Changes
/* Գլուխ XLV */
― Այստեղ եկե՛ք, ստոր ու վատածին մարդիկ։ Դուք բանուկ ճամփի ավազակ եք անվանում նրան, ով բաց է թողնում շղթայակապներին, ազատում բանտարկյալներին, օգնում դժբախտներին, բարձրացնում ընկածներին, պաշտպանում զրկվածներին։ Օ՜, պիղծ էակներ, ձեր թշվառության վեհությունը, հասկանալ տա ձեր անգիտությունն ու մեղքը, որ կատարում եք, չակնածելով անգամ ստվերից, էլ ուր մնաց թափառական իսկ ասպետի ներկայությունից։ Այստեղ եկ, ավազակների ոհմակ և ոչ թե հրացանաձիգների խումբ, բանուկ ճամփաների գողեր Սանտա Հերմանդանի թույլտվությամբ։ Ասացե՛ք ինձ՝ այդ ո՞վ է այն տխմարը, որ ինձ պես ասպետի կալանավորության հրաման է ստորագրել։ Չգիտե՞ նա միթե, որ թափառական ասպետները ոչ մի դատարանի ենթակա չեն, որ նրանց համար օրենքը թուրն է, իրավունքը՝ իրենց զորությունը, որոշումը՝ իրենց կամքը։ Ո՞վ է, կրկնում եմ, այն տխմարը, որին անհայտ է, թե ազնվականության ոչ մի թուղթ այնքան առավելություն ու արտոնություն չի շնորհում, որքան ձեռք է բերում թափառական ասպետն այն օրը, երբ ասպետ է կարգվում և ստանձնում ասպետության դաժան պաշտոնը։ Ո՞ր ասպետն է երբևիցե տվել տուրք, գլխահակ, թագուհու խցանե հողաթափի տուրք,<ref>Թագուհու խցանե հողաթափ (chapin de la reine) ― հատուկ հարկ թագավորի պսակադրության առթիվ, այդպես է կոչվել, որովհետև այն ժամանակները Իսպանիայում ամուսնացած կանայք էին հագնում հողաթափեր՝ խցանե ծայրով (chapin):</ref> եկամտահարկ, գետից անցնելու կամ ճամփի տուրք։ Այդ ո՞ր ասպետն է իր համար կարած հագուստի համար դերձակին վճարում։ Այն ո՞ր դղյակի տերն է, որ փող է վերցնում ասպետից՝ նրան հյուրընկալելու համար։ Ո՞ր թագավորը չի իր սեղանին նստեցնում նրան։ Ո՞ր ազնիվ օրիորդը չի սիրահարվում և հպատակվում նրա կամքին ու ցանկություններին։ Եվ, վերջապես, եղե՞լ է, կա՞ և կլինի՞ աշխարհիս երեսին մի թափառական ասպետ, որ հանդիպելով չորս հազար հրացանաձիգի՝ չխիզախի փայտով չորս հարյուր հարված հասցնել նրանց։
==Գլուխ XLVI==
Հրացանաձիգների նշանավոր արկածի և մեր արի ասպետ դոն Կիխոտի մեծ ցասումի մասին<ref>Այս գլխի վերնագիրն ավելի շատ վերաբերում է նախընթաց գլխին, որտեղ նկարագրվել է դոն Կիխոտի և հրացանձիգների տուրուդմբոցը․ ընդհակառակը՝ սրան էլ համապատասխան կլիներ հաջորդ գլխի վերնագիրը։ Հնարավոր է, որ վերնագրի այս շփոթությունն առաջացել է տպարանում, որտեղ տպվել է «Դոն Կիխոտի» առաջին հրատարակությունը։</ref>
Մինչդեռ դոն Կիխոտը այդպես խոսում էր, քահանան համոզում էր հրացանաձիգներին, որ դոն Կիխոտը խելագար է, ինչպես նրանք հեշտությամբ կարող են նկատել նրա խոսակցությունից ու վարմունքից, ուստի ամենալավը գործին վերջ տալը կլինի, քանի որ եթե նրան կալանավորելու էլ լինեն և հետները տանեն, միևնույն է, հարկադրված են լինելու բաց թողնել՝ իբրև խենթի։ Հրաման ունեցողը դրան պատասխանեց, թե իր գործը չէ դատողություն անելը՝ դոն Կիխոտը խենթ է, թե չէ, այլ մեծավորի հրամանը կատարելը, իսկ երբ որ դոն Կիխոտը մեկ անգամ կալանավորված կլինի, հետո նրան երեք հարյուր անգամ կարող են ազատ արձակել։
― Այնուհանդերձ, ― պատասխանեց քահանան, ― այս անգամ դուք նրան չեք կալանավորի։ Ասենք՝ նա ինքն էլ թույլ չի տա, որ կալանավորեք։
Վերջ ի վերջո քահանան այնքան ասաց ու խոսեց, դոն Կիխոտն էլ այնքան խենթություններ արեց, որ եթե հրացանաձիգները չհավատային մեր ասպետի խելագարությանը, դրանով նրանք ապացուցած կլինեին, որ իրենք նրանից խելագար են։ Ուստի բարվոք համարեցին խաղաղվել և անգամ հանդես գալ որպես միջնորդ դալլաքին Սանչո Պանսայի հետ հաշտեցնելու գործում, որոնք դեռևս մեծ համառությամբ շարունակում էին կռիվը։ Արդարադատության սպասավորները կայացրին մի վճիռ, որ եթե լիովին չհաշտեցրեց էլ երկու կողմերին, դարձյալ շատ թե քիչ բավարարեց նրանց՝ նրանք փոխանակեցին փալանները, բայց ամեն մեկը պահեց իր փորկապներն ու նոխտան։ Գալով Մամբրինի սաղավարտին՝ քահանան ծածուկ, այնպես, որ դոն Կիխոտը չնկատի, դալլաքին լագանի համար ութ ռեալ տվեց, դալլաքն էլ գիր գրեց, որով պարտավորվում էր գանգատ չանել կեղծիքի համար ո՛չ հիմա, ո՛չ էլ հավիտյանս հավիտենից, ամեն։ Այս երկու ամենախոշոր ու ամենանաշանավոր վեճերը հարթելուց հետո մնաց միայն համոզել դոն Լուիսի ծառաներին, որ նրանցից երեքը վերադառնան տուն, իսկ չորրորդը մնա և իր տիրոջ հետ գնա, ուր որ դոն Ֆերնանդոն նրան տանելու լինի։ Բարի բախտը և հաջողությունը, նիզակ ճոճելով և վերացնելով դժվարությունները ի հաճույս սիրահարվածների և խիզախների, որ գտնվում էին հյուրանոցում, կամեցան հասցնել վախճանին իրենց բարի գործը՝ ծառաները համաձայնեցին կատարել դոն Լուիսի խնդիրքը, և դոնյա Կլարան այնքան ուրախացավ, որ բավական էր նրա երեսին նայել՝ նրա սրտի բերկրանքը կարդալու համար։ Զորաիդան, թեև քիչ բան էր հասկանում իրադարձություններից, որ տեղի էին ունենում իր աչքերի առջև, այնուհանդերձ վշտանում ու խնդում էր, համեմատ ներկա եղողների դեմքի արտահայտության և հատկապես հետևում էր իր իսպանացու դեմքին, որին կաշկանդված էր նրա հայացքը և կապված՝ հոգին։ Պանդոկպանը, որի հայացքից չխուսափեց այն, որ քահանան դալլլաքին վարձատրություն ու նվեր տվեց, դոն Կիխոտից պահանջեց օթևանության վարձը և գինու և տիկերի վնասի հատուցումը՝ երդվելով, որ գոմից դուրս չի թողնի ո՛չ Ռոսինանտին, ո՛չ էլ Սանչոյի էշին, մինչև որ լրիվ վճարված