Changes
/* Գլուխ երրորդ. Ուրուք Հայ */
Փինը մռայլ, անհանգիստ մղձավանջի մեջ էր: Նրան թվում էր, թե լսում է ինչ-որ ստորգետնյա միջանցքներից եկող իր սեփական ձայնը. «Ֆրո՛դո, Ֆրո՛դո»: Բայց Ֆրոդոյի փոխարեն նրան շրջապատեցին հարյուրավոր օրքերի զզվելի մռութները, և հարյուրավոր գարշելի թաթեր ձգվեցին դեպի իրեն: Որտե՞ղ է Մերին...
Նա ուշքի եկավ և հայտնաբերեց, որ պառկած է մեջքի վրա: Դեմքին սառը քամի էր փչում: Մութն ընկնում էր, և գլխավերևում երկինքն արագորեն սևանում էր: Փինը շրջվեց կողքի և ու հասկացավ, որ մղձավանջը այնքան էլ չէր տարբերվում իրականությունից: Հոբիթի ձեռքերն ու ոտքերը ամուր կապկպված էին, իսկ կողքին պառկած էր մեռելի պես գունատ Մերին՝ գլուխը փաթաթված ինչ-որ կեղտոտ լաթով: Նրանք շրջապատված էին մի ամբողջ ոհմակ օրքերով:
Փինի գլուխը ցավից տրաքում էր, բայց հոբիթի հիշողությունը կամաց-կամաց սկսեց վերադառնալ, և նա կարողացավ երազն ու իրականությունը իրարից տարբերել: Գործողությունների հերթականությունը վերականգնվեց: Նախ ինքն ու Մերին չգիտես ինչու նետվեցին անտառ: Խելքներին ի՞նչ փչեց: Ինչո՞ւ գլխապատառ առաջ սլացան չլսելով Պանդուխտին: Ի՞նչ լսել, բարձր գոռալով վազում էին ու այնքան հեռացան, մինչև ընկան օրքերի ճանկը: Օրքերը կանգնած ականջ էին դնում, և եթե իրենք ժամանակին սթափվեին, հնարավոր է նրանք անգամ չնկատեին: Ինքն ու Մերին, կարելի է ասել, իրենց կամքով թռան օրքերի գիրկը, իսկ սրանք նկատելով իրենց՝ հարձակվեցին: Ղժժո՛ց, ոռնո՛ց, թփերի հետևից ևս մի երկու տասնյակ հայտնվեցին ու կռիվ սկսվեց: Ինքն ու Մերին ճանկեցին սրերը, բայց ակնհայտ երևում էր, որ օրքերը ցանկություն չունեն կռվելու, միայն վազում էին իրենց հետևից՝ փորձելով բռնել: Բայց Մերին կատակելու տրամադրություն չուներ, նա մասնատեց մի երկու-երեք չարագործի ձեռք: Կեցցե՛ս Մերի: