Changes

Պահապանները

Ավելացվել է 8415 բայտ, 09:17, 15 Հունիսի 2015
/* Գլուխ առաջին. Անսպասելի հանդիպումներ */
Ֆրոդոն նստեց իր ավագ ընկերոջ մոտ, իսկ նրանց կողքին տեղավորվեց Սամը: Սկսեցին աշխուժորեն զրուցել՝ ուշադրություն չդարձնելով տոնական աղմուկին ու էլֆերի զարմանալիորեն մեղեդիկ երգերին: Բայց Բիլբոն քիչ նորություններ ուներ: Նա Հոբիթստանից դուրս էր եկել ու գնացել ուր աչքը կտրեր, և պարզվել էր, որ աչքը հենց Ազատք է բերել նրան, ու նա ցանկացել էր ապրել էլֆերի մոտ:
— Ես այստեղ հասա առանց արկածի,— պատմում էր նա,— և մի քիչ հանգստանալուց հետո ճանապարհվեցի իմ բարեկամ թզուկների մոտ: Դա իմ վերջին ճանապարհորդությունն էր: Ծերուկ Բալինը չկար, ու ես զղջացի, որ եկել եմ թզուկների մոտ: Ինձ նորից ձգեց Ազատքը և, վերադառնալով, հաստատվեցի այստեղ:Չէ՞ որ ես պետք է ավարտեի գիրքս: Դե երբեմն էլ երգեր եմ հորինում, իսկ էլֆերն էլ շատ հազվադեպ են դրանք երգում՝ միայն ինձ հաճույք պատճառելու համար. էլֆերի երգերն անհամեմատ լավն են: Ես հաճախ նստում եմ բուխարու դահլիճում և խորհում աշխարհի, մեր ժամանակի մասին... Բայց գիտես, ժամանակն այստեղ կարծես թե չի էլ անցնում, ասես էլֆերի վրա ոչ մի իշխանություն չունի... Ազատք են հասնում բոլոր կարևոր նորությունները, բայց ես ոչինչ չեմ լսել Հոբիթստանի մասին: Գանդալֆը հաճախ էր լինում Ազատքում, սակայն նրանից շատ բան չես իմանա. նա նույնիսկ ավելի ծածկամիտ է դարձել, քան առաջ: Ճիշտ է, որոշ տեղեկություններ ինձ Դունադանը հայտնեց: Դժվար է հավատալ, որ իմ Մատանին այդքան տագնապ է պատճառել Միջերկրին... Եվ Գանդալֆն էլ այդքան ուշ է գաղտնիքը բացել... Ախր ես կարող էի Մատանին էլֆերի մոտ բերել շատ տարիներ առաջ, առանց որևէ դժվարության: Երբ ինձ ասացին, թե որքան վտանգավոր է այդ Մատանին, ես որոշեցի, որ պետք է ճանապարհվեմ տուն, այն քեզանից վերցնեմ բերեմ Ռիվենդել, բայց ոչ ոք այդ մասին լսել չցանկացավ: Էլրոնդն ու Գանդալֆը հաստատ համոզված են, որ թշնամին ինձ ամեն տեղ փնտրել է: Ես հիշում եմ, Գանդալֆն ինձ մի անգամ ասաց. «Մատանին այժմ նոր պահապան ունի, Բիլբո: Եվ եթե վերադառնա քեզ մոտ, մենք ահռելի աղետներից խուսափել չենք կարողանա»: Գանդալֆը հաճախ է հանելուկներով խոսում: Բայց նա խոստացել է հոգ տանել քո մասին, և ես էլ վստահեցի նրա խոստմանը: Եվ ահա դու այստեղ ես, ողջ ու առողջ... — Բիլբոն հանկարծ տարօրինակ նայեց Ֆրոդոյին: — Քեզ մո՞տ է,— շշուկով հարցրեց նա: — Գիտե՞ս, այսքան շշմեցուցիչ իրադարձություններից հետո ես ուզում եմ մեկ անգամ էլ տեսնել այն: — Ինձ մոտ է,— դանդաղ պատասխանեց Ֆրոդոն: Նա ինքն էլ չէր հասկանում, թե ինչու բոլորովին չէր ուզում Մատանին հանել գրպանից: — Այնպես էլ մնացել է, ինչպես որ կար,— բարեկամից շրջվելով, ավելացրեց նա:  — Իսկ ես այնուամենայնիվ ուզում եմ տեսնել: Դեռ այն ժամանակ, երբ Ֆրոդոն հագնվում էր, Մատանին հայտնաբերեց կրծքի վրա՝ ըստ երևույթին ինչ-որ մեկը իր քնած ժամանակ Մատանին գրպանից հանել էր ու շղթայով գցել էր վիզը: Շղթան շատ բարակ էր, բայց դիմացկուն... Ֆրոդոն