չլինի մինչև վերջին կոպեկը։ Քահանան այդ էլ հարթեց՝ վճարեց դոն Ֆերնանդոն, թեև աուդիտորն էլ մեծ պատրաստակամությամբ առաջարկեց, որ ինքը վճարի։ Այսպես ահա հաստատվեց հաշտություն ու համաձայնություն, և այլևս չէր թվում, թե Ագրամանտեի բանակի պառակտումը, ինչպես արտահայտվեց դոն Կիխոտը, բռնկել է պանդոկում, ընդհակառակը՝ Օկտավիանոսի ժամանակի<ref>Օկտավիանոս ― այսինքն՝ Օգոստոս Օկավիանոսի ժամանակների։</ref> հաշտությունն ու հանգստությունն էր տիրում։ Ամենքը միաբերան ընդունեցին, որ այդ ամենի համար պետք է շնորհակալ լինեն բարյացակամ և ճարտարալեզու քահանայից և իր առատաձեռնությամբ անզուգակակն դոն Ֆերնանդոյից։
Երբ որ դոն Կիխոտը տեսավ, որ վերջապես ազատվեց ու պրծավ, ինչպես իր անձնական, այնպես էլ իր զինակրին վերաբերող բոլոր անախորժություններից, խորհեց, թե լավ կլիներ շարունակել սկսած ուղին և ավարտել այն մեծ գործը, որի համար ինքը կոչված և ընտրված էր։ Խիզախ վճռականությամբ նա ծունկ չոքեց Դորոթեայի առջև, սակայն աղջիկը հայտարարեց, որ նա թույլ չի տա խոսք անգամ արտասանել, մինչև որ վեր չկենա։ Դոն Կիխոտը հնազանդեց, ոտի կանգնեց և ասաց․
― Տարածված մի առած կա, չքնա՛ղ տիրուհի, թե ջանասիրությունը հաջողության մայրն է։ Փորձը ցույց է տալիս, որ հաճախ հայցատիրոջ ջանասիրությունը ամենակասկածելի գործն անգամ բարեհաջող վախճանի է հասցնում։ Սակայն ոչ մի տեղ այդ ճշմարտությունը այնքան պայծառ չի դրսևորվում, ինչպես ռազմական գործում, որտեղ շուտափույթ և արագ գործողությունը տապալում է թշնամու ծրագիրը և պսակում հաղթանակով նախքան հակառակորդի պաշտպանության դիմելը։ Ասելս այն է, ազնիվ ու անզուգական տիրուհի, որ այլևս այս դղյակում մեր մնալն ավելորդ է և մի գեղեցիկ օր անգամ կարող է կործանիչ դառնալ, որովհետև, ո՞վ գիտե, թերևս, ծպտյալ ու նախանձախնդիր լրտեսների միջոցով ձեր թշնամի հսկան արդեն տեղեկացել է, որ ես երդվել եմ նրան սպանել և ժամանակ շահելով ամրացել է որևէ անառիկ բերդում կամ դղյակում, որի դեմ անզոր են իմ եռանդն ու բազկիս զորությունը։ Ուստի, ինչպես արդեն ասացի, տիրուհիդ իմ, կանխենք նրա չար դիտավորությունը մեր ջանասիրությամբ ու անհապաղ ճամփա ընկնենք, երթանք բարով։ Երես առ երես պատահեմ ձեր թշնամուն թե չէ՝ ձերդ մեծությունն իր ցանկությունները կատարված կտեսնի։
Դոն Կիխոտը լռեց և այլևս բառ անգամ չավելացրեց, սպասելով հանգիստ արժանապատվությամբ չքնաղ թագաժառանգուհու պատասխանին, որը, հարմարվելով մեր ասպետի ոճին՝ վսեմ տեսքով պատասխանեց այսպես․
