— Էլենդիլի և Գիլ-Գալադի միացյալ զորագունդը հավաքվեց Արնորում՝ Մորդոր արշավելու համար, և ես այն ժամանակ մտածեցի, որ նրա հզորությունն ու ուժը, նրա հպարտ դրոշներն ու հուժկու դյուցազուններն ինձ հիշեցնում են Առաջին Դարաշրջանը և Բելերիենդի էլֆերի Մեծ զորաբանակը, որը ջախջախեց մռայլ Թանգորոդրիմը, և էլֆերը որոշեցին, որ Թշնամու վերջը տվեցին, բայց շուտով հասկացան, որ չարաչար սխալվել են...
— Հիշցնում Հիշեցնում են... Քե՞զ,— բարձրաձայն հարցրեց Ֆրոդոն՝ Էլրոնդի վերջին բառերից ապշահար: — Իսկ ես միշտ մտածում էի... — կմկմաց նա շփոթված այն բանից, որ Էլրոնդը լռեց: — Ես կարծում էի... Չէ՞ որ Առաջին Դարաշրջանը.. Չէ՞ որ այն վաղուց, շատ վաղուց է անցել...
— Իրավացի ես,— առանց ժպիտի նրան ասաց Էլրոնդը: — Սակայն ես այն հիանալի հիշում եմ: Իմ հայրը Էարենդիլն էր, ծնյալ էլֆական Գոնդոլին թագավորությունում, իսկ մայրս Էլվինն էր, դուստրը Դիորի, որը Դորիաթցի Լյութիենի որդին էր: Ես Միջերկրի բոլոր երեք Դարաշրջանների վկան եմ և մասնակիցը Թշնամու հետ անհամար մարտերի, որոնք վերջանում էին մեզ համար սարսափելի պարտություններով կամ զարմանալի անպտուղ հաղթանակներով...