Changes
==ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՈԹԵՐ ԸՆԿԵՐ Բ. ՓԱՆՋՈՒՆԻԻ ՄԱՍԻՆ==
[[Պատկեր:Phanjuni_pic_2.png|200px500px|frameless|thumb|center]]
: Կյանք մը որ տակավին իր ամբողջ շրջափոխությունները չէ կատարած և իր գործունեության ամենեն եռանդուն փուլին մեջ կը գտնվի, կարելի չէ լիակատար կերպով ներկայացնել և նույնիսկ անխոհեմ հանդգնություն մըն է այդպիսի կյանքի մը վրա դատաստան կտրել կամ կարծիք հայտնելը։
: Ուստի ապագա կենսագիրներու թողլով ընկեր Փանջունիի վարքն ու արարքները իրենց ամբողջությամբը ներկայացնելու այնքա՜ն դժվար որքան անհրաժեշտ աշխատությունը, ես պիտի գոհանամ կցկտուր ծանոթություններ տալով միայն ընկերվարական նամականիի հերոսին վրա, պարզապես նյութեր՝ ապագա կենսագիրներու գործը դյուրացնելու նպատակով, և կամ սանկ ըսեմ՝ ատաղձներ այն հիշատակարանին համար զոր երախտագետ հայությունը օր մը պիտի կանգնե իր հերոսներուն ի պատիվ։
: Ընկեր Փանջունի կրտսեր զավակն է տրապիզոնցի ընտանիքի մը ու ծնած է 1875-ին։ Մայրը տղաբերքի հետևանքով մեռած է, առանց կարենալ սնուցանելու իր երախան զոր մեծցուցած են այծի կաթով։ Ուրիշ կենսագիր մը գուցե հետևություններ հանել փորձեր այս աննշան դիպվածեն՝ ընկեր Փանջունիի ունայնամտությունն ու թեթևությունը վերագրելով իր առած այդ նախնական սնունդին։ Ես, ինչպես ըսի, չեմ ուզեր ոևէ դատաստան ընել, այլ կը բավականանամ իրողությունները արձանագրելով։
[[Պատկեր:Phanjuni_pic_3.png|200px|frameless|thumb|left]]
: Փանջունի շատ ուշ լեզու ելած է, բայց անգամ մը խոսիլ սկսելե ետքը, ա՛լ բերանը դյուրավ չէ գոցած։ Քանի կը մեծնար, այնքա՜ն կ'աճեր իր խոսելու կատաղությունը, այն աստիճան որ խե՜ղճ հայրը ստիպվեցավ բժիշկի դիմել այդ անսովոր երևույթին դարման մը գտնելու համար։ Բժիշկը քննեց տղան, լեզուն նայեցավ, կոկորդը նայեցավ, աչքերուն նայեցավ և վճռաբար ըսավ հորը.
: — Ճար ու դարման չկա, այս տղան միշտ պիտի խոսի։
: Հակառակ իր խոսելու մարմաջին՝ փոքրիկն Փանջունի հաճախ սխալ կը գործածեր բառերը, բոլորովին աղավաղելով անոնց նշանակությունը։ Օր մը սեղանի մը վրա դրված արժեքավոր անոթ մը կ'առնե ու գետին նետելով ջարդ ու փշուր կ'ընե։
: Հայրը, իրիկունը գործեն վերադարձին, կը տեսնե եղածը և տղան կանչելով ու անոթին կտորտանքները ցույց տալով կը գոչե.
