— Էհ, դու անուղղելի ես,— ձեռքը թափ տվեց Սեմը: — Գնա քնիր:
Վերջ ի Ի վերջո նա առանց Գոլլումի էլ գործը գլուխ բերեց՝ բարեբախտաբար շատ հեռանալու կարիք չկար և Սեմը, առանց Ֆրոդոյին տեսադաշտից կորցնելու, հավաքեց բորոր անհրաժեշտ խոտերն ու տերևները: Հետո վերադարձավ, նստեց կրակի մոտ, խարույկի մեջ ցախ գցեց ու սկսեց խորհել՝ սպասելով ջրի եռալուն: Օրը բացվեց, տաքացավ, խոտերի վրայի շաղը չորացավ: Շուտով խոտերով համեմված ճագարները հայտնվեցին կաթսայի մեջ, բայց ժամանակը դանդաղ էր անցնում, և Սեմը քիչ մնաց ննջեր: Մոտավորապես մեկ ժամ Սեմն անցկացրեց կաթսայի մոտ՝ ժամանակ առ ժամանակ պատառաքաղով ստուգելով միսը, և համտեսելով արգանակը: Երբ ամեն ինչ պատրաստ էր, նա վերցրեց կաթսան կրակի վրայից և գնաց տիրոջն արթնացնելու: Ֆրոդոն բացեց աչքերը, տեսավ իր վրա կռացած Սեմին և վերջնականապես արթնացավ՝ կտրվելով խաղաղ, հաճելի երազներից: — Բարև Սեմ,— ասաց նա,— ինչու՞ քնած չես: Ինչ-որ բա՞ն է պատահել: Ժամը քանի՞սն է: — Արդեն երկու ժամ է լուսացել է,— պատասխանեց Սեմը: — Մեր հոբիթականով ութն անց կես կլինի: Ամեն ինչ կարգին է, բայց ոչ այնքան, որովհետև ո՛չ կարտոֆիլ ունեմ, ո՛չ սոխ: Մսով արգանակ եմ պատրաստել, պարոն Ֆրոդո, գնանք նախաճաշեք: Միայն թե ստիպված եք, երևի, բաժակով: Կամ կարելի է նաև հենց կաթսայից: Շատ ափսոս, որ ափսեներ չեմ վերցրել հետս: Ֆրոդոն հորանջեց և ամբողջ մարմնով ձգվեց: — Ավելի լավ կլիներ քնեիր, Սեմ,— ասաց նա,— այստեղ խարույկ վառելը վտանգավոր է: Բայց ես, իրոք, ահավոր սոված եմ: Հմմ, ի՜նչ ախորժելի հոտ է տարածվել: Այդ ի՞նչ ես եփել: — Սմեագորլի նվերն է,— բացատրեց Սեմը,— երկու ճագար: Բայց հիմա երևի փոշմանել ու եղունգներն է կրծում: Բայց մեջը բացի մսից ոչինչ չկա, շնորհակալություն գոնե, որ համեմունք գտնվեց: Նրանք ավելի հարմար տեղավորվեցին և սկսեցին խփշտել արգանակը հենց կաթսայից՝ փոխանցելով միմյանց գդալն ու պատառաքաղը: Եվ բացի այդ մեկ գալեթ կիսեցին ու կերան՝ մի խոսքով լավ խնջույք արեցին: — Ֆյու-ու, Գոլլում,— սուլելով, կանչեց Սեմը,— արի էստեղ: Միտքդս փոխիր, քանի դեռ ուշ չէ: Չե՞ս ուզում եփված ճագարի միս համտեսել: Էստեղ դեռ բավականին մնացել է: Սակայն պատասխան չկար: — Ի՜նչ արած, ստիպված ենք ամբողջն ուտել,— հոգոց հանեց Սեմը: — Կարծում եմ նա իրեն չի նեղացնի. երևի գնացել է իր համար որս անելու: — Ու հետո դու կգնաս քնելու,— ասաց Ֆրոդոն: — Ես, հա, կքնեմ, բայց դուք չքնեք, տեր իմ,— խնդրեց Սեմը: — Նրա հետ հարկավոր է զգույշ լինել: Համենայն դեպս նրա մեջ դեռ Գարշելիից շատ բան կա, դե, դուք ինձ հասկացաք, հին Գոլլում-չաարագործից, նկատի ունեմ: Եվ Գարշելին գնալով ուժեղանում է, հիշեք էս խոսքս: Սկզբում, համոզված եղեք, կփորձի խեղդել ինձ: Վատ ենք մենք նրա հետ յոլա գնում, Սեմը նրան դուր չի գալիս, այո-սսս, իմ սքանչելի, բոլորովին դուր չի գալիս: Նրանք կերան ամբողջը, և Սեմը իջավ ներքև՝ լվանալու կաթսաները: Լվացավ, վերջացրեց, վեր կացավ և նայեց բլրին: Այդ պահին արևը դուրս լողաց լեռները պարուրած մշուշից և իր պայծառ ճառագայթներով ոսկեզօծեց շրջակա ծառերն ու բացատները: Հենց այդ ժամանակ Սեմը նկատեց, որ լանջի վրայից բարակ, մոխրագույն ծուխ է բարձրանում դեպի երկինք՝ արևի ճառագայթների պատճառով հստակ տեսանելի: Սեմը ցնցվեց՝ հասկանալով, որ դա իր խարույկի ծուխն է, որը մոռացել էր հանգցնել: — Ընտիր է, խոսք չկա, թափթփվածի մեկը,— քրթմնջաց նա և վազքով հետ դարձավ, բայց հանկարծ կանգ առավ և ականջները սրեց: Ինչ որ մեկը սուլե՞ց, թե՞ թվաց: Իսկ գուցե ինչ-որ անծանոթ թռչու՞ն է: Բայց եթե իսկապես սուլեցին, ապա ոչ այնտեղից, որտեղ Ֆրոդոն է: Այդ պահին լսվեց պատասխան սուլոցը, բայց արդեն բոլորովաին այլ տեղից: Սեմը սլացավ վերև: Պարզվեց, փոքր ճյուղերից մեկը, այվելով, հասել էր ձարխոտին, հրկիզել, իսկ ձարխոտը մոխրացրել էր շրջակա խոտը: Սեմը շտապ կոխկրտեց կրակը, ցրեց մոխիրը, խարույկի հետքերը ծածկեց տորֆով և անաղմուկ սողաց Ֆրոդոյի ուղղությամբ: — Լսեցի՞ք,— շշնջաց նա Ֆրոդոյին,— մեկը սուլեց, մյուսը պատասխանեց: Մեկ րոպե առաջ: Ես, իհարկե, հուսով եմ, որ դա թռչուն էր, բայց կարծում եմ, որ հատուկ էին թռչունի նմանակում: Վախենում եմ նույնիսկ ասել, բայց իմ խարուկը ծխում էր: Եթե իմ պատճառով փորձանքի մեջ ընկնենք՝ երբեք դա ինձ չեմ ների, թեև, կարող է պատահել, որ մեզ անմիջապես սպանեն ու դրա կարիքը չլինի: — Շ-շշշ,— շշնջաց Ֆրոդոն: — Կարծես թե ձայներ են: Հոբիթներն ակնթարթորեն կապեցին ուղեպարկերը, ավելի խորը թաքնվեցին ձարխոտի մեջ և, ականջները սրած, քարացան: Արդեն կասկած չկար, որ դրաք ձայներ են. ցածր, զգույշ, բայց շատ մոտիկ, ավելին՝ գնալով մոտենում էին: Հանկարծ գրեթե հոբիթների մոտ լսվեց ինչ-որ մեկի ձայնը: — Ահա՛ խարույկի հետքը: Ծուխն այստեղից էր բարձրանում: Նա հեռու փախչել չէր կարող. ըստ ևրևույթին, թաքնվել է պտերի մեջ: Հիմա մենք նրան կբռնենք, ինչպես ծուղակն ընկած ճագարին, և կպարզենք, թե ով է ու որտեղից է: — Եվ կիմանանք, ինչ որ հնարավոր է,— արձագանքեց մեկ այլ ձայն: