Հաջորդ օրը, լուսաբացին արթնանալով, Ֆրոդոն հիանալի հանգստացած էր ու առույգ, և որոշեց Բրուինենի ափին զբոսնել: Երբ նա հագնվեց ու դուրս եկավ այգի, հեռավոր լեռնապարի հետրից բարձրանում էր հսկայական, բայց աղոտ արևը, օդում արծաթին էին տալիս աշնանային շղարշները, տերևների վրա շողշողում էին ցողի կաթիլները, իսկ գետի վրա հալվում էին վաղորդյան քուլաները: Սամը լուռ քայլում էր նար կողքից, ուրախ շնչում էր ցողոտ օդն ու զարմացած դիտում ձյունեղեն գլխարկներով փայլատակող հեռավոր լեռները:
Զիգզագ ճանապարհից թեքվելով նրանք տեսան Բիլբոյին ու Գանդալֆին, որոնք նստել էին ափամերձ ժայռի մեջ հմտորեն փորված քարե ցածրիկ նստարանին ու զրույց էին անում: Բիլբոն բարեհամբույր ժպտաց:
— Բարի լույս,— ասաց նա հոբիթներին: — Խորհուրդը, կարծում եմ, շուտով կսկսվի:
— Շուտո՞վ, վստա՞հ ես,— հարցրեց նրան Ֆրոդոն: — Իսկ ես մի քիչ զբոսնելու հույս ունեի: Ինձ ասես շարունակ ձգում է այն սոճու անտառը... — Ֆրոդոն գլխով արեց հյուսիսային լանջին սևին տվող անտառի կողմը:
— Կզբոսնես,— եթե Խորհուրդը մինչև մութն ընկնելը վերջանա,— ասաց նրան Գանդալֆը: — Բայց ես նախապես չէի տրամադրվի: Այսօր շատ բան է հարկավոր քննարկել:
Շուտով դղյակում հնչեց զանգը:
— Էլրոնդը կանչում է Խորհրդի մասնակիցներին,— նստարանից վեր կենալով ասաց Գանդալֆը: — Դուք երկուսդ էլ հրավիրված եք, և՛ Բիլբոն, և՛ Ֆրոդոն: Այստեղ ընդունված չէ ուշանալ, գնանք:
Հրաշագործը քայլեց դեպի տուն տանող ճանապարհով, Բիլբոն ու Ֆրոդոն գնացին նրա հետևից, իսկ մոռացված ու մի քիչ նեղացած Սամը, ինչ-որ բան քրթմնջալով, քարշ էր գալիս վերջից: Գանդալֆը մոտեցավ այն նույն պատշգամբին, որտեղ նախօրեին Ֆրոդոն հանդիպեց բարեկամներին: Աստիճաններով բարձրանալով, Ֆրոդոն հետ նայեց: Արևավառ առավոտը օր էր դառնում, ափից ներքև հանդարտ աղմկում էր գետը, երկինքը զրնգում էր թռչունների դայլայլից, և Ֆրոդոյին թվաց, թե իր չարաբաստիկ արկածներն էլ՝ աշխարհի վրա կախվող ահարկու թուխպի մասին խոսակցությունների նման, երազում է տեսնել՝ չափազանց հանգիստ, հստակ ու մեղմ էր աշնանային առավոտը: Բայց Խորհրդի դահլիճի շեմից ներս մտնելով, հոբիթը տեսավ, որ հյուրերի դեմքերը, որոնց Էլրոնդը հրավիրել էր Խորհրդի, արտակարգ տագնապալի էին ու մռայլ:
Ֆրոդոն առաջինը Էլրոնդին տեսավ, ապա նկատեց Գլորֆինդելին և Գլոինին, իսկ անկյունում խոժոռ նստած էր Արագորնը, որը հագել էր իր խունացած ամենօրյա թիկնոցը: Հավաքվածներից մյուսներին Ֆրոդոն չէր ճանաչում: Էլրոնդը նրան նստեցրեց իր մոտ, մի հայացքով զննեց լուռ նստած հյուրերին ու ասաց.
— Թույլ տվեք ներկայացնել ձեզ հոբիթ Ֆրոդոյին՝ Բիլբոյի զարմիկին հեռավոր Հոբիթստանից: Նրա ճանապարհը դժվարին ու վտանգավոր է եղել, Իսկ Ազատք ստիպված է եղել մտնել ճակատամարտ մղելով:
Հետո Էլրոնդը տվեց մյուս հյուրերի անունները, որոնց Ֆրոդոն առաջին անգամ էր տեսնում: Դահլիճում նստած էր Գլոինի որդի Ջիմլին, Արծաթափայլ Նավահանգիստ բնակավայրից էլֆ Գելդորը, որին Ազատք էր ուղարկել Սիրդան Քորաբելը, Հյուսիսային Չարքանտառի էլֆերի թագավորի՝ Թրանդուիլի որդի էլֆ Լեգոլասը, Էլրոնդի մի քանի էլֆ հորհրդականներ ավագ խորհրդական Էրեսթորի գլխավորությամբ: Իսկ բոլորից հեռու նստած էր բարձրահասակ, սևահեր մի տղամարդ՝ գեղեցիկ, ազնվածին ու առնական դեմքով և խաժ աչքերի խիստ հայացքով: Վաղուց մկրատ չտեսած նրա մազերը անկանոն խոպոպներով թափվում էին ուսերին՝ ծածկելով գունավոր քարերով արծաթե նուրբ մանյակը, ուսի վրայով գցված էր արծաթով դրվագված որսորդական փողով լանջափոկը, իսկ շքեղ հագուստը (նա հագնված էր հեծյալ ճամփորդի պես), որ փոշուց մոխրագույն էր դարձել, տեղ-տեղ ցեխոտված էր և ձիու քրտնքից տրորված, վկայում էր երկարատև ճամփորդությունների մասին: նա զարմանքով էր նայում Ֆրոդոյին ու Բիլբոյին:
— Բորոմիրն է,— նրան ներկայացրեց Էլրոնդը,— հարավում ապրող մարդկանց պատվիրակը: Նա այստեղ է ժամանել միայն այսօր առավոտյան, և ես թույլատրել եմ մասնակցել Խորհրդին, որովհետև նրա ժողովրդին վիճակված արհավիրքները կապված են Միջերկրի ընդհանուր աղետի հետ:
Էլրոնդի Խորհրդում քննարկված ամեն ինչ չէ, որ հարկ է վեր հանել մեր պատմության մեջ: Սկզբում քննարկվում էր ծայրամասային հողերի հարցը, որոնց մասին Ֆրոդոն ոչինչ չգիտեր, այդ պատճառով էլ ցրված էր լսում խոսողներին: Բայց երբ ձայնը տվեցին Գլոինին, հոբիթի համար իսկույն հետաքրքիր դարձավ. չէ՞ որ Դաինի հպատակների հետ Բիլբոն բարեկամական կապերի մեջ էր: Պարզվեց, որ Սարամիջի թագավորության թզուկները վաղուց արդեն անորոշ տագնապ են ապրում:
— Շատ տարիներ առաջ,— պատմում էր Գլոինը,— մեզ համակեց փոփոխություններ ապրելու ձգտումը: Ամեն ինչ սկսվեց աննկատելի, աստիճանաբար: Թզուկներից ոմանք, չգիտես ինչու, որոշեցին, որ Մենավոր Լեռան մեջ մեր տեղը նեղացել է, որ վատ չէր լինի ավելի ընդարձակ մի ապաստանատեղ գտնել: Խոսակցություններ գնացին մեր հայրերի քրտինքով ստեղծված Մորիա կամ, ինչպես ասում են թզուկների լեզվով՝ Քազադ-Դում թագավորության մասին: Շատերն էին պնդում, որ եկել է մեր պապենական տիրույթները վերադառնալու ժամանակը:
Մորիա... — Գլոինը տխուր հառաչեց,— Հյուսիսային աշխարհի թզուկների երազ... Մեր նախնիները ձգտել են հարստության ու փառքի, նրանք փորփրել-խրվել են լեռների ընդերքները՝ հանելով թանկագին քարեր ու մետաղներ, մինչև որ երկրի երես են բաց թողել հրե անդունդներում զմռսված սարսափը: Թզուկներն ստիպված եղան փախչել Մորիայից, բայց նրանք մշտապես հիշում էին նրա մասին՝ ահով ու այնտեղ վերադառնալու փայփայած հույսով: Սակայն սերունդը սերնդի հետևից փոխվում էր, և ոչ մի թզուկ, բացի Թրորից՝ իր ջոկատի հետ միասին, վճռականություն չէր ունենում պապերի հայրենիքը վերադառնալու, իսկ Թրորը հավերժ մնաց Քազադ-Դումում: Եվ ահա այնտեղ ճանապարհվեց Բալինը: Թագավոր հայր Դաինը չէր ուզում նրան բաց թողնել, բայց նա գնաց՝ համոզելով նաև Օրիին ու Օինին և այլ խիզախ թզուկների:
Դա երեսուն տարի առաջ էր: Սկզբում Բալինին ուղեկցում էր հաջողությունը՝ նրա ուղարկած սուրհանդակը պատմել էր, որ նրանք մտել են հնադարյան թագավորությունը և սկսել են վերականգնել լքված բնակատեղիները: Բայց այն ժամանակվանից ի վեր ոչ ոք Բալինի մասին այլևս չի լսել...