― Շնորհակալ եմ, սինյոր ասպետ, ձեր պատրաստակամության համար՝ օգնության հասնելու իմ մեծ դժբախտության միջոցին այնպես, ինչպես վայել է ու հարկավոր ասպետին օգնել որբերին ու թշվառնեին։ Թող երկնքին հաճո լինի, որ մեր ընդհանուր իղձը կատարվի, որովհետև այն ժամանակ դուք կտեսնեք, որ աշխարհիս երեսին դեռ չեն վերացել ազնիվ կանայք։ Գալով իմ մեկնելուն՝ ես պատրաստ եմ իսկույն ճամփա ընկնելու, քանի որ իմ կամքն ամեն բանում համաձայն է ձերին՝ ես ամբողջովին ձեր տրամադրության տակ եմ, ըստ ձեր ցանկության ու բարեհայեցողության։ Քանի որ ես ձեր հովանավորությանն եմ հանձնել և իմ թագավորության բախտը ձեր ձեռքն եմ տվել, ապա ես չեմ հակաճառի ձեր խոհեմության թելադրանքին։
― Աստված օգնական, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Երբ որ իմ աչքի առջև ստորացնում են նման մի տիրուհու, ես չեմ կամենում առիթը բաց թողած լինել՝ բարձրացնելու և իր նախնիների գահին բազմեցնելու։ Անհապաղ շարժվենք՝ անհամբերությունն ու երկար ճամփան շտապեցնում են ինձ, որովհետև զուր չի ասված, թե հապաղումը կորստաբեր է։ Երկինքը դեռ չի ստեղծել և դժոխքը չի տեսել մեկին, որ ինձ ահ ու սարսափ ներշնչեր, ուստի, Սանչո, թամբիր Ռոսինանտին, փալանիր էշը և պատրաստիր թագուհու երիվարը, հրաժեշտ տանք այս դղյակի տիրոջն ու այս սինյորներին, այստեղից սլանանքն դեպի մեր նպատակետը։
Սանչոն, որ ներկա էր այս խոսակցությանը, գլուխն օրորելով ասաց․
― Ա՜խ, տեր իմ, տեր իմ, ամոթ չլինի ասել՝ գյուղի գործը ավելի վատ է, քան թվում է։
― Ի՞նչն է վատ գյուղում, ասենք՝ աշխարհիս բոլոր քաղաքներում էլ, որ արատավորեր իմ պատիվը, ախմա՛խ։
― Եթե ձերդ ողորմածությունը բարեհաճում է զայրանալ, ― պատասխանեց Սանչոն, ― ես կլռեմ և չեմ ասի այն, ինչ որ պարտավոր եմ ասելու՝ իբրև բարի զինակիր և հավատարիմ ծառա։
― Ուզածդ ասա, ― ասաց դոն Կիխոտը, ― միայն թե մի՛ երևակայիր, որ ես քո խոսքից վախեցող եմ։ Դու ինչ֊որ բանից երկյուղ ունես, դա քո սովորությունն է, իսկ ինչ իմ սովորությունն է՝ ոչ մի բանից չվախենալ։
― Մեղապարտ լինեմ, այդ չէ բանը, ― պատասխանեց Սանչոն, ― ես ասում եմ և էլի կասեմ՝ այդ սինյորան, որ իր ասելով Միկոմիկոնի մեծ թագավորության թագուհին է, նույնպես թագուհի է, ինչպես իմ մայրը։ Եթե նա իր ասածը լիներ, անդադար և ամեն մի պատեհ առիթի չէր պաչպաչվի այստեղ գտնվող մի ջահելի հետ։
Սանչոյի այդ խոսքերից Դորոթեան շիկնեց, որովհետև, իրավ, նրա ամուսին դոն Ֆերնանդոն մի քանի անգամ ուրիշներից թաքուն քաղել էր իր շուրթերից պարգևի մի մասը, որին արժանացել էր իր սերը (իսկ Սանչոն տեսել էր և վճռել, որ նման անպարկեշտությունն ավելի վայել է պալատական ցոփ մի կնոջ, քան թե այնքան մեծ թագավորության մի թագուհու) ուստի Դորոթեան չկամեցավ և չէր էլ կարող պատասխանել Սանչոյի ասածի դեմ, իսկ Սանչոն շարունակում էր դուրս տալ․
― Այդ նրա համար եմ ասում, տեր իմ, որ եթե մենք սար ու ձոր ենք կտրելու, անց կացնելով վատ գիշերներ և վատթար օրեր, իսկ այս պանդոկում եղած ջահելներից մեկը քաղելու է մեր հոգնության պտուղը, կարիք չկա, որ ես շտապեմ թամքելու Ռոսինանտը, փալանելու իմ էշը և պատրաստելու երիվարը՝ ավելի լավ է մնանք հանգիստ։ Պոռնիկները թող իրենց թելը մանեն, իսկ մենք մեր ճաշն անենք։
Տե՜ր Աստված, որքան մեծ էր դոն Կիխոտի զայրույթը, իր զինակրի անվայելուչ խոսքերից հետո։ Այնքան, որ նրա ձայնը կտրվեց, լեզուն կապվեց, աչքերից կայծեր ցայտեցին և նա ասաց․
― Օ՜, ստոր ռամիկ, անկիրթ, անզգամ, տգետ, տխմար, կակազ, բամբասող ու զրպարտիչ։ Դու հանդգնեցիր իմ և այս երևելի սինյորների ներկայությամբ նման խոսքե՞ր և հանդգնեցիր նման անամոթ ու ժպիրհ մտքեր գլխիցդ անց կացնել։ Գնա՛֊կորի՛ր, հրեշ, ստի պահեստ, խաբեբայության սնդուկ, խարդախության շտեմարան, լրբության գյուտարար, անմտություններ տարածող, ոտնձգությո՞ւն ես անում ընդդեմ հարգանքի, որ վայել է թագավորական տոհմի անձանց։ Կորի՛ր և աչքիս չերևա՛ս, թե չէ՝ վախեցի՛ր իմ ցասումից։
Այս ասելուց նա խոժոռում էր հոնքերը, փքում այտերը, աչքերն ամեն կողմ գցում և, վերջապես, աջ ոտը ուժգին խփեց գետնին՝ պարզ նշան նրա կրծքում եռացող ցասումի։ Նրա ահարկու խոսքերն ու կատաղի շարժուձևերը Սանչոյին այնպիսի ահ ու դող սաստեցին, որ եթե նրա ոտի տակ հողը պատռեր ու կլաներ նրան՝ նա կուրախանար։ Նա չգիտեր, թե ինչ անի, մեջքը շուռ տվեց և բարկացած տիրոջից փախուստ տվեց։ Սակայն այստեղ խելամիտ Դորոթեան, որ շատ լավ էր ըմբռնել դոն Կիխոտի բնավորությունը, նրա զայրույթը մեղմելու համար ասաց․
― Մի՛ք բարկանա, սինյոր Տխուր Պատկերի Ասպետ, այն պարապ խոսքերից, որ արտասանեց ձեր բարի զինակիրը, թերևս նա առանց հիմքի չասաց, քանի որ նրա առողջ միտքն ու քրիստոնեական խիղճը թույլ չեն տալիս կասկածել, թե նա կամեցավ սուտ վկայությամբ վնասել մեկնումեկին։ Ուստի, մենք անտարակույս պետք է հավատանք, որ այս դղյակում ամեն ինչ կախարդված է ձեր ասածի պես, սինյոր ասպետ, և կարող է պատահել, ասում եմ, որ այս դիվային եղանակով Սանչոն իմ պատիվն արատավորող որևէ բան տեսած լինի։
― Ամենակարողն Աստված վկա, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ ձերդ մեծությունը դիպավ նշանին և որ չար մի տեսիլ կանգնել է այդ մեղավոր Սանչոյի առջև, և նա այնպիսի բաներ է տեսել, որ անկարելի է տեսնել առանց կախարդության։ Ախր, ես այդ խեղճ մարդու բարությունն ու անմեղությունը լավ գիտեմ, նա սուտ վկայության անընդունակ է։
― Ճիշտ որ ճիշտ, ― ասաց դոն Ֆերնանդոն, ― ուստի, սինյոր դոն Կիխոտ, դուք պետք է նրան ներեք և վերստին շնորհեք նրան ձեր ողորմածությունը sicut erat in pricipio,<ref>Ինչպես դա եղել է սկզբում։</ref> ինչպես եղել է նախքան այդ տեսիլքներից նրա խելակորույս լինելը։
Դոն Կիխոտը պատասխանեց, թե կների։ Քահանան գնաց Սանչոյի ետևից, որը խոնարհ մոտեցավ, չոքեց իր տիրոջ առջև ու համբուրեց նրա ձեռքը։ Դոն Կիխոտը մեկնեց ձեռքը, թույլ տվեց հանբուրել և, տալով նրան իր օրհնությունն, ասաց․
― Այսուհետև դու պիտի ճանաչես, Սանչո որդյակս, ճշմարտությունը քանիցս ասածիս, որ այս դղյակում ամեն ինչ կախարդված է։
― Ես էլ եմ այդպես կարծում, ― ասաց Սանչոն, ― բացի վերմակի վրա վեր֊վեր թռչելուց, որ տեղի ունեցավ իրականորեն, բնական կերպով։
― Չեմ կարծում, ― հարեց դոն Կիխոտը, ― որովհետև եթե ճշմարտապես լիներ, ես իսկույն վրեժը կհանեի և հիմա էլ վրեժխնդիր կլինեմ։ Սակայն ոչ այն անգամ, ոչ ներկայիս, ես հաստատ չգիտեմ, թե ումից պիտի վրեժ առնեմ գլխիդ եկած քյալագի համար։
Բոլորը կամեցան իմանալ, թե ինչ պատմություն է վերմակի վրա վեր֊վեր թռցնելը և պանդոկպանը պատմեց ամենայն մանրամասնությամբ Սանչոյի օդային ճամփորդությունը։ Բոլորի համար դա ծիծաղի առարկա դառավ, իսկ Սանչոյի համար՝ զայրույթի, սակայն նրա տերը նորից սկսեց համոզել նրան, որ դա կախարդանք է եղել։ Սակայն, իր սրտի խորքում պարզամտությունը այն կետին չէր հասնում, որ հավատ ընծայեր դրան, և նա համոզված էր, որ ճիշտը առանց պատրանքի որևէ խառնուրդի այն է, որ նրան վեր֊վեր թռցնողները միս ու ոսկորից էին և ոչ թե զառանքանքի տեսիլներ, ինչպես կրկին համոզում էր իրեն իր տերը։
Երկու օր էր անցել, ինչ այս փայլուն հասարակությունն ապրում էր հյուրանոցում։ Նրանք միտք էին անում, թե արդեն մեկնելու ժամը հասել է և վճռեցին այնպես սարքել, որ Դորոթեան ու դոն Ֆերնանդոն նեղություն չքաշեն ուղեկցելու դոն Կիխոտին մինչև նրա գյուղը և շարունակելու Միկոմիկոնի արտաքսված թագուհու պատմության խաղը, քանի որ քահանան ու դալլաքը կարող էին նրան տանել այնտեղից և փորձել տեղում բուժել նրա խելագարությունը։ Այդ նպատակով նրանք համաձայնության եկան մի գյուղացու հետ, որ պատահմամբ անցնում էր այդ ճամփով եզներով լծած սայլով և հնարեցին հետևյլաը՝ նեղ տախտակից վանդակի պես մի բան շինեցին այնպիսի մեծությամբ, որ մեր ասպետը կարողանար մեջը միանգամայն հարմար տեղավորվել։ Ապա քահանայի խորհուրդով ու կարգադրությամբ դոն Ֆերնանդոն իր ընկերների հետ, դոն Լուիսը իր ծառաների հետ, բոլոր հրացանաձիգները և, վերջապես ինքը, պանդոկպանը, ով ինչպես կարող էր, դիմակավորվեցին և շորերն այնպես փոխեցին, որ դոն Կիխոտը չկարողանար ճանաչել մարդկանց, որոնց հետ ապրել էր այս դղյակում։ Այդ ամենն անելուց հետո նրանք լուռ ու մունջ ներս մտան սենյակը, որտեղ քնած էր մեր ասպետը՝ իր կրած հուզմունքներից հանգստանալու համար։