[[Պատկեր:Phanjuni_pic_4.png|200px|frameless|thumb|right]]
: — Ծո՛, ի՞նչ ես ըրեր անոթը։
: — Շինեցի, հայրի՛կ,— կը պատասխանե փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը։
: — Լա՛վ, ես թո՛ղ այնպես գիտնամ թե՝ քսանըհինգ կ'ընե, դուն ալ այնպես գիտցիր թե՝ հիսուն կ'ընե, ու ա՛լ չխոսինք այդ մասին ու երթանք միատեղ գնդակ խաղանք։
: — Չ'ըլլար,— պնդեց Փանջունի,— պետք է որ նախ համոզվիս թե հինգ անգամ հինգ հիսուն կ'ընե։
[[Պատկեր:Phanjuni_pic_5.png|200px|frameless|thumb|left]]: — Այդ անկարելի է։
: — Անպատճառ պետք է որ քեզ համոզեմ,— շարունակեց մեր հերոսը, հետզհետե բորբոքելով։
: — Երբեք չեմ կրնար համոզվիլ և դուն ալ երբեք չես կրնար ապացուցանել ըսածդ,— պատասխանեց ապագա վաշխառուն։
: Տասնևյոթը տարեկան պատանի մըն էր Փանջունի երբ իր հայրը կորսնցուց։ Երեց եղբայրը, որ իրմե տասը տարեկան մեծ էր, արդեն իսկ ամուսնացած, տուն-տեղ եղած վաճառական մըն էր, բավական լավ դիրքի տեր։ Իր հոր մահվընեն հազիվ ամիս մը ետքը Փանջունի արդեն գժտված էր անոր հետ և տունը թողած՝ պահանջելով իր ժառանգության բաժինը։ Եղբայրը, առանց դժվարության, անմիջապես հանձնեց 800 ոսկիի մոտ գումար մը, որ Փանջունիի ամբողջ ժառանգությունը կը ներկայացներ։
[[Պատկեր:Phanjuni_pic_6.png|200px|frameless|thumb|right]]: Մեր պատանին դրամը առնելով Պոլիս եկավ, երեք տարի անձնդյուր կյանք մը վարեց և օր մըն ալ տեսավ որ փարա մը չէ մնացած գրպանը։ Այն ատեն եղբայրասիրական զգացումները արթնցան իր մեջ, գորովալից նամակ մը գրեց Տրապիզոն և իր կարոտակեզ սերը հայտնելով՝ ճամբու ծախք մը ուզեց իր հայրենի երդիքը վերադառնալու համար։
: Եղբայրը «Կորուսյալ էր և գտավ»-ի տպավորության տակ՝ իսկույն պետք եղած գումարը ղրկեց Փանջունիի որ երկու շաբաթ ետքը հասավ Տրապիզոն ու ինկավ եղբորը թևերուն մեջ։
[[Պատկեր:Phanjuni_pic_7.png|200px|frameless|thumb|left]]: Փանջունի տեսավ որ երեք տարվան միջոցին իր անդրանիկը կրկնապատկած էր հարստությունը և շնորհիվ իր գործունյա աշխատասիրության, քաղաքին մեջ առաջնակարգ դիրք մը գրաված. մյուս կողմե տեսավ նաև որ այդ ժամանակամիջոցին ինք փճացուցած էր ամբողջ իր ժառանգությունը և այսօր փարա մը չկար գրպանը։ Այս երկու տեսողությունները իրարու մոտեցուց, իրար խառնեց, բաղադրեց, քննեց, տարրալուծեց և այդ քիմիական գործողություններեն իր մեջ ծնավ ընկերվարությունը։
: Այն ատեն ըմբռնեց թե ի՜նչ դժոխային անարդարություն էր '''քափիթալիզմը''', և թե ի՜նչ հրամայողական պահանջք էր հարստության հավասար բաժանում։ Փանջունի գտած էր իր Դամասկոսի ճամբան. «Եղիցի լույս»–ը հնչած էր իր մտքին մեջ։
: Ընկերվարական էր։
[[Պատկեր:Phanjuni_pic_8.png|200px|frameless|thumb|right]]: Ու ա՛լ Տրապիզոնի խաղաղիկ սրճարաններուն մեջ, առտվընե մինչև իրիկուն, կը լսվեր Փանջունիի ձայնը, որ կը գոռար, կ'որոտար ընկերային անիրավությանց դեմ, որ կը սպառնար կործանել, բնաջինջ ընել ամեն բան։ Վեհերոտները սարսափահար մտիկ կ'ընեին իրեն, միամիտները ապշահար կը նայեին այդ անդադար խոսող մարդուն, իսկ խելացիները քիթերնուն տակեն խնդալով՝ կ'երթային իրենց գործին։
: Իսկ ա՛ն կը խոսեր, կը խոսեր ու կը խոսեր։
: Խեղճ եղբայրը՝ շվարած շլմորած՝ չէր գիտեր ինչպե՜ս ազատիլ այս փորձանքեն։
: Վերջապես օր մը ըսավ Փանջունիի.
: — Եղբայր, բան մը մտածեցի։
[[Պատկեր:Phanjuni_pic_9.png|200px|frameless|thumb|right]]: — Զարմանալի բան,— պատասխանեց մեր հերոսը։
: — Ինչո՞ւ, ի՞նչ բան զարմանալի կը գտնաս,– հարցուց մյուսը շփոթած։
: — Զարմանալի է որ բան մը կրցած ես մտածել,— ըսավ Փանջունի,— որովհետև դուք վաճառականներդ, քափիթալիսթներդ մտածելու կարողություն չունիք։
: Ամիս մը վերջը Փանջունի երկու ձեոքը մեյ մեկ պայուսակ ժոլիեթի քարափը կը դներ ոտքը։
: Շաբաթ մը մնաց Մարսիլիո մեջ, վաճառականական դպրոցը այցելեց, ծրագիրը աչքե անցուց, գործին չեկավ ու շոգեկառք նստելով գնաց ժընև, ուր արձանագրվեցավ իբրև սոցիալ գիտություններու ազատ ուսանող։
: Սոցիալ գիտություններու ազատ ուսանողի կյանքը չորս տարի տևեց և այդ չորս տարվան միջոցին Փանջունի հինգ անգամ գնաց այն համալսարանը, ուր, արձանագրված էր։
[[Պատկեր:Phanjuni_pic_10.png|200px|frameless|thumb|left]]: Առաջին անգամ՝ սուլելու համար պատմության դասախոսը, որ Ֆրանսական մեծ հեղափոխությունը գովաբանած էր, պախարակելով սակայն Պապեոֆի և իր կուսակիցներուն հախուռն գաղափարները։ Երկրորդ անգամ գնաց ցույց մը ընելու համար ընկերվարական դասախոսի մը դեմ, որ քննադատած էր ռուս ոչնչականությունը<ref>Ռուս ոչնչականությունը — ռուսական նիհիլիզմը։ 19-րդ դարի 60-ական թթ. ռուս ռազնոչին մտավորականության մեջ տարածում գտած ուղղություն, որ ժխտական վերաբերմունք ուներ ազնվական հասարակության հիմքերի և ավանդների նկատմամբ։ (''Բոլոր ծանոթագրությունները Լևոն Հախվերդյաննին են, եթե չի նշված այլ հեղինակ։'')</ref>։ Երրորդ անգամ գնաց բողոքելու համար իմաստասիրության ուսուցչին դեմ՝ որ պետք եղած խանդավառությունը ցույց չէր տված Քրոփոթքինի վարդապետությանց<ref>Քրոփոթքինի վարդապետությունը — Կրոպոտկինի ուսմունքը։ Պ. Ա. Կրոպոտկին (1842—1921) — ռուսական և միջազգային անարխիզմի գաղափարախոսը, աշխարհագրագետ և ճանապարհորդ։</ref>։ Չորրորդ անգամ՝ ձմեռ ատեն, գնաց համալսարան, որովհետև իր սենյակին մեջ ցուրտ էր ու վառելանյութը կը պակսեր և գարեջրատուն երթալու դրամ չուներ քովը։ Եվ, վերջապես, հինգերորդ անգամ գնաց սպանիացի ուսանողներու հետ ծեծ մը քաշելու համար ուսուցչի մը, որ Պարսելոնի անիշխանական արարքները քննադատած էր։ Այս վերջին այցելությունը պատճառ եղավ որ զինքը արտաքսեն համալսարանեն և անունը ջնջեն ուսանողներու արձանագրության տետրակեն։
: Համալսարան հաճախած այս սուղ վայրկյաններեն դուրս, Փանջունի իր ժամանակը կ'անցըներ հայ և ռուս հեղափոխական ընկերներու հետ վիճաբանելով ընկերային հարցերու մասին։ Գարեջրատունները, որոնց մեջ կը լուծվեին մարդկային ընկերությունը տանջող բոլոր խնդիրները, իր գլխավոր կայաններն էին, իր անառիկ մարտկոցները ուրկե կը ռմբակոծեր աշխարհի բոլոր կեղտոտ պուրժուաները, կեղեքիչ քափիթալիսթները, չխնայելով նույնիսկ եղբորը, որ կը շարունակեր ամսական երկու հարյուր ֆրանք ղրկել, ոչ թե խեր մը սպասելով Փանջունիեն, այլ որպեսզի ականջը տինջ ըլլա։
[[Պատկեր:Phanjuni_pic_11.png|200px|frameless|thumb|right]]: Եվ սակայն 96-ի ջարդերը վրա հասեր էին, եղբորը գործերը ավրվեր, ինք հալածվեր, բանտարկվեր, փճացեր էր և օր մըն ալ ստիպվեր էր ամեն բան թողլով կինն ու զավակները առնել և հեռանալ Տրապիզոնեն՝ դեպի արտասահման։
: Նամակ մը ստացավ Փանջունի, որով իրեն իմաց կը տրվեր թե այլևս եղբորմեն 10-ը փարա հուսալու չէր։
[[Պատկեր:Phanjuni_pic_12.png|150px|frameless|thumb|right]]: — Կեղտո՜տ արարած,– գոչեց Փանջունի, բռունցքը սպառնագին դեպի վեր բարձրացնելով։
: Այսպիսի '''ժեսթ'''եր հաճախ ուներ մեր հերոսը, որ իր ըմբոստ խառնվածքը կը հատկանշեին։
: Ամսական 200 ֆրանքի այս հանկարծական դադարումը խանգարեց իր սոցիալ գիտություններու ազատ ուսանողի հանգստավետ կյանքը որով կը հուսար տակավին երկար տարիներ ապրիլ։ Կամաց-կամաց չքավորությունը իր ժանտ երեսը ցուցուց և Փանջունի իր անձին վրա ճանչցավ pauperisme–ը<ref>Pauperisme — պաուպերիզմ. աշխատավոր զանգվածների ծայրահեղ աղքատություն։</ref> իր ամեն անհաճո երևույթներովը։
: Այս անակնկալ եղելությունները ափ ի բերան թողուցին մեր հերոսը։
: — Մեր գործը պրծա՜վ,— մտածեց մելամաղձոտ մտատանջությամբ մը։
[[Պատկեր:Phanjuni_pic_13.png|300px|frameless|thumb|center]]: Սակայն Փանջունի իր հստակատեսությանը մեջ կը սխալեր։ Բուն գործը հիմա պիտի սկսեր։
: Երբ քանի մը շաբաթ ետքը ստացավ Կ. Պոլսո հայ թերթերը, երբ տեսավ կուսակցություններու խելահեղ արշավանքը նույն «Բյուզանդիոնի» վրա, երբ կարդաց խոսված ճառերը, պոլսեցիներու միամիտ խանդավառությունը, «Ազատությունը մենք բերինք»–ի հրաշալի գյուտը, ավելի սահմռկեցուցիչ քան Մարքոնիի անթել հեռագիրն ու ռեոնթկենյան ճառագայթները, այն ատեն մեր գործիչը լայնեզր գլխարկը գլուխը դրավ, պայուսակը ձեոք առավ և օր մըն ալ օդաքարի մը պես ինկավ Պոլիս, ինքն ալ իր կարգին քիչ մըն ալ ճաթեցնելու համար տրամադիր գլուխները։
: Բայց տեղերը բռնված էին, ուշ հասած էր Օֆենպախի Brigands<ref>Brigands — ավազակախմբեր։ Հեղինակը նկատի ունի ֆրանսիական կոմպոզիտոր Օֆենբախի օպերետներում հանդես բերված ավազակներին։</ref>–ներու զինվորներուն պես։ Իրավ է որ ութը տասը «դասախոսություններ» ըրավ թաղերու մեջ, իրա՛վ է, որ Բարիզի Կոնգրեսին հրաշքները հագներգեց Վոսփորի երկու ափերուն վրա, բայց, ափսո՜ս, ականջները ա՛լ սկսած էին հափրանալ։ Բաց աստի, իր պերճախոսությունը չէր հասներ Ակնունիներոլ և Շահրիկյաններու պերճախոսության կրակին, որուն վարժված էին պոլսեցիները, ինչպես անշուշտ մենք մեղավորներս ալ՝ օր մը պիտի վարժվինք դժոխքի կրակին, ուստի իր խոսքերը հաճախ ցուրտ տպավորություն կը թողեին ունկնդիրներուն վրա։
: Հետագա նամակներուն մեջ պիտի տեսնենք այս գործունեությունը, որ զուրկ չէ տեսակ մը վեհափառութենե, գոնե ոմանց համար։
:<references/>
[[Պատկեր:Phanjuni_pic_14.png|500px|frameless|thumb|center]]
==ՆԱԽԱԲԱՆԻ ՏԵՂ==
: Եթե բանագող մը ըլլայի, պետք չպիտի զգայի այս քանի մը բացատրողական տողերը գրելու և ձայն չհանած՝ պիտի որդեգրեի այն նամակներու ծրարը որ դիպվածին մեկ քմահաճույքովը ձեռքս հասավ և զոր '''«Բյուզանդիոն»'''–ի<ref>Սույն նամականին «Բյուզանդիոն» օրաթերթին մեջ հրատարակված է։(''Ծանոթ. Երվանդ Օտյանի'')</ref> միջոցով կ'ուզեմ պարբերաբար հաղորդել հասարակության։
:
: ԵՐՎԱՆԴ ՕՏՅԱՆ
[[Պատկեր:Phanjuni_pic_15.png|500px|frameless|thumb|center]]
:<references/>
==Ա.==