Changes

Տղամարդիկ

No change in size, 21:56, 12 Հունիսի 2015
Առավոտը սիրտը թեթեւ ու հպարտ էր հոգին։ Գալիքը պարզ էր ձեռքի հինգ մատերի նման․ տուն էր շինելու, խաղողի ու խնձորի այգի էր գցելու, տարին մեկ մատաղ էր անելու զավակների անփորձանք կյանքի համար, նրանց ուսումի ու արհեստի էր տալու, պսակելու՝ հարսանիքներին պարելու էր հայրական ծանրումեծ պարով, թոռներ էր տեսնելու, գուցեեւ՝ ծոռներ եւ գնալու պառկելու էր նախնիների կողքին, կանաչ լանջի տակ, սնձի ծառից մարդաբոյ հեռու։
Մինչդեռ հետը զորացրված տղերքը խնջույքների մեջ էին (այցելում էին հարազատներին, ընդունում էին հարազատներին, գյուցի գյուղի հանդերում աղբյուր չմնաց, որի վրա գառ չմորթեն), այդ ընթացքում ոչ մի բանից ետ չմնալով՝ Հարութը հայրական տան տանիքը նորոգեց, եւ հարսնացուն արդեն աչքի առաջ ուներ։
Աղջիկը ոտքից գլուխ թեթեւ էր, հասակը տեղը, ծամերը՝ փափուկ, ճակատը՝ մաքուր, աչքերը․․․ Աչքերը արժեն, որ դրանց մասին հատուկ խոսվի։ Այդ ճակատի տակ (եթե միայն ճակատն ես տեսել) դժվար է ենթադրել ուրիշ աչքեր։ Բաց ու բարձր, քիչ ետ գնացող այդ ճակատին եթե չհարեն մոխրագույն ու խոշոր աչքեր, ճակատը կդիտվի կնոջն անհարիր ճաղատի սկիզբ, եւ դիմագծերի դաշնությունը չի կայանա։ Ինչքան էլ խոշոր՝ այդ աչքերը դեմքի վրա գերիշխող չեն։ Դրանք չեն սառում մտասեւեռ, չոն բոցկլտում հանկարծակի բռնկումով, այլ ամոթխածորեն խուսափուկ են։ Նման աչքերը իրենց հոգուց գաղտնիք չունեն, եւ կոպերը կարծես իջնում են հոգու վրա։ Իջնում են այնպես, որ հոգու բիբը մերկ չմնա։