Այն պահին, երբ դոն Կիխոտը հանգիստ քնած էր, և նրա գլխիցը չէր անցնում, թե ինչե՜ր են պատրաստվում, նրանք բոլորը միասին մոտեցան, ամուր բռնեցին նրան, ձեռն ու ոտը կապկպեցին, այնպես որ երբ մեր ասպետը տագնապալից արթնացավ, նա ի վիճակի չէր շարժվելու, և մնում էր, որ նա արմանա ու զարմանա նման արտասովոր դեմքերի տեսքից։ Իսկույն նրա գլխիցն անցավ, իր իսկ անդադրում խանգարված մտքից ներշնչված, թե բոլոր այս դեմքերը կախարդված դղյակի տեսիլներն են և թե, անտարակույս, նա ինքն էլ է կախարդված, քանի որ ո՛չ շարժվել է կարող, ո՛չ պաշտպանվել։ Մի խոսքով՝ ամեն ինչ տեղի ունեցավ ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես նախագծել էր այս խորամանկությունը ծրագրող քահանան։
Մենակ Սանչոն էր պահպանել իր իսկական տեսքն ու սովորական առողջ դատողությունը, և թեև քիչ էր մնացել, որ նա էլ բռնվեր իր տիրոջ ցավով, այնուհանդերձ նա իսկույն ճանաչեց շորերը փոխած մարդկանց։ Սակայն նա սիրտ չէր անում բերանը բաց անել՝ սպասելով, թե ինչով է վերջանալու այդ հարձակումը իր տիրոջ վրա և գերումը։ Դոն Կիխոտն էլ չէր արտասանում ոչ մի բառ՝ սպասելով, թե վրա հասած դժբախտությունն ինչ վախճանի է հանգելու։ Իսկ վախճանն այն էր, որ հանդերձափոխ մարդիկ քարշ տալով բերին մի վանդակ, նրան նստեցրին մեջը և տախտակներն այնպես ամուր մեխեցին, որ նա չէր կարող քակել, եթե անգամ երկու ձեռքով ցնցելու լիներ։
Այնուհետև վանդակը, ուսերի վրա դրին և, երբ որ դուրս էին բերում սենյակից, դալլաքը՝ փալանի տերը չէ՛, այլ մյուսը, ձայնին ահասաստ շեշտ հաղորդելով ասաց․
― Օ՜, Տխուր պատկերի Ասպետ, մի վշտանար, որ գերի ես ընկել, դա անհրաժեշտ է շուտափույթ ավարտելու համար սխրագործությունը, որին պարտավորեցրել է քեզ քո արիությունը, և որը կհանգի իր վախճանին, երբ որ Լամանչի ամեհի առյուծն ու տոբոսցի ճերմակ աղավնին միանան, և նրանց հպարտ գլուխները կխոնարհվեն ամուսնության քաղցր լծի տակ։ Այդ անլուր միությունից լույս աշխարհ կգան և կփայլեն արի կորյուններ՝ հուժկու ճիրաններով, իրենց հզոր հոր նման։ Եվ դա տեղի կունենա ավելի շուտ, քան խուսափող նիմֆային հետապնդողը<ref>Երբ արեգակը (Ապոլլոնը, որ հետապնդում է Դաֆնա հավերժահարսին) երլոի անգամ շրջան քաշի երկնքում, անցնելով կենդանակերպի նշանները, այսինքն՝ երկու ժամից հետո։ </ref> իր բնական ու սրընթաց վազքով երկու անգամ կանցնի աստղազարդ երկնակամարի նշանները։ Եվ դո՛ւ, կողքին՝ թուր, ծնոտին՝ միրուք, քթածակերում հոտառություն ունեցող զինակիրներից ամենաազնիվն ու հնազանդը աշխարհիս երեսին, մի՛ վշտանար և մի՛ դժգոհիր՝ տեսնելով, որ քո աչքի առաջ այսպես են տանում թափառական ասպետության ծաղկին։ Շուտով, եթե կամենա աշխարհիս արարիչը, դու կտեսնես քեզ այնքան բարձր ու վեհ, որ ինքնդ քեզ չես ճանաչի և քո բարի տիրոջ տված խոստումները ապարդյուն չեն մնա։ Հավատացնում եմ քեզ իամստուն Մենտիրոնիանայի անունից,<ref>Mentironiana ― ազատ թարգմանությամբ «ստախոս» (mentira ―ստախոսություն)։</ref> որ քո ռոճիկը վճարված կլինի, ինչպես դու կտեսնես գործնականում։ Հետևի՛ր զորավոր ու կախարդված ասպետին, որովհետև պետք է դու նրան ուղեկցես մինչև այն տեղը, որտեղ երկուսդ էլ պիտի կանգ առնեք։ Եվ որովհետև ինձ թույլ չի տրված ուրիշ բան ասելու, ուստի մնաս բարով, իսկ ես վերադառնամ իմ լավ գիտցած տեղը։
Այս մարգարեական խոսքերը դալլաքն արտասանեց սկզբում սաստիկ բարձր ձայնով, ապա ձայնը մեղմացրեց և հասավ այնքան քնքուշ շեշտի, որ անգամ այս կատակին նախօրոք տեղյակները պատրաստ էին հավատալու, թե իրենց լսածը լուրջ բան է։ Գալով դոն Կիխոտին՝ մարգարեի խոստումները նրան մխիթարեցին, որովհետև նա լրիվ ըմբռնել էր նրանց իմաստը և տեսնում էր, որ նրան հուսադրում են, թե նա կզուգորդվի ամուսնական սրբազան ու օրինավոր կապերով իր սիրեցյալ Դուլսինեա Տոբոսցու հետ, թե նրա օրհնյալ արգանդից կորյուններ կծնվեն, զավակներ՝ Լամանչի մշտնջենական փառքի համար։ Հաստատ ու վերջնական կերպով հավատալով դրան՝ նա բարձրացրեց ձայնը և, խորը հոգվոց քաշելով ասաց․
― Օ՜, դո՛ւ, ով էլ լինես, որ ինձ այդքան լավ ապագա ես խոստանում, աղաչում եմ, խնդրի՛ր իմաստուն կախարդից, որ հոգ է տանում իմ մասին, որպեսզի նա թույլ չտա, որ ես կործանվեմ այս բանտում, որի մեջ ինձ տանում են, մինչև որ չկատարվեն այդ քաղցր ու աննման խոստումները։ Եթե այդպես լինի, իմ բանտարկությունը ես փառք կհամարեմ և շխթաներս՝ ուախություն, և տեղը, որի վրա գցել են ինձ, կթվա ոչ թե կռվի դաժան դաշտ, այլ փափուկ անկողին և երջանիկ առագաստ ամուսնական։ Գալով իմ զինակիր Սանչո Պանսային տվածդ մխիթարանքին՝ նրա բարությունն ու ազնվությունը երաշխավորում են, որ նա ինձ երբե՛ք չի լքի ո՛չ բարի, ո՛չ էլ սև օրիս։ Եթե պատահի նրա և իմ չար բախտից, որ ես չկարողանամ նրան նվիրել խոստացածս կղզին, կամ որևէ այլ հավասարարժեք բան, ապա առնավազն նա չի կորցնի իր ռոճիկը, որովհետև ես իմ կտակում գրել եմ, թե որքան եմ կամենում, որ նրան տրվի, ո՛չ, անտարակույս, համեմատ նրա մեծ ու լավ ծառայության, այլ գեթ համեմատ իմ կարողության։
Սանչո Պանսան շատ քաղաքավարի խոնարհվեց և համբուրեց իր տիրոջ երկու ձեռքը (եթե ուզեր էլ, մեկը չէր կարող, քանի որ երկուսն էլ կապված էին իրար)։
Ուրվականները բարձրացրին վանդակը և դրեցին եզներով սայլի վրա։