դժկամությամբ հանեց Մատանին: Հենց որ Բիլբոն ձեռքը մեկնեց Մատանուն, Ֆրոդոն վախեցած ու զայրացած ընկրկեց: Տհաճ զարմանքով նա հանկարծ նկատեց, որ իր բարեկամ Բիլբոն չքացավ ինչ-որ տեղ. նրա առջև նստած էր կնճռապատ մի գաճաճ, որի աչքերը ընչաքաղց փայլում էին, իսկ ոսկրոտ ձեռքերը ագահությունից դողում էին: Նա ցանկություն ունեցավ խփել ինքնակոչին: Քաղցրածոր երաժշտությունը հանկարծ ծվծվաց ու մարեց՝ Ֆրոդոյի ակնջներում արյունը խշշում էր: Բիլբոն սարսուռով նայեց նրան ու ձեռքով տենդագին ծածկեց աչքերը: — Այժմ ես հասկանում եմ,— շշնջաց նա: — Պահիր Մատանին և, եթե կարող ես, ներիր ինձ: Ներիր այդ ծանր բեռան համար: Ներիր այն ամենի համար, որ դեռ սպասում է քեզ... Մի՞թե արկածները երբեք վերջ չեն ունենալու: Մի՞թե երբևէ սկսված ամեն մի պատմություն անպայման ինչ-որ մեկը պետք է շարունակի... Ըստ երևույթին, այդպես է: Իսկ իմ գի՞րքը: Հազիվ թե ինձ վիճակված է ավարտել այն... Բայց եկ մեկս մյուսիս չտանջենք: Խնդրում եմ, ինձ պատմիր մեր Հոբիթստանի մասին՝ ուրիշ ոչնչի մասին մտածել չեմ ուզում... Ֆրոդոն թեթևացած պահեց Մատանին: Նրա առջև նորից նստած էր հին բարեկամը, զրնգուն ու մեղեդիկ հնչում էին բամբիռները, իսկ հաճելի ու սիրելի հյուրերի դեմքերին խաղում էին կրակի ուրախ ցոլքերը: Բիլբոն կախարդված լսում էր Ֆրոդոյին. Հոբիթստանից ամեն տեսակ լուր, տեղեկություն, լիներ դա տնկված ծառի, թե ինչ-որ մի երեխայի չարաճճիությունների մասին, նրան չտեսնված հաճույք էին պատճառում: Չորս նահանգների կյանքով տարված հոբիթները չնկատեցին լայն կանաչ թիկնոցով մարդուն, որն անաղմուկ մոտեցել էր նրանց ու բարի ժպիտով նայում էր: Վերջապես Բիլբոն տեսավ նրան: — Ահա և Դունադանը: — Պանդու՜խտ,— զարմացած բացականչեց Ֆրոդոն: — Պարզվում է, որ դու շատ անուններ ունես: — Այդ անունը ես չէի լսել,— միջամտեց Բիլբոն: — Ինչու՞ Պանդուխտ: — Որովհետև ինձ այդպես են անվանել լեռնամոտցիները,— քիչ տխուր քմծիծաղով պատասխանեց Արագորնը: — Չէ՞ որ ես ու Ֆրոդոն ծանոթացել ենք Լեռնամոտում: — Իսկ ինչու՞ Դունադան,— հարցրեց Ֆրոդոն: — Արագորնին այդպես մեծարում են էլֆերը,— բացատրեց նրան Բիլբոն: — Դու նրանց լեզուն մոռացե՞լ ես: Հապա, վերհիշիր իմ դասերը՝ դուն-դուն-ադան — Արևմտյան Ասպետ: Ի դեպ, հիմա դասերի ժամանակը չէ: — Բիլբոն նայեց Արագորնին: — Որտե՞ղ էիր, Դունադան,— հարցրեց նա: — Եվ այդ ինչու՞ խրախճանքին չկայիր: — Մեզ հաճախ ժամանակը չի բավականացնում ուրախության համար,— լուրջ պատասխանեց Արագորնը: — Անսպասելիորեն վերադարձան Էլլադանը և Էլրոհիրը: Պետք է նրանց հետ զրուցեի, կարևոր լուրեր են բերել: — Այո-ոո, հասկանում եմ, բարեկամս,— ասաց Բիլբոն: — Բայց հիմա, երբ դու գիտես նրանց նորությունները, մի քիչ ժամանակ կգտնե՞ս մեզ համար: Արանց քո օգնության գործը գլուխ չի գա: Էլրոնդն ասաց, որ տոնախմբության ավարտին ուզում է մի նոր երգ լսել, իսկ ես վերջին տողերը չեմ կարողանում գլուխ բերել: Եկ գնանք մի խաղաղ անկյուն ու փորձենք երկուսով ավարտել իմ երգը: — Գնանք,— ժպտալով համաձայնեց Արագորնը:  
Վստահելի
1342
edits