Changes
/* Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք */
Ֆարամիրը հոգոց հանեց ու լռեց:
— Դուք համարյա ոչինչ չասացիք էլֆերի մասին, պարոն,— քաջություն հավաքելով ասաց Սեմը: Նա նկատեց, որ Ֆարամիրը էլֆերի մասին մեծ հարգանքով է խոսում, և դա ավելին էր Սեմի համար, քան նրա քաղաքավարությունը, բարյացակամությունը, համեղ ընթրիքն ու որակյալ գինին: Դրանով նա շահեց Սեմի վստահությունը և որոշակի ցրեց նրա կասկածները:
— Այո, իսկապես,— ասաց Ֆարամիրը,— բայց ես էլֆերի մասին շատ բան չգիտեմ: Պետք է ասեմ, որ դու, առանց իմանալու, անդրադարձար մեր բնավորության գծերից մեկին, որը շատ է փոխվել նումենորցիներից միջերկրացիներ դառնալուց հետո: Եթե դու Միթրանդիրի ուղեկիցն ես եղել և զրուցել ես Էլրոնդի հետ, պիտի որ իմանաս, որ նումենորցիների նախնիները՝ Էդաին մարդիկ, առաջին պատերազմներում էլֆերի հետ կողք կողքի կռվել են Խավարի դեմ: Որպես պարգև նրանք ստացել են Միջծովյան թագավորությունը, որտեղից երևում են Օրհնյալ երկրի ափերը: Սակայն երբ Խավարի վարագույրը տարածվեց Միջերկրում, Թշնամու խարդավանքները պառակտեցին էլֆերին ու մարդկանց, և ժամանակի ընթացքում նրանք ավելի էին հեռացան իրարից, գնացին ամենքն իրենց ճանապարհով: Այժմ մարդիկ վախենում են էլֆերից և չեն վստահում նրանց, չնայած նրան, որ քիչ բան գիտեն Էլդար ժողովրդի մասին: Եվ մենք էլ՝ գոնդորցիներս, որոշակի ժամանակից սկսած այդ հարցում նմանվել ենք ռոհանցիներին, քանզի նրանք, չնայած Սև Տիրակալին թշնամի լինելուն, խուսափում են էլֆերից և Ոսկե Անտառի մասին խոսում են վախով: Սակայն մեր մեջ դեռ հանդիպում են համարձակներ, ովքեր բարեկամություն են անում էլֆերի հետ: Նրանցից ոմանք գաղտնի լքում են Գոնդորը և հեռանում Լորիեն. ճիշտ է, վերադառնում են նրանք հազվադեպ... Ինչ վերաբերվում է ինձ, ես Լորիենի բնակիչների հետ հանդիպում չեմ փնտրում. ինձ թվում է մեր օրերում Առաջանածինների հետ շփվելը մահկանացուների համար վտանգավոր է: Այնուամենայնիվ ես նախանձում եմ ձեզ, որ տեսել եք Ճերմակ Տիրուհուն և զրուցել նրա հետ:
— Լորիենի տիրուհի՜ն, Գալադիե՜լը,— երազկոտ բացականչեց Սեմը: — Ա՛յ թե տեսնեիք նրան, պարո՛ն, աչք կտրել չի լինում: Ես մի սովորական հոբիթ եմ և զբաղվում եմ այգեգործությամբ, իսկ գլխիցդ վերև, ինչպես ասում են, չես թռչի, և բանաստեղծությունների մասով, ինքներդ եք հասկանում, էնքան էլ լավ չեմ՝ էնպես, ինչ-որ ծիծաղելի բան երբեմն, բայց իսկական բանաստեղծություն՝ էդ մեկը չէ: Դրա համար էլ չեմ կարող նկարագրել, թե ինչպիսին է նա: Էստեղ երգ է հարկավոր: Ձեզ Պանդուխտն է պետք, դե, Արագորնը, կամ ծեր պարոն Բիլբոն. այ նրանք հեշտությամբ կնկարագրեին: Բայց ես էլ այնուամենայնիվ նրա մասին մեծ ուրախությամբ երգ կհորինեի:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]