Changes
/* Գլուխ XLI */
Մենք այնքան շփոթվեցինք նրա աղաղակից, որ չգիտեինք, թե ինչ անենք։ Բայց վճռելով, որ այդ աղաղակները ոտի կկանգնեցնեն ողջ աղգաբնակչությանը և որ առափնյա ձիավոր պահակախումբը կգա տեղեկանալու բանի էությունը, մենք դավանափոխին խորհուրդ տվինք հանել տաճկական վերարկուն և հագնել գերու կապա, որ մեր գերիներից մեկը զիջեց նրան, ինքը մնալով շապկանց։ Այսպիսով, հանձնելով մեզ Աստծու կամքին՝ մենք առաջ ընթացանք նույն ճանապարհով, որով փախավ հովիվը, շարունակ սպասելով, թե ահա վրա կհասնի առափնյա պահակախումբը։ Նախազգացումը մեզ չխաբեց, որովհետև հազիվ երկու ժամ գնալուց հետո մերուց դաշտավայրը դուրս գալուց մենք մոտ հիսուն ձիավոր տեսանք, որ արագ֊արագ յորդա սուրում էին մեզ վրա։ Տեսնելով նրանց՝ մենք կանգ առանք՝ սպասելու։ Նրանք մոտ քշեցին ձիերը և, համոզվելով, որ մենք մավրեր չենք, որոնց նրանք որոնում էին, այլ աղքատ քրիստոնյաներ, ըստ երևույթին շփոթվեցին, և նրանցից մեկը հարցրեց, մեր պատճառով չէ՞ արդյոք մի հովիվ «ի զեն» կոչել։ «Այո», ― պատասխանեցի ես և ուզում էի նրան պատմել, թե որտեղից ենք մենք, ովքեր և ինչ է եկել մեր գլխով, բայց այդ րոպեին քրիստոնյաներից մեկը՝ մեր ուղեկիցը, ճանաչեց ձիավորին, որ մեզ հարց ու փորձ էր անում և, կտրելով խոսքս, բացականչեց․
― Փառք տանք Աստծուն, որ մեզ այս երջանիկ աշխարհը բերեց, որովհետև, սինյորներ, եթե ես չեմ սխալվում, մենք քայլում ենք Վե՛լես Մա՛լագա<rerref>Վե՛լես Մա՛լագա ― փոքրիկ քաղաք՝ գտնվում է Մալագայից 18 մղոն դեպի արևելք։</ref> քաղաքի հողի վրա։ Եվ եթե գերության տարիները տակավին չեն մթագնել իմ հիշողությունը, ապա դուք, սինյոր, որ հարցնում եք, թե ովքեր ենք մենք, Պեդրո դե Բուստամանտեն եք, իմ քեռին։
Հազիվ էր գերին արտասանել այս խոսքերը, որ ձիավորը, ցած թռչելով ձիուց, գրկեց երիտասարդին և ասաց․