Դեհ իսկ հետո... համարյա մեկ տարի առաջ Դաինի մոտ եկավ ևս մի սուրհանդակ, բայց ոչ թե Բալինից, այլ հեռավոր Մորդորից: նա հայտնվեց գիշերը, սև ձիու վրա և, Դաինին կանչելով Պահակային Աշտարակի մոտ, ամբարտավանությամբ հայտնեց, որ Սաուրոն Մեծը՝ այդպես մեծարեց իր տիրոջը սուրհանդակը՝ ուզում է դաշն կնքել թզուկների հետ: Նա խոստանում էր մեզ վերադարձնել Մոգական Մատանիները, եթե մենք պատմեինք նրան հոբիթների մասին: «Սաուրոն Մեծին հայտնի է,— եզրափակել էր սուրհանդակը,— որ նրանցից մեկին մի ժամանակ դու լավ գիտեիր»:
Դաինը պատասխանն իսկույն չի գտել, և Սաուրոնի սուրհանդակը արհամահական ավելացրել է. «Հզոր տիրակալ Սաուրոն Մեծը ենթադրում է, որ դու ի նշան բարեկամության, կգտնես այդ քոսոտ գողին,— հենց այդպես էլ արտահայտվել է սուրհանդակը,— և կխնդրես, իսկ եթե չի տա՝ կխլես Մատանին, որ նա մի ժամանակ գողացել է: Այդ Մատանի ոչինչ չարժե,— շարունակել է սուրհանդակը,— բայց Սաուրոն Մեծն ուզում է գործնականապես հավաստիանալ քո բարեկամությանը: Կատարիր Մեծ Տիրակալի հանձնարարությունը, և նա կտա քեզ երեք Մատանի, որ հին ժամանակներում պատկանել են թզուկներին... Մորիայի թագավորությունն էլ քոնը կդառնա, Մեծ Տիրակալն այդ մասին էլ կհոգա: իսկ եթե հոբիթին հաղթել չես կարող, ապա գոնե ասա, թե որտեղ է ապրում, և առատորեն կպարգևատրվես: Բայց վախեցիր Սաուրոն Մեծին խաբելուց...»:
Վերջին բառերը սուրհանդակը ֆշշացրել է, կարծես թե հանկարծ օձ է դարձել, այնպես որ Աշտարակը պահպանող զորականները սարսռացել են: Սակայն Դաինը հանգիստ ասել է.
— Ես չեմ կարող քեզ իսկույն պատասխանել: Ես պետք է մտածեմ քո ասածների մասին:
— Մտածիր, բայց շատ ժամանակ չծախսես,— բացահայտորեն սպառնացել է սուրհանդակը:
— Իսկ մի՞թե ես իմ ժամանակի տերը չեմ,— արժանապատվությունը չկորցնելով, հարցրել է Դաինը:
— Առայժմ տերն ես,— մռնչացել է սուրհանդակն ու առանց հրաժեշտ տալու կորել մթության մեջ:
Այդ ժամանակվանից մեզ կրծում է մութ տագնապը: Եթե նույնիսկ Սաուրոնի սուրհանդակի ձայնը մեղրի պես քաղցր լիներ, միևնույնն է, մենք կտագնապեինք՝ մեզ համար պարզ է, որ Սաուրոնի ամեն մի առաջարկության տակ սպառնալիք ու ստոր նենգություն է թաքնված: Մենք գիտենք, որ Մորդորի ամրապնդվող հզորությունը սնում են ժամանակին արմատախիլ չարված արմատները, բայց նրա էությունը նախկինն է մնում... Երկու անգամ վերադարձավ Սաուրոնի սուրհանդակը և երկու անգամ մեկնեց, առանց պատասխան ստանալու: Նա մեզ, իր խոսքերով ասած, վերջին ժամկետն է նշանակել և պատասխանի համար հայտնվելու է այս տարվա վերջին:
Ես եկել եմ Ազատք Բիլբոյին զգուշացնելու, որ թշնամին համառորեն որոնում է նրան և որպեսզի իմանամ, եթե իհարկե Բիլբոն դա գիտի, թե Թշնամու ինչի՞ն է պետք Մատանին, որն իբրև թե ոչինչ չարժե: Եվ մեկ էլ թագավոր Դաինը պատվիրեց մի խորհուրդ հարցնել Ազատքի տիրակալից, չէ՞ որ մեզ վրա է գալիս Սև Ստվերը: Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Սաուրոնի սուրհանդակը գնացել է նաև Բրանդի՝ Լճափի թագավորության թագավորի մոտ: Իսկ Բրանդի վիճակը շատ ծանր է: Նրա արևելյան սահմաններում, մեկ էլ տեսար, պատերազմ բռնկվեց: Եթե սուրհանդակները պատասխան չստանան, Սաուրոնն իր Սև Զորագունդը կշարժի և՛ Դաինի դեմ, և՛ Բրանդի դեմ, իսկ Բրանդը վախենում է պատերազմից և կարող է ենթարկվել Սև Տիրակալին: