետք է պարտադիր իմանա, ինչպես նաև ռելիեֆը, սահմանների սկիզբն ու վերջը։ Զորավարն այդ ամենը պահում է իր հիշողության մեջ և միայն այդ դեպքում նա չի կորցնի տեղանքի առավելությունը»։</ref>
''Զորավարը''՝ քաջությունն է, մարդասիրությունն է, արդարությունն է, խստությունն է։
----
